Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/6527/05/18

    դատարանի որոշում                       2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6527/05/18

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի նոյեմբերի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արծրուն Խաչատրյանի ընդդեմ Ծառայության` Ծառայության 11.04.2018 թվականի թիվ ԱԴ-550128 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արծրուն Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 11.04.2018 թվականի թիվ ԱԴ-550128 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 13.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2020 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 11.04.2018 թվականին` ժամը 13:20-ին, Ծառայության տեսուչի կողմից կազմված «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն` Արծրուն Խաչատրյանը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և Ձորափի փողոցում ժամը 13:15-ին չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը: Նշված արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում հայցվորը ստորագրել է` առանց որևէ առարկության:

Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չի համապատասխանում գործում եղած ապացույցներին և հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ այն կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Գ. Սարգսյանի 11.04.2018 թվականի ժամը 13:20-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Արծրուն Խաչատրյանը Ձորափի փողոցում ժամը 13:15-ին չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը: Նույն արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում առկա է Արծրուն Խաչատրյանի ստորագրությունը (գ.թ. 31):

2) Ծառայության 11.04.2018 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ ԱԴ-550128 որոշմամբ Արծրուն Խաչատրյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամ գումարի չափով այն բանի համար, որ վերջինս չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը (գ.թ. 9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության` որպես վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատող բավարար ապացույց որակելու հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտում կատարած անձի ներկայությամբ կազմելու և այն վերջինիս կողմից առանց որևէ առարկության ստորագրելու դեպքում կարո՞ղ է արդյոք համարվել վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատող բավարար ապացույց:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում (...) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` (...) (2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ փաստել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե առաջին` բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, և երկրորդ` այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման և ձևակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարույթի ժամանակ օրենսդրի կողմից առաջադրված խնդիրների լուծման համար վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ յուրաքանչյուր գործ քննության նախապատրաստելիս պարտավոր է պարզել, ի թիվս այլնի, նաև այն հարցը, թե արդյոք ճիշտ է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը:

i

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:

i

Այսպես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:

i

Վերոգրյալ իրավադրույթներից բխում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու իրավասություն ունեցող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) դրա մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր կարծիքով հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու համար: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված` նրա իրավունքներն ու պարտականությունները, և դրա մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն եզրահանգել է, որ վարչական մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու է իրավախախտին ենթարկել վարչական պատասխանատվության միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վերոգրյալ ընդհանուր կանոնների, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջների պահպանման պայմաններում (տե՛ս, Գառնիկ Վերմիշյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0150/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2019 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հավելում է, որ թեև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը հանդիսանում է ապացույցի ինքնուրույն տեսակ, այդուհանդերձ այն ենթակա է գնահատման վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ ապացույցների համակցության և բավարարության համատեքստում.

Վերոգրյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը համարվում է վարչական իրավախախտում (զանցանք), և առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Վարչական իրավախախտումը պարզելու պարտականությունը դրված է դրա վերաբերյալ գործը քննող մարմնի վրա, որը պարտավոր է գործի հանգամանքները պարզել ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն` տվյալ գործը լուծելով օրենսդրությանը ճիշտ համապատասխան, իսկ վարչական իրավախախտման փաստը հաստատվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներով, որոնց հիման վրա միայն գործը քննող մարմինը կարող է հաստատել վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո փաստում է, որ ոստիկանության ծառայողի կողմից հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ գործը քննելիս, համապատասխան վարչական մարմինը, ի թիվս այլնի, որոշում է ապացույցների բավարարությունը, մասնավորապես այն, թե ինչ ծավալի ապացույցներ են անհրաժեշտ վարչական իրավախախտման առկայությունը հաստատելու և դրա հիման վրա որոշումը կայացնելու համար: Այսինքն` վարչական իրավախախտման առկայության փաստը ամբողջությամբ պարզելու համար անհրաժեշտ է վերաբերելի, թույլատրելի ու արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը ողջամիտ անձը կհամարեր բավարար վարչական պատասխանատվության ենթարկվող անձին վերագրվող իրավախախտման առկայությունը հաստատված համարելու համար: Այլ կերպ ասած` ապացուցման պարտականությունը կրող կողմը պետք է ներկայացնի ապացույցների այնպիսի ծավալ, որը հնարավորություն կտա հաղթահարել ապացույցների բավարարության շեմը և գալ հստակ հետևության վարչական իրավախախտման առկայության վերաբերյալ:

i

Այսպես` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը (...):

i

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (...) (ժա) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն (...):

i

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է նույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, բացառությամբ նույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» և «ժզ» կետերով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշման 1-ին կետով սահմանվել է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի: Նույն հավելվածով սահմանված «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման» կարգի 12-րդ կետի համաձայն` պարեկային ավտոմոբիլները (մոտոցիկլետները) պետք է կահավորված լինեն հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված սարքավորումներով, բորտհամակարգչով, իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն), կապի միջոցներով, լուսարձակով, մահակով, կրակմարիչով, մինչբժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պայուսակով, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան տեխնիկական միջոցներով ու ճանապարհային նշաններով: Ճանապարհային նշանների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Ծառայություն իրականացնող պարեկային ավտոմոբիլում (մոտոցիկլետի վրա) տեղադրված տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը և երթևեկության ուղղությունը ցույց տվող սարքավորումը և (կամ) ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը պետք է միացվեն ծառայության դուրս գալու պահից և չանջատվեն (հսկողական տեսախցիկը` բացառությամբ ընդմիջման ժամանակի) մինչև ծառայության ավարտից հետո շարային ստորաբաժանում վերադառնալը:

Եթե ծառայության ընթացքում այդ սարքերը շարքից դուրս են գալիս, ապա կարգախմբի ավագը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել շարային ստորաբաժանման հերթապահին կամ հրամանատարին և հրամանատարի ցուցումով վերադառնալ շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար:

i

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրահանգման, որ օրենքով սահմանվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պարտավորությունն այն դեպքերում, երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները: Նշված դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրել խախտումը: Միևնույն ժամանակ` ՀՀ կառավարության թիվ 1769-Ն որոշմամբ սահմանված «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման» կարգի համաձայն` պարեկային ավտոմոբիլները պետք է կահավորված լինեն իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն), ընդ որում, ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը պետք է միացվի ծառայության դուրս գալու պահից և չանջատվի մինչև ծառայության ավարտից հետո շարային ստորաբաժանում վերադառնալը, իսկ շարքից դուրս գալու դեպքում պետք է անհապաղ տեղեկացվեն շարային ստորաբաժանման հերթապահը կամ հրամանատարը և հրամանատարի ցուցումով վերադառնան շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարեկային ավտոմոբիլները իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն) կահավորելու պահանջն ինքնանպատակ չէ, և երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պարտականությունից զատ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի վարչական իրավախախտման փաստը իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով արձանագրելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը ենթադրյալ իրավախախտում կատարած անձը ստորագրել է` առանց որևէ առարկության վկայակոչման, վարչական իրավախախտման փաստը հաստատված համարելու համար բավարար հիմք չէ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

i

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Գ. Սարգսյանի կողմից 11.04.2018 թվականի ժամը 13:20-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի` Արծրուն Խաչատրյանը Ձորափի փողոցում ժամը 13:15-ին չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը: Նույն արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում առկա է Արծրուն Խաչատրյանի ստորագրությունը: Ծառայության 11.04.2018 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ ԱԴ-550128 որոշմամբ Արծրուն Խաչատրյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին հիմքով «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը չկատարելու համար ենթարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

Դիմելով դատարան` Արծրուն Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 11.04.2018 թվականի թիվ ԱԴ-550128 որոշումն այն հիմքով, որ հայցվորին վերագրվող արարքն իր կողմից չի կատարվել, իսկ որոշումը կայացվել է առանց համապատասխան ապացույցների և հիմքերի:

Դատարանը բավարարել է Արծրուն Խաչատրյանի հայցը` պատճառաբանելով, որ սույն գործով չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ հայցվոր Արծրուն Խաչատրյանը չի կատարել «Մուտքն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը: Թեև օրենքով ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողի համար սահմանվել է տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պարտավորություն այն դեպքում, երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, այնուամենայնիվ դրան զուգահեռ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ պարեկային ավտոմոբիլները պետք է կահավորված լինեն իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով, այդ թվում նաև տեսախցիկով: Այսինքն` թեև ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողի համար ակնհայտ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների խախտումը տեսնելը հիմք է տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, այնուամենայնիվ նման հանգամանքը բավարար չէ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որևէ փաստ հաստատված համարելու համար, որպիսի փաստերը հաստատելու համար էլ պարեկային ավտոմոբիլները կահավորվել են տեսախցիկներով:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ այն հիմնավորմամբ, որ Ծառայության վիճարկվող որոշումը չի պարունակում պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության կամ բացակայության, վարչական իրավախախտման հետևանքով գույքային վնաս պատճառված լինելու կամ չլինելու` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի ընթացքում պարտադիր պարզման ենթակա հանգամանքների շարադրանքը: Հետևաբար վիճարկվող վարչական ակտը չի համապատասխանում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով դրան ներկայացվող հիմնավորվածության վերոգրյալ չափանիշներին:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ հավելել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը հայցվորը ստորագրել է` առանց որևէ առարկության վկայակոչման, վիճարկվող որոշումն իրավաչափ որակելու հիմք չէ, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն առանց որևէ առարկության ստորագրված լինելը չի սահմանափակում վարչական վարույթի արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտը վիճարկելու անձի իրավունքը և նրան չի զրկում այդ ակտի ոչ իրավաչափ լինելու մասին վկայող իրավական և փաստական հիմքեր ու հիմնավորումներ վկայակոչելու, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Ըստ այդմ, ընդգծելով քննարկվող դեպքում հայցվորին վերագրվող իրավախախտման մասին վկայող այլ ապացույցների բացակայության փաստը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը հայցվորին վերագրված իրավախախտումը հաստատված համարելու բավարար հիմք չէ:

 

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ծառայությունը, կրելով 11.04.2018 թվականի թիվ ԱԴ-550128 որոշման կայացման համար հիմք ծառայած փաստերի ապացուցման պարտականությունը, ներկայացրել է միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում առկա է Արծրուն Խաչատրյանի ստորագրությունը` առանց որևէ առարկության վկայակոչման:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում ստորագրության առկայությունը չի բացառում այն հանգամանքը, որ Արծրուն Խաչատրյանը Ձորափի փողոցում ժամը 13:15-ին չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը Ծառայության կողմից ներկայացված միակ ապացույցն է և այն բավարար չէ վարչական իրավախախտման փաստը հաստատված համարելու համար:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով սույն գործով վիճարկվող որոշման համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրել է հենց վարչական մարմինը, որպիսի պարտականությունը վերջինս չի կատարել: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ այլ ապացույց, որով կարող է հաստատվել Արծրուն Խաչատրյանի կողմից «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը չկատարելու փաստը:

i

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «ժը» կետի և այդ օրենքի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշման 12-րդ կետի խախտմամբ: Հետևաբար ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերով իրավացիորեն են եզրահանգել, որ Ծառայության 11.04.2018 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ ԱԴ-550128 որոշումը ոչ իրավաչափ է և ենթակա է վերացման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով:

i

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Դատարանը, բավարարելով Արծրուն Խաչատրյանի հայցը և անվավեր ճանաչելով Ծառայության 11.04.2018 թվականի թիվ ԱԴ-550128 որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի նշված վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը նույնպես պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.03.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական              Վարչական գործ թիվ ՎԴ/6527/05/18

    դատարանի որոշում                   2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6527/05/18

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 2021 թվականի նոյեմբերի 19-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արծրուն Խաչատրյանի ընդդեմ Ծառայության` Ծառայության 11.04.2018 թվականի թիվ ԱԴ-550128 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.03.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

i

Վճռաբեկ դատարանի դատավոր Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Ա. Մկրտչյանս, Էդ. Սեդրակյանս, Տ. Պետրոսյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արծրուն Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 11.04.2018 թվականի թիվ ԱԴ-550128 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 13.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2020 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 11.04.2018 թվականին ժամը 13:20-ին Ծառայության տեսուչի կողմից կազմված «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն` Արծրուն Խաչատրյանը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և Ձորափի փողոցում ժամը 13:15-ին չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը: Նշված արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում հայցվորը ստորագրել է` առանց որևէ առարկության:

Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ վիճարկվող որոշումը չի պարունակում պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների վերաբերյալ նշում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ծառայությունն իր որոշումները կայացնում է միատեսակ ձևաթղթի վրա և որևէ գործով պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների չի անդրադարձել, ինչը դատարանների կողմից համարվել է իրավաչափ: Հետևաբար, իրավախախտում թույլ տված անձի պատասխանատվությունը չի կարող հաղթահարվել ձևական պատճառաբանությամբ, բացառությամբ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերի:

Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չի համապատասխանում գործում եղած ապացույցներին և հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ այն կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար որպես էական նշանակություն ունեցող առանձնացվել են հետևյալ փաստերը.

1) Ծառայության 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Գ. Սարգսյանի 11.04.2018 թվականի ժամը 13:20-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Արծրուն Խաչատրյանը Ձորափի փողոցում ժամը 13:15-ին չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը: Նույն արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում առկա է Արծրուն Խաչատրյանի ստորագրությունը (գ.թ. 31):

i

2) Ծառայության 11.04.2018 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ ԱԴ-550128 որոշմամբ Արծրուն Խաչատրյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամ գումարի չափով այն բանի համար, որ վերջինս չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը (գ.թ. 9):

 

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտում կատարած անձի ներկայությամբ կազմելու և այն վերջինիս կողմից առանց որևէ առարկության ստորագրելու դեպքում կարո՞ղ է արդյոք համարվել վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատող բավարար ապացույց:

 

i

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 1-ին գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Գ. Սարգսյանի կողմից 11.04.2018 թվականի ժամը 13:20-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի` Արծրուն Խաչատրյանը Ձորափի փողոցում ժամը 13:15-ին չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը: Նույն արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում առկա է Արծրուն Խաչատրյանի ստորագրությունը: Ծառայության 11.04.2018 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ ԱԴ-550128 որոշմամբ Արծրուն Խաչատրյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը չկատարելու համար ենթարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

Դիմելով դատարան` Արծրուն Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 11.04.2018 թվականի թիվ ԱԴ-550128 որոշումն այն հիմքով, որ հայցվորին վերագրվող արարքն իր կողմից չի կատարվել, իսկ որոշումը կայացվել է առանց համապատասխան ապացույցների և հիմքերի:

Դատարանը բավարարել է Արծրուն Խաչատրյանի հայցը` պատճառաբանելով, որ սույն գործով չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ հայցվոր Արծրուն Խաչատրյանը չի կատարել «Մուտքն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը: Թեև օրենքով ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողի համար սահմանվել է տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պարտավորություն այն դեպքում, երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, այնուամենայնիվ դրան զուգահեռ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ պարեկային ավտոմոբիլները պետք է կահավորված լինեն իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով, այդ թվում նաև տեսախցիկով: Այսինքն` թեև ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողի համար ակնհայտ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների խախտումը տեսնելը հիմք է տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, այնուամենայնիվ նման հանգամանքը բավարար չէ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որևէ փաստ հաստատված համարելու համար, որպիսի փաստերը հաստատելու համար էլ պարեկային ավտոմոբիլները կահավորվել են տեսախցիկներով:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ այն հիմնավորմամբ, որ Ծառայության վիճարկվող որոշումը չի պարունակում պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության կամ բացակայության, վարչական իրավախախտման հետևանքով գույքային վնաս պատճառված լինելու կամ չլինելու` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի ընթացքում պարտադիր պարզման ենթակա հանգամանքների շարադրանքը: Հետևաբար վիճարկվող վարչական ակտը չի համապատասխանում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով դրան ներկայացվող հիմնավորվածության վերոգրյալ չափանիշներին:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ հավելել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը հայցվորը ստորագրել է` առանց որևէ առարկության վկայակոչման, վիճարկվող որոշումն իրավաչափ որակելու հիմք չէ, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն առանց որևէ առարկության ստորագրված լինելը չի սահմանափակում վարչական վարույթի արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտը վիճարկելու անձի իրավունքը և նրան չի զրկում այդ ակտի ոչ իրավաչափ լինելու մասին վկայող իրավական և փաստական հիմքեր ու հիմնավորումներ վկայակոչելու, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Ըստ այդմ, ընդգծելով քննարկվող դեպքում հայցվորին վերագրվող իրավախախտման մասին վկայող այլ ապացույցների բացակայության փաստը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը հայցվորին վերագրված իրավախախտումը հաստատված համարելու բավարար հիմք չէ:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ծառայությունը, կրելով 11.04.2018 թվականի թիվ ԱԴ-550128 որոշման կայացման համար հիմք ծառայած փաստերի ապացուցման պարտականությունը, ներկայացրել է միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում առկա է Արծրուն Խաչատրյանի ստորագրությունը` առանց որևէ առարկության վկայակոչման:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում ստորագրության առկայությունը չի բացառում այն հանգամանքը, որ Արծրուն Խաչատրյանը Ձորափի փողոցում ժամը 13:15-ին չի կատարել «Մուտքն արգելվում է» նշանի պահանջը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը Ծառայության կողմից ներկայացված միակ ապացույցն է և այն բավարար չէ վարչական իրավախախտման փաստը հաստատված համարելու համար:

i

Վճռաբեկ դատարանի որոշումից հետևում է, որ բոլոր դեպքերում ճանապարհային ոստիկանի կողմից կազմված վարչական իրավախախտումների արձանագրությունը, անկախ դրա վերաբերյալ անձի առարկության բացակայությունից, որպես ապացույցի տեսակ չի կարող դրվել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշման հիմքում, եթե արձանագրված արարքը չի ամրագրվել հատուկ տեխնիկական միջոցներով, այդ իրավական դիրքորոշման հիմքում դնելով ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշումը, որի 1-ին կետով սահմանվել է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի, ըստ որի սահմանված «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման» կարգի 12-րդ կետի համաձայն` պարեկային ավտոմոբիլները (մոտոցիկլետները) պետք է կահավորված լինեն հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված սարքավորումներով, բորտհամակարգչով, իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն), կապի միջոցներով, լուսարձակով, մահակով, կրակմարիչով, մինչբժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պայուսակով, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան տեխնիկական միջոցներով ու ճանապարհային նշաններով, և ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը պետք է միացվի ծառայության դուրս գալու պահից և չանջատվի մինչև ծառայության ավարտից հետո շարային ստորաբաժանում վերադառնալը, իսկ շարքից դուրս գալու դեպքում պետք է անհապաղ տեղեկացվեն շարային ստորաբաժանման հերթապահը կամ հրամանատարը և հրամանատարի ցուցումով վերադառնան շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար: Արձանագրել է, որ միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը ենթադրյալ իրավախախտում կատարած անձը ստորագրել է` առանց որևէ առարկության վկայակոչման, վարչական իրավախախտման փաստը հաստատված համարելու համար բավարար հիմք չէ:

Վերոգրյալ իրավական եզրահանգումների հետ համաձայն չենք հետևյալ նկատառումներից ելնելով.

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ (...):

i

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:

i

Վերոգրյալ իրավադրույթներից բխում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու իրավասություն ունեցող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) դրա մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր կարծիքով հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու համար: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված` նրա իրավունքներն ու պարտականությունները, և դրա մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` (...) (2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (...):

Այսինքն մինչև անձին վարչական պատասխանատվության ենթարկելը նախ և առաջ պետք է պարզվի վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության օրենքով կազմված լինելու հանգամանքն այն հաշվով, որ խախտված չլինեն տվյալ վարչական վարույթի մասնակիցների սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված իրավունքները և այս կապակցությամբ կարող ենք փաստել, որ արդեն իսկ ձևավորված է կայուն դատական պրակտիկա, որ օրենքի պահանջների անտեսմամբ կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը չի կարող դրվել վարչական պատասխանատվության հիմքում:

Վերոգրյալից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջներին համապատասխան կազմված արձանագրությունը հիմք է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, եթե սահմանված կարգով չեն բացահայտվել օրենքով արձանագրությունը կազմելու կարգին և բովանդակությանը ներկայացվող պահանջների էական շեղումներ:

Այդ համատեքստում պետք է գնահատվի նաև ենթադրյալ իրավախախտում կատարած անձի արձանագրության բովանդակության վերաբերյալ արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ կատարելու, ինչպես նաև այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները շարադրելու իրավունքի ապահովված լինելու հանգամանքը, քանի որ վարչական պատասխանատվության ենթակա արարքի ժխտումը ենթադրում է այլ ապացուցողական միջոցների ու եղանակների ապահովման հարց:

Այլ է խնդիրը, որ ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումներ կարող են ամրագրվել և արձանագրվել բացառապես տեխնիկական սարքերով` այդ թվում նաև տեսանկարահանման և լուսանկարահանման եղանակով, որպիսի հանգամանքը ևս պետք արտացոլվի վարչական իրավախախտման արձանագրությունում:

Սույն գործով վիճարկվող իրավախախտման համար օրենսդրությամբ սահմանված չի այդ փաստն ամրագրելու համար բացառապես տեխնիկական միջոցի կիրառմամբ ամրագրում` բացառելով ճանապարհային ոստիկանի կողմից ենթադրյալ իրավախախտման ուղղակի արձանագրում:

i

Իհարկե, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում առանց առարկության ստորագրելը ինքնին չի նշանակում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու իրավունքի սահմանափակում, սակայն վարչական իրավախախտման արձանագրությունում արձանագրված արարքի առնչությամբ բացատրությունների, դիտողությունների ու առարկությունների չներկայացնելը ևս պետք է իրավական գնահատականի արժանանա վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտը վիճարկելիս այն առումով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...), իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի շրջանակներում իրականացվող վարչարարությունում անձին օրենքով վերապահված իրավունքներից չօգտվելը կամ անբարեխղճորեն օգտվելը, որը կարող է անբարենպաստ հետևանքներ առաջացնել տվյալ անձի համար չի կարող մեկնաբանվել հօգուտ անբարեխղճություն ցուցաբերած անձի, եթե չի ապացուցվել այդ իրավունքներից օգտվելու անհնարինությունը կամ զրկված լինելը որևէ այլ ձևով:

i

Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշման արդյունքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը բոլոր դեպքերում ինքնաբերաբար դուրս մղվում Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման փաստը հիմնավորող ապացույցների շրջանակից, վարչական իրավախախտումների վերաբերյալ այն գործերով, որոնցով վարչական իրավախախտման փաստն արձանագրվել է ճանապարհային ոստիկանի կողմից:

Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի պետք է իրավական գնահատական տար նաև վարչական ակտում մեղմացուցիչ հանգամանքների առկայության կամ բացակայության հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումն անվավեր ճանաչելու վերաքննիչ վարչական դատարանի պատճառաբանությանը` քանի որ վերաքննիչ վարչական դատարանի վերլուծություններից չի երևում արդյո՞ք եղել են հանգամանքներ, որոնք կարող էին ազատել վարչական պատասխանատվությունից, կամ առաջացնել վարչական այլ տույժ նշանակելու հիմքեր: Հակառակ դեպքում ստացվում է, որ այդ հանգամանքների վերաբերյալ դատողություններն ու եզրահանգումներն արվել են առանց այդ հանգամանքների առկայության վերաբերյալ համապատասխան փաստարկների:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր բավարարման` դատական ակտը պետք է բեկանվեր և հայցը մերժվեր:

 

Դատավորներ Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Էդ. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.11.2021
N ՎԴ/6527/05/18
Որոշում