Սեղմել Esc փակելու համար:
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ...

 

 

040.0744.160708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2008 թվականի N 744-Ն

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հունիսի 19-ի

N 744-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն (այսուհետ` աերոնավիգացիոն սպասարկում) իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում ու աերոդրոմներում քաղաքացիական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնող կազմակերպությունների և մարմիններին (այսուհետ` կազմակերպություն) թույլտվություն տալու գործընթացը:

(1-ին կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում սույն կարգի օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնում է սույն կարգով թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստացած կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում նշված սպասարկումը կարող են իրականացնել թույլտվություն ստացած այլ կազմակերպություններ: Հայաստանի Հանրապետության օդային տարածքում և դրա առանձին մասերում աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացվում է նշված գործունեությունն իրականացնելու համար թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից:

(3-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

4. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին Հայաստանի Հանրապետության մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների համապատասխանության ապահովումն է` այդ ծառայությունները մատուցողի գործունեության համապատասխանության գնահատման ու վերահսկողության միջոցով:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

5. Սույն կարգի իմաստով կազմակերպությանը թույլտվություն տալը համարվում է գործառույթ, որի ընթացքում տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում է կազմակերպության և դրա կողմից իրականացվող գործառույթների համապատասխանությունը սույն կարգում ներկայացվող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) հավելվածներով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ձեռնարկներով սահմանված չափանիշներին ու ստանդարտներին:

(5-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

6. Թույլտվություն ստանալու համար կազմակերպությունն ապահովում է մատուցվող ծառայությունների անվտանգությունը, արդյունավետությունն ու անընդհատությունը` օդային երթևեկության առկա և կանխատեսվող ինտենսիվությանը համապատասխան: Թույլտվություն ստանալու նպատակով կազմակերպությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` կոմիտե) է ներկայացնում հայտ` համաձայն N 1 ձևի: Հայտին կից ներկայացվում են`

1) կազմակերպության պետական գրանցման համարը.

2) կազմակերպության կառուցվածքը, գործունեության միջնաժամկետ ռազմավարական և գալիք տարվա ծրագրերը: Գալիք տարվա գործունեության ծրագրում պետք է ներառված լինեն տեղեկություններ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.

3) տեղեկատվություն աշխատողների թվի ու նրանց մասնագիտական պատրաստվածության մասին.

4) կազմակերպությունում թռիչքների անվտանգության ապահովման ընթացակարգերը.

5) ավիացիոն անվտանգության ապահովման ընթացակարգերը.

6) ըստ գործառույթների տեսակների` կազմակերպության ներքին կանոնակարգերը, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կատարման, աշխատողների տեղեկացվածության ապահովման ընթացակարգերը.

7) որակի կառավարման համակարգի կիրառումն ապահովող ընթացակարգերը և որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի (սերտիֆիկատների) պատճենները.

8) կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների ամբողջականության կամ անընդհատության վրա հնարավոր ներազդեցություն ունեցող իրավիճակներում գործունեության վթարային պլանը.

9) ըստ գործառույթների տեսակների` սույն կարգի դրույթներով սահմանված փաստաթղթեր ու տեղեկատվություն.

10) անկախ աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.

11) ըստ գործառույթների տեսակների տեխնիկական միջոցների ցանկը:

(6-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն, 25.08.11 թիվ 1246-Ն, 16.05.13 թիվ 511-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

7. Աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացնող կազմակերպությունը, ի լրումն սույն կարգի 6-րդ կետի 1-11-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օդերևութաբանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից տրված նշանակումն օդերևութաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ:

(7-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

8. Կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացն իրականացվում է կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` խումբ) կողմից հայտը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում` յուրաքանչյուր գործառույթի տեսակի համար կազմակերպության մասնագիտական և տեխնիկական համապատասխանության տեսական և գործնական ուսումնասիրությունների միջոցով: Տեսական և գործնական ուսումնասիրություններն իրականացվում են կոմիտեի նախագահի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով, որոնք պարտադիր են խմբի համար:

(8-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն, 16.05.13 թիվ 511-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

9. ՈՒսումնասիրությունների արդյունքները և կազմակերպությանը թույլտվություն տալու վերաբերյալ եզրակացությունը խմբի կողմից` արձանագրության ձևով ներկայացվում են կոմիտեի նախագահին:

10. Եթե ուսումնասիրությունների արդյունքում խմբի կողմից արձանագրվում է, որ կազմակերպությունը համապատասխանում է սույն կարգի 5-րդ կետում ներկայացված փաստաթղթերով սահմանված չափանիշերին և ստանդարտներին, ապա կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով կազմակերպությանը տրվում է թույլտվություն` համաձայն N 2 ձևի: Կազմակերպությանը տրվում է թույլտվության բնօրինակը: Թույլտվության պատճենը պահվում է կոմիտեում:

11. Եթե ուսումնասիրությունների արդյունքում խմբի կողմից արձանագրվում են անհամապատասխանություններ սույն կարգի 5-րդ կետում ներկայացված փաստաթղթերով սահմանված չափանիշներին և ստանդարտներին, ապա կոմիտեն սահմանում է 30-օրյա ժամկետ` յուրաքանչյուր գործառույթի տեսակի համար` դրանց վերացման նպատակով:

(11-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված անհամապատասխանությունները սահմանված ժամկետում վերացնելուց հետո կազմակերպությունը կարող է դիմել կոմիտեին` կրկնակի ուսումնասիրություններ իրականացնելու համար:

13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված պայմանի չապահովման դեպքում հայտը մերժվում է:

14. Կազմակերպությանը թույլտվությունը տրվում է անժամկետ:

15. Կազմակերպության կողմից գործունեության դադարեցման դեպքում թույլտվության բնօրինակը վերադարձվում է կոմիտե:

16. Թույլտվություն ստացած կազմակերպությունը տեղեկացնում է կոմիտեն իր կողմից մատուցվող ծառայություններում նախատեսվող այնպիսի փոփոխությունների մասին, որոնք կարող են ներազդել սույն կարգի պահանջներին նրա համապատասխանության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների վրա:

17. Թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխություններն իրականացվում են սույն կարգի IX գլխի պահանջներին համապատասխան:

(17-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

 

III. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

18. Օդային երթևեկության կազմակերպման (այսուհետ` ՕԵԿ) գործառույթների ապահովման մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`

1) ՕԵԿ-ի գործընթացում թռիչքների անվտանգության կառավարման համակարգի կիրառման ընթացակարգերը` համաձայն կոմիտեի կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման պահանջներին.

2) ՕԵԿ-ի կարգավարական կետերի տեխնիկական հագեցվածությունն ըստ կարգավարների աշխատանքային տեղերի, սպասարկման տարածքը, վերահսկողության, դիտարկման և կապի միջոցների ցանկը.

3) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կոմիտեի կողմից տրված կամ ուժ ստացած ՕԵԿ-ի կարգավարների ատեստավորման վկայականների պատճենները և նրանց հաստիքացուցակը.

4) աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողի հետ կնքված համաձայնագրերի պատճենները.

5) ՕԵԿ-ի գործընթացում կիրառվող ընթացակարգերը սահմանող ձեռնարկները և տեղական հրահանգները:

(18-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

19. ՕԵԿ-ի տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) ՕԵԿ-ի կարգավարական անձնակազմի համալրվածությունն ըստ աշխատատեղերի` ելնելով մատուցվող օդային երթևեկության կարգավարական սպասարկման ծառայությունների տեսակներից և ինտենսիվությունից.

2) ՕԵԿ-ի կարգավարների ատեստավորման, մասնագիտական համապատասխանության ապահովման և պահպանման ընթացակարգերը` համաձայն կոմիտեի կողմից սահմանված օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման պահանջների.

3) ՕԵԿ-ի կարգավարական կետերի տեխնիկական հագեցվածությունը. վերահսկողության, դիտարկման և կապի միջոցների ցանկը, դրանց քանակական և որակական համապատասխանությունը կոմիտեի կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման չափորոշիչներին.

4) ՕԵԿ-ի գործընթացում կիրառվող կարգերը, ընթացակարգերը սահմանող ձեռնարկները և տեղական հրահանգները` համաձայն սույն կարգի 128-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների.

5) ՕԵԿ իրականացնող այլ կազմակերպությունների` այդ թվում հարևան պետությունների և թռիչքների աերոնավիգացիոն ու աերոդրոմային սպասարկումներ ապահովող կազմակերպությունների (մարմինների) հետ կնքված փոխհամագործակցության համաձայնագրերը թռիչքատեղեկատվական հաղորդագրությունների տրամադրման ապահովման վերաբերյալ.

6) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:

(19-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

20. ՕԵԿ-ի գործնական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացված տեխնիկական միջոցների շահագործողական վիճակը և համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված չափանիշներին.

2) ՕԵԿ-ի անխափան էներգամատակարարման համակարգը.

3) ՕԵԿ-ի կարգավարների աշխատանքային և հանգստի պայմանները:

(20-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

 

IV. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Աերոնավիգացիոն կապի և դիտարկման (այսուհետ` ռադիոտեխնիկական ապահովման) գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`

1) ռադիոտեխնիկական ապահովման գործընթացում թռիչքների անվտանգության կառավարման համակարգի կիրառման ընթացակարգերը` համաձայն սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների.

2) նավիգացիոն, ավիացիոն էլեկտրակապի (շարժական և ֆիքսված) և դիտարկման (ռադիոլոկացիոն և բազմադիրքային) միջոցների (այսուհետ` միջոցներ), ինչպես նաև դիտարկման տվյալների մշակման ու արտապատկերման համակարգերի (այսուհետ` համակարգեր) ցանկը և դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` համաձայն սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացվող չափորոշիչների.

3) կիրառվող ռադիոհաճախականությունների ցանկը.

4) միջոցների թռիչքային և վերգետնյա ստուգումների արձանագրությունները (ակտերը).

5) անխափան էներգամատակարարման ապահովման միջոցառումները.

6) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:

(21-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

22. Ռադիոտեխնիկական ապահովման գործառույթների տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) միջոցների և համակարգերի քանակական ու որակական համապատասխանությունը կոմիտեի կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգում ներկայացվող չափորոշիչներին.

2) միջոցների և համակարգերի աշխատանքային ռեսուրսների համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված նորմերին կամ դրանց երկարաձգման հիմքերը.

3) միջոցների և համակարգերի շահագործողական փաստաթղթերի (տեխնիկական անձնագրեր, տեղեկաքարտեր) վարման ընթացակարգը.

4) ռադիոտեխնիկական ապահովման նպատակով օգտագործվող ռադիոհաճախականությունների համաձայնեցման և գրանցման ընթացակարգերի համապատասխանությունը սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացվող չափորոշիչներին.

5) միջոցների և համակարգերի անխափան էներգամատակարարման սխեմաները և դրա ապահովման միջոցառումները.

6) ռադիոտեխնիկական ապահովման նպատակով ընդունված ու կիրառվող կանոնակարգերը` ուղղված Չիկագոյի կոնվենցիայի N 10 հավելվածով և արտադրողի կողմից սահմանված միջոցների ու համակարգերի շահագործողատեխնիկական ցուցանիշների ապահովմանը.

7) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները.

8) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:

(22-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

23. Համաձայն կոմիտեի հարցման` հայտատուն ներկայացնում է տեղեկություններ միջոցների և համակարգերի շահագործումն ու տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողների հաստիքացուցակների և մասնագիտական պատրաստվածության ապահովման ու պահպանման միջոցառումների մասին:

24. Ռադիոտեխնիկական ապահովման գործառույթների գործնական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) միջոցների և համակարգերի, ինչպես նաև էներգաաղբյուրների (տրանսֆորմատորային ենթակայաններ, դիզել-ագրեգատներ, կուտակիչներ) տեխնիկական վիճակը և ելքային ցուցանիշները (լարումներ, հզորություններ, հաճախականություններ).

2) միջոցների և համակարգերի էներգասնուցման ընդհատումների ու էներգաաղբյուրների (հիմնական և պահուստային) ավտոմատ փոխարկումների թույլատրելի առավելագույն տևողությունների համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 10 հավելվածով սահմանված չափանիշներին.

3) միջոցների և համակարգերի ապահովվածությունը պահուստային մասերով և հանգույցներով.

4) միջոցների և համակարգերի համար նախատեսված շենք-շինությունների, օբյեկտների կամ կառույցների շահագործողական, ինչպես նաև շահագործող և սպասարկող անձնակազմերի աշխատանքային ու հանգստի պայմանները և դրանց համապատասխանությունն ԻԿԱՕ-ի N 9426 (Դոկ. 9426) ձեռնարկով սահմանված պահանջներին.

5) աերոդրոմում և դրա շրջանում տեղադրված միջոցների և դրանց համար նախատեսված կառույցների ցերեկային ու գիշերային մականշումների համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 14 հավելվածով սահմանված պահանջներին:

(24-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

 

V. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

 

25. Սույն կարգի իմաստով աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում (այսուհետ` ԱՕԱ) է համարվում աերոդրոմներում և օդային երթուղիներում հետևյալ գործառույթների իրականացումը`

1) օդերևութաբանական դիտումներ, ամփոփագրերի կազմում ու տրամադրում, ավիացիոն կլիմատոլոգիական տեղեկատվության տրամադրում.

2) եղանակի կանխատեսումների կազմում և տրամադրում

3) գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնից քարտեզների ստացում և տրամադրում:

4) օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերից տեղեկատվությունների ստացում և տրամադրում:

(25-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

26. ԱՕԱ-ի գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`

1) ԱՕԱ-ի կազմակերպության կառուցվածքը.

2) օդերևութաբանական և դիտարկման միջոցների, ինչպես նաև դիտարկման տվյալների մշակման ու արտապատկերման համակարգերի ցանկը և դրանց որակական համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներին իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողի հետ կնքված համաձայնագրերի պատճենները.

4) ԱՕԱ-ի գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերը.

5) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:

(26-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

27. ԱՕԱ իրականացնող կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացի շրջանակներում խմբի կողմից տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում են կազմակերպության կառուցվածքի, սարքավորումների, միջոցների և ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 383-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգին:

(27-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

 

VI. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

28. Սույն կարգի իմաստով աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն է համարվում աերոնավիգացիոն տեղեկատվական հոսքերի ապահովումը` թռիչքների անվտանգության և կանոնավորության ապահովման, ինչպես նաև օդային նավիգացիայի արդյունավետության բարձրացման նպատակով:

(28-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

29. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացնում են`

1) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության կառուցվածքի նկարագրությունը.

2) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնող աշխատողների մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության տեղեկատվական, տեխնիկական միջոցների, ինչպես նաև ծրագրային ապահովման համակարգերի ցանկերը.

4) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործունեությունը կանոնակարգող կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները և տեղական հրահանգները.

5) Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուն:

(29-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

30. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործառույթների տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության կառուցվածքի համապատասխանությունը կոմիտեի կողմից սահմանված աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման պահանջներին.

2) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնող աշխատողների մասնագիտական պատրաստվածության ապահովումը և դրան ուղղված միջոցառումները.

3) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործառույթները կանոնակարգող կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները և տեղական հրահանգները.

4) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններից օգտվողների և տեղեկատվություն տրամադրողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները.

5) թռիչքների անվտանգության և որակի կառավարման համակարգերը:

(30-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

31. Աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման գործնական ուսումնասիրություններն իրականացվում են սույն կարգի 30-րդ կետ 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան, որի շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) միասնական աերոնավիգացիոն փաթեթի համալրվածությունը.

2) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման կառուցվածքային ստորաբաժանումների հագեցվածությունը կապի (հաղորդումների ապահովման) և տեխնիկական (կազմակերպչական) միջոցներով.

3) բրիֆինգ օֆիսի թռիչքային անձնակազմերի սպասարկման պայմանները:

 

VII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(VII գլուխը լրաց. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

 

32. (32-րդ կետն ուժը կորցրել է 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

33. Թույլտվություն ստացած կազմակերպությունների անվտանգության վերահսկողությունը կրում է շարունակական բնույթ և իրականացվում է երկու հիմնական ուղղություններով`

1) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, ինչպես նաև աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, ծառայությունների մատուցման անվտանգության մոնիթորինգ.

2) թռիչքների անվտանգության ապահովման նպատակով սահմանված կանոնակարգերի պահանջների և դրանց կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացման ուսումնասիրություն (այսուհետ` աուդիտ):

(33-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

34. Մոնիթորինգը կատարվում է կոմիտեում թռիչքների անվտանգությանն առնչվող զեկույցների հավաքագրմամբ, դրանց ուսումնասիրությամբ, համեմատությամբ նախորդ տարիների մոնիթորինգների արդյունքների հետ: Թռիչքների անվտանգությանն առնչվող զեկույցները ներկայացվում են կոմիտե թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից` կոմիտեի նախագահի կողմից սահմանված կանոնակարգով և ձևաչափով:

(34-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

35. Մոնիթորինգի ընթացքում որոշվում են թռիչքների անվտանգության ապահովման համար աուդիտի առաջնահերթ խնդիրները:

36. Մոնիթորինգի արդյունքների հիման վրա կոմիտեում մշակվում են աուդիտի տարեկան ծրագրեր և սահմանվում են օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, ինչպես նաև աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման գործընթացը կարգավորող ուղեցույցներ:

(36-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

 

VIII. ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

(VIII գլուխը լրաց. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

 

37. Կազմակերպության աուդիտն իրականացվում է տարեկան ծրագրերի հիման վրա`

1) աուդիտի տարեկան ծրագիրը և այն իրականացնող մասնագետների ցանկը հաստատվում են կոմիտեի նախագահ հրամանով.

2) աուդիտն իրականացվում է կոմիտեի նախագահի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով.

3) աուդիտի տարեկան ծրագիրը կազմում են այնպես, որպեսզի երկու տարեկան աուդիտների ընթացքում հնարավոր լինի իրականացնել կազմակերպության ամբողջական աուդիտը.

4) աուդիտի գործընթացում ընդգրկված մասնագետները պետք է ունենան թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման բնագավառի անհրաժեշտ գիտելիքներ, աուդիտ իրականացնելու փորձ ու ունակություններ և կատարեն աուդիտի արդյունքների մասնագիտական գնահատում:

(37-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

38. Աուդիտն իրականացվում է`

1) կազմակերպության համապատասխանությունը կարգի 1-ին բաժնով սահմանված կարգով կոմիտեի կողմից տրված թույլտվության պայմաններն ուսումնասիրելու նպատակով.

2) կոմիտեի կողմից կազմակերպության կասեցված թույլտվության վերականգնման նպատակով.

3) կոմիտեի կողմից կազմակերպությանը տրված դիտարկման գործընթացը կարգավորող ուղեցույցների ներդրման և կիրառման նպատակով:

39. Աուդիտի ընթացքում ուսումնասիրվում են`

1) կազմակերպության կարգավարական և տեխնիկական անձնակազմերի համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 1 հավելվածի պահանջներին` ՕԵԿ-ի կարգավարների վկայականների առկայությունը, ուժի մեջ լինելը, բժշկական զննման արդյունքները, անգլերեն լեզվի մակարդակը հավաստող վկայականները և վարժանքների անցկացումը.

2) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերը և դրանց մեջ իրականացվող փոփոխությունների ընթացակարգերը.

3) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման միջոցների շահագործողական ցուցանիշները.

4) աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման գործընթացը.

5) կազմակերպության տարեկան կանոնավոր ֆինանսական աուդիտի ենթարկման գործընթացը (կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքների հիման վրա անկախ աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված եզրակացության առկայությունը):

(39-րդ կետը փոփ. 16.05.13 թիվ 511-Ն, 23.02.2022 թիվ 203-Ն որոշումներ)

40. Աուդիտի ընթացքում լրացված հարցաթերթերի հիման վրա կազմվում է հաշվետվություն և ներկայացվում կոմիտեի նախագահին:

41. Հաշվետվությունում ներառվում են հետևյալ տվյալները`

1) աուդիտի անցկացման տարեթիվը.

2) ներգրավված մասնագետները.

3) տվյալ աուդիտի նպատակները և ընդգրկման ծավալները.

4) նախորդ աուդիտից հետո անցած ժամանակահատվածում թերությունների վերացման ուղղությամբ իրականացված գործողությունները.

5) աուդիտի անցկացման ժամանակացույցը.

6) ուսումնասիրված փաստաթղթերի ցանկը.

7) հայտնաբերված անհամապատասխանությունները (Level 2 findings) և դրանց առկայությունը հավաստող մանրամասները.

8) իրավիճակի գնահատականը:

(41-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

42. Աուդիտի ընթացքում թռիչքների անվտանգությանն սպառնացող թերությունների (Level 1 findings) ի հայտ գալու դեպքում, դրանց մասին, մինչև հաշվետվություն ներկայացնելը, աուդիտն իրականացնող մասնագետների կողմից անմիջապես գրավոր կամ բանավոր եղանակով տեղեկացվում է կոմիտեի նախագահին և 2 աշխատանքային օրվա ընթացքում մշակվում թռիչքների անվտանգության ուղեցույցներ:

(42-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

43. Թռիչքների անվտանգության ուղեցույցներն ընդգրկում են`

1) ի հայտ բերված թերությունները, որոնք սպառնում են թռիչքների անվտանգությանը.

2) այն համակարգերը, որոնց վրա ի հայտ բերված թերությունը կարող է բացասական ազդել.

3) թերությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունները և դրանց կատարման ժամկետները:

44. Թռիչքների անվտանգության ուղեցույցները հաստատվում են կոմիտեի նախագահի կողմից` համապատասխան հրամանով:

45. Աուդիտի հաշվետվությունները կոմիտեն ներկայացնում է աուդիտ իրականացրած կազմակերպությանը` այն կազմելուց հետո 5-օրյա ժամկետում`

1) աուդիտի ընթացքում ի հայտ բերված թերությունների առկայության դեպքում կազմակերպությունը մշակում է դրանց վերացման միջոցառումների ժամանակացույց և ներկայացնում կոմիտե.

2) կոմիտեն կարող է իրականացնել լրացուցիչ աուդիտ` թերությունների վերացման նպատակով:

 

IX. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

(IX գլուխը լրաց. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

 

46. Թույլտվություն ստացած կազմակերպությունը սույն կարգի 47-րդ կետի համաձայն տեղեկացնում է կոմիտեին թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների մասին, որոնք նախատեսում է իրականացնել իր համակարգերում:

(46-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

47. Օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների իրականացման ընթացակարգը համաձայնեցվում է կոմիտեի հետ:

48. Թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունները, որոնք իրականացվում են աերոնավիգացիոն սպասարկման համակարգերում, դասակարգվում են երկու դասերի` նշանակալի և ոչ նշանակալի`

1) կարգի իմաստով նշանակալի փոփոխություններ են համարվում այն փոփոխությունները, որոնց անվտանգության գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ դրանք կարող են հանգեցնել ավիացիոն պատահարի կամ լուրջ միջադեպի, ինչպես նաև անհրաժեշտություն առաջացնել օդանավերի շահագործողական նոր ստանդարտների ներդրմանը, այլ փոփոխությունները համարվում են ոչ նշանակալի.

2) ոչ նշանակալի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ` դրանց ներդրումից առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը, կազմակերպության կողմից ներկայացվում է կոմիտե: Եթե ուսումնասիրության արդյունքում կոմիտեն արձանագրում է, որ կազմակերպության կողմից ներկայացված ոչ նշանակալի փոփոխությունը կարող է հանգեցնել սույն կետի 1-ին ենթակետում նշված հետևանքներին, ապա դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը:

(48-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

49. Նշանակալի փոփոխությունների ներդրման նպատակով կազմակերպությունը կոմիտե է ներկայացնում հայտ, որում ներառվում են տեղեկատվություն անվտանգության մակարդակի ապահովման մասին, փոփոխությունների ներդրումից առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումները: Հայտն ուսումնասիրվում է կոմիտեի կողմից, որի վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման մասին: Որոշման ընդունումից հետո կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է կազմակերպությանը` չընդունման դեպքում նշելով որոշման հիմնավորումները:

(49-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

 

X. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(X գլուխը լրաց. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

 

50. Յուրաքանչյուր տարվա վերջին կարգի 7-րդ և 8-րդ գլուխների համաձայն կատարված վերահսկողությունների արդյունքների հիման վրա կոմիտեի կողմից մշակվում է թռիչքների անվտանգության մասին հաշվետվություն, որը հրապարակվում է կոմիտեի էլեկտրոնային կայքի միջոցով:

(50-րդ կետը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

51. (51-րդ կետն ուժը կորցրել է 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

52. (52-րդ կետն ուժը կորցրել է 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության առընթեր

քաղաքացիական ավիացիայի

կոմիտեի նախագահ

_____________________________

                                            (ղեկավարի անունը, ազգանունը)

 

ՀԱՅՏ

 

Խնդրում եմ ______________________________________ տալ թույլտվություն`

(կազմակերպության (մարմնի) անվանումը) _________________________________________________ իրականացնելու համար:

(կարգով սահմանված գործառույթի տեսակը)

 

Սահմանված կարգի համաձայն` կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Ղեկավար __________________  ___________________

            (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

(հայտը ներկայացվում է կազմակերպության

(մարմնի) ձևաթղթի վրա)

(1-ին ձևը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

 

._________________________________________________________________________.

|                                                         Ձև  N 2         |

|                                                                         |

|                 (Հայաստանի Հանրապետության զինանշանը)                    |

|                                                                         |

|                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                     ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ                       |

|                                                                         |

|     ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՌՄԵՆԻՅԱ                 GENERAL DEPARTMENT             |

|     ԳԼԱՎՆՕԵ ՈՒՊՌԱՎԼԵՆԻԵ                  OF CIVIL AVIATION              |

|     ԳՌԱԺԴԱՆՍԿՕՅ ԱՎԻԱՑԻԻ                  REPUBLIC OF ARMENIA            |

|                                                                         |

|     ՌԱԶՐԵՇԵՆԻԵ         ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ______     PERMIT               |

|                                                                         |

|                      Սույնով հավաստիացվում է, որ                        |

|                    Նաստօյաշիմ ուդօստօվերյաետսյա, շտօ                    |

|                          This certifies that                            |

|                                                                         |

|                 ____________________________________                    |

|                 (կազմակերպության (մարմնի) անվանումը)                    |

|                   _________________________________                     |

|                    (նազվանիե օռգանիզացիի (օռգանա))                      |

|                    ______________________________                       |

|                     (Name of Organization (Body))                       |

|                                                                         |

|սվօեյ պռօֆեսսիօնայլնօյ     մասնագիտական և  տեխնիկական     professional   |

|պօդգօտօվկօյ ասնաշեննօստյու պատրաստականությունը            and technical  |

|սօօտվեստվուետ տրեբօվանիամ, համապատասխանում է Հայաստանի    abilities      |

|ուստանօվլեննիմի            Հանրապետության օրենսդրությամբ  comply with the|

|զակօնօդատելստվօմ           և  «Միջազգային քաղաքացիական    requirements,  |

|Ռեսպուբլիկի Առմենիյա ի     ավիացիայի մասին» կոնվենցիայով  established by |

|պօլօժենիյամ Կոնվենցիի օ    սահմանված չափանիշներին և  այն  the legislation|

|մեժդունառօդնօյ գռաժդանսկօյ կարող է իրականացնել            of the Republic|

|ավիացիի ի օնա մօժետ        ____________________________:  of Armenia and |

|ասուշեստվլյատ                (կարգով սահմանված            with the       |

|________________________.   գործառույթի տեսակը)           regulations of |

|Նաստօյաշեե Ռազրեշենիե                                     Convention on  |

|վիդանօ բեսսռօչնօ ի նե      Սույն թույլտվությունը տրված է  International  |

|պօդլեժիտ պերեդաչե          անժամկետ և  ենթակա չէ          Civil Aviation |

|                           փոխանցման:                     and is able to |

|կոմիտեի նախագահ                 _________________         realize        |

|Նաչալնիկ Գլավնօգօ               (ստորագրությունը)         ______________.|

|ուպռավլենիյա               _________________________                     |

|Director General              (ազգանունը, անունը,         This Permit is |

|                                   հայրանունը)            valid without  |

|                                                          time limit and |

|                                                          is not         |

|                                                          transferable.  |

|                                                                         |

|                                                                     թ.  |

|                                           (Կ.Տ.)  _____ ______20__  գ.  |

|                                                                     y.  |

._________________________________________________________________________.

 

(2-րդ ձևը փոփ. 29.01.10 թիվ 70-Ն որոշում)

 

(հավելվածը փոփ. 23.02.2022 թիվ 203-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.06.2008
N 744-Ն
Որոշում