Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ...

 

07.04.2018 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

i

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով կարգավորվում են երեխաներին կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության` արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաև դրանց մասին իրազեկման և տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Օրենքի նպատակը

 

1. Սույն օրենքի նպատակն է ապահովել մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցումը կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կարգավորման միջոցով:

 

Հոդված 3. Օրենքի խնդիրները

 

1. Սույն օրենքի խնդիրներն են`

1) խրախուսել և պաշտպանել կրծքով կերակրումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու համար.

2) խրախուսել ժամանակին և համապատասխան հավելյալ սնուցման ապահովումը.

3) իրազեկել հանրությանը, ներառյալ` հղիներին, նրանց ընտանիքներին և երեխաներին խնամողներին, կրծքով կերակրման առավելությունների, կրծքի կաթի փոխարինիչների օգտագործման և ոչ ճիշտ օգտագործման հետ կապված` առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների և ռիսկերի վերաբերյալ` տրամադրելով համապատասխան, ճշգրիտ և հասանելի տեղեկատվություն.

4) խրախուսել ու աջակցել մայրերի, մանուկների և վաղ տարիքի երեխաների համար բարյացակամ միջավայրի ապահովումն առողջապահական կազմակերպություններում, հասարակական վայրերում և աշխատավայրերում.

5) միջազգային չափանիշներին համապատասխանեցնել կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության հետ կապված օրենսդրությունը.

6) խրախուսել և պաշտպանել կրծքով կերակրումը` որպես աղքատության հաղթահարման արդյունավետ միջոց:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) կրծքով կերակրման խրախուսում` միջոցառումներ` ուղղված մանուկներին և վաղ տարիքի երեխաներին մայրական կաթով կերակրելուն.

2) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառություն` մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրություն, պիտակավորում, վաճառք, բաշխում, գովազդ, ինչպես նաև դրանց մասին իրազեկման և տեղեկությունների տարածում.

3) մանկական կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է մանուկների կերակրման համար` ծննդյան պահից մինչև 6 ամսական տարիքը.

4) վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է 6 ամսականից բարձր տարիքի մանուկների և վաղ տարիքի երեխաների կերակրման համար.

5) հավելյալ սնունդ` 6 ամսականից բարձր մանուկների և վաղ տարիքի երեխաների սնունդ` նախատեսված ի հավելումն կրծքի կաթի կամ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների օգտագործմանը.

6) լրացուցիչ սնունդ` բժշկական ցուցումներով կամ մայրական կաթի անբավարարության դեպքում մանուկների և վաղ տարիքի երեխաների համար նախատեսված կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչներ.

7) մանկական սնունդ` մանուկների և վաղ տարիքի երեխաների համար նախատեսված սնունդ, որը ներառում է մանկական կաթնախառնուրդը, վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդը և հավելյալ սնունդը.

8) հարակից ապրանքներ` մանկական սնունդը սպառողին հասցնելու և (կամ) երեխային կերակրելու համար նախատեսված միջոցներ և պարագաներ, այդ թվում` կերակրման շշեր և երեխաներին կերակրելու կամ հանգստացնելու նպատակով օգտագործվող արհեստական ծծակներ.

9) մանուկ` մինչև 12 ամսական երեխա.

10) վաղ տարիքի երեխա` 12 ամսականից մինչև 3 տարեկան (36 ամսական) երեխա.

11) արտադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն զբաղվում է մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրությամբ.

12) բաշխող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն զբաղվում է մանկական սննդի և հարակից ապրանքների մեծածախ և (կամ) մանրածախ վաճառքով և դրանց սպառման խրախուսմամբ.

13) մանկական սննդի և հարակից ապրանքների խրախուսում` մանկական սննդի և հարակից ապրանքների սպառման ուղղակի կամ անուղղակի նպատակաուղղված գործունեություն.

14) մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշ` խրախուսման նպատակով մանկական սննդի և հարակից ապրանքների անվճար տրամադրվող մեկ միավոր կամ փոքր քանակություն.

15) մանկական սննդի և հարակից ապրանքների պիտակ` նշագրում, նշան, պատկերավոր կամ այլ նկարագրական նյութ` գրված, տպված, զարդանախշված, տրաֆարետով ներկված, դրոշմված, քանդակադրոշմված, որը փակցված է կամ այլ ձևով հանդես է գալիս մանկական սննդի և հարակից ապրանքների վրա.

16) նորածիններին բարյացակամ ծառայություններ` առողջապահական կազմակերպություններում հղի կանանց, մայրերի և մանուկների խնամքին, զարգացմանը և կրծքով կերակրմանը նպաստելուն ուղղված միջոցառումներ.

i

17) առողջապահական կազմակերպություն` առողջապահական բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություն:

 

ԳԼՈՒԽ II
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 5. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի հաստատումը.

2) կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում միջգերատեսչական համագործակցության ապահովումը.

3) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդներից նմուշ վերցնելու, փորձաքննություն անցկացնելու և կաթնախառնուրդների գրանցման կարգի սահմանումը.

4) սույն ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման համար միջոցների ձեռնարկումը:

 

Հոդված 6. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները

 

1. Կրծքով կերակրման խրախուսման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) իրավասություններն են`

1) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ մշտադիտարկումը.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 07.04.2018 թվականից` 21.03.18 ՀՕ-170-Ն օրենք)

3) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը:

2. Մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում լիազոր մարմնի իրավասություններն են`

1) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

2) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ մշտադիտարկումը.

3) սույն օրենքով նախատեսված դեպքերում` մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության հետ կապված, նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 07.04.2018 թվականից` 21.03.18 ՀՕ-170-Ն օրենք)

(6-րդ հոդ. փոփ. 21.03.18 ՀՕ-170-Ն օրենք)

 

Հոդված 6.1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասությունները

 

1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) իրավասություններն են`

1) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը և մշտադիտարկումը.

2) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը:

2. Մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են`

1) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը և մշտադիտարկումը.

2) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը:

(6.1-ին հոդ. լրաց. 21.03.18 ՀՕ-170-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ III
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը

 

1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են լիազոր մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ IV
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

 

Հոդված 8. Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը

 

1. Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրով սահմանվում են`

1) կրծքով կերակրման քարոզչությանն ուղղված միջոցառումները.

2) կրծքով կերակրման տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը.

3) կրծքով կերակրման խրախուսման վերաբերյալ բուժաշխատողների կրթելուն ուղղված միջոցառումները.

4) առողջապահական կազմակերպություններում նորածիններին բարյացակամ ծառայությունների տրամադրումը.

5) կերակրող մայրերի և նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծումը.

6) հանրային իրազեկվածության բարձրացումը, ներառյալ` հղիների և նրանց ընտանիքների.

7) միջգերատեսչական համագործակցությունը:

 

Հոդված 9. Կրծքով կերակրվող երեխայի իրավունքը

 

1. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի`

i

1) ստանալու կրծքով կերակրում` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ստանալու համար.

2) զերծ մնալու կրծքով կերակրումից` բժշկական հակացուցումների առկայության դեպքում, որոնց ցանկը հաստատում է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը.

3) ֆիզիոլոգիական պահանջներից ելնելով` 6 ամսականից ստանալու հավելյալ սնունդ, իսկ բժշկական ցուցումներով` լրացուցիչ սնունդ: Հավելյալ և լրացուցիչ սնունդ ստանալու մեթոդական ուղեցույցները հաստատում է լիազոր մարմինը:

2. Պետությունը միջոցներ է ձեռնարկում կրծքով կերակրումը խրախուսելու, կրծքով կերակրող կանանց և երեխաների իրավունքները պաշտպանելու համար:

 

Հոդված 10. Կրծքով կերակրող կանանց իրավունքները

 

1. Կրծքով կերակրող կինն իրավունք ունի`

1) ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար.

2) ստանալու տեղեկատվություն կրծքով կերակրման առավելությունների, ինչպես նաև մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցման վերաբերյալ.

3) ստանալու կրծքով կերակրման ապահովման հետ կապված անվճար բժշկական խորհրդատվություն:

 

ԳԼՈՒԽ V
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 11. Մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը

 

1. Արգելվում է`

1) առողջապահական կազմակերպությունների կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը.

2) համապատասխանության գնահատում չանցած կամ պիտանելիության ժամկետանց մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը.

3) մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքը վաճառել կամ ներկայացնել որպես պիտանի 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար.

4) մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը` լիազոր մարմնի սահմանած պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առևտրի կետի և (կամ) առևտրի կենտրոնի կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հոդված 12. Մանկական սննդի և հարակից ապրանքների գովազդը և խրախուսումը

 

1. Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերն արգելվում են:

2. Խրախուսման արգելված այլ ձևերն ընդգրկում են`

1) հատուկ ցուցահանդես-վաճառքները, շնորհանդեսները, շահումները, պարգևների, մրցանակների, նվերների շնորհումը, զեղչի կտրոնների կիրառումը, ինչպես նաև զեղչային կամ որևէ այլ խրախուսական նպատակներ հետապնդող գնային քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ցուցադրումը, տարածումը կամ այլ ձևով հրապարակայնորեն հասանելի դարձնելը.

2) մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշների տրամադրումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

3. Հավելյալ սննդի գովազդը թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե`

1) չի գովազդվում առողջապահական կազմակերպություններում.

2) հավելյալ սննդի մասին տրամադրվող ցանկացած տեղեկություն խրախուսում է բացառապես կրծքով կերակրումը կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում և շարունակական կրծքով կերակրումը մինչև երկու տարեկան հասակը:

 

Հոդված 13. Արտադրողների և բաշխողների կողմից խրախուսումն արգելելը

 

1. Մանկական սննդի և հարակից ապրանքների խրախուսումն արտադրողների և (կամ) բաշխողների կողմից արգելվում է:

2. Արտադրողի և (կամ) բաշխողի կողմից արգելվում են խրախուսման հետևյալ եղանակները.

1) բուժաշխատողներին կամ առողջապահական կազմակերպություններին մանկական սնունդ և հարակից ապրանքներ նվիրելը կամ դրանք տրամադրելը հայտարարված մեծածախ գնից կամ մեծածախ գնի բացակայության դեպքում` մանրածախ գնի ութսուն տոկոսից ցածր գնով, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների.

2) մանկական սննդի և հարակից ապրանքների օգտագործումը խրախուսելու նպատակով առողջապահական կազմակերպությանն անվճար սարքավորումներ, պարագաներ տրամադրելը կամ ծառայություններ մատուցելը.

3) բուժաշխատողներին և առողջապահական կազմակերպություններին նվերներ, այդ թվում` գրիչներ, օրացույցներ, պաստառներ, հուշատետրեր, նոթատետրեր, հասակաչափեր, մանկան աճի կամ զարգացման գրաֆիկներ, խաղալիքներ տրամադրելը.

4) բուժաշխատողներին կամ բուժաշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին կամ արհեստակցական միություններին դրամական հատկացումներ տրամադրելը կամ առաջարկելը (նվիրատվություններ, հոնորարներ` մատուցված ծառայությունների համար, գիտահետազոտական աշխատանքների անցկացման համար` հատուցումներ, հետազոտական դրամաշնորհներ կամ հանդիպումների, սեմինարների, շարունակական ուսուցողական դասընթացների կամ գիտաժողովների հետ կապված դրամային հատկացումներ և այլն).

5) հղի կանանց կամ կերակրող մայրերի, մանուկների և վաղ տարիքի երեխաների ծնողների կամ նրանց ընտանիքների անդամների համար ծնելիության, հղիության, երեխայի ծննդի և սնուցման հետ առնչվող իրադարձություններ, միջոցառումներ, մրցույթներ, խորհրդատվական հեռախոսագծերի գործունեություն կամ արշավներ հովանավորելը.

6) մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման հետ առնչվող տեղեկատվական կամ ուսուցողական նյութերի տրամադրումը, տարածումը, ուսուցողական գործունեության ծավալումը, բացառությամբ լիազոր մարմնի հետ համաձայնեցված, մանկական սննդի և հարակից ապրանքների հատկանիշների գիտական ասպեկտներին կամ օգտագործման եղանակներին վերաբերող տեղեկատվության տրամադրման:

 

Հոդված 14. Բուժաշխատողների կողմից մանկական սննդի վաճառքը և խրախուսումն արգելելը

 

1. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողներին արգելվում է`

1) մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի կամ խրախուսման այլ ձևերով զբաղվելը.

2) արտադրողից և (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որևէ նվեր, շնորհ կամ պարգև դրամական կամ որևէ այլ տեսքով ընդունելը.

3) մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը.

4) մանկական սննդի օգտագործման ցուցադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ մանկական կաթնախառնուրդով կերակրելն անհրաժեշտ է` ելնելով բժշկական ցուցումներից, կամ եթե մայրն ընտրել է մանկական սննդով կերակրումը:

 

Հոդված 15. Մանկական սննդի և հարակից ապրանքների անվճար կամ ցածր գներով տրամադրումը

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով կարող են տրամադրվել`

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին.

2) բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաներին.

3) մայրական կաթով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում:

 

ԳԼՈՒԽ VI
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԻՏԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 16. Մանկական սննդի պիտակներին ներկայացվող պահանջները

 

1. Մանկական սննդի պիտակները հայերենով և ընթեռնելի տառաչափով պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.

1) պատրաստման և օգտագործման հրահանգներ` բառերով և պատկերներով.

2) երեխաների տարիքային խումբը` թվանշաններով, որոնց համար նախատեսված է մանկական սնունդը, ընդ որում` հավելյալ սնուցման համար նախատեսված դեպքերում նշված տարիքը չպետք է փոքր լինի 6 ամսականից.

3) նախազգուշացում ոչ ճիշտ պատրաստման և այլ տարիքի երեխայի կերակրման հետ կապված` առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների և ռիսկերի մասին.

4) բաղադրությունը և կաթի կամ կրծքի կաթի փոխարինիչի ծագումը.

5) պահպանման պայմանները նախքան բացելը և դրանից հետո.

6) խմբաքանակի համարը, արտադրման ամսաթիվը և պիտանելիության ժամկետը.

7) արտադրողի և (կամ) բաշխողի անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցները.

8) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակները պետք է պարունակեն լիազոր մարմնի սահմանած ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ նախազգուշացման տեքստ.

9) վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակները պետք է պարունակեն նախազգուշացում այն մասին, որ կաթնախառնուրդը չպետք է օգտագործվի 6 ամսականից փոքր մանուկների համար.

10) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակները պետք է պարունակեն «ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ» բառերը և ստորև հետևյալ տեքստը մեծատառերով. «ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է: ԿՐԾՔԻ ԿԱԹԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՍՆՈՒՆԴ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»: Նշումը պետք է զբաղեցնի պիտակի ծավալի ոչ պակաս, քան քսան տոկոսը:

2. Արգելվում է`

1) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակների վրա տեղադրել կրծքով կերակրումը նսեմացնող կամ արհեստական սնուցումը գովաբանող բովանդակությամբ որևէ տեքստ.

2) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակների վրա տեղադրել «մայրականացված», «մարդկայնացված» կամ կրծքի կաթի հետ որևէ համեմատություն ենթադրող արտահայտություններ.

3) մանկական սննդի պիտակների վրա տեղադրել երեխայի նկարներ.

4) մանկական սննդի պիտակների վրա տեղադրել դրանց պատրաստման եղանակների լուսաբանման հետ առնչություն չունեցող լուսանկարներ, նկարներ կամ այլ գրաֆիկական պատկերներ.

5) մանկական սննդի պիտակների վրա տեղադրել ցանկացած գրառում, որը հավաստիացնում կամ հնարավոր է համարում կապը տվյալ արտադրանքի կամ նրա բաղադրիչ մասերի և առողջության, աճի կամ զարգացման միջև.

6) մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի պիտակների արտաքին տեսքի և (կամ) ձևավորման նմանեցումը մանկական կաթնախառնուրդների պիտակներին.

7) սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող պիտակավորմամբ մանկական սննդի վաճառքը կամ այլ կերպ իրացումը:

3. Սույն օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մանկական սննդի պիտակներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:

 

Հոդված 17. Հարակից ապրանքների պիտակներին ներկայացվող պահանջները

 

1. Հարակից ապրանքների պիտակները հայերենով և ընթեռնելի տառաչափով պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.

1) «ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ» բառերը և ստորև հետևյալ տեքստը մեծատառերով. «ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է: ԿՐԾՔԻ ԿԱԹԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՍՆՈՒՆԴ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»: Նշումը պետք է զբաղեցնի պիտակի ծավալի ոչ պակաս, քան քսան տոկոսը.

2) ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ լիազոր մարմնի սահմանած նախազգուշացման տեքստ.

3) լվացման և ախտահանման հրահանգներ` բառերով և պատկերներով.

4) արտադրողի և բաշխողի անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցները:

2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող պիտակավորմամբ հարակից ապրանքների վաճառքը կամ այլ կերպ իրացումն արգելվում է:

3. Սույն օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հարակից ապրանքների պիտակներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:

 

ԳԼՈՒԽ VII
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Առողջապահական կազմակերպությունների պարտականությունները

 

1. Առողջապահական կազմակերպությունները կրծքով կերակրման համար պարտավոր են ապահովել բարյացակամ միջավայր, այդ թվում`

1) խրախուսել ու աջակցել կրծքով կերակրումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու համար.

2) խրախուսել ժամանակին և համապատասխան հավելյալ սնուցման կազմակերպումը.

3) պահպանել սույն օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված` կրծքով կերակրման կանոնները և նշված կանոնների վերաբերյալ պարբերաբար իրազեկել բժշկական անձնակազմին.

4) իրազեկել հանրությանը, ներառյալ` հղիներին, նրանց ընտանիքներին և երեխաներին խնամողներին, կրծքով կերակրման առավելությունների և գործնական հմտությունների, կրծքի կաթի փոխարինիչների օգտագործման և ոչ ճիշտ օգտագործման հետ կապված` առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների և ռիսկերի վերաբերյալ` տրամադրելով համապատասխան, ճշգրիտ և հասանելի տեղեկատվություն.

5) իրականացնել կրծքով կերակրման համար անհրաժեշտ գործնական հմտությունների դասընթաց բուժանձնակազմի համար.

6) մանկական սնունդ արտադրողներին և բաշխողներին չտրամադրել հղիների և կերակրող մայրերի կոնտակտային տվյալներ:

2. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) կամ սույն օրենքի նորմերի այլ խախտումների դեպքում առողջապահական կազմակերպությունները պարտավոր են տեղեկացնել լիազոր մարմնին:

 

Հոդված 19. Բուժաշխատողների պարտականությունները

 

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) հղիների, ծննդկանների և նրանց հարազատների հետ հանդիպումների ժամանակ խրախուսել կրծքով կերակրումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց` մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու համար.

2) ժամանակին գնահատել և խրախուսել համապատասխան հավելյալ սնուցման կազմակերպումը.

3) պահպանել սույն օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված` կրծքով կերակրման կանոնները և նշված կանոնների մասին պարբերաբար իրազեկել կրծքով կերակրող մայրերին.

4) նորածիններին չտրամադրել ոչ մի տեսակի սնունդ կամ հեղուկ, բացի կրծքի կաթից, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված դեպքերի.

5) մանկական սնունդ արտադրողներին և (կամ) բաշխողներին չտրամադրել հղիների և կերակրող մայրերի կոնտակտային տվյալներ.

6) մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) կամ սույն օրենքի նորմերի այլ խախտումների դեպքում տեղեկացնել առողջապահական կազմակերպության ղեկավարությանը.

7) բուժաշխատողները պարտավոր են մայրերին տրամադրել տեղեկատվություն մանկական սննդի օգտագործման հետ կապված` առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների և ռիսկերի վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ VIII
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 20. Տեղեկատվական և ուսուցողական նյութերը մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ

 

1. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութերը պետք է`

1) լինեն հայերենով, անհրաժեշտության դեպքում` նաև այլ լեզուներով.

2) պարունակեն ճշգրիտ և արդի տեղեկատվություն և բացառեն որևէ նկար կամ տեքստ, որը խրախուսում է մանկական սննդի և հարակից ապրանքների օգտագործումը, շշով կերակրումը կամ չի նպաստում կրծքով կերակրմանը.

3) հստակ ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.

ա. կրծքով կերակրման անհրաժեշտությունն ու առավելությունները,

բ. 6 ամիս բացառապես և դրան հետևող շարունակական (երկու տարի և ավելի) կրծքով կերակրման կարևորությունը,

գ. ինչպես սկսել և պահպանել բացառապես և շարունակական կրծքով կերակրումը, ներառյալ, թե ինչու է դժվար փոխել կրծքով չկերակրելու որոշումը,

դ. 6 ամսականից սկսած` հավելյալ սննդի տրամադրման կարևորությունը,

ե. շշով կերակրման կամ հավելյալ սննդի վաղ տրամադրման բացասական ազդեցությունը կրծքով կերակրման վրա,

զ. տնային պայմաններում հավելյալ սննդի պատրաստումը:

2. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութերը չպետք է`

1) ներկայացնեն, թե իբր մանկական սննդով կերակրելը կամ հարակից ապրանքներ օգտագործելը համարժեք է, համեմատելի է կամ գերազանցում է կրծքի կաթին կամ կրծքով կերակրմանը.

2) պարունակեն մանկական սննդի և հարակից ապրանքների ֆիրմային անվանումներ, ապրանքային նշաններ կամ արտադրողի և (կամ) բաշխողի անվանումը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը տրամադրվում է բուժաշխատողներին:

3. Մանկական սննդով կերակրելու մասին գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութերը, բացի սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունից, պետք է ընդգրկեն նաև հետևյալ տեղեկատվությունը.

1) հրահանգներ` մանկական սննդի պատշաճ պատրաստման և օգտագործման, ինչպես նաև հարակից ապրանքների լվացման և ախտահանման վերաբերյալ.

2) մանկանը կերակրման բաժակով կերակրելու վերաբերյալ.

3) շշով կերակրման և մանկական սննդի ոչ ճիշտ պատրաստման հետ կապված հնարավոր առողջական վտանգները:

i

4. Կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակվում են`

1) լիազոր մարմնի կողմից լիազորված կազմակերպությունների միջոցով տվյալ տարվա պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև տեղական և միջազգային ոչ կառավարական գործընկեր կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) այլ կազմակերպությունների կողմից` նյութերը լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցնելուց հետո:

Լիազորման և նյութերի համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն իրավունք ունի արգելելու սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի հրապարակումը և տարածումը:

(20-րդ հոդ. փոփ. 21.03.18 ՀՕ-170-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ IX
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ X
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հոդված 22. Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը, բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 15-րդ հոդվածի 1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. դեկտեմբերի 12
Երևան
ՀՕ-177-Ն

 

pin
ՀՀ 20.11.2014
N ՀՕ-177-Ն օրենք