Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԴ/19871/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19871/02/18    2021 թ.

Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Տիգրան Խաչատրյանի և Պետիկ Մուշեղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Տիգրան Խաչատրյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.376.000 ՀՀ դրամ, որից 1.800.000 ՀՀ դրամը` որպես ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին վճարված ապահովագրական հատուցման գումար, 22.360 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 540.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև 1.800.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան մուտք անելու օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 27.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցիչ Վարսինե Հարությունյանի պատասխանող ներգրավելու մասին միջնորդությունը բավարարվել է և միևնույն պահանջի շրջանակներում որպես նոր պատասխանող է ներգրավվել Պետիկ Մուշեղյանը:

i

Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է Պետիկ Մուշեղյանից բռնագանձել 2.376.000 ՀՀ դրամ, որից 1.800.000 ՀՀ դրամը` որպես ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին վճարված ապահովագրական հատուցման գումար, 22.360 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 540.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև 1.800.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան մուտք անելու օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:

i

Դատարանի 30.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Տիգրան Խաչատրյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.036.000 ՀՀ դրամ, որից` 1.800.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին վճարված ապահովագրական հատուցման գումար, 36.000 ՀՀ դրամ` նախապես վճարված պետական տուրքի գումար, և 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև 1.800.000 ՀՀ դրամի նկատմամբ 13.09.2018 թվականից մինչև պարտավորության կատարման օրը կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը` հաշվարկել և Տիգրան Խաչատրյանից հօգուտ Ընկերության բռնագանձել բանկային տոկոսներ` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի: Հայցը` Պետիկ Մուշեղյանի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին Տիգրան Խաչատրյանի միջնորդությունը մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանվելով 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Մարուսյա Ավետիսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոք բերած անձը, 26.08.2019 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք, միջնորդել է ազատել իրեն պետական տուրքի վճարումից` պատճառաբանելով, որ գործազուրկ է (հիմք` Արաբկիր ԶՏԿ 11.07.2019 թվականի թիվ 35 տեղեկանք), գտնվում է նյութական ծանր դրության մեջ, որպիսի պայմաններում ստիպված է եղել իր իրավունքների պաշտպանության համար դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ (հիմք` ՀՀ ՓՊ ՀՊԳ որոշումը` վերաքննիչ բողոք կազմելու համար հանրային պաշտպան նշանակելու մասին): Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նման նյութական պայմաններում Տիգրան Խաչատրյանը չի կարող վճարել վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումարը:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը չի ներկայացրել միջնորդությունը հիմնավորող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց: Արդյունքում, բողոք բերած անձի գույքային դրությունը ոչ պատշաճ գնահատելով, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է վերջինիս դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ

Ներկայացված վճռաբեկ բողոքում նշվել է, որ վերաքննիչ դատարան է ներկայացվել միջնորդություն` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, սակայն Ընկերությանը տրամադրված վերաքննիչ բողոքի օրինակի և Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` պատասխանողի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Պատասխանողի կողմից պետական տուրքի գծով արտոնություն ստանալու միջնորդությանը կից չի ներկայացվել որևէ ապացույց, որը կփաստի, որ վերջինս գործազուրկ է և անվճարունակ, ավելին, որպես վկա հարցաքննվելու ժամանակ, դատարանի այն հարցին, թե որտեղ է աշխատում` պատասխանողը հայտնել է, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հետևաբար, հանրային պաշտպան նշանակելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ ուղղակի և վերաբերելի ապացույց այն մասին, որ պարտապանն անվճարունակ է:

Նման պարագայում, դատարանի կողմից միջնորդության մերժումը պետք է դիտարկել իրավաչափ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար դատարանի մատչելիության իրավունքի իրացման երաշխավորման նպատակով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հիմքերին:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին (մասնավորապես` Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլոց, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` (...) դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

i

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

i

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետի համաձայն` հանրային պաշտպանի գրասենյակը, (...) նույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է (...) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Նույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Ի հավելումն վերոգրյալի` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R(95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ նշել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը, նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով` օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե՛ս, Դավիթ Սաակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի և մյուսների թիվ ԵՔԴ/0820/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ (...) (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Տիգրան Խաչատրյանը 30.07.2020 թվականին փոստային առաքման միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 30.06.2020 թվականի վճռի դեմ: Միաժամանակ վերաքննիչ բողոքում ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն` այն պատճառաբանությամբ, որ Տիգրան Խաչատրյանը գործազուրկ է, բողոքը ներկայացնելու պահին գտնվել է սոցիալապես ծանր վիճակում, դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ` անվճար իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով, ուստի բողոքը ներկայացնելիս չի կարողացել վճարել վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքը (հատոր 3-րդ, գ.թ. 89-98-ում առկա վերաքննիչ բողոքի և փոստային ծրարի պատճեններ):

Բողոք բերած անձը, թեև վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել համապատասխան ապացույցներ` միջնորդությունը հիմնավորելու համար, այդուհանդերձ` գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 06.11.2019 թվականին դատարան մուտքագրված գրությամբ հայտնվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 01.11.2019 թվականի թիվ ՀՊԳ-Ք/3527/19-Ա որոշման համաձայն` սույն քաղաքացիական գործով անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ Տիգրան Խաչատրյանի դիմումը բավարարվել է և գործը հանձնվել է հանրային պաշտպան Տաթևիկ Բուջատյանին: Գրությանը կից ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի «Հանրային պաշտպանություն իրականացնելու մասին դիմումը քննարկելու մասին» 01.11.2019 թվականի թիվ ՀՊԳ-Ք/3527/19-Ա որոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 64-66):

Վերաքննիչ դատարանը, 19.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մերժելով պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին Տիգրան Խաչատրյանի անունից ներկայացված միջնորդությունը, պատճառաբանել է, որ բողոք բերած անձը որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չի հիմնավորել իր գույքային ծանր դրությունը, որպիսի պայմաններում ներկայացված միջնորդությունը չի կարող բավարարվել: Նշված որոշմամբ Տիգրան Խաչատրյանի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է 15-օրյա ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 100-110):

Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանության հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը.

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ բավարար եկամուտ չունեցող` անվճարունակ ֆիզիկական անձինք, դատարանի մատչելիության սկզբունքի պահպանման իրենց դատավարական իրավունքներն ու պարտականություններն իրացնելու համար կարող են դիմել հանրային պաշտպանի գրասենյակին և ստանալ նրանց իրավաբանական օգնությունը: Հետևաբար, հանրային պաշտպանի ծառայությունից օգտվելն արդեն իսկ վկայում է անձի` որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտության մասին: Ուստի, գործում այդպիսի փաստական հանգամանքի առկայության և այդ փաստը հերքող ապացույցների բացակայության պայմաններում, դատարանները, պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունները քննարկելիս, պետք է միջնորդության հարցը լուծեն հօգուտ այն հայցող անձի` հաշվի առնելով վերջինիս գույքային ծանր դրության մեջ գտնվելու փաստը: Ընդ որում, օրենսդրի նշված կանոնակարգումը նպատակ ունի ապահովելու անձանց` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը:

Սույն գործով Տիգրան Խաչատրյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքում ներկայացված միջնորդությամբ խնդրել է հետաձգել պետական տուրքի վճարումը և որպես իր միջնորդության հիմնավորում նշել է Տիգրան Խաչատրյանի` գործազուրկ լինելու, սոցիալապես ծանր վիճակում գտնվելու, հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հանգամանքները: Ինչպես վերը նշվեց, թեև միջնորդությանը կից չեն ներկայացվել այն հիմնավորող համապատասխան ապացույցները, այդուհանդերձ` գործի նյութերում առկա են ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 06.11.2019 թվականի գրությունը, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 01.11.2019 թվականի թիվ ՀՊԳ-Ք/3527/19-Ա «Հանրային պաշտպանություն իրականացնելու մասին դիմումը քննարկելու մասին» որոշումը:

Տվյալ դեպքում, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 01.11.2019 թվականի թիվ ՀՊԳ-Ք/3527/19-Ա «Հանրային պաշտպանություն իրականացնելու մասին դիմումը քննարկելու մասին» որոշման ուսումնասիրությունից պարզվում է, որ Տիգրան Խաչատրյանը դիմել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար և իրեն, որպես ներկայացուցիչ, հանրային պաշտպանով ապահովելու հարցով` ներկայացնելով իր կարգավիճակը հիմնավորող համապատասխան փաստաթուղթ, որպիսի պայմաններում որոշում է կայացվել ապահովել վերջինիս` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում Տիգրան Խաչատրյանի գույքային դրության` ավելի բարվոք վիճակի, այլ եկամուտների առկայությունը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում վերջինիս կողմից հանրային պաշտպանի գրասենյակին դիմելու և անվճար իրավաբանական օգնություն ստանալու փաստերն ինքնին վկայում են բողոք բերած անձի գույքային ծանր դրությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ, Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից: Նշված հանգամանքը պարտավորեցնում է դատարանին իր հայեցողական լիազորություններն իրականացնել` ելնելով անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման գերակայությունից:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ «(...) բողոք բերած անձը, 26.08.2019 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք, միջնորդել է ազատել իրեն պետական տուրքի վճարումից` պատճառաբանելով, որ գործազուրկ է (...)», ինչպես նաև դրա վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված առարկությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով, ինչպես վերը նշվեց, բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն: Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բովանդակությունից երևում է, որ դրանում ներկայացված փաստարկներն առնչվում են Վերաքննիչ դատարանի 19.08.2020 թվականի որոշմամբ մերժված միջնորդության իրավաչափությանը և բողոք բերած անձի խնդրանքին` վերաքննիչ դատարանում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը, վերանայելով բողոքարկվող դատական ակտը, գնահատման է արժանացրել դրանում պարունակվող փաստարկներն ու պատճառաբանությունները` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդության վերաբերյալ:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանի դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԴ/19871/02/18 քաղաքացիական գործով 28.10.2021

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Տիգրան Խաչատրյանի և Պետիկ Մուշեղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 28.10.2021 թվականին որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է և վերացրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս, Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 28.10.2021 թվականին թիվ ԵԴ/19871/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է:

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Տիգրան Խաչատրյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.376.000 ՀՀ դրամ, որից 1.800.000 ՀՀ դրամը` որպես ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին վճարված ապահովագրական հատուցման գումար, 22.360 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 540.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև 1.800.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան մուտք անելու օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 30.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին Տիգրան Խաչատրյանի միջնորդությունը մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանը պետական տուրքի հետաձգման վերաբերյալ միջնորդությունը մերժելիս, վկայակոչելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձը որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չի հիմնավորել իր գույքային ծանր դրությունը:

Վճռաբեկ դատարանը 28.10.2021 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելով, իր պատճառաբանություններում երկու անգամ արձանագրել է այն փաստը, որ վերաքննիչ բողոք բերած անձը բողոքին կից չի ներկայացրել համապատասխան ապացույցներ` միջնորդությունը հիմնավորելու համար, այդուհանդերձ պետական տուրքի հետաձգման միջնորդությունը բավարարելու անհրաժեշտությունը հիմնավորել է գործում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 01.11.2019 թվականի որոշմամբ, որով բավարարվել է Տիգրան Խաչատրյանի դիմումը անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ և գործում առկա 06.11.2019 թվականի Դատարան մուտքագրված դիմումով:

Գտնում ենք, որ գործում գտնվող նշված փաստաթղթերը ևս բավարար ապացույցներ չեն վերաքննիչ բողոք ներկայացնելու օրվա դրությամբ Տիգրան Խաչատրյանի գույքային ծանր վիճակը հիմնավորելու համար` հետևյալ պատճառներով:

Նախ, վերաքննիչ բողոքը ներկայացվել է 30.07.2020 թվականին, մինչդեռ Տիգրան Խաչատրյանին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու մասին որոշումը կայացվել է 01.11.2019 թվականին, այսինքն` բողոք բերած անձի գույքային վիճակի վերաբերյալ այդ փաստաթուղթը վերաքննիչ բողոք բերելու օրվա դրությամբ ունեցել է 9-ամսյա վաղեմություն:

Վերաքննիչ դատարան ներկայացրած դիմումով Տիգրան Խաչատրյանի ներկայացուցիչը հայտնել է, որ նա գործազուրկ է և այս պահին գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Հայտնի է, որ գործազուրկի կարգավիճակը կրում է ժամանակավոր բնույթ, իսկ տվյալ պահին սոցիալապես ծանր վիճակում գտնվելու վիճակի վերաբերյալ վերաքննիչ բողոքին կից որևէ ապացույց չի ներկայացվել այն դեպքում, երբ նման ապացույցներ ներկայացնելը ոչ միայն հնարավոր էր, այլև անհրաժեշտ` միջնորդության բավարարման հարցը լուծելու տեսանկյունից: Ավելին, միջնորդություն ներկայացրած յուրաքանչյուր անձ պարտավոր է հիմնավորել իր միջնորդությունը համապատասխան ապացույցներով, իսկ դատարանները կամ դատավորները միջնորդությունը կարող են բավարարել, եթե այն ուղեկցվում է միջնորդությունում նշված հանգամանքները հիմնավորող պատշաճ ապացույցներով:

Վկայակոչված հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումից երևում է, որ անվճար իրավաբանական օգնություն հայցելիս Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «իր կարգավիճակը հիմնավորող համապատասխան փաստաթուղթ», իսկ վերաքննիչ բողոք ներկայացնելիս բողոք բերած անձը հարկ չի համարել պետական տուրքի վճարումը հետաձգելու լիազորությամբ օժտված դատարան ներկայացնել համապատասխան փաստաթղթեր: Ստացվում է, որ եթե տեսականորեն հանրային պաշտպանի գրասենյակը կայացրել է անհիմն որոշում (գործում առկա չէ նաև այն փաստաթուղթը, որը ներկայացվել է գրասենյակ), ապա դա պարտադիր է դառնում դրանից ինն ամիս անց բողոքի ընդունման հարցը լուծող դատարանի համար:

Հատկանշական է, որ տվյալ դեպքում խոսք չի գնում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին, որպիսի դեպքում կարող էր վտանգ առաջանալ դատարանի մատչելիության տեսանկյունից, այլ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մատնանշել է այն հանգամանքը, որ միջնորդություն ներկայացրած անձը համապատասխան ապացույցներ չի ներկայացրել` իր գույքային ծանր դրությունը հիմնավորելու համար, ինչն անժխտելի ճշմարտություն է: Անվիճելի է նաև, որ նման ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում էր միջնորդություն ներկայացրած անձը, որը, թեև կարող էր կատարել դատարանի օրինական պահանջը և այդ եղանակով հասնել իր ակնկալած արդյունքին (եթե իրոք գույքային ծանր դրության մեջ էր), սակայն նախընտրել է բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը` նույնիսկ Վճռաբեկ դատարան չներկայացնելով համապատասխան ապացույցներ վերաքննիչ բողոք բերելու օրվա դրությամբ իր գույքային ծանր դրության վերաբերյալ:

Նման պայմաններում անընդունելի է Վճռաբեկ դատարանի որոշմամբ կատարված եզրահանգումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում պետք է ելներ անձի հիմնարար իրավունքների և ազատությունների գերակայությունից, քանի որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անձին չի զրկել արդարադատության մատչելիությունից, այլ նրան ընդամենը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականությունները կատարելու իրավաչափ պահանջ, որն այդ անձի կողմից չի կատարվել:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 19.08.2020 թվականի որոշումը պետք է թողնվեր անփոփոխ:

 

Դատավորներ` Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 28 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.10.2021
N ԵԴ/19871/02/18
Որոշում