i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6236/05/20
դատարանի որոշում 2021 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6236/05/20
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի նոյեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Օազիս Ֆուդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն), երրորդ անձ Սարգիս Մարգարյանի` Գործակալության 28.06.2019 թվականի թիվ 29101 ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ երրորդ անձ Սարգիս Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Գործակալության 28.06.2019 թվականի թիվ 29101 ապրանքային նշանի գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 14.09.2020 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Ընկերության միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2021 թվականի որոշմամբ երրորդ անձ Սարգիս Մարգարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.09.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասով, թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Սարգիս Մարգարյանը (ներկայացուցիչ` Հարություն Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 80-րդ և 96-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցներից առավել քան ակնհայտ է եղել, որ Ընկերությունն ապրանքային նշանի գրանցման մասին իմացել է առնվազն 09.01.2020 թվականին, երբ ստացել է Սարգիս Մարգարյանի կողմից ուղարկված դիմում-պահանջը` ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու վերաբերյալ, սակայն այդ պահից սկսած որևէ գործողություն չի ձեռնարկել իր իրավունքների ենթադրյալ խախտումը վերացնելու ուղղությամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե անգամ ընդունվի, որ Ընկերությունն այդ մասին չգիտեր, ապա վերջինս այդ մասին իմացել է առավելագույնը 30.03.2020 թվականին, երբ իր դեմ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հայցադիմում` ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելուն պարտավորեցնելու պահանջով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցի օրինակն ուղարկվել է Ընկերությանը, որին կից եղել է նաև վիճարկվող վարչական ակտը, հետևաբար էական նշանակություն չունի այն հարցը, թե դատարանն արդյոք վարույթ ընդունել է հայցադիմումը, թե` ոչ: Ըստ այդմ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ժամկետի հաշվարկը չի կարող իրականացվել 30.03.2020 թվականից, քանի որ հայցադիմումը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ընկերությունը փաստորեն դատական պաշտպանություն է հայցել միայն 07.09.2020 թվականին: Այսինքն` ակնհայտ է, որ Ընկերությունը բաց է թողել դատավարական ժամկետը և այժմ զրկված է դատական պաշտպանություն հայցելու իրավունքից: Միաժամանակ` վերջինս չի ներկայացրել ոչ օբյեկտիվ և ոչ էլ սուբյեկտիվ պատճառներ, որ դրա մասին իմանալուց հետո անմիջապես ձեռնամուխ է եղել իր ենթադրյալ իրավունքների խախտման պաշտպանության գործին և դրանով պայմանավորված վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը հայցվորը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով:
Բացի այդ, սույն գործով ստորադաս դատարանների դիրքորոշումներն ուղղակիորեն հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի թիվ ՎԴ/0059/05/14, 30.10.2013 թվականի թիվ ՎԴ/9439/05/12, 10.12.2014 թվականի թիվ ՎԴ/2499/05/14 և 24.12.2014 թվականի թիվ ՎԴ/1963/05/14 որոշումներով տրված մեկնաբանություններին:
i
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.02.2021 թվականի թիվ ՎԴ/6236/05/20 որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունքի իրացման որոշակի կարգ և պայմաններ:
Այսպես`
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51, 55):
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
i
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, նույն օրենսգրքի 72-րդ հոդվածում նախատեսել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, ամրագրելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ նախատեսել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ու վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով (տե՛ս, օրինակ, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնումը պայմանավորված է սուբյեկտիվ գործոնով, ապա անդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցին` դատարանը պետք է գնահատի այդ ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու վերաբերյալ հայցվորի փաստարկների հիմնավորվածությունը: Մասնավորապես` այն, թե վերջինս վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո իրենից կախված ողջամիտ ու բավարար ինչ միջոցներ է ձեռնարկել դատարան դիմելու, իր պահանջը հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, որքանով են դրանք անհրաժեշտ եղել դատական պաշտպանության դիմելու համար և արդյոք այդ միջոցները ձեռնարկվել են վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո վիճարկման հայց ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետի ընթացքում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողնումը կարող է հարգելի համարվել և վերականգնվել միայն այն պարագայում, երբ ներկայացված ապացույցներով կհիմնավորվի, որ հայցվորի կողմից ձեռնարկված գործողություններն անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության դիմելու համար և իրականացվել են վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո վիճարկման հայց ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետի ընթացքում: Հակառակ պարագայում կխաթարվի դատավարության կողմերի իրավունքների պաշտպանության ողջամիտ հարաբերակցությունը, քանի որ հնարավոր չի լինի ապահովել ժամկետային սահմանափակումների սահմանման օրենսդրական նպատակի իրագործումը, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը:
Սույն գործի փաստերի համաձայն` Սարգիս Մարգարյանը դիմում-պահանջ է ներկայացրել Ընկերությանը` նաև նշելով, որ «իր կողմից 24.12.2018 թվականին ներկայացված հայտի հիման վրա ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը «BELLAGIO» ապրանքային նշանի նկատմամբ գրանցել է իր իրավունքը: (...) Սարգիս Մարգարյանը, որպես «BELLAGIO» ապրանքային նշանի իրավատեր, արգելում է «BELLAGIO» ապրանքային նշանի ցանկացած եղանակով օգտագործումը և խնդրում անհապաղ հանել, հեռացնել (...) զետեղված «BELLAGIO» ապրանքային նշանը» (Հավելված 1-ին, գ.թ. 74, 75):
Նշված դիմում-պահանջն Ընկերությունն ստացել է 09.01.2020 թվականին (Հավելված 1-ին, գ.թ. 76):
Դրանից հետո Ընկերությունը սույն գործով հայցադիմումը Դատարան է մուտքագրել 07.09.2020 թվականին (հավելված 1-ին, գ.թ. 4-13): Միաժամանակ Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ Ընկերությունը տեղեկացել է Սարգիս Մարգարյանի կողմից ներկայացված հայցադիմումից, որն ստացել է 01.06.2020 թվականին: Դրանից հետո 11.06.2020 թվականին Գործակալությանն ուղարկվել է հարցում «ԲԵԼԱՋԻՈ» ապրանքային նշանի գրանցման համար հիմք հանդիսացած նյութերի պատճենները ստանալու համար, որին ի պատասխան 06.07.2020 թվականին ստացել է թիվ 29101 գրանցման համար ունեցող ապրանքային նշանի վարչական վարույթի նյութերի պատճենները (հավելված 1-ին, գ.թ. 10-13): Այնուհետև Ընկերությունը վիճարկման հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան և խնդրել վերականգնել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը:
i
Դատարանի 14.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ այն պատճառաբանություններով, որ «տեղեկանալով վիճարկվող գրանցման մասին, Ընկերությունը միջոցներ է ձեռնարկել իր իրավունքներին միջամտող վարչական ակտն ստանալու ուղղությամբ` մասնավորապես նկատի ունենալով նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը պարտավորեցնում է հայցվորին վիճարկման հայցին կցել նաև վարչական ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել»: Դրա արդյունքում Դատարանը գտել է, որ «նման իրավիճակում անհրաժեշտ է հայցվորին ընձեռել հնարավորություն օգտվել դատական պաշտպանության իրավունքից և անհրաժեշտ է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով երրորդ անձ Սարգիս Մարգարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները` միաժամանակ արձանագրելով, որ «հայցվոր կողմը ողջամիտ ժամկետում իրականացրել է իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելուն ուղղված իրավաչափ գործողություններ, ուստի հիմնավոր է ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը` հայցվորին ընձեռելով հնարավորություն օգտվելու դատական պաշտպանության իրավունքից»:
Վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են և չեն բխում սույն գործի փաստերից, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը, դեռևս 09.01.2020 թվականին տեղեկանալով վիճարկվող վարչական ակտի` 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո կատարված «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցման մասին, միայն շուրջ հինգ ամիս հետո` 11.06.2020 թվականին է Գործակալությանն ուղարկել հարցում «ԲԵԼԱՋԻՈ» ապրանքային նշանի գրանցման համար հիմք հանդիսացած նյութերի պատճենները ստանալու նպատակով, որոնք 06.07.2020 թվականին ստանալով` 07.09.2020 թվականին Դատարան է ներկայացրել սույն գործով հայցադիմումը: Այսինքն` վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո Ընկերությունը վիճարկման հայց ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետի ընթացքում չի ձեռնարկել դատարան դիմելու, իր պահանջը հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությունները, քանի որ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնումը պայմանավորված է եղել սուբյեկտիվ գործոնով, որից ելնելով` այդ ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու վերաբերյալ փաստարկներն անհիմն են:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար, հետևաբար Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս հիմքին:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի 14.09.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
25.11.2021 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ/6236/05/20 վարչական գործով 25.11.2021 թվականին
կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 25.11.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Օազիս Ֆուդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն), երրորդ անձ Սարգիս Մարգարյանի` Գործակալության 28.06.2019 թվականի թիվ 29101 ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ երրորդ անձ Սարգիս Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.09.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
i
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Սույն գործի փաստերի համաձայն` 07.09.2020 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել Ընկերության ներկայացրած հայցադիմումը, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցումը (հավելվածի գ.թ. 4-10):
Հայցվոր Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ Ընկերությունը տեղեկացել է Սարգիս Մարգարյանի կողմից ներկայացված հայցադիմումից, որը ստացել է 01.06.2020 թվականին: Դրանից հետո 11.06.2020 թվականին Գործակալությանը ուղարկվել է հարցում «ԲԵԼԱՋԻՈ» ապրանքային նշանի գրանցման համար հիմք հանդիսացած նյութերի պատճենները ստանալու համար, որին ի պատասխան 06.07.2020 թվականին ստացել է թիվ 29101 գրանցման համար ունեցող ապրանքային նշանի վարչական վարույթի նյութերի պատճենները (հավելվածի գ.թ. 10-13): Այնուհետև Ընկերությունը վիճարկման հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան և խնդրել վերականգնել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը:
Դատարանի 14.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ այն պատճառաբանություններով, որ հայցվոր ընկերության կողմից ժամկետի բացթողնման պատճառները կարելի է համարել հարգելի, քանի որ տեղեկանալով վիճարկվող վարչական ակտի մասին, հայցվորը միջոցներ է ձեռնարկել իր իրավունքներին միջամտող վարչական ակտն ստանալու ուղղությամբ` մասնավորապես նկատի ունենալով նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը պարտավորեցնում է հայցվորին վիճարկման հայցին կցել նաև վարչական ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել: Դատարանը գտել է, որ հետևաբար նման իրավիճակում անհրաժեշտ է հայցվորին ընձեռել հնարավորություն օգտվել դատական պաշտպանության իրավունքից և անհրաժեշտ է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը:
Վերաքննիչ դատարանը, մերժելով երրորդ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնել Դատարանի 14.09.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի և այդ իրավունքի ժամկետային սահմանափակումների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով` 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով` 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով` 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով` 28-րդ կետ, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճռով` 51-րդ և 55-րդ կետեր, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճռով` կետ 57 արտահայտած իրավական դիրքորոշումները` եզրահանգելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:
Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) Սարգիս Մարգարյանը դիմում-պահանջ է ներկայացրել Ընկերությանը` նաև նշելով, որ «իր կողմից 24.12.2018 թվականին ներկայացված հայտի հիման վրա ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը «BELLAGIO» ապրանքային նշանի նկատմամբ գրանցել է իր իրավունքը: (...) Սարգիս Մարգարյանը, որպես «BELLAGIO» ապրանքային նշանի իրավատեր, արգելում է «BELLAGIO» ապրանքային նշանի ցանկացած եղանակով օգտագործումը և խնդրում անհապաղ հանել, հեռացնել (...) զետեղված «BELLAGIO» ապրանքային նշանը» (Հավելված 1-ին, գ.թ. 74, 75):
Նշված դիմում-պահանջն Ընկերությունն ստացել է 09.01.2020 թվականին (Հավելված 1-ին, գ.թ. 76):
Դրանից հետո Ընկերությունը սույն գործով հայցադիմումը Դատարան է մուտքագրել 07.09.2020 թվականին (հավելված 1-ին, գ.թ. 4-13): Միաժամանակ Ընկերությունը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ Ընկերությունը տեղեկացել է Սարգիս Մարգարյանի կողմից ներկայացված հայցադիմումից, որն ստացել է 01.06.2020 թվականին: Դրանից հետո 11.06.2020 թվականին Գործակալությանն ուղարկվել է հարցում «ԲԵԼԱՋԻՈ» ապրանքային նշանի գրանցման համար հիմք հանդիսացած նյութերի պատճենները ստանալու համար, որին ի պատասխան 06.07.2020 թվականին ստացել է թիվ 29101 գրանցման համար ունեցող ապրանքային նշանի վարչական վարույթի նյութերի պատճենները (հավելված 1-ին, գ.թ. 10-13): Այնուհետև Ընկերությունը վիճարկման հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան և խնդրել վերականգնել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը:
(...) Ընկերությունը, դեռևս 09.01.2020 թվականին տեղեկանալով վիճարկվող վարչական ակտի` 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո կատարված «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցման մասին, միայն շուրջ հինգ ամիս հետո` 11.06.2020 թվականին է Գործակալությանն ուղարկել հարցում «ԲԵԼԱՋԻՈ» ապրանքային նշանի գրանցման համար հիմք հանդիսացած նյութերի պատճենները ստանալու նպատակով, որոնք 06.07.2020 թվականին ստանալով` 07.09.2020 թվականին Դատարան է ներկայացրել սույն գործով հայցադիմումը: Այսինքն` վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո Ընկերությունը վիճարկման հայց ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետի ընթացքում չի ձեռնարկել դատարան դիմելու, իր պահանջը հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ (...)»:
Նախ` հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալի, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման առկայությունը հաստատված համարելու իր եզրահանգումը հիմնավորելու նպատակով Վճռաբեկ դատարանը վկայակոչել է դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքների իրացումը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով և Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված այն իրավական դիրքորոշումները, ըստ որոնց` դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է, դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը, դատարանի մատչելիության իրավունքը կարող է ենթարկվել ժամկետային սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները պետք է համատեղելի լինեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, այնինչ հանգել է վերոգրյալ իրավանորմերի և իրավական դիրքորոշումների տրամաբանությանը տրամագծորեն հակառակ տրամաբանական եզրահանգման` գտնելով, որ անձին չի կարող տրամադրվել դատական պաշտպանություն:
i
Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ վերը վկայակոչված իրավանորմերն ու դրանց վերաբերյալ կատարված վերլուծությունները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով և Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումներով կիրառվել են ի հիմնավորումն դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը բավարարման ենթակա լինելու եզրահանգման (տե՛ս, Գարեգին Հարությունյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Արմեն Չատյանի թիվ ՎԴ/3118/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2020 թվականի որոշումը, Գուրգեն Ազատյանն ու Ելիզավետա Մանասյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի թիվ ՎԴ/6202/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):
Գտնում ենք, որ դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքների իրացումը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունների ու ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով և Եվրոպական դատարանի վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր և Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնվեր ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
i
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը, Գուրգեն Ազատյանն ու Ելիզավետա Մանասյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի թիվ ՎԴ/6202/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):
Սույն գործով հայցվոր Ընկերությունը, ի հիմնավորումն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության, հայտնել է, որ 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ Ընկերությունը տեղեկացել է Սարգիս Մարգարյանի կողմից ներկայացված հայցադիմումից, որը ստացել է 01.06.2020 թվականին: Դրանից հետո 11.06.2020 թվականին Գործակալությանն ուղարկվել է հարցում «ԲԵԼԱՋԻՈ» ապրանքային նշանի գրանցման համար հիմք հանդիսացած նյութերի պատճենները ստանալու համար, որին ի պատասխան 06.07.2020 թվականին ստացել է թիվ 29101 գրանցման համար ունեցող ապրանքային նշանի վարչական վարույթի նյութերի պատճենները (հավելվածի գ.թ. 10-13):
Այսինքն` վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկված լինելու օրվա մասին Ընկերությունը դատարանին հայտնել է տվյալ, որը, հակառակը հիմնավորող ապացույցի բացակայության պարագայում, համարվել է հավաստի:
Նման պայմաններում Ընկերության հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել օրենքով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ, քանի որ 01.06.2020 թվականին իրազեկված լինելով վիճարկվող վարչական ակտի մասին Ընկերությունը հայցադիմումը դատարան է ներկայացրել 07.09.2020 թվականին:
Վճռաբեկ դատարանը, սակայն, որպես վիճարկվող գրանցման վերաբերյալ Ընկերության իրազեկված լինելու օր դիտարկել է 09.01.2020 թվականը` հիմք ընդունելով գործի հավելվածի 76-րդ էջում առկա փոստային հետադարձ անդորրագրի պատճենը: Վճռաբեկ դատարանը, ըստ էության, նշված անդորրագիրը համարել է բավարար, հաստատված համարելու այն փաստը, որ Ընկերությունն ստացել է Սարգիս Մարգարյանի կողմից ուղարկված դիմում-պահանջը: Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Ընկերությունը, դեռևս 09.01.2020 թվականին տեղեկանալով վիճարկվող վարչական ակտի` 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո կատարված «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցման մասին, միայն շուրջ հինգ ամիս հետո` 11.06.2020 թվականին է Գործակալությանն ուղարկել հարցում «ԲԵԼԱՋԻՈ» ապրանքային նշանի գրանցման համար հիմք հանդիսացած նյութերի պատճենները ստանալու նպատակով, որոնք 06.07.2020 թվականին ստանալով` 07.09.2020 թվականին Դատարան է ներկայացրել սույն գործով հայցադիմումը: Այսինքն` վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո Ընկերությունը վիճարկման հայց ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետի ընթացքում չի ձեռնարկել դատարան դիմելու, իր պահանջը հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ:
Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի կողմից հիմք ընդունված գործի հավելվածի 76-րդ էջում առկա փոստային հետադարձ անդորրագրի պատճենը վերոգրյալ փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույց չի կարող դիտվել հետևյալ պատճառաբանությամբ.
Նշված անդորրագրի պատճենից հնարավոր է հետևություն անել միայն այն մասին, որ Մյասնիկյան 2 հասցեից Սարգիս Մարգարյանը «Օազիս ֆուդ» ՍՊԸ-ին, Կոտայքի մարզ, գյուղ Պտղնի, 21 փողոց թիվ 2/1 հասցեով ուղարկել է ինչ-որ առաքանի, որը նշված հասցեում 09.01.2020 թվականին ստացել է Հ. Հովհաննիսյանը: Քննարկվող անդորրագրի պատճենը վերոգրյալ տեղեկություններից բացի որևէ այլ տեղեկություն չի պարունակում: Անդորրագրում առկա է «Առաքանու բնույթը/Nature of the item» բաժին, որում նույնպես որևէ նշում արված չէ:
Նման պայմաններում Սարգիս Մարգարյանի կողմից ուղարկված դիմում-պահանջն Ընկերության կողմից 09.01.2020 թվականին ստանալու փաստն այդ անդորրագրով հաստատված համարելու Վճռաբեկ դատարանի եզրահանգումն անբացատրելի է: Կարելի է թերևս ենթադրել, որ Վճռաբեկ դատարանի համար որոշիչ է եղել այն հանգամանքը, որ հիշատակված անդորրագրի պատճենը գործի հավելվածում գտնվում է Սարգիս Մարգարյանի «Դիմում-պահանջ» վերտառությամբ փաստաթղթից (հավելվածի գ.թ. 74-75) անմիջապես հետո` 76-րդ էջում: Նշված հանգամանքը, սակայն, իմ համոզմամբ չի կարող բավարար լինել դիմում-պահանջը Ընկերության կողմից ստացված լինելու փաստը հաստատված համարելու համար, քանի որ անկախ նրանից, թե անդորրագիրը գործի որ էջում է գտնվում, ինչպես նաև հաջորդում կամ նախորդում է որևէ փաստաթղթի, համապատասխան եզրակացության կարելի է հանգել միայն դրանում պարունակվող տեղեկությունների վերլուծության արդյունքում:
Ավելին, նշված փոստային անդորրագրի պատճենի վրա առկա AG020494035AM համարով առաքանու վերաբերյալ «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքում առկա տեղեկության համաձայն (հղում` https://www.haypost.am/am/track-trace#AG020494035AM) նշված համարի առաքանին հաճախորդից ընդունվել է 10.01.2020 թվականին` ժամը 11:19-ին, և հանձնվել է 17.01.2020 թվականին` ժամը 12:36-ին:
Վերոգրյալ տվյալները համադրելով հավելվածի 76-րդ էջում գտնվող AG020494035AM համարով փոստային անդորրագրի պատճենի հետ, որում առկա գրառման համաձայն` առաքանին ստացվել է 09.01.2020 թվականին, պարզ է դառնում, որ 10.01.2020 թվականին փոստային բաժանմունք ընդունված առաքանին ոչ մի կերպ չէր կարող մեկ օր առաջ հանձնվել հասցեատիրոջը:
Նկարագրված ակնհայտ անհամապատասխանությունները վկայում են այն մասին, որ նշված անդորրագրի պատճենը թույլատրելի և վերաբերելի ապացույց չէ և չի կարող հիմք ընդունվել դրանով կոնկրետ բովանդակությամբ փաստաթուղթ, տվյալ դեպքում Սարգիս Մարգարյանի «Դիմում-պահանջը» ուղարկված լինելու և հասցեատիրոջ, տվյալ դեպքում Ընկերության կողմից այն ստացված լինելու փաստերը հաստատված համարելու համար:
Այսպիսով, գտնում ենք, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որը բավարար կհանդիսանա հերքված համարելու հայցվորի ներկայացրած տեղեկությունն այն մասին, որ 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ Ընկերությունը տեղեկացել է 01.06.2020 թվականին` ստանալով Սարգիս Մարգարյանի կողմից ներկայացված հայցադիմումը, որից հետո 11.06.2020 թվականին Գործակալության է ուղարկել հարցում «ԲԵԼԱՋԻՈ» ապրանքային նշանի գրանցման համար հիմք հանդիսացած նյութերի պատճենները ստանալու համար, որին ի պատասխան 06.07.2020 թվականին ստացել է թիվ 29101 գրանցման համար ունեցող ապրանքային նշանի վարչական վարույթի նյութերի պատճենները:
Հիմք ընդունելով վիճարկվող վարչական ակտի մասին 01.06.2020 թվականին իրազեկված լինելու մասին հայցվորի կողմից ներկայացված և որևէ ապացույցով չհերքված տվյալը, գտնում ենք, որ 07.09.2020 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացնելով սույն գործի հարուցման հիմք հանդիսացող հայցադիմումը, հայցվորն ակնհայտորեն բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը, որպիսի պայմաններում Դատարանն իրավացիորեն քննարկման առարկա է դարձրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը` անդրադառնալով բաց թողնման պատճառներին:
Միևնույն ժամանակ գտնում ենք, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը բավարար են եղել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի գնահատելու ու այդ ժամկետը վերականգնելու համար, քանի որ տեղեկանալով վիճարկվող գրանցման մասին, հայցվորը միջոցներ է ձեռնարկել իր իրավունքներին միջամտող վարչական ակտը ստանալու ուղղությամբ` մասնավորապես նկատի ունենալով նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը պարտավորեցնում է հայցվորին վիճարկման հայցին կցել նաև վարչական ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել:
Ըստ այդմ, իրավաչափ է ստորադաս դատարանների այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` նման իրավիճակում անհրաժեշտ է հայցվորին ընձեռել հնարավորություն օգտվել դատական պաշտպանության իրավունքից և անհրաժեշտ է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը, հաշվի առնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատաքննության իրավունքի վերաբերյալ Եվրոպական դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ այդ իրավունքը, որի մասնավոր տարր է հանդիսանում մատչելիության իրավունքը, չի հանդիսանում բացարձակ իրավունք և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, հատկապես բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ այն իր էությամբ պահանջում է պետության կողմից կարգավորում, որը կարող է փոփոխվել` կախված ժամանակից և տեղից, ինչպես հասարակության, այնպես էլ կոնկրետ անձանց պահանջմունքներին և միջոցներին համապատասխան Պետություններն այս առնչությամբ օգտվում են հայեցողության ազատությունից: Այնուամենայնիվ, դատարանի մատչելիության իրավունքը չի կարող սահմանափակվել այնպես և այն սահմաններով, որ վնասի նրա էությանը, և դրանք համապատասխանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե ունեն օրինական նպատակ և կիրառված միջոցների և դրված նպատակի միջև գոյություն ունի արդար հավասարակշռություն (տե՛ս, Golder v. United Kingdom, 21 feb. 1975, Fayed v. United Kingdom, 25 aug. 1994, Ashingdane v. United Kingdom, 28 may 1985, Garcia Manibardo v. Spain (15 feb. 2000), 29.06.2000, Bellet v. France, 20 nov. 1995, Philis v. Greece, 27 aug. 1991, Tolstoy Miloslavsky v. United Kingdom, 23 jun. 1995):
Այսպիսով, գտնում ենք, որ նման պայմաններում ժամկետային սահմանափակումը համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, ուստի համակարծիք չենք Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված այն դիրքորոշման հետ, որ Ընկերությունը, դեռևս 09.01.2020 թվականին տեղեկանալով վիճարկվող վարչական ակտի` 28.06.2019 թվականի թիվ 29101 համարի ներքո կատարված «Բելաջիո», «BELLAGIO», «ԲԵԼԼԱԴԺԻՕ» ապրանքային նշանի գրանցման մասին, միայն շուրջ հինգ ամիս հետո` 11.06.2020 թվականին է Գործակալությանն ուղարկել հարցում «ԲԵԼԱՋԻՈ» ապրանքային նշանի գրանցման համար հիմք հանդիսացած նյութերի պատճենները ստանալու նպատակով, որոնք 06.07.2020 թվականին ստանալով` 07.09.2020 թվականին Դատարան է ներկայացրել սույն գործով հայցադիմումը: Այսինքն` վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո Ընկերությունը վիճարկման հայց ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետի ընթացքում չի ձեռնարկել դատարան դիմելու, իր պահանջը հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ:
Ինչպես վերն արդեն նշել ենք, նախ` որևէ թույլատրելի ապացույց սույն գործի հավելվածում առկա չէ, որով կարելի է եզրահանգում անել վիճարկվող վարչական ակտի մասին հայցվորի 09.01.2020 թվականից տեղեկացված լինելու մասին և, երկրորդ` հիմք ընդունելով Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները և հայցվորի կողմից ներկայացված փաստարկները, գտնում ենք, որ Դատարանի 14.09.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասով անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել` Վերաքննիչ դատարանի 18.02.2021 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
Դատավոր Դատավոր
Ռ. Հակոբյան Հ. Բեդևյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 25 նոյեմբերի 2021 թվական: