Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԴ/4095/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4095/02/19    2021 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Ս. Թորոսյան

                       Տ. Նազարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Էրիկ Եղինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Էրիկ Եղինյանի ընդդեմ «Սի-Էմ-Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորելու, զրպարտելու, հասարակության մոտ իրեն հեղինակազրկելու և հրապարակային վիրավորանք հասցնելու կապակցությամբ «Սի-Էմ-Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ իրեն 1.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու, իրենից գրավոր ներողություն խնդրելուն և հերքում տպագրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Էրիկ Եղինյանը պահանջել է պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորելու, զրպարտելու, հասարակության մոտ իրեն հեղինակազրկելու և հրապարակային վիրավորանք հասցնելու կապակցությամբ «Սի-Էմ-Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, պարտավորեցնել «Սի-Էմ-Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրենից գրավոր ներողություն խնդրելուն և հերքում տպագրելուն:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 04.05.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2021 թվականի որոշմամբ Էրիկ Եղինյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էրիկ Եղինյանը (ներկայացուցիչ Էդգար Գրիգորյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետը, որը պետք է կիրառեր, և կիրառել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 31-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում` պետական տուրքից ազատելու տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները` հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, ինչն ապահովում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ անդրադարձել է պետական տուրքի գծով արտոնություններ սահմանելու` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերին միայն, մինչդեռ բողոքաբերը միջնորդել էր պետական տուրքի գծով արտոնություն սահմանել իր գույքային դրության հաշվառմամբ: Վերաքննիչ դատարանը փաստացի քննարկման առարկա չի դարձրել բողոքաբերի ներկայացրած միջնորդությունը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետով սահմանված հնարավորության տեսանկյունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.06.2021 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը`

1) Դատարանի 04.05.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Էրիկ Եղինյանը, վկայակոչելով չաշխատելու, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակից օգտվելու և այդ պահին պետական տուրքի գումարը վճարելու հնարավորության բացակայության փաստերը, միջնորդել է իրեն ազատել պետական տուրք վճարելու պարտականությունից:

2) Նշված միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ` «(...) բողոքաբերի կողմից վկայակոչված հիմնավորումները բավարար չեն միջնորդությունը բավարարելու և նշված հիմքերով և/կամ հիմքերից որևէ մեկով վերջինիս պետական տուրքի վճարումից ազատելու համար, ընդ որում այն դեպքում, երբ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում սպառիչ կերպով սահմանել է պետական տուրքի վճարումից ազատման հիմքերը, որոնց շարքում միջնորդության հեղինակի կողմից վկայակոչած հիմքերը (կամ դրանցից որևէ մեկը) ներառված չեն, որպիսի հիմնավորմամբ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման (...)» (հատոր 3, գ.թ. 14-16):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին` արդյո՞ք դատարանները կարող են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում չթվարկված սուբյեկտների համար ևս վերջիններիս միջնորդությամբ և նրանց գույքային դրության հաշվառմամբ սահմանել պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն:

 

i

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

i

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):

Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոքաբերը կրում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելու փաստը հաստատող ապացույց ներկայացնելու պարտականություն: Պետական տուրքի վճարման արտոնություն ակնկալելու պայմաններում բողոքին կցվում կամ բողոքում ներառվում է համապատասխան միջնորդություն, եթե բողոքաբերն օրենքով արդեն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Որոշակի խումբ անձանց` պետական տուրք վճարելու պարտականությունից օրենքով ազատված լինելու դեպքերում բացակայում է այդպիսի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ որոշ հանգամանքների հաշվառմամբ օրենսդիրն այդ խումբ անձանց համար արդեն իսկ սահմանել է արտոնություն, ինչն իմաստազրկում է այդպիսի միջնորդությամբ դատարանին դիմելու և կրկնակի արտոնություն ակնկալելու գործողության կատարումը:

ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով թե ոչ (տե՛ս Քրոյցն ընդդեմ Լեհաստանի ((Kreuz v. Poland), թիվ 28249/95, պարբերություն 60):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն (...) դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ դատարանները լիազորված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի կիրառմամբ սահմանելու նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված արտոնություն, ներառյալ` պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն: Դատարանների կամ դատավորների կողմից նման արտոնություն սահմանելու հնարավորությունից բացի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սպառիչ թվարկված են նաև դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերը, որոնցից մեկի առկայությունն արդեն բավարար է անձին պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված համարելու համար: Մասնավորապես.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվելու հիմքերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն սահմանվել է պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնության երկու եղանակ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ:

Առաջին եղանակը դատական պաշտպանություն հայցող սուբյեկտների` օրենքի ուժով դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելն է, ուստի բացակայում է դատարանից արտոնություն հայցելու, իսկ վերջինիս կողմից իր արտոնություն տրամադրելու լիազորությունը կիրառելու անհրաժեշտությունը:

Երկրորդ եղանակը դատարանի կողմից կայացվող որոշմամբ պետական տուրք վճարելու պարտականությունից ազատելն է` դատական պաշտպանություն հայցող սուբյեկտի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացվելու դեպքում` հիմք ընդունելով այդ անձի գույքային դրությունը: Այլ կերպ ասած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը լիազորում է դատարաններին և դատավորներին սահմանելու պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն` բայց անձի գույքային դրության հաշվառմամբ, եթե անձն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրքի վճարման պարտականությունից:

Շարադրվածից հետևում է, որ եթե բացակայում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով պետական տուրքի վճարումից ազատված համարելու օրենսդրական հիմքերը (օրենքի ուժով), այդուհանդերձ ելնելով անձի գույքային դրությունից, նրա միջնորդության հիման վրա` դատարանը կարող է սահմանել հայցվող արտոնությունը (դատարանի հայեցողությամբ): Հետևաբար օրենքի ուժով որոշակի անձանց համար պետական տուրքի գծով արտոնություն սահմանված լինելու փաստն ինքնին չի բացառում դատարանի կողմից այդպիսի արտոնություն սահմանելու` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով ամրագրված հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու` դատարանների և դատավորների լիազորության իրականացման պայմաններին և ընդգծել, որ «(...) յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն` հաշվի առնելով նաև գործի հանգամանքները: Այսպես, օրինակ, օրենսդիրը, ամրագրելով հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն, տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը` գույքային կամ ոչ գույքային: Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա): Վերոգրյալից հետևում է, որ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրության գնահատումը չի կարող իրականացվել` անտեսելով գործի հանգամանքները, հետևաբար դատարանները նման միջնորդություններ քննության առնելիս պետք է ուսումնասիրեն նաև համապատասխանաբար հայցադիմումները, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները (տե՛ս, «Ռեքվիեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Մեգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միջնորդություն ներկայացված լինելու ցանկացած դեպքում դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն պետական տուրք վճարելու անձի ունակությունը` այդ փաստի հաստատմանը ծառայող ապացույցների և գործի հանգամանքների հիման վրա, և դրա արդյունքում հանգեն հետևության:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանի 04.05.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Էրիկ Եղինյանը, վկայակոչելով չաշխատելու, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակից օգտվելու և այդ պահին պետական տուրքի գումարը վճարելու հնարավորության բացակայության փաստերը, միջնորդել է իրեն ազատել պետական տուրք վճարելու պարտականությունից: Նշված միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ` «(...) բողոքաբերի կողմից վկայակոչված հիմնավորումները բավարար չեն միջնորդությունը բավարարելու և նշված հիմքերով և/ կամ հիմքերից որևէ մեկով վերջինիս պետական տուրքի վճարումից ազատելու համար, ընդ որում այն դեպքում, երբ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում սպառիչ կերպով սահմանել է պետական տուրքի վճարումից ազատման հիմքերը, որոնց շարքում միջնորդության հեղինակի կողմից վկայակոչած հիմքերը (կամ դրանցից որևէ մեկը) ներառված չեն, որպիսի հիմնավորմամբ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման (...)»:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններից հետևում է, որ պետական տուրք վճարելու պարտականությունից ազատելու մասին Էրիկ Եղինյանի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դրա հիմքում դրված հիմնավորումները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված չեն որպես անձին պետական տուրքի վճարումից ազատելու հիմք: Նշվածից բխում է, որ Վերաքննիչ դատարանն ընդամենը արձանագրել է Էրիկ Եղինյանի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով պետական տուրքի վճարումից ազատված չլինելու փաստը, և հանիրավի ձեռնպահ մնացել նույն օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով սահմանված կարգով` Էրիկ Եղինյանի գույքային դրության հաշվառմամբ պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը գնահատելու և արտոնություն սահմանելու լիազորությունն իրականացնելուց: Բողոքաբեր Էրիկ Եղինյանի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով պետական տուրքի վճարումից ազատված չլինելու փաստը Վերաքննիչ դատարանին չի կաշկանդում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով սահմանված կարգով` անձի գույքային դրությունը գնահատելու և հայցվող արտոնությունը սահմանելու կամ արտոնությունը մերժելու հարցում:

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել բողոքաբեր Էրիկ Եղինյանի գույքային դրությունը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պահանջվող պետական տուրքի գումարը վճարելու ունակության տեսանկյունից, ինչի հետևանքով վերջինս զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից` հանգեցնելով դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման և այդ իրավունքի բուն էության խաթարման: Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով խախտելով Էրիկ Եղինյանի` Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է

 

բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված լիազորությունը կիրառելու` Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.10.2021
N ԵԴ/4095/02/19
Որոշում