Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

18.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.09.2006  -ից մինչեւ   18.05.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)

i

010.0230.140798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«17» հունիսի 1998 թ.

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

i

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է դատավորի անկախության, նյութական և սոցիալական ապահովության, անվտանգության և գործունեության այլ երաշխիքների հետ կապված հարաբերությունները, սահմանում է դատավորի լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության հիմքերը, դատավորներին շնորհվող որակավորման դասերը և դրանց հետ կապված արտոնությունները:

Պետական ծառայողների կարգավիճակին վերաբերող օրենքները և այլ նորմատիվ ակտերը դատավորներին վերաբերում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Հայաստանի Հանրապետությունում դատավորներ են` օրենքով սահմանված կարգով նշանակված առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները և դատավորները, տնտեսական դատարանի նախագահը և դատավորները, վճռաբեկ դատարանի նախագահը, դրա պալատների նախագահները և դատավորները:

Դատավոր է այն անձը, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ և իր պաշտոնեական պարտավորություններն իրականացնում է մշտական հիմունքներով:

Բոլոր դատավորներն ունեն միասնական կարգավիճակ և միմյանցից տարբերվում են իրենց լիազորություններով և իրավասությամբ:

(2-րդ հոդ. լրաց. 11.09.01 ՀՕ-218 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է առաջին ատյանի, վերահսկիչ և վճռաբեկ դատարանների դատավորների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքերով, սույն օրենքով, «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

Արդարադատություն իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի:

Դատավորի պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, կուսակցությունների, հասարակական միավորումների և լրատվության միջոցների ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը` արդարադատություն իրականացնելիս անթույլատրելի է և առաջացնում է քրեական օրենքով սահմանված պատասխանատվություն:

Դատավորը պարտավոր չէ բացատրություններ տալ իր վարույթում գտնվող գործի կամ նյութի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-32-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ

 

Արդարադատության իրականացման կապակցությամբ դատավորին կամ նրա մերձավորներին սպառնալը, նրան վիրավորանք հասցնելը, դատարանի վճիռը, դատավճիռը կամ որոշումը դիտավորյալ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև գործին մասնակցող կամ դատական նիստին ներկա անձանց կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը, ինչ ձևով էլ որ դա արտահայտված լինի, առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԴԱՏԱՎՈՐԻ` ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

Դատավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը չի կարող լինել պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման որևէ ներկայացուցչական մարմնի անդամ:

Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատավորն անփոփոխելի է:

Դատավորը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը:

Դատավորը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել աշխատանքի` այլ դատարան:

Դատավորն իր համաձայնությամբ կարող է ժամանակավորապես գործուղվել նույն ատյանի այլ դատարան:

Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերՆ ու կարգը սահմանվում են սույն օրենքով և այլ օրենքներով:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատավորն անձեռնմխելի է:

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, որն էլ հսկողություն է իրականացնում տվյալ գործի քննության օրինականության նկատմամբ:

Դատավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել` առանց արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

Դատավորի ձերբակալման, բերման ենթարկելու, նրա կամ նրա բնակարանի խուզարկության դեպքում համապատասխան մարմինն այդ մասին անմիջապես տեղյակ է պահում Հանրապետության Նախագահին, արդարադատության նախարարին և դատարանների նախագահների խորհրդի նախագահին:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԴԱՏԱՎՈՐԻ ԵՐԴՈՒՄԸ

 

Դատավորի պաշտոնում նշանակված անձն իր պաշտոնն ստանձնում է արդարադատության խորհրդում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, երդվում եմ` արդարադատություն իրականացնելիս ենթարկվել միայն Սահմանադրությանը և օրենքներին, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, բարձր պահել պետության և դատարանի հեղինակությունը»:

Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով` յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

Դատավորը ստորագրում է երդման տեքստը:

Երդումը տրվում է դատավորի նշանակման օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

 

ԳԼՈՒԽ II
ԴԱՏԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 13. ԴԱՏԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Դատավորի` արդարադատության իրականացման հետ կապված իրավունքները սահմանվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերով և այլ օրենքներով:

Դատավորները կարող են կազմավորել միավորումներ և անդամակցել դրանց` իրենց շահերի ներկայացման, մասնագիտական մակարդակի բարձրացման և կարգավիճակի պաշտպանության նպատակով:

Դատավորն իրավունք ունի առաջադրվել արդարադատության խորհրդի անդամության թեկնածու:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Դատավորը քաղաքացիական, տնտեսական, քրեական կամ վարչական գործեր լսելիս պարտավոր է խստիվ ղեկավարվել օրենքով, ապահովել անձանց` Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների և ազատությունների, պատվի և արժանապատվության պաշտպանությունը:

Դատավորը պարտավոր է հոգ տանել իր մասնագիտական գիտելիքների մակարդակի և աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ:

Դատավորը թե դատարանում իր պարտականությունները կատարելիս, թե արտածառայողական հարաբերություններում պարտավոր է խուսափել այն ամենից, ինչը կարող է վնասել դատարանի հեղինակությանն ու դատավորի բարձր կոչմանը, կասկած հարուցել դատավորի անաչառության և անկողմնակալության նկատմամբ:

Դատավորն իրավունք չունի հրապարակել դատավորների խորհրդակցության և քվեարկության գաղտնիքը, դռնփակ դատաքննության ժամանակ ստացած տեղեկություններն ինչպես պաշտոնավարության ժամանակ, այնպես էլ պաշտոնաթողությունից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԴԱՏԱՎՈՐԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատավորը պարտավոր է խստագույնս պահպանել էթիկայի և բարոյականության նորմերը:

Դատավորին արգելվում է հրապարակայնորեն ցանկացած ձևով անհարգալից վերաբերմունք արտահայտել օրենքի կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ: Հավասարապես արգելվում են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վնասել պետության և դատարանի հեղինակությանը:

 

ԳԼՈՒԽ III
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 16. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ

 

Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում`

1) միևնույն ատյանի դատավորների և դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերը հավասար են.

2) վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորների (այդ թվում` դատարանների նախագահների) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը տասը տոկոսով.

3) վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում` նաև պալատների նախագահների և վճռաբեկ դատարանի նախագահի) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը քսան տոկոսով.

4) տվյալ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի քառորդի չափով, իսկ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի տասնհինգ տոկոսի չափով.

5) յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար` դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժի համար` առաջին 5 տարիների համար` յուրաքանչյուր տարի երկուական տոկոսի (ընդամենը` տասը տոկոս), իսկ վեցերորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար` հինգական տոկոսի չափով:

(16-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-218, 26.12.02 ՀՕ-506-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՆ
i

(17-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-506-Ն օրենք

 

i
ՀՈԴՎԱԾ 18. ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԻՐՏԵԿ 31.03.2004 ՀՕ-61-Ն օրենքի 1-ին հոդվածով (18-րդ հոդվածի նոր խմբագրություն) նախատեսված դրույթը, համաձայն որի` կենսաթոշակի ամենամսյա հավելավճարի որոշման համար հիմք է ընդունվում դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի, այլ ոչ թե աշխատավարձի, 75 տոկոսը, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր` 20.09.2006 ՍԴՈ-647 որոշում:
i

Դատավորն ունի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք:

Դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված քաղաքացու կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները և նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Սույն հոդվածով սահմանված հավելավճարի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(18-րդ հոդվածը փոփ. 31.03.04 ՀՕ-61-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 19. ԴԱՏԱՎՈՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

Դատավորներն ունեն երեսուն աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

Առանձին դեպքերում, անձնական, ընտանեկան կամ այլ հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել լրացուցիչ չվճարվող արձակուրդ` մինչև երեսուն օրացուցային օր տևողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ

 

Իր մշտական բնակության վայրից դուրս աշխատանքի նշանակվելիս դատավորին, կառավարության սահմանած չափերով և կարգով, վճարվում է իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի, ինչպես նաև բնակարանային վարձի փոխհատուցում:

Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին, կառավարության սահմանած չափերով և կարգով, վճարվում են գործուղման ծախսեր:

 

ԳԼՈՒԽ IV
ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 21. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԸ

 

Դատավորն ունի առանձին ծառայողական աշխատասենյակ` կառավարության սահմանած տիպային կահավորման ցանկին համապատասխան: Դատավորի աշխատասենյակում պետք է տեղադրված լինի հանրապետության տարածքում հեռախոսակապ հաստատելու միջոց:

Դատավորի աշխատասենյակում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, իսկ աշխատասեղանի մոտ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

i

Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձևի պատմուճանով (թիկնոցով), որը նրան տրամադրվում է անվճար:

Պատմուճանի նկարագրությունը հաստատում է վճռաբեկ դատարանի նախագահը:

(22-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-32-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 23. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Օրենքով յուրաքանչյուր դատավորի տրամադրվող հաստիքներում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ` տվյալ ատյանի նախագահի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

Դատավորը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի դիմումի հիման վրա իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները դատավորի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու և կրելու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԴԱՏԱՎՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

 

Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

 

ՀՈԴՎԱԾ 27. ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հանրապետության տարածքում կապ հաստատելու համար դատավորն իրավունք ունի օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող կապի միջոցներից:

 

ՀՈԴՎԱԾ 28. ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

 

Դատավորին` իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար, Հանրապետության Նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:

 

ՀՈԴՎԱԾ 29. ԴԱՏԱՎՈՐԻ` ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք արդարադատության խորհրդի անդամների և փոխնախագահների մոտ:

 

ԳԼՈՒԽ V
ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 30. ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

i

Դատավորի լիազորություններն արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա դադարեցնում է Հանրապետության Նախագահը, եթե`

1) նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս).

2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան մեկ տարի անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ կիրառվել է կարգապահական տույժ.

6) նա նշանակվել է դատավորի պաշտոնում` օրենքի պահանջների խախտմամբ.

7) նա թույլ է տվել «Դատավորի վարքագծի կանոնագրքի» կանոնների այնպիսի խախտում, որն անհամատեղելի է դատավորի կոչման հետ.

8) նա արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.

9) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

10) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

11) նա խախտել է սույն օրենքի 8 կամ 9 հոդվածների պահանջները.

12) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով արդարադատության նախարարը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ արդարադատության խորհրդի դատավոր անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված իրենց լիազորությունների սահմաններում արդարադատության խորհուրդ են դիմում միայն դատարանների նախագահների խորհրդի եզրակացությունն ստանալուց հետո: Նշված եզրակացությունը ներկայացվում է արդարադատության խորհուրդ:

(30-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-32-Ն, 07.07.06 ՀՕ-154-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 31. ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

i

Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում արդարադատության խորհուրդը:

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`

1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը.

2) արդարադատություն չիրականացնելը.

3) օրենքով նախատեսված դեպքերում ինքնաբացարկ չհայտնելը կամ անհիմն ինքնաբացարկ, բացարկ ընդունելը.

4) դատավորների խորհրդակցության և քվեարկության գաղտնիքը կամ օրենքով պաշտպանվող գաղտնիքը հրապարակելը.

5) այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելը.

6) ցանկացած այլ հրապարակային վարքագիծ, որը վարկաբեկում է դատական իշխանության հեղինակությունը.

7) դատարանում քննվող գործով կողմերին իրավաբանական բնույթի խորհրդատվություն տալը.

8) անհարգելի պատճառով երեք և ավելի օր անընդմեջ աշխատանքի չներկայանալը.

9) պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս մարդկանց նկատմամբ բարեկիրթ չլինելը:

Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած (կայացմանը մասնակցած) դատավորի պատասխանատվություն, եթե արդարադատություն իրականացնելիս նա թույլ չի տվել օրենքի կանխամտածված խախտում կամ անբարեխղճություն, որն էական հետևանքներ է առաջացրել:

Դատավորը կարող է կարգապահական տույժի ենթարկել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո` չհաշված կարգապահական վարույթի ընթացքը կամ աշխատանքից հարգելի պատճառներով դատավորի բացակայության ժամանակը, բայց ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարի հետո:

Մինչև կարգապահական վարույթի նյութերն արդարադատության խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալ այն դատավորը, ում նկատմամբ վարույթ է հարուցվել: Ընդ որում, դատավորն իրավունք ունի ներկայացնել լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցել լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին:

(31-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-32-Ն, 07.07.06 ՀՕ-154-Ն օրենքներ)

 

i
ՀՈԴՎԱԾ 31.1. ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորի և դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը:

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ են դիմում, ինչպես նաև նրանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը:

Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում, ինչպես նաև կարգապահական վարույթ է հարուցում արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը: Արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա:

Դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին հարցով արդարադատության խորհրդին է դիմում գլխավոր դատախազը:

(31.1-րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-154-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 32. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

i

Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:

Եթե արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` կարճելով հարուցված կարգապահական վարույթը:

Արդարադատության խորհուրդը (իսկ մինչև խորհրդում հարցի քննարկումը` արդարադատության նախարարը, արդարադատության խորհրդի անդամներից ձևավորված կարգապահական հանձնաժողովը կամ վճռաբեկ դատարանի նախագահը) կարգապահական վարույթը կարճում է նաև այն դեպքերում, երբ հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, կամ եթե բաց են թողնված սույն օրենքի 31 հոդվածի հինգերորդ մասով սահմանված ժամկետները:

Եթե կարգապահական տույժ տալու օրվանից երկու տարվա ընթացքում դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժի միայն մեկ միջոց:

(32-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-32-Ն, 07.07.06 ՀՕ-154-Ն օրենքներ)

 

i

ԳԼՈՒԽ VI
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ (VI գլուխը (հոդված 33-37) ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-506-Ն օրենք

 

ԳԼՈՒԽ VII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 38. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:

 

ՀՈԴՎԱԾ 39. ՈՐՈՇ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

i

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել` «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին որակավորման դասեր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և 1993 թվականի հուլիսի 30-ի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին որակավորման դասեր շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 40. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
i

(40-րդ հոդ. լրաց. 24.10.01 ՀՕ-239, ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-506-Ն օրենք

 

14 հուլիսի 1998 թ.

ՀՕ-230

 

 

pin
ՀՀ 17.06.1998
N ՀՕ-230 օրենք