ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 928.1-ին հոդվածում`
1) 1-ին մասը «, պետական աջակցության հաշիվը» բառերից հետո լրացնել «, միանվագ դրամական վճարների հաշիվը, սոցիալական ապահովության հաշիվը» բառերով.
2) 3-րդ մասը «ներդրված միջոցները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 928.9-րդ հոդվածում նշված դեպքի,» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 928.8-րդ և 928.9-րդ հոդվածներով.
«Հոդված 928.8. Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիրը
1. Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (միանվագ դրամական վճարների հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող` սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող (այդ թվում` որոշակի ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները:
2. Միանվագ դրամական վճարների պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը, միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Անձը հաճախորդի (միանվագ դրամական վճարների հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու (միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն անելու) պահից: Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում սույն մասում նշված պահանջը, ապա հաշվին առկա միջոցները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կարող են վճարվել այլ անձի կամ, որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումար, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Բանկը պատասխանատվություն չի կրում միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվից դուրս են գրվել մինչև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ պահանջը ներկայացնելը:
5. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
Հոդված 928.9. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիրը
1. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (սոցիալական ապահովության հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող` սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները: Անձը հաճախորդի (սոցիալական ապահովության հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում գումարը այդ հաշվին մուտքագրելու պահից:
2. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը, սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետում, որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումար, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Բանկը պատասխանատվություն չի կրում սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվից դուրս են գրվել մինչև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ պահանջը ներկայացնելը:
4. Հաճախորդը (հաշվի տերը) տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետներում և կարգով հաճախորդի (հաշվի տիրոջ)` Հայաստանի Հանրապետությունում լինելը անձամբ բանկ ներկա-յանալու միջոցով չհավաստվելու դեպքում բանկն այդ մասին սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին:
6. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները արգելադրվելու (արգելանքի տակ դրվելու), բռնագանձվելու կամ հաճախորդի պարտավորությունների դիմաց հաշվանցվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-238-Ն
|