Սեղմել Esc փակելու համար:
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ՀԻՄՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈ ...

 

 

040.1165.271101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2001 թվականի N 1165

 

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու նախապայմաններ ստեղծելու, ինչպես նաև Համաշխարհային բանկի կողմից վարկավորված «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ:

2. Հաստատել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

i

3. Սահմանել, որ սույն որոշմամբ ստեղծվող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին հանձնել մեկ համակարգիչ` որպես հիմնադրի գույքային կամավոր վճար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 27-ից::

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակով չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ասոցիացիայի միջև կնքված վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը (այսուհետև` հիմնադիր):

4. Հիմնադրամն ստեղծվել է Համաշխարհային բանկի կողմից վարկավորված «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակներում: Համաշխարհային բանկի վարկային միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրում է հիմնադրամին` որպես դրամաշնորհ:

5. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ և մասնաճյուղեր: Օտարերկրյա պետություններում հիմնադրամի ներկայացուցչությունները և մասնաճյուղերն ստեղծվում են գտնվելու վայրի երկրի օրենսդրության համաձայն:

Ստեղծման պահին հիմնադրամը ներկայացուցչություններ և մասնաճյուղեր չունի:

6. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Հիմնադիրը պատասխանատու չէ հիմնադրամի պարտավորությունների համար, ինչպես նաև հիմնադրամը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար:

7. Հիմնադրամն ունի իր անվամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք` հայերենով, ռուսերենով և անգլերենով, դրոշմակնիք ու ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ և այլ տարբերանշաններ:

8. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն լրիվ` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ,

կրճատ` ՁԻՀ,

ռուսերեն լրիվ` Ֆոնդ «Ինկուբատոր պրեդպրիյատիյ»,

կրճատ` ՖԻՊ,

անգլերեն լրիվ` «Enterprise Incubator» Fund,

կրճատ` EIF:

9. Հիմնադրամի գտնվելու վայրն է` 375010, քաղ. Երևան, Հանրապետության 5:

 

2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

10. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտավորություններ:

11. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

 

3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

12. Հիմնադրամի նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմանների ստեղծումը.

բ) Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելը, այդ ոլորտում արդեն իսկ գործող ընկերությունների հզորացմանն աջակցելը և նրանց մրցունակությունը միջազգային շուկայում բարձրացնելը.

գ) երկարաժամկետ մեթոդաբանական օգնության և զարգացման հաջողակ մոդելների տրամադրումը` Հայաստանի տնտեսության այլ ոլորտների համար.

դ) Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության հիմքերը հզորացնելը` ապահովելով անցումն ավելի բարդ և բարձրարժեք ոլորտների, ձեռներեցության երկարաժամկետ զարգացմանն ու դրանով իսկ երկրի կենսամակարդակի բարձրացմանը նպաստելը:

13. Հիմնադրամի գործունեության առարկան է`

ա) վարձակալական հիմունքներով հեռահաղորդակցման ենթակառուցվածքի և գրասենյակային տարածքի տրամադրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեղական և օտարերկրյա, ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն իսկ գործող շահագրգիռ ընկերություններին.

բ) գործարարության զարգացմանն ուղղված ծառայությունների տրամադրումը շահագրգիռ հաճախորդներին, հիմնականում համակարգչային ծրագրավորման ոլորտում գործող տեղական ընկերություններին.

գ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող տեղական ընկերությունների և օտարերկրյա ներդրողների ու հնարավոր գործընկերների միջև գործարար կապերի ստեղծումը.

դ) տեղական ընկերությունների տնօրեններին և առաջատար մասնագետներին բիզնես-առաջարկների մշակման ու կադրերի կառավարման հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

ե) շահագրգիռ բոլոր անձանց համար դասընթացների կազմակերպումը.

զ) գիտական ծրագրեր իրականացնելու և փոքր բիզնես հիմնելու նպատակով փոքր մեկնարկային դրամաշնորհների տրամադրումը.

է) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում և Հայաստանում այդ ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

14. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ այն ծառայում է իր կանոնադրական նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

 

4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

15. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

16. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` իր գործունեության առարկային և նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

17. Հիմնադրամի գույքի կազմակերպման աղբյուրներ կարող են լինել`

ա) հիմնադրի կամավոր ներդրումները.

բ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ֆինանսական և նյութական ներդրումները և նվիրատվությունները.

գ) ծառայություններից ստացված հասույթը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

18. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

19. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո: Հիմնադրամի գույքը չի կարող բռնագանձվել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

20. Հիմնադրամի բոլոր գործարքներն ու բանկային հաշիվներից վճարումները կատարվում են ըստ հիմնադրամի կողմից սահմանված ընթացակարգի և հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով:

21. Հիմնադրամը հրապարակում է տարեկան հաշվետվություն իր միջոցների օգտագործման մասին:

 

5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

22. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ու տնօրենը:

23. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ), որը ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը սույն կանոնադրությանը համապատասխան:

24. Խորհուրդը կազմված է յոթ անդամից:

Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից ու միջազգային դոնոր կազմակերպությունից մեկական ներկայացուցիչներ, երեք ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպություններից` ընտրված ռոտացիայի կարգով և մեկ ներկայացուցիչ գիտական և գիտատեխնիկական կազմակերպություններից կամ ուսումնական հաստատություններից:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչը խորհրդի նախագահն է:

25. Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

բ) որոշում և հաստատում է խորհրդի նիստերի օրակարգերը.

գ) հրավիրում է խորհրդի նիստեր` սեփական նախաձեռնությամբ, խորհրդի ցանկացած անդամի կամ տնօրենի առաջարկությամբ.

դ) նախագահում է խորհրդի նիստերն ու ստորագրում նիստերի արձանագրությունները.

ե) վերահսկում է խորհրդի նիստերում ընդունված որոշումների կատարումը:

26. Խորհրդի բացառիկ իրավասություններն են`

ա) հիմնադրամի կանոնադրության և դրանում կատարվող փոփոխությունների հաստատումը.

բ) հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

գ) հիմնադրամի տարեկան բյուջեի ու աշխատանքային պլանների հաստատումը.

դ) հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

ե) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտոր ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը.

զ) խորհուրդը վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի տնօրենի գործունեության նկատմամբ.

է) խորհրդի նախագահի առաջարկությամբ և Համաշխարհային բանկի հետ համաձայնեցնելով` հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակելը և պաշտոնից ազատելը.

ը) խորհրդի կազմում տեղական գործարար և կրթական կազմակերպություններից նոր անդամների հաստատումը և նրանց լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների ընդունումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավասությունների իրականացումը:

27. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

Խորհրդի նիստերն արձանագրվում են:

Խորհրդի նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն տարեկան չորս անգամ: Խորհրդի նիստերը հրավիրվում են նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի ցանկացած անդամի կամ գործադիր տնօրենի առաջարկությամբ:

Առանձին դեպքերում խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով:

28. Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում` խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

29. Հիմնադրամի գործադիր մարմինը տնօրենն է: Հիմնադրամի տնօրենն ընտրվում է մրցութային կարգով: Մրցույթի արդյունքում ընտրված տնօրենի թեկնածությունը հաստատում է խորհուրդը` համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ:

30. Տնօրենը`

ա) կազմակերպում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը և լուծում դրա հետ կապված բոլոր հարցերը, բացի խորհրդի բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերից.

բ) իր գործունեության համար հաշվետու է խորհրդին.

գ) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից, ներկայացնում է դրա շահերը, հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, հաստատում հաստիքներ, արձակում հրամաններ, հիմնադրամի աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, ինչպես նաև իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և խորհրդի կողմից տնօրենին վերապահված այլ լիազորություններ.

դ) ստեղծում է հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական կոմիտե` անկախ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով.

ե) խորհրդատվական կոմիտեի անդամների թեկնածությունը համաձայնեցնում է հիմնադրամի խորհրդի հետ:

31. Խորհրդատվական կոմիտեի կազմավորման կարգը, նրա իրավասության հարցերի շրջանակը, եզրակացություններ ներկայացնելու կարգն ու այլ հարցերը մանրամասն սահմանվում են հիմնադրամի համապատասխան ներքին կանոնակարգով:

 

6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

32. Հիմնադրամն ինքնուրույն է իրականացնում իր կանոնադրական խնդիրները: Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և որոշումներ ընդունում իր գործունեության վերաբերյալ:

33. Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին իր գործունեությունն իրականացնելիս հիմնադրամը ղեկավարվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատված ֆինանսների կառավարման և գնումների իրականացման կանոններով ու աշխատանքային կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության ու Միջազգային զարգացման ասոցիացիայի միջև կնքված վարկային համաձայնագրի դրույթներով:

34. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում համագործակցում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ:

35. Հիմնադրամի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:

36. Հիմնադրամի մատուցած ծառայություններից ստացված շահույթը չի կարող տրամադրել նրա հիմնադրին:

37. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

38. Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող պայմանագրերը կնքվում և դրանց պահանջները կատարվում են համաձայն Համաշխարհային բանկի կողմից հաստատված կանոնների ու աշխատանքային կանոնակարգի:

39. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

40. Հիմնադրամը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` հարկային կարգապահության համար:

 

7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ, ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

41. Հիմնադրամի ֆինանսական տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի առաջին օրն ու վերջանում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին օրը` բացառությամբ առաջին ֆինանսական տարվա, որն սկսվում է հիմնադրամի գործունեության առաջին օրը:

42. Հիմնադրամն ընթացիկ հաշվապահական հաշվառումը վարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային հաշվապահական ստանդարտներին համապատասխան:

43. Հարկային և այլ մարմինները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված է հիմնադրի գործունեության ստուգումը, կարող են իրենց իրավասության սահմաններում կատարել ստուգումներ:

 

8. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

44. Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:

45. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ:

46. Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում հիմնադրամի խորհրդի և համաշխարհային բանկի կողմից:

 

9. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

47. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2001
N 1165
Որոշում