ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-40-Ո-106
2018 թ.
i
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՐՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՐՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2018 թվականի սեպտեմբերի 27-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների վերաբերյալ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը սահմանելու մասին հարցերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 99-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել դատավորների թեկնածուների հավակնորդների վերաբերյալ հարցումների իրականացման կարգը և հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը` համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը` համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. սեպտեմբերի 27
ք. Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. սեպտեմբերի 27-ի
թիվ ԲԴԽ-40-Ո-106 որոշման
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՀԱՐՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿ
i
1. Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2- րդ մասի 11-րդ կետով սահմանված համաձայնության հիման վրա, հավակնորդին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, Դատական դեպարտամենտը, անհրաժեշտության դեպքում, գրավոր հարցումներ է կատարում հետևյալ հաստատություններ և վարչական մարմիններ.
1) հավակնորդի աշխատավայր (այդ թվում` վերջին 3 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնում նախկին աշխատավայր)` պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող տեղեկատվության ստուգման նպատակով,
2) հավակնորդի բարձրագույն ուսումնական հաստատություններ` իրավաբանական կրթության` պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի ստուգման նպատակով,
3) ՀՀ արդարադատության նախարարություն` հավակնորդի սնանկության կամ դրա բացակայության մասին հայտարարությունը հավաստող փաստաթղթի ստուգման նպատակով,
4) ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն` հավակնորդի դատվածության կամ դրա բացակայության մասին հայտարարությունը հավաստող փաստաթղթի ստուգման, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկատվության ստացման նպատակով,
4.1) ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն` միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվության ստուգման նպատակով,
5) բժշկական հաստատություն` դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթղթի ստուգման նպատակով,
6) զինվորական մարմին` արական սեռի հավակնորդի դեպքում` պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի ստուգման նպատակով,
7) Բարձրագույն որակավորման կոմիտե` գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի ստուգման նպատակով:
(1-ին կետը փոփ. 14.04.2022 ԲԴԽ-39-Ո-86, 06.12.2023 ԲԴԽ-99-Ո-304 որոշումներ)
i
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասով Դատական դեպարտամենտին վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակով, սույն որոշմամբ սահմանված իրավասու հաստատությունները և վարչական մարմինները համապատասխան հարցումն ստանալու պահից հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում Դատական դեպարտամենտին են տրամադրում հայցվող տեղեկատվությունը:
(2-րդ կետը փոփ. 06.12.2023 ԲԴԽ-99-Ո-304 որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. սեպտեմբերի 27-ի
թիվ ԲԴԽ-40-Ո-106 որոշման
ՀԱՐՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎ
._________________________________________________________________.
| Հավակնորդի ազգանուն, անուն, հայրանուն |
|_________________________________________________________________|
|Հարցման բովանդակություն |Հարցման հասցեատիրոջ նկատառումներ|
|________________________________|________________________________|
|1. | |
|________________________________|________________________________|
|2. | |
|________________________________|________________________________|
|3. | |
|________________________________|________________________________|
|4. | |
._________________________________________________________________.