Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 փետրվարի 2022 թվականի N 10-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանի`

i

1) Նախաբանից հանել ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի» բառերը,

i

2) վերնագրում և 1-ին կետում «Ուսումնական հաստատության» բառերը փոխարինել «Հանրակրթական ուսումնական հաստատության» բառերով,

3) 3-րդ և 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

i

4) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ մինչև հավելվածի`

1) 20-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջի ուժի մեջ մտնելը Բնագիտության («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ` սովորողի ընտրությամբ) ավարտական քննությունը անցկացվելու է գրավոր,

2) 59-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը մանկավարժական խորհրդում քննարկել ուսումնական տարվա ընթացքում սովորողի` դասերից 120-200 ժամ բացակայած լինելու դեպքում,

3) 60-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ,

4) 62-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 2-11-րդ դասարաններում որևէ կիսամյակում և 12-րդ դասարանի առաջին կիսամյակում 120-200 ժամ բացակայած սովորողների կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Տվյալ կիսամյակի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների թեմաներն ընտրվում են տվյալ կիսամյակի ուսումնական նյութերից,

5) 63-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը ուսումնական տարվա ընթացքում 2-11-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայած սովորողների բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են տվյալ ուսումնական տարվա երկու կիսամյակների ուսումնական նյութը ներառող լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` համաձայն հավելվածի,

6) 64-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա,

7) 65-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 2-11-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայած սովորողները տվյալ ուսումնական տարվա բացակայությունների ամփոփումից մինչև ուսումնական պարապմունքների ավարտն ընկած ժամանակահատվածում լրացուցիչ քննություններ են հանձնում «Մայրենի» (ազգային փոքրամասնությունների դասարանների համար` «Մայրենի լեզու և գրականություն», «Ասորերեն», «Ռուսաց լեզու»), «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք,

8) 66-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 12-րդ դասարանի առաջին կիսամյակում 120-200 ժամ բացակայած սովորողը մինչև հունվար ամսին անցկացվող պետական ավարտական քննությունների սկիզբը լրացուցիչ քննություններ է հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք,

9) 67-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում 120-200 ժամ բացակայած սովորողը լրացուցիչ քննություններ հանձնում է այն առարկաներից, որոնք ընտրել է,

10) 68-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 2-8-րդ, 10-11-րդ, ինչպես նաև 19 տարին չլրացած 9-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայած սովորողները չեն փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

11) 69-րդ կետի պահանջի ուժի մեջ մտնելը 12-րդ դասարանում 200 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողները դուրս են մնում Հաստատությունից:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն հրամանի հավելվածի 59-60-րդ, 62-69-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

-----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 4-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ այն վերաբերվում է

ոչ թե սույն որոշմանն, այլ 2012 թվականի մայիսի 3-ի թիվ 388-Ն

հրամանին: Այս իսկ պատճառով 4-րդ կետի բովանդակոթւյունը

պետք է տեղ գտներ նշված որոշման մեջ:

-----------------------------------------------------------------------

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թ. փետրվարի 25-ի

N 10-Ն հրամանի

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2012 թ. մայիսի 3-ի

N 388-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների (այսուհետ` սովորող) կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) գերազանցության մեդալի հավակնորդների ներկայացման, մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպման և պարգևատրման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով:

3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա` ուսուցչի կողմից:

4. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան փոխադրական քննությունների միջոցով, որոնք անցկացվում են գրավոր կամ բանավոր` Հաստատության հայեցողությամբ և սահմանած ժամանակացույցի համաձայն: Քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից: Փոխադրական քննությունները գնահատվում են`

1) գրավորը` 20 միավորային համակարգում,

2) բանավորը` 10 միավորային համակարգում:

5. Փոխադրական գրավոր քննությունները 8-20 (բանավորի դեպքում` 4-10) միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Փոխադրական գրավոր քննությունները 1-7 (բանավորի դեպքում` 1-3) միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

6. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:

7. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 4-10 միավոր և ավարտական բոլոր քննություններից 4-10 (բանավորի դեպքում) և 8-20 (գրավորի դեպքում) միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:

8. 12-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) հունվար կամ հունիս ամիսներին ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:

9. Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, կարող են չմասնակցել գիտելիքների ստուգմանը (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններին: Այդ դեպքում նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

10. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները` ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: Տարեկան գնահատականները որոշվում են կիսամյակային գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:

11. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

12. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների` նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 (բանավորի դեպքում) կամ 18-20 (գրավորի դեպքում), 4-րդ դասարանում տարեկան և գիտելիքների ստուգումից 9-10, 9-րդ և 12-րդ դասարաններում տարեկան 9-10, ավարտական, պետական ավարտական քննություններից 9-10 (բանավորի դեպքում) կամ 18-20 (գրավորի դեպքում) միավոր գնահատված սովորողները պարգևատրվում են Նախարարության գովասանագրով:

13. 8-րդ և 9-րդ դասարանների ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 (գրավորի դեպքում) միավոր գնահատված սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,

2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

3) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

 

III. ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. 4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում` «Մայրենի» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների համար` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից:

15. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով:

16. 4-րդ դասարանի` տարեկան 1-3 կամ գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված լինելու կամ գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքերում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, սովորողը հանձնում է վերաքննություն` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` Հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:

17. Գիտելիքների ստուգման ենթակա առարկայից տարեկան 1-3 գնահատված լինելու դեպքում` սովորողը չի մասնակցում տվյալ առարկայից գիտելիքների ստուգմանը:

18. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում նաև գիտելիքների ստուգման ենթակա առարկաներից գնահատականներ նշանակելու համար:

19. 4-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի ընդհանուր թիվը չորս և ավելի է,

2) չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:

20. 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

1) Հայոց լեզու (կենտրոնացված` գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից հաստատված քննական կենտրոնում, գրավոր): Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորողները քննություններ հանձնում են իրենց Հաստատություններում` սույն կարգի պահանջներին համապատասխան` պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց Հաստատությունում կամ կենտրոնացված` ըստ սովորողների, անհրաժեշտության դեպքում ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) ընտրության` իրենց կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովմամբ,

2) Մաթեմատիկա (կենտրոնացված` ԳԹԿ-ի կողմից հաստատված քննական կենտրոնում, գրավոր): Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորողները քննություններ հանձնում են իրենց Հաստատություններում` սույն կարգի պահանջներին համապատասխան` պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց Հաստատությունում կամ կենտրոնացված` ըստ սովորողների, անհրաժեշտության դեպքում ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) ընտրության` իրենց կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովմամբ,

3) Գրականություն (բանավոր),

4) Օտար լեզու (Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, այլ լեզուներ` սովորողի ընտրությամբ, բանավոր),

5) Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ` սովորողի ընտրությամբ) 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` լաբորատոր փորձերի հիման վրա` բանավոր:

6) Հայոց պատմություն (բանավոր),

7) Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում),

8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

21. Բանավոր քննությունները կարող են կազմակերպվել երկու և ավելի օրերի ընթացքում` կախված Հաստատության սովորողների թվից:

22. Սույն կարգի 20-րդ կետի 3-8-րդ կետերով սահմանված առարկաների քննությունները սովորողները հանձնում են իրենց Հաստատությունում:

23. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Ռուս գրականություն» առարկայի, իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

24. «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ` 10 միավորային համակարգում:

25. 9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-3 (բանավորի դեպքում) կամ 1-7 (գրավորի դեպքում) միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց առավելագույն թիվը չորսն է, վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում (բացառությամբ սույն կարգի 20-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված քննական առարկաների) հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 22-24-րդ և 33-րդ կետերի պահանջներին համապատասխան:

26. Սույն կարգի 20-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված առարկաների վերաքննությունները անցկացվում են կենտրոնացված` Նախարարի կողմից հաստատված քննական կենտրոններում:

27. 9-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-3 (բանավորի դեպքում) կամ 1-7 (գրավորի դեպքում) միավոր:

28. 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

1) Հայոց լեզու և հայ գրականություն (գրավոր)

2) Մաթեմատիկա (գրավոր),

3) Հայոց պատմություն (գրավոր),

4) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

29. Եթե 12-րդ դասարանի սովորողը առողջական խնդրի պատճառով հունվար ամսին չի ներկայացել պետական ավարտական որևէ քննության, ապա տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:

30. Հունվար ամսին պետական ավարտական որևէ քննությունից անբավարար գնահատվելու դեպքում 12-րդ դասարանի սովորողը տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:

31. Պետական ավարտական որևէ քննական առարկայից անբավարար գնահատված լինելու կամ քննությանը չներկայանալու դեպքում 2-րդ կիսամյակում տվյալ առարկան տվյալ սովորողի համար դառնում է պարտադիր ուսումնասիրության առարկա:

32. Ռուսերենով ուսուցմամբ 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների «Մաթեմատիկա» և «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաների թեստերը կազմվում են ռուսերենով:

33. Ավարտական և պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից:

34. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի, ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից:

35. «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ` որևէ քննաշրջանի ընթացքում:

36. 12-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ հունիս ամսին նախատեսված քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են սույն կարգի 32-35-րդ կետերի պահանջներին համապատասխան:

37. 19 տարին չլրացած 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե չի ներկայացել վերաքննության կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-3 (բանավորի դեպքում) կամ 1-7 (գրավորի դեպքում) միավոր:

38. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հանրահաշիվ» կամ «Երկրաչափություն» կամ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկա» առարկայի ավարտական, պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

39. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

40. 9-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում չի մասնակցում «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ավարտական քննություններին և հանձնում է վերաքննություն` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

41. 12-րդ դասարանների սովորողը «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում չի մասնակցում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությանը և հանձնում է վերաքննություն` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

42. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

43. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ` ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Տվյալ դեպքում սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ավարտական, պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:

44. 19 տարին լրացած` առնվազն մեկ ուսումնական առարկայից տարեկան 1-3 կամ քննական 1-7 միավոր (գրավորի դեպքում) գնահատված (այդ թվում` վերաքննության արդյունքներով), ավարտական, պետական ավարտական քննություններին չմասնակցած 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները դուրս են մնում Հաստատությունից:

45. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված դեպքերում սովորողները, հաջորդ ուսումնական տարվանից սկսած, տարեկան 1-3 կամ քննական 1-7 միավոր (գրավորի դեպքում) գնահատված ուսումնական առարկայի(ների) քննությունը(ները) կարող են հանձնել դրսեկության (էքստեռն) ձևով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան, ստանալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:

46. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, Հաստատությունից դուրս մնալու, ավարտական, պետական ավարտական քննություններին չմասնակցելու կամ քննական որևէ առարկայից 1-7 (գրավորի դեպքում) միավոր (այդ թվում` վերաքննության արդյունքներով) գնահատված լինելու դեպքում իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

1) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց Հաստատությունում,

2) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց Հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

3) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

47. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել դրսեկության (էքստեռն) ձևով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան` 2-րդ քննաշրջանի ընթացքում: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

48. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում (այդ թվում` միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից) առավելագույնը 3 առարկայից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:

49. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում վերաքննության արդյունքում 1 կամ 2 առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` մինչև օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

50. Վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է 49-րդ կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:

51. Սույն կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմաններով փոխադրվող կամ սույն կարգով սահմանված վերաքննություններ հանձնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:

52. Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները` սովորողների փաստացի առարկայական գիտելիքների մասին, Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:

53. 2-9-րդ դասարանների սովորողները, ուսումնական տարվա առաջին կիսամյակում որևէ ուսումնական առարկայից 1-3 գնահատված լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով սահմանված հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի պահանջներին համապատասխան, ներգրավվում են տվյալ առարկայի պարապմունքներում` տվյալ առարկայից իրենց գնահատականը առնվազն չորս միավորի հասցնելու համար:

54. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին սովորողի ծնողին (նրա օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

55. 2-8-րդ, 10-12-րդ դասարանների չորս և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները (մինչև 19 տարին լրանալը) չեն փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

56. 9-րդ դասարանի հինգ և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողը (մինչև 19 տարին լրանալը) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

57. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը, ավարտական և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և Նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետների և անցկացման կարգի համաձայն:

 

IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

58. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:

59. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ սահմանված պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի պահանջներին համապատասխան` «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում (այսուհետ` էլեկտրոնային ենթահամակարգ) բացված հայտերի արդյունքում 2-12-րդ դասարանների սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:

60. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք էլեկտրոնային ենթահամակարգում հայտ(եր) ունեցող 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների, դրանց բնույթի վերաբերյալ:

61. 10-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը, մանկավարժական խորհրդի նիստում քննարկելուց հետո, Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն և ԳԹԿ:

62. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` 2-11-րդ դասարաններում որևէ կիսամյակում և 12-րդ դասարանի առաջին կիսամյակում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողների կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Տվյալ կիսամյակի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների թեմաներն ընտրվում են տվյալ կիսամյակի ուսումնական նյութերից:

63. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` 2-11-րդ դասարաններում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողների բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են տվյալ ուսումնական տարվա երկու կիսամյակների ուսումնական նյութը ներառող լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:

64. Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում ուսումնական տարվա ընթացքում բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողի հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:

65. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` 2-11-րդ դասարաններում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողները տվյալ ուսումնական տարվա բացակայությունների ամփոփումից մինչև ուսումնական պարապմունքների ավարտն ընկած ժամանակահատվածում լրացուցիչ քննություններ են հանձնում «Մայրենի» (ազգային փոքրամասնությունների դասարանների համար` «Մայրենի լեզու և գրականություն», «Ասորերեն», «Ռուսաց լեզու»), «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք:

66. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` 12-րդ դասարանի առաջին կիսամյակում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողի բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողը մինչև հունվար ամսին անցկացվող պետական ավարտական քննությունների սկիզբը լրացուցիչ քննություններ է հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք:

67. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողի բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ հանձնում է այն առարկաներից, որոնք ընտրել է:

68. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` 2-8-րդ, 10-11-րդ, ինչպես նաև 19 տարին չլրացած 9-րդ դասարաններում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողների բաց թողած դասերի ժամաքանակը 200-ից ավելի լինելու դեպքում սովորողները չեն փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

69. 2022-2023 ուսումնական տարվանից սկսած` 12-րդ դասարանում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողի բաց թողած դասերի ժամաքանակը 200-ից ավելի լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողները դուրս են մնում Հաստատությունից:

70. Բոլոր դասարանների քննական և ստուգողական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից:

71. Հաստատության տնօրենը հաստատում է սույն կարգի 65-րդ և 66-րդ կետերում նշված քննությունների ժամանակացույցը և տեղեկացնում Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):

72. Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:

 

V. ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

73. Մեդալի ներկայացվում է 9-րդ դասարանը հիմնական կրթության գերազանցության վկայականով ավարտած և 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան, իսկ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9 կամ 10 միավոր և (կամ) 18-20 միավոր գնահատված սովորողը:

74. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից չգնահատված սովորողը, որպես Մեդալի հավակնորդ, չի ներկայացվում, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,

2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական Հաստատությունների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

4) Հաստատությունում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

75. Մինչև ապրիլի 10-ը Մեդալի հավակնորդ սովորողների նախնական անվանացանկերը առաջին կիսամյակն ամփոփելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն (այսուհետ` Վարչություն), իսկ Նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների անվանացանկերը` Նախարարություն:

76. Մինչև մայիսի 10-ը մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը ստուգված ցուցակները ներկայացնում են Նախարարություն` կցելով հիմնավորող փաստաթղթերը (քաղվածք մանկավարժական խորհրդի որոշումից, տեղեկատվություն սովորողի` պետական ավարտական և միասնական քննությունների վերաբերյալ): Մեդալի հավակնորդների ներկայացված փաստաթղթերը Նախարարությունում ուսումնասիրվում են: Փաստաթղթերը սույն կարգի 73-րդ և 74-րդ կետերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում` Նախարարությունը գրավոր մերժում է Մեդալի հավակնորդ սովորողի քննություններին մասնակցելը:

 

VI. ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

77. Մեդալի հավակնորդ բոլոր սովորողները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից), այդ թվում` սույն կարգի 74-րդ կետի 1-4 ենթակետերի հիմքով քննություններին մասնակցող սովորողները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով` Նախարարության կողմից նախապես որոշված` մարզի (Երևան քաղաքի) որևէ Հաստատությունում` տվյալ քննության համար սահմանված օրերին:

78. Քննությունների նախապատրաստման համար պատասխանատու է քննական կենտրոնի ղեկավարը: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:

79. Առարկաները ոչ մրցութային լինելու դեպքում Մեդալի հավակնորդի համար հիմք է կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը:

80. Քննական աշխատանքները ստուգվում են Նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության օրը` ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

81. Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա», առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են միասնական քննության ավարտական մասի գնահատականի հիման վրա):

82. «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքը Մեդալի հավակնորդը հանձնում է իր Հաստատությունում:

83. Մեդալի հավակնորդ սովորողի, ինչպես նաև Հաստատության մյուս սովորողների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնն են:

84. Մինչև հունիսի 25-ը Հաստատությունը մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչություն է ներկայացնում տեղեկանք` Հաստատությունում «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքի արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում Նախարարություն: Նախարարության ենթակայության Հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարություն:

85. Պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր գնահատված և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած Մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են Մեդալով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 մարտի 2022 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
25.02.2022
N 10-Ն
Հրաման