Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ, 51- ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    Դատարանի որոշում                           թիվ ԱՎԴ1/0209/02/21

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0209/02/21      2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի հունվարի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Հասմիկ Հարությունյանի, Արման Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 104.650 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` ավտոմեքենային հատուցված վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը` գործավարման ծախս, 1.650 ՀՀ դրամը` մինչև 22.01.2021 թվականը ներառյալ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.01.2021 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

i

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 22.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է` Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 104.650 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը` գործավարման ծախս, 1.650 ՀՀ դրամը` 04.12.2020 թվականից մինչև 22.01.2021 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նաև 2.093 ՀՀ դրամ` որպես պետական տուրք և 10.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է մայր գումարի` 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.01.2021 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ն. Գաբրիելյան) 03.06.2021 թվականի որոշմամբ Դատարանի 22.04.2021 թվականի վճռի դեմ Բյուրոյի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Վահե Աստվածատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

1) Այսպես` Վերաքննիչ դատարանը նշել է, որ Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով:

Նախ Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման բնօրինակն ընդամենը մեկ օրինակ է, և հետևաբար չի կարող ներկայացվել բոլոր դատական գործերին կից: Բացի այդ, Դատարանը գործի քննության ողջ ընթացքում նշված որոշման բնօրինակ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ կողմին չի ներկայացրել:

2) Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ քաղաքացիական գործում առկա է Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Վահե Աստվածատրյանին տրված լիազորագիր, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ ստորագրությունը պատճեն է:

Սույն դեպքում Դատարանը գործը քննել և վճիռը կայացրել է այն նույն լիազորագրի առկայության պայմաններում, որը Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ է դրվել: Դատարանը գտել է, որ ներկայացված լիազորագիրը պատշաճ է և գործը վարույթ ընդունելով, այնուհետև նաև վճիռ կայացնելով` հաստատել է վերջինիս պատշաճությունը և համապատասխանությունն օրենքին:

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և քննության առարկա է դարձրել լիազորագրի հավաստիությունն ու իսկությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

i

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում

(տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` անձինք, որոնք` վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ նույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

i

Վերը նշված հոդվածների բովանդակության համադրումից հետևում է, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի: Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք իրենց լիազորությունները պետք է հավաստեն բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը սահմանում է գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը:

i

Այսպիսով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` ֆիզիկական անձի` ոչ փաստաբանին տված լիազորագրով` վավերացված նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով. փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

i

Այսինքն` երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները: Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք), ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությանը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանը 22.01.2021 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումին կից ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 18): Հայցադիմումին կից ներկայացվել է նաև Բյուրոյի, ի դեմս տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից «ԲԵՍԹ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի փաստաբաններ Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին 19.11.2020 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը (հատոր 1-ին, գ.թ. 21):

Դատարանի 22.04.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը (հատոր 1-ին, գ.թ. 52):

Վերաքննիչ դատարանը, 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բյուրոյի անունից բերված բողոքը վերադարձրել է պատճառաբանելով, որ թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ »»Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով:

Դրանից բացի, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փաստաբան Վահե Աստվածատրյանի կողմից վերաքննիչ բողոքին չի կցվել լիազորագիր, իսկ թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն, անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

i

Այսպես` բոլոր դեպքերում փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր է պահանջվում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ընդհանրական կարգով սահմանում է օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունների հավաստման կարգը` հղում անելով համապատասխան փաստաթղթին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի` դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար` արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է, թե` ոչ: Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ:

i

Այսպես, դատավարական կողմ հանդիսացող ֆիզիկական անձի օրինական ներկայացուցչի կարգավիճակը կարող է պայմանավորված լինել ներկայացվողի տարիքով, հիվանդությամբ, հաշմանդամությամբ կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներով: Դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, եթե դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ գործի նյութերում առկա ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ, անհիմն է, քանի որ Բյուրոյի ներկայացուցիչը դեռևս հայցադիմում ներկայացնելիս պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը` հայցադիմումին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կասկածի տակ դնել Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Վահե Աստվածատրյանին տրված լիազորագիրը, լիազորագրում առկա ստորագրությունը պատճենի տեսքով լինելու հիմքով, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ որևէ գնահատական չի տվել 20.11.2020 թվականի լիազորագիրը Վաղինակ Եղիազարյանի կողմից ստորագրված լինելու կամ չլինելու հարցին, այլ իրավացիորեն արձանագրել է, որ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է, այսինքն իսկականը չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ բացահայտել է «ստորագրություն» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը, արձանագրելով, որ ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի «ստորագրություն» է` անուն-ազգանվան կամ դրանց կրճատումով կազմվող տառերի յուրահատուկ գրային-գծագրական ինքնագիրը, անուն-ազգանուն կամ կեղծանունը, որը մեկը դնում է իր գրածների տակ(1): Մեկ այլ աղբյուրի համաձայն` «ստորագրություն» է համարվում որևէ բանի տակ սեփական ձեռքով գրված անուն-ազգանունը(2):

_______________________

1) Տե՛ս «Արդի հայերենի բացատրական բառարան», Էդուարդ Բագրատի Աղայան (1976):

2) Տե՛ս «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ (1969):

 

Ընդհանրացնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը (տե՛ս, ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի, Մարինե Բալասանյանի, Հայկ, Արմեն, Հրայր, Գայանե, Լիանա և Ռուբեն Կարապետյանների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Սույն դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերից երևում է, որ 20.11.2020 թվականին Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանը Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագրի վրա դրված գրաֆիկական պատկերով դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ լիազորագիրը ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով դրոշմակնքելու և թե՛ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացնելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք է համարվում, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելը հիմնավոր է:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ սույն վճռաբեկ բողոքը ներկայացվել է Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից, Վճռաբեկ դատարանն այն 14.07.2021 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել Վաղինակ Եղիազարյանի կողմից տրված լիազորագրի պատշաճ լինելու խնդրին, քանի որ ներկայացված բողոքով վիճարկվում է լիազորագրի պատշաճ լինելու հարցը, հետևաբար Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում անդրադառնալով լիազորագրի հարցին կանխակալ վերաբերմունք կցուցաբերեր սույն գործով ներկայացված բողոքի վերաբերյալ, միաժամանակ բողոքաբերին կզրկեր Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքում նշված առաջին հիմքով բողոքարկելու հնարավորությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ է, հետևաբար այդ մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է, և կատարման ոչ ենթակա, իսկ լիազորագիրը պատշաճ ստորագրված չլինելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետևաբար դատական ակտը պետք է թողնել անփոփոխ:

 

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործով 21.01.2022 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

21.01.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հունվարի 21-ին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ Բյուրոյի հայցի ընդդեմ Հասմիկ Հարությունյանի և Արման Բաբայանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

i

«Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 104.650 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` ավտոմեքենային հատուցված վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը` գործավարման ծախս, 1.650 ՀՀ դրամը` մինչև 22.01.2021 թվականը ներառյալ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.01.2021 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 22.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է` Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 104.650 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը` գործավարման ծախս, 1.650 ՀՀ դրամը` 04.12.2020 թվականից մինչև 22.01.2021 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նաև 2.093 ՀՀ դրամ` որպես պետական տուրք և 10.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է մայր գումարի` 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.01.2021 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ն. Գաբրիելյան) 03.06.2021 թվականի որոշմամբ Դատարանի 22.04.2021 թվականի վճռի դեմ Բյուրոյի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Վահե Աստվածատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

1) Այսպես` Վերաքննիչ դատարանը նշել է, որ Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով:

Նախ Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման բնօրինակն ընդամենը մեկ օրինակ է, և հետևաբար չի կարող ներկայացվել բոլոր դատական գործերին կից: Բացի այդ, Դատարանը գործի քննության ողջ ընթացքում նշված որոշման բնօրինակ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ կողմին չի ներկայացրել:

2) Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ քաղաքացիական գործում առկա է Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Վահե Աստվածատրյանին տրված լիազորագիր, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ ստորագրությունը պատճեն է:

Սույն դեպքում Դատարանը գործը քննել և վճիռը կայացրել է այն նույն լիազորագրի առկայության պայմաններում, որը Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ է դրվել: Դատարանը գտել է, որ ներկայացված լիազորագիրը պատշաճ է և գործը վարույթ ընդունելով, այնուհետև նաև վճիռ կայացնելով` հաստատել է վերջինիս պատշաճությունը և համապատասխանությունն օրենքին:

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և քննության առարկա է դարձրել լիազորագրի հավաստիությունն ու իսկությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

i

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

i

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում

(տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև` անձինք, որոնք` վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ նույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

i

Վերը նշված հոդվածների բովանդակության համադրումից հետևում է, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի: Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք իրենց լիազորությունները պետք է հավաստեն բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը սահմանում է գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը:

i

Այսպիսով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` ֆիզիկական անձի` ոչ փաստաբանին տված լիազորագրով` վավերացված նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով. փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

Այսինքն` երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները: Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք), ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությանը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանը 22.01.2021 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումին կից ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 18): Հայցադիմումին կից ներկայացվել է նաև Բյուրոյի, ի դեմս տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից «ԲԵՍԹ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի փաստաբաններ Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին 19.11.2020 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը (հատոր 1-ին, գ.թ. 21):

Դատարանի 22.04.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը (հատոր 1-ին, գ.թ. 52):

Վերաքննիչ դատարանը, 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բյուրոյի անունից բերված բողոքը վերադարձրել է պատճառաբանելով, որ թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ »»Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով:

Դրանից բացի, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փաստաբան Վահե Աստվածատրյանի կողմից վերաքննիչ բողոքին չի կցվել լիազորագիր, իսկ թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն, անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես` բոլոր դեպքերում փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր է պահանջվում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ընդհանրական կարգով սահմանում է օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունների հավաստման կարգը` հղում անելով համապատասխան փաստաթղթին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի` դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար` արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է, թե` ոչ: Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ:

Այսպես, դատավարական կողմ հանդիսացող ֆիզիկական անձի օրինական ներկայացուցչի կարգավիճակը կարող է պայմանավորված լինել ներկայացվողի տարիքով, հիվանդությամբ, հաշմանդամությամբ կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներով: Դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, եթե դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ գործի նյութերում առկա ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ, անհիմն է, քանի որ Բյուրոյի ներկայացուցիչը դեռևս հայցադիմում ներկայացնելիս պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը` հայցադիմումին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կասկածի տակ դնել Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Վահե Աստվածատրյանին տրված լիազորագիրը, լիազորագրում առկա ստորագրությունը պատճենի տեսքով լինելու հիմքով, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ որևէ գնահատական չի տվել 20.11.2020 թվականի լիազորագիրը Վաղինակ Եղիազարյանի կողմից ստորագրված լինելու կամ չլինելու հարցին, այլ իրավացիորեն արձանագրել է, որ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է, այսինքն իսկականը չէ:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ բացահայտել է «ստորագրություն» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը, արձանագրելով, որ ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի «ստորագրություն» է` անուն-ազգանվան կամ դրանց կրճատումով կազմվող տառերի յուրահատուկ գրային-գծագրական ինքնագիրը, անուն-ազգանուն կամ կեղծանունը, որը մեկը դնում է իր գրածների տակ(1): Մեկ այլ աղբյուրի համաձայն` «ստորագրություն» է համարվում որևէ բանի տակ սեփական ձեռքով գրված անուն-ազգանունը(2):

______________________

1) Տե՛ս «Արդի հայերենի բացատրական բառարան», Էդուարդ Բագրատի Աղայան (1976):

2) Տե՛ս «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ (1969):

 

Ընդհանրացնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը (տե՛ս, ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի, Մարինե Բալասանյանի, Հայկ, Արմեն, Հրայր, Գայանե, Լիանա և Ռուբեն Կարապետյանների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Սույն դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերից երևում է, որ 20.11.2020 թվականին Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանը Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագրի վրա դրված գրաֆիկական պատկերով դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ լիազորագիրը ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով դրոշմակնքելու և թե՛ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացնելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք է համարվում, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելը հիմնավոր է:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ սույն վճռաբեկ բողոքը ներկայացվել է Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից, Վճռաբեկ դատարանն այն 14.07.2021 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել Վաղինակ Եղիազարյանի կողմից տրված լիազորագրի պատշաճ լինելու խնդրին, քանի որ ներկայացված բողոքով վիճարկվում է լիազորագրի պատշաճ լինելու հարցը, հետևաբար Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում անդրադառնալով լիազորագրի հարցին կանխակալ վերաբերմունք կցուցաբերեր սույն գործով ներկայացված բողոքի վերաբերյալ, միաժամանակ բողոքաբերին կզրկեր Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքում նշված առաջին հիմքով բողոքարկելու հնարավորությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ է, հետևաբար այդ մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է, և կատարման ոչ ենթակա, իսկ լիազորագիրը պատշաճ ստորագրված չլինելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետևաբար դատական ակտը պետք է թողնել անփոփոխ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով»:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: (...)

i

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

 

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի խախտում: Այսինքն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելիս Վճռաբեկ դատարանը բավարարվել է միայն այն փաստը հաստատված համարելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել վերը նշված դատավարական իրավունքի նորմի խախտումը:

Նախ ցանկանում եմ նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածում օրենսդիրը «առերևույթ» եզրույթն օգտագործել է ոչ թե նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում, այլ` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում: Դրանից ելնելով` գտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հետ համադրմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի համար պարտականություն է նախատեսում վճռաբեկ բողոքն ընդունելու քննության ոչ թե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից առերևույթ նյութական կամ դատավարական իրավունքի որևէ նորմի խախտում թույլ տրված լինելու հիմքով, այլ այն հիմքով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որն արդեն հաստատապես դրսևորվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում թույլ տրված լինելով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում, կարծում եմ, որ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը, ի տարբերություն նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացվածի, չի կարող վարույթ ընդունվել, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը չունի եզրահանգում այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացնելիս հաստատապես թույլ է տրվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ավելին` նման եզրահանգումը չի կարող լինել կասկածանքի մակարդակով: Նշված դիրքորոշումս բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ, 365-րդ, 390-րդ և 394-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից, որի արդյունքում եկել եմ եզրահանգման, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում որևիցե պարագայում ստորադաս դատարանի դատական ակտը չի կարող թողնվել օրինական ուժի մեջ, քանի որ բողոքը վարույթ ընդունելիս ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է հաստատապես համոզված լինի, որ առկա է կա՛մ գործի սխալ լուծմանը հանգեցրած նյութական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, կա՛մ գործի սխալ լուծմանը հանգեցրած (կամ որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը) դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում:

 

Միևնույն ժամանակ ցանկանում եմ անդրադառնալ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու մասին որոշման հիմքում դրված պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ նման դատական ակտ կայացնելու համար:

Այսպես`

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ, ըստ էության, այն շարժառիթներով, որ`

- «դատավարական կողմի` դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար` արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է, թե` ոչ: Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ»,

- «Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ գործի նյութերում առկա ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ, անհիմն է, քանի որ Բյուրոյի ներկայացուցիչը դեռևս հայցադիմում ներկայացնելիս պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը` հայցադիմումին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը»,

- «գործում առկա նյութերից երևում է, որ 20.11.2020 թվականին Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանը Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագրի վրա դրված գրաֆիկական պատկերով դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե` լիազորագիրը ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով դրոշմակնքելու և թե` լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացնելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք է համարվում, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելը հիմնավոր է»:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ է, հետևաբար այդ մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է, և կատարման ոչ ենթակա, իսկ լիազորագիրը պատշաճ ստորագրված չլինելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետևաբար դատական ակտը պետք է թողնել անփոփոխ»:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «սույն վճռաբեկ բողոքը ներկայացվել է Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից, Վճռաբեկ դատարանն այն 14.07.2021 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել Վաղինակ Եղիազարյանի կողմից տրված լիազորագրի պատշաճ լինելու խնդրին, քանի որ ներկայացված բողոքով վիճարկվում է լիազորագրի պատշաճ լինելու հարցը, հետևաբար Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում անդրադառնալով լիազորագրի հարցին կանխակալ վերաբերմունք կցուցաբերեր սույն գործով ներկայացված բողոքի վերաբերյալ, միաժամանակ բողոքաբերին կզրկեր Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքում նշված առաջին հիմքով բողոքարկելու հնարավորությունից»:

Մինչ վերը նշված շարժառիթներին անդրադառնալը նախ ցանկանում եմ իմ անհամաձայնությունը հայտնել Վճռաբեկ դատարանի պատճառաբանության վերաբերյալ` կապված այն հանգամանքի հետ, թե ինչու Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելիս չի անդրադարձել լիազորագրի պատշաճ լինելու հարցին, որը նպատակ է ունեցել չցուցաբերելու իբրև կանխակալ վերաբերմունք, և կարծիք հայտնել այն մասին, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմքով է բողոքարկվում ստորադաս դատարանի դատական ակտը, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` բողոքը վերադարձնելու հիմք, որը թեկուզև նույնական է ստորադաս դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշվածին, ապա բոլոր դեպքերում այդ բողոքը ենթակա է վերադարձման, և բողոքը վերադարձնելու հիմքի առկայության պայմաններում այն որևէ պարագայում չի կարող ընդունվել վարույթ:

Այժմ անդրադառնամ վերը նշված շարժառիթներին: Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում առկա չէ լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում` օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել ինչպես անձամբ` ստորագրելով բողոքը, այնպես էլ` փաստաբանի միջոցով` գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարելով իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված անձի:

Բողոքը գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի կողմից անձամբ ներկայացվելու դեպքում այն կարող է ստորագրվել օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձի կողմից, ով նույն օրենսգրքի իմաստով հանդիսանում է գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցիչը: Ընդ որում, վերջինս պարտավոր է դատարանին ներկայացնել ի պաշտոնե ներկայացուցչի` իր լիազորությունները հաստատող` իր կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

Բողոքը գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ներկայացուցչի` փաստաբանի կողմից ներկայացվելու դեպքում վերջինս պետք է բողոքին պարտադիր կցի իր լիազորությունը հավաստող փաստաթուղթը` հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը, եթե գործում այն առկա չէ:

Նշված օրենսդրական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ եթե բողոքը ներկայացվում է գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ներկայացուցչի` փաստաբանի կողմից, ապա վերջինս, բացի իրեն հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը կցելուց, պետք է բողոքին նաև պարտադիր կցի իրեն լիազորագիրը տված` գործին մասնակցող անձ-իրավաբանական անձի ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատող` նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Հակառակ պարագայում ստացվում է, որ բողոքն ստորագրել է «բողոք բերող անձի ներկայացուցիչը», ով չի ներկայացրել իր լիազորությունը հավաստող պատշաճ փաստաթուղթը:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշված առաջին շարժառիթին` կարծում եմ, որ այն անհիմն է և չի բխում վերը նշված իրավական նորմերի պահանջներից ու դրանց վերլուծությունից:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշված երկրորդ շարժառիթին, ապա դրա հետ ևս համաձայն չեմ, քանի որ Վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով, որ Բյուրոյի ներկայացուցիչը դեռևս հայցադիմում ներկայացնելիս պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը` հայցադիմումին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը, չի վկայակոչել այն ապացույցը, որը կարող էր հաստատել նշված հանգամանքը:

Վճռաբեկ դատարանի կողմից նշված երրորդ շարժառիթի հետ անհամաձայնությունս կայանում է նրանում, որ հետևություն անելու համար այն մասին, որ իբրև 20.11.2020 թվականին Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք, անհրաժեշտ է ունենալ համապատասխան փորձաքննության եզրակացություն, քանի որ այդ հարցի բացահայտումը և պարզաբանումը պահանջում է համապատասխան բնագավառում հատուկ մասնագիտական գիտելիքների օգտագործում:

Համաձայնվելով Բյուրոյի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված առաջին պատճառաբանության հետ` միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված այն կարծիքի հետ, որ Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունն իբրև պատճեն է, և գտնում եմ, որ նման հետևություն անելու համար անհրաժեշտ էր այն բավարար չափով հիմնավորեր, որը տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի արել:

 

Վերոգրյալից ելնելով` գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի վերադարձնելու մասին» 03.06.2021 թվականի որոշումը մասնակիորեն իրավաչափ է, որի պայմաններում հայտնում եմ իմ համաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ:

 

    Դատավոր                                Գ. Հակոբյան

                        

                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԱՎԴ1/0209/02/21

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0209/02/21      2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԱՎԴ1/0209/02/21 վարչական գործով 21.01.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

    21 հունվարի 2022 թ.                                   ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 21.01.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Հասմիկ Հարությունյանի և Արման Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողել օրինական ուժի մեջ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Մամիկոն Դրմեյանս և Ռուզաննա Հակոբյանս, մասամբ համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 104.650 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` ավտոմեքենային հատուցված վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը` գործավարման ծախս, 1.650 ՀՀ դրամը` մինչև 22.01.2021 թվականը ներառյալ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.01.2021 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 22.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է` Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 104.650 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը` գործավարման ծախս, 1.650 ՀՀ դրամը` 04.12.2020 թվականից մինչև 22.01.2021 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նաև 2.093 ՀՀ դրամ` որպես պետական տուրք և 10.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է մայր գումարի` 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.01.2021 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2021 թվականի որոշմամբ Դատարանի 22.04.2021 թվականի վճռի դեմ Բյուրոյի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ` Վահե Աստվածատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

1) Վերաքննիչ դատարանը նշել է, որ Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով:

Նախ Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման բնօրինակն ընդամենը մեկ օրինակ է, և հետևաբար չի կարող ներկայացվել բոլոր դատական գործերին կից:

Բացի այդ, Դատարանը գործի քննության ողջ ընթացքում նշված որոշման բնօրինակ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ կողմին չի ներկայացրել:

2) Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ քաղաքացիական գործում առկա է Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Վահե Աստվածատրյանին տրված լիազորագիր, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ ստորագրությունը պատճեն է:

Սույն դեպքում Դատարանը գործը քննել և վճիռը կայացրել է այն նույն լիազորագրի առկայության պայմաններում, որը Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ է դրվել: Նշված փաստը առաջին ատյանի դատարանում դատարանի կամ կողմերի կողմից չի վիճարկվել և որևէ կերպ չի ապացուցվել, որ ստորագրությունը պատճեն է: Դատարանը գտել է, որ ներկայացված լիազորագիրը պատշաճ է և գործը վարույթ ընդունելով, այնուհետև նաև վճիռ կայացնելով` հաստատել է վերջինիս պատշաճությունը և համապատասխանությունն օրենքին:

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և քննության առարկա է դարձրել լիազորագրի հավաստիությունն ու իսկությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Բյուրոյի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 104.650 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` ավտոմեքենային հատուցված վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը` գործավարման ծախս, 1.650 ՀՀ դրամը` մինչև 22.01.2021 թվականը ներառյալ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.01.2021 թվականից մինչև պարտավորության դադարման օրը, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դատարանը հայցը բավարարել է և Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 104.650 ՀՀ դրամ, որից` 100.000 ՀՀ դրամը` վնասի չափ, 3.000 ՀՀ դրամը` գործավարման ծախս, 1.650 ՀՀ դրամը` 04.12.2020 թվականից մինչև 22.01.2021 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նաև 2.093 ՀՀ դրամ` որպես պետական տուրք և 10.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հասմիկ Հարությունյանից և Արման Բաբայանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է մայր գումարի` 100.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 23.01.2021 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը:

Վերաքննիչ դատարանը որոշել է վերադարձնել Դատարանի 22.04.2021 թվականի վճռի` փաստաբանի խելամիտ վարձատրության մասի դեմ Բյուրոյի ներկայացրած վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ ««»Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի գործադիր տնօրենի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ, քանի որ այն ներկայացվել է պատճենի տեսքով: Դրանից բացի, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ փաստաբան Վահե Աստվածատրյանի կողմից վերաքննիչ բողոքին չի կցվել լիազորագիր, իսկ թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է»:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողել օրինական ուժի մեջ այն պատճառաբանությամբ, որ «Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ գործի նյութերում առկա ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի` որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ, անհիմն է, քանի որ Բյուրոյի ներկայացուցիչը դեռևս հայցադիմում ներկայացնելիս պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը` հայցադիմումին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կասկածի տակ դնել Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Վահե Աստվածատրյանին տրված լիազորագիրը, լիազորագրում առկա ստորագրությունը պատճենի տեսքով լինելու հիմքով, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ որևէ գնահատական չի տվել 20.11.2020 թվականի լիազորագիրը Վաղինակ Եղիազարյանի կողմից ստորագրված լինելու կամ չլինելու հարցին, այլ իրավացիորեն արձանագրել է, որ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է, այսինքն իսկականը չէ»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Մամիկոն Դրմեյանս և Ռուզաննա Հակոբյանս, լիազորագրում առկա ստորագրությունը պատճեն համարելու մասով համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս` Beles-ը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 47273/99, Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշում, § 49):

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս` Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 36):

«Դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս` Philis-ն ընդդեմ Հունաստանի, application no. 12750/87; 13780/88; 14003/88, Եվրոպական դատարանի 27.08.1991 թվականի որոշում, § 59, De Geouffre de la Pradelle-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 12964/87, Եվրոպական դատարանի 16.12.1992 թվականի որոշում, § 28, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի ՄՊ, application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 229):

Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս` Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն` վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս` Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 36, Nunes Dias-ն ընդդեմ Պորտուգալիայի, application no. 69829/01, 2672/03, Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշում): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս` Canete de Goni-ն ընդդեմ Իսպանիայի, application no. 55782/00, Եվրոպական դատարանի 15.01.2003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների` իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս` Miragall Escolano-ն ընդդեմ Իսպանիայի, applications nos. 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի որոշում, Zvolsky-ն և Zvolska-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 46129/99, Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի որոշում, § 51):

Դատարանների մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների (տե՛ս` Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 38, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի ՄՊ, application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 230): Սա կիրառելի է, մասնավորապես, բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ դրա բնույթից ելնելով` պահանջվում է դրա հետ կապված կարգավորում պետության կողմից, որին այս առնչությամբ վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ (տե՛ս` Luordo-ն ընդդեմ Իտալիայի, application no. 32190/96, Եվրոպական դատարանի 17.07.2003 թվականի որոշում, § 85):

Այնուամենայնիվ, կիրառվող սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Ավելին, որևէ սահմանափակում համատեղելի չի լինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն չի հետապնդում «իրավաչափ նպատակ», և եթե «գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերություն» (տե՛ս` Ashingdane-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 8225/78, Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի որոշում, § 57, Fayed-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 17101/90, Եվրոպական դատարանի 21.09.1990 թվականի որոշում, § 65, Markovic-ը և այլք ընդդեմ Իտալիայի ՄՊ, application no. 1398/03, Եվրոպական դատարանի 14.12.2006 թվականի որոշում, § 99):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում` օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:

Վերոնշյալ նորմերի վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձանց ներկայացնել տվյալ իրավաբանական անձը դատարանում: Նման դեպքերում, երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները: Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք), ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությանը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ գլխի համալիր ուսումնասիրության արդյունքում` կարող ենք եզրակացնել, որ Վերաքննիչ դատարանը, ստանալով վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կարող է կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում, վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելու մերժելու մասին որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով` բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որևէ անձ չի կատարել որևէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը` առանց ցույց տալու, թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-752, ՍԴՈ-754, ՍԴՈ-765, ՍԴՈ-818, ՍԴՈ-886, ՍԴՈ-896, ՍԴՈ-919 որոշումներում) արտահայտել է իրավական դիրքորոշումներ արդար դատաքննության տարր հանդիսացող` դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ: Մասնավորապես, 2010 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Այլ է վիճակը «... կամ պատճառաբանված չէ» բառակապակցության առնչությամբ: Նման ձևակերպման առկայությունն ինքնաբերաբար ենթադրում է չպատճառաբանված դատական ակտի գոյություն: ... Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»:

Դատական ակտի պատճառաբանվածության հարցին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` արտահայտելով նաև հետևյալ իրավական դիրքորոշումները: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված երաշխիքները ներառում են դատարանների` իրենց որոշումների վերաբերյալ բավարար պատճառներ ներկայացնելու պարտականությունը (տե՛ս` Case of H. v. Belgium, application no. 8950/80, Եվրոպական դատարանի 30.11.1987 թվականի որոշում), - չնայած ներպետական դատարանը փաստարկներն ընտրելիս և ապացույցներն ընդունելիս ունի որոշակի հայեցողական լիազորություններ, այն պարտավոր է հիմնավորել իր գործողությունները` իր որոշումների պատճառները ներկայացնելով (տե՛ս` Case of Suominen v. Finland, application no. 37801/97, Եվրոպական դատարանի 01.07.2003 թվականի որոշում), ներկայացված պատճառները պետք է այնպիսին լինեն, որ կողմերը կարողանան արդյունավետորեն օգտագործել բողոքարկման ցանկացած գործող իրավունք (տե՛ս` Case of Hirvisaari v. Finland, application no. 49684/99, Եվրոպական դատարանի 27.09.2001 թվականի որոշում), - «արդար ընթացակարգ» հասկացությունը պահանջում է, որ ստորադաս դատարանի պատճառաբանությունը ներառելու միջոցով կամ որևէ այլ կերպ իր որոշումների վերաբերյալ թերի պատճառաբանություն ներկայացրած ազգային դատարանը փաստացի անդրադարձած լինի իր իրավասությանն առնչվող հարցերին և ոչ թե առանց լրացուցիչ քաշքշուկի զուտ հաստատած լինի ստորադաս դատարանի կողմից արված եզրահանգումները (տե՛ս` Case of Helle v. Finland, application no. 20772/92, Եվրոպական դատարանի 19.12.1997 թվականի որոշում):

Այսպես, դատական ակտի պատճառաբանությունը կապված է դատարանի կողմից այն շարժառիթները շարադրելու հետ, որոնց հիման վրա նա հանգել է այս կամ այն եզրակացության: Ընդ որում, դրանք պետք է վերաբերեն ինչպես իրավունքի, այնպես էլ փաստի հարցերին: Որպես իրավական պահանջ` պատճառաբանվածությունը մի կողմից արտացոլում է գործով հաստատված փաստական հանգամանքների և դատարանի եզրահանգումների միջև կապը, մյուս կողմից` դատական ակտի պատճառաբանվածությունը ցույց է տալիս, թե ինչպես է դատարանը հասկանում կիրառվող նյութաիրավական կամ դատավարական նորմը:

Ենթադրությունների և վերացական դատողությունների ուղղակի արգելքը ենթադրում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապացույցի արժանահավատությունը կամ անարժանահավատությունը չի կարող ենթադրվել, եթե օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրված չէ նման ենթադրությամբ ղեկավարվելու դատարանի լիազորությունը: Միևնույն ժամանակ, դատական ակտում ոչ միայն հնարավորինս մատչելի լեզվով պետք է արտացոլվի ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը, այլ նաև ֆորմալ տրամաբանության կանոնների պահպանմամբ պետք է ապահովվի այդ դատողությունների և դրանից բխող եզրահանգումների միջև համարժեք, այլընտրանքային հետևության հնարավորություն չտվող կապը: Կայացված ակտի բովանդակությունից հստակորեն պետք է երևա, թե ինչպես ձևավորվեց դատարանի ներքին համոզմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ: Դատական ակտը չի կարող համարվել պատշաճորեն պատճառաբանված, եթե դատարանի դատողությունների ընթացքը թույլ է տալիս դրանց հիման վրա ողջամտորեն անելու նաև այլ հետևություններ: Կայացված ակտի բովանդակությունից պետք է հասկանալի լինի, թե ինչպես դատարանը հանգեց հետևության այս կամ այն փաստի գոյության կամ բացակայության մասին, ինչ շարժառիթներով տվեց գնահատական այս կամ այն փաստին: Դատարանը չի կարող վերացական գնահատական տալ կողմի փաստարկին կամ ներկայացրած փաստաթղթին` այն պարզապես գնահատելով որպես ոչ էական, ոչ արժանահավատ կամ ոչ վերաբերելի:

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փաստաբան Վահե Աստվածատրյանի կողմից վերաքննիչ բողոքին չի կցվել լիազորագիր, իսկ թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա լիազորագրում (գ.թ. 21) Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալը, արձանագրել է, որ «գործում առկա նյութերից երևում է, որ 20.11.2020 թվականին Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանը Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագրի վրա դրված գրաֆիկական պատկերով դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե` լիազորագիրը ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով դրոշմակնքելու և թե` լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացնելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք է համարվում, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելը հիմնավոր է»:

Չհամաձայնելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ` հարկ ենք համարում արձանագրել, որ տվյալ դեպքում առանց մասնագիտական համապատասխան գիտելիքների հնարավոր չէ միանշանակ արձանագրել, որ Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք: Տվյալ դեպքում, թե՛ Վերաքննիչ դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանը կատարել են եզրահանգումներ, որոնք պահանջում են հատուկ մասնագիտական գիտելիքներ, քանի որ առանց հատուկ մասնագետների կամ փորձաքննության տվյալ դեպքում դատարաններն ինքնին չէին կարող եզրահանգումներ անել ստորագրության կատարման եղանակի ու ձևի վերաբերյալ:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ լիազորագրում (գ.թ. 21) առկա ստորագրության կատարման եղանակի ու ձևի մասին Վճռաբեկ դատարանի ու Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են և չպատճառաբանված:

Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, թույլ է տվել դատական սխալ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունը` բավարարել վճռաբեկ բողոքը և վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

Դատավորներ` Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 21 հունվարի 2022 թվական:

 

pin
Վճռաբեկ դատարան
21.01.2022
N ԱՎԴ1/0209/02/21
Որոշում