ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2018 թվականի N 871-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի`
i
ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի անվամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված` գործունեության համար նախատեսված հայտատուի անվամբ տարածքի հատակագծի պատճենները, բացառությամբ կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար դիմած պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող հայտատուների, որոնց դեպքում ներկայացվում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից համապատասխան տարածքների առկայության վերաբերյալ տեղեկանք.».
i
բ. N 2 ձևի 18-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «(սույն կետի վանդակը չի լրացվում քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար դիմած պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող հայտատուների դեպքում):» բառերով:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 669-Ն որոշման 2-րդ կետով սահմանված` վերջին հինգ տարում մասնագիտական վերապատրաստում անցնելու վկայականների պատճենները ներկայացնելու պահանջը կիրառվում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման համար հատուկ ստեղծված և բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ` 2020 թվականի օգոստոսի 15-ից.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 18-րդ կետով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի պատճենները ներկայացնելու պահանջը կիրառվում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման համար հատուկ ստեղծված և բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ` 2023 թվականի օգոստոսի 15-ից:
3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետներն ավարտվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման համար հատուկ ստեղծված և բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստացած պետական ոչ առևտրային կազմակերպությունները լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխանաբար այդ կազմակերպություններում մասնագիտական գործունեություն իրականացնող բուժաշխատողների` վերջին հինգ տարիներին մասնագիտական վերապատրաստում անցնելու վկայականների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի պատճենները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի օգոստոսի 15-ից:
Հայաստանի Հանրապետության Վարչապետ |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 13 Երևան
|
|