Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 7 դեկտեմբերի 2021 թ.

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ Ա. Վարդևանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների`

i

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև` Քրեական դատավարության օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

i

Քրեական դատավարության օրենսգրքի «Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը» վերտառությամբ 31-րդ հոդվածը սահմանում է.

«1. Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե`

1) հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ.

2) մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ.

3) մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից.

4) մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է.

5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին.

6) մեղադրյալի հետ կնքվել է մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

2. Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

4. Քրեական գործով վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո:

5. Քրեական գործով վարույթը կասեցվում է` մինչև այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը: Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ:

6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է համագործակցությունը դադարեցվելուց կամ մեղադրյալի կողմից մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո»:

Նշված հոդվածի վիճարկվող դրույթը, մասնավորապես 1-ին մասի 3-րդ կետը փոփոխությունների ու լրացումների չի ենթարկվել:

i

Քրեական դատավարության օրենսգրքի «Որոշում` քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» վերտառությամբ 295-րդ հոդվածը սահմանում է.

i

«1. Եթե մեղադրյալը թաքնվել է, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, կամ հիվանդացել է ծանր հիվանդությամբ, կամ օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից, կամ գործում է անհաղթահարելի ուժ, որը բացառում է դատական նիստին նրա մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 31 հոդվածով նախատեսված այլ դեպքերում դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում գործի վարույթը կասեցնելու մասին:

Ընդ որում, եթե գործի վարույթը կասեցվում է քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվելու հիմքով, ապա սույն օրենսգրքով իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցը փոխելու հարցը:

2. Վարույթը կարող է կասեցվել նաև մի քանի մեղադրյալներից մեկի նկատմամբ, պայմանով, որ դա չի սահմանափակում նրա պաշտպանության իրավունքը»:

i

Քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի 1-ին մասը 25.05.06 ՀՕ-91-Ն օրենքով լրացվել է հետևյալ պարբերությամբ, որը և վիճարկվում է. «Ընդ որում, եթե գործի վարույթը կասեցվում է քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվելու հիմքով, ապա սույն օրենսգրքով իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցը փոխելու հարցը»:

i

Քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածը այլ փոփոխությունների ու լրացումների չի ենթարկվել:

Գործի քննության առիթը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի 2021 թվականի սեպտեմբերի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

i

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը (այսուհետ նաև Դիմող), վերլուծելով Սահմանադրության 96-րդ հոդվածի իրավակարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` ՄԻԵԴ) համապատասխան վճռով ներկայացրած դիրքորոշումները և դրանց լույսի ներքո անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կարգավորմանը, արձանագրում է, որ նշված դրույթում օգտագործվում է «կարող է» եզրույթը, որով քննիչին, դատախազին, դատարանին վերապահվում է քրեական վարույթը կասեցնելու հայեցողական լիազորություն անգամ անձի (մեղադրյալի/որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի) անձեռնմխելիությամբ օժտված լինելու պայմաններում, ինչը, ըստ Դիմողի, հակասում է Սահմանադրության 96-րդ հոդվածին: Դիմողը նկատում է, որ այդ դրույթի «...սահմանադրաիրավական բովանդակությունը պետք է բացառապես պահանջի և ենթադրի ոչ թե հայեցողություն այլ պարտադիր կատարման ենթական լիազորություն մինչդատական վարույթում` քննիչի, դատախազի, իսկ դատական վարույթում դատարանի` այն է «քրեական գործի կասեցում»...»:

i

Դիմողը գտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը հակասում է Սահմանադրության 96-րդ հոդվածին: Այս առումով Դիմողը նկատում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում տեղ գտած ձևակերպումը «...պարտավորություն է նախատեսում անձին անձեռնմխելիության զրկման հարցով գործողություններ ձեռնարկելու...», ինչը, ըստ դիմողի, հակասում է Սահմանադրության 96-րդ հոդվածին, քանի որ դատարանն իր վարույթում գտնվող գործով անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողով դիմելու լիազորությամբ օժտված չէ և նույնիսկ նման լիազորություն ունենալու պարագայում, եթե դատարանը նշված հարցով դիմեր Ազգային ժողովին, ապա կվերածվեր քրեական հետապնդման մարմնի: Ավելին, Դիմողն արձանագրում է, որ դատարանի վարույթում գտնվող գործով հիշյալ հարցով Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու գործիքակազմ առկա չէ` նկատի ունենալով, որ դատախազությունը նույնպես «...չի կարող նման գործողություն կատարել, քանի որ գործը չի գտնվում իր վարույթում և սահմանափակված է կողմերի մրցակցության սկզբունքով»:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

i

Ազգային ժողովը (այսուհետ նաև` Պատասխանող) արձանագրում է, որ պատգամավորի և պատգամավորի թեկնածուի անձնական անձեռնմխելիության ծավալները նույնն են, և որ «... չի կարող քրեական հետապնդում հարուցվել կամ ազատությունից զրկում ենթադրող խափանման միջոց ընտրվել առանց Սահմանադրությամբ նախատեսված մարմնի համաձայնության...»: Միևնույն ժամանակ, պատասխանողը նկատում է, որ Սահմանադրության 96-րդ հոդվածը վերաբերելի չէ այն դեպքերին «...երբ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կամ վերջինս զրկվել է ազատությունից մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը»:

Պատասխանողն ընդգծում է, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ «պատգամավորի թեկնածուի (ում նկատմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ կիրառվել է ազատությունից զրկում ենթադրող հարկադրանքի միջոց) կողմից պատգամավորական մանդատ ստանալուց հետո հարուցված քրեական հետապնդումը կամ կիրառված` ազատությունից զրկումը ենթադրող հարկադրանքի միջոցը շարունակելու հարցով Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու որևէ պահանջ....»:

Ավելին, ըստ Պատասխանողի` նման պայմաններում Ազգային ժողովի կողմից վերջինիս անձեռնմխելիության հարցը քննարկելն ուղղակիորեն կհակասեր Սահմանադրության 6-րդ հոդվածին:

i

Անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Սահմանադրության 96-րդ հոդվածի ենթադրյալ հակասության հարցին` Պատասխանողը նշում է, որ վիճարկվող դրույթը չի կարող դիտարկվել պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքի հետ հակասության համատեքստում` նկատելով, որ վարույթն իրականացնող մարմնի հայեցությունը վերաբերում է գործի վարույթը կասեցնելուն, այլ ոչ թե պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու հարցով Ազգային ժողովին դիմելուն:

i

Պատասխանողը, անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի և Սահմանադրության 96-րդ հոդվածի ենթադրյալ հակասության հարցին, նշում է, որ վիճարկվող հոդվածը «որևէ կերպ չի կարող դիտարկվել պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքի հետ հակասության համատեքստում»: Ավելին, Պատասխանողի պնդմամբ` թեև Դիմողը եզրահանգել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգում անձին անձեռնմխելիությունից զրկելու հարցը դատախազի կողմից չի կարող լուծվել, այնուամենայնիվ, Դիմողը չի հիմնավորել, թե դատախազի կողմից այդ հարցը լուծելու դեպքում ինչպես է սահմանափակվում կողմերի մրցակցության սկզբունքը:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի շրջանակում Քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.

i

1) արդյոք Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով պատգամավորն անձեռնմխելիությամբ պաշտպանվում է մինչ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը հարուցված քրեական հետապնդման հետագա շարունակությունից,

i

2) արդյոք անձի, մինչ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, ազատությունից զրկված լինելու պարագայում, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո ազատությունից զրկված վիճակում մնալը (ազատությունից զրկման շարունակումը, պահպանումը)` առանց Ազգային ժողովի համաձայնության, հակասում է Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասին:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Սահմանադրության 96-րդ հոդվածը սահմանում է.

«1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:

2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»:

i

Սահմանադրական հիշյալ կարգավորումների շրջանակում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չնայած հիշատակված հոդվածի «Պատգամավորի անձեռնմխելիությունը» վերտառությանը, դրանով սահմանվում են պատգամավորի սահմանադրական կարգավիճակը պայմանավորող և դրանից բխող երաշխիքներ` պատգամավորի ինդեմնիտետը (անպատասխանատվությունը (non-liability) (Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մաս) և պատգամավորի անձեռնմխելիությունը (inviolability) (Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ընդ որում` ինդեմնիտետը երաշխավորում է պատգամավորի` իր պատգամավորական գործունեության արդյունավետ իրականացումը` բացառելով պատգամավորի գործունեությունից բխող հայտնած կարծիքի կամ Ազգային ժողովում քվեարկության համար քրեական պատասխանատվությունն ընդհանրապես, հետևաբար նաև և քրեական հետապնդումը: Սակայն պատգամավորի` իր գործունեության շրջանակներում, իր գործունեությունից բխող կարծիքի համար «արտաքին» պատասխանատվության բացառումն ամենևին չի ենթադրում պատասխանատվության բացառում ընդհանրապես, և հատկապես` չի բացառում «ներքին» պատասխանատվությունը` կարգապահական պատասխանատվությունը տարատեսակ սանկցիաների տեսքով:

Ինչ վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիությանը, ապա վերջինիս տրամադրվում է որոշակի պաշտպանություն իր գործառույթների հետ չկապված արարքների համար քրեական հետապնդման հարուցումից: Միաժամանակ, դրանով տրվում է պաշտպանություն` պատգամավորին ազատությունից զրկելու դեպքերի համար:

Հիշյալ սահմանադրական երաշխիքների տարանջատումը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն ունի: Այսպես օրինակ, եթե ինդեմնիտետի դեպքում քրեական պատասխանատվությունը բացառվում է պատգամավորի` իր գործունեությունից բխող, դրա շրջանակներում հայտնած կարծիքի համար կամ պատգամավորական գործունեության շրջանակներում կատարած քվեարկության համար, ապա պատգամավորի անձեռնմխելիության դեպքում ոչ թե բացառվում է քրեական պատասխանատվությունը, այլ դրանով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման, վերջինիս ազատությունից զրկելու բարդացված ընթացակարգ է սահմանվում` չբացառելով պատգամավորի և՛ քրեական պատասխանատվությունը, և՛ քրեական հետապնդման հնարավորությունը, և՛ ազատությունից զրկելը:

Բացի դրանից, եթե ինդեմնիտետի դեպքում նրան տրվող պաշտպանությունը չունի ժամանակային որևէ սահմանափակում, ապա պատգամավորի անձեռնմխելիության դեպքում այդպիսի պաշտպանությունն անձին տրվում է պատգամավորի լիազորությունների ժամկետով:

Պատգամավորի կարգավիճակը պայմանավորող վերոնշյալ սահմանադրական երաշխիքներն ապահովում են պաշտպանության տարբեր շրջանակ ու տարբեր ժամկետներ և հետապնդում իրավաչափ նպատակներ` ապահովելով`

1) պատգամավորի անկախությունը` անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելով ներկայացուցչական մանդատով օժտված անձի համար իր լիազորություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար` նրան զերծ պահելով «արտաքին» (գործադիր իշխանության, քաղաքական հակառակորդների և այլոց) հետապնդումներից և/կամ անհիմն, քաղաքականապես մոտիվացված մեղադրանքի հնարավորությունից,

2) Ազգային ժողովի` որպես օրենսդիր իշխանության մարմնի անկախությունը,

3) Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

4.2. Սահմանադրական դատարանը նաև փաստում է, որ ինդեմնիտետի և պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքների վերաբերյալ հիշյալ դիրքորոշմանը խիստ հարող մոտեցումներ են որդեգրել ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (տե՛ս, օրինակ, Kart v. Turkey գործով 2009 դեկտեմբերի 3-ի վճիռը, application no. 8917/05 § 91), այնպես էլ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (այսուհետ նաև` Վենետիկի հանձնաժողով) (տե՛ս CDL-AD(2014)011 զեկույցի(1) (այսուհետ` Զեկույց), 7-րդ, 22-րդ, 152-րդ կետերը):

 

1) https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2014)011-e

 

Պատգամավորի կարգավիճակը պայմանավորող և դրանից բխող սահմանադրական երկու երաշխիքների իրավաչափ նպատակները վերհանելուն զուգահեռ Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն հնարավոր վտանգներին, մասնավորապես` պատգամավորի անձեռնմխելիությունը չարաշահելու և այն առանձին անձի արտոնության վերաճելու վտանգներին: Ընդ որում` Սահմանադրական դատարանը փաստում է, որ հենց այդ ռիսկերի հաշվառմամբ է, որ ներկա ժամանակներում զարգացած ժողովրդավարական համակարգ ունեցող մի շարք երկրներում հստակ միտում է ընդգծվում ընդհանրապես հրաժարվել կամ խիստ նեղացնել պատգամավորի` իր գործառույթների հետ չկապված անձեռնմխելիության ինստիտուտը: Դա հիմնավորվում է գլխավորապես նրանով, որ այն նպատակներին, որոնք ապահովվում են նշված ինստիտուտի միջոցով, ներկա ժամանակներում կայացած իրավական համակարգերում հնարավոր է հասնել այլ միջոցներով:

Այս առնչությամբ հատկանշական են Վենետիկի հանձնաժողովի կողմից կատարված հետևյալ դիտարկումները, ըստ որի` «Հաստատված ժողովրդավարական համակարգում քիչ հավանական է, որ կառավարությունը փորձի հարձակվել խորհրդարանի` որպես ինստիտուտի աշխատանքի վրա` չհիմնավորված քրեական մեղադրանքներ առաջադրելով նրա անդամների դեմ, և, եթե այդպիսի բան էլ կատարվի, ապա խորհրդարանը` իբրև ինստիտուտ, որպես կանոն ունենում է շատ ավելի լավ և ավելի արդյունավետ պաշտպանության միջոցներ, քան քրեական հետապնդման անձեռնմխելիությանն ապավինելն է: Բացի այդ, ցանկացած լավ գործող ժողովրդավարական համակարգերում առկա են նաև իրավական և քաղաքական նորմեր և ստանդարտներ, որոնք արդյունավետ կերպով խոչընդոտում են քաղաքական մեծամասնությանը քրեաիրավական համակարգն առանձին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ չարաշահելուց: Դատական իշխանության և դատախազական մարմինների անկախության և անկողմնակալության կանոններն ու սկզբունքներն այս առումով շատ ավելի կարևոր և արդիական են, քան պատգամավորների անձեռնմխելիության մասին հին կանոնները» (CDL-AD(2014)011 զեկույցը, 153-րդ կետ):

Վերոգրյալը, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ չի վկայում այն, որ պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը ներկա ժամանակներում կորցրել է իր արդիականությունն ընդհանրապես: Եթե հաստատված, կայացած ժողովրդավարության երկրներում պատգամավորի անձեռնմխելիության հետապնդվող նպատակին հնարավոր է լինում հասնել հստակ կայացած համակարգերի շնորհիվ, ապա բոլորովին այլ է հարցը զարգացող կամ նոր ժողովրդավարության երկրներում, որտեղ համակարգերը հստակ կայացած չեն, և չի բացառվում, որ քրեական հետապնդումը կիրառվի իբրև քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու գործիք:

Այս առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը կատարել է նաև հետևյալ արձանագրումը. «Որոշ երկրներում, որոնք դեռ անցումային փուլում են դեպի իրական ժողովրդավարություն, կամ որտեղ ժողովրդավարությունը դեռևս համեմատաբար նոր է և փխրուն, առկա է փորձ, երբ ոստիկանության կամ դատախազության լիազորություններն օգտագործվել են քաղաքական հակառակորդներին, այդ թվում` խորհրդարանի անդամներին վարկաբեկելու, պատժելու կամ ոչնչացնելու համար: Եվ ոչ միշտ է լինում այնպես, որ յուրաքանչյուր պետությունում դատական իշխանությանը կարելի է վստահել անկախ գործել և գործադրի կողմից չափազանց ազդեցության տակ չլինել: Խորհրդարանի անդամները և հատկապես ընդդիմության անդամները որոշ երկրներում կարող են խոցելի լինել անհիմն իրավական մեղադրանքների ձևով քաղաքական ոտնձգությունների նկատմամբ...» (Զեկույցի 154-րդ կետ):

Մյուս կողմից, սակայն, հենց այդ «նոր ժողովրդավարության երկրներում» նույն համակարգերի ոչ կայացած լինելու պատճառով էլ մեծանում է պատգամավորական անձեռնմխելիությունը չարաշահելու վտանգը. «Միևնույն ժամանակ,- նշվում է Վենետիկի հանձնաժողովի մեջբերված զեկույցում,- հաճախ նոր ժողովրդավարություններն են առավել ենթակա քաղաքական կոռուպցիայի և ծայրահեղական խորհրդարանականների կողմից անձեռնմխելիության չարաշահմանը` ժողովրդավարությանը սպառնալու նպատակով: Այսպիսով, պատգամավորական անձեռնմխելիության պարադոքսը, կայանում է նրանում, որ այն կարող է ծառայել ինչպես ժողովրդավարական զարգացումը խթանելուն, այնպես էլ այն քայքայելուն» (Զեկույցի 29-րդ կետը):

Նման իրավիճակում Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ առաջանում են առանցքային հետևյալ խնդիրները.

մի կողմից` պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտի շնորհիվ ապահովել պատգամավորի, խորհրդարանի անկախությունը, խորհրդարանի անխափան գործունեությունը (քանի որ այլ համակարգերը, որոնք կարող էին որպես միջոց ծառայել նպատակին հասնելու համար ամբողջապես կայացած չեն),

իսկ մյուս կողմից` դա իրականացնել այն կերպ և այնպիսի հավասարակշիռ մոտեցմամբ, որ հենց պատգամավորի անձեռնմխելիությունն ինքնին չխախտի այլոց իրավունքները, չհանդիսանա նույն խորհրդարանի հեղինակությունը սասանող գործոն:

Այսպիսով խորհրդարանի գործունեությունն անհարկի «արտաքին» միջամտությունից պատշաճ ապահովման ցանկացած անկարողություն վտանգ է ներկայացնում ժողովրդավարական սահմանադրական համակարգի համար: Եվ հակառակը, պատգամավորական մանդատի չարաշահումներից քաղաքացիների իրավունքների, ինչպես նաև խորհրդարանի` իբրև ինստիտուտի պաշտպանության ապահովման անկարողությունը խորհրդարանի հանդեպ վստահության խաթարման վտանգ է ներկայացնում և վտանգի տակ դնում նրա լեգիտիմությունը:

i

Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը պայմանավորող և դրանից բխող սահմանադրական երկու երաշխիքներն ունեն հանրային-իրավական նշանակություն, հստակ (վերոհիշատակված) նպատակներ և ուղղված են հանրային շահերի պաշտպանության ապահովմանը, ուստի այդ երաշխիքները չեն հանդիսանում և որևէ կերպ չեն կարող ընկալվել (մեկնաբանվել) իբրև առանձին անձանց վերապահված անձնական արտոնություն կամ առավելություն: Եվ նման ընկալման բացառումը ոչ միայն կհակադրվի քննարկվող երաշխիքների նպատակային նշանակությանը` հանգեցնելով դրանց հանրային-իրավական նշանակության խեղմանը, այլև կխաթարի իրավունքի գերակայությունը` հանգեցնելով Սահմանադրության 28-րդ հոդվածով երաշխավորված օրենքի առջև ընդհանուր հավասարության խախտմանը, ինչպես նաև որոշ դեպքերում` համապատասխան հանգամանքների առկայության պայմաններում առաջ կբերի դատական պաշտպանության և արդար դատական քննության իրավունքների անհամաչափ սահմանափակումներ (Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներ):

4.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատգամավորի քրեական հետապնդման անձեռնմխելիության չարաշահումը, դրա` անձնական արտոնության կամ առավելության վերաճումը կարող են վտանգել նաև անձանց արդար դատական քննության և դատական պաշտպանության իրավունքը: Հիշյալ եզրահանգումը բխում է հետևյալ մի շարք հանգամանքների համակցությունից.

i

առաջին` պատգամավորի անձեռնմխելիությունը կանոնակարգող սահմանադրական դրույթում (Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մաս) որոշակիացված չէ այն հանցագործությունների շրջանակը, որոնցով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը: Տվյալ հոդվածի կարգավորումներն այնպիսին են, որ պատգամավորի անձեռնմխելիությունը տարածվում է, ըստ էության, բոլոր հանցագործությունների համար քրեական հետապնդման հարուցման դեպքերի վրա` առանց հանցագործությունների շրջանակի որևէ սահմանափակման:

i

Երկրորդ` թեև Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն` Ազգային ժողովի համաձայնությամբ, սակայն, արդեն օրենսդրական կարգավորման մակարդակում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով սահմանելով պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու կարգը, դրանով չի նախատեսվում հստակ որոշակիացված և օբյեկտիվ որևէ չափանիշ և հիմք, որի հիման վրա Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու կամ չզրկելու հարցով, որպիսի պայմաններում, հաշվի առնելով Ազգային ժողովի քաղաքական մարմին լինելու հանգամանքը, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը լուծվում է առավելապես քաղաքական տարատեսակ շարժառիթների հիման վրա:

Երրորդ` հանգամանքը, որ հենց պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտի հանրային-իրավական նշանակությամբ պայմանավորված օրենսդրությամբ բացակայում է պատգամավորի` պատգամավորական անձեռնմխելիությունից հրաժարվելու հնարավորությունը:

Չորրորդ` պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն չտալու մասին Ազգային ժողովի որոշման կայացման դեպքում այդ որոշումը, ըստ էության, փաստացի ունենում է անժամկետ իրավական հետևանքներ (քանի որ օրենսդրության մեջ բացակայում է այդպիսի որոշման իրավական հետևանքների ժամանակային սահմանափակումը (օրինակ` պատգամավորի պաշտոնավարման ժամկետով), մյուս կողմից` նախատեսված չեն նաև հստակ կառուցակարգեր այդպիսի որոշման հետևանքները հաղթահարելու և քրեական հետապնդման հարուցման և վարույթի հետագա ընթացքն ապահովելու առումով, որպիսի պայմաններում ստացվում է, որ պատգամավորի` քրեական հետապնդման անձեռնմխելիությունը չհաղթահարելու պարագայում Ազգային ժողովի կողմից համաձայնություն չտալու որոշման դեպքում քրեական հետապնդումը (վարույթը) ոչ թե որոշակի ժամկետով, այլ փաստացի ընդհանրապես կարող է անհնարին դառնալ):

Եվ այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իբրև քրեական հետապնդման բացառող հանգամանք է դիտարկվում իրավասու մարմնի կողմից պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձին անձեռնմխելիությունից չզրկելը (հոդված 12, մաս 1, կետ 6):

Հինգերորդ` այն, որ սահմանափակված չեն անձի պատգամավոր վերընտրվելու հնարավորությունները, և որպես հետևանք առկա է այդպիսով անձեռնմխելիության շարունակության հետագա հնարավորություն: (Այս համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր առանձին վճիռներում կատարել է հետևյալ արձանագրումը, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած քրեական գործի կասեցումը նրա պատգամավորական մանդատի ընթացքում կհանգեցնի բողոքարկվող արարքների կատարման և քրեական գործի հարուցման միջև ժամանակի զգալի ընդմիջման` դրանք անորոշ կամ անկանխատեսելի դարձնելով, հատկապես` ապացույցների առումով: Մեկ այլ համատեքստում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ բողոքի քննության համար պահանջվող ժամանակը կարող է կասկածի տակ դնել դրա արդյունավետությունը (Ganci v. Italy, application no. 41576 / 98 գործով 2003 հոկտեմբերի 30-ին կայացրած վճիռը, § 30, Tsalkitzis v. Greece application no. 11801/04 գործով 2006թ. նոյեմբերի 16-ին կայացրած վճիռը, § 50)):

Հաշվի առնելով վերոշարադրյալը` պատգամավորի անձեռնմխելիությունն իր նպատակային նշանակությանը ծառայելու, միևնույն ժամանակ պատգամավորի անձեռնմխելիությունից բխող վտանգները զսպելու և, մասնավորապես` դրա առանձին անձանց վերապահված անձնական արտոնության կամ առավելության վերաճումը բացառելու համար Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը կանոնակարգող նորմերը (այդ թվում` նաև սահմանադրական նորմերը) խիստ նեղ մեկնաբանություն և կիրառություն ստանան` որպես արդյունք ապահովելով հանրային և մասնավոր շահերի հավասարակշիռ պաշտպանությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համանման մոտեցում է որդեգրվել թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (տե՛ս, օրինակ, Syngelidis v. Greece 2010 թվականի փետրվար 11-ի application no. 24895/07 գործով վճիռը, § 44-46, Tsalkitzis v. Greece 2006թ. նոյեմբերի 16-ի application no. 11801/04 գործով վճիռը, § 49), թե՛ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Վենետիկի հանձնաժողովն իր Զեկույցում ընդգծելով, որ անձեռնմխելիության կանոններն ազգային սահմանադրական իրավունքի անհրաժեշտ մաս չեն (մասնավորապես` Զեկույցի 156-րդ կետ), նաև նկատել է, որ այն երկրներում, որտեղ առկա են քրեական գործերով պատգամավորների անձեռնմխելիության կանոններ, դրանք չպետք է շեղվեն իրենց բուն նպատակից, հետևաբար` դրանք պետք է մեկնաբանվեն ու կիրառվեն սահմանափակ ձևով (Զեկույցի 157-րդ, 158-րդ, 185-րդ կետեր): Ավելին, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է նաև, որ անձեռնմխելիության վերաբերյալ այդ կանոնները պետք է գործնականում չկիրառվեն, քանի դեռ կոնկրետ գործում դրանք կիրառելու հիմնավոր պատճառներ չկան (Զեկույցի 158-րդ կետ):

4.4. Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է հստակ և ուղիղ կապը պատգամավորի խորհրդարանական գործունեության և հարուցված քրեական հետապնդման միջև, ապա պատգամավորն անձեռնմխելիությամբ չպետք է պաշտպանված լինի քրեական հետապնդման շարունակումից, հակառակ դեպքում կխեղվի անձեռնմխելիության հանրային-իրավական նշանակությունը, և այն կվերածվի կոնկրետ անձի արտոնության կամ առավելության:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման և հետագայում այդ անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու միջև ընկած ժամանակային խզումն ինքնին վկայում է անձի նկատմամբ հարուցված (իրականացվող) քրեական հետապնդման և պատգամավորի խորհրդարանական գործունեության կապի բացակայության մասին, և նման պայմաններում, ելնելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտն անձնական արտոնության չվերաճելու և այն կանոնակարգող նորմերը խիստ նեղ մեկնաբանելու (կիրառելու) մոտեցումից, քրեական հետապնդում հարուցելուց հետո անձի` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման շարունակության համար անհրաժեշտ չէ Ազգային ժողովի համաձայնությունը. նման պարագայում քրեական հետապնդման շարունակությունը պետք է իրականացվի ընդհանուր կարգով:

Մյուս կողմից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու և նրա` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու միջև ժամանակային խզումն ինքնին վկայում է իրականացվող հետապնդման և պատգամավորի խորհրդարանական գործունեության կապի բացակայության մասին, դրանից ամենևին նույն կերպ չի կարող բխեցվել, այն, որ ժամանակային այդ խզմամբ ինքնաբերաբար ապահովվում է նաև Ազգային ժողովի` որպես օրենսդիր իշխանության մարմնի անկախությունը և դրա անխափան բնականոն գործունեությունը: Քանի որ նույնիսկ նման իրավիճակում չի բացառվում, որ տեղ գտնի անձի իրավունքների այնպիսի սահմանափակում (օրինակ` անձը կալանավորվի), որով փաստացի բացառվի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձի խորհրդարանական գործունեության հնարավորությունն ընդհանրապես` որպես հետևանք հանգեցնելով Ազգային ժողովի աշխատանքի խաթարմանը, վտանգելով Ազգային ժողովի անկախությունն ընդհանրապես:

i

Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների շրջանակում սահմանադիրը տարբերակել է պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը` պաշտպանություն քրեական հետապնդման հարուցումից և պաշտպանություն ազատության զրկումից, այն հնարավոր համարելով միայն Ազգային ժողովի համաձայնությամբ` բացառությամբ Սահմանադրության նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված որոշակի դեպքերի:

i

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հարցը տրամագծորեն հակառակ լուծում պետք է ստանա քննարկվող դեպքում. այն պարագայում, երբ նույնիսկ անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերել քրեական հետապնդման հարուցումից հետո, և մինչ այդ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման շարունակության համար անհրաժեշտ չէ Ազգային ժողովի համաձայնությունը, ապա բոլորովին այլ է հարցի լուծումն արդեն անձի` պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրան ազատությունից զրկելու պարագայում. տվյալ դեպքում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերից բացի, մնացած բոլոր դեպքերում անձի` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելն անհրաժեշտաբար պայմանավորում է, որ վերջինիս ազատությունից զրկելու (իսկ մինչ այդ կարգավիճակի ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու դեպքում` ազատությունից զրկելը շարունակելու, այն պահպանելու) համար անվերապահորեն պետք է Ազգային ժողովի համաձայնությունը, որի բացակայությունը բացառում է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձին ազատությունից զրկելու հնարավորությունը:

i

Ներկայացվածի հակառակ մոտեցման պարագայում կարող է վտանգվել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և Ազգային ժողովի անկախությունը, ինչն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով պատգամավորին տրված պաշտպանությանը` պատգամավորի կարգավիճակում գտնվող անձին ազատությունից զրկելը դարձնելով ոչ իրավաչափ:

i

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ պատգամավորը, բացի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված բացառիկ դեպքերից, չի կարող զրկվել ազատությունից (իսկ մինչ կարգավիճակի ձեռքբերումը ազատությունից զրկված լինելու դեպքում` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո շարունակել ազատությունից զրկված մնալ), եթե Ազգային ժողովը տվյալ հարցով չի տվել իր համաձայնությունը. Ազգային ժողովից բացի որևէ այլ մարմին իրավասու չէ հաղթահարել պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող այդ պաշտպանությունը:

4.5. Հիմնվելով սույն որոշման նախորդ կետում կատարված եզրահանգումների վրա` Սահմանադրական դատարանը փաստում է, որ պատգամավորի կարգավիճակը պայմանավորող և դրանից բխող անձեռնմխելիությունը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վարույթի կասեցման ինստիտուտները որոշ դեպքերում միմյանց հետ կարող են փոխկապակցված լինել, սակայն դրանք ոչ բոլոր դեպքերում են փոխպայմանավորող. ա) ինչպես հնարավոր է անձեռնմխելիությամբ պատգամավորին տրվող պաշտպանության հաղթահարումն առանց քրեական վարույթը կասեցվելու, բ) այնպես էլ հնարավոր է քրեական վարույթի կասեցումը որևէ այլ հիմքով` չկապված (պատգամավորի) անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության հաղթահարման հետ:

Վերոգրյալը, սակայն, ամենևին չի ենթադրում, որ բացառվում է երրորդ իրավիճակի առկայությունը, այն է` քրեական վարույթի կասեցումը` պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության հաղթահարման համար:

i

Հետևաբար` հիշատակված երեք իրավաչափ իրավիճակների առանձնացման լույսի ներքո գնահատման ենթարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի այն կարգավորումը, որով քննիչին, դատախազին, դատարանին վերապահվում է քրեական վարույթի կասեցման հայեցողական լիազորություն, այդ թվում` Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա կարգավորումն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի առաջացնում, քանի որ վարույթի նշված մասնակիցների` վարույթի կասեցման հայեցողական լիազորությունից ինքնաբերաբար չի բխում և չի կարող բխեցվել քրեական հետապնդման անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության հաղթահարման հարցով Ազգային ժողովին դիմելու կամ չդիմելու` իրավասու մարմնի հայեցողական լիազորությունը:

i

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ քրեական վարույթի կասեցված լինելը կամ չլինելը, անձի անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարված չլինելու պարագայում, որևէ կերպ չի նշանակում վարույթն իրականացնող մարմնի լիազորություն` կատարել գործողություններ (կայացնել որոշումներ), որոնք ուղղակիորեն ներազդում են պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության վրա: Հակառակը կնշանակի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իմպերատիվ պահանջի խախտում` պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը դարձնելով ոչ իրական:

4.6. Սահմանադրական դատարանը, կատարված վերլուծությունների արդյունքների համատեքստում անդրադառնալով Դիմողի հարցադրումներին, արձանագրում է.

i

1) Դիմողի պնդումները, թե «...նշված դրույթի (Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի) սահմանադրաիրավական բովանդակությունը պետք է բացառապես պահանջի և ենթադրի ոչ թե հայեցողություն, այլ պարտադիր կատարման ենթակա լիազորություն մինչդատական վարույթում` քննիչի, դատախազի, իսկ դատական վարույթում` դատարանի, այն է` «քրեական գործի կասեցում», և որ «...հակառակը ուղղակիորեն կհակասի ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածին» հիմնավոր չեն,

i

2) դիմումի շրջանակներում (ներքին հակասականությամբ) բարձրացվող մեկ այլ` Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի ենթադրյալ օրենսդրական բացի հարցը ինքնաբերաբար լուծվում է.

վերոնշյալ դիրքորոշումների շրջանակում Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ վերանում է դիմումում տեղ գտած այն մտահոգությունների վտանգը, թե վիճարկվող դրույթի խափանման միջոցի փոփոխման պարտադիր վավերապայման կամ կառուցակարգ չնախատեսելու հետևանքով քննիչի, դատախազի, դատարանի կողմից վարույթը կասեցված լինելու դեպքում, հնարավոր է անտեսվի Սահմանադրության 96-րդ հոդվածի պահանջը, և որ հնարավոր է պատգամավորի անձեռնմխելիությամբ օժտված անձը, լինելով կալանավորված «...քրեական գործի վարույթը կասեցվի և անձը շարունակի մնալ կալանավորված, քանի որ չկա խափանման միջոցը անհապաղ վերացնելու պարտականություն` ելնելով անձեռնմխելիության իրավական կարգավիճակից»: Իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրական դատարանի վերոհիշյալ դիրքորոշումներով առաջնորդվելու դեպքում կբացառվի նաև նման խնդրի առաջացման վտանգը:

i

Ընդ որում` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս դիրքորոշմանը համահունչ կարգավորումներ են տեղ գտել նաև Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի` «...Քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին»: Նման կարգավորման պայմաններում, անձեռնմխելիությունից օգտվող անձի, մասնավորապես` պատգամավորի կալանավորումը (ազատությունից զրկելը) հնարավոր է դառնում միայն պատգամավորի` անձեռնմխելիությամբ տրված այդ պաշտպանությունը հաղթահարված լինելու պարագայում, այլ կերպ ասած` պատգամավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար անհրաժեշտ է հավելյալ պայմանի, այն է` անձեռնմխելիության տրվող այդ պաշտպանության հաղթահարված լինելու առկայությունը:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև Դիմողի այն դիրքորոշմանը, որ «...եթե քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում, չկա որևէ գործիքակազմ Ազգային ժողովից համաձայնություն ստանալու, քանի որ Դատախազությունը չի կարող նման գործողություն կատարել...» գործը դատախազության վարույթում չգտնվելու պատճառով, իսկ դատարանն էլ, նախ` չունի այդպիսի լիազորություն, բացի դրանից, նման հարցով Ազգային ժողով դիմելու պարագայում դատարանը կվերածվի քրեական հետապնդման մարմնի: Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ`

1) դատարանի վարույթում գործը գտնվելու համար կամ պետք է արդեն իսկ հաղթահարված լինի անձի` պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող քրեական հետապնդման հարուցումից պաշտպանությունը, կամ էլ անձի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցված պետք է լինի նախքան պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, որի դեպքում անձի նկատմամբ քրեական հետապնդման շարունակության համար ընդհանրապես Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունը բացակայում է (անձը այդ պարագայում անձեռնմխելիությամբ չի պաշտպանվում քրեական հետապնդման հետագա շարունակությունից),

2) պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող մեկ այլ պաշտպանության համատեքստում` պատգամավորի` միայն Ազգային ժողովի համաձայնությամբ ազատությունից զրկվելու դեպքում, անկախ այն հանգամանքից` գործը գտնվում է դատական, թե մինչդատական վարույթում, Ազգային ժողովին դիմում է գլխավոր դատախազը:

 

Սահմանադրական դատարանի գնահատմամբ վերոգրյալն ուղղակիորեն բխում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի, Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի, 136-րդ հոդվածի 2-րդ մասի համադրված վերլուծությունից:

Վերոհիշյալը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին արձանագրելու, որ այն բոլոր դեպքերում, երբ դատական վարույթներում անհրաժեշտություն առաջանա պատգամավորի կարգավիճակում գտնվող անձին կալանավորելու, ապա վերջինիս կալանավորման պայմանն ապահովելու, այն է` անձեռնմխելիությամբ տրվող այդ պաշտպանությունը հաղթահարված լինելու առումով, գլխավոր դատախազը նման միջնորդագրով պետք է դիմի Ազգային ժողով: Ընդ որում` այն դեպքում, երբ դատախազն ինքն է միջնորդում դատարանին պատգամավորի կարգավիճակ ունեցող անձին կալանավորելու, ապա նման միջնորդություն դատարան ներկայացնելուց առաջ գլխավոր դատախազն արդեն իսկ միջնորդագրով պետք է ստացած լինի Ազգային ժողովի` պատգամավորին ազատությունից զրկելու համաձայնությունը:

Իսկ այն դեպքում, երբ դատարանն ինքն է գործի քննության ընթացքում հանգում այն եզրակացության, թե պատգամավորի կարգավիճակում գտնվող անձի նկատմամբ կոնկրետ դեպքում պետք է կալանավորումն ընտրվի իբրև խափանման միջոց, ապա մի կողմից` պատգամավորի` անձեռնմխելիությամբ տրվող` ազատությունից զրկելու պաշտպանությունը հաղթահարված չլինելու պարագայում, մյուս կողմից` դատարանի` այդպիսի հարցով Ազգային ժողով դիմելու լիազորություն չունենալու պարագայում, երրորդ կողմից` այդ պատգամավորի կալանավորման հատուկ պայմանի բացակայության պայմաններում գործող օրենսդրական կարգավորումներից պետք է բխեցնել, որ դատարանն այդ դեպքում պետք է վարույթը կասեցնի` Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:

Այդ հիմքով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնելու պարագայում, ելնելով վերոնշյալ իրավակարգավորումների տրամաբանությունից, գլխավոր դատախազն ի պաշտոնե պարտավոր է համապատասխան միջնորդագրով դիմել Ազգային ժողով` պատգամավորին ազատությունից զրկելու համաձայնությունը ստանալու համար: Այդպիսի համաձայնություն տալու կամ չտալու որոշման կայացման դեպքում վարույթը պետք է վերսկսվի, և ըստ այդմ` լուծվի անձին կալանավորելու կամ չկալանավորելու հարցը:

4.7. Օրենսդրական վերոնշյալ նորմերի հիման վրա կատարված համակարգային վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 295-րդ հոդվածի 1-ին մասի «...եթե գործի վարույթը կասեցվում է քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվելու հիմքով, ապա սույն օրենսգրքով իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցը փոխելու հարցը» ձևակերպման մեջ տեղ գտած «ապա սույն օրենսգրքով իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցը փոխելու հարցը» նախադասությունը պետք է ընկալվի` իրավասու մարմնի, կոնկրետ դեպքում` գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով պատգամավորին կալանավորելու (ազատությունից զրկելուն համաձայնություն տալու) հարցով Ազգային ժողով դիմելու պարտականություն: Նման մեկնաբանության պարագայում բացառվում է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի և Սահմանադրության 96-րդ հոդվածի` Դիմողի կողմից բարձրացված թվացյալ հակասության հնարավորությունը:

4.8. Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ իրավակիրառական պրակտիկան (մասնավորապես` ՍԴ/0066/01/21, ՍԴ1/0060/01/21, ԵԴ/0886/01/21 քրեական գործերով) զարգացել է սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին հակառակ տրամաբանությամբ, ըստ որի` անձի` մինչ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու պարագայում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նրան հետագա ազատությունից զրկելը պահպանելու, ազատությունից զրկելը շարունակելու համար Ազգային ժողովի համաձայնություն ստանալը անհրաժեշտություն չի համարվել: Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակիրառական պրակտիկան չի բխում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ`

ա) քննիչի, դատախազի, դատարանի` վարույթի կասեցման հայեցողական լիազորությունից չի բխում քրեական հետապնդման անձեռնմխելիությամբ պատգամավորին տրվող պաշտպանության հաղթահարման հարցով Ազգային ժողովին դիմելու իրավասու մարմնի` գլխավոր դատախազի հայեցողական լիազորությունը,

բ) պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարված չլինելու պարագայում քրեական վարույթը չկասեցնելը որևէ կերպ չի նշանակում (ենթադրում) վարույթն իրականացնող մարմնի լիազորություն` կատարելու գործողություններ (կայացնելու որոշումներ), որոնք ուղղակիորեն ներազդում են պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության վրա,

գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ: Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

7 դեկտեմբերի 2021 թվականի

ՍԴՈ-1619

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1619 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ներկայացնում ենք հատուկ կարծիք` Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1619 որոշման (այսուհետ` ՍԴՈ-1619 որոշում) վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ սույն գործի քննության շրջանակները, ըստ էության, կանխորոշվել են նաև Սահմանադրական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշմամբ (այսուհետ` ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշում) և 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշմամբ (այսուհետ` ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշում), և դրանք ՍԴՈ-1619 որոշման հետ փոխկապակցված են, ուստի սույն հատուկ կարծիքով կանդրադառնանք նաև այդ աշխատակարգային որոշումներին:

ՍԴՈ-1619 որոշումը մեզ համար ընդունելի է այն ամրագրման մասով, որ «անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ: Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»: Այս մասով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության մեկնաբանության վերաբերյալ մեր կողմից ներկայացված իրավական դիրքորոշումները ՍԴՈ-1619 որոշման մեջ իրացվել են:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ հիմնավոր չենք համարում ինչպես ՍԴԱՈ-242 և ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշումներով, այնպես էլ ՍԴՈ-1619 որոշմամբ սույն գործի քննության շրջանակների սահմանափակումը, ինչպես նաև ՍԴՈ-1619 որոշման մեջ Սահմանադրության, մասնավորապես, 96-րդ հոդվածի աղճատված, հատվածական մեկնաբանությունը: Այսպես`

1. Սահմանադրական դատարանը, 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-218 աշխատակարգային որոշմամբ (այսուհետ` ՍԴԱՈ-218 աշխատակարգային որոշում), հաշվի առնելով, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի(1) և Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի(2) հիման վրա քննության ընդունված գործերը(3) վերաբերում են նույն հարցին, որոշել է` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի` այդ գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում (2021 թվականի դեկտեմբերի 6-ին): Սակայն գրեթե մեկ ամիս անց ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշմամբ գործերը միավորելու մասին ՍԴԱՈ-218 աշխատակարգային որոշումն ուժը կորցրած է ճանաչվել(4):

 

___________________________________

1) 2021 թվականի սեպտեմբերի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված հիշյալ դիմումով Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը խնդրել է որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցերը:

2) 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված հիշյալ դիմումով Մարդու իրավունքների պաշտպանը ևս խնդրել է որոշել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցը:

3) Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա գործն ընդունվել է քննության Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴԱՈ-194 աշխատակարգային որոշմամբ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիմա վրա գործն ընդունվել է քննության Սահմանադրական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-217 աշխատակարգային որոշմամբ:

4) Թե՛ ՍԴԱՈ-218 և թե՛ ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշումներն ընդունվել են գործով զեկուցող Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանի միջնորդությունների հիման վրա:

 

Գործերը միավորելու մասին ՍԴԱՈ-218 աշխատակարգային որոշումն ուժը կորցրած ճանաչելը հիմնավոր չենք համարում, քանի որ, նախ` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարանն իրավասու է միայն գործերը միավորելու: Սահմանադրական դատարանն իրավասու չէ միավորված գործերն առանձնացնելու, իսկ գործերը միավորելու մասին աշխատակարգային որոշումն իրավական տեխնիկայի կիրառմամբ (ընդ որում` առանց իրավական հիմքի) ուժը կորցրած ճանաչելը ոչ այլ ինչ է, քան միավորված գործերի փաստացի առանձնացում: Այս առումով հատկանշական է նաև, որ Սահմանադրական դատարանը ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշման մեջ չի վկայակոչել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի որևէ լիազորող դրույթ, և այդ որոշումը պատճառաբանված չէ: Ըստ այդմ` ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստացի ինքն իրեն հայտնել է անհամաձայնություն` արձանագրելով, որ գործերը միավորելու մասին ՍԴԱՈ-218 աշխատակարգային որոշումը սխալ է կայացրել, ինչն ուղղում է(5):

 

___________________________________

5) Ի դեպ, հարկ է նշել, որ, մինչև ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշման ընդունումը, Սահմանադրական դատարանի իրավական պրակտիկայում առկա չի եղել միավորված գործերի փաստացի առանձնացման որևէ դեպք և համապատասխան աշխատակարգային որոշում:

 

Գտնում ենք, որ ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշմամբ միավորված գործերի փաստացի առանձնացմամբ խաթարվել է դատարանի նույն նիստում նույն հարցին վերաբերող գործերի միավորված, բազմակողմանի, լրիվ, արդյունավետ քննության ապահովումը, ըստ այդմ` խաթարվել է նաև Սահմանադրական դատարանում վարույթի առանցքային սկզբունքներից մեկի` գործի հանգամանքների ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացումը:

Վերոհիշյալ սկզբունքի իրացմամբ Սահմանադրական դատարանն ապահովում է սահմանադրական վեճի լուծումն ամբողջ ծավալով` սահմանադրականության հարցի բոլոր ասպեկտների հաշվառմամբ, կաշկանդված չլինելով դիմողի (դիմողների) բարձրացրած հարցադրումներով, ներկայացրած փաստերով և փաստարկներով, ենթադրյալ հակասահմանադրականության առումով վկայակոչած Սահմանադրության կոնկրետ հոդվածներով` քանզի վերջնարդյունքը սահմանադրական արդարադատության իրականացմամբ Սահմանադրության գերակայության ապահովումն է:

Հիմնավոր չենք համարում նաև ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշմամբ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրության 6, 79 և 96-րդ հոդվածներին համապատասխանության մասով և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրության 6, 79 և 96-րդ հոդվածներին համապատասխանության մասով կարճելը:

Գտնում ենք, որ սույն սահմանադրական վեճի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումների միջև գոյություն ունի համակարգային փոխկապակցվածություն, և դրանց սահմանադրականության հարցը պետք է լուծվեր ՍԴՈ-1619 որոշմամբ` ելնելով սահմանադրական վեճն ամբողջ ծավալով լուծելու վերը նշված հիմնավորումներից: Այս համատեքստում նաև անհրաժեշտ է նշել, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴԱՈ-194 աշխատակարգային որոշմամբ սույն գործը նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի մասով քննության է ընդունել ոչ թե դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության կոնկրետ հոդվածներին, այլ ընդհանուր` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Ուստի և ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրության 6, 79 և 96-րդ հոդվածներին համապատասխանության մասով և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրության 6, 79 և 96-րդ հոդվածներին համապատասխանության մասով կարճելը չի կարող չգնահատվել որպես գործի քննության շրջանակների անհիմն սահմանափակում: Առնվազն հարց կարող է առաջանալ` եթե նաև այդ դրույթների մասով գործը քննության է ընդունվել ընդհանուր` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար, սակայն կարճվում է Սահմանադրության կոնկրետ վկայակոչված հոդվածներին համապատասխանության մասով, ապա Սահմանադրության չվկայակոչված հոդվածներին համապատասխանության մասով Սահմանադրական դատարանը պետք է կայացներ ըստ էության որոշում, որը, սակայն, ՍԴՈ-1619 որոշմամբ չի կայացվել:

Այնքանով, որքանով ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթի կարճված մասով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցը կարող է հետագայում դառնալ Սահմանադրական դատարանում քննության առարկա, իսկ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցը քննության է ընդունվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա և, ինչպես արդեն նշել ենք, այդ գործը սույն գործից փաստացի առանձնացվել ու քննվելու է Սահմանադրական դատարանի այլ դատական նիստում (2022 թվականի մարտի 22-ին), ուստի այդ դրույթների սահմանադրական բովանդակության մեկնաբանության մասով նախապես` սույն հատուկ կարծիքում դիրքորոշումներ չենք հայտնում:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշման մեջ, մեր կարծիքով, առկա են այնպիսի պատճառաբանություններ, որոնք ևս ընդգծում են սույն սահմանադրական վեճի առարկայի սահմանափակման խնդրահարույց լինելը: Մասնավորապես.

- անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ սույն գործով դիմողի բարձրացրած այն մտահոգությանը, թե վիճարկվող դրույթում օգտագործվող «վերացնել» և «վերանալ» բառերը կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, և դրանցից յուրաքանչյուրը տարբեր հետևանքներ կարող է առաջացնել, ըստ այդմ` բարձրացնելով հիշյալ դրույթի ենթադրյալ իրավական անորոշության հարց` Սահմանադրական դատարանը, մի կողմից, այս առնչությամբ վերահաստատել է իրավական որոշակիության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումները, այդ թվում` այն, որ «...օրենքներում կիրառվում են բազմաթիվ բառեր և արտահայտություններ, որոնց իմաստն ու նշանակությունն ուղղակիորեն բացահայտված չեն օրենսդրի կողմից, սակայն յուրաքանչյուր դեպքում իրավական որոշակիության գնահատման անվան ներքո դրանց մեկնաբանումը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում չէ: (...) Ուստի Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված` վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում...»: Սակայն, մյուս կողմից` Սահմանադրական դատարանը վիճարկվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթը, այնուամենայնիվ, մեկնաբանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ դրույթների հետ համակարգային վերլուծության համատեքստում` եզրահանգելով. «...ակնհայտ է, որ կասեցման հիմքերը, տարբեր լինելով իրենց բնույթով, որոշ դեպքերում քննիչի, դատախազի, դատարանի կողմից անհնար են դարձնում «դրանց հաղթահարումը» իրենց իսկ կողմից կատարվող գործողություններով, և դրանց վերացումը հնարավոր չէ քննիչի, դատախազի, դատարանի կողմից հատուկ այդ ուղղությամբ գործողություններ կատարելով, ինչն էլ (հատկապես քննիչի մասով) ընդգծվել է արդեն Քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածում` օգտագործելով «վերացվել են» բառերը»:

Այլ կերպ` Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր իսկ իրավական դիրքորոշումը, հաջորդիվ ցուցաբերել է այդ դիրքորոշմանը հակառակ մոտեցում` բացահայտել և մեկնաբանել է վիճարկվող դրույթը ոչ թե սահմանադրական բովանդակության, այլ իրավական բովանդակության տեսանկյունից, ըստ էության, ապահովելու համար դրա միատեսակ կիրառությունը, որի իրավասությունը, ինչպես հենց Սահմանադրական դատարանն է ամրագրել, սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին: Բացի դրանից, այս համատեքստում հարկ է նաև նշել` եթե Սահմանադրական դատարանը որոշում է վիճարկվող դրույթի մասով գործի վարույթը կարճել, ապա այդ դրույթի բովանդակության վերաբերյալ արտահայտած ցանկացած մեկնաբանությամբ կաշկանդելու է իրեն այդ մասով հետագայում ըստ էության որոշում կայացնելիս,

- անդրադառնալով «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի և Սահմանադրության 79-րդ հոդվածի ենթադրյալ հակասության վերաբերյալ դիմողի բարձրացրած հարցին` Սահմանադրական դատարանը նշել է, որ դիմումում այդ մասով հակասահմանադրականության հիմնավորումները սահմանափակվում են այն դիտարկումներով, որ` «...»Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ չէ նաև այնքանով, որքանով պարզ չէ այն վերաբերում է առհասարակ «պատգամավորի թեկնածուին, թե ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումը Սահմանադրական դատարանում քննության առնելուց հետո առկա իրավիճակին, երբ հստակ ուղենշվում է «ընտրված պատգամավոր» իրավական կարգավիճակը»: Այս առնչությամբ արձանագրելով, որ բացակայում են Ընտրական օրենսգրքի վիճարկվող դրույթների և Սահմանադրության 79-րդ հոդվածի հակասության վերաբերյալ պատշաճ հիմնավորումները և հիմք ընդունելով իրավական որոշակիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը հաստատել է, որ վիճարկվող դրույթներում առկա եզրույթների բովանդակության բացահայտումը, օգտագործված առանձին արտահայտությունների մեկնաբանություններն ուղղակիորեն դուրս են Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից:

Այս առումով հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը, ոչ քիչ թվով գործերով վիճարկվող դրույթներում ամրագրված բառերի, եզրույթների, արտահայտությունների, ձևակերպումների, բառակապակցությունների սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելով, կայացրել է որոշումներ(6) և այդ որոշումների մի մասը կայացրել է նաև իրավական որոշակիության սահմանադրական պահանջին համապատասխանության հարցը որոշելու միջոցով: Ինչ վերաբերում է այս մասով Սահմանադրական դատարանի վկայակոչած` 2019 թվականի նոյեմբերի 26-ի ՍԴԱՈ-141 և 2021 թվականի փետրվարի 26-ի ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, որոնք վերահաստատվել կամ հաստատվել են ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշմամբ, ապա հիշյալ ՍԴԱՈ-40 և ԱԴԱՈ-141 աշխատակարգային որոշումները կայացվել են դատարանների դիմումների հիմա վրա, որոնց քննությունն ու լուծումն ունեն առանձնահատկություններ` սահմանված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով,

 

___________________________________

6) Տես, մասնավորապես` Սահմանադրական դատարանի ՍԴՈ-735, ՍԴՈ-896, ՍԴՈ-935, ՍԴՈ-1275, ՍԴՈ-1294, ՍԴՈ-1359, ՍԴՈ-1383, ՍԴՈ-1475, ՍԴՈ-1513, ՍԴՈ-1592, ՍԴՈ-1611 որոշումները:

 

- վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը (2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշում)` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ որպես Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտներ (օրինակ` Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և այլն) «ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը»:

Նախ, պետք է նշել, որ փութաջանությունը(7) իրավական հասկացություն չէ, ուստի և առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու պատվիրանը չկատարելը իրավական հետևանք չի կարող առաջացնել, ըստ այդմ` չի կարող Սահմանադրական դատարանի կողմից գործի վարույթի կարճման պատճառաբանությունների հիմքում դրվել:

 

___________________________________

7) Ըստ ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի` փութաջանությունը բացատրվում է որպես ջանասիրություն, աշխատասիրություն, իսկ ըստ հայոց լեզվի հոմանիշների բառարանի նաև` փութեռանդություն, աշխատաջանություն, ժրաջանություն, քրտնաջանություն, տքնաջանություն, գործասիրություն, բարեջանություն, ջերմեռանդություն, վաստակասիրություն:

 

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի ընդունելիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից սահմանված այն պահանջին, որ Սահմանադրական դատարան դիմող սահմանադրաիրավական բարձր կարգավիճակ ունեցող սուբյեկտները, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պետք է պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը, հարկ ենք համարում նշել, որ, իհարկե, Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտը չի կարող իր դիմումը ներկայացնել առանց որևէ հիմնավորման: Օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանադրաիրավական բարձր կարգավիճակ ունեցող սուբյեկտների, մասնավորապես` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի, Ազգային ժողովի խմբակցության, Հանրապետության նախագահի, Կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի համար Սահմանադրական դատարան ներկայացվող ընդհանուր պահանջներից զատ (ի մասնավորի` դիմումում նշելու Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով, սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այլ պահանջներ չի սահմանել` ելնելով այն հանգամանքից, որ հիշյալ սուբյեկտները, հենց իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակով պայմանավորված, թեկուզ մեկ հիմնավորման առկայության դեպքում սահմանափակված չլինեն բարձրացնելու սահմանադրականության հարց: Ըստ այդմ` չի կարող, առավել ևս հիշյալ սուբյեկտների համար, Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ընդհանրական ձևակերպմամբ, մեկնաբանությամբ այնպիսի պահանջ դրվել, որը կարող է այդ սուբյեկտների մոտ առաջացնել նաև սահմանադրական վեճի լուծումն առկախելու սուբյեկտիվ հայեցողություն դրսևորելու հնարավորություն ստեղծելու տպավորություն կամ ստեղծել հենց նման իրավիճակ, ըստ այդմ` առաջացնել Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահության խնդիր: Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի հիմնավորվածության ստուգումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատողական տիրույթում է: Ինչպես Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի հիմնավորված, այնպես էլ այդ դիմումի հիման վրա գործի քննության մերժումը, քննության ընդունված գործի վարույթի կարճումը պետք է ունենա կոնկրետ հիմքեր, հիմնավորումներ, լինի պատճառաբանված: Մեկ հանգամանք ևս. թեև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով (60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) Սահմանադրական դատարանն իրավասու է կարճել գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր, սակայն առավելապես այն դեպքերում, երբ գործի վարույթը (ամբողջությամբ կամ մասամբ) կարճվում է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ, այն էլ տվյալ դիմումի հիման վրա գործով ըստ էության որոշում կայացնելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված վերջնաժամկետներին մոտ ժամկետներում կամ գործով ըստ էության որոշում կայացնելու օրը(8), ապա այն անկախ դիտորդի մոտ կարող է առաջացնել Սահմանադրական դատարանի կողմից առնվազն տվյալ դիմումի նախնական ուսումնասիրումը ոչ պատշաճ իրականացնելու կամ սահմանադրական վեճի լուծումն առկախելու սուբյեկտիվ հայեցողություն դրսևորելու տպավորություն:

 

___________________________________

8) Սահմանադրական դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 27-ից առ 2021 թվականի դեկտեմբերի 7-ը ներառյալ թվով 39 գործի վարույթ ամբողջությամբ կամ մասամբ կարճելու աշխատակարգային որոշումներ է կայացրել` հիմնականում վերոհիշյալ պատճառաբանությամբ և ժամկետներում:

 

2. ՍԴՈ-1619 որոշման մեջ սույն սահմանադրական վեճի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող այն հարցադրմանը` արդյո՞ք Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները` Ազգային ժողովի համաձայնությամբ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով, տարածվում է այն պատգամավորի վրա, որի նկատմամբ մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելն արդեն իսկ հարուցված է եղել քրեական հետապնդում, ըստ էության, տրվել է բացասական պատասխան, ինչը հիմնավոր չենք համարում հետևյալ պատճառաբանությամբ.

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ և 10-րդ գլուխների վերաբերյալ նախնական կարծիքում (2015թ. սեպտեմբերի 10, CDL-PI(2015)015rev, կարծիք թիվ 757/2014), անդրադառնալով Սահմանադրության 96-րդ հոդվածի կարգավորումներին, նշել է. 2-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու համար դիմում է ներկայացվում մինչև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, և Ազգային ժողովի նախագահն անհապաղ տեղեկացվում է, երբ պատգամավորը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Այս դրույթները համապատասխանում են Խորհրդարանական անձեռնմխելիությունների ծավալի և դրանցից զրկելու վերաբերյալ զեկույցում արված առաջարկություններին և ողջունելի են (կետ 88):

Չնայած այն հանգամանքին, որ պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտն առաջացել է վաղ կոնստիտուցիոնալիզմի շրջանում, երբ ժողովրդավարական կարգերը դեռևս ձևավորման փուլում էին, և բավականին մեծ էին ու տարածված պատգամավորների գործունեությանը խոչընդոտելու, անհարկի միջամտելու երևույթները, այնուամենայնիվ, այն իր արդիականությունը չի կորցրել նաև ժամանակակից ժողովրդավարական և իրավական պետություններում, քանզի մեր օրերում էլ ոչ միայն նոր, այլև կայացած ժողովրդավարական համակարգեր ունեցող պետություններում ևս բացառված չէ առանձին պատգամավորների նկատմամբ անհիմն, կամայական և հատկապես քաղաքական հետապնդումների հնարավորությունը: Այդ իսկ պատճառով է, որ մեր օրերում պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը համընդհանուր ճանաչում է ստացել ինչպես սահմանադրական, այնպես էլ վերազգային մակարդակներով:

Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով պատգամավորական անձեռնմխելիությանը (CDL-AD(2014)011), նշել է, որ պառլամենտական իմունիտետին առնչվող կանոնները, նախևառաջ, միտված են պաշտպանելու ներկայացուցչական ժողովրդավարությունը: Նշված իմունիտետը կարող է արդարացվել այն չափով, որչափով այն պիտանի և անհրաժեշտ է ընտրված ներկայացուցիչների կողմից առանց գործադիրի, դատարանների և քաղաքական հակառակորդների կողմից ոտնձգությունների կամ անհարկի միջամտության վախի իրենց ժողովրդավարական գործառույթների արդյունավետ իրացման համար: Նշվածը հատկապես կարևոր է խորհրդարանական ընդդիմության և քաղաքական փոքրամասնությունների համար (կետ 36):

Անձեռնմխելիության կանոնները (նեղ իմաստով) որոշ երկրներում կարող են կատարել խորհրդարանին` որպես ինստիտուտ, և, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությանը գործադիրի, դատարանների կամ այլ քաղաքական հակառակորդների կողմից անտեղի ճնշումներից կամ ոտնձգություններից պաշտպանելու ժողովրդավարական գործառույթը (կետ 185):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր վճիռներից մեկում (Kart v. Turkey, 03.12.2009 application no. 8917/05, § 90, 91, 97) անդրադառնալով պատգամավորական անձեռնմխելիությանը, արձանագրել է, որ երաշխիքները, որոնք առաջարկվում են երկու տեսակի պառլամենտական իմունիտետի կողմից, հետապնդում են նույն նպատակը` ապահովելու պառլամենտի անկախությունն իր գործառույթներն իրականացնելիս: Իմունիտետը (inviolability) օգնում է հասնել պառլամենտի ամբողջական անկախությանը` պաշտպանելով քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումներից: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է խաթարել պառլամենտի գործունեությունը: Անձեռնմխելիությունը ոչ թե անձնական արտոնություն է` ի շահ պատգամավորի, այլ առավելություն է` կապված նրա կարգավիճակի հետ, որի պատճառով շահառուն չի կարող հրաժարվել դրանից:

Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատգամավորի անձեռնմխելիությունը միաժամանակ երկու գործառույթ ունի. այն պաշտպանում է պատգամավորին իր պառլամենտական գործունեության խաթարումից, որը կարող էր տեղի ունենալ կամայական միջամտությունների պարագայում և միաժամանակ ծառայում է ամբողջ Ազգային ժողովի գործառույթների և իրավասության անխափան իրականացմանը: Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը երաշխավորում է ինչպես Ազգային ժողովի` որպես օրենսդիր իշխանության մարմնի պատշաճ գործունեությունը, այնպես էլ առանձին պատգամավորի` իշխանության այլ ճյուղերի, առաջին հերթին գործադիր իշխանության կողմից ոտնձգություններից զերծ մնալու հնարավորությունը: ՈՒստի պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտն ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ-ինստիտուցիոնալ նշանակություն:

Լայն իմաստով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտն իշխանությունների բաժանման սկզբունքի կոնկրետացում է:

Անձեռնմխելիության իմաստը, ինչպես վերը նշվեց, պատգամավորին որևէ անհարկի ազդեցություններից զերծ պահելն է, իսկ քրեական հետապնդումն ի զորու է ազդելու պատգամավորի գործունեության, ներառյալ` նրա քվեարկությունների վրա, քանի որ այն ինտենսիվ միջամտություն է անձի իրավունքներին և ազատություններին: Քրեական հետապնդում հարուցելն էական նշանակություն ունի նաև կոնկրետ պատգամավորի և այն քաղաքական ուժի` խմբակցության հեղինակության համար, որի կազմում այդ պատգամավորը գործում է, ուստի` անկախ քրեական հետապնդման շրջանակներում առավել խիստ խափանման միջոց կիրառելու հանգամանքից, արդեն իսկ իր էությամբ ունակ է ներազդելու խորհրդարանի գործունեության վրա:

Պատգամավորի անձեռնմխելիությունը նշանակում է, որ պատգամավորի քրեական հետապնդումը որևէ պատճառով, ներառյալ` պառլամենտից դուրս նրա վարքագծի, թույլատրելի է միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Ի տարբերություն Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի, որի գործողությունը տարածվում է պատգամավորի վրա նաև նրա լիազորությունների ավարտից հետո, Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատգամավորի անձեռնմխելիությունը ժամանակային առումով տարածվում է միայն պատգամավորական լիազորությունների ժամկետի վրա` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից մինչև այդ կարգավիճակի դադարումը կամ դադարեցումը: Ուստի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն այն է, որ, քանի դեռ անձն ունի պատգամավորի կարգավիճակ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվի միայն Ազգային ժողովի համաձայնության դեպքում:

Ազգային ժողովի համաձայնությունը պարտադիր է նաև այն դեպքում, երբ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձը քրեական հետապնդման է ենթարկվել մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, քանի որ քրեական հետապնդումը ոչ թե մեկանգամյա գործողություն է, այլ պետաիշխանական միջոցառումների ամբողջություն: Այն, հետապնդելով որոշակի նպատակ, անխուսափելիորեն ներգործում է անձի իրավունքների և ազատությունների վրա: Մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետը քրեական հետապնդումը բնորոշում է որպես դատավարական գործողություններ, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:

Նկատի ունենալով, որ մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը սկսված քրեական հետապնդման պարագայում պատգամավորն իր լիազորությունների ողջ ընթացքում կարող է ենթարկվել վերոնշյալ ներգործության (հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող քրեադատավարական օրենսդրությունը ոչ նախաքննության, ոչ էլ քրեական հետապնդման համար առավելագույն ժամկետներ չի սահմանում), Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված երաշխիքը պետք է տարածվի նաև այն պատգամավորի վրա, որի նկատմամբ մինչև նրա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը հարուցվել է քրեական հետապնդում: Հետևաբար` քրեական վարույթն իրականացնող մարմինն անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից պարտավոր է առնվազն վերջինիս մասով անհապաղ կասեցնել քրեական գործով վարույթը` մինչև քրեական հետապնդման անձեռնմխելիության հաղթահարումը:

Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի մի շարք կարգավորումներից: Այսպես` հիշյալ օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը քրեական գործով վարույթը կասեցնելու հիմք է համարում այն դեպքը, երբ մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից: Հիշյալ օրենսգրքի մեկ այլ` առաջին ատյանի դատարանում վարույթը կարգավորող դրույթը նախատեսում է, որ եթե մեղադրյալը օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից, դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում գործի վարույթը կասեցնելու մասին: Ընդ որում, այս դեպքում իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցը փոխելու հարցը (295-րդ հոդվածի 1-ին մաս):

Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից միանշանակ և պարզորոշ հետևում է, որ քրեական հետապնդման անձեռնմխելիությունը, որպես քրեական վարույթը կասեցնելու հիմք, հավասարապես տարածվում է ինչպես այն անձի նկատմամբ, որին դեռ պատրաստվում են ներգրավվել որպես մեղադրյալ, այնպես էլ հենց մեղադրյալի նկատմամբ: Վերջին իրավիճակը կարող է առաջանալ երկու դեպքում, երբ`

1) քրեական գործով մեղադրյալ հանդիսացող, այսինքն` արդեն իսկ քրեական հետապնդման ենթարկված անձը քրեական վարույթի ընթացքում ձեռք է բերում քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տվող կարգավիճակ (օրինակ` պատգամավոր կամ Մարդու իրավունքների պաշտպան), ինչն իրատեսական է և գործնականում լիովին հնարավոր,

2) քրեական հետապնդման մարմինը, (անփութորեն կամ գիտակցված) խախտելով քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիության պահանջը, համապատասխան կարգավիճակ ունեցող անձին ներգրավել է որպես մեղադրյալ:

Այսպիսով, սահմանադրական և քրեադատավարական օրենսդրության կարգավորումներն աներկբա վկայում են, որ պատգամավորի համար քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիության երաշխիքը գործում է անկախ այն հանգամանքից, թե քրեական հետապնդման հարուցումը ժամանակագրական առումով հաջորդել է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուն, թե նախորդել դրան:

Ներկայացված նպատակի համատեքստում քրեական հետապնդում հարուցելը ոչ թե պարզապես պետք է նույնացվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 18-րդ կետով ամրագրված նույնանուն հասկացության հետ, այլ մեկնաբանվի համարժեք, որպեսզի այն չներառի սոսկ քրեական հետապնդումը, քանզի, նախ` Սահմանադրությունը չի կարող մեկնաբանվել սովորական օրենքների և դրանց եզրույթների միջոցով, դա անթույլատրելի է, բացի դրանից, այդպիսի սահմանափակ, զուտ տեխնիկական մոտեցման համատեքստում սողանցք է թողնվում, որ ամբողջովին շրջանցվեն պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրաիրավական երաշխիքները:

Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախադասության տրամաբանությունը հենց այն է, որ երկու դեպքում էլ պահանջվում է Ազգային ժողովի նախնական համաձայնությունը, հակառակ պարագայում գործադիր իշխանության մարմինը, ինչպիսին դատախազությունն է, հնարավորություն է ստանում ներազդելու պատգամավորի անկախության վրա առանց օրենսդիր մարմնի կողմից որևէ կամաարտահայտության, և Ազգային ժողովը հայտնվում է կատարված փաստի առջև:

Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության նպատակն Ազգային ժողովի կողմից չքննարկված և համաձայնություն չտրված քրեական հետապնդման հետևանքներից պատգամավորին պաշտպանելն է, քանի որ դրանք կարող են հավասարապես բացասական ազդեցություն ունենալ ցանկացած պատգամավորի գործունեության վրա` անկախ նրանից, թե այն հարուցվում է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից հետո, թե առաջ: Ուստի` Սահմանադրության հիշյալ դրույթն այս երկու հնարավոր դեպքերի միջև որևէ տարբերակում չի դնում, քանզի դրա համար չկա որևէ օբյեկտիվ կամ ողջամիտ հիմնավորում: Հենց դա է պատճառը, որ միայն Ազգային ժողովի համաձայնությամբ քրեական հետապնդում հարուցելու անվերապահ պահանջը կիրառելի է դրա ներգործության տիրույթում հայտնված ցանկացած պատգամավորի նկատմամբ:

Այսպիսով, «հարուցում» եզրույթը հարկ է մեկնաբանել ոչ թե որպես սոսկ վարութային գործընթացի սկիզբ, որից հետո ցանկացած քրեադատավարական հարկադրանք կամ այլ սահմանափակում արդեն ինքնըստինքյան թույլատրելի է` անկախ անձի կարգավիճակի փոփոխությունից, այլ առնվազն այնպիսի մեկնարկային նախապայման, որը չի կարելի նախաձեռնել կամ շարունակել, քանի դեռ սահմանված կարգով չի ստացվել Ազգային ժողովի համաձայնությունը:

Եթե առաջնորդվենք հակառակ «տրամաբանությամբ», ապա կստացվի, որ կախված այն հանգամանքից, թե պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը երբ է հարուցվել, նա կարող է ունենալ երկու տարբեր «կարգավիճակ»: Սահմանադրությունը պատգամավորի համար նման երկակի կարգավիճակ չի սահմանել, ուստի այդպիսի մոտեցումն ամբողջությամբ անտեսում է Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության կարգավորումը և դրա նպատակը, հանգեցնում Սահմանադրության կամայական մեկնաբանության: Դա իր հերթին պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրաիրավական երաշխիքներն ամբողջովին շրջանցելու սողանցք է ստեղծում, որը կարող է լայն հնարավորություն ընձեռել քողարկված քաղաքական հետապնդումների համար:

Ի վերջո, պետք է նկատի ունենալ, որ Ազգային ժողովի կողմից պատգամավորի անձեռնմխելիության հարցի քննարկումը նրան ընդամենը անհիմն կամ ապօրինի քրեական հետապնդումից զերծ պահելու երաշխիք է, սակայն ոչ քրեական հետապնդման բացարձակ արգելք: Այն դատավարական ընթացակարգերին

իրավական գնահատականներ տալու կամ դրանք ուղղորդելու անհրաժեշտություն չի ենթադրում: Որպես կանոն, պառլամենտներում պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցերը քննարկելիս առանցքային է համարվում այն, թե արդյո՞ք պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը զուրկ է որևէ քաղաքական ենթատեքստից, արդյո՞ք այն այլ` ոչ իրավական նպատակ չի հետապնդում, արդյո՞ք ուղղված չէ պատգամավորի անկախ կարգավիճակը խաթարելու և պատգամավորին գործադիր իշխանության քմահաճույքով գործող սուբյեկտի վերածելու:

Անհիմն ենք համարում նաև այն պնդումը, թե պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու համար բավարար է այն հանգամանքը, որ վերջինիս` այլ կարգավիճակում (պատգամավորի թեկնածուի) գտնվելու ժամանակահատվածում, մեկ այլ մարմին` տվյալ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տվել է պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն: Պատգամավորի թեկնածուն և պատգամավորն ունեն միանգամայն այլ իրավական կարգավիճակ, այդ թվում` անձեռնմխելիության հարցում և պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձի վրա տարածվում են բացառապես պատգամավորի համար Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության կանոնները:

Միաժամանակ գտնում ենք, որ Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշման 4.3-րդ կետով արտահայտված իրավական դիրքորոշմամբ ևս ամրագրված է, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «քրեական հետապնդում հարուցելու» հետ փոխկապակցված անձեռնմխելիությունը հիմք է նաև արդեն իսկ հարուցված քրեական գործի վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կասեցնելու համար: Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` անձեռնմխելիության հիմքով կասեցման առնչությամբ կարգավորումը հավասարապես վերաբերում է սահմանադրական անձեռնմխելիությամբ օժտված բոլոր անձանց:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու երկու բաղադրիչների` քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հիմքերի ու կարգի միջև որևէ տարբերակում չի դրել (ի դեպ` տարբերակման որևէ սահմանադրական հիմքի մասին չի նշվում նաև ՍԴՈ-1619 որոշման մեջ), գտնում ենք, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշման եզրափակիչ մասում պետք է ամրագրվեր նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձի նկատմամբ արդեն հարուցված քրեական գործով վարույթը կասեցվում է: Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշման 4.3-րդ կետով և կայացնել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:

 

    ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ         ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

 

    Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ                           Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

15 դեկտեմբերի 2021 թ.

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 295-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1619 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դիմող կողմը սույն գործով առաջադրել է երկու հիմնական հարցադրումներ.

ա) արդյո՞ք «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուի» և «Ազգային ժողովի պատգամավորի» իրավական կարգավիճակները նույնն են, և արդյո՞ք պատգամավորի անձեռնմխելիությունը կարող է հաղթահարվել ԿԸՀ-ի կողմից,

բ) արդյո՞ք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կարող է շարունակվել քրեական հետապնդումն առանց Ազգային ժողովի համապատասխան համաձայնության, և արդյո՞ք պատգամավորի կարգավիճակ ստանալը քրեական գործի դատական վարույթում քրեական գործի կասեցման հիմք է` առանց հաղթահարման հնարավորության:

Բարձրացված հարցադրումների կապակցությամբ դիմող կողմը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև Ընտրական օրենսգիրք) 90-րդ հոդվածի 5-րդ մասի` Սահմանադրության 6-րդ («Օրինականության սկզբունքը»), 79-րդ (»Որոշակիության սկզբունքը»), 96-րդ (»Պատգամավորի անձեռնմխելիությունը») հոդվածներին համապատասխանության հարցը:

Վերը թվարկված և վիճարկվող օրինադրույթների` Սահմանադրությանը համապատասխանելու հիմնական սահմանադրական չափանիշներն ամրագրված են Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասում. «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»:

Դիմող կողմի բարձրացրած հարցադրումներին պատասխանելու և վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը գնահատելու սահմանադրական-իրավական ուղին (մեթոդը) իրավական կարգավորման կառուցակարգում իրավահարաբերությունների կառուցվածքի, գործողության հիմնադրույթների քննությունը, վերլուծությունն է: Այդպիսի մաքուր իրավական վերլուծությունը հնարավորություն կտա հանգել ճշմարիտ իրավական եզրակացությունների` զերծ մնալով նշված իրավակարգավորումների քաղաքական, սոցիոլոգիական, անձնական-անհատական, պատեհապաշտական գնահատականներից, համապատասխան իրավական ինստիտուտների համաշխարհային կամ ազգային զարգացման միտումների վկայակոչումներից, որոնք առավելապես գիտական հետազոտության առարկա են:

Իրավական կարգավորման կառուցակարգի փուլային համակարգում իրավունքի կենսագործումը (իրականացումը) տեղի է ունենում իրավահարաբերությունների առաջացման, փոփոխման և դադարման միջոցով: Իրավական կարգավորումն սկսվում է իրավահարաբերության ծագումից և ավարտվում դրա դադարմամբ: Իրավահարաբերությունն իր գործողության ընթացքում կարող է կրել այս կամ այն փոփոխությունը` սուբյեկտային կազմում, բովանդակության մեջ, և շարունակել գոյություն ունենալ փոփոխված տեսքով: Ընդ որում` իրավահարաբերությունների առաջացման համար անհրաժեշտ են որոշակի իրավական նախադրյալներ` իրավունքի նորմ, իրավասուբյեկտ մասնակիցներ, իրավաբանական փաստեր: Այս երեք տարրերը, լինելով իրավահարաբերությունների ծագման իրավական նախադրյալներ, միաժամանակ այն չափանիշներն են, որոնցով հարակից կամ հաջորդող (նաև փոփոխված տեսքով շարունակվող) իրավահարաբերությունները զանազանվում (կամ տարբերվում) են իրարից:

Սույն գործի շրջանակներում բարձրացված իրավակարգավորումների հետևանքով առաջացած հիմնական իրավահարաբերություններն են`

ա) քրեադատավարական վարույթային իրավահարաբերությունները, որոնց հիմքը քրեաիրավական նյութական իրավահարաբերությունն է,

բ) սահմանադրական ընտրական իրավահարաբերությունները, որոնք սկսվում են պասիվ ընտրական իրավունքի կենսագործմամբ (առաջացման հիմքը պատգամավորի թեկնածու գրանցելն է): Թեկնածուի չընտրվելու դեպքում այս իրավահարաբերությունը իսպառ դադարում է,

գ) խորհրդարանի պատգամավորի կարգավիճակի հետ կապված իրավահարաբերություններ, որոնք առաջանում են թեկնածուի պատգամավոր ընտրվելու և արդյունքում նրա լիազորություններն ստանձնելու փաստով:

Սույն գործի համատեքստում նշված երեք իրավահարաբերություններից առանցքայինը քրեադատավարական իրավահարաբերությունն է: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի` «1. Քրեական դատավարությունն իրականացվում է` ապահովելու համար`

1) անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից.

2) անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ:

2. Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`

1) քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի.

2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի.

3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման»:

Սույն գործի համատեքստում քրեադատավարական իրավահարաբերության դինամիկայի (առաջացման, փոփոխման, դադարման) իրավական նախադրյալներն են քրեադատավարական նորմերը, քրեական դատավարության մասնակիցները (սուբյեկտները)` իրենց քրեադատավարական կարգավիճակներով, և քրեադատավարական փաստերը: Այս իրավահարաբերություններն առանցքային են, որովհետև դրանք ընդհանուր նորմեր են: Սահմանադրական ընտրական (պատգամավորի թեկնածու) և պառլամենտականի կարգավիճակի հետ կապված իրավահարաբերություններն առանցքային ընդհանուր նորմերից շեղվող, հատուկ իրավակարգավորումներ են, որոնք, ինչպես քրեադատավարական իրավահարաբերություններից, այնպես էլ իրարից տարբերվում են կարգավորիչ նորմերով, մասնակից սուբյեկտներով և դրանց կարգավիճակներով, առաջացման հիմքը համարվող փաստերով:

Քրեադատավարական իրավահարաբերությունների առանցքային դերը դրսևորվում է նաև այն բանում, որ դրանք կարող են առաջանալ, փոփոխվել, գործել նաև մինչև ընտրությունները, ընտրությունների ընթացքում, անձի ընտրվելու դեպքում կարող են կասեցվել, իսկ լիազորությունների ժամկետի լրացմամբ նաև վերսկսվել:

Գործի շրջանակներում քննարկվող ընտրական իրավահարաբերությունում կարգավորիչ նորմերն ամրագրված են Ընտրական օրենսգրքով, ըստ որի` մասնակից սուբյեկտը սույն գործի իմաստով պատգամավորի թեկնածուն է, իսկ հարաբերության առաջացման հիմք հանդիսացող իրավական փաստը` պատգամավորի թեկնածու գրանցվելը:

Պառլամենտական իրավահարաբերություններում պատգամավորի կարգավիճակի և դրա հետ կապված հարաբերությունների կարգավորիչ օրենքներն են` Սահմանադրությունը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, մասնակից սուբյեկտը պատգամավորն է, իսկ իրավահարաբերության առաջացման փաստական հիմքը` պատգամավորի լիազորությունների ստանձնումը:

Այսպիսով, եթե սույն գործի շրջանակներում վիճարկվող նորմերի հիման վրա առաջացող իրավահարաբերությունները դիտարկենք դինամիկայի մեջ, կունենանք հետևյալ պատկերը. քաղաքացին իրացրել է իր քաղաքական իրավունքը, մասնավորապես` մասնակցել է ընտրություններին` որպես պատգամավորի թեկնածու: Այդ ընթացքում առաջացել է քրեական հետապնդման իրավահարաբերությունը, սակայն օրենքով նրան վերապահված է հատուկ անձեռնմխելիություն, որից զրկելը կատարվում է Ընտրական օրենսգրքին համապատասխան` ԿԸՀ-ի կողմից: Եթե ընտրությունների արդյունքում թեկնածուն չի ընտրվում որպես պատգամավոր, ապա նրա հատուկ անձեռնմխելիությունը դադարում է գործել: Մինչև ընտրություններն օրենքով սահմանված կարգով ԿԸՀ-ի կողմից տրված` քրեական հետապնդման կամ ազատությունից զրկելու համաձայնությունը չընտրված անձի նկատմամբ չունի իրավական հետևանք, որովհետև նա այդ կարգավիճակում ենթարկվում է քրեական հետապնդման ընդհանուր կարգով: Սակայն եթե այդ անձը ընտրության արդյունքում ստանձնել է պատգամավորի կարգավիճակ, ապա իրավահարաբերության փոփոխման պայմաններում նա ձեռք է բերել նոր հատուկ կարգավիճակ` պատգամավորի, որն ունի իր համար Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիություն, և դրանից զրկելը պետք է կատարվի Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին խիստ համապատասխան:

ԿԸՀ-ի կողմից այդ կապակցությամբ տրված համաձայնություններն իրավական ուժ ունեն մինչև այն պահը, երբ Ազգային ժողովն այդ հարցով կկայացնի որոշում: Միայն պատգամավորի կարգավիճակի ստանձնումը հիմք չէ քրեադատավարական հարաբերության հրամայական կասեցման համար: ԿԸՀ-ի որոշումները շարունակում են գործել, հետևաբար` ՀՀ գլխավոր դատախազն անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցի լուծման համար:

Այսպիսով, սույն գործի շրջանակներում վիճարկվող հիմնադրույթների կարգավորման շղթան հետևյալն է. քրեական հետապնդման ենթարկվող քաղաքացի, որը հաջորդող շրջանում գրանցվում է որպես պատգամավորի թեկնածու, իսկ պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո կան նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր: Այնուհետև այդ անձը ընտրվում է և ստանձնում է պատգամավորի կարգավիճակ:

Նման տրամաբանական վերլուծությունից բխում է դիմող կողմի` Ա հարցադրման տրամաբանական-իրավական պատասխանները` «պատգամավորության թեկնածու» և «պատգամավոր» կարգավիճակները նույնը չեն, հետևաբար` պատգամավորի անձեռնմխելիությունը չի կարող հաղթահարվել ԿՀԸ-ի կողմից: Այս տրամաբանությունից բխում է դիմող կողմի բարձրացրած Բ հարցի պատասխանը. պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող շարունակվել առանց Ազգային ժողովի համաձայնության:

Այս ամբողջ շղթայում Սահմանադրությունը կարգավորում է միայն վերջին փուլի իրավահարաբերությունը և միայն պատգամավորի լիազորություններն ստանձնած անձի նկատմամբ: Ընդ որում` Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը տառացիորեն, բավականին հստակ կերպով սահմանում է, որ`

ա) «պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ»,

բ) պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»:

Այսպիսի հստակ իրավակարգավորման պայմաններում ՍԴՈ-1619 որոշումը տարբերակում է դնում մինչև պատգամավորի լիազորությունների ստանձնումը ԿԸՀ-ի համաձայնությամբ քրեական հետապնդման ենթարկվող անձի և ազատությունից զրկված անձի միջև` արձանագրելով, որ`

ա) «պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման շարունակության համար անհրաժեշտ չէ Ազգային ժողովի համաձայնությունը. նման պարագայում քրեական հետապնդման շարունակությունը պետք է իրականացվի ընդհանուր կարգով» (ՍԴՈ-1619, 18-րդ էջ),

բ) «պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրան ազատությունից զրկելու պարագայում. տվյալ դեպքում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերից բացի, մնացած բոլոր դեպքերում անձի` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելն անհրաժեշտաբար պայմանավորում է, որ վերջինիս ազատությունից զրկելու (իսկ մինչ այդ կարգավիճակի ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու դեպքում` ազատությունից զրկելը շարունակելու, այն պահպանելու) համար անվերապահորեն պետք է Ազգային ժողովի համաձայնությունը, որի բացակայությունը բացառում է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձին ազատությունից զրկելու հնարավորությունը» (ՍԴՈ-1619, 19-րդ էջ):

Կարծում ենք, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի մեկնաբանության համար իրավական հերմենևտիկայի որևէ հնարքի կիրառում չի կարող հանգեցնել նման ծավալով տարաբնույթ մտահոգումների` մի դեպքում` տարածական (լայն), մեկ այլ դեպքում` սահմանափակ (նեղ), մեկ ուրիշ դեպքում` տառացի (համընկնող) մեկնաբանությունների:

Առանց Ազգային ժողովի համաձայնության պատգամավորը ոչ միայն չի կարող զրկվել ազատությունից կամ շարունակել մնալ ազատությունից զրկված (երբ դրանից զրկված էր մինչև կարգավիճակ ձեռք բերելը), այլև նրա նկատմամբ չի կարող հարուցվել քրեական հետապնդում կամ շարունակվել հարուցված քրեական հետապնդումը` առանց Ազգային ժողովի համաձայնության:

Իրավաբանական տեսանկյունից անորոշության տարրեր ունի ՍԴՈ-1619 եզրափակիչ մասի 1-ին կետի գ ենթակետը, համաձայն որի` «անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ»: Ի՞նչ է նշանակում «չի կարող պահվել անազատության մեջ» ձևակերպումն իրավական տեսանկյունից, ո՞վ է ազատ արձակում և ինչպե՞ս, այդ ազատումը տեղի է ունենում ինքնաբերաբա՞ր, թե՞ ինչ-որ ընթացակարգով, գործում է անձնական անձեռնմխելիությունը սահմանափակելու կամ ազատությունից զրկելու ընդհանուր կա՞րգը, թե՞ հատուկ սահմանադրական ընթացակարգը: Եզրափակիչ մասի 1-ին կետի գ ենթակետն իր անորոշությամբ կոլիզիաներ է առաջացնում քրեական դատավարության օրենսդրորեն ամրագրված մի շարք խնդիրների հետ, մասնավորապես` անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից, այլոց (հանցագործությունից տուժած անձանց) իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

 

    ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ         Ա. ՎԱՂԱՐՇՅԱՆ

 

17 դեկտեմբերի 2021 թվականի

 

________________________________

Սույն որոշման հատուկ կարծիքների պաշտոնական հրապարակման օրերը ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am) նշված չեն, բայց նշված են ստորագրման ամսաթվերը: Բուն որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 9-ին: Միասնական կայքում հատուկ կարծիքի պաշտոնական հրապարակման օրերը տարբեր են. Հ. Թովմասյանի և Ա. Պետրոսյանի հատուկ կարծիքը հրապարակվել է դեկտեմբերի 16-ին, Ա. Վաղարշյանի հատուկ կարծիքը` դեկտեմբերի 20-ին:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.12.2021
N ՍԴՈ-1619
Որոշում