Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Նկատի առնելով, որ միջազգային քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացումը կարող է զգալիորեն նպաստել աշխարհի պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ստեղծմանը և պահպանմանը, իսկ դրա չարաշահումը կարող է սպառնալիք դառնալ համընդհանուր անվտանգության համար, և

նկատի առնելով, որ ցանկալի է խուսափել վեճերից և պետությունների ու ժողովուրդների միջև համագործակցություն զարգացնել, ինչից և կախված է աշխարհի խաղաղությունը,

ներքոստորագրյալ պետությունները, համաձայնություն ձեռք բերելով որոշ սկզբունքների և միջոցների վերաբերյալ, որոնք կապահովեն միջազգային քաղաքացիական ավիացիայի անվտանգ և կանոնակարգված զարգացումը, օդային տրանսպորտի միջազգային ծառայությունների կազմակերպումը հնարավորությունների հավասարության հիման վրա և դրանց խելացի ու շահավետ շահագործումը,

 

դրանց համապատասխան կնքեցին սույն Կոնվենցիան:

 

ՄԱՍ 1
ՕԴԱՅԻՆ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 1
Ինքնիշխանություն

 

Պայմանավորվող պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր պետություն լիարժեք և բացառիկ ինքնիշխանություն ունի իր տարածքի վերևում սփռվող օդային տարածության վրա:

 

Հոդված 2
Տարածք

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար, Պետության տարածքը համարվում է տվյալ Պետության ինքնիշխանության, ավատիշխանության, պրոտեկտորատի կամ մանդատի տակ գտնվող ցամաքային տարածքները և դրանց հարող տարածքային ջրերը:

 

Հոդված 3
Քաղաքացիական և պետական օդանավեր

 

ա/ Սույն Կոնվենցիան կիրառվելու է միայն քաղաքացիական օդանավերի նկատմամբ և չի կիրառվելու պետական օդանավերի նկատմամբ:

բ/ Զինված ուժերի, մաքսային մարմինների և ոստիկանական ծառայության կողմից շահագործվող օդանավերը համարվում են պետական օդանավեր:

գ/ Պայմանավորվող պետության ոչ մի պետական օդանավ մեկ այլ Պետության տարածքի վրա թռիչք կամ վայրէջք չի կատարի` առանց հատուկ համաձայնագրի հիման վրա տրված թույլտվության կամ այլ կերպ` նշված համաձայնագրի պայմաններին համապատասխան:

դ/ Պայմանավորվող պետությունները, իրենց պետական օդանավերի վերաբերյալ կանոնակարգեր ընդունելիս, նկատի են առնում քաղաքացիական օդանավերի անվտանգ նավագնացության ապահովման անհրաժեշտությունը:

 

Հոդված 3BIS

 

ա/ Պայմանավորվող պետությունները գիտակցում են, որ յուրաքանչյուր Պետություն պետք է խուսափի թռիչքի մեջ գտնվող քաղաքացիական օդանավերի դեմ զենք կիրառելուց, իսկ օդանավը զավթելու դեպքում չպետք է վտանգվի օդանավի անվտանգությունը և դրա մեջ գտնվող անձանց կյանքը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված Պետությունների իրավունքներն ու պարտականությունները որևէ կերպ փոփոխող:

բ/ Պայմանավորվող պետությունները գիտակցում են, որ յուրաքանչյուր Պետություն, իր ինքնիշխանությունն իրականացնելիս, իրավունք ունի պահանջելու քաղաքացիական օդանավի վայրէջքը որևէ նշված օդանավակայանում, եթե առաջինն իր տարածքի վրա թռիչք է իրականացնում առանց թույլտվության կամ եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ օդանավն օգտագործվում է սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող նպատակների համար, կամ կարող է այդ օդանավին տալ այլ ցուցումներ` նշված խախտումներին վերջ դնելու նպատակով: Դրա համար Պայմանավորվող պետությունները կարող են ձեռնարկել միջազգային իրավունքի նորմերին համապատասխանող ցանկացած միջոցներ` ներառյալ սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցները, մասնավորապես սույն հոդվածի «ա» կետի դրույթները: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնվում է հրապարակել քաղաքացիական օդանավերն օդում զավթելու իր մոտ գործող կանոնները:

գ/ Յուրաքանչյուր քաղաքացիական օդանավ պարտավոր է կատարել սույն հոդվածի «բ» կետի համաձայն տրված հրամանը: Այդ նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իր ազգային օրենսդրության և կանոնակարգերի մեջ ներառում է դրույթներ, որոնք նախատեսում են նշված հրամանի պարտադիր կատարումը ցանկացած քաղաքացիական օդանավի կողմից, որը գրանցված է այդ Պետությունում կամ շահագործվում է այդ Պետությունում իր հիմնական գործունեությունը ծավալող կամ մշտապես բնակվող շահագործողի կողմից: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն խիստ պատիժներ է նախատեսում նշված գործող օրենսդրական դրույթների կամ կանոնակարգերի խախտման համար և դրանց մասին գործերը փոխանցում է իր իրավասու մարմիններին` սեփական օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:

դ/ Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ Պետության գրանցում ունեցող կամ այդ Պետությունում իր հիմնական գործունեությունը ծավալող կամ մշտապես բնակվող շահագործողի կողմից շահագործվող քաղաքացիական օդանավերի հակառակ սույն Կոնվենցիայի դրույթների միտումնավոր օգտագործումն արգելելու համար: Սույն դրույթը չի ազդում սույն հոդվածի «ա» կետի դրույթների վրա և չի փոփոխում սույն հոդվածի «բ» և «գ» կետերի դրույթները:

(3BIS-րդ հոդվածը լրաց. 10.05.1984 Արձանագրություն)

 

Հոդված 4
Քաղաքացիական ավիացիայի չարաշահումը

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է չօգտագործել քաղաքացիական ավիացիան սույն Կոնվենցիայի նպատակներին չհամապատասխանող նպատակների համար:

 

ԳԼՈՒԽ 2
ԹՌԻՉՔՆԵՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ

 

Հոդված 5
Անկանոն թռիչքների իրավունք

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ այլ Պայմանավորվող պետությունների օդանավերը, որոնք ընդգրկված չեն միջազգային օդային երթուղիների սպասարկման մեջ, իրավունք ունեն, սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման պայմանով, իրականացնել թռիչքներ կամ տարանցիկ անվայրէջք թռիչքներ իրենց տարածքի վրա և կանգառներ կատարել ոչ առևտրային նպատակներով` առանց պարտադիր նախնական թույլտվություն ստանալու և պայմանով, որ Պետությունը, որի տարածքի վրա կատարվում է թռիչքը, իրավունք ունի պահանջել վայրէջք կատարել: Այդուհանդերձ, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, թռիչքների անվտանգության նպատակով, իրավունք է վերապահում պահանջել այն օդանավերից, որոնք պատրաստվում են ընթանալ անհասանելի կամ օդային նավագնացության միջոցներով չապահովված տարածքների վրա, հետևել նախանշված երթուղիներին կամ հատուկ թույլտվություն ստանալ այդպիսի թռիչքներ իրականացնելու համար:

Այդպիսի օդանավերը, եթե դրանք վարձատրության դիմաց զբաղվում են ուղևորների, բեռների կամ փոստի փոխադրումներով կամ վարձակալվում են այդ նպատակով, և թռիչքներ են իրականացնում միջազգային օդային երթուղիներից դուրս, 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան օգտվում են նաև օդանավի վրա ուղևորներ, բեռներ կամ փոստ բեռնելու և բեռնաթափելու արտոնությունից` պայմանով, որ ցանկացած Պետություն, որի տարածքում կատարվում է այդպիսի բեռնում և բեռնաթափում, իրավունք ունի սահմանել այնպիսի կանոններ, պայմաններ կամ սահմանափակումներ, որոնք նա նպատակահարմար կհամարի:

 

Հոդված 6
Կանոնավոր օդային երթուղիներ

 

Պայմանավորվող պետության տարածքի վրա կամ միջով անցնող ոչ մի կանոնավոր միջազգային երթուղի չի կարող շահագործվել այլ կերպ, ինչ այդ Պետության կողմից տրված հատուկ թույլտվության կամ այլ տեսակի թույլտվության հիման վրա` այդպիսի թույլտվության պայմաններին համապատասխան:

 

Հոդված 7
Կաբոտաժ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իրավունք ունի չթույլատրել այլ Պայմանավորվող պետությունների օդանավերին իր տարածքից` նույն իր տարածքում գտնվող նշանակման վայր փոխադրելու համար նախատեսված ուղևորներ, բեռներ կամ փոստ բեռնել վարձատրության կամ վարձավճարի դիմաց: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է չմտնել որևէ համաձայնության մեջ, որը բացառիկ հիմունքներով այդպիսի արտոնություն է տրամադրում որևէ այլ Պետության կամ որևէ այլ Պետության ավիաընկերությանը և ցանկացած այդպիսի բացառիկ արտոնություն չստանալ որևէ այլ Պետությունից:

 

Հոդված 8
Անօդաչու օդանավեր

 

Ոչ մի օդանավ, որը կարող է անօդաչու թռիչքներ իրականացնել, չպետք է այդպիսի թռիչքներ իրականացնի Պայմանավորվող պետության վրա` առանց այդ Պետության հատուկ թույլտվության կամ այդպիսի թույլտվության պայմաններին ոչ համապատասխան: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, քաղաքացիական օդանավերի համար բաց շրջաններում այդպիսի անօդաչու օդանավի թռիչք իրականացնելիս, պարտավորվում է ապահովել այնպիսի հսկողություն, որը թույլ կտա խուսափել քաղաքացիական օդանավերի համար վտանգից:

 

Հոդված 9
Արգելված գոտիներ

 

ա/ Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով, կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ Պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի տվյալ Պետության միջազգային օդային երթուղիներով կանոնավոր թռիչքներ իրականացնող օդանավերի և այդպիսի թռիչքներ իրականացնող այլ Պայմանավորվող պետությունների օդանավերի միջև: Արգելված գոտիների տարածքը և դիրքը պետք է սահմանվի այնպես, որ առանց անհրաժեշտության չխանգարի օդային նավագնացությանը: Պայմանավորվող պետության տարածքում գտնվող այդպիսի արգելված գոտիների նկարագրությունը, ինչպես նաև դրանց հետ կապված ցանկացած փոփոխություն, պետք է հնարավորինս շտապ տրամադրվի այլ Պայմանավորվող պետություններին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:

բ/ Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, բացառիկ հանգամանքներում, արտակարգ իրավիճակի պայմաններում կամ հասարակական անվտանգության ապահովման նպատակով, իրավունք է վերապահում ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել թռիչքներն իր ողջ տարածքի կամ դրա մի մասի վրա` պայմանով, որ այդպիսի սահմանափակումը կամ արգելքը կկիրառվի բոլոր այլ Պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելության:

գ/ Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, իր կողմից սահմանված կանոններին համապատասխան, կարող է սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված գոտի մուտք գործած ցանկացած օդանավից պահանջել վայրէջք կատարել իր տարածքում տեղակայված նշված օդանավակայաններից մեկում` այդ գոտուց դուրս գալուց հետո հնարավորինս սեղմ ժամանակահատվածում:

 

Հոդված 10
Վայրէջք մաքսային զննման նպատակով

 

Բացառությամբ այն դեպքերի, երբ, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն կամ հատուկ թույլտվության հիման վրա օդանավերին թույլատրվում է հատել Պայմանավորվող պետության տարածքը առանց վայրէջք կատարելու, յուրաքանչյուր օդանավ, որը մուտք է գործում Պայմանավորվող պետության տարածք, պետք է, եթե այդ պետության օրենսդրությամբ դա նախատեսված է, վայրէջք կատարի տվյալ Պետության կողմից նշված օդանավակայանում` մաքսային կամ այլ տեսակի զննում անցնելու համար: Այդ օդանավերի ելքը Պայմանավորվող պետության տարածքից պետք է իրականացվի նույն կերպ նշված օդանավակայանից: Մաքսային զննման համար օգտագործվող բոլոր օդանավակայանների տվյալները պետք է հրապարակվեն և հաղորդվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որը հիմնվում է սույն Կոնվենցիայի 2-րդ մասի համաձայն` հետագայում դրանք բոլոր այլ Պայմանավորվող պետություններին փոխանցելու նպատակով:

 

Հոդված 11
Օդային երթևեկության կանոնների կիրառելիությունը

 

Սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման պայմանով, Պայմանավորվող պետության` իր տարածք միջազգային օդային նավագնացության մեջ ընդգրկված օդանավերի մուտքի և ելքի մասին, ինչպես նաև իր տարածքում գտնվելու ընթացքում այդ օդանավերի շահագործման և օդագնացության վերաբերյալ օրենքները և կանոնակարգերը կիրառվելու են, անկախ ազգային պատկանելությունից, բոլոր Պայմանավորվող պետությունների օդանավերի նկատմամբ` այդ Պետության տարածք մուտք գործելու և տարածքից մեկնելու ժամանակ, ինչպես նաև այդ տարածքում գտնվելու ընթացքում:

 

Հոդված 12
Օդային երթևեկության կանոնակարգեր

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն իր տարածքի վրա թռիչք իրականացնող կամ օդային շարժեր կատարող ցանկացած օդանավի կողմից, ինչպես նաև այդ պետության ազգային տարբերանշանը կրող ցանկացած օդանավի կողմից, որտեղ էլ գտնվի այդ օդանավը, այդ Պետության գործող օրենքների և կանոնակարգերի կիրառումը օդանավերի թռիչքների կամ շարժերի նկատմամբ: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է հնարավորինս ապահովել սեփական կանոնակարգերի համապատասխանությունը սույն Կոնվենցիայով ժամանակ առ ժամանակ սահմանվող կանոնակարգերին: Բաց ծովում կիրառվող կանոնակարգերը կսահմանվեն սույն Կոնվենցիային համապատասխան: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է պատիժներ սահմանել գործող կանոնակարգերը խախտելու համար:

 

Հոդված 13
Մուտքի և ելքի կանոններ

 

Պայմանավորվող պետության տարածք օդանավի ուղևորների, անձնակազմերի կամ բեռների մուտքը կամ ելքը կարգավորող այդ Պետության օրենքները և կանոնները, ինչպիսիք են մուտքի, ելքի, ներգաղթային, անձնագրային, մաքսային և կարանտինային օրենքներն ու կանոնները, պետք է կիրառվեն այդ ուղևորների, անձնակազմերի և բեռների սեփականատերերի կողմից` տվյալ Պետության տարածք մուտք գործելիս կամ տարածքից մեկնելիս, ինչպես նաև այդ Պետության տարածքում գտնվելու ընթացքում:

 

Հոդված 14
Վարակների տարածման կանխարգելում

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել օդային նավագնացության միջոցներով խոլերայի, տիֆի /վարակիչ/, ծաղկախտի, դեղնատենդի, ժանտախտի և Պայմանավորվող պետությունների կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվող այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման համար, և այդ նպատակով Պայմանավորվող պետությունները մշտական խորհրդակցություններ կանցկացնեն այն հաստատությունների հետ, որոնք զբաղվում են օդանավերի նկատմամբ սանիտարական միջոցների կիրառման միջազգային կարգավորմամբ: Այդ խորհրդակցությունները չպետք է ազդեն այդ հարցը կարգավորող գործող որևէ միջազգային կոնվենցիայի կիրառման վրա, որի անդամներ կարող են հանդիսանալ Պայմանավորվող պետությունները:

 

Հոդված 15
Օդանավակայանային և այլ վճարներ

 

Պայմանավորվող պետության յուրաքանչյուր օդանավակայան, որը բաց է իր սեփական օդանավերի կողմից հասարակական օգտագործման համար, 68-րդ հոդվածի դրույթների պահպանման պայմանով հավասարապես բաց է բոլոր այլ Պայմանավորվող պետությունների օդանավերի համար: Այդպիսի հավասար պայմաններ պետք է սահմանվեն յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օդանավերի կողմից բոլոր այն օդանավագնացային միջոցների օգտագործման համար` ներառյալ ռադիոկապի և օդերևութաբանական ծառայությունները, որոնք կարող են տրամադրվել հասարակական օգտագործման համար` օդային նավագնացության անվտանգությունը և հարմարավետությունն ապահովելու նպատակով:

Ցանկացած վճարներ, որոնք Պայմանավորվող պետությունները կարող են գանձել կամ գանձման համար թույլատրել մեկ այլ Պայմանավորվող պետության օդանավերի կողմից օդանավակայաններից և օդանավագնացային միջոցներից օգտվելու դիմաց, չեն գերազանցի.

ա/ միջազգային կանոնավոր օդային երթուղիների սպասարկման մեջ չընդգրկված օդանավերի համար` այն վճարները, որոնք կգանձվեին նույն կարգի սեփական օդանավերից համանման գործողություններ կատարելու համար,

բ/ միջազգային կանոնավոր օդային երթուղիների սպասարկման մեջ ընդգրկված օդանավերի համար` այն վճարները, որոնք կգանձվեին համանման միջազգային կանոնավոր երթուղիներ սպասարկող սեփական օդանավերից:

Բոլոր այդպիսի վճարների մասին տվյալները կհրապարակվեն և կփոխանցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը` պայմանով, որ համապատասխան Պայմանավորվող պետության կողմից օդանավակայանների և այլ միջոցների օգտագործման համար գանձվող վճարների մասին տվյալները ներկայացնելիս, այդ տվյալները կքննարկվեն Խորհրդի կողմից, որը դրանց վերաբերյալ կկազմի հաշվետվություններ և շահագրգիռ Պետությանը կամ Պետություններին կներկայացնի առաջարկություններ: Պայմանավորվող պետությունը չի նախատեսելու որևէ վճար կամ տուրք իր տարածքի վրա տարանցիկ թռիչք իրականացնելու կամ իր տարածք այլ Պայմանավորվող պետության որևէ օդանավի և դրա մեջ գտնվող անձանց կամ սեփականության մուտքի կամ ելքի համար:

 

Հոդված 16
Օդանավերի զննում

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետության համապատասխան մարմիններն իրավունք ունեն առանց չհիմնավորված հետաձգումների զննել այլ Պայմանավորվող պետությունների ժամանող կամ մեկնող օդանավերը և ստուգել սույն Կոնվենցիայով նախատեսված հավաստագրերը և այլ փաստաթղթերը:

 

ԳԼՈՒԽ 3
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 17
Օդանավերի ազգային պատկանելիությունը

 

Օդանավերի ազգային պատկանելիությունը որոշվում է այն Պետություններով, որտեղ այդ օդանավերը գրանցված են:

 

Հոդված 18
Կրկնակի գրանցում

 

Օդանավի գրանցումը ավելի քան մեկ Պետությունում չի կարող վավեր ճանաչվել, սակայն գրանցման Պետությունը կարող է փոփոխվել:

 

Հոդված 19
Գրանցումը կարգավորող ազգային օրենքներ

 

Օդանավի գրանցումը կամ գրանցման Պետության փոփոխումը ցանկացած Պայմանավորվող պետությունում կատարվում է համաձայն այդ Պետության օրենքների և կանոնակարգերի:

 

Հոդված 20
Տարբերանշաններ

 

Միջազգային օդային նավագնացության մեջ ընդգրկված յուրաքանչյուր օդանավ պետք է իր վրա կրի համապատասխան ազգային և գրանցման տարբերանշաններ:

 

Հոդված 21
Գրանցման մասին տեղեկացնելը

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է մեկ այլ Պայմանավորվող պետության կամ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջով դրանց տրամադրել տեղեկություններ տվյալ Պետությունում գրանցված յուրաքանչյուր առանձին օդանավի գրանցման և պատկանելիության մասին: Բացի այդ, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը ըստ վերջինիս կողմից սահմանված կարգի կտրամադրի հաշվետվություններ, որտեղ կներառվեն այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են տրամադրվել տվյալ Պետությունում գրանցված և սովորաբար միջազգային օդային նավագնացության մեջ ընդգրկված օդանավի պատկանելիության և շահագործման մասին: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ըստ այս կարգի ստացվող տեղեկությունները կտրամադրվեն այլ Պայմանավորվող պետություններին` ըստ պահանջի:

 

ԳԼՈՒԽ 4
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Հոդված 22
Ձևակերպումների պարզեցում

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է հատուկ կանոնների ընդունման միջոցով և այլ ուղիներով նպաստել և հեշտացնել Պայմանավորվող պետությունների տարածքների միջև օդային նավագնացությանը և խուսափել օդանավերի, անձնակազմերի, ուղևորների և բեռների ավելորդ ուշացումներից, մասնավորապես` ներգաղթային, կարանտինային, մաքսային և անձնագրային օրենքների կիրառման դեպքերում:

 

Հոդված 23
Մաքսային և ներգաղթային ընթացակարգեր

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է, որքանով նա իրագործելի դա կհամարի, սահմանել միջազգային օդային նավագնացության հետ կապված այնպիսի ընթացակարգեր, որոնք կհամապատասխանեն սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն ժամանակ առ ժամանակ սահմանվող կամ առաջարկվող ընթացակարգերին: Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես մաքսային զննումից ազատված օդանավակայանների ստեղծմանը խոչընդոտող:

 

Հոդված 24
Մաքսատուրքեր

 

ա/ Այլ Պայմանավորվող պետության տարածք, տարածքից կամ տարածքի վրա թռիչք իրականացնող օդանավը այդ ժամանակահատվածում ազատվում է մաքսատուրքից` այդ Պետության մաքսային օրենսդրությանը հետևելու պայմանով: Պայմանավորվող պետության օդանավի մեջ գտնվող վառելիքը, քսուքային նյութերը, պահեստամասերը, սարքավորումները և օդանավային ունեցվածքը, որոնք մուտք են գործում Պայմանավորվող պետության տարածք և մեկնելու պահին շարունակում են գտնվել օդանավի մեջ, ազատվում են մաքսատուրքից, մաքսավճարից կամ պետական ու տեղական այլ տուրքերից ու վճարներից: Այս արտոնությունը չի կիրառվում բեռնաթափվող ապրանքների նկատմամբ, եթե այլ կերպ նախատեսված չէ Պետության մաքսային օրենսդրությամբ, որը կարող է պահանջել, որ ապրանքները պահպանվեն մաքսային հսկողության տակ:

բ/ Պայմանավորվող պետության տարածք ներմուծվող պահեստամասերը և սարքավորումները, որոնք նախատեսվում է տեղադրել կամ օգտագործել միջազգային նավագնացության մեջ ընդգրկված այլ Պայմանավորվող պետության օդանավի վրա, բաց են թողնվում առանց մաքսատուրքի վճարման, եթե այլ կերպ նախատեսված չէ Պետության մաքսային օրենսդրությամբ, որը կարող է պահանջել, որ ապրանքները պահպանվեն մաքսային հսկողության տակ:

 

Հոդված 25
Աղետի ենթարկված օդանավ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է իր տարածքում աղետի ենթարկված օդանավերի նկատմամբ կիրառել օգնության բոլոր հնարավոր միջոցները և օդանավի սեփականատիրոջը կամ օդանավի գրանցման Պետության մարմիններին թույլատրում է իր հսկողության ներքո օգնության այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք կարող են պահանջվել` ելնելով հանգամանքներից: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, անհետացած օդանավի փնտրումն իրականացնելիս, համագործակցում է համադրված միջոցառումների այն համալիրին, որը կարող է ժամանակ առ ժամանակ առաջարկվել սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 26
Վթարների հետաքննությունը

 

Պայմանավորվող պետության օդանավի հետ մեկ այլ Պայմանավորված պետության տարածքում տեղի ունեցած վթարի դեպքում, որն առաջ է բերել մահ, լուրջ վնասվածք կամ օդանավի կամ նավագնացային սարքավորումների լուրջ տեխնիկական անսարքություններ է ի հայտ բերել, Պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը, կատարում է դրա հանգամանքների հետաքննությունը` համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից առաջարկված կարգի` այնքանով, որքանով դա համապատասխանում է տվյալ Պետության օրենսդրությանը: Օդանավի գրանցման պետությանը հնարավորություն կտրվի նշանակել դիտորդներ` հետաքննությանը մասնակցելու համար, իսկ հետաքննությունն անցկացնող Պետությունը պետք է այդ Պետությանը ներկայացնի հաշվետվություն և եզրակացություն:

 

Հոդված 27
Ազատում արտոնագրային պահանջները խախտելու համար կատարվող բռնագրավումից

 

ա/ Միջազգային օդային նավագնացության մեջ ընդգրկված օդանավի ցանկացած թույլատրված մուտքը մեկ այլ Պայմանավորվող պետության տարածք, կամ այդ պետության տարածքի վրա թույլատրված տարանցիկ թռիչքը` վայրէջքներով կամ առանց վայրէջքների, առաջ չի բերի օդանավի բռնագրավում կամ ձերբակալում, կամ վերջինիս սեփականատիրոջը կամ շահագործողին որևէ հայցի ներկայացում կամ ցանկացած այլ միջամտություն այդ Պետության կամ որևէ անձի կողմից կամ անունից այն հիմքի վրա, որ օդանավի կառուցվածքը, մեխանիզմները, մասերը, լրացուցիչ սարքավորումները կամ շահագործման եղանակը հանդիսանում են օդանավի ժամանման Պետության կողմից տրված կամ գրանցված որևէ արտոնագրի, նախագծի կամ մոդելի խախտում, ընդ որում սահմանվում է, որ օդանավի ժամանման Պետությունում բռնագրավումից կամ ձերբակալումից օդանավն ազատելու դիմաց ոչ մի գրավի պահանջ չի առաջադրվելու:

բ/ Սույն հոդվածի «ա» կետի դրույթները կիրառվում են նաև օդանավերի պահեստամասերի և պահեստային սարքավորումների պահպանման դեպքերի և այլ Պայմանավորվող պետության տարածքում Պայմանավորվող պետության օդանավի վերանորոգման համար վերջիններիս տեղադրման և օգտագործման իրավունքի նկատմամբ` պայմանով, որ ցանկացած պահպանվող արտոնագրված պահեստամաս կամ սարքավորում չի վաճառվի կամ տարածվի երկրի ներսում կամ չի արտահանվի օդանավի ժամանման Պետության տարածքից:

գ/ Սույն հոդվածով նախատեսված արտոնությունները տարածվում են միայն սույն Կոնվենցիայի այն անդամ պետությունների վրա, որոնք`

1. հանդիսանում են Արդյունաբերական սեփականության պաշտպանության միջազգային կոնվենցիայի և դրա բոլոր լրացումների անդամ պետություններ,

2. ընդունել են արտոնագրային օրենսդրություն, որը սույն Կոնվենցիայի այլ անդամ պետությունների քաղաքացիների կողմից արված գյուտերի համար սահմանում և ապահովում է հավասար պաշտպանություն:

 

Հոդված 28
Օդային նավագնացության միջոցներ և չափանիշների համակարգեր

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է, իր հնարավորությունների սահմաններում.

ա/ ապահովել իր տարածքում օդանավակայանների, ռադիոծառայությունների, օդերևութաբանական ծառայությունների և միջազգային օդային նավագնացության համար անհրաժեշտ այլ միջոցների առկայությունը,

բ/ կապի, գաղտնագրերի, ազդանշանների, լուսավորության և այլ պրակտիկ ոլորտներում ընդունել և կիրառել չափանիշների համապատասխան համակարգեր և կանոնակարգեր, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են սահմանվել և առաջարկվել` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն,

գ/ մասնակցել սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն ժամանակ առ ժամանակ սահմանվող և առաջարկվող չափանիշներին համապատասխանող օդանավագնացային քարտեզների և սխեմաների հրապարակման հետ կապված միջազգային միջոցառումներին:

 

ԳԼՈՒԽ 5
ՕԴԱՆԱՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 29
Օդանավերի փաստաթղթերը

 

Պայմանավորվող պետության յուրաքանչյուր օդանավ, որն ընդգրկված է միջազգային օդանավագնացության մեջ, պարտավոր է ունենալ հետևյալ փաստաթղթերը` սույն Կոնվենցիայով սահմանված պայմաններին համապատասխան.

ա/ գրանցման վկայականը,

բ/ թռիչքների համար պիտանելիության վկայականը,

գ/ անձնակազմի յուրաքանչյուր անդամի համապատասխան վկայականները,

դ/ օդանավի թռիչքների մատյանը,

ե/ ռադիոսարքավորումների առկայության դեպքում` օդանավի վրա ռադիոկայան ունենալու թույլտվությունը,

զ/ ուղևորներ տեղափոխելու դեպքում` առաջիններիս ցանկը, որտեղ նշվում են նաև մեկնման և նշանակման վայրերը,

է/ բեռներ տեղափոխելու դեպքում` օդային բեռնագիրը և բեռների մանրամասն հայտարարագրերը:

 

Հոդված 30
Օդանավերի մեջ գտնվող ռադիոսարքավորումները

 

ա/ Պայմանավորվող պետության ցանկացած օդանավ` մեկ այլ Պայմանավորվող պետության տարածքում կամ տարածքի վրա գտնվելիս, կարող է ռադիոհաղորդիչ սարքավորումներ ունենալ միայն օդանավի գրանցման Պետության համապատասխան մարմինների կողմից տրված թույլտվության հիման վրա, որը տալիս է այդպիսի սարքավորումների տեղադրման և շահագործման իրավունք: Ռադիոհաղորդիչ սարքավորումների շահագործումը այն Պայմանավորվող պետությունում, որի տարածքի վրա իրականացվում է թռիչքը, կատարվում է այդ Պետության կողմից սահմանված կարգին համապատասխան:

բ/ Ռադիոհաղորդիչ սարքավորումները կարող են շահագործվել միայն գրանցման Պետության համապատասխան մարմինների կողմից տրված հատուկ թույլտվություն ունեցող անձնակազմի անդամների կողմից:

 

Հոդված 31
Թռիչքների համար պիտանելիության վկայականներ

 

Միջազգային օդային նավագնացության մեջ ընդգրկված յուրաքանչյուր օդանավ պետք է ունենա թռիչքների համար պիտանելիության վկայական, որը տրվում կամ ճանաչվում է օդանավի գրանցման Պետության կողմից:

 

Հոդված 32
Անձնակազմի վկայականներ

 

ա/ Միջազգային օդային նավագնացության մեջ ընդգրկված յուրաքանչյուր օդանավի հրամանատարը և անձնակազմի այլ անդամները պետք է ունենան որակավորման վկայականներ և լիցենզիաներ, որոնք տրվում կամ ճանաչվում են օդանավի գրանցման Պետության կողմից:

բ/ Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իրավունք է վերապահում չճանաչել այլ Պայմանավորվող պետության կողմից իր քաղաքացուն տրված որակավորման վկայականը կամ լիցենզիան` իր տարածքի վրա թռիչք իրականացնելու համար:

 

Հոդված 33
Վկայականների և լիցենզիաների փոխադարձ ճանաչում

 

Օդանավի գրանցման Պայմանավորվող պետության կողմից տրված կամ ճանաչվող թռիչքների համար պիտանելիության և որակավորման վկայականները փոխադարձ ճանաչվում են այլ Պայմանավորվող պետությունների կողմից` պայմանով, տրվող կամ ճանաչվող վկայականներին և լիցենզիաներին ներկայացվող պահանջները համապատասխանում են, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, ժամանակ առ ժամանակ սահմանվող նվազագույն չափանիշներին կամ գերազանցում են դրանց:

 

Հոդված 34
Թռիչքների մատյաններ

 

Միջազգային օդային նավագնացության մեջ ընդգրկված յուրաքանչյուր օդանավի վրա պարտադիր վարվում է թռիչքների մատյան, որտեղ գրանցվում են օդանավի բնութագրերը, անձնակազմի և օդանավի յուրաքանչյուր թռիչքի վերաբերյալ տեղեկություններ` ըստ սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն ժամանակ առ ժամանակ սահմանվող կարգի:

 

Հոդված 35
Բեռների տեղափոխման սահմանափակումներ

 

ա/ Ռազմական պաշարները կամ ռազմամթերքը միջազգային օդային նավագնացության մեջ ընդգրկված օդանավերով կարող են Պետության տարածքով կամ տարածքի վրա տեղափոխվել միայն տվյալ Պետության թույլտվությամբ: Յուրաքանչյուր Պետություն սահմանում է «ռազմական պաշարներ» և «ռազմամթերք» հասկացությունները սույն հոդվածի իմաստով` միաձևությունն ապահովելու համար, հաշվի առնելով այն առաջարկությունները, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ արվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից:

բ/ Հասարակական կարգուկանոնի և անվտանգության ապահովման նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իրավունք է վերապահում կարգավորել կամ արգելել բացի «ա» կետում նշվածներից այլ ապրանքների տեղափոխումն իր տարածքով` պայմանով, որ խտրականություն չի դրվի միջազգային օդային նավագնացության մեջ ընդգրկված իր սեփական օդանավերի և այլ Պետությունների նավերի միջև, և որ օդանավերի վրա` դրանց շահագործման կամ նավագնացության, ինչպես նաև անձնակազմի և ուղևորների անվտանգության ապահովման համար, անհրաժեշտ սարքավորումների տեղափոխման և օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չեն սահմանվի:

 

Հոդված 36
Լուսանկարչական տեխնիկա

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է արգելել կամ կարգավորման ենթարկել լուսանկարչական տեխնիկայի օգտագործումը օդանավերի վրա` իր տարածքի վրա թռիչք իրականացնելու ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 6
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊՐԱԿՏԻԿԱ

 

Հոդված 37
Միջազգային չափանիշների և ընթացակարգերի ճանաչումը

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է մասնակցել օդանավերին, անձնակազմին, օդային ուղիներին և օժանդակ ծառայություններին առնչվող կանոնների, չափանիշների, ընթացակարգերի և կազմակերպման առավել միաձևության ապահովմանն ուղղված համագործակցությանը` ցանկացած ոլորտում, որտեղ այդ միաձևությունը կնպաստի օդային նավագնացությանը և դրա կատարելագործմանը:

Այդ նպատակով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը սահմանում է և հետագայում, անհրաժեշտության դեպքում, փոփոխությունների է ենթարկում չափանիշները, առաջարկվող պրակտիկան և ընթացակարգերը, որոնք վերաբերում են.

ա/ կապի համակարգերին և օդային նավագնացության օժանդակ միջոցներին` ներառյալ ցամաքային նշանները,

բ/ օդանավակայանների բնութագրերին և վայրէջքային հրապարակներին,

գ/ թռիչքների վերաբերյալ օրենսդրությանը և օդային երթևեկության կառավարման պրակտիկային,

դ/ օդաչուական և տեխնիկական անձնակազմին վկայագրերի տրման կարգին,

ե/ թռիչքների համար օդանավերի պիտանելիությանը,

զ/ օդանավերի գրանցմանը և ճանաչմանը,

է/ օդերևութաբանական տվյալների հավաքմանը և փոխանակմանը,

ը/ թռիչքների մատյաններին,

թ/ օդային նավագնացային քարտեզներին և սխեմաներին,

ժ/ մաքսային և ներգաղթային կանոններին,

ժա/ վթարի ենթարկվող օդանավերին և վթարների հետաքննությանը,

ինչպես նաև օդային նավագնացության անվտանգության, կանոնավորության և հուսալիության հետ կապված այլ հարցերին, որոնց կարգավորման անհրաժեշտությունը կարող է ժամանակ առ ժամանակ առաջանալ:

 

Հոդված 38
Միջազգային չափանիշներից և ընթացակարգերից շեղվելը

 

Ցանկացած Պետություն, որը գործնականում անհնարին կհամարի որևէ միջազգային չափանիշի կամ ընթացակարգի ընդունումը, միջազգային չափանիշին կամ ընթացակարգին իր սեփական չափանիշների և ընթացակարգերի լիարժեք համապատասխանեցումը` դրանք փոփոխության ենթարկելուց հետո, կամ որն անհրաժեշտ կհամարի ընդունել և կիրառել այնպիսի կանոններ կամ ընթացակարգեր, որոնք որևէ մասով տարբերվում են միջազգային չափանիշներին համապատասխան սահմանված կանոններից կամ ընթացակարգերից, անհապաղ տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը իր կողմից ընդունված պրակտիկայի և միջազգային չափանիշներին համապատասխանող պրակտիկայի միջև առկա տարբերությունների մասին: Միջազգային չափանիշների փոփոխման դեպքում, ցանկացած Պետություն, որը համապատասխան փոփոխություններ չի կատարում իր սեփական կանոնների և ընթացակարգերի մեջ, այդ մասին միջազգային չափանիշի փոփոխման պահից վաթսուն օրվա ընթացքում ծանուցում է Խորհրդին, նշելով նաև այն միջոցները, որոնք նա առաջարկում է ձեռնարկել: Ցանկացած այդպիսի դեպքում Խորհուրդն անհապաղ ծանուցում է բոլոր Պետություններին միջազգային չափանիշի մեկ կամ մի քանի մասերի և այդ Պետության կողմից ընդունված համապատասխան ընթացակարգերի միջև առկա տարբերության մասին:

 

Հոդված 39
Լրացուցիչ նշումներ վկայականներում և լիցենզիաներում

 

ա/ Ցանկացած այնպիսի օդանավի կամ դրա որևէ մասի թռիչքների համար պիտանելիության վկայականում, որի նկատմամբ կիրառվում է թռիչքների համար պիտանելիության միջազգային չափանիշը կամ շահագործման չափանիշը, և որը վկայականի տրման պահին որևէ մասով չի համապատասխանում այդ չափանիշին, նշվում կամ կից ներկայացվում է անհամապատասխանությունների ցանկը:

բ/ Ցանկացած անձի վկայականում, որը լիարժեք չի համապատասխանում իրեն տրված վկայականի կամ լիցենզիայի համար սահմանված միջազգային չափանիշից բխող պահանջներին, նշվում կամ կից ներկայացվում է այդ անհամապատասխանությունների մանրամասն ցանկը:

 

Հոդված 40
Լրացուցիչ նշումներով վկայականների և լիցենզիաների վավերականությունը

 

Լրացուցիչ նշումներով վկայականներ կամ լիցենզիաներ ունեցող ոչ մի օդանավ կամ անձնակազմ չի կարող ընդգրկվել միջազգային օդային նավագնացության մեջ առանց այն Պետության կամ Պետությունների թույլտվության, որոնց տարածք դրանք ժամանում են: Վկայական ունեցող այդպիսի օդանավի գրանցումը կամ շահագործումը վկայականի սկզբնական տրման Պետությունից բացի որևէ այլ Պետությունում կատարվում է ըստ այն Պետության հայեցողության, ուր ներմուծվում է այդ օդանավը կամ դրա մի մասը:

 

Հոդված 41
Թռիչքների համար պիտանելիության չափանիշների փոխադարձ ճանաչում

 

Սույն գլխի դրույթները չեն կիրառվում օդանավերի և դրանց սարքավորումների այն տեսակների նկատմամբ, որոնց նախատիպերը վկայական ստանալու համար ներկայացվել են համապատասխան ազգային մարմիններին այդպիսի սարքավորումների համար սահմանված թռիչքների համար պիտանելիության միջազգային չափանիշն ընդունելու պահից երեք տարվա ընթացքում:

 

Հոդված 42
Օդանավի անձնակազմի որակավորման չափանիշների փոխադարձ ճանաչում

 

Սույն գլխի դրույթները չեն կիրառվում այն անձնակազմերի նկատմամբ, որոնց վկայականները սկզբնապես տրվել են այդպիսի անձնակազմի համար որակավորման միջազգային չափանիշի ընդունման պահից մեկ տարվա ընթացքում, սակայն ցանկացած դեպքում կիրառվում են այն անձնակազմերի նկատմամբ, որոնց վկայականները ուժի մեջ են այդ չափանիշի ընդունման պահից հինգ տարվա ընթացքում:

 

ՄԱՍ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ 7
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 43
Անվանումը և կառուցվածքը

 

Սույն Կոնվենցիայի համաձայն ստեղծվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն անվանումը կրող կազմակերպությունը: Այն կազմված է Ասամբլեայից, Խորհրդից և այնպիսի մարմիններից, որոնք կարող են անհրաժեշտ լինել:

 

Հոդված 44
Նպատակները

 

Կազմակերպության նպատակներն են միջազգային օդային նավագնացության սկզբունքների և տեխնոլոգիայի մշակումը և միջազգային օդային տրանսպորտի համակարգի պլանավորմանը և զարգացմանը նպաստելը, որոնք կոչված են.

ա/ ապահովել միջազգային քաղաքացիական ավիացիայի անվտանգ և կանոնակարգված զարգացումը ողջ աշխարհում,

բ/ օժանդակել խաղաղ նպատակների համար օդանավերի նախագծմանն ու շահագործմանը,

գ/ օժանդակել միջազգային քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված օդային ուղիների, օդանավակայանների և օդային նավագնացության միջոցների զարգացմանը,

դ/ բավարարել անվտանգ, կանոնավոր, արդյունավետ և տնտեսապես շահավետ օդային տրանսպորտ ունենալու` աշխարհի ժողովուրդների կարիքը,

ե/ կանխել անխելամիտ մրցակցության հետևանքով առաջացող տնտեսական վնասները,

զ/ ապահովել Պայմանավորվող պետությունների իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք և միջազգային ավիաուղիների շահագործման հավասար պայմաններ` յուրաքանչյուր Պայմանավորվող պետության համար,

է/ խուսափել Պայմանավորվող պետությունների հարաբերություններում խտրականության դրսևորումներից,

ը/ բարելավել միջազգային օդային նավագնացության մեջ թռիչքների անվտանգությունը,

թ/ ընդհանրապես նպաստել միջազգային քաղաքացիական օդային նավագնացության բազմակողմանի զարգացմանը:

 

Հոդված 45
Մշտական նստավայրը

 

Կազմակերպության մշտական նստավայրը կսահմանվի 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին ժամանակավոր համաձայնագրի համաձայն ստեղծված` Քաղաքացիական ավիացիայի միջազգային ժամանակավոր կազմակերպության ժամանակավոր ասամբլեայի ամփոփիչ նիստին: Խորհրդի որոշման համաձայն, նստավայրը կարող է տեղափոխվել ցանկացած այլ տեղ, իսկ մշտական նստավայրը սահմանվում է Ասամբլեայի որոշման հիման վրա` պայմանով, որ որոշումն ընդունվում է Ասամբլեայի կողմից սահմանված ձայների քանակով: Ըստ այս կարգի սահմանված ձայների քանակը չի կազմի ավելի պակաս, քան անդամ պետությունների ընդհանուր քանակի երեք հինգերորդը:

 

Հոդված 46
Ասամբլեայի առաջին նիստը

 

Ասամբլեայի առաջին նիստը գումարում է վերը նշված ժամանակավոր կազմակերպության ժամանակավոր խորհուրդը` իր կողմից սահմանված ամսաթվին և վայրում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն պես:

 

Հոդված 47
Իրավազորությունը

 

Կազմակերպությունը յուրաքանչյուր Պայմանավորվող պետության տարածքում օժտված է այնպիսի իրավազորությամբ, որը կարող է պահանջվել իր գործառույթների իրականացման համար: Այն Պետությունները, որոնց սահմանադրության և օրենսդրության հետ դա համատեղելի է, Կազմակերպությանը տրամադրում են լիարժեք իրավասուբյեկտություն:

 

ԳԼՈՒԽ 8
ԱՍԱՄԲԼԵԱ

 

Հոդված 48
Ասամբլեայի նիստերը և քվեարկության կարգը

 

ա/ Ասամբլեայի նիստերը գումարվում են Խորհրդի կողմից ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ` ցանկացած հարմար ժամանակ և վայրում: Խորհրդի կողմից կամ ցանկացած տասը Պայմանավորվող պետությունների կողմից Գլխավոր քարտուղարին ուղղված դիմումի հիման վրա ցանկացած ժամանակ կարող են Ասամբլեայի արտահերթ նիստեր գումարվել:

բ/ Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն Ասամբլեայի նիստերին ներկայացված լինելու հավասար իրավունք ունի, և յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ունի մեկ ձայն: Պայմանավորվող պետությունները ներկայացնող պատգամավորներին կարող են ուղեկցել հատուկ խորհրդականներ, որոնք կարող են մասնակցել նիստերին, սակայն ձայնի իրավունք չունեն:

գ/ Ասամբլեայի նիստերի քվորումը կազմվում է Պայմանավորվող պետությունների մեծամասնությամբ: Եթե սույն Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ, ապա Ասամբլեայի որոշումներն ընդունվում են տրված քվեների մեծամասնությամբ:

 

Հոդված 49
Ասամբլեայի իրավունքներն ու պարտականությունները

 

Ասամբլեայի իրավունքներն ու պարտականությունները հետևյալն են.

ա/ յուրաքանչյուր նիստին նախագահի և այլ պաշտոնատար անձանց ընտրություն,

բ/ Պայմանավորվող պետությունների ընտրությունը Խորհրդի կազմ` 9-րդ գլխի դրույթներին համապատասխան,

գ/ Խորհրդի զեկույցների քննարկում և դրանց հիման վրա համապատասխան միջոցների ձեռնարկում, Խորհրդի կողմից ներկայացված ցանկացած հարցի վերաբերյալ որոշումների ընդունում,

դ/ սեփական կանոնակարգերի ընդունում և այնպիսի օժանդակ հանձնաժողովների ստեղծում, որոնց առկայությունը նա կարող է անհրաժեշտ կամ ցանկալի համարել,

ե/ քվեարկության միջոցով Կազմակերպության տարեկան բյուջեների ընդունում և ֆինանսական նախահաշիվների կազմում` 12-րդ գլխի դրույթներին համապատասխան,

զ/ Կազմակերպության ծախսերի քննարկում և հաշվետվությունների հաստատում,

է/ իր հայեցողությամբ կարող է իր իրավասությունների ներքո գտնվող ցանկացած հարց ուղղել Խորհրդին, օժանդակ հանձնաժողովներին կամ որևէ այլ մարմնին,

ը/ Խորհրդին կարող է տալ այնպիսի իրավունքներ և լիազորություններ, որոնք անհրաժեշտ են կամ նպատակահարմար են Կազմակերպության պարտականությունների կատարման համար, ինչպես նաև կարող է ցանկացած պահին դրանք չեղյալ հայտարարել կամ փոփոխել,

թ/ 13-րդ գլխի համապատասխան դրույթների կենսագործում,

ժ/ սույն Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների քննարկում և, այդ առաջարկություններին հավանություն տալու դեպքում, դրանց ներկայացումը Պայմանավորվող պետություններին` 21-րդ գլխի դրույթներին համապատասխան,

ժա/ Կազմակերպության իրավասությունների շրջանակներում իր բնույթով Խորհրդի իրավասություններից դուրս գտնվող ցանկացած հարցի քննարկում:

 

ԳԼՈՒԽ 9
ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հոդված 50
Խորհրդի կազմը և անդամների ընտրությունը

 

ա/ Խորհուրդը մշտապես գործող մարմին է, որը պատասխանատու է Ասամբլեայի առջև: Այն կազմված է Ասամբլեայի կողմից ընտրվող քսանյոթ Պայմանավորվող պետությունից: Անդամների ընտրությունները կանցկացվեն Ասամբլեայի առաջին նիստին և հետագայում` երեք տարին մեկ անգամ, իսկ այս կարգի համաձայն ընտրվող Խորհրդի անդամների լիազորություններն ուժի մեջ են մնում մինչ հաջորդ ընտրությունները,

բ/ Խորհրդի անդամներին ընտրելիս, Ասամբլեան ապահովում է.

1/ օդային տրանսպորտի ոլորտում առաջատար դեր ունեցող պետությունների,

2/ այդպիսի պետությունների թվի մեջ չմտնող, սակայն միջազգային քաղաքացիական օդային նավագնացության միջոցների ապահովման մեջ մեծագույն ներդրումներ կատարող պետությունների, և

3/ այդպիսի պետությունների թվի մեջ չմտնող, սակայն Խորհրդում աշխարհի բոլոր հիմնական աշխարհագրական մասերի ներկայացուցչությունն ապահովող պետությունների համապատասխան ներկայացուցչությունը: Խորհրդում առաջացող ցանկացած թափուր տեղ հնարավորինս սեղմ ժամկետում լրացվում է Ասամբլեայի կողմից. այս կարգի համաձայն Խորհուրդ ընտրված Պայմանավորվող պետության լիազորություններն ուժի մեջ են մինչև նրա նախորդի լիազորությունների ավարտի համար սահմանված ժամկետը,

գ/ Խորհրդում Պայմանավորվող պետության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցում միջազգային օդային ուղու շահագործմանը կամ այդ ուղու հետ կապված ոչ մի ֆինանսական շահ չունի:

 

Հոդված 51
Խորհրդի նախագահը

 

Խորհուրդն իր նախագահին ընտրում է երեք տարի ժամկետով: Նախագահը կարող է վերընտրվել: Նա չունի ձայնի իրավունք: Խորհուրդն իր անդամների թվից ընտրում է նախագահի տեղակալին կամ տեղակալներին, ովքեր նախագահի պարտականությունների կատարման ընթացքում պահպանում են իրենց ձայնի իրավունքը: Պարտադիր պայման չէ, որ նախագահն ընտրվի Խորհրդի անդամների ներկայացուցիչների թվից, սակայն եթե ընտրվում է ներկայացուցիչը, իր տեղը Խորհրդում թափուր է համարվում և լրացվում է այն Պետության կողմից, որը նա ներկայացնում է:

Նախագահի պարտականություններն են.

ա/ Խորհրդի, Օդային տրանսպորտի կոմիտեի և օդային նավագնացության հանձնաժողովի նիստերի գումարումը,

բ/ Խորհրդի անդամի իր պարտականությունների կատարումը,

գ/ Խորհրդի կողմից իրեն հանձնարարված գործառույթների իրականացումը Խորհրդի անունից:

 

Հոդված 52
Քվեարկության անցկացման կարգը Խորհրդում

 

Խորհրդի որոշումները ենթակա են հաստատման անդամների մեծամասնության կողմից: Խորհուրդը կարող է որևէ կոնկրետ հարցի առնչությամբ իր լիազորությունները հանձնել իր անդամներից կազմված կոմիտեին: Խորհրդի ցանկացած կոմիտեի որոշումները կարող են բողոքարկվել Խորհրդում ցանկացած շահագրգիռ Պայմանավորվող պետության կողմից:

 

Հոդված 53
Մասնակցություն առանց ձայնի իրավունքի

 

Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է առանց ձայնի իրավունքի մասնակցել Խորհրդի կամ նրա կոմիտեներից մեկի կողմից իր շահերը շոշափող ցանկացած հարցի քննարկմանը: Խորհրդի ոչ մի անդամ չի կարող մասնակցել առաջինիս կողմից քննարկվող վեճի առնչության անցկացվող քվեարկությանը, եթե նա հանդիսանում է վիճող կողմերից մեկը:

 

Հոդված 54
Խորհրդի պարտադիր գործառույթները

 

Խորհուրդը.

ա/ Ասամբլեային է ներկայացնում տարեկան հաշվետվություններ,

բ/ կենսագործում է Ասամբլեայի որոշումները և կատարում է սույն Կոնվենցիայով սահմանված իր պարտականությունները,

գ/ սահմանում է իր կառուցվածքը և կանոնակարգերը,

դ/ սահմանում է Օդային տրանսպորտի կոմիտեի պարտականությունները, որը կազմվում է Խորհրդի անդամների ներկայացուցիչներից և պատասխանատու է Խորհրդի առջև,

ե/ ստեղծում է Օդային նավագնացության հանձնաժողովը` 10-րդ գլխի դրույթներին համապատասխան,

զ/ տնօրինում է Կազմակերպության ֆինանսական միջոցները` 12-րդ և 15-րդ գլուխների դրույթներին համապատասխան,

է/ սահմանում է Խորհրդի նախագահի վարձատրության չափը,

ը/ նշանակում է գլխավոր գործադիր պաշտոնատար անձին` Գլխավոր քարտուղարին, և միջոցներ է ձեռնարկում այլ պաշտոններին նշանակումներ անելու ուղղությամբ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` 11-րդ գլխի դրույթներին համապատասխան,

թ/ հարցնում, հավաքում, ուսումնասիրում և հրապարակում է օդային նավագնացության զարգացմանը և միջազգային օդային ուղիների շահագործմանը վերաբերող տեղեկատվություն` ներառյալ տեղեկություններ շահագործման ծախսերի և ավիաընկերությունների կողմից պետական ֆոնդերից կատարվող լրավճարների վերաբերյալ,

ժ/ Պայմանավորվող պետություններին տեղեկացնում է սույն Կոնվենցիայի դրույթների խախտման, ինչպես նաև Խորհրդի հանձնարարականը կամ որոշումը չկատարելու ցանկացած դեպքի մասին,

ժա/ զեկուցում է Ասամբլեային սույն Կոնվենցիայի դրույթների խախտման ցանկացած դեպքի մասին, երբ Պայմանավորվող Պետությունը խախտման մասին զգուշացվելուց հետո որոշակի ժամկետի ընթացքում համապատասխան միջոցներ չի ձեռնարկել,

ժբ/ սույն Կոնվենցիայի 6-րդ գլխի դրույթներին համապատասխան, սահմանում է միջազգային չափանիշները և ընթացակարգերը, հարմարության համար դրանք հրապարակում է սույն Կոնվենցիային կից Հավելվածների տեսքով և բոլոր Պայմանավորվող պետություններին ծանուցում է ձեռնարկված միջոցների մասին,

ժգ/ քննարկման է ենթարկում Հավելվածներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Օդային նավագնացության հանձնաժողովի առաջարկությունները և միջոցներ է ձեռնարկում 20-րդ հոդվածի դրույթներին համապատասխան,

ժդ/ քննարկման է ենթարկում Կոնվենցիային վերաբերվող ցանկացած հարց, որը Պայմանավորվող պետությունը նրան այդ նպատակով ուղղում է:

 

Հոդված 55
Խորհրդի ոչ պարտադիր գործառույթները

 

Խորհուրդը կարող է.

ա/ անհրաժեշտության և փորձի վրա հիմնված նպատակահարմարության դեպքում ստեղծել օժանդակ հանձնաժողովներ, որոնք օդային տրանսպորտի հարցերով կզբաղվեն տարածաշրջանային կամ այլ մակարդակի վրա, սահմանել այն պետությունների կամ ավիաընկերությունների խմբերը, որոնց հետ կամ որոնց միջոցով նա կարող է աշխատել սույն Կոնվենցիայի նպատակների անխոչընդոտ իրականացման ուղղությամբ,

բ/ Օդային նավագնացության մասին Կոնվենցիայի վրա լրացուցիչ պարտականություններ դնել` ի լրումն Կոնվենցիայով սահմանվածների, և ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել կամ փոփոխել այդ պարտականությունները,

գ/ անցկացնել հետազոտություններ օդային տրանսպորտին և օդային նավագնացությանը վերաբերող միջազգային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, հետազոտությունների արդյունքների մասին տեղեկացնել Պայմանավորվող պետություններին և օժանդակել դրանց միջև օդային տրանսպորտին և օդային նավագնացությանը վերաբերող տեղեկատվության փոխանակմանը,

դ/ ուսումնասիրել միջազգային օդային տրանսպորտի կազմակերպման և շահագործման վրա ազդող գործոնները` ներառյալ միջազգային օդային ուղիների միջազգային տիրապետումը և դրա շահագործումը հիմնական երթուղիների վրա, և Ասամբլեային ներկայացնել պլաններ այդ գործոնների վերաբերյալ,

ե/ ցանկացած Պայմանավորվող պետության խնդրանքով քննության առնել ցանկացած իրավիճակ, որը կարող է հաղթահարելի խոչընդոտներ առաջացնել միջազգային օդային նավագնացության զարգացման համար, և քննության արդյունքների հիման վրա հրապարակել համապատասխան զեկույցներ:

 

ԳԼՈՒԽ 10
ՕԴԱՅԻՆ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Հոդված 56
Հանձնաժողովի անդամների առաջադրումը և նշանակումը

 

Օդային նավագնացության հանձնաժողովը կազմված է թվով քսան անդամներից, որոնք Խորհրդի կողմից նշանակվում են Պայմանավորվող պետությունների կողմից առաջադրված անձանց թվից: Այդ անձինք պետք է ունենան համապատասխան որակավորում և փորձ օդագնացության տեսական և գործնական ոլորտներում: Խորհուրդը բոլոր Պայմանավորվող պետություններին դիմում է թեկնածություններ առաջադրելու խնդրանքով: Օդային նավագնացության հանձնաժողովի նախագահը նշանակվում է Խորհրդի կողմից:

 

Հոդված 57
Հանձնաժողովի պարտականությունները

 

Օդային նավագնացության հանձնաժողովը.

ա/ քննարկում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն Կոնվենցիայի Հավելվածներում փոփոխություններ կատարելու առաջարկությունները,

բ/ ստեղծում է տեխնիկական ենթահանձնաժողովներ, որտեղ ցանկության դեպքում կարող է ներկայացված լինել Պայմանավորվող պետությունը,

գ/ Խորհրդին խորհրդատվություն է տրամադրում այնպիսի տեղեկությունների հավաքման և Պայմանավորվող պետություններին տրամադրման վերաբերյալ, որոնք նա օդային նավագնացության զարգացման համար անհրաժեշտ կամ օգտակար կհամարի:

 

ԳԼՈՒԽ 11
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

Հոդված 58
Աշխատակիցների նշանակում

 

Խորհուրդը սահմանում է Գլխավոր քարտուղարի և Կազմակերպության այլ աշխատակիցների ծառայության անցնելու, ծառայությունը ավարտելու, մասնագիտական պատրաստություն անցնելու, վարձատրության, նպաստների տրամադրման կարգը և աշխատանքի պայմանները և կարող է վարձել կամ օգտագործել ցանկացած Պայմանավորվող պետության քաղաքացու ծառայությունները:

 

Հոդված 59
Աշխատակիցների միջազգային կարգավիճակը

 

Խորհրդի նախագահը, Գլխավոր քարտուղարը և այլ աշխատակիցները չեն դիմի Կազմակերպությունից դուրս գտնվող որևէ մարմնի` իրենց պարտականությունների կատարմանը վերաբերող որևէ ցուցումներ ստանալու համար և այդ մարմնից այդպիսի ցուցումներ չեն ստանա: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է հարգել աշխատակիցների պարտականությունների միջազգային կարգավիճակը և չփորձել ազդեցություն գործել ցանկացած իր քաղաքացու կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման վրա:

 

Հոդված 60
Աշխատակիցների անձեռնմխելիությունը և արտոնությունները

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է այնքանով, որքանով դա համապատասխանում է իր սահմանադրական դրույթներին, Խորհրդի նախագահին, Գլխավոր քարտուղարին և Կազմակերպության այլ աշխատակիցներին տրամադրել անձեռնմխելիություն և արտոնություններ, որոնք տրամադրվում են այլ միջազգային կառավարական կազմակերպությունների համապատասխան աշխատակիցներին: Եթե միջազգային պաշտոնատար անձանց անձեռնմխելիության և արտոնությունների մասին համընդհանուր միջազգային համաձայնագիր կնքվի, ապա նախագահին, Գլխավոր քարտուղարին և Կազմակերպության այլ աշխատակիցներին կտրամադրվեն այդ միջազգային համաձայնագրով նախատեսված անձեռնմխելիությունը և արտոնությունները:

 

ԳԼՈՒԽ 12
ՖԻՆԱՆՍՆԵՐ

 

Հոդված 61
Բյուջե և ծախսերի բաշխում

 

Խորհուրդն Ասամբլեային ներկայացնում է տարեկան բյուջեն, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և բոլոր եկամուտների ու ծախսերի նախահաշիվները: Ասամբլեան բյուջեն հաստատում է քվեարկության միջոցով` դրանում, անհրաժեշտության դեպքում, կատարելով փոփոխություններ, և ըստ իր կողմից սահմանված կարգի կատարում է ծախսերի բաշխումը` բացառությամբ այն ծախսերի, որոնք Պետությունները համաձայնում են կրել 15-րդ գլխի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 62
Ձայնի իրավունքից ժամանակավորապես զրկելը

 

Ասամբլեան կարող է Կազմակերպության նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները որոշակի ժամկետներում չկատարող Պայմանավորվող պետությանը ժամանակավորապես զրկել Ասամբլեայում և Խորհրդում իր ձայնի իրավունքից:

 

Հոդված 63
Պատվիրակությունների և այլ ներկայացուցիչների ծախսերը

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կրում է Ասամբլեայում իր պատվիրակության ծախսերը և այն անձանց ճանապարհածախսը և այլ ծախսերը, որոնց նա նշանակում է Խորհրդի կազմում աշխատելու համար, ինչպես նաև Կազմակերպության որևէ օժանդակ կոմիտեում կամ հանձնաժողովում իր պատգամավորի կամ ներկայացուցչի ծախսերը:

 

ԳԼՈՒԽ 13
ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

Հոդված 64
Անվտանգության մասին համաձայնագրեր

 

Կազմակերպությունը Ասամբլեայի որոշմամբ կարող է համապատասխան համաձայնագրեր կնքել խաղաղության պահպանման նպատակով ստեղծված ցանկացած միջազգային կազմակերպության հետ` իր իրավասությունների ներքո գտնվող օդային տարածությանն առնչվող ցանկացած հարցի մասին, որն անմիջական ազդեցություն է գործում միջազգային անվտանգության ոլորտի վրա:

 

Հոդված 65
Համաձայնագրեր միջազգային այլ մարմինների հետ

 

Խորհուրդը կարող է Կազմակերպության անունից համաձայնագրեր կնքել միջազգային այլ մարմինների հետ` համատեղ ծառայություններ պահպանելու և աշխատակիցների համար ընդհանուր պայմաններ սահմանելու նպատակով, և Ասամբլեայի հավանության դեպքում կարող է կնքել այնպիսի համաձայնագրեր, որոնք կօժանդակեն Կազմակերպության կողմից տարվող աշխատանքներին:

 

Հոդված 66
Այլ համաձայնագրերին վերաբերող գործառույթները

 

ա/ Կազմակերպությունը կատարում է նաև այն գործառույթները, որոնք իր համար են սահմանվում Միջազգային օդային ուղիներով տարանցիկ թռիչքների մասին Համաձայնագրով և 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում մշակված Միջազգային օդային տրանսպորտի մասին Համաձայնագրով` ըստ այդ Համաձայնագրերով սահմանված կարգի,

բ/ Ասամբլեայի և Խորհրդի այն անդամները, որոնք չեն միացել Միջազգային օդային ուղիներով տարանցիկ թռիչքների մասին Համաձայնագրին կամ 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում մշակված Միջազգային օդային տրանսպորտի մասին Համաձայնագրին, Ասամբլեայում և Խորհրդում ըստ համապատասխան համաձայնագրի դրույթներով սահմանված կարգով ներկայացված հարցերի քննարկման ժամանակ ձայնի իրավունք չունեն:

 

ՄԱՍ 3
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

ԳԼՈՒԽ 14
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 67
Հաշվետվությունների ներկայացումը Խորհրդին

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է, որ իր միջազգային ավիաընկերությունները, Խորհրդի կողմից սահմանված պահանջների համաձայն, Խորհրդին կներկայացնեն տրանսպորտային հաշվետվություններ, վիճակագրական տվյալներ, ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ և ֆինանսական հաշվետվություններ, որտեղ, ի թիվս այլ տվյալների, կնշվեն եկամուտները և դրանց աղբյուրները:

 

ԳԼՈՒԽ 15
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 68
Երթուղիների և օդանավակայանների հատկացում

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է իր տարածքի սահմաններում հատկացնել երթուղիներ, որոնցով կարող է անցնել ցանկացած միջազգային օդային ուղի, և դրա վրա գտնվող օդանավակայաններ, որոնք կարող են օգտագործվել դրանց կողմից:

 

Հոդված 69
Օդային նավագնացության համակարգի շինությունների կատարելագործում

 

Եթե Խորհուրդը գտնում է, որ Պայմանավորվող պետության օդանավակայանները և օդային նավագնացության համակարգի այլ շինությունները` ներառյալ ռադիո և օդերևութաբանական ծառայություններին պատկանողները, չեն ապահովում գործող կամ նախագծվող միջազգային օդային ուղիների բնականոն, անվտանգ, արդյունավետ և տնտեսապես շահավետ շահագործումը, Խորհուրդն ապա խորհրդակցություններ է անցկացնում անմիջապես համապատասխան Պետության և այլ շահագրգիռ պետությունների հետ` իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ միջոցներ հայտնաբերելու նպատակով, և կարող է համապատասխան առաջարկներ ներկայացնել այդ առնչությամբ: Ոչ մի Պայմանավորվող պետություն սույն Կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ չի մեղադրվի, եթե ի վիճակի չի լինի իրագործել այդ առաջարկները:

 

Հոդված 70
Օդային նավագնացության համակարգի շինությունների ֆինանսավորում

 

69-րդ հոդվածում նկարագրված իրավիճակում հայտնվելու դեպքում, Պայմանավորվող պետությունը կարող է Խորհրդի հետ համաձայնագիր կնքել` նշված առաջարկների իրագործմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին: Պետությունը կարող է կրել ցանկացած այդպիսի համաձայնագրից բխող բոլոր ծախսերը: Եթե Պետությունը նման որոշում չի ընդունում, Խորհուրդն այդ Պետության խնդրանքով կարող է իր վրա վերցնել բոլոր ծախսերը կամ դրանց մի մասը:

 

Հոդված 71
Խորհրդի կողմից շինությունների հատկացում և սպասարկում

 

Եթե Պայմանավորվող պետությունն այդ մասին դիմի Խորհրդին, վերջինս կարող է համաձայնել հատկացնել, անձնակազմով համալրել, սպասարկել և կառավարել ցանկացած օդանավակայան կամ բոլոր օդանավակայանները և օդային նավագնացության համակարգի այլ շինությունները` ներառյալ ռադիո և օդերևութաբանական ծառայություններին պատկանողներին, որոնք անհրաժեշտ են այդ Պետության տարածքում այլ Պայմանավորվող պետությունների միջազգային օդային գծերի անվտանգ, կանոնավոր, արդյունավետ և տնտեսապես շահավետ շահագործումն ապահովելու համար, և կարող է արդար և ընդունելի վարձավճար սահմանել այդ շինություններից օգտվելու համար:

 

Հոդված 72
Հողային տարածքների ձեռքբերում կամ օգտագործում

 

Այն դեպքերում, երբ Պայմանավորվող պետության խնդրանքով Խորհրդի կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվող շինությունների համար պահանջվում են հողատարածքներ, Պետությունը կամ պարզապես հատկացնում է պահանջվող հողատարածքը` պահպանելով դրա նկատմամբ սեփականության իր իրավունքը, կամ էլ օժանդակում է Խորհրդի կողմից հողատարածքների օգտագործմանը` արդար և ընդունելի պայմաններով և իր օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 73
Ծախսերի բաշխում

 

Այն միջոցների սահմաններում, որոնք կարող են Խորհրդին հատկացվել Ասամբլեայի կողմից 12-րդ գլխի դրույթներին համապատասխան, սույն գլխում նշված նպատակներով Խորհուրդը կարող է ընթացիկ ծախսերը կատարել Կազմակերպության ընդհանուր դրամական միջոցների հաշվին: Խորհուրդը բաշխում է սույն գլխում նշված նպատակներով կատարվող հիմնական միջոցների ծախսերը, դրա համար իրենց համաձայնությունը տված այն Պայմանավորվող պետությունների միջև, որոնց ավիաընկերությունները օգտագործում են այդ շինությունները` նախապես համաձայնեցված համամասնություններով և ըստ որոշակի ժամանակահատվածի: Խորհուրդը կարող է նաև, Պետությունների համաձայնության դեպքում, դրանց միջև բաշխել ցանկացած անհրաժեշտ աշխատանքային միջոցները:

 

Հոդված 74
Տեխնիկական աջակցություն և եկամուտների օգտագործում

 

Երբ Խորհուրդը Պայմանավորվող պետության խնդրանքով միջոցներ է հատկացնում, կամ էլ ամբողջությամբ կամ մասնակիորեն օդանավակայաններ կամ այլ շինություններ է տրամադրում, այդ Պետության համաձայնությամբ համաձայնագրում կարող է նախատեսվել օդանավակայանների և այլ շինությունների կառավարման և շահագործման նպատակով տեխնիկական օժանդակության տրամադրումը և օդանավակայանների և այլ շինությունների շահագործման հետ կապված ծախսերի հատուցումը դրանց շահագործումից ստացված եկամուտների, ինչպես նաև շահաբաժինների ամորտիզացիոն վճարների հաշվին:

 

Հոդված 75
Շինությունների ընդունումը Խորհրդից

 

Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած պահին հրաժարվել 70-րդ հոդվածին համապատասխան իր կողմից ստանձնած ցանկացած պարտավորությունից և Խորհրդից ընդունել գտնվող օդանավակայանները և այլ շինությունները, որոնք առաջինս նրան էր տրամադրել իր տարածքում 71-րդ և 72-րդ հոդվածների դրույթներին համապատասխան` Խորհրդին վճարելով որոշակի գումար, որը Խորհուրդը տվյալ պայմաններում ընդունելի է համարում: Եթե Պետությունը գտնում է, որ Խորհրդի կողմից որոշված գումարը չափազանց մեծ է, նա կարող է Խորհրդի այդ որոշումը բողոքարկել Ասամբլեայում, իսկ Ասամբլեան կարող է հաստատել կամ փոփոխել Խորհրդի կողմից ընդունված որոշումը:

 

Հոդված 76
Դրամական միջոցների փոխհատուցումը

 

75-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Խորհրդի կողմից որպես փոխհատուցում և 74-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` որպես շահաբաժիններ և ամորտիզացիոն վճարներ ստացված դրամական միջոցները, Պետությունների կողմից, 73-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ծախսերի կանխավճարման դեպքում փոխհատուցվում են սկզբնական ծախսերը կրած Պետություններին` ըստ իրենց ծախսերի համամասնության, որը սահմանվում է Խորհրդի կողմից:

 

ԳԼՈՒԽ 16
ՀԱՄԱՏԵՂ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՊՈՒԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 77
Համատեղ շահագործման թույլտվություն ունեցող կազմակերպություններ

 

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի սահմանափակում երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների իրավունքը հիմնադրել կազմակերպություններ օդային տրանսպորտի համատեղ շահագործման համար, միջազգային շահագործող գործակալություններ և իրենց օդային ուղիների պուլային միավորումներ` ցանկացած երթուղու վրա և ցանկացած տարածաշրջանում, սակայն այդպիսի կազմակերպությունների, գործակալությունների և պուլային միավորումների վրա տարածվում են սույն Կոնվենցիայի բոլոր դրույթները` ներառյալ Խորհրդում համաձայնագրերի գրանցման վերաբերյալ դրույթները: Խորհուրդը սահմանում է, թե ինչպես են սույն Կոնվենցիայի` օդանավերի ազգային պատկանելությանը վերաբերող դրույթները կիրառվելու միջազգային շահագործող գործակալությունների կողմից շահագործվող օդանավերի նկատմամբ:

 

Հոդված 78
Խորհրդի գործառույթը

 

Խորհուրդը կարող է համապատասխան Պայմանավորվող պետություններին առաջարկել հիմնադրել օդային գծերի համատեղ շահագործման կազմակերպություններ` ցանկացած երթուղու վրա և ցանկացած տարածաշրջանում:

 

Հոդված 79
Մասնակցությունը շահագործող կազմակերպություններում

 

Պետությունը, իր կառավարության կամ իր կառավարության կողմից նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների միջոցով, կարող է մասնակցություն ունենալ համատեղ շահագործման կազմակերպություններում կամ պուլային միավորումներում: Համապատասխան Պետության հայեցողությամբ, ավիաընկերությունները կարող են լինել պետական, մասամբ պետական կամ մասնավոր:

 

ՄԱՍ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 17
ԱՅԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԴԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 80
Փարիզի և Հավանայի Կոնվենցիաները

 

Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է ծանուցում ուղղել և չեղյալ հայտարարել 1919 թվականի հոկտեմբերի 13-ին Փարիզում ստորագրված Օդային նավագնացության կանոնակարգման մասին և 1928 թվականի փետրվարի 20-ին Հավանայում ստորագրված Առևտրային ավիացիայի մասին Կոնվենցիաները` եթե նա դրանց անդամ պետություն է հանդիսանում: Պայմանավորվող պետությունների փոխհարաբերություններում սույն Կոնվենցիան փոխարինում է վերը նշված Փարիզի և Հավանայի Կոնվենցիաները:

 

Հոդված 81
Գործող համաձայնագրերի գրանցում

 

Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Պայմանավորվող պետության և որևէ այլ Պետության, կամ Պայմանավորվող պետության ավիաընկերության և որևէ այլ Պետության կամ այդ Պետության որևէ ավիաընկերության միջև գործող ավիացիայի վերաբերյալ համաձայնագրերը անմիջապես գրանցվում են Խորհրդում:

 

Հոդված 82
Անհամապատասխան համաձայնագրերի չեղյալ համարելը

 

Պայմանավորվող պետություններն ընդունում են սույն Կոնվենցիան, որպես իրենց միջև գործող, սակայն վերջինիս կողմից սահմանված պայմաններին չհամապատասխանող բոլոր պարտավորությունները և պայմանավորվածությունները չեղյալ հայտարարող գործիք և պարտավորվում են միմյանց նկատմամբ այլևս նման պարտավորություններ չստանձնել և միմյանց միջև նման պայմանավորվածություններ ձեռք չբերել: Եթե որևէ Պայմանավորվող պետություն, մինչև Կազմակերպության անդամ դառնալը, որևէ այլ Պետության, Պայմանավորվող պետության որևէ քաղաքացու կամ որևէ այլ Պետության քաղաքացու նկատմամբ ստանձնել է այնպիսի պարտավորություններ, որոնք չեն համապատասխանում սույն Կոնվենցիայով սահմանված պայմաններին, ապա այդ Պայմանավորվող պետությունը անհապաղ քայլեր է ձեռնարկում այդ պարտավորություններից ազատվելու համար: Եթե այդպիսի անհամապատասխան պարտավորություններ է ստանձնում Պայմանավորվող պետության ավիաընկերությունն, ապա այդ Պետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի դրանք անհապաղ չեղյալ հայտարարվեն և ցանկացած դեպքում դրանք չեղյալ է հայտարարում, հենց որ դրա համար օրինական հիմքեր են սահմանվում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից:

 

Հոդված 83
Նոր համաձայնագրերի գրանցում

 

Վերը շարադրված հոդվածի դրույթներին համապատասխան, ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է կնքել սույն Կոնվենցիայի դրույթներին չհակասող համաձայնագրեր: Համաձայնագրերը ենթակա են Խորհրդի կողմից անհապաղ գրանցման և, հնարավորինս սեղմ ժամկետներում, հրապարակման:

 

i

Հոդված 83BIS

 

Որոշ գործառույթների և պարտավորությունների փոխանցում

ա/ Անկախ 12-րդ, 30-րդ, 31-րդ հոդվածների և 32-րդ հոդվածի «ա» դրույթների, այն դեպքերում, երբ որևէ Պայմանավորվող պետության գրանցում ունեցող օդանավը վարձակալության, նավավարձման, փոխանակման կամ ցանկացած այլ նման պայմանագրի հիման վրա շահագործվում է որևէ այլ Պայմանավորվող պետության տարածքում հիմնական գործունեության իրականացման վայր ունեցող կամ, այդպիսի վայրի բացակայության դեպքում, այդ Պետության տարածքում մշտապես բնակվող շահագործողի կողմից, գրանցման Պետությունն այդ Պետության հետ կնքված համաձայնագրի համաձայն կարող է նրան փոխանցել 12-րդ, 30-րդ, 31-րդ հոդվածների և 32-րդ հոդվածի «ա» կետի դրույթներով սահմանված` որպես օդանավի գրանցման Պետության` այդ օդանավի նկատմամբ իր բոլոր գործառույթները և պարտականությունները, կամ դրանց մի մասը: Գրանցման Պետությունն այսպիսով ազատվում է փոխանցված գործառույթների և պարտականությունների կատարման համար ստանձնած պատասխանատվությունից:

բ/ Փոխանցումն այլ Պայմանավորվող պետությունների համար ուժի մեջ չի մտնում մինչև Պետությունների միջև այն նախատեսող համաձայնագրի Խորհրդի կողմից գրանցման և 83-րդ հոդվածին համապատասխան հրապարակման պահը, կամ մինչև համաձայնագրի կողմ հանդիսացող Պետության կողմից այդ համաձայնագրի գոյության և կարգավորման առարկայի մասին այլ շահագրգիռ Պայմանավորվող պետության կամ Պետությունների իշխանություններին ուղղակիորեն տեղեկացնելու պահը:

գ/ Վերը նշված «ա» և «բ» կետերի դրույթները կիրառվում են նաև 77-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

(83bis-րդ հոդվածը լրաց. 06.10.1980 Արձանագրություն)

 

ԳԼՈՒԽ 18
ՎԵՃԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՈՒՄ

 

Հոդված 84
Վեճերի կարգավորում

 

Եթե երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած տարաձայնությունների կարգավորումը բանակցությունների միջոցով անհնար է, ապա, վեճի մեջ ընդգրկված ցանկացած Պետության դիմումի համաձայն, այն ենթակա է կարգավորման Խորհրդի կողմից: Խորհրդի ոչ մի անդամ չի մասնակցում Խորհրդի կողմից քննարկման դրված վեճի վերաբերյալ անցկացվող քվեարկությանը, եթե նա այդ վեճի մասնակից է հանդիսանում: Ցանկացած Պայմանավորվող պետություն, 85-րդ հոդվածի դրույթների համաձայն, կարող է Խորհրդի որոշումը բողոքարկել միջնորդ դատարանում, որը հատուկ այդ նպատակով ստեղծվում է վեճի այլ մասնակիցների հետ ձեռքբերված համաձայնության հիման վրա, կամ էլ Միջազգային արդարադատության մշտական պալատում: Խորհուրդը պետք է տեղեկացվի ցանկացած այդպիսի բողոքարկման մասին իր կողմից ընդունված որոշման մասին ծանուցումն ստանալու պահից վաթսուն օրվա ընթացքում:

 

Հոդված 85
Իրավարարական ընթացակարգ

 

Եթե Պայմանավորվող պետությունը, որն ընդգրկված է այնպիսի վեճի մեջ, որի վերաբերյալ Խորհրդի որոշումը բողոքարկվել է, Միջազգային արդարադատության մշտական պալատի անդամ չէ, և նույն վեճի մեջ ընդգրկված այլ Պայմանավորվող պետություններին չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել միջնորդ դատարանի ընտրության վերաբերյալ, վեճի մեջ ընդգրկված յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն նշանակում է մեկական իրավարար, և նշանակված իրավարարները կատարում են միջնորդ դատարանի ընտրությունը: Այն դեպքում, երբ վեճի մեջ ընդգրկված որևէ Պայմանավորվող պետություն բողոքի ներկայացման պահից երեք ամսվա ընթացքում իրավարար չի նշանակում, ապա իրավարարը նշանակվում է ի դեմս այդ Պետության Խորհրդի նախագահի կողմից` Խորհրդի տրամադրության տակ գտնվող ցանկում ընդգրկված և համապատասխան որակավորում ունեցող անձանց թվից: Եթե երեսուն օրվա ընթացքում իրավարարների միջև միջնորդ դատավորի ընտրության վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվում, Խորհրդի նախագահը միջնորդ դատավորին նշանակում է վերը նշված ցանկում ընդգրկված անձանց թվից: Իրավարարները և միջնորդ դատավորը միասին կազմում են միջնորդ դատարանը: Ըստ սույն և նախորդ հոդվածով սահմանված կարգի, կազմավորված միջնորդ դատարանը սահմանում է իր կանոնակարգը և իր որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ` պայմանով, որ ցանկացած այնպիսի ձգձգումների դեպքում, որոնք Խորհուրդը կհամարի չափազանց երկարատև, կանոնակարգային հարցերը կսահմանվեն Խորհրդի կողմից:

 

Հոդված 86
Բողոքարկում

 

Եթե Խորհուրդն այլ կերպ չորոշի, ցանկացած իր որոշում, որը վերաբերում է այն հարցին, թե արդյոք միջազգային ավիաընկերության կողմից իրականացվող շահագործման պայմանները համապատասխանում են սույն Կոնվենցիայի դրույթներին, ուժի մեջ է համարվում, եթե այն չեղյալ չի հայտարարվում ներկայացված բողոքի հիման վրա: Ցանկացած այլ հարցի վերաբերյալ Խորհրդի կողմից որոշման ընդունումը հետաձգվում է մինչև բողոքարկման վերաբերյալ որոշման ընդունման պահը: Միջազգային արդարադատության մշտական պալատի և միջնորդ դատարանի որոշումները վերջնական են և կրում են պարտադիր բնույթ:

 

Հոդված 87
Որոշումների պահանջները չկատարելու համար ավիաընկերության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավորվում է արգելել մեկ այլ Պայմանավորվող պետության ավիաընկերության գործունեությունը իր տարածքի վրա սփռվող օդային տարածության մեջ, եթե Խորհուրդը որոշում է ընդունում, որ տվյալ ավիաընկերությունը չի կատարում նախորդ հոդվածի դրույթներին համապատասխան ընդունված վերջնական որոշման պահանջները:

 

Հոդված 88
Որոշումների պահանջները չկատարելու համար Պետության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

 

Ասամբլեան ժամանակավորապես կասեցնում է Ասամբլեայում և Խորհրդում այն Պայմանավորվող պետության ձայնի իրավունքը, որը չի կատարում սույն գլխով սահմանված իր պարտականությունները:

 

ԳԼՈՒԽ 19
ՊԱՏԵՐԱԶՄ

 

Հոդված 89
Պատերազմական և արտակարգ իրավիճակներ

 

Պատերազմի դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում պատերազմի ազդեցությունը կրող Պայմանավորվող պետության գործողությունների ազատությունը, անկախ նրանից, պատերազմող է այդ Պետությունը, թե չեզոք: Նույն սկզբունքը կիրառվում է այն Պայմանավորվող պետության նկատմամբ, որն իր մոտ արտակարգ իրավիճակ է հայտարարում և այդ մասին տեղեկացնում է Խորհրդին:

 

ԳԼՈՒԽ 20
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Հոդված 90
Հավելվածների ընդունում և դրանց մեջ փոփոխությունների կատարում

 

ա/ Խորհրդի կողմից 54-րդ հոդվածի 1-ին կետում նշված հավելվածները այդ նպատակով գումարված հատուկ նիստին ընդունելու համար անհրաժեշտ է Խորհրդի անդամների ձայների երկու երրորդը, ինչից հետո դրանք ներկայացվում են բոլոր Պայմանավորվող պետություններին: Ցանկացած այդպիսի հավելված կամ հավելվածում կատարված փոփոխություն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող պետություններին դրանք ներկայացնելու պահից երեք ամսվա ընթացքում կամ էլ Խորհրդի կողմից սահմանված ավելի երկարատև ժամկետներում, եթե միայն այդ ընթացքում Պայմանավորվող պետությունների մեծամասնությունը Խորհրդին չի հայտնի իր անհամաձայնությունը դրանց հետ:

բ/ Խորհուրդն անմիջապես ծանուցում է բոլոր Պայմանավորվող պետություններին ցանկացած հավելվածի կամ դրա մեջ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելու մասին:

 

ԳԼՈՒԽ 21
ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ՄԻԱՑՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

 

Հոդված 91
Կոնվենցիայի վավերացում

 

ա/ Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած Պետությունների կողմից: Վավերագրերը ի պահ են հանձնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության արխիվներին, որը յուրաքանչյուր ստորագրած և անդամակցող Պետությանը ծանուցում է ի պահ հանձնելու ամսաթվի մասին:

բ/ Սույն Կոնվենցիան` քսանվեց Պետության կողմից վավերացվելուն կամ դրան միանալուն պես, այդ Պետությունների համար ուժի մեջ է մտնում քսանվեցերորդ վավերագրի ի պահ հանձնման պահից երեսուներորդ օրը: Հետագայում այն վավերացնող յուրաքանչյուր Պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերագրի ի պահ հանձնման պահից երեսուներորդ օրը:

գ/ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությունը պարտադիր կերպով ծանուցում է Կոնվենցիան ստորագրած և դրան միացած յուրաքանչյուր Պետությանը սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

 

Հոդված 92
Կոնվենցիային միանալը

 

ա/ Սույն Կոնվենցիային միանալը բաց է Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների, դրանց հետ կապված պետությունների և համաշխարհային հակամարտության մեջ չեզոք դիրք ընդունած պետությունների համար:

բ/ Միացումը կատարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանը ծանուցում ուղղելով և ուժի մեջ է մտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կողմից այդ ծանուցումն ստանալուց հետո երեսուներորդ օրը, ինչի մասին վերջինս տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող պետություններին:

 

Հոդված 93
Այլ պետությունների միացումը

 

91-րդ և 92-րդ «ա» հոդվածում նշված պետություններից բացի այլ պետությունները կարող են, խաղաղության պահպանման նպատակով ստեղծված ցանկացած համընդհանուր միջազգային կազմակերպության կողմից հավանության արժանանալու դեպքում, միանալ սույն Կոնվենցիային` Ասամբլեայի անդամների ձայների չորս հինգերորդի կողմից ընդունված որոշման հիման վրա և Ասամբլեայի կողմից սահմանված պայմաններով, ընդ որում, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է միանալուն ձգտող Պետության կողմից մղվող պատերազմի ընթացքում ներխուժման կամ հարձակման ենթարկված Պետության համաձայնությունը:

 

Հոդված 93BIS

 

ա/ Անկախ 91-րդ, 92-րդ և 93-րդ հոդվածների դրույթներից,

1/ Այն Պետությունը, որի կառավարությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից զրկվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից հիմնադրված կամ դրա հետ կապված միջազգային կառույցներին անդամակցելու իրավունքից, ինքնըստինքյան դադարում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսանալ:

2/ Միավորված ազգերի կազմակերպության անդամակցությունից զրկված Պետությունն ինքնըստինքյան դադարում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսանալ, եթե միայն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հեռացման մասին ակտին հակառակը պահանջող առաջարկ չի կցվում:

բ/ Պետությունը, որը դադարում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ հանդիսանալ սույն հոդվածի «ա» կետի դրույթներին համապատասխան, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հավանության արժանանալուց հետո կարող է կրկին հետ ընդունվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն` համաձայն իր դիմումի և Խորհրդի անդամների մեծամասնության համաձայնությամբ:

գ/ Կազմակերպության այն անդամները, որոնք ժամանակավորապես զրկված են Միավորված ազգերի կազմակերպության անդամակցությունից բխող իրավունքներից և արտոնություններից, վերջինիս պահանջով կարող են զրկվել նաև տվյալ Կազմակերպության անդամակցությունից բխող իրավունքներից և արտոնություններից:

 

Հոդված 94
Փոփոխություններ Կոնվենցիայում

 

ա/ Սույն Կոնվենցիայում ցանկացած փոփոխություն կատարելու առաջարկությունն ընդունվում է Ասամբլեայի անդամների ձայների երկու երրորդով և ապա ուժի մեջ մտնում այն Պետությունների համար, որոնք վավերացնում են այդ փոփոխությունը նրանից հետո, երբ այն վավերացվում է Պայմանավորվող պետությունների որոշակի թվի կողմից, որը սահմանում է Ասամբլեան: Ասամբլեայի կողմից սահմանված թիվը չպետք է լինի ավելի պակաս, քան Պայմանավորվող պետությունների ընդհանուր թվի երկու երրորդը:

բ/ Եթե Ասամբլեան համարում է, որ փոփոխության բովանդակությունը արդարացնում է նման մոտեցումը, այն իր փոփոխության առաջարկության բանաձևում կարող է սահմանել, որ ցանկացած Պետություն, որը փոփոխությունները չի վավերացնում դրանց ուժի մեջ մտնելուց հետո որոշակի սահմանված ժամկետում, դադարում է լինել Կազմակերպության և տվյալ Կոնվենցիայի անդամ:

 

Հոդված 95
Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը

 

ա/ Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան դրա ուժի մեջ մտնելու պահից երեք տարի անց` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանն ուղղված ծանուցագրի միջոցով, իսկ վերջինս այդ մասին անմիջապես տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող պետություններին:

բ/ Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցագիրն ստանալու պահից մեկ տարի անց և վավեր է համարվում միայն չեղյալ հայտարարող Պետության համար:

 

ԳԼՈՒԽ 22
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Հոդված 96

 

Սույն Կոնվենցիայի իմաստով.

ա/ «Օդային հաղորդակցություն» հասկացությունը նշանակում է ցանկացած օդային հաղորդակցություն, որը սպասարկվում է ուղևորների, բեռի կամ փոստի հանրային փոխադրումներ իրականացնող օդանավերի կողմից:

բ/ «Միջազգային օդային հաղորդակցություն» այն օդային հաղորդակցությունն է, որն անցնում է ավելի քան մեկ պետության տարածքի վրա սփռվող օդային տարածության միջով:

գ/ «Ավիաընկերություն» հասկացությունը նշանակում է միջազգային օդային հաղորդակցություն շահագործելու հնարավորություն ունեցող կամ միջազգային օդային գիծ շահագործող օդային տրանսպորտի որևէ ձեռնարկություն:

դ/ «Վայրէջքը` ոչ առևտրային նպատակներով» այն վայրէջքն է, որը կատարվում է այլ նպատակներով, ինչ ուղևորների, բեռների կամ փոստի բեռնումը կամ բեռնաթափումը:

 

Կոնվենցիայի ստորագրումը

 

Ի հավաստումն որի, ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան իրենց Կառավարությունների անունից` համապատասխան իրենց ստորագրությունների դիմաց նշված ամսաթվերին:

 

Կատարված Է Չիկագո քաղաքում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին, անգլերեն: Անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն կազմված տեքստերը հավասարազոր են և բաց են ստորագրման համար Վաշինգտոն քաղաքում: Երկու տեքստերն էլ ի պահ են հանձնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության արխիվներին, իսկ հաստատված պատճեններն այդ Կառավարության կողմից ուղարկվելու են բոլոր այն Պետությունների Կառավարություններին, որոնք կարող են ստորագրել սույն Կոնվենցիան կամ միանալ դրան:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 18-ից:

 

 

pin
07.12.1944
Կոնվենցիա