Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ Մ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 25 փետրվարի 2022 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

ՀՀ կառավարության ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2105-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2021 թվականի դեկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վարկային համաձայնագիրը, Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) նպատակ է հետապնդում Վարկառուի ֆինանսական աջակցությամբ բարելավել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ցանցը և նվազեցնել օդի աղտոտվածությունը:

 

2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 6 հոդվածներից և երկու Հավելվածներից, որոնցից առաջինը նվիրված է Ծրագրի նկարագրությանը, երկրորդը` հատկացված վարկի ֆինանսական ծախսերի կատեգորիաներին և մասհանումներին: Երկրորդ Հավելվածն ունի ներդիր, որը սահմանում է կատեգորիաները, կատեգորիաներից յուրաքանչյուրին հատկացված վարկի գումարը և յուրաքանչյուր կատեգորիայի համար նախատեսված ծախսերի ֆինանսավորման տոկոսային արտահայտությունը:

 

3. Ըստ Համաձայնագրի` 2018 թվականի հոկտեմբերի 1-ի Ստանդարտ պայմանների բոլոր դրույթները ներառվում ու դառնում են կիրառելի Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին Համաձայնագրում (այդ դրույթներն այսուհետ` Ստանդարտ պայմաններ) (Բաժին 1.01):

Ըստ Համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` Բանկ) տրամադրել է 5 000 000 եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորում Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից` աջակցելու Հայաստանի Հանրապետությանը Ծրագրի իրականացման գործում, ինչը ենթակա է կարգավորման Բանկի, Հայաստանի Հանրապետության և Ծրագրի իրականացման կազմակերպության միջև կնքված համաձայնագրով նախատեսված պայմաններով (Դրամաշնորհային համաձայնագիր). վերջինում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ Կառավարության դիմումը գտնվում է Սահմանադրական դատարանի վարույթում:

Քննության առարկա Համաձայնագրով Բանկը համաձայնում է Համաձայնագրով սահմանված պայմաններով և կարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 20.000.000 եվրո գումար (Վարկ), Համաձայնագրի 2.02 Բաժնում սահմանված ֆինանսական պայմաններով. մասհանման նվազագույն գումարի չափը 2.000.000 եվրո է, կանխավճարի նվազագույն գումարի չափը` 2.000.000 եվրո, չեղարկման նվազագույն գումարի չափը` 2.000.000 եվրո: Վերջին հասանելիության ամսաթիվը Համաձայնագրի կնքման երրորդ տարին լրանալու օրն է, որը նաև Վարկի առաջին մարման և Տոկոսագումարի վճարման ամսաթիվն է կամ ավելի ուշ ընկնող ամսաթիվ, որին Բանկը կարող է համաձայնել Հայաստանի Հանրապետության հայտի հիման վրա և ծանուցել Հայաստանի Հանրապետությանը: Վարկի վերջին մարման ամսաթիվը 2036 թվականի հոկտեմբերի 16-ն է: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը:

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

4.1. սկսած Համաձայնագրի կնքման երրորդ տարին լրանալու օրվանից կամ անմիջապես դրանից հետո` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին մինչև 2036 թվականի հոկտեմբերի 16-ը, մարել Վարկը 24 հավասարաչափ (կամ որքան հնարավոր է հավասարաչափ) կիսամյակային վճարումներով (Հոդված II, Բաժին 2.02, կետ «ե», ենթակետ 1),

4.2. չհակասելով Համաձայնագրի 2.02 Բաժնի «դ» կետում սահմանված դրույթներին` այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մինչև Համաձայնագրի 2.02 Բաժնի «ե» կետով սահմանված` Վարկի առաջին մարման ամսաթիվը չի մասհանում վարկի ամբողջ գումարը, և Բանկը հետաձգում է Համաձայնագրի 2.02 Բաժնի ներքոհիշյալ «զ» կետով սահմանված Վերջին հասանելիության ամսաթիվը մինչև այն ամսաթիվը, որը Վարկի առաջին մարման ամսաթվից ավելի ուշ ընկած ամսաթիվ է, ապա Վարկի առաջին մարման ամսաթվին կամ դրանից հետո կատարված յուրաքանչյուր մասհանման գումար բաշխել մարման համար հավասար մասնաբաժիններով` Վարկի մարման տարբեր ամսաթվերի միջև, որոնք ընկնում են այդ մասհանման ամսաթվից հետո (անհրաժեշտության դեպքում Բանկի հետ ճշտելով նշված ձևով բաշխված գումարները` յուրաքանչյուր դեպքում ամբողջ թվեր ստանալու համար). Բանկը ժամանակ առ ժամանակ ծանուցում է Հայաստանի Հանրապետությանն այդ բաշխումների մասին (Հոդված II, Բաժին 2.02, կետ «ե», ենթակետ 2),

4.3. վճարել պարտավճար տարեկան 0.5% չափով (Հոդված II, Բաժին 2.02, կետ «է»),

4.4. սկսած Վարկի առաջին մարման ամսաթվից` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, վճարել Վարկը Լողացող տոկոսադրույքով, և չհակասելով վերոհիշյալին` Հայաստանի Հանրապետությունը կարող է ինչպես վարկի ամբողջ գումարի, այնպես էլ դրա ցանկացած մասնաբաժնի համար, որն այդ պահի դրությամբ վճարված չէ, որպես Լողացող տոկոսադրույքով տոկոսագումարի վճարման այլընտրանք ընտրել վճարման համար Ֆիքսված տոկոսադրույքը` վարկի այդ մասնաբաժնի համար` Ստանդարտ պայմանների 3.04 բաժնի «գ» կետին համապատասխան` պայմանով, որ Համաձայնագրի 2.02 Բաժնի «ը» կետի նպատակով` Վարկի մայր գումարը Լողացող տոկոսադրույքից անցման դեպքում պակաս չի լինի, քան 2 000 000 եվրոն (Հոդված II, Բաժին 2.02, կետեր «դ», «ե)1)» և «ը»),

4.5. բացի Ստանդարտ պայմանների IV և V հոդվածներով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապա Ծրագրի իրականացման կազմակերպության համար, Իրականացման համաձայնագրի համաձայն, հասանելի դարձնել Վարկի միջոցները, իրացնել Իրականացման համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը վերապահված իրավունքներն այնպես, որ պաշտպանի Հայաստանի Հանրապետության և Բանկի շահերը, համապատասխանի Համաձայնագրի դրույթներին, իրականացնել այն նպատակները, որոնց համար Վարկը տրամադրվել է: «Իրականացման համաձայնագիր» նշանակում է Համաձայնագրի ամսաթվով կամ դրան մոտ ամսաթվով թվագրված` Հայաստանի Հանրապետության, Քաղաքապետարանի և Ծրագրի իրականացման կազմակերպության միջև պատշաճ գրավոր ձևով կնքված համաձայնագիր, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը Ծրագրի իրականացման կազմակերպության համար հասանելի կդարձնի Վարկի միջոցները (Հոդված III, Բաժին 3.01, կետեր «ա» և «բ»),

4.6. բացի Ստանդարտ պայմանների IV և V հոդվածներով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապա չփոխանցել Իրականացման համաձայնագրի որևէ դրույթի իրականացումը, դրանցում փոփոխություններ չկատարել, դրանք չեղյալ չհայտարարել և չհրաժարվել դրանցից` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ բան է նախատեսում (Հոդված III, Բաժին 3.01, կետ «գ»),

4.7. բացի Ստանդարտ պայմանների IV և V հոդվածներով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապա ապահովել, որ Ծրագրի իրականացման կազմակերպությունը կատարի Ծրագրի համաձայնագրով իր ստանձնած բոլոր պարտականությունները, ներառյալ, առանց բացառության, իր այն պարտականությունները, որոնք վերաբերում են հետևյալին`

1) ծրագրի իրականացման գրասենյակի գործունեության ապահովում` Ծրագրի համաձայնագրի 2.03 բաժնով նախատեսված կարգով,

2) ծրագրի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնում` Ծրագրի համաձայնագրի 2.04 բաժնով նախատեսված կարգով,

3) բնապահպանական և սոցիալական խնդիրներ` Ծրագրի համաձայնագրի 2.05 բաժնով նախատեսված կարգով,

4) Ծրագրի իրականացմանն աջակցելու համար խորհրդատուների ներգրավում և նրանց ծառայությունների օգտագործում,

5) Ծրագրին վերաբերող հարցերի և Ծրագրի իրականացման կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում` Ծրագրի համաձայնագրի 2.06 բաժնով նախատեսված կարգով,

6) գործընթացների իրականացում, փաստաթղթերի և հաշիվների վարում, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, աուդիտ և ներկայացում Բանկ, ինչպես նաև Ծրագրի կամ Ծրագրի իրականացման կազմակերպության գործունեության վերաբերյալ ցանկացած այլ համապատասխան տեղեկատվության տրամադրում Բանկին` Ծրագրի համաձայնագրի 3.01 բաժնով նախատեսված կարգով,

7) Ծրագրի և Ծրագրի իրականացման կազմակերպության ֆինանսական և գործառնական կողմերի վերաբերյալ բոլոր վավերապայմանների պահպանում` Ծրագրի համաձայնագրի 3.02, 3.03, 3.04 և 3.05 բաժիններով նախատեսված կարգով (Հոդված III, Բաժին 3.01, կետ «դ»),

4.8. բացի Ստանդարտ պայմանների IV և V հոդվածներով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապա Նոր-Նորքում առկա պահեստի շուրջ սանիտարական պահպանության գոտու (ՍՊԳ) հարկադիր կիրառման և հարակից հողերի օտարման և տարաբնակեցման ազդեցությունների դեպքում նախքան որևէ այդպիսի ազդեցությունների ի հայտ գալը, Բանկի համար ընդունելի պայմաններով և ձևաչափով մշակել և կիրառել վերաբնակեցման ծրագիր, որը պետք է ստուգվի և հաստատվի Բանկի կողմից` Բանկի համար ընդունելի պայմաններով և ձևաչափով Ավարտի հաշվետվության միջոցով (Հոդված III, Բաժին 3.01, կետ «ե»),

4.9. բացի Ստանդարտ պայմանների IV և V հոդվածներով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապա երաշխավորել, որ Քաղաքապետարանը Բանկի համար ընդունելի պայմաններով և դրույթներով հաստատել է, որ ունի բավարար առկա պահեստային հնարավորություններ` ապահովելու Ծրագրի կողմից ֆինանսավորվող ավտոբուսային պարկի շահագործման և սպասարկման շարունակականությունը միջանկյալ ժամանակահատվածում, մինչև Նոր-Նորքի նոր դեպոյի կամ այլ պահեստային օբյեկտները շահագործման կհանձնվեն (Հոդված III, Բաժին 3.01, կետ «զ»),

4.10. բացի Ստանդարտ պայմանների IV և V հոդվածներով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապա ձեռնարկել կամ ապահովել բոլոր այն լրացուցիչ միջոցառումների ձեռնարկումը, որոնք անհրաժեշտ են Ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով բավարար միջոցներ ներգրավելու համար (Հոդված III, Բաժին 3.01, կետ «է»),

4.11. ոչ մի մասհանում չկատարել մինչև Վարկի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը կատարված ծախսերի մասով` բացառությամբ այն դեպքերի, երբ մասհանումները` ընդհանուր գումարով, որը չի գերազանցում Վարկի ընդհանուր գումարի 20%-ը, կարող են արվել Ծրագրի առնչությամբ` նախքան Վարկի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը կատարված ծախսերի հաշվին, սակայն Քաղաքապետարանի համար մոտավորապես 100 միավոր ժամանակակից, 12 մետրանոց, ցածր հատակով, ՍԲԳ աշխատող ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո (Հավելված 2, կետ 2):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

25 փետրվարի 2022 թվականի

ՍԴՈ-1633

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1633 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1633 որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1633 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը:

 

Նախ` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում: Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1633 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել` անկախ այդ որոշման բովանդակությունից:

Այսպես` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը:

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը(1):

___________________

1) Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը:

 

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ` կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր` իրավասու անձի կողմից ստորագրված: Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ:

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված` էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան:

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում, նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը:

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները: Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել` այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ:

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը: Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված Էլեկտրոնային փաստաթղթի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային Եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը:

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը` Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում: Մասնավորապես` էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը` խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները: Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ: Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար:

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն` կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված` էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով:

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն: Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը: Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին:

Այսպես` էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով: Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

էլեկտրոնային փաստաթուղթ` տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ` ստորագրող անձ) ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ` ստուգման տվյալներ) պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ` ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն` առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է` դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից:

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը` պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ` ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված:

 

Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր: Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը` առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

    ԴԱՏԱՎՈՐ                                Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

25 փետրվարի 2022թ.

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 28 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.02.2022
N ՍԴՈ-1633
Որոշում