Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ, 66- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԱՐԴ/3808/02/18

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3808/02/18   2021 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 2-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մոնիկա Մարտիրոսյանի ընդդեմ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի (այսուհետ` Համայնք)` Համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշումը, Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` Մոնիկա Մարտիրոսյանին նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մոնիկա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշումը, Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունը, և որպես հետևանք` իրեն վերականգնել նախկին աշխատանքում և Համայնքից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Սիմոնյան) 29.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունը: Մոնիկա Մարտիրոսյանը վերականգնվել է նախկին աշխատանքում, Համայնքից հօգուտ Մոնիկա Մարտիրոսյանի 01.10.2018 թվականից մինչև վերջինիս փաստացի աշխատանքի վերականգնելու օրը բռնագանձվել է միջին աշխատավարձի չափով հաշվարկվող հարկադիր պարապուրդի գումար: Քաղաքացիական գործի վարույթը` Համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ա. Խառատյան, դատավորներ` Ս. Թորոսյան, Ն. Բարսեղյան) 28.06.2019 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2019 թվականի վճիռը մասնակի` հայցը բավարարելու մասով, բեկանվել և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ֆիդանյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2020 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.03.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը (ներկայացուցիչ Հարություն Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է, քանի որ դատարանը յուրաքանչյուր դեպքում կրում է նախնական դատական նիստի ընթացքում գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը պարզելու և ապացուցման բեռը կողմերի միջև բաշխելու պարտականություն, անկախ նրանից, թե դատավարության որ կողմն է այդպիսի պարտականություն կրում օրենքի ուժով:

i

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատարանը չի կատարում ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու պահանջը, այն հնարավոր է արդարացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի առկայությամբ: Նման տրամաբանությունն առհասարակ ինքնանպատակ է դարձնում ապացուցման բեռի բաշխման ինստիտուտը:

Դատարանը պետք է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա որոշի փաստի հաստատված լինելու հարցը:

Այն, որ աշխատանքային իրավահարաբերություններում գործատուն է կրում ապացուցման բեռը, դա չպետք է նույնացնել աշխատողի կողմից ցանկացած փաստարկ վկայակոչելու պարագայում դրանց ապացուցման բեռը ևս գործատուի վրա դնելու իրավական հնարավորության հետ: Գործատուն կրում է բացառապես անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստական և իրավական հիմքերի ապացուցման բեռը, այնինչ այս դեպքում, աշխատողի փաստարկների հերքման բեռը` կրկին ապացուցման բեռի առումով, դատարանները փորձել են դնել պատասխանողի վրա, ինչը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումներից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2020 որոշումը և այն փոփոխել` Մոնիկա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Համայնքի ղեկավարի` 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համայնքի և Մոնիկա Մարտիրոսյանի միջև 16.05.2014 թվականին անորոշ ժամկետով կնքվել է աշխատանքային պայմանագիր: Նշված պայմանագրի հիման վրա Մոնիկա Մարտիրոսյանը նշանակվել է Մրգաշատ համայնքի երաժշտական դպրոցի տնօրեն` պայմանով, որ նա անմիջականորեն ենթարկվում է համայնքի ղեկավարին: Աշխատանքային օրվա սկիզբը սահմանվել է ժամը 09:00-ն, ավարտը` 18:00-ն, իսկ ընդմիջումը` ժամը 13:00-ից 14:00-ն (հատոր 1-ին, գ.թ. 66-67).

2) Համայնքի ղեկավարի 12.09.2018 թվականի թիվ 32 կարգադրության համաձայն` «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատանքային իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ` Աշխատանքային խումբ) հետևյալ կազմով` աշխատանքային խմբի նախագահ` Ա. Հարությունյան (Մրգաշատ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ), անդամներ` Վ. Խաչատրյան (Մրգաշատի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ), Ն. Մարգարյան (Մրգաշատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ), Հ. Սողոմոնյան (Մրգաշատի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ): Աշխատանքային խմբի նախագահին հանձնարարվել է այդ կարգադրությամբ նախատեսված աշխատանքներն իրականացնել պարբերաբար, և դրանց մասին տվյալները ներկայացնել Համայնքի ղեկավարին (հատոր 1-ին, գ.թ. 57-58).

3) Աշխատանքային խմբի կողմից 14.09.2018 թվականին կազմված թիվ 1 արձանագրության համաձայն` Համայնքի ղեկավարի 12.09.2018 թվականի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 14.09.2018 թվականին ժամը 10:30-ին և 11:20-ին Մրգաշատի երաժշտական դպրոց կատարած այցելությունների ընթացքում արձանագրել է դպրոցի դռան փակ լինելը (հատոր 1-ին, գ.թ. 59).

4) Աշխատանքային խմբի կողմից 19.09.2018 թվականին կազմված թիվ 2 արձանագրության համաձայն` Համայնքի ղեկավարի 12.09.2018 թվականի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 19.09.2018 թվականին Մրգաշատի երաժշտական դպրոց կատարած այցելությունների ընթացքում արձանագրել է, որ նշված օրը դպրոցում աշխատանքային գործունեություն չի իրականացվել (հատոր 1-ին, գ.թ. 60).

5) Աշխատանքային խմբի կողմից 26.09.2018 թվականին կազմված թիվ 3 արձանագրության համաձայն` 12.09.2018 թվականի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 26.09.2018 թվականին Մրգաշատի երաժշտական դպրոց կատարած այցելության ընթացքում արձանագրել է, որ նշված օրը աշակերտներ և ուսուցիչներ դպրոց չեն հաճախել, ներկա է եղել միայն տնօրենը (հատոր 1-ին, գ.թ. 61).

6) Աշխատանքային խմբի կողմից 27.09.2018 թվականին կազմված թիվ 4 արձանագրության համաձայն` 12.09.2018 թվականի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 27.09.2018 թվականին Մրգաշատի երաժշտական դպրոց կատարած այցելության ընթացքում արձանագրել է, որ նշված օրը ժամը 14:45-ին տնօրենը բացակայում էր դպրոցից, իսկ աշակերտների հաճախելիությունը շատ ցածր էր (հատոր 1-ին, գ.թ. 62).

i

7) Համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշման համաձայն` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 123-րդ հոդվածով նախատեսված հիմքերով «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից (հատոր 1-ին, գ.թ. 8).

8) ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ավագանու 28.09.2018 թվականին կայացած թիվ 6 արտահերթ նիստի թիվ 25 որոշման արձանագրությունից քաղվածքի համաձայն` նիստի օրակարգն է եղել «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Մոնիկա Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ բնակիչների կողմից ստացված դիմումների քննարկումը: Նիստին մասնակցել է նաև «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Մոնիկա Մարտիրոսյանը: Նիստում արտահայտվել են միայն համայնքի ղեկավար Գ. Դանիելյանը և ավագանու անդամ Ս. Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 64).

i

9) Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրության համաձայն` համայնքի ղեկավարը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 6 արձանագրության նիստի թիվ 25 որոշումը և հաշվի առնելով Մրգաշատի համայնքապետարանի աշխատանքային խմբի 19.09.2018 թվականի թիվ 2 արձանագրությամբ ամրագրված խախտումները, կարգադրել է Արմավիրի մարզի «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Մոնիկա Մարտիրոսյանին 01.10.2018 թվականից ազատել աշխատանքից (հատոր 1-ին, գ.թ. 65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի խախտման հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ աշխատանքային վեճերով ապացուցման պարտականության բեռի բաշխմանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում` ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ` ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է` գործատուի նախաձեռնությամբ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերի քննության կարգը սահմանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով (հոդվածներ 210-214): Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ` աշխատանքային վեճ):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է աշխատանքային վեճերի քննության հատուկ ընթացակարգ: Մասնավորապես, կարևորելով առավել սեղմ ժամկետներում աշխատանքային վեճերի լուծման դատավարական գործընթացը, օրենսդրորեն դատարանի վրա պարտականություն է դրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ գործատուից պահանջել այն բոլոր ապացույցները, որոնք ընկած են վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում, որը գործատուի կողմից ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, այն դեպքում, երբ գործի նախնական քննության փուլում դատարանն առաջարկում է հայցվորին հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջը, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, դատարանն իրավասու է պահանջելու նաև այլ լրացուցիչ ապացույցներ:

Միաժամանակ հարկ է նշել, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում, նկատի ունենալով աշխատողների խոցելի կարգավիճակը, նախատեսվել է նաև ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող` ապացուցման պարտականության բաշխման հատուկ կանոն: Այսպես, օրենսդիրը հստակեցրել է, որ աշխատանքային վեճերով վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Ըստ այդմ էլ, սահմանվել է նաև, որ վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցը գործատուի կողմից, որպես ընդհանուր կանոն, կարող է ներկայացվել միայն դատարանի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման կատարման ընթացքում, ինչը ենթադրում է այդ որոշումը գործատուի կողմից ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Հակառակ պարագայում, գործատուն պարտավոր է հիմնավորել իրենից անկախ պատճառներով ապացույցի ներկայացման անհնարինությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ չնայած օրենսդիրն աշխատանքային վեճերով ապացուցման բաշխման վերաբերյալ նախատեսել է այլ կարգ, քան քաղաքացիական գործերով այլ վեճերի կապակցությամբ ապացուցման բաշխման ընդհանուր կարգը, այդուհանդերձ, նշված վեճերով ևս ապացույցները պետք է լինեն թույլատրելի, վերաբերելի ու արժանահավատ: Հակառակ պարագայում նշված ապացույցները չեն կարող դրվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ հերքման հիմքում: Ընդ որում, աշխատանքային վեճերով ևս ապացուցման պարտականություն կրող անձը` գործատուն, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ պարագայում, երբ փաստը մնում է վիճելի, դրա բացասական հետևանքները պետք է կրի դրա ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է` գործատուն (տե՛ս, Տիգրան Բաղդասարյանն ընդդեմ «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի թիվ ԱՐԱԴ/1385/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև այդ հանգամանքները հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցներով, և իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ: Ընդ որում, դատարանի կողմից նման առաջարկ ներկայացնելը չի ենթադրում բացարձակ հայեցողություն, դատարանը ցանկացած պարագայում սահմանափակված է գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ:

Սույն գործը հարուցվել է Մոնիկա Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշումը, Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունը, և որպես հետևանք` իրեն վերականգնել նախկին աշխատանքում և Համայնքից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Դատարանը 10.03.2020 թվականի վճռով հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «(...) գնահատելով Աշխատանքային խմբի կողմից 14.09.2018թ. թիվ 1, 26.09.2018թ. թիվ 3 և 27.09.2018թ. թիվ 4 կազմված արձանագրությունները, արձանագրում է, որ դրանցում հստակ առկա են գրառումներ այն մասին, թե կոնկրետ որ ժամին ինչ է արձանագրվել: Ինչ վերաբերում է պատասխանողի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի այն պնդմանը, որ խումբն այդ օրը` ժամը 09:00-18:00, ներկա է գտնվել Մրգաշատի երաժշտական դպրոցի մոտ, ապա այն անհիմն է, չի բխում թիվ 2 արձանագրության բովանդակությունից, որովհետև, եթե խումբն ամբողջ աշխատանքային օր ներկա է գտնվել, ապա ինչու է արձանագրությամբ արձանագրել կատարած այցելություններ արտահայտությունը: Բացի այդ, պատասխանողը զրկված չէր ստեղծված աշխատանքային խմբի անդամներին որպես վկաներ հրավիրել դատարան, և վերջիններս իրենց ցուցմունքներով պարզաբանեին թիվ 2 արձանագրության բովանդակությունը: Այսինքն, վերը նշվածով չի հաստատվում այն փաստը, որ Մոնիկա Մարտիրոսյանը 19.09.2018 թվականին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է աշխատանքից, հետևաբար գործատու Մրգաշատ համայնքի ղեկավարը նրան աշխատանքից ազատելիս չէր կարող կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը»:

i

Վերաքննիչ դատարանը Համայնքի վերաքննիչ բողոքը մերժել է այն հիմնավորմամբ, որ «Պատասխանող կողմը չի ապացուցել, որ ողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը բացակայել է աշխատավայրից: Ավելին, եթե անգամ բացակայել է, ապա տնօրենին աշխատանքից ազատելու հարցը կարող էր քննարկման առարկա դարձնել միմիայն այն դեպքում, երբ բացատրություն պահանջելուց և ստանալուց հետո հավաստիանար, որ տնօրենը աշխատանքի չի ներկայացել անհարգելի պատճառով, որպիսի փաստը չի ապացուցվել, ինչը նշանակում է, որ տնօրենը չէր կարող ազատվել աշխատանքից»: Անդրադառնալով Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի խախտման հիմքին` Վերաքննիչ դատարանը նշված հիմքը նույնպես համարել է անհիմն` պատճառաբանելով, որ «Թեև Դատարանը գործի քննության ընթացքում առանձին որոշմամբ այդպիսի պարտավորություն չի դրել պատասխանողի վրա, սակայն նման պարտավորություն պատասխանողը կրում է օրենքի ուժով: Այսպես, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական ակտի ընդունման օրենքով և այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը պահպանած լինելու փաստերն ապացուցելու պարտավորությունը կրում է պատասխանողը:»:

 

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Սույն գործով Դատարանը չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջը, այն է` նախնական դատական նիստի ընթացքում չի հստակեցրել գործի համար էական նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք ենթակա են ապացուցման, չի կատարել ապացուցման բեռի բաշխում, ինչպես նաև գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար չի պահանջել անհրաժեշտ ապացույցներ: Դատարանը, չկատարելով նշված գործողությունները, Համայնքի կողմից ներկայացված ապացույցները համարել է ոչ բավարար այն փաստի ապացուցման համար, համաձայն որի` Մոնիկա Մարտիրոսյանը մի ամբողջ աշխատանքային օր անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի: Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխում չկատարելուն, արձանագրել է, որ թեև Դատարանը չի կատարել ապացուցման բեռի բաշխում, սակայն օրենքով Համայնքի վրա է դրված Մոնիկա Մարտիրոսյանի` մի ամբողջ օր անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հանգամանքն ապացուցելու պարտականությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, որ աշխատանքային հարաբերություններում օրենքով գործատուի վրա է դրված անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը ապացուցելու պարտականությունը, այնուամենայնիվ, օրենսդիրը, հաշվի առնելով աշխատանքային վեճերով գործերի քննության առանձնահատկությունները, դատարանի վրա դրել է ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ պահանջելու պարտականություն: Ավելին, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև դրանք հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցներով, և իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ: Տվյալ պարագայում Դատարանը, արձանագրելով, որ մի ամբողջ օր անհարգելի պատճառով Մոնիկա Մարտիրոսյանի աշխատանքի չներկայանալու հանգամանքը չի ապացուցվել Համայնքի կողմից` ներկայացված ապացույցների ոչ բավարար լինելու պատճառաբանությամբ, միաժամանակ փաստել է, որ նշված փաստը կարող էր ապացուցվել նաև վկաների ցուցմունքներով, որոնց հրավիրելու և հարցաքննելու միջնորդություն Համայնքը չի ներկայացրել: Նշվածից հետևում է, որ Դատարանի գնահատմամբ ապացույցների բավարար համակցության զանգված ձևավորելու համար կարող էին պահանջվել այլ ապացույցներ, որպիսիք ներկայացնելու առաջարկ, սակայն, Դատարանի կողմից չի ներկայացվել պատասխանողին, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

i

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից պատշաճ կարգով չեն իրականացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորությունները, ինչը հանգեցրել է նաև նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի խախտման, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2021
N ԱՐԴ/3808/02/18
Որոշում