Սեղմել Esc փակելու համար:
{10.02.2005 - 16.02.2007} ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

{10.02.2005 - 16.02.2007} ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

18.05.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.02.2005  -ից մինչեւ   16.02.2007  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

10.02.2005 - 16.02.2007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 20-ին

 

i

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Ազգային ժողովը և նրա լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:

2. Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:

3. Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում Ազգային ժողովն ընդունում է օրենքներ և որոշումներ:

 

Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը

 

1. Ազգային ժողովը գործում է սույն կանոնակարգին համապատասխան` նստաշրջանների, նիստերի, ինչպես նաև իր մարմինների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի աշխատանքի միջոցով:

2. Ազգային ժողովի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման և կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:

3. Ազգային ժողովի մարմիններն են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները և հանձնաժողովները:

4. Ազգային ժողովում կազմավորվում են խմբակցություններ, և կարող են ստեղծվել պատգամավորական խմբեր:

 

Հոդված 3. Ազգային ժողովի աշխատանքային լեզուն

 

Ազգային ժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

 

i
Հոդված 4. Ազգային ժողովի նիստերի անցկացման վայրը

 

Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երևան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում` Բաղրամյան 19: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ կամ, դրա անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 

ԳԼՈՒԽ 1.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

 

Հոդված 5. Պատգամավորի իրավունքները

 

1. Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`

ա) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել օրենքի, Ազգային ժողովի որոշման նախագծեր.

բ) ունենալ ելույթներ, տալ հարցեր և անել առաջարկություններ Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների (ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի) նիստերում.

գ) մասնակցել, տալ հարցեր և ելույթ ունենալ խորհրդարանական լսումներում.

դ) առաջադրվել և ընտրվել Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոններում.

ե) ընդգրկվել Ազգային ժողովի մեկ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում.

զ) ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի, ենթահանձնաժողովի, աշխատանքային խմբի կազմում.

է) ծանոթանալ Ազգային ժողովին կամ հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել.

ը) հարցումներով և առաջարկություններով դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին և կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը.

թ) ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) դռնբաց նիստերին.

ժ) մասնակցել Ազգային ժողովի վերահսկիչ պալատի (այսուհետ` Վերահսկիչ պալատ) խորհրդի նիստերին.

ժա) հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, կազմակերպել ընդունելություններ.

ժբ) հանրապետության տարածքում կապ հաստատելու համար, հատուցելի հիմունքներով, օգտվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցներից։

2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

 

i
Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները

 

1. Պատգամավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով`

ա) մասնակցել Ազգային ժողովի նիստերին.

բ) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.

գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները և պատասխանել դիմումներին.

դ) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովի նիստերին, որի կազմում նա ընդգրկված է:

2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

3. Պատգամավորի պահվածքի կանոնները սահմանվում են օրենքով

(6-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները

 

1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) պատգամավորի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

բ) 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, քննարկել պատգամավորի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել նրան.

գ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:

2. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

3. Կառավարությունն Ազգային ժողովին նախապես տեղյակ է պահում Կառավարության դռնբաց նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին: Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

4. Վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին առնվազն երեք օր առաջ տեղեկացնում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին` ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

5. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են, պատգամավորի պահանջով, ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել պատգամավորին` քաղաքացիների ընդունելության և նրանց հետ հանդիպման համար:

6. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված գործունեության այլ երաշխիքներ:

7. Պատգամավորի գործունեության երաշխիքները կարող են սահմանափակվել Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում` օրենքով սահմանված կարգով:

(7-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը

 

1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում` համակարգիչ) և կապի (այդ թվում` ինտերնետային) միջոցներով հագեցված աշխատատեղ, ինչպես նաև խոսափողով ու անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ` Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

i

2. Աշխատանքն սկսվում է ժամը 9-ին: Պատգամավորի աշխատանքը նորմավորված չէ:

3. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովի նախագահի և պատգամավորի վարձատրությունը սահմանվում է օրենքով:

4. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պատգամավորներին միաժամանակ տրվում է ամենամյա արձակուրդ` 36 աշխատանքային օր տևողությամբ, որից 12-ը` ձմռանը, իսկ 24-ը` ամռանը:

6. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

7. Սահմանադրության 65-րդ հոդվածին համապատասխան` պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

8. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի:

9. Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատգամավորի կենսաթոշակը սահմանվում է օրենքով։

(8-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 9. Պատգամավորի անձեռնմխելիությունը

 

1. Պատգամավորական լիազորությունների ընթացքում և դրանից հետո անձը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

2. Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել` առանց սույն օրենքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության:

3. Ազգային ժողովի նախագահն անհապաղ տեղյակ է պահվում պատգամավորի ձերբակալման մասին:

 

Հոդված 10. Պատգամավորի գործունեության հետ առնչվող հարցեր

 

1. Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական, դիվանագիտական անձնագիր և «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշան, որի նկարագրությունը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ:

2. Պատգամավորի բժշկական սպասարկումն ու հանգստի կազմակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

4. Պատգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

 

i
Հոդված 11. Պատգամավորի օգնականը

 

1. Պատգամավորը կարող է ունենալ հասարակական հիմունքներով աշխատող երկու օգնական:

2. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ`

ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր.

գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

դ) վարում է գործավարությունը:

3. Պատգամավորի հանձնարարությամբ նրա օգնականներից մեկը կարող է ներկա գտնվել հանձնաժողովների նիստերին և խորհրդարանական լսումներին:

(11-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 12. Պատգամավորի լիազորությունների դադարումը

 

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե`

ա) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

բ) արձակվել է Ազգային ժողովը.

գ) նա խախտել է Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջը.

դ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

ե) մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի.

զ) նա դատապարտվել է ազատազրկման.

է) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.

ը) ուժի մեջ է մտել նրա ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին սահմանադրական դատարանի որոշումը.

թ) նա տվել է հրաժարական` սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով.

ժ) նա մահացել է:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ», «դ», «զ», «է», «ը» և «ժ» ենթակետերով նախատեսված դեպքերում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

i
Հոդված 13. Պատգամավորի հրաժարական տալու կարգը

 

1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

(13-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2.
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

 

Հոդված 14. Խմբակցությունների ստեղծման կարգը

 

1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հետևյալ սկզբունքներին համապատասխան`

ա) համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում.

բ) կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունում ընդգրկվում են նաև այդ դաշինքը կազմած կուսակցությունների առաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:

2. Խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

3. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին:

4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր:

5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման և վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

 

Հոդված 15. Պատգամավորական խմբերի ստեղծման կարգը

 

1. Առնվազն 10 պատգամավորներ կարող են ստեղծել պատգամավորական խումբ` Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը, որը նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

2. Խումբն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները:

3. Խմբի անվանումը չպետք է համընկնի գործող, կասեցված կամ արգելված որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան հետ:

4. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբի ղեկավարին:

5. Խումբը համալրվում է խմբի ղեկավարին ուղղված պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա` խմբի որոշմամբ:

6. Խումբը լուծարվում է իր որոշմամբ կամ, եթե նրա անդամների թիվը նվազում է 10-ից և չի լրացվում` այդ մասին Ազգային ժողովի նիստում արված հայտարարությունից հետո` 14-օրյա ժամկետում:

7. Խմբի կազմի փոփոխության կամ լուծարման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

 

i
Հոդված 16. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի գործունեության ապահովումը

 

1. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին և պատգամավորական խմբերին հատկացվում են առանձին հատվածներ:

2. Ազգային ժողովի նստավայրում խմբակցությունները և պատգամավորական խմբերն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերով և, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերով, դրանց վերաբերյալ Կառավարության և Աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացություններով, առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերով, ինչպես նաև օրաթերթերով:

3. Խմբակցությանը և պատգամավորական խմբին տրամադրվում է ավտոմեքենա:

4. Խմբակցության և պատգամավորական խմբի գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, պատգամավորական խմբի անդամների աշխատանքին:

5. Մինչև 10 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և մեկ փորձագետ, 11-ից 14 անդամ ունեցող խմբակցությունը, պատգամավորական խումբն ունենում են մեկ գործավար և 2 փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար և 3 փորձագետ:

(16-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

 

Հոդված 17. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների ընտրությունը

 

1. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:

2. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցերը քննարկվում են սույն օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

3. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

5. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնները միաժամանակ թափուր են, ապա թեկնածուների առաջադրումը, քննարկումը և քվեարկությունն իրականացվում են առանձին-առանձին:

 

i
Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները

 

i

1. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով`

ա) Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.

բ) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստերը.

գ) ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները.

դ) ներկայացնում է Ազգային ժողովը.

ե) հաստատում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմը.

զ) հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ.

է) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ` որոշում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը.

ը) վարում է Ազգային ժողովի նիստերը և Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.

թ) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը.

ժ) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.

ժա) նախնական քննարկման և եզրակացություն տալու համար Կառավարություն, մշտական հանձնաժողովներ և Աշխատակազմ է ուղարկում օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերը, նշանակում է գլխադասային հանձնաժողով.

ժբ) Հանրապետության Նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաև օրենքների ընդունման, Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները.

ժգ) Հանրապետության Նախագահին է ներկայացնում արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունը.

ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ.

ժդ.1) տնօրինում է Ազգային ժողովի նյութական ու ֆինանսական միջոցները.

ժե) հաստատում է Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև Ազգային ժողովի պահպանման ծախսերը.

ժզ) նշանակում և ազատում է Աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

ժէ) Ազգային ժողովին է առաջարկում թեկնածուներ` Վերահսկիչ պալատի նախագահի, սահմանադրական դատարանի անդամների և սահմանադրական դատարանի կազմից` սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում նշանակելու համար.

ժը) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների մասնագետների (փորձագետների) թվաքանակը.

ժթ) Ազգային ժողովի և իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ընթացակարգով` առանց որոշման ընդունման.

ի) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների անցկացման կարգերը.

իա) հաստատում է Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «թ» և «ի» ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո` հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:

(18-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն, 24.12.04 ՀՕ-69-Ն օրենքներ)

 

Հոդված 19. Ազգային ժողովի նախագահի տեղակալի իրավասությունները

 

1. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը`

ա) վարում է Ազգային ժողովի նիստերը.

բ) վարում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.

գ) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին։

2. Եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է վերջինը նրան փոխարինած տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` տարիքով ավագ տեղակալը:

 

Հոդված 20. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարումը

 

1. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունները դադարում են, եթե`

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրանց պատգամավորական լիազորությունները.

բ) նրանք տվել են հրաժարական` սույն հոդվածի համապատասխանաբար 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված կարգով:

2. Ազգային ժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո`

ա) հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի նախագահի հրաժարականը համարվում է ընդունված.

բ) հրաժարականը կրկին չներկայացվելու դեպքում նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի դիմումը համարվում է առ ոչինչ։

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալները հրաժարականի մասին իրենց դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։

4. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 97-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:

5. Ազգային ժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

 

ԳԼՈՒԽ 4.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Հոդված 21. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը

 

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:

2. Մշտական հանձնաժողովները կազմավորվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում և գործում են մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն օրենքի 25-րդ հոդվածում սահմանված սկզբունքները:

4. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեության ոլորտներն են`

ա) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր.

բ) գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն, երիտասարդություն, սպորտ.

գ) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն և ներքին գործեր, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական ծառայություն, ոստիկանություն.

դ) սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, առողջապահություն, բնության պահպանություն, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, բնակարանային շինարարություն.

ե) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, ընտրական համակարգ, սահմանադրական փոփոխություններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, պետական ծառայություն, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, փաստաբանական և նոտարական ծառայություն, քաղաքացիական, քրեական, վարչական և այլ օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ.

զ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` բյուջե, վարկեր, հարկեր, տուրքեր, վճարներ, դրամ և դրամաշրջանառություն, ներդրումներ, բանկային համակարգ և ֆինանսավարկային կազմակերպություններ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, կապ և հեռահաղորդակցություն, առևտուր և ծառայություններ, տարածքային զարգացում, տնտեսության պետական կարգավորում, մասնավորեցում, շուկայական ենթակառուցվածքներ, ձեռնարկատիրական գործունեություն, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական և տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր:

5. Մշտական հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

6. Պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և 5 փորձագետ, իսկ մնացած մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրը` մեկ գործավար և 4 փորձագետ:

7. Մշտական հանձնաժողովի մասնագետները (փորձագետները) հանդիսանում են Աշխատակազմի աշխատակիցներ: Նրանք աշխատանքի են ընդունվում և ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են հանձնաժողովի անդամների աշխատանքին:

8. Աշխատակազմը մշտական հանձնաժողովներին ապահովում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, սահմանադրական դատարանի ընդունած ակտերով և օրաթերթերով:

 

i
Հոդված 22. Ժամանակավոր հանձնաժողովը և նրա գործունեությունը

 

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

2. Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և կարգը:

3. Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:

i

4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է Ազգային ժողովի նիստում ժամանակավոր հանձնաժողովի` իր գործունեության մասին զեկուցումից հետո` երկօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ` Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

5. Ժամանակավոր հանձնաժողովի մասնագետները (փորձագետները) աշխատանքի են ընդունվում պայմանագրային կարգով` հանձնաժողովի գործունեության ժամկետով: Նրանց կազմն ու թվաքանակը հաստատում է Ազգային ժողովի նախագահը` համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(22-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն, 24.12.04 ՀՕ-69-Ն օրենքներ)

 

Հոդված 23. Ենթահանձնաժողովը, աշխատանքային խումբը և նրանց գործունեությունը

 

1. Մշտական հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաև ձևավորել աշխատանքային խմբեր` սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը և ընտրելով դրանց ղեկավարներին:

2. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաև հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի մասնագետը (փորձագետը), պատգամավորի օգնականը և այլ մասնագետներ:

3. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է մշտական հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

4. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է մշտական հանձնաժողովի նիստում:

5. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ` մշտական հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 24. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը և նրա գործունեությունը

 

1. Ազգային ժողովի որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` հաշվիչ հանձնաժողով), որը պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ հերթական նստաշրջանի սկիզբը:

2. Ընտրվող պաշտոններում կամ մարմիններում քվեարկվող թեկնածուն, ինչպես նաև քվեարկության դրված հարցի հեղինակները համապատասխան քվեարկության ընթացքում չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:

3. Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

4. Հաշվիչ հանձնաժողովը`

ա) սույն օրենքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.

բ) սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում գրանցում է պատգամավորներին.

գ) սույն օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հաշվում է պատգամավորների ձայները:

5. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

(24-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 25. Հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգը

 

1. Պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրի թվաքանակը հավասար է պատգամավորների ընդհանուր թվի շուրջ 1/4-ին, իսկ մյուս մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրինը` շուրջ 1/8-ին:

2. Հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:

3. Մշտական հանձնաժողովներում պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

4. Հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ:

5. Խմբակցության անդամները հանձնաժողովների կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

6. Խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:

7. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի ղեկավարները կարող են իրենց ցանկությամբ չընդգրկվել մշտական հանձնաժողովների կազմում:

8. Խմբակցությունները, պատգամավորական խմբերն իրավունք ունեն փոխելու հանձնաժողովներում ընդգրկված իրենց անդամներին:

(25-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 26. Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

 

1. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցը քննարկվում է սույն օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

3. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե`

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

բ) նա տվել է հրաժարական` սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

4. Մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։

5. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում ներկայացվում և քննարկվում է սույն օրենքի 97-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:

6. Մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ` նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, ենթահանձնաժողովի և աշխատանքային խմբի ղեկավարներ ընտրում է համապատասխան հանձնաժողովը` իր որոշմամբ:

8. Հանձնաժողովի նախագահը`

ա) նախապատրաստում և վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

դ) համակարգում է ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքը.

ե) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

զ) ընթացք է տալիս և պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.

է) ղեկավարում է հանձնաժողովի մասնագետների (փորձագետների) աշխատանքը։

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

(26-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը

 

1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերը` ժամը 11-ին:

2. Ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի սահմանած օրերին, բայց ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:

3. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած ժամկետում:

Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է հանձնաժողովի նիստի գումարումը:

4. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված` շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված օրենքների և որոշումների նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող` հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից:

(27-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 28. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը

 

1. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:

3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, հանձնաժողովի մասնագետները (փորձագետները), պատգամավորների օգնականները, հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված և օրենքով նախատեսված այլ անձինք:

4. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:

5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այլ շահագրգիռ մարմինները և պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ:

(28-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 29. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը

 

1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում` նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:

2. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

2.1. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) քվեարկություն:

2.2. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ հանձնաժողովի անդամի կողմից և քվեարկվում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությունից հետո:

2.3. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:

3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա (գրանցված) հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

6. Նիստի արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

(29-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 30. Գլխադասային հանձնաժողովը

 

1. Գլխադասային հանձնաժողովն Ազգային ժողովի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների կազմից, սույն օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահի նշանակած հանձնաժողովն է:

2. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչն Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ` ներկայացնելով դրա վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

3. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի որոշմամբ այլընտրանքային համարվել միևնույն ոլորտը կարգավորող և չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված` դեռևս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ:

4. Գլխադասային հանձնաժողովը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հետաձգելու մասին եզրակացություն կարող է ներկայացնել` հեղինակի (հիմնական զեկուցողի), իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամի առաջարկությամբ։

(30-րդ հոդ. փոփ. 24.12.074 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 31. Հանձնաժողովների համատեղ նիստերը

 

Հանձնաժողովները կարող են անցկացնել համատեղ նիստեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին:

 

i
Հոդված 32. Խորհրդարանական լսումները

 

1. Հանձնաժողովները սույն օրենքով իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:

2. Լսումների օրը, ժամը և անցկացման վայրը, ինչպես նաև զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Լսումների անցկացման օրը չպետք է լինի ուրբաթ օրը կամ համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:

3. Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:

4. Լսումներն անցկացվում են դրանք կազմակերպող հանձնաժողովների կողմից հաստատված ընթացակարգով:

5. Լսումները վարում են դրանք կազմակերպող հանձնաժողովի նախագահները կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում` նրանց տեղակալները կամ համապատասխան անձինք։

(32-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 33. Պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին

 

1. Հանձնաժողովի անդամը նիստին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին:

2. Հերթական նստաշրջանի ավարտից հետո` 30-օրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստում:

 

ԳԼՈՒԽ 5.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

 

Հոդված 34. Առաջին նստաշրջանի գումարումը

 

1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երկրորդ հինգշաբթի օրը` ժամը 10-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

3. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

4. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են`

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման`

Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ:

5. Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, որից հետո, սույն օրենքով սահմանված կարգով, կատարվում է պատգամավորների գրանցում:

6. Նիստը վարողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը`

ա) հաշվիչ հանձնաժողովի ընտրություն.

բ) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

գ) Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ.

դ) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

ե) մշտական հանձնաժողովների կազմավորում.

զ) Կառավարության գործունեության ծրագրի ներկայացում և Կառավարության վստահության հարց:

7. Մինչև օրակարգի «ա»-«ե» հարցերի սպառումը տեղի են ունենում ամենօրյա նիստեր, որոնք անցկացվում են ժամը 10-ից մինչև 18-ը` մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է: Օրակարգի «զ» հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե նա չի ընտրվել` նիստը վարողը:

8. Առաջին նստաշրջանը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

 

i
Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

 

1. Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթին և փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչև հունիսի երկրորդ չորեքշաբթին: Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերը սկսվում են նստաշրջանի բացման օրը:

2. Հերթական նստաշրջաններն անցկացվում են երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում ժամը 12-ից մինչև 18-ը` մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տևողությունը մեկ ժամ է

3. Չորսօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրը` ժամը 17-ից, պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով։ Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է նիստը երկարաձգել մինչև 30 րոպեով: Նիստի տեսագրությունը հաջորդ օրը` ժամը 21.30-ին, ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ:

ԻՐՏԵԿ    16.02.2007 թվականից 35-րդ հոդվածի 3-րդ կետի վերջին նախադասությունը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր` 16.02.07 ՍԴՈ-678 որոշում:

4. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:

ԻՐՏԵԿ    16.02.2007 թվականից 35-րդ հոդվածի 4-րդ կետի վերջին նախադասությունը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր` 16.02.07 ՍԴՈ-678 որոշում: 

4.1. Եթե չորսօրյա նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումը և քվեարկությունները չորսօրյա նիստերի համար սահմանված ժամկետից ավելի շուտ են ավարտվում, ապա չորսօրյա նիստերն ավարտվում են օրակարգի վերջին հարցի քվեարկության ավարտից հետո: Անկախ չորսօրյա նիստերի ավարտման ժամանակից, սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված նիստը կայանում է:

5. Օրենքով ոչ աշխատանքային հայտարարված օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Այդ օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:

(35-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 36. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծը

 

1. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվում են սահմանված կարգով շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները, Ազգային ժողովի որոշումների նախագծերը և օրենքով նախատեսված այլ հարցեր:

2. Հերթական նստաշրջանի օրակարգի, ինչպես նաև դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը կազմված են երեք մասից`

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

3. Պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են`

ա) Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

բ) Հանրապետության Նախագահի հրաժարականի մասին հարցը.

գ) Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին հարցը.

դ) Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով վերադարձված օրենքները քննարկելու մասին հարցերը.

ե) համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը.

զ) Ազգային ժողովի որոշմամբ քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

է) նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը.

ը) պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ հարցը.

թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման հարցերը.

ժ) Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում ընտրությունների անցկացման մասին հարցերը.

ժա) Սահմանադրության 83-րդ և օրենքով նախատեսված դեպքերում պաշտոններում ընտրությունների, նշանակումների մասին հարցերը:

 

Հոդված 37. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը

 

1. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:

2. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կազմված է երեք մասից`

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

3. Չորսօրյա նիստերի օրակարգում պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են`

ա) սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը, բացառությամբ «է» ենթակետում նշվածի.

բ) նախորդ չորսօրյա նիստերում անավարտ մնացած հարցերը.

գ) նախորդ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված, սակայն չքննարկված հարցերը.

դ) օրենքի նախագծերը երրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.

ե) օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.

զ) հերթական նստաշրջանի օրակարգից չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետն սպառած հարցերը:

(37-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 38. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերի քննարկման կարգը

 

1. Հերթական նստաշրջանի առաջին նիստն սկսվում է նստաշրջանի և ընթացիկ չորսօրյա նիստերի օրակարգերը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:

2. Չորսօրյա նիստերն սկսվում են հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, ինչպես նաև ընթացիկ չորսօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:

3. Հերթական նստաշրջանի օրակարգը հաստատելու, դրանում լրացումներ կատարելու և չորսօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը քննարկվում են առանձին-առանձին:

4. Հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու և չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 20-ական րոպե:

5. Հարցերը տրվում են սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) ելույթ ունեցողը, բացառությամբ օրակարգի նախագծում ընդգրկված հարցի մեկ հեղինակի, հանդես է գալիս խոսափողից` երկու րոպեի ընթացքում.

բ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչներին ելույթի համար հատկացվում է մինչև երկու րոպե:

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 10.02.2005 թվականից` 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 10.02.2005 թվականից` 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

8. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի` մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում նշված նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը, կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: Որոշումն ընդունվելու դեպքում հերթական նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում` նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

9. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի` մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Որոշումն ընդունվելու դեպքում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում` նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

10. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը հերթական նստաշրջանի, իսկ սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը` չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

11. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի, հերթական նստաշրջանի օրակարգերից և շրջանառությունից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:

12. Չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ Աշխատակազմն Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորներին է տրամադրում համապատասխան օրակարգերի, դրանցում լրացումներ կատարելու նախագծերը, ինչպես նաև դրանցում ընդգրկված հարցերի նախագծերը:

(38-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 39. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը

 

1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Հանրապետության Նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության պահանջով արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

2. Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան գումարվելու դեպքում այդ նստաշրջանի օրակարգը և դրանում ընդգրկված հարցերի նախագծերն ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին։

3. Արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում են արտահերթ նստաշրջանի օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա այդ ձևաթուղթը համապատասխան նախագծերի հետ միասին նույն օրը ներկայացնում է Հանրապետության Նախագահին, իսկ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկում է Կառավարություն: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

4. Արտահերթ նստաշրջան չի կարող անցկացվել չորսօրյա նիստերի համար նախատեսված օրերին:

5. Արտահերթ նստաշրջանը չի կարող տևել վեց օրից ավելի և կարող է ընդհատվել չորսօրյա նիստերով կամ նախաձեռնողի(ների) ներկայացուցչի առաջարկությամբ` Ազգային ժողովի որոշմամբ, որը, առանց քննարկման, քվեարկվում է անմիջապես: Սահմանված ժամկետը լրանալու կամ օրակարգն սպառվելու դեպքում արտահերթ նստաշրջանը համարվում է փակված:

6. Արտահերթ նստաշրջանը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետևյալ ընթացակարգով`

ա) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տևողությամբ 4 նիստ.

բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.

գ) երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է։

7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության` առանց քննարկման:

(39-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 40. Արտահերթ նստաշրջանում հարցերի քննարկման կարգը

 

1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ նստաշրջանի և հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:

2. Եթե արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են միևնույն հարցը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչև դրանց քննարկումն սկսվելն Ազգային ժողովում քննարկվում է այդ հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծը:

(40-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 41. Արտահերթ նիստի գումարման կարգը

 

1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

2. Արտահերթ նիստ գումարելու մասին Կառավարության նախաձեռնությունը ներառում է արտահերթ նիստի օրակարգը, անցկացման ժամկետը և օրակարգային հարցերի նախագծերը:

3. Արտահերթ նիստ գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում է արտահերթ նիստի նախատեսվող օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Կառավարություն: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

4. Արտահերթ նիստն անցկացվում է հերթական նստաշրջանի ընթացքում: Չորսօրյա նիստերի օրը արտահերթ նիստ կարող է գումարվել ժամը 18.30-ից մինչև 24-ը։ Օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո արտահերթ նիստը համարվում է փակված:

5. Արտահերթ նիստը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետևյալ ընթացակարգով`

ա) նիստի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տևողությամբ 4, իսկ չորսօրյա նիստերի օրերին` 3 նիստ.

բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.

գ) երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է, բացառությամբ չորսօրյա նիստերի օրը։

6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նիստը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության` առանց քննարկման:

7. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը արտահերթ նիստի և հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:

8. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միևնույն հարցը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչև դրանց քննարկումն սկսվելը Ազգային ժողովում քննարկվում է այդ հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծը։

(41-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 42. Հատուկ նիստերը

 

1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակվելուց հետո անհապաղ գումարվում է հատուկ նիստ:

2. Հատուկ նիստի օրակարգում առանց քվեարկության ընդգրկվում և քննարկվում են պատերազմ հայտարարելու մասին որոշման նախագիծը և ռազմական դրություն հայտարարելու մասին միջոցառումների ծրագիրը:

 

Հոդված 43. Դռնբաց և դռնփակ նիստերը

 

1. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են:

2. Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

3. Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է օրենքով:

4. Դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է։

5. Դռնփակ նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել և օգտագործել ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա և տեսատեխնիկա, ռադիոկապի և հեռախոսակապի, ինչպես նաև ձայնագրման և տեղեկատվության մշակման միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

6. Դռնփակ նիստի սղագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:

7. Դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, սահմանադրական դատարանի նախագահը, Կառավարության անդամները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` Գլխավոր դատախազ), Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը, Աշխատակազմի ղեկավարը և նրա կողմից սահմանված ցանկով նիստի սպասարկումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաև նիստը վարողի հրավիրած անձինք:

8. Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 7-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել նաև Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի մասնագետները (փորձագետները), Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով նիստի լուսաբանումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաև նիստը վարողի և քննարկվող հարցի գլխադասային հանձնաժողովի հրավիրած անձինք:

9. Հանրապետության Նախագահի, նրա լիազորած ներկայացուցչի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, Կառավարության անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի և հրավիրված անձանց համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր:

10. Նիստի ժամանակ դահլիճում կարող են բաժանվել միայն օրակարգում ընդգրկված հարցերի նախագծերը և դրանց հետ ներկայացված փաստաթղթերը:

11. Նիստի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

 

i
Հոդված 44. Ազգային ժողովի նիստում պատգամավորների գրանցումը

 

1. Օրվա առաջին, արտահերթ և սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված նիստերն սկսվում են պատգամավորների գրանցումով` նիստը վարողի հայտարարությամբ: Չգրանցված պատգամավորը գրանցվում է իր խնդրանքով:

2. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը և դրանից պատգամավորի բացակայելը կարող է համարվել անհարգելի` սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Պատգամավորների գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգով` 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում գրանցումը կատարում է հաշվիչ հանձնաժողովը:

4. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է (սահմանված կարգով գրանցվել է) պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է):

4.1. Գրանցված պատգամավորների թիվը մշտապես ցուցադրվում է լուսատախտակի վրա:

5. Եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորումի`

ա) ապահովման դեպքում նիստը վարողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

բ) չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած:

(44-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 45. Ազգային ժողովի նիստի վարման կարգը

 

1. Նիստը վարողը`

ա) բացում, ընդհատում և փակում է նիստը.

բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.

գ) ձայն է տալիս և ավելացնում ելույթի ժամանակը.

դ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը և դրանց արդյունքների հրապարակումը.

ե) համակարգում է նիստն սպասարկող աշխատակիցների աշխատանքը.

զ) կարգազանց պատգամավորի նկատմամբ ձեռնարկում է սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված միջոցները.

է) կարող է ընդմիջել ելույթները` նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

ը) կարգազանց հրավիրվածներին հեռացնում է նիստերի դահլիճից.

թ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները և կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:

3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետևյալ կարգապահական միջոցները`

ա) զգուշացում` անունը, ազգանունը հրապարակելով.

բ) խոսափողի անջատում.

գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

դ) հեռացում` մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից` դահլիճում ներկա լինելուց.

ե) զրկում` մինչև 6 օր Ազգային ժողովի նստավայր (Բաղրամյան 19) մտնելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:

Սույն կետի առաջին մասում սահմանված կարգապահական միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը:

Սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն կետի առաջին մասի «դ» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը, և պատգամավորն ինքնակամ դա չի կատարել:

Պատգամավորի կողմից սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցին չենթարկվելու դեպքում նիստը վարողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող մարմիններին իրականացնել այն:

4. Եթե նիստում անկարգություն է առաջանում, և նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչև կես ժամով ընդհատել նիստը:

5. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված:

(45-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն, 24.12.04 ՀՕ-69-Ն օրենքներ)

 

i
Հոդված 46. Ազգային ժողովի նիստերի սղագրումը

 

1. Ազգային ժողովի նիստի սղագրությունն ապահովում է Աշխատակազմը:

2. Նիստերի սղագրությունը կարող է հրատարակվել, բացառությամբ դռնփակ նիստերի։

3. Չորսօրյա նիստերի, արտահերթ նստաշրջանի և արտահերթ նիստի ավարտից հետո` տասն օրվա ընթացքում, այդ նիստերի սղագրությունները և ձայնագրություններն ուղարկվում են Ազգային ժողովի գրադարան, իսկ 30 օր հետո տեղափոխվում են Ազգային ժողովի արխիվ:

4. Ազգային ժողովի նիստում յուրաքանչյուր ելույթ ունեցող իրավունք ունի Ազգային ժողովի գրադարանում 30 օրվա ընթացքում ծանոթանալ իր ելույթի սղագրությանը և ստուգել դրա ճշտությունը:

5. Ելույթ ունեցողի կողմից իր ելույթի սղագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ:

(46-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 47. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

 

1. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին և Կառավարությանը:

2. Օրենսդրական նախաձեռնության իրավունքն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ:

3. Օրենքի նախագծերի փաթեթը ներառում է`

ա) առաջադրվող օրենքի նախագիծը.

բ) օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծեր:

4. Օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

ա) օրենքի ընդունման հիմնավորումը.

բ) օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

գ) Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում Կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն, կամ տեղեկանք` դրանց բացակայության մասին:

5. Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:

6. Չի թույլատրվում օրենքի նախագծում ընդգրկել տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ:

 

Հոդված 48. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման իրավունքը

 

Սահմանադրությամբ և (կամ) սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորը, եթե Սահմանադրությամբ և (կամ) սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

 

i
Հոդված 49. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները

 

Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովը կարող է սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունել հետևյալ որոշումները`

ա) հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերը հաստատելու և դրանցում փոփոխություններ կատարելու մասին.

բ) արտահերթ նստաշրջանի, նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.

գ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.

դ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.

ԻՐՏԵԿ     16.02.2007 թվականից 49-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածին հակասող և անվավեր` 16.02.07 ՍԴՈ-678 որոշում:

ե) Հանրային հեռուստառադիոընկերությամբ Ազգային ժողովի նիստի` ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.

զ) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.

է) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.

ը) հարցի քննարկումը մինչև մեկ ժամով ընդմիջելու մասին.

թ) հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծում հարցի ընդգրկումը հետաձգելու մասին.

ժ) հարցի քվեարկությունը կրկնելու մասին.

ժա) օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու մասին.

ժբ) հարցը երկրորդ, երրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները փոփոխելու մասին.

ժգ) հարցի քննարկումն առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձնելու մասին:

(49-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 50. Օրենքի նախագծի առաջադրման կարգը

 

1. Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պաշտոնապես, ինչպես նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:

2. Եթե օրենքի նախագիծն առաջադրել են մի քանի պատգամավորներ, ապա Ազգային ժողովում քննարկումների ընթացքում որպես հեղինակ (հիմնական զեկուցող) հանդես է գալիս նրանցից մեկը («հիմնական զեկուցողի մասին նշվում է առաջադրման գրությունում»): Հեղինակի (հիմնական զեկուցողի) պատգամավորական լիազորությունները դադարելու դեպքում Ազգային ժողովում տվյալ օրենքի նախագծի հետագա քննարկումների ընթացքը որոշվում է սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-6-րդ կետերով սահմանված կարգով:

Օրենքի նախագծի հեղինակներից յուրաքանչյուրը օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո և նրա քննարկման ցանկացած փուլում կարող է դուրս գալ առաջադրողների կազմից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի նիստում օրինագծի քննարկումից առաջ:

3. Կառավարությունն օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջադրում է իր որոշմամբ, որը ներառում է`

ա) սույն օրենքի 47-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

գ) անհրաժեշտության դեպքում` պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:

(50-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 51. Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը

 

1. Ազգային ժողովի նախագահն առաջադրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ, այն ուղարկելով`

ա) Կառավարություն (եթե հեղինակը պատգամավոր է)` վարչապետի անունով, և Աշխատակազմ, որոնք 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում են իրենց եզրակացություններն առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ.

բ) հանձնաժողովներ` դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին.

գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:

1.1. Եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

2. Աշխատակազմի եզրակացությունում նշվում են օրենքի նախագիծը սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները, որը ներառում է այդ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի ցանկը կամ այդպիսի օրենքների, Ազգային ժողովի որոշումների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

3. Կառավարության եզրակացությունն անհրաժեշտության դեպքում ներառում է պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին իր եզրակացությունը:

4. Եթե սահմանված ժամկետում Կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի վերաբերյալ, ապա համարվում է, որ այն չի նվազեցնում պետության եկամուտները կամ ավելացնում ծախսերը։

5. Ազգային ժողովի նախագահը Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, ուղարկում է գլխադասային հանձնաժողով (հանձնաժողովներ), հեղինակին (հիմնական զեկուցողին):

6. Կառավարության կողմից անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում և քվեարկվում է մեկամսյա ժամկետում` Ազգային ժողովի նախագահի կազմած ժամանակացույցի համաձայն, որտեղ սահմանվում են դրա վերաբերյալ եզրակացությունների ներկայացման և Ազգային ժողովում դրա քննարկման ժամկետները:

7. Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ` միաժամանակ որոշելով օրենքի նախագծի այլընտրանքային համարելու հարցը, հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:

8. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:

(51-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 52. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման և շրջանառության մեջ դնելու կարգը

 

1. Ազգային ժողովի որոշման նախագծի գրավոր տեքստը պաշտոնապես ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին կամ սահմանված դեպքերում` նիստը վարողին:

2. Կառավարությունը, Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված` օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն ստանալու համար Ազգային ժողովի որոշման նախագծի հետ ներկայացնում է դրա անհրաժեշտության հիմնավորումը, այդ որոշումից բխող Կառավարության կողմից ընդունվելիք որոշումների կարգավորման ոլորտները, սկզբունքները և գործողության ժամկետները: Այդ նախագիծն էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվում է Աշխատակազմ:

3. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ` այն ուղարկելով`

ա) Աշխատակազմ, որը 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում իր եզրակացությունը նախագծի վերաբերյալ.

բ) հանձնաժողովներ` դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Աշխատակազմի եզրակացությունն ստանալը կամ դրա ստացման ժամկետն սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին.

գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:

3.1. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

4. Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին։

5. Ազգային ժողովի որոշման նախագիծը նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ։

7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթին կցվում է Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծը։ Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ։ Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

(52-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 53. Նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված և անավարտ մնացած օրենքի նախագծերը

 

1. Աշխատակազմը, առաջին նստաշրջանի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերը` կից տեղեկանքում նշելով դրանց հեղինակներին և գլխադասային հանձնաժողովները:

2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ օրենքների նախագծերը չորսօրյա ժամկետում ուղարկում է Կառավարություն և համապատասխան մշտական հանձնաժողովներ: Հանձնաժողովները և Կառավարությունը 30-օրյա ժամկետում քննարկում և Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց եզրակացությունները` վերոհիշյալ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:

3. Աշխատակազմը, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, եզրակացությունների ստացման պահից 7-օրյա ժամկետում ապահովում է դրանց և համապատասխան օրենքների նախագծերի տրամադրումը պատգամավորներին:

4. Եթե օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է կամ նոր գումարման Ազգային ժողովում վերընտրված պատգամավոր, ապա հեղինակի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո 60-օրյա ժամկետում ներկայացվելու դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում` հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:

5. Եթե օրենքի նախագծի հեղինակը եղել է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ապա նորընտիր որևէ պատգամավորի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո 60-օրյա ժամկետում որպես հեղինակ հանդես գալու ցանկության դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում` հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:

6. Նախորդ գումարման Ազգային ժողովում ընդունված և Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը նորընտիր Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով` Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված գլխադասային հանձնաժողովի ներկայացմամբ:

(53-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 54. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները

 

1. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ է ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան շրջանառության մեջ դրվելուց հետո 30-օրյա, իսկ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը` 40-օրյա ժամկետում։

2. Պատգամավորի առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց 60 օր հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

2.1. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում սահմանված ժամկետները լրանում են մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդգրկվելու ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

3. Կառավարության առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ։

4. Հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը կարող է հետաձգվել գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ` Ազգային ժողովի որոշմամբ։

(54-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 7.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 55. Հարցի քննարկման ընթացակարգը

 

1. Բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետով, 39-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 4-րդ և 42-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված դեպքերի, մինչև օրակարգի հաստատվելն Ազգային ժողովում այլ հարցեր չեն քննարկվում:

2. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի (բացառությամբ «է» և «թ» ենթակետերի) և 37-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի հարցերն Ազգային ժողովում քննարկվում են արտահերթ: Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված մնացած հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է Ազգային ժողովի նախագահը, իսկ արտահերթ նստաշրջանինը` դրա նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:

3. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան` Կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

4. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովում օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների, Ազգային ժողովի որոշումների նախագծերի և օրենքներով նախատեսված այլ հարցերի քննարկումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ`

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

ը) քվեարկություն:

5. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող` գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

6. Եթե օրենքի նախագծի հեղինակը (հիմնական զեկուցողը) պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ` եզրափակիչ ելույթով:

7. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

8. Պատգամավորն իրավունք ունի սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ հանդես գալ վարման կարգի վերաբերյալ ելույթով։ Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունը։

9. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են`

ա) զեկուցման համար` մինչև 20 րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.

բ) հարցերի համար` մինչև երեքական րոպե.

գ) ելույթների համար` մինչև 7-ական րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.

դ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների և եզրափակիչ ելույթների համար` մինչև 10-ական րոպե.

ե) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար` մեկական րոպե։

10. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

11. Հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրափակիչ ելույթում արված առաջարկությամբ` Ազգային ժողովի որոշմամբ կարող է հայտարարվել մինչև մեկ ժամ ընդմիջում:

12. Ազգային ժողովի քվեարկությամբ չընդունված հարցը հանվում է չորսօրյա նիստերի` միաժամանակ հերթական նստաշրջանի, արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգերից, եթե սույն օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(55-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 56. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները

 

1. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս վարողի հայտարարությամբ` խոսափողից, քվեարկությունից առաջ և հետո` մինչև հերթական հարցի զեկուցումը:

2. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում պատգամավորը կարող է`

ա) հանդես գալ սույն օրենքի 49-րդ հոդվածում (բացառությամբ «ա», «գ», «դ», «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերի) նշված որոշումն ընդունելու մասին առաջարկությամբ, որն անմիջապես դրվում է քվեարկության.

բ) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.

գ) կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.

դ) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.

ե) սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում հանդես գալ առարկությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում թվարկված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաև իր ելույթում:

(56-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 57. Հարցեր տալու կարգը

 

1. Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով` 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

2. Էլեկտրոնային համակարգով հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին։

3. Հարցերը տրվում են խոսափողից` ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

4. Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարց տալու իրավունքից:

5. Նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսվում է բանավեճ:

6. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

7. Պատգամավորը յուրաքանչյուր զեկուցողի հարցեր է տալիս մեկ անգամ:

 

Հոդված 58. Մտքերի փոխանակության կարգը

 

1. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ`

ա) պատգամավորների ելույթներ.

բ) խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթներ:

2. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և վարչապետը, որոնց ելույթների տևողությունը չի սահմանափակվում, ինչպես նաև Կառավարության անդամները` սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով։

3. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը վարողի առաջարկությամբ` Ազգային ժողովի որոշմամբ:

4. Պատգամավորները ելույթ ունենալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով` 10 վայրկյանի ընթացքում, որը ցուցադրվում է լուսատախտակին: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

5. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ամբիոնից` ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը: Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է ելույթի իրավունքից:

6. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարները կամ քարտուղարները նիստը վարողին գրավոր ներկայացնում են տվյալ խմբակցության, պատգամավորական խմբի անունից ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

7. Խմբակցության և պատգամավորական խմբի ներկայացուցիչների ելույթների համար հայտերը ներկայացվում են մինչև Կառավարության անդամների և հերթագրված պատգամավորների ելույթների ավարտը: Խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում է ըստ նրանց թվաքանակի` փոքրից մեծ:

8. Մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթները Կառավարության անդամները` վարչապետի ներկայացմամբ, ունեն երեք արտահերթ ելույթի իրավունք։

 

Հոդված 59. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

 

1. Հեղինակի (հիմնական զեկուցողի) և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:

2. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել ելույթի կամ հարց տալու համար սույն օրենքով նախատեսված ժամանակը։

3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) նշված կարգը ներկայացնում է իր զեկուցման ընթացքում, և Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

 

Հոդված 60. Օրենքի և ազգային ժողովի որոշման ընդունումը

 

1. Օրենքները և Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին` բաց քվեարկությամբ:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

3. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագիծն առաջին, երկրորդ ընթերցումներով կամ որպես օրենք (ցանկացած ընթերցման ժամանակ) ընդունելու առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Այդ կապակցությամբ վարչապետը կամ Կառավարության լիազոր ներկայացուցիչը, քվեարկությունից անմիջապես հետո, կարող է պահանջել ընդմիջում մինչև հաջորդ նիստը` օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է Կառավարության վստահության հարցը, և սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այդ որոշումը ներկայացվելուց հետո չի ընդունվում, ապա օրենքի նախագիծը համարվում է համապատասխան ընթերցմամբ կամ որպես օրենք ընդունված:

4. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան` Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

5. Ազգային ժողովի քվեարկությանը կարող են դրվել միայն քննարկումից առնվազն մեկ ժամ առաջ պատգամավորներին բաժանված և սահմանված կարգով քննարկված նախագծերի տեքստերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով կամ դրանում սահմանված ժամկետում և կարգով հրապարակվելուց հետո։ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ։

 

i
Հոդված 61. Բաց քվեարկության անցկացման կարգը

 

1. Նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ կրկնում քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձևակերպումները, իսկ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետում նշված` Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում է նաև, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։

2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով` 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների կամ քարտուղարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:

4. Քվեարկությունն սկսվում է ազդանշանից հետո: Մինչև քվեարկության ավարտը նիստը վարողին դիմելն արգելվում է:

5. Պատգամավորը քվեարկում է անձամբ` կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

6. Քվեարկության ավարտից հետո լուսատախտակի վրա 10 վայրկյան պահպանվում են քվեարկության արդյունքները, որից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

7. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին վարման կարգով ելույթում առաջարկում է որևէ պատգամավոր: Եթե նիստը վարողի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:

8. Պատգամավորի քվեարկությունը` «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չքվեարկելը, նիստը վարողի կողմից որոշում ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հայտարարությունից հետո չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:

(61-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 62. Գաղտնի քվեարկության անցկացման կարգը

 

1. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը` ըստ նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ցուցակի, որն ստանում է Աշխատակազմից:

2. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի հսկողությամբ` նրա սահմանած ձևով և քանակով:

3. Քվեաթերթիկներում նշվում է քվեարկվող հարցը, կամ այբբենական կարգով ընդգրկվում են առաջադրված և ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների անունները, ազգանունները:

4. Քվեաթերթիկում մեկ թեկնածության կամ հարցի առկայության դեպքում պետք է լինեն «կողմ» և «դեմ» բառերը:

5. Հարցերի ցանկը կամ թեկնածուների ցուցակը հաշվիչ հանձնաժողովին է հանձնում Ազգային ժողովի նիստը վարողը:

6. Գաղտնի քվեարկության անցկացման ժամկետը և տեղը, ինչպես նաև քվեարկության կազմակերպման կարգը սահմանում է հաշվիչ հանձնաժողովը` այդ մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին:

7. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկը հաշվիչ հանձնաժողովը պատգամավորին է հանձնում ցուցակում վերջինիս ստորագրելուց հետո:

8. Պատգամավորը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում` թողնելով դրանում այն թեկնածուի անունը և ազգանունը, որի օգտին նա քվեարկում է, և ջնջելով մյուսների անունները, ազգանունները: Մեկ թեկնածուի կամ հարցի դեպքում նա ջնջում է «դեմ» բառը (եթե քվեարկում է թեկնածուի կամ հարցի օգտին) կամ «կողմ» բառը (եթե քվեարկում է դեմ):

9. Քվեարկության ավարտից հետո` 30 րոպեի ընթացքում, հաշվիչ հանձնաժողովը բացում է գաղտնի քվեարկության տուփը և հաշվում ձայները:

10. Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաև այն քվեաթերթիկները, որոնցում թողնված են սահմանված թվից ավելի թեկնածուներ կամ մեկ թեկնածուի դեպքում թողնված կամ ջնջված են միաժամանակ «կողմ» և «դեմ» բառերը, կամ ավելացված են այլ գրառումներ:

11. Գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները:

12. Հաշվիչ հանձնաժողովն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է գաղտնի քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունման, իսկ ընտրությունների դեպքում` թեկնածուի ընտրության մասին:

 

ԳԼՈՒԽ 8.
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 63. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր կարգը

 

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը հեղինակի (հիմնական զեկուցողի) և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, կարող են քննարկվել երկու ընթերցմամբ` ապահովելով սույն օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջների կատարումը: Այդ որոշման նախագիծը կարող է ներկայացվել օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումն սկսելուց առաջ և քվեարկվել արտահերթ:

 

i
Հոդված 64. Օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

 

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է փոփոխության ենթարկել քննարկված օրենքի նախագիծը` հանելով հոդված, կամ նախագծերի փաթեթը` հանելով օրենքի նախագիծ, բացառությամբ առաջադրվող օրենքի նախագծի, և առաջարկել`

ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ.

բ) քննարկված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն իր համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

3. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)` մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ:

4. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի)` սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կամ 3-րդ կետի առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերից:

5. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7 օրվա ընթացքում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն, գլխադասային հանձնաժողով, խմբակցություններին, պատգամավորական խմբերին և Աշխատակազմ և տեղադրվում է Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում:

(64-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 65. Այլընտրանքային օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ

 

1. Չորսօրյա նիստերի օրակարգում գտնվող և միմյանց նկատմամբ այլընտրանքային համարված օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվում են հաջորդաբար` սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ` օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկումը քվեարկության փուլում մինչև հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը կարող է հետաձգվել միայն մյուս այլընտրանքային օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների հեղինակների գրավոր համաձայնությամբ` միաժամանակ:

2. Եթե քվեարկության են դրվում երկուսից ավելի այլընտրանքային օրենքի նախագծեր, և դրանցից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:

3. Եթե քվեարկության է դրվել երկու օրենքի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած օրենքի նախագիծը նորից է դրվում քվեարկության:

4. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:

5. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:

6. Առաջին ընթերցմամբ քննարկված և Ազգային ժողովի կողմից չընդունված այլընտրանքային օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերից:

(65-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 66. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը

 

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները և Կառավարությունը:

2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ստանալուց հետո` 14-օրյա ժամկետում, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել, տվյալ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են Աշխատակազմ, որը 24 ժամվա ընթացքում դրանք ուղարկում է հեղինակին (հիմնական զեկուցողին) և գլխադասային հանձնաժողով:

3. Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունը ներառում է համապատասխան հոդվածի համարը, առաջարկվող փոփոխությունը և (կամ) լրացումը:

 

i
Հոդված 67. Օրենքի նախագծի ներկայացումը երկրորդ ընթերցման

 

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետն սպառվելուց հետո` 30 օրվա ընթացքում, հեղինակը (հիմնական զեկուցողը) գլխադասային հանձնաժողով է ներկայացնում իր համար ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը` դրան կցելով սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկությունների, ինչպես նաև ընդունված նախագծում իր նախաձեռնությամբ կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների ամփոփաթերթիկը, որում, ըստ հոդվածների հաջորդականության, նշվում են`

ա) առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը.

բ) հոդվածը, կետը, ենթակետը, որին վերաբերում է առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

գ) առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

դ) առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը:

2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կատարված փոփոխությունները և լրացումները կատարվում են ընդունված նախագծի տեքստից տարբերվող տառատեսակով:

3. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ հեղինակը (հիմնական զեկուցողը) ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում կամ նախագծերի փաթեթում:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո`

14-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովն իր եզրակացության և ամփոփաթերթիկի հետ միասին Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը, որը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է հերթական չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

4.1. Եթե սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

5. Սույն հոդվածում սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, եթե Սահմանադրությամբ և օրենքով այլ բան նախատեսված չէ:

(67-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 68. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում կատարված փոփոխությունների ընդունումն առաջին ընթերցմամբ

 

Եթե երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագիծը համալրվել է հոդվածով կամ օրենքի նախագծերի փաթեթը` օրենքի նախագծով, կամ նախագծից հանվել է հոդված, կամ նախագծերի փաթեթից` նախագիծ կամ համաձայն գլխադասային հանձնաժողովի եզրակացության ամբողջությամբ փոփոխվել է առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի, օրենքի նախագծի բովանդակությունը, ապա երկրորդ ընթերցմամբ քննարկումն սկսվում է համալրված կամ ամբողջությամբ փոփոխված հոդվածը կամ օրենքի նախագիծը սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո:

(68-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 69. Օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ

 

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ բացառությամբ`

ա) զեկուցողներին հարցեր չեն տրվում.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 10.02.2005 թվականից` 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 10.02.2005 թվականից` 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը`

ա) ընդունել երկրորդ ընթերցմամբ.

բ) սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով փոփոխության ենթարկելու նպատակով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է ներառել կամ հանել ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունները հետևյալ բացառությամբ`

ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չի կարող համալրվել առաջին ընթերցմամբ չընդունված հոդվածով կամ օրենքի նախագծով.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 10.02.2005 թվականից` 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

Քվեարկության ներկայացվող օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է սույն օրենքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված նոր ամփոփաթերթիկ:

4. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)` մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել երկրորդ ընթերցմամբ:

5. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կամ 4-րդ կետի համաձայն հեղինակի (հիմնական զեկուցողի) արված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերից, կամ, հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ, առանց լրացուցիչ քննարկման, սույն օրենքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկության են դրվում ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունվածների:

6. Ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների քվեարկության ավարտից հետո մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) և առաջարկել քվեարկությամբ ընդունված առաջարկություններն օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում ընդգրկելու նպատակով հարցի քննարկումը հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

7. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)` մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել երկրորդ ընթերցմամբ: Եթե քվեարկության արդյունքում այդ առաջարկը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ կամ այն չի արվում, ապա օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերից:

8. Երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7-օրյա ժամկետում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն և գլխադասային հանձնաժողով:

(69-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 70. Ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների քվեարկության կարգը

 

1. Այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ ամփոփաթերթիկում առկա է հեղինակի (հիմնական զեկուցողի) դրական եզրակացությունը, չեն քվեարկվում, եթե պատգամավորներից որևէ մեկը չի առարկում:

2. Առաջարկությունները քվեարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

ա) օրենքի նախագծերի փաթեթից հանել օրենքի նախագիծը.

բ) օրենքի նախագծերի փաթեթը համալրել օրենքի նախագծով.

գ) հոդվածն ամբողջությամբ հայտարարել չեղյալ.

դ) օրենքի նախագիծը համալրել հոդվածով.

ե) հոդվածը մասամբ հայտարարել չեղյալ.

զ) տեքստում կատարել փոփոխություն.

է) տեքստում կատարել լրացում:

3. Օրենքի նախագծի միևնույն հոդվածի վերաբերյալ ներկայացված իրարամերժ առաջարկությունները քվեարկվում են մրցակցության սկզբունքով` սույն օրենքի 65-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:

5. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի «բ» և «դ» ենթակետերում նշված առաջարկությունները քվեարկության արդյունքում ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա դրանք համարվում են առաջին ընթերցմամբ ընդունված:

 

i
Հոդված 71. Օրենքի նախագծի ներկայացումը երրորդ ընթերցման

 

1. Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո` 30-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովը, հեղինակի (հիմնական զեկուցողի) հետ համատեղ կարող է այդ նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ, որոնք չեն փոխում ընդունված տեքստի իմաստը և ներկայացնել Ազգային ժողովի նախագահին:

1.1. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

2. Երրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը, որում ըստ հոդվածների հաջորդականության նշվում են`

ա) փոփոխվող հոդվածը, կետը, ենթակետը.

բ) հոդվածի, կետի, ենթակետի նախկին տեքստը.

գ) հոդվածի, կետի, ենթակետի նոր տեքստը:

3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է հերթական չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

4. Սույն հոդվածում սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, եթե Սահմանադրությամբ և օրենքով այլ բան նախատեսված չէ:

(71-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 72. Օրենքի նախագծի քննարկումը երրորդ ընթերցմամբ

 

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ քննարկելիս մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթ են ունենում գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը և հեղինակը (հիմնական զեկուցողը):

2. Հեղինակը կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերն ընդունել որպես օրենք` միաժամանակ չեղյալ հայտարարելով ընդունվող օրենքի կարգավորման ոլորտում Կառավարությանն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն տված Ազգային ժողովի որոշումը:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա քվեարկությունից անմիջապես հետո` մինչև 5 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) և առաջարկել օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկումը Ազգային ժողովի որոշմամբ վերադարձնել սույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված առաջարկությունների ներկայացման փուլ:

4. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, և հեղինակը (հիմնական զեկուցողը) չի արել 3-րդ կետում նշված առաջարկը, կամ այն ներկայացվել և չի ընդունվել, ապա օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերից:

5. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին, որն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն, կամ առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:

(72-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 73. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքների քննարկումը

 

1. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:

2. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձված օրենքը 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան գլխադասային հանձնաժողով, որը դրա վերաբերյալ իր եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ:

3. Եթե Հանրապետության Նախագահն ամբողջությամբ չի առարկել օրենքի ընդունմանը, ապա նրա առարկություններով և (կամ) առաջարկություններով վերադարձված օրենքը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ` գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի` սույն օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

5. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է առաջարկել`

ա) ընդունել օրենքը` Հանրապետության Նախագահի համար ընդունելի տեսքով.

բ) օրենքը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

6. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի` մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել օրենքը` Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքով։

7. Եթե Հանրապետության Նախագահն առարկել է օրենքի ընդունմանը, ապա եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Հանրապետության Նախագահի և գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչները, որից հետո քվեարկության է դրվում Հանրապետության Նախագահի առարկությունն ընդունելու մասին հարցը:

8. Եթե սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետով, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված կարգով քվեարկության դրված հարցերը չեն ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն։

(73-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 9.
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎԵԼԻՔ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 74. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծեր ներկայացնելը և հանրաքվե նշանակելը

 

1. Սահմանադրության 111-րդ հոդվածին համապատասխան` Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ։

2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը և Կառավարությունը:

3. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվեն նշանակվում և անցկացվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 75. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծերին ներկայացվող պահանջները

 

1. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերը ներառում են`

ա) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հիմնավորումը.

բ) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը.

գ) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։

2. Հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը ներառում է`

ա) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու հիմնավորումը.

բ) հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը.

գ) հանրաքվեով օրենքն ընդունելու առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերը.

դ) Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով հանրաքվեով ընդունվելիք օրենքի (ների) կարգավորման ոլորտում Կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն, կամ տեղեկանք` դրանց բացակայության մասին.

ե) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը.

զ) հանրաքվեով օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքներ միաժամանակ հանրաքվեի դնելու մասին առաջարկություն կամ տեղեկանք` այդպիսի առաջարկության անհրաժեշտության բացակայության մասին:

3. Սահմանադրությունում կամ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է Սահմանադրության կամ օրենքի փոփոխվող հոդվածը:

 

Հոդված 76. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու կարգը

 

1. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ներառում է`

ա) սույն օրենքի 75-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:

2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու մասին Կառավարության առաջարկությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, որը ներառում է`

ա) սույն օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

գ) անհրաժեշտության դեպքում` պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:

3. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված, եթե այն սույն օրենքի պահանջներին համապատասխան պաշտոնապես ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:

4. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվում սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով։ Կառավարությունը և Աշխատակազմը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացություններն Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում 30-օրյա, իսկ գլխադասային հանձնաժողովը` 40-օրյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը։

 

Հոդված 77. Հանրաքվեի դրվելիք օրենքների և պատգամավորի ներկայացրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկման կարգը

 

1. Հանրաքվեի դրվելիք օրենքների, պատգամավորի առաջադրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են երեք ընթերցմամբ` սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) Հանրապետության Նախագահը կամ նրա լիազոր ներկայացուցիչը նշված նախագծերի քննարկման ընթացքում իրավունք ունի հանդես գալ որպես հարակից զեկուցող.

բ) սույն օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել ընդունել Ազգային ժողովի որոշում` քննարկված նախագծի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ Հանրապետության Նախագահին առաջարկ անելու մասին.

գ) եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո` մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) և առաջարկել տվյալ նախագծի քննարկումն Ազգային ժողովի որոշմամբ վերադարձնել սույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված` առաջարկությունների ներկայացման փուլ.

դ) եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվել, և հեղինակը (հիմնական զեկուցողը) չի արել սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված առաջարկը, կամ այն ներկայացվել է, բայց չի ընդունվել, ապա տվյալ նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերից:

2. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջարկությամբ Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև օրենքի ընդունման հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները համապատասխան նախագծերի հետ միասին դրանց ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում, ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը դրանք ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե կամ տվյալ նախագիծն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

3. Հանրապետության Նախագահի կողմից առաջարկություններով կամ առարկություններով վերադարձված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

(77-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 78. Սահմանադրության կամ դրանում փոփոխություն կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնության քննարկման կարգը

 

1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ ներկայացված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ` գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

3. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է փոփոխության ենթարկել քննարկված նախագիծը և առաջարկել`

ա) Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե` Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով.

բ) քննարկված նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության։

4. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի` մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե` քննարկված և Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով:

5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը 7-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին:

(78-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 10.
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

Հոդված 79. Պետական բյուջեի նախագծի ներկայացման և քննարկման ժամկետները

 

1. Սահմանադրության 76-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչև բյուջետային տարվա սկիզբը բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով` մինչև բյուջեի հաստատումը:

2. Կառավարությունը բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը:

3. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի նախագիծն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկությունների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետների ժամանակացույց, որը ներկայացված բյուջեի նախագծի հետ ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ և Վերահսկիչ պալատ: Ժամանակացույցն ուղարկվում է նաև Կառավարություն:

4. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող դեկտեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում:

(79-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 80. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները և ներկայացման կարգը

 

1. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև վարչապետի լիազորած անձինք:

2. Բյուջեի նախագծի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող օրենսդրությամբ նախատեսվող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև վարչապետի լիազորած անձինք:

3. Բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին իրենց առաջարկությունները պատգամավորները, խմբակցությունները, պատգամավորական խմբերը և մշտական հանձնաժողովներն Աշխատակազմի միջոցով ներկայացնում են Կառավարություն` նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Կառավարությունը մշտական հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է սահմանված ժամկետում փոփոխություններ կատարել բյուջեի նախագծում:

4. Կառավարությունը խմբագրված բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում` կցելով ըստ հոդվածների հաջորդականության խմբավորված առաջարկությունների ամփոփաթերթիկը, որում հետևյալ հաջորդականությամբ նշվում են`

ա) առաջարկության հեղինակը.

բ) հոդվածի համարը, որին վերաբերում է առաջարկությունը.

գ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.

դ) առաջարկության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում:

 

i
Հոդված 81. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը

 

1. Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ` մինչև 90 րոպե ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքով նախագծում կատարված փոփոխությունները:

2. Մինչև 30-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս`

ա) Կենտրոնական բանկի նախագահը` ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.

բ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

գ) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

դ) ըստ ցանկության` մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները` ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն:

(81-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 82. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում մտքերի փոխանակության անցկացման կարգը

 

1. Մտքերի փոխանակությունը կատարվում է սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ բացառություններով`

ա) ելույթների համար տրվում է մինչև 10-ական րոպե.

բ) մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:

2. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի` մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

3. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը վարողը հայտարարում է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում` առնվազն 4 օրով:

 

Հոդված 83. Բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման կարգը

 

Պատգամավորները, խմբակցությունները և պատգամավորական խմբերն իրենց առաջարկությունները, իսկ մշտական հանձնաժողովները` իրենց առաջարկություններն ու եզրակացությունները բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո` 24 ժամվա ընթացքում, պաշտոնապես, ինչպես նաև էլեկտրոնային կրիչի կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում են Աշխատակազմ, որը ներկայացման ժամկետը լրանալուց հետո` մեկ ժամվա ընթացքում, դրանք ուղարկում է Կառավարություն:

 

Հոդված 84. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը

 

1. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ Կառավարությունը բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը և սույն օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկը, պատգամավորների թվին համապատասխան, հանձնում է Աշխատակազմ, որն ապահովում է դրանց տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:

2. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկությունները:

3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հայտ ներկայացնելու դեպքում մինչև 10-ական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն`

ա) խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչները.

բ) մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները.

գ) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները:

5. Ելույթներից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք կամ բյուջեի հաստատման առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

6. Եթե բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունելու մասին Կառավարության առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է բյուջեի հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը` սույն օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

7. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում կամ նման որոշում չի ընդունվում, ապա բյուջեն, Կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

8. Բյուջեի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով:

 

Հոդված 85. Բյուջեի նախագծի կրկնական ներկայացման կարգը և ժամկետները

 

Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան` բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Կառավարությունն Ազգային ժողով բյուջեի նախագիծ է ներկայացնում 20 օրվա ընթացքում, որը քվեարկվում և հաստատվում է սույն օրենքի 10-րդ գլխով սահմանված կարգով` 30 օրվա ընթացքում:

 

Հոդված 86. Բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը

 

1. Ազգային ժողովը բյուջեի կատարման նկատմամբ իր վերահսկողությունն իրականացնում է Վերահսկիչ պալատի միջոցով: Այդ նպատակով մինչև սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը Վերահսկիչ պալատը տեղեկանք է ներկայացնում պատգամավորներին` առաջին կիսամյակում բյուջեի կատարման ընթացքի մասին:

2. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, Կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում բյուջեի կատարման ընթացքի մասին:

3. Մինչև Ազգային ժողովի նիստում հերթական բյուջետային տարվա բյուջեի հաստատումն Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ տարվան նախորդող տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

 

ԳԼՈՒԽ 11.
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

Հոդված 87. Տարեկան հաշվետվության ներկայացման և քննարկման ժամկետները

 

1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում և հաստատվում է Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:

2. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

3. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը և ներկայացված հաշվետվության հետ այն ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ, Կառավարություն և Վերահսկիչ պալատ:

 

Հոդված 88. Տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

 

1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովներում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև Կառավարության անդամները և վարչապետի լիազորած անձինք:

2. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը և վարչապետի լիազորած անձինք:

 

i
Հոդված 89. Տարեկան հաշվետվության քննարկումը

 

1. Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ` մինչև 90 րոպե ընդհանուր տևողությամբ:

2. Մինչև 30-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս`

ա) Կենտրոնական բանկի նախագահը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.

բ) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

գ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

դ) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

ե) ըստ ցանկության` մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն` սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթները` վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:

5. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է`

ա) քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը.

բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

6. Եթե բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է սույն օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը:

7. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում կամ նման որոշում չի ընդունվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

8. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն է հայտնվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

(89-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 12.
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 90. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը

 

1. Հանրապետության Նախագահը համաներում հայտարարելու մասին իր առաջարկությունն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին։

2. Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Կառավարություն և ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

3. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած անձինք:

4. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

5. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է հանել կամ փոփոխության ենթարկել համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունները և առաջարկել`

ա) ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը.

բ) որոշման նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

6. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի` մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը:

7. Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(90-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

i
Հոդված 91. Պատերազմ հայտարարելու մասին հանրապետության նախագահի առաջարկության քննարկման կարգը

 

1.Պատերազմ հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է Ազգային ժողովի հատուկ նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) որպես հիմնական զեկուցող հանդես են գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ` մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.

բ) մտքերի փոխանակությանը կարող են մասնակցել միայն խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ.

գ) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս միայն Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը։

2. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(91-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 92. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին հարցի քննարկման կարգը

 

1. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան` Հանրապետության Նախագահը որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

2. Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան` սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

3. Սահմանադրության 81-րդ հոդվածի վերջին մասին համապատասխան` Ազգային ժողովը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման հարցով սահմանադրական դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձևաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում և պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձևաթղթի հետ միասին ուղարկում է սահմանադրական դատարան:

5. Սահմանադրական դատարանը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի դիմումը քննարկում է արտահերթ և եզրակացություն է տալիս 24 ժամվա ընթացքում:

6. Հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա` Ազգային ժողովում, արտահերթ կարգով, առանց քննարկման, քվեարկության է դրվում Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

7. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

8. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ հարցի քննարկման հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 6-րդ կետում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

 

Հոդված 93. Միջազգային պայմանագրերի վավերացման մասին որոշումների ընդունման կարգը

 

1. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները սահմանադրական դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով:

3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա Կառավարությունն այդ պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք` օրենքներում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու աննպատակահարմարության մասին կամ այդ պայմանագրի վավերացումից հետո` 30-օրյա ժամկետում, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքներում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին նախագծերը։

4. Ազգային ժողովում միջազգային պայմանագրերի վավերացման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցումներով` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված այլ գլխադասային հանձնաժողովների ներկայացուցիչները:

5. Միջազգային պայմանագիրը կարող է վավերացման ներկայացվել նաև հիմնական զեկուցողի կողմից սահմանված վերապահումներով։

 

Հոդված 94. Հանրապետության նախագահի հրաժարականի ընդունման կարգը

 

1. Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման հարցը քննարկվում է, եթե այն պաշտոնապես`

ա) հայտարարվում է Ազգային ժողովի նիստում.

բ) ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին։

2. Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման մասին հարցը քննարկվում է արտահերթ` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ` գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(94-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն օրենք)

 

Հոդված 95. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման քննարկման կարգը

 

1. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, և հանդես է գալիս գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

2. Եզրափակիչ ելույթում, հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով, Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է սահմանադրական դատարան, և հարցի քննարկումն ընդմիջվում է մինչև սահմանադրական դատարանի եզրակացության ստանալը:

3. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

5. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(95-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն օրենք)

 

Հոդված 96. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը

 

1. Սահմանադրության 59-րդ հոդվածին համապատասխան` Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին առաջարկ:

2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության ներկայացուցչի` մինչև 20 րոպե տևողությամբ զեկուցումով, որից հետո մինչև 10-ական րոպե տևողությամբ կարող են ելույթ ունենալ խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

3. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ հարցի քննարկման հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

4. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(96-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 13.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

i
Հոդված 97. Պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցերի քննարկումը

 

1. Պաշտոնում թեկնածուն առաջադրվում է, ինչպես նաև պաշտոնում նշանակելու մասին առաջարկությունը ներկայացնում է Սահմանադրությամբ և օրենքով իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը:

2. Ազգային ժողովի նիստում պաշտոնում ընտրելու կամ նշանակելու հարցերը քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) պաշտոնում ընտրելու կամ նշանակում կատարելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս առաջադրված թեկնածուն.

գ) առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը:

3. Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:

4. Եթե որևէ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները:

5. Եթե քվեարկությանը մասնակցել է երկու թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում են նոր ընտրություններ, և կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:

6. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

7. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները կամ պաշտոնատար անձինք: Նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հարակից զեկուցող հանդես է գալիս որոշման նախագծում նշված պաշտոնատար անձը:

8. Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաև պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

(97-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 98. Պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար համաձայնություն տալու կարգը

 

1. Պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին անմիջապես տեղեկացնում է պատգամավորին և ապահովում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:

2. Ազգային ժողովում միջնորդագիրը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես են գալիս Գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են տրվել հարցեր.

բ) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

գ) մինչև 20 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդագրում նշված պատգամավորը և Գլխավոր դատախազը:

3. Եթե հարցի քննարկումն սկսվելիս միջնորդագրում նշված պատգամավորը նիստին ներկա չէ (սահմանված կարգով գրանցված չէ), և նա իր բացակայության պատճառի մասին նախապես չի տեղեկացրել Ազգային ժողովի նախագահին կամ տեղեկացրել է, սակայն վերջինիս կողմից այն հարգելի չի համարվել, ապա տվյալ հարցն Ազգային ժողովում քննարկվում է առանց այդ պատգամավորի մասնակցության:

4. Պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

 

i
Հոդված 99. Նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

 

1. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին հաշվառում է Աշխատակազմը:

2. Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում պատգամավորներին տեղեկանք է տալիս նախորդ ամսվա կամ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից նրանց բացակայության մասին:

3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե`

ա) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո` չորսօրյա ժամկետում, մշտական հանձնաժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ.

բ) քվեարկությունից հետո` չորսօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, և այն վերջինիս կողմից համարվում է հարգելի.

գ) հերթական նստաշրջանի ավարտից հետո` 30-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, և այն վերջինիս որոշմամբ համարվում է հարգելի.

դ) քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում նա հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

ե) խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը խմբակցության կամ խմբի նիստում գրանցված բոլոր անդամների մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:

3.1. Սույն հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով քվեարկություններին մասնակցելուց խմբակցության կամ պատգամավորական խմբի հրաժարումը հարգելի է համարվում Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում:

4. Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի քննարկմանն է ներկայացնում եզրակացություն և Ազգային ժողովի որոշման նախագիծ` նախորդ հերթական նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից ավելիին պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին:

5. Պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ` երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում` անկախ նրա ներկայությունից:

6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

7. Նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիին պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

8. Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(99-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 100. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի ներկայացումը և քննարկումը

 

1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ:

2. Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում:

3. Ազգային ժողովի նիստի քննարկմանը ներկայացվող Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծին կցվում է նախնական քննարկումների ընթացքում դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պատգամավորների ներկայացրած առաջարկությունների ամփոփաթերթիկը, որը կազմված է հետևյալ սյունակներից`

ա) առաջարկության հեղինակը.

բ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.

գ) առաջարկության վերաբերյալ Վերահսկիչ պալատի խորհրդի եզրակացությունը:

4. Ազգային ժողովի նիստում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ` ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:

6. Եթե Ազգային ժողովը չի հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին-առանձին` առանց քննարկման:

7. Ընդունված առաջարկությունների հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը:

8. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն օրակարգ է ընդգրկվում և քննարկվում է սույն օրենքի 54-րդ և 55-րդ հոդվածներով և սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով:

(100-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 101. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկումը

 

1. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և Ազգային ժողովում քննարկվում է մինչև տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:

2. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ` ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման և երկու արտահերթ ելույթի իրավունք:

5. Եթե Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա պատգամավորների առնվազն մեկ երրորդը սույն օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով կարող է 24 ժամվա ընթացքում ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ` Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։

6. Եթե սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, կամ այդ մասին որոշում չի ընդունվում, կամ այդպիսի որոշման նախագիծ չի ներկայացվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

 

Հոդված 102. Կենտրոնական բանկի տարեկան դրամավարկային քաղաքականության ծրագրի հրապարակումը

 

1. Յուրաքանչյուր տարի, բյուջեն հաստատվելուց հետո` 10 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը (Աշխատակազմին տրամադրելով 140 օրինակ), որը հրապարակվում է բյուջեն հաստատվելուց հետո` երկամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Կառավարություն:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հրապարակելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում Կառավարության և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի և Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:

 

Հոդված 103. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը

 

1. Կենտրոնական բանկը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա իր տարեկան հաշվետվությունը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում` բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկելուց առաջ:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ, Կառավարություն և Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը հրապարակելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

բ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

գ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:

 

Հոդված 104. Հաշվետվությունների, ծրագրերի և հաղորդումների քննարկման կարգը

 

1. Օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը և հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում որպես օրենք հաստատվող հաշվետվություններն Ազգային ժողովում քննարկվում են մեկ ընթերցմամբ, իսկ ծրագրերը` երկու ընթերցմամբ։

 

ԳԼՈՒԽ 14.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

Հոդված 105. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը

 

1. Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան` պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմել Կառավարությանը:

2. Պատգամավորը մեկ ամսվա ընթացքում Կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր և բանավոր հարցով:

3. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

4. Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբ` Կառավարության համապատասխան անդամն Ազգային ժողովի նիստում պատասխանում է հարցին` այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և Աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:

5. Գրավոր հարցերի պատասխանները տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության` պատասխանը պատրաստ լինելուն պես, եթե պատգամավորը չի հրաժարվում իր հարցը հնչեցնելուց:

6. Պատգամավորը երեք րոպեի ընթացքում խոսափողից ներկայացնում է Կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, որին հետևում է վարչապետի կամ Կառավարության անդամի` մինչև երեք րոպե տևողությամբ պատասխանը: Պատգամավորը կարող է երկու րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչև երկու րոպե տևողությամբ պատասխանով:

7. Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները սույն հոդվածի 6-րդ կետով և սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանը կարող են տալ բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը` ուղղակի գրավոր դիմել Կառավարություն և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխան:

(105-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն, 24.12.04 ՀՕ-69-Ն օրենքներ)

 

Հոդված 106. Կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը և կառավարության վստահության հարցը

 

1. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից կամ իր կազմավորումից հետո` 20-օրյա ժամկետում, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության գործունեության ծրագիրն ստանալուց հետո` 48 ժամվա ընթացքում:

3. Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու և Կառավարության վստահության հարցը դնելու համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ:

4. Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով տրվում են հարցեր, որից հետո նիստն ընդհատվում է և վերսկսվում Կառավարության վստահության հարցը դնելուց 24 ժամ հետո։

5. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այն ներկայացվում է, բայց քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա Կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

 

Հոդված 107. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկման կարգը

 

1. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել`

ա) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` սույն օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ, 84-րդ, 89-րդ հոդվածների 6-րդ և 106-րդ հոդվածի 1-ին կետերով նախատեսված դեպքերում Կառավարության վստահության հարցը դրվելուց հետո` 24 ժամվա ընթացքում.

բ) առանձին պատգամավորի կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձևաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում և անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը:

3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) մինչև 30 րոպե տևողությամբ զեկուցումով հանդես է գալիս հարցը նախաձեռնող պատգամավորը կամ պատգամավորների ներկայացուցիչը, որից հետո նույն տևողությամբ հարակից զեկուցումով հանդես է գալիս վարչապետը.

բ) մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցը նախաձեռնող պատգամավորը կամ պատգամավորների ներկայացուցիչը և վարչապետը, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:

5. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Վերոհիշյալ որոշումն ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

(107-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն օրենք)

 

Հոդված 108. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման հաստատումը

 

1. Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ հաստատում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջադրվում, շրջանառության մեջ է դրվում և հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 50-րդ, 51-րդ և 54-րդ հոդվածներով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ` սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով:

(108-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 109. Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին Կառավարության հաշվետվությունը

 

1. Կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը։

2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ հաշվետվությունն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիստում հաշվետվությունը ներկայացնելու համար Կառավարության ներկայացուցչին տրվում է 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

բ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

5. Հաշվետվությունը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

(109-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 15.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 110. Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը

 

1. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ, 79-րդ հոդվածի 3-րդ, 87-րդ հոդվածի 3-րդ, 112-րդ հոդվածի 4-րդ և 113-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված հարցերը նախապես քննարկվում են, որպես կանոն, ուրբաթ օրը` ժամը 17-ին հրավիրվող Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների և պատգամավորական խմբերի ղեկավարները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած ներկայացուցիչները, Ազգային ժողովի նախագահի հրավիրած անձինք:

2. Աշխատանքային խորհրդակցության արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը:

3. Հաշվի առնելով աշխատանքային խորհրդակցությունում ներկայացված առաջարկությունները` Ազգային ժողովի նախագահը հաստատում է հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու մասին և չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը և դրանք ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը:

(110-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 111. Աշխատակազմի գործունեությունը

 

Ազգային ժողովի նորմատիվ, փորձագիտական իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է Աշխատակազմը, որն ստեղծվում է օրենքով սահմանված կարգով և գործում է օրենքների և իր կանոնադրության հիման վրա:

(111-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 112. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

 

1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:

2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:

ԻՐՏԵԿ   16.02.2007 թվականից 112-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր` 16.03.07 ՍԴՈ-678 որոշում:

3. Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Աշխատակազմը, որը`

ա) իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա Ազգային ժողովի պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունը.

բ) իրականացնում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված պատգամավորների հայտարարությունների տեսագրությունը, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունը.

գ) անցկացնում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ.

գ.1) Ազգային ժողովի դռնբաց նիստում պատգամավորների մասնակցության և անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում.

դ) թողարկում է տեղեկատվական բնույթի այլ նյութեր:

4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, հաղորդման թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու համար միևնույն հաղորդման ընթացքում (ընդհանուր տևողությունը` մինչև 1 ժամ) հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին (հավասար մասնակցությամբ), ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին, տրամադրվում է մինչև 3-ական րոպե, որից հետո մինչև 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: Հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող ժամանակահատվածի հաղորդման թեման որոշում է Ազգային ժողովի նախագահը` հարցը նախապես քննարկելով տվյալ հաղորդմանը նախորդող շաբաթվա Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ` կիրակի օրը` ժամը 21-ին:

ԻՐՏԵԿ    16.02.2007 թվականից 112-րդ հոդվածի 4-րդ կետի վերջին նախադասությունը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր` 16.03.07 ՍԴՈ-678 որոշում: 

5. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը:

ԻՐՏԵԿ   16.02.2007 թվականից 112-րդ հոդվածի 5-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր` 16.03.07 ՍԴՈ-678 որոշում:  

6. Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկություն ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահի տեղակալները և հանձնաժողովների նախագահները։

(112-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված 113. Միջխորհրդարանական կապերը

 

1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության և համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության և այլ հարաբերություններ:

2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով և Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո ստորագրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:

3. Միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

4. Եթե միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու առաջարկությամբ հանդես է եկել այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմին, ապա այն քննարկվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:

5. Այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորը վերադառնալուց հետո` 10-օրյա ժամկետում, Աշխատակազմին ի պահ է հանձնում կատարված աշխատանքների մասին իր տեղեկանքը:

 

ԳԼՈՒԽ 16.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 114. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքը` իր փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
21 մարտի 2002 թ.
ՀՕ-308-Ն

 

 

pin
ՀՀ 20.02.2002
N ՀՕ-308-Ն օրենք