Սեղմել Esc փակելու համար:
«ԲԻՈՖՐՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԻՈՖՐՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2022 թվականի թիվ 93-Ա

 

«ԲԻՈՖՐՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ նաև` Հանձնաժողով) 2022 թվականի մարտի 9-ի նիստում, քննարկելով «Բիոֆրուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Վարույթի ընթացքի հակիրճ նկարագրությունը.

Հանձնաժողովը 2022 թվականի փետրվարի 8-ին ««Բիոֆրուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 51-Ա որոշմամբ (այսուհետ նաև` Թիվ 51-Ա որոշում) հարուցել է վարույթ (այսուհետ` Վարույթ):

 

2. Ընկերության դիրքորոշումը.

Ընկերությունը 2022 թվականի փետրվարի 2-ին Հանձնաժողով ներկայացված գրությամբ հայտնել է, որ շուրջ երկու տարի է զբաղվում է չրերի արտադրությամբ: Չրերի փաթեթների մակնշումը համապատասխանում է ՄՄ ՏԿ 022/2011 «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Չրերի փաթեթվածքների վրա նշված է «BI FRUIT» ապրանքային նշանը, ոչ մի կապ չունի բիո, էկո, օրգանական հասկացությունների հետ և սպառողները չեն կարող «BI FRUIT» ապրանքային նշանը դիտարկել որպես օրգանական սննդամթերք: Ընկերությունը նշել է, որ երբևէ չի մտածել սպառողներին գցել թյուրիմացության մեջ:

Ընկերությունը հայտնել է նաև, որ նախկինում արված ԵԱՀ համապատասխանության հայտարարագրի մեջ որպես ապրանքային նշան նշված է եղել «BIO FRUIT», որը տպագրական սխալմունք է: Նշված թյուրիմացությունը շտկելու նպատակով Ընկերությունը կրկին հանել է ԵՏՄ-ի համապատասխանության հայտարարագիր, որտեղ անվանումը շտկվել է և նշվել է «BI FRUIT»: Ընկերության «BI FRUIT» ապրանքային նշանը Մտավոր սեփականության գրասենյակում գրանցելու համար ներկայացվել է հայտ:

Ընկերությունը 2022 թվականի փետրվարի 22-ին Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ Ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2020 թվականից: Ընկերության հիմնական նպատակը եղել է և կա այսօր` հայ և միջազգային սպառողին հայկական որակյալ արտադրանք մատուցելը: Ցանկանալով ընդլայնել Ընկերության գործունեությունը տարիների ընթացքում Ընկերության հիմնադիրները որոշել են ընկերությունը անվանել «Բիո Ֆրուտ»` ցանկանալով հետագայում մոտենալ «Բիո» որակով և չափանիշներով արտադրանքի ստացման: Սակայն հստակ գիտակցելով, որ արտադրանքը չի հանդիսանում «Բիո» չափանիշներով արտադրանք ֆիրմային անունը կնքել են «Բի Ֆրուտ», որի բացատրությունը հետևյալն է` մրգի 2-րդ կարգավիճակ:

Ընկերությունը նշել է, որ վերջինիս ֆիրմային տուփերի վրա բացի ««Բիո Ֆրուտ» ՍՊԸ» գրառումից չկա որևէ «Բիո» բառ: Ընկերությունը ոչ մի մտադրություն չի ունեցել ապրանքի որակի անհիմն չափազանցման կամ սպառողների մոլորեցման համար: Ընկերությանը տրված բոլոր տեսակի հայտարարագրերում նշված է «Բի Ֆրուտ» ապրանքանիշի անվանումը: Չրերի տուփերի վրա մեծ և հստակ տառերով գրված է «BI FRUIT» անվանումը, որը ըստ Ընկերության չի կարող ասոցացվել «BIO» բառի կամ որակի չափանիշի հետ: Սոցիալական ցանցերում և գովազդային պաստառներում նշված է «Բի Ֆրուտ», որը հենց կարող է ապացույց հանդիսանալ այն բանի, որ Ընկերությունը որևէ ցանկություն չի ունեցել սպառողներին մոլորության մեջ գցելու:

Բացի այդ, Ընկերությունը հայտնել է, որ նպատակ ունենալով շարունակել հայրենանվեր աշխատանքը համաշխարհային պանդեմիայի ժամանակաշրջանում, սուղ միջոցների պայմաններում տվյալ արտաքին տեսքով տուփերի և չրերի նմուշները ուղարկվել են մի քանի օտարերկրյա կազմակերպություններին համագործակցության համար: Ունենալով մեծ ցանկություն Հանձնաժողովի հետ համագործակցելու և Հանձնաժողովի որոշմանը ընդառաջ գնալու, հիմնադիրների ժողովի արդյունքում եկած եզրահանգումը հետևյալն է` «Բի Ֆրուտ» արտադրատեսակի տուփերի վրա լրացուցիչ պիտակով նշել, որ տվյալ արտադրանքը չի հանդիսանում «Բիո» արտադրանք: Այս կերպ ի գիտություն ընդունել Հանձնաժողովի որոշումը, Ընկերությունը կխուսափի հետագա թյուրիմացություններից:

 

3. Հանձնաժողովի կողմից պահանջված և ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը.

1) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 5-ի ««Գլոբալ Ութեյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Կրպակ» սուպերմարկետում դիտանցումներ իրականացնելու մասին» թիվ 4-Ա հրամանի հիման վրա 2022 թվականի հունվարի 7-ին «Կրպակ» սուպերմարկետում` ք. Երևան, Թումանյան 20 հասցեում իրականացվել է դիտանցում, որի արդյունքում կազմվել է «Դիտանցումների արդյունքների վերաբերյալ» թիվ 4 արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն):

Արձանագրության համաձայն` «Գլոբալ Ութեյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Կրպակ» սուպերմարկետում վաճառքում առկա են Ընկերության կողմից արտադրվող ծիրանի, խնձորի և սալորի չրեր (այսուհետ նաև` Ապրանքները), որոնց փաթեթվածքների վրա առկա են «BIO» մակնշումը:

2) Հանձնաժողովի նախագահի 2022 թվականի հունվարի 11-ի թիվ ԳԳ-46 գրությամբ (այսուհետ` Թիվ ԳԳ-46 գրություն) Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել Ապրանքների օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության հավաստագիր(եր)ի (սերտիֆիկատ (ներ)ի) պատճեն (ներ)ը:

Ընկերությունը, ի պատասխան թիվ ԳԳ-46 գրության, 2021 թվականի փետրվարի 2-ին Հանձնաժողովին ներկայացված գրությամբ հայտնել է, որ Ապրանքների փաթեթվածքների վրա նշված է «BI FRUIT» ապրանքային նշանը, որը որևէ կապ չունի բիո, էկո, օրգանական հասկացությունների հետ և ներկայացրել է ԵԱՀ համապատասխանության հայտարարագրեր:

3) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ ԳԳ-267 գրությամբ (այսուհետ` Թիվ ԳԳ-267 գրություն) Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

1. Ընկերության կողմից արտադրված «BIO» բառի մակնշմամբ փաթեթվածքներով Ապրանքների իրացման սկզբնաժամկետների վերաբերյալ` նշելով ամսաթվերը,

2. Ընկերության կողմից 2020 և 2021 թվականներին արտադրված Ապրանքների իրացման ծավալները (բնեղեն արտահայտությամբ) և դրանց իրացումից ստացված հասույթի չափերը` առանձնացված` ըստ տարիների և ըստ ապրանքների (ոչ ամբողջական տարի արտադրված լինելու դեպքում` ըստ ամիսների):

3. Ընկերության կողմից 2020 և 2021 թվականներին արտադրված այլ չրերի իրացման ծավալները (բնեղեն արտահայտությամբ) և դրանցից յուրաքանչյուրի իրացումից ստացված հասույթի չափը` առանձնացված` ըստ տարիների (ոչ ամբողջական տարի արտադրված լինելու դեպքում` ըստ ամիսների) և ըստ ապրանքների:

Ընկերությունը, ի պատասխան թիվ ԳԳ-267 գրության, 2022 թվականի փետրվարի 22-ի գրությամբ Հանձնաժողովին հայտնել է, որ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2020 թվականից` միաժամանակ նշելով, որ 2020 թվականին «Բի Ֆրուտ» փաթեթավորմամբ չրեր իրացվել է ընդհանուր

:

4) Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ ԳԳ-280 գրությամբ (այսուհետ` Թիվ ԳԳ-280 գրություն) Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ` խնդրելով տրամադրել տեղեկատվություն`

1. Ընկերության 2020 և 2021 թվականների տարեկան հասույթի չափերի վերաբերյալ` ըստ տարիների,

2. 2021 թվականի ընթացքում Ընկերության կողմից Ապրանքների, ինչպես նաև առկայության դեպքում «BIO» մակնշմամբ այլ չրերի իրացումից ստացված հասույթի չափերի վերաբերյալ` առանձնացված ըստ ապրանքների, իսկ անհնարինության դեպքում դուրսգրված բոլոր հաշվարկային փաստաթղթերի և ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ:

ՊԵԿ-ը 2022 փետրվարի 14-ին Հանձնաժողով է ներկայացրել պահանջված տեղեկատվությունը, որի համաձայն`

:

 

4. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները.

1. Ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «BIO» բառի մակնշմամբ Ապրանքները:

2. Ընկերությունը Ապրանքների օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ) չունի:

3. Ընկերությունը հայտնել է, որ 2020 թվականին Ապրանքների իրացումից ստացված հասույթը կազմել է ընդհանուր

 

:

4. ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն` Ընկերության 2020 թվականի տարեկան իրացման շրջանառությունը կազմել է

:

 

5. Վարույթի փաստական հանգամանքների և վերաբերելի իրավական նորմերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգում է հետևյալին.

1) Ընկերության կողմից իրավախախտում կատարված լինելու հարցի կապակցությամբ.

i

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:

i

Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

i

Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն են սույն օրենքի 17-24-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողությունները:

Վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է գործողությունը անբարեխիղճ դիտարկելու երկու եղանակ. մի դեպքում անբարեխիղճ մրցակցության դեպքերն են Օրենքի 16-24-րդ հոդվածներով սահմանված առանձին դրսևորումները, մյուս դեպքում` Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշները պարունակող գործողությունները, այն է` տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը.

1. հակասում է Օրենքին, այն օրենքներին, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին,

2. խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս և սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:

Տվյալ դեպքում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը հարուցվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորման` հասարակության մոլորեցման վերաբերյալ, ուստի քննարկման ենթակա է Ընկերության կողմից հասարակության մոլորեցման հարցը:

i

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում հասարակության մոլորեցումը, այդ թվում`

1) ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ Օրենքի 20-րդ հոդվածում թվարկված բնութագրերի կամ պայմանների վերաբերյալ.

2) ապրանքների որակն անհիմն չափազանցելը կամ որակի, քանակի կամ այլ բնութագրերի կամ ապրանքների ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը կամ տեղեկատվությունն այն ձևով ներկայացնելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման).

3) գովազդի մեջ (գովազդելու ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի կամ կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը կամ տվյալների (տեղեկությունների) այն ձևով նշումը, որն սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու իրացվող կամ գովազդվող ապրանքի կամ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ.

4) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդները, որոնք կարող են կանխել, սահմանափակել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը:

i

«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով: Սերտիֆիկատի տրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

i

«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաև գովազդում նշվում է «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե`

1) այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված և հավաստված (սերտիֆիկացված) արտադրանք է,

2) ներմուծվող արտադրանքն ուղեկցվում է օրգանական գյուղատնտեսության կանոններով սահմանված համապատասխանության հավաստման փաստաթղթերով:

i

«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի արտադրություն և (կամ) շրջանառություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող սննդամթերքի և (կամ) սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման միջոցներում արգելվում է օգտագործել «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը` առանձին կամ հարադիր, բացառությամբ զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող և (կամ) շրջանառող և (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող և (կամ) շրջանառվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի և (կամ) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ծառայությունների մատուցման անհատականացման միջոցների:

i

«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ տարածքում շրջանառության մեջ գտնվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է մակնշված լինի համապատասխան նշանով և ուղեկցվի սերտիֆիկատով: Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայությամբ` գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաև գովազդում «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինների կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերի` առանձին կամ հարադիր բառերի օգտագործումը պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության տարրեր: Այսինքն, օրենսդրությամբ արգելված է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայության դեպքում արտադրանքի մակնշելիս կամ գովազդելիս օգտագործել «բիո» բառն անկախ օգտագործման նպատակներից և հարադիր կառուցվածքներից:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության կողմից արտադրվող Ապրանքների փաթեթվածքների վրա առկա է կանաչ գույնի տառերով «BIO FRUIT» մակնշումը, որտեղ «BI» տառերի անմիջապես կողքին առկա է «O» տառին նմանվող պատկեր` տերևի և կաթիլի տեսքով:

Վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ապրանքներն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրեր (սերտիֆիկատներ) չունեն: Այսինքն` Ապրանքները օրգանական գյուղատնտեսության վարման կանոններով արտադրված չեն:

Նման պայմաններում Հանձնաժողովը հարկ է համարում անդրադառնալ Տախիստոսկոպյան մեթոդիկային, որը հանդիսանում է արագ տեսողական արձագանքմանն ուղղված գործիք և կիրառվում է ընկալման արագության և հստակության չափման համար: Այն թույլ է տալիս ամրագրել, որ սպառողի կողմից ապրանքի ճանաչումը միջին ժամանակահատվածում կազմում է 1/4-րդ վայրկյան (տես https://cyberleninka.ru/article/n/tahistoskopicheskaya-metodika-v- issledovanii-smesheniya-tovarnyh-znakov հղումով):

Այսինքն, սպառողները Ապրանքն ընտրելիս (միջինը 1/4-րդ վայրկյանում) փաթեթվածքի վրա տեսնելով կանաչ գույնի տառերով (ինչը սպառողների մոտ կարող է ասոցացվել օրգանական արտադրանքի հետ) «BIO FRUIT» մակնշումը, որտեղ «BI» տառերի անմիջապես կողքին առկա է «O» տառին նմանվող պատկեր` տերևի և կաթիլի տեսքով, այն կարող են ընկալել որպես Ապրանքի հավաստված (սերտիֆիկացված) օրգանական գյուղատնտեսական արտադրանք լինելու հավաստում:

Վերը նշվածով հերքվում է նաև Ընկերության այն պնդումը, որ Ապրանքների փաթեթվածքների վրա նշված է «BI FRUIT» ապրանքային նշանը ոչ մի կապ չունի բիո, էկո, օրգանական հասկացությունների հետ և սպառողները չեն կարող «BI FRUIT» ապրանքային նշանը դիտարկել որպես օրգանական սննդամթերք:

Հաշվի առնելով վերոգրյալը` Հանձնաժողովն արձանագրում է, որ Ապրանքների փաթեթվածքների վրա «BIO FRUIT» արտահայտության (որտեղ «BI» տառերի անմիջապես կողքին առկա է «O» տառին նմանվող պատկեր` տերևի և կաթիլի տեսքով) մակնշելն այն դեպքում, երբ Ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ, որի համար օրենսդրությամբ նախատեսված է իրավական հետևանք` պատասխանատվության միջոցի կիրառում:

2) Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի կապակցությամբ.

i

Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

i

Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

i

Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը:

i

Հանձնաժողովի` 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ հաստատված` պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը (այսուհետ նաև` Մեթոդաբանություն) 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Հանձնաժողովը տալիս է նախազգուշացում հետևյալ դեպքերում. իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը հաշվարկման արդյունքում հավասար է կամ չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքով սահմանված տուգանքի առավելագույն չափն իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսն է, իսկ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն` Ընկերության 2021 թվականի

հասույթի չափը կազմել է     ՀՀ դրամ, անկախ Մեթոդաբանությամբ սահմանված`

տուգանքի հաշվարկման կանոնները կիրառելու հանգամանքից,                                                              ՀՀ դրամի հինգ տոկոսը`

ՀՀ դրամը, փոքր է 250 000 ՀՀ դրամից:

Այսպիսով, վերոնշյալ հանգամանքների համադրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերությանն անհրաժեշտ է տալ նախազգուշացում:

 

6. Եզրափակիչ մաս.

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով, 101-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Հանձնաժողովը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Բիոֆրուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «BIO» մակնշմամբ ծիրանի, խնձորի և սալորի չրերի իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակել որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված խախտման համար «Բիոֆրուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախազգուշացում:

3. Հանձնարարել «Բիոֆրուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`

1) մեկամսյա ժամկետում շտկել Օրենքի խախտումը` դադարեցնել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն արտադրված «BIO» մակնշմամբ ծիրանի, խնձորի և սալորի չրերի իրացումը, այդ թվում` այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել կամ դրանց մակնշումները համապատասխանեցնել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի պահանջներին.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնարարությունը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Հանձնաժողովին` ներկայացնելով հիմնավորող ապացույցներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը «Բիոֆրուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից:

i

5. Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարությունը սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                 Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2022 թ. մարտի 10

Երևան

 

__________________

ԻՐՏԵԿ - Առևտրային գաղտնիք պարունակող որոշ տվյալներ բաց են թողնված

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
09.03.2022
N 93-Ա
Որոշում