Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                Վարչական գործ թիվ ՎԴ/9814/05/20

    դատարանի որոշում                     2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9814/05/20

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արտակ Ոսկանյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 15.08.2020 թվականի թիվ ԱՖ 417367 որոշումը և 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտակ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 15.08.2020 թվականի թիվ ԱՖ 417367 որոշումը և 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2 մասը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` անձի արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքի իրականացումը կախվածության մեջ է դրվում վերադաս վարչական մարմնի հայեցողությունից. եթե վերջինս վարչական բողոքն ըստ էության չի քննում, ապա վարչական ակտը չի կարող բողոքարկվել:

Բողոքաբերը հայտնել է, որ իր կողմից վարչական բողոքը ներկայացվել է երեսնօրյա ժամկետում, իսկ սահմանված ժամկետում ներկայացված բողոքը չքննելը չի կարող իմաստազրկել անձի արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքը, որպիսի ոչ իրավաչափ հետևության հանգել է Վերաքննիչ դատարանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է հայցվորի` արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքները:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք վարչական կարգով բողոքը քննող մարմնի կողմից բողոքը չքննելը կարող է հիմք հանդիսանալ միջամտող վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու անձի իրավունքը սահմանափակելու համար:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե նույն օրենսգրքով նախատեսված դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել (գանգատարկվել) վարչական կարգով:

Այսինքն, Դատարանը հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու կամ վերահասցեագրելու հիմքեր առկա չլինելու դեպքում, կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենքով սահմանված դեպքերում դատական պաշտպանության դիմելու անձի իրավունքի ծագումն օրենսդիրը պայմանավորել է մինչև դատարան դիմելը որոշակի գործողությունների պարտադիր կատարմամբ` սահմանելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտի վիճարկման հայց կարող է ներկայացվել դատարան, եթե մինչ հայց ներկայացնելը վարչական ակտը բողոքարկվել է (գանգատարկվել է) վերադասության կարգով: Այսինքն` որոշման վերադասության կարգով բողոքարկված (գանգատարկված) լինելը հանդիսանում է այն պարտադիր պայմանը, որի առկայության դեպքում միայն անձը կարող է վիճարկման հայց ներկայացնել դատարան: Հետևաբար, իրավախախտումը կատարած անձի համար Ծառայության կողմից կայացված որոշումների դատական կարգով վիճարկման իրավունքը ծագում է բացառապես այն դեպքում, երբ անձը իրացրել է վերադասության կարգով բողոքարկման իր իրավունքը:

Վարչական իրավախախտումների որոշակի տեսակներով միայն վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկումից հետո դատարան դիմելու հնարավորություն սահմանելը հարկ է դիտարկել օրենսդրի նպատակի տեսանկյունից: Ըստ այդմ, օրենսդիրը նպատակ է հետապնդել, հաշվի առնելով նման իրավախախտումների վերաբերյալ գործերի մեծ քանակը, բեռնաթափել դատարանները, ակնկալելով, որ այդ վարչական գործերով բողոքների մի մասն իր լուծումը կգտնի վերադասության կարգով վարչական ակտի բողոքարկման արդյունքում: Սակայն միաժամանակ օրենսդիրը որևէ սահմանափակում չի նախատեսել` անձի դատարան դիմելու իրավունքը պայմանավորելով վարչական վերադաս մարմնի կայացրած որոշման տեսակով, և դա տրամաբանական է, քանի որ նշված իրավակարգավորման հակառակ մեկնաբանության պարագայում վարչական վերադաս մարմինը իր կայացրած որոշմամբ կարող է կանխորոշել այն հարցը, թե արդյոք անձն իր խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատարան կարող է դիմել, թե ոչ: Այսպես, օրինակ, եթե անձը վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկել է, սակայն վերադաս վարչական մարմինն անձի բողոքը անհիմն կերպով թողել է առանց քննության, նման մեկնաբանության պարագայում կստացվի, որ անձը վարչական վերադաս մարմնի սխալի պատճառով զրկվում է դատարանի մատչելիությունից: Ակնհայտ է, որ օրենսդիրը նման նպատակ չի հետապնդել, քանի որ դատարանի մատչելիության անձի իրավունքը, ինչպես նաև իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը սահմանված և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով: Որոշակի գործերով վեճերի լուծման արտադատական կարգ սահմանելը չի կարող մեկնաբանվել խիստ ձևականորեն և խոչընդոտել անձին հասնելու իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից դատական կարգով կարող է վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո, որպիսի պահանջի խախտումը հիմք է հանդիսանում հայցադիմումը վերադարձնելու համար:

Այսինքն` Ծառայության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով կայացված որոշումներով վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված կանոնները համարվում են պահպանված, եթե վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ ներկայացվել է վարչական բողոք և առկա է ավարտված վարույթ` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի որոշում է կայացրել վարչական վերադաս մարմինը վարչական բողոքի վերաբերյալ: Նշվածը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի տառացի մեկնաբանությունից: Նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը դատարան դիմելու պայման է սահմանել միայն վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկված լինելը` անկախ վարչական բողոքի ըստ էության լուծումից կամ չլուծումից: Կիրառվող դատավարական նորմի ցանկացած այլ մեկնաբանման դեպքում խախտված կհամարվի դիմողի դատարանի մատչելիության իրավունքն այն առումով, որ դատարանի կողմից կդրվեն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով չնախատեսված լրացուցիչ պահանջներ:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

 

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության կողմից Արտակ Ոսկանյանի նկատմամբ 15.08.2020 թվականին կայացվել է վարչական իրավախախտման գործով թիվ ԱՖ417367 որոշումը (հավելված, գ.թ. 7): Նշված որոշման դեմ Արտակ Ոսկանյանը 15.09.2020 թվականին ներկայացրել է վարչական բողոք: Ծառայության պետի տեղակալ Ն. Սարգսյանի 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությամբ տեղեկացվել է, որ դիմումը քննարկման ենթակա չէ` նշված որոշման դեմ գանգատ տալու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված 30-օրյա ժամկետը բաց թողնված լինելու պատճառով (հավելված, գ.թ. 9-12):

i

Դատարանը, հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից վիճարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարչական ակտ, սակայն հայցադիմումին կից չի ներկայացվել վիճարկվող վարչական ակտը վարչական կարգով բողոքարկված լինելու փաստը հավաստող որևէ ապացույց: Միաժամանակ, Դատարանը գտել է, որ Ծառայության 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությունը չի կարող համարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի, 66-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բողոքի քննության արդյունքում ընդունված վարչական ակտ, քանի որ բողոքն առանց քննարկման թողնելու պայմաններում վարչական մարմինը ակտի իրավաչափությունը չի գնահատում:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունը, 22.02.2021 թվականի որոշմամբ մերժել է հայցվորի վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով «Հայցադիմումը վերադարձնելու մասին» Դատարանի 07.12.2021 թվականի որոշումը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արտակ Ոսկանյանի բերած վերաքննիչ բողոքը, սահմանափակել է բողոքաբերի Դատարանի մատչելիության իրավունքը, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, քանի որ համաչափության առումով չի ապահովում ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորադաս դատարանների կողմից վերադաս վարչական մարմնի կողմից սահմանված ժամկետում ներկայացված բողոքը չքննելը չէր կարող հիմք հանդիսանալ անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելու և վերջինիս խախտված իրավունքները վերականգնելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, կայացնելով «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Արտակ Ոսկանյանի դատարանի մատչելիության իրավունքը այն աստիճան, որ վերջինս զրկվել է դատական կարգով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում պետք է ստուգեր միայն հայցադիմումը վիճարկվող վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո ներկայացված լինելու հանգամանքը և իրավունք չուներ հայցադիմումի ընդունելիությունը պայմանավորել վարչական վերադաս մարմնի կայացրած որոշման տեսակով: Հակառակ կերպ վարվելով, Դատարանը անհիմն կերպով սահմանափակել է դատարանի մատչելիության բողոք բերած անձի իրավունքը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ պատշաճ գնահատական չի տվել նման ձևով անձի իրավունքի հիմնարար խախտմանը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

10.12.2021 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/9814/05/20 վարչական գործով 10.12.2021 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 10.12.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արտակ Ոսկանյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 15.08.2020 թվականի թիվ ԱՖ417367 որոշումը և 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արտակ Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործով դիմելով դատարան` Արտակ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 15.08.2020 թվականի թիվ ԱՖ417367 որոշումը և 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությունը:

i

Դատարանը հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից վիճարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարչական ակտ, սակայն հայցադիմումին կից չի ներկայացվել վիճարկվող վարչական ակտը վարչական կարգով բողոքարկված լինելու փաստը հավաստող որևէ ապացույց: Միաժամանակ Դատարանը գտել է, որ Ծառայության 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությունը չի կարող համարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի, 66-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բողոքի քննության արդյունքում ընդունված վարչական ակտ, քանի որ բողոքն առանց քննարկման թողնելու պայմաններում վարչական մարմինը ակտի իրավաչափությունը չի գնահատում:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունը, 22.02.2021 թվականի որոշմամբ մերժել է հայցվորի վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով «Հայցադիմումը վերադարձնելու մասին» Դատարանի 07.12.2020 թվականի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 22.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.12.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

i

Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 1.2-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի և այդ իրավունքի ժամկետային սահմանափակումների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով` 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով` 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով` 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով` 28-րդ կետ, արտահայտած իրավական դիրքորոշումները` արձանագրելով հետևյալը.

«(...) օրենքով սահմանված դեպքերում դատական պաշտպանության դիմելու անձի իրավունքի ծագումն օրենսդիրը պայմանավորել է մինչև դատարան դիմելը որոշակի գործողությունների պարտադիր կատարմամբ` սահմանելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտի վիճարկման հայց կարող է ներկայացվել դատարան, եթե մինչ հայց ներկայացնելը վարչական ակտը բողոքարկվել է (գանգատարկվել է) վերադասության կարգով: Այսինքն` որոշման վերադասության կարգով բողոքարկված (գանգատարկված) լինելը հանդիսանում է այն պարտադիր պայմանը, որի առկայության դեպքում միայն անձը կարող է վիճարկման հայց ներկայացնել դատարան: Հետևաբար, իրավախախտումը կատարած անձի համար Ծառայության կողմից կայացված որոշումների դատական կարգով վիճարկման իրավունքը ծագում է բացառապես այն դեպքում, երբ անձը իրացրել է վերադասության կարգով բողոքարկման իր իրավունքը:

Վարչական իրավախախտումների որոշակի տեսակներով միայն վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկումից հետո դատարան դիմելու հնարավորություն սահմանելը հարկ է դիտարկել օրենսդրի նպատակի տեսանկյունից: Ըստ այդմ, օրենսդիրը նպատակ է հետապնդել, հաշվի առնելով նման իրավախախտումների վերաբերյալ գործերի մեծ քանակը, բեռնաթափել դատարանները, ակնկալելով, որ այդ վարչական գործերով բողոքների մի մասն իր լուծումը կգտնի վերադասության կարգով վարչական ակտի բողոքարկման արդյունքում: Սակայն միաժամանակ օրենսդիրը որևէ սահմանափակում չի նախատեսել` անձի դատարան դիմելու իրավունքը պայմանավորելով վարչական վերադաս մարմնի կայացրած որոշման տեսակով, և դա տրամաբանական է, քանի որ նշված իրավակարգավորման հակառակ մեկնաբանության պարագայում վարչական վերադաս մարմինը իր կայացրած որոշմամբ կարող է կանխորոշել այն հարցը, թե արդյոք անձն իր խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատարան կարող է դիմել, թե ոչ: Այսպես, օրինակ, եթե անձը վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկել է, սակայն վերադաս վարչական մարմինն անձի բողոքը անհիմն կերպով թողել է առանց քննության, նման մեկնաբանության պարագայում կստացվի, որ անձը վարչական վերադաս մարմնի սխալի պատճառով զրկվում է դատարանի մատչելիությունից: Ակնհայտ է, որ օրենսդիրը նման նպատակ չի հետապնդել, քանի որ դատարանի մատչելիության անձի իրավունքը, ինչպես նաև իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը սահմանված և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով: Որոշակի գործերով վեճերի լուծման արտադատական կարգ սահմանելը չի կարող մեկնաբանվել խիստ ձևականորեն և խոչընդոտել անձին հասնելու իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը:

(...) Ծառայության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից դատական կարգով կարող է վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո, որպիսի պահանջի խախտումը հիմք է հանդիսանում հայցադիմումը վերադարձնելու համար:

Այսինքն` Ծառայության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով կայացված որոշումներով վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված կանոնները համարվում են պահպանված, եթե վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ ներկայացվել է վարչական բողոք և առկա է ավարտված վարույթ` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի որոշում է կայացրել վարչական վերադաս մարմինը վարչական բողոքի վերաբերյալ: Նշվածը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի տառացի մեկնաբանությունից: Նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը դատարան դիմելու պայման է սահմանել միայն վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկված լինելը` անկախ վարչական բողոքի ըստ էության լուծումից կամ չլուծումից: Կիրառվող դատավարական նորմի ցանկացած այլ մեկնաբանման դեպքում խախտված կհամարվի դիմողի դատարանի մատչելիության իրավունքն այն առումով, որ դատարանի կողմից կդրվեն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով չնախատեսված լրացուցիչ պահանջներ:

(...) ստորադաս դատարանների կողմից վերադաս վարչական մարմնի կողմից սահմանված ժամկետում ներկայացված բողոքը չքննելը չէր կարող հիմք հանդիսանալ անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելու և վերջինիս խախտված իրավունքները վերականգնելու համար:

(...) Դատարանը, կայացնելով «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Արտակ Ոսկանյանի դատարանի մատչելիության իրավունքը այն աստիճան, որ վերջինս զրկվել է դատական կարգով խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, ինչի արդյունքում խաթարվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

(...) Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում պետք է ստուգեր միայն հայցադիմումը վիճարկվող վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո ներկայացված լինելու հանգամանքը և իրավունք չուներ հայցադիմումի ընդունելիությունը պայմանավորել վարչական վերադաս մարմնի կայացրած որոշման տեսակով»:

 

Ամբողջությամբ համակարծիք լինելով Վճռաբեկ դատարանի այն իրավական դիրքորոշման հետ, որ վարչական իրավախախտումների որոշակի տեսակներով միայն վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկումից հետո դատարան դիմելու հնարավորություն սահմանելը հարկ է դիտարկել օրենսդրի նպատակի տեսանկյունից, հարկ ենք համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ շեղվել է վերոգրյալ իրավական դիրքորոշումից և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի իրավակարգավորումը չի դիտարկել օրենսդրի նպատակի տեսանկյունից` արդյունքում արժեզրկելով նշված իրավակարգավորումը և դրանով հետապնդվող օրենսդրի նպատակը:

Այսպես.

i

ՀՀ Ազգային ժողովի կողմից 23.10.2019 թվականին ընդունված թիվ ՀՕ-207-Ն` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել 1.2-րդ մասով(1), համաձայն որի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:

_______________________

1) իրականում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը պետք է լրացվեր ոչ թե 1.2-րդ մասով, այլ` 1.2-րդ կետով, սակայն թիվ ՀՕ-207-Ն օրենքում կիրառվել է «1.2 մասով» եզրույթը

 

i

Միևնույն ժամանակ ՀՀ Ազգային ժողովը 23.10.2019 թվականին ընդունել է նաև թիվ ՀՕ-206-Ն` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով 287-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: Նշված իրավանորմի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:

Վերոգրյալ փոփոխությունները կատարելու հիմնավորումներում (տե՛ս, ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում, հղում` http://www.parliament.am/draft_docs7/P-216_himnavorum.pdf) արձանագրվել է, որ որոշակի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դատարանի ծանրաբեռնվածությունն ուղղակիորեն առաջացնում է նաև այլ վարչական գործերով անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության բացառում, այսինքն` ծանրաբեռնված դատարանն առնվազն հնարավորություն չունի ապահովել դատարանի վարույթում գտնվող այլ վարչական գործերի (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերից զատ) ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պատշաճ իրացում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը 1.2-րդ մասով լրացնելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտությունը նույն իրավական ակտերի լրացումներն ու փոփոխությունները կատարելու հիմնավորումներում փաստարկվել է անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու, նյութական (թե անձի և թե պետության) ռեսուրսների խնայողությունը, ողջամիտ ժամկետում իրավունքների պաշտպանության հնարավորությունը, դատարանների անհարկի ծանրաբեռնվածության թեթևացումն ապահովելու և դատարանների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Ըստ այդմ, նախատեսվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածով սահմանել նույն օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի` մինչև դատական կարգով բողոքարկելը վարչական (վերադասության, առկայության դեպքում քվազիդատական մարմնում) կարգով բողոքարկելու պարտադիրություն:

Հիմնավորումներում նշվել է նաև, որ արդյունքում` դատարանում կվիճարկվեն բացառապես վերադասության կարգով չվերացված վարչական ակտերը, որը վարչական մարմնի կողմից ճիշտ, օբյեկտիվ, բազմակողմանի վարչարարություն իրականացնելու, նախկինում նմանատիպ գործերով արդեն իսկ դատական պրակտիկան հաշվի առնելու պարագայում, կհանգեցնի վարչական դատարանի ծանրաբեռնվածության առնվազն 30 տոկոսի նվազեցման:

Հիմնավորումներում վկայակոչվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 15.12.2004 թվականի (2004) 20 բանաձևը` ընդգծելով, որ Նախարարների կոմիտեն ընդհանուր առմամբ դրական է դիտարկում մինչդատական կարգով իրավունքների պաշտպանության կառուցակարգերի նախատեսումը օրենսդրությունում և դատարան դիմելիս այդպիսի միջոցների սպառված լինելու նախապայմանը, միայն թե այդպիսի միջոցները պետք է բխեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածից և լինեն արդյունավետ:

Ըստ Նախարարների կոմիտեի` մինչդատական կարգով իրավունքների պաշտպանության կառուցակարգերի նախատեսումը բեռնաթափում է դատարաններին, դրանով իսկ ապահովելով դրանց արդյունավետությունը: Սա բխում է վարչական մարմինների և դատարանի շահերից, ինչպես նաև նվազեցնում է անհատի ընթացակարգային ծախսերը:

Վերոգրյալ պատճառաբանություններով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը 1.2-րդ մասով լրացնելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտությունն այսպիսով հիմնավորվել է նախ` ՀՀ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու, ապա` վարչական մարմինների վարչարարությունը բարելավելու հանգամանքով:

Ամբողջ վերոգրյալը վկայում է այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը 1.2-րդ մասով լրացնելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտությունն օրենսդիրը պայմանավորվել է անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերը և ընթացակարգերը սահմանելու, նյութական (թե անձի և թե պետության) ռեսուրսների խնայողությունն, ողջամիտ ժամկետում իրավունքների պաշտպանության հնարավորությունը, դատարանների անհարկի ծանրաբեռնվածության թեթևացումն ապահովելու և դատարանների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, միևնույն ժամանակ հետապնդելով նաև վարչական մարմինների վարչարարությունը բարելավելու նպատակ:

Գտնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորումներն իրականում պետք է ունենային ֆիլտրող ազդեցություն` թույլատրելի համարելով դատական վերահսկողության առարկա դարձնել միայն վարչական կարգով բողոքարկված և չվերացված վարչական ակտերը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, ըստ էության, թույլատրելի է համարվում վարչական կարգով պարտադիր բողոքարկման պահանջը պահպանված լինելու պատրանք ստեղծելու միջոցով կոպտորեն շրջանցել վարչական ակտերի վարչական կարգով բողոքարկման պարտադիրություն նախատեսող իրավակարգավորումները` ամբողջությամբ իմաստազրկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորումներով հետապնդվող` ՀՀ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակը:

Գտնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները չեն բխում իրավական պետության, վարչարարության օրինականության և դրանցից ածանցվող վարչարարության այլ հիմնարար սկզբունքներից հետևյալ պատճառաբանությամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել և 31.12.2004 թվականից ուժի մեջ է մտել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ բաժնով (հոդվածներ 69-77) կարգավորված է վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման վարույթը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե նույն(2) բաժնով այլ բան նախատեսված չէ:

_______________________

2) «Բողոքարկման վարույթը» վերտառությամբ 4-րդ բաժնով

 

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` «Վարչական վարույթը» վերտառությամբ II բաժնով (հոդվածներ 19-52), ի թիվս այլնի, կարգավորվել են նաև վարչական վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերի առանձնահատկությունները:

i

Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`

ա) անձի դիմումը, բողոքը.

(...):

i

Նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորման համաձայն` անձի դիմումի կամ բողոքի հիման վրա վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):

i

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, ուստի վարչական ակտի դեմ ներկայացված վարչական բողոքի հիման վրա վարչական մարմնում վարչական վարույթը կարող է հարուցված համարվել միայն այն պարագայում, եթե նույն օրենքի` «Բողոքարկման վարույթը» վերտառությամբ 4-րդ բաժնով այլ բան նախատեսված չէ:

Տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` «Բողոքարկման վարույթը» վերտառությամբ 4-րդ բաժնով սահմանված են վարչական բողոք բերելու հիմքերը և կարգը (գլուխ` 10), ինչպես նաև վարչական բողոքը քննարկելու և լուծելու կարգը (գլուխ` 11):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` «Վարչական բողոք բերելու հիմքերը և կարգը» վերտառությամբ 10-րդ գլխում ներառված 71-րդ հոդվածով սահմանվել են բողոքարկման ժամկետները, 72-րդ հոդվածով` բողոքին ներկայացվող պահանջները, իսկ 73-րդ հոդվածով` բողոքի վերաբերյալ վարչական մարմնի կողմից ընդունվող որոշման նախապայմանները:

i

Մասնավորապես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է. «Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:

Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:

Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ): Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ»:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը նույն օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին և պարզել` արդյոք բողոքը բերվել է նույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է նույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, նույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել: Մնացած դեպքերում կիրառվում են դիմումների վերաբերյալ վարչական մարմնի որոշումների համար սահմանված ընդհանուր կանոնները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` «Վարչական բողոքը քննարկելը և լուծելը» վերտառությամբ 11-րդ գլխում ներառված 76-րդ հոդվածի համաձայն` քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է`

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:

Ամբողջ վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ վարչական ակտը վարչական կարգով ենթակա է բողոքարկման օրենքով սահմանված ժամկետում, իսկ այդ ժամկետը բաց թողնված լինելու դեպքում վարչական մարմինն իրավասու է բողոքը թողնել առանց քննարկման, եթե ժամկետը բաց թողնելը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել: Այսինքն` ժամկետի խախտմամբ ներկայացված վարչական բողոքը չի համարվում օրենքով սահմանված կարգով ներկայացված և ենթակա չէ քննարկման:

Միևնույն ժամանակ վարչական մարմինը պարտավոր է քննարկել և լուծել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և նույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում ներկայացված բողոքը` կայացնելով 76-րդ հոդվածում թվարկված որոշումներից որևէ մեկը:

i

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համատեքստում հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը չեն կարող մեկնաբանվել այնպես, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող և նույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ բողոքը վարչական մարմին ներկայացնելու փաստն ինքնին բավարար լինի վարչական ակտերի բողոքարկման պարտադիրության պահանջը պահպանված գնահատելու համար:

Նման մեկնաբանումը կհանգեցնի մի այնպիսի իրավիճակի, երբ վարչական բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու փաստով վաղուց անբողոքարկելի դարձած վարչական ակտերի դեմ ներկայացվեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող բողոքներ, դրանով իսկ ստանալով հնարավորություն դատական կարգով վիճարկելու այդ վարչական ակտերը` փաստացի շրջանցելով վարչական ակտերի բողոքարկման պարտադիրության պահանջը:

Մինչդեռ վարչական ակտերի բողոքարկման պարտադիրության պահանջն օրենսդրություն ներմուծելու նպատակն է եղել դատական վերահսկողության օբյեկտ դարձնել միայն այն վարչական ակտերը, որոնք չեն վերացվում վարչական կարգով բողոքարկման արդյունքում և ոչ երբեք այն վարչական ակտերը, որոնց դեմ ներկայացված վարչական բողոքը թողնվում է առանց քննարկման:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` («Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-207-Ն օրենքն ուժի մեջ է մտել 30.11.2019 թ-ից)` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե նույն օրենսգրքով նախատեսված դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել (գանգատարկվել) վարչական կարգով, իսկ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ կետի համաձայն` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:

Գտնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է մեկնաբանվեն այնպես, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն այն դեպքում, երբ այդ վարչական ակտերի դեմ ներկայացված բողոքների քննության արդյունքում վարչական մարմինն ընդունել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված` բողոքը մերժելու և վարչական ակտն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Ընդ որում, այդ դեպքում վիճարկման հայցը կարող է ՀՀ վարչական դատարան ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո երկամսյա ժամկետում:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության կողմից Արտակ Ոսկանյանի նկատմամբ 15.08.2020 թվականին կայացվել է վարչական իրավախախտման գործով թիվ ԱՖ417367 որոշումը (հավելված, գ.թ. 7): Նշված որոշման դեմ Արտակ Ոսկանյանը 15.09.2020 թվականին ներկայացրել է վարչական բողոք: Ծառայության պետի տեղակալ Ն. Սարգսյանի 24.09.2020 թվականի թիվ 7-13-42656 գրությամբ տեղեկացվել է, որ դիմումը քննարկման ենթակա չէ` նշված որոշման դեմ գանգատ տալու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված 30-օրյա ժամկետը բաց թողնված լինելու պատճառով (հավելված, գ.թ. 9-12):

Տվյալ դեպքում Ծառայության 15.08.2020 թվականի թիվ ԱՖ417367 որոշման դեմ վարչական բողոքը (դիմումը) Արտակ Ոսկանյանի կողմից Ծառայությանն է ներկայացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված 30-օրյա ժամկետում, այն է` 15.09.2020 թվականին, հետևաբար Ծառայության պետի տեղակալն իրավասու չէր բողոքը թողնել առանց քննարկման:

Այդուհանդերձ, գտնում ենք, որ Ծառայության 15.08.2020 թվականի թիվ ԱՖ417367 որոշման դեմ վարչական բողոքն (դիմումն) օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու պատճառով թեև բացակայել է այն առանց քննարկման թողնելու իրավական հիմքը, սակայն նշվածը չի կարող հիմք հանդիսանալ վարչական ակտերի բողոքարկման պարտադիրության պահանջը շրջանցելու և վիճարկման հայցը վարույթ ընդունելու համար: Գտնում ենք նաև, որ Արտակ Ոսկանյանը զրկված չէ Ծառայության պետի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանքով իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով օրենքով սահմանված թույլատրելի միջոց ընտրելու իրական հնարավորությունից:

Մինչդեռ տվյալ դեպքում Ծառայության 15.08.2020 թվականի թիվ ԱՖ417367 որոշման դեմ Արտակ Ոսկանյանի ներկայացած բողոքի քննության արդյունքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված` բողոքը մերժելու և վարչական ակտն անփոփոխ թողնելու մասին որոշում Ծառայության կողմից ընդունված չլինելու պարագայում Վճռաբեկ դատարանը, ըստ էության, հնարավոր է համարել վիճարկման հայց ներկայացնելը:

Ամբողջ վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` գտնում ենք հիմնավորված է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի պարտադիր կարգով վերադասությամբ բողոքարկվելու պահանջը չի ենթադրում ձևական գործողությունների կատարում, այլ այդ պահանջը հանգում է վարչական ակտի վերադասության (վարչական) կարգով ըստ էության քննության ենթարկվելու անհրաժեշտությանը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական ակտը վարչական կարգով բողոքարկվելու պահանջի իմաստը կայանում է նրանում, որ վարչական ակտի անվավերության հարցով դատարան դիմելու անհրաժեշտությունը, և ըստ այդմ` հայց հարուցելու իրավունքը, կարող է ծագել միայն այն դեպքում, երբ իրականացվել է նույն վարչական ակտի վարչական կարգով ներկայացված բողոքի ըստ էության քննություն: Այսինքն` օրենսդրի կողմից նշված վարչական կարգով գանգատարկում (բողոքարկում) եզրույթը նշանակում է վարչական մարմնի կողմից բողոքի ըստ էության, բովանդակային և իրավական տեսանկյունից քննության իրականացում:

Հետևապես այն դեպքում, երբ վարչական ակտի դեմ վարչական կարգով բողոք ներկայացվելու ժամկետը բաց թողնվելուց հետո ներկայացված բողոքը վարչական մարմինը քննության չի ընդունել` բողոքի քննության համար սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով, ապա հաղթահարված չի կարող համարվել մինչև դատարան հայց հարուցելը վարչական ակտը վարչական կարգով բողոքարկելու պարտադիր պահանջը, ինչը հայցադիմումը վերադարձնելու հիմք է:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն, սակայն, միայն վարչական բողոք ներկայացնելու փաստն ինքնին բավարար է վարչական ակտերի բողոքարկման պարտադիրության պահանջը հաղթահարված համարելու և վիճարկման հայց հարուցելու համար` հայցադիմումի ընդունելիությունը չպայմանավորելով վարչական վերադաս մարմնի կայացրած որոշման տեսակով, այդ թվում` բողոքն առանց քննարկման թողնելու մասին որոշմամբ:

Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը գործնականում կյանքի կոչվելու և կիրարկվելու պարագայում ՀՀ վարչական դատարան են ներկայացվելու վաղուց արդեն անբողոքարկելի դարձած վարչական ակտերի վիճարկման հայցադիմումներ` վարչական կարգով բողոքարկելու պահանջի պահպանման պատրանք ստեղծելու միջոցով շրջանցելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1.2-րդ կետում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորումներով սահմանված վարչական ակտերի բողոքարկման պարտադիրության պահանջը:

Այսպիսով, գտնում ենք, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառմամբ վերադարձնելով Արտակ Ոսկանյանի կողմից ներկայացված վիճարկման հայցադիմումն այն հիմքով, որ վարչական ակտը չի բողոքարկվել (գանգատարկվել) վարչական կարգով, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր, ուստի սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:

 

                     Դատավոր                 Դատավոր

                   Ռ. Հակոբյան             Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 10 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.12.2021
N ՎԴ/9814/05/20
Որոշում