ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
6 ապրիլի 2022 թվականի N 335
ՌԵԶԻԴԵՆՏ ԵՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՊԱՍԻՎ ԵԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Սեղանի խաղերի միջոցառումներում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրվում է մրցանակներ: ՀՀ հարկային օրենսդրության համաձայն ստացած մրցանակները համարվու՞մ են պասիվ եկամուտներ և առաջանու՞մ է պարտավորություն ներկայացնել պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների վերաբերյալ հաշվետվությունը:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 4-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` պասիվ եկամուտը ֆիզիկական անձի կամ օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտներն են, մասնավորապես` շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճ (բացառությամբ նույն մասի 24-րդ կետով սահմանված դեպքերի և նույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող` անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների),
i
- 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
i
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 300-Ն հրամանի N 4 հավելվածով սահմանված է ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի տեղեկությունների ձևը և լրացման կարգը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի տեղեկություններում ներառվում են միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկությունները: Հետևաբար, ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ստացած մրցանակների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է վերոնշյալ տեղեկություններում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ