Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

20.07.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994թ. Հ.Ն-1062-I

 

i

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`

ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և և հետագայում արդարացվել է.

բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.

գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.

դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.

ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:

(1-ին հոդ. փոփ. 19.05.98 ՀՕ-223 օրենք)

 

Հոդված 2. Բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների պահանջով պետական լրատվության միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչև բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու և արդարացման որոշումը և ժամկետները:

 

Հոդված 3. Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկված և ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 4. Բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:

 

i

Հոդված 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ հոդ. փոփ. 16.03.04 ՀՕ-55-Ն, 19.03.12 ՀՕ-102-Ն օրենքներ)

 

i

Հոդված 6. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.

բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.

i

գ) պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում:

Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում անհատական բնակելի տան շինարարություն իրականացնելու կամ անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար (այդ թվում` Երևան քաղաքում) սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարիք ունեցող բռնադատվածներին տրամադրվում է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:

(6-րդ հոդ. փոփ. 19.05.98 ՀՕ-223, 04.12.01 ՀՕ-271, 28.02.05 ՀՕ-76-Ն, 23.05.06 ՀՕ-96-Ն, 10.09.08 ՀՕ-161-Ն օրենքներ)

 

i

Հոդված 7. Յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ծախսային մասում միջոցներ նախատեսել բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար` ըստ նախորդ տարվա ներկայացրած հայտերի: Բնակարանային անհատական շինարարության համար ներկայացրած հայտերի քննարկման, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում:

(7-րդ հոդ. լրաց. 12.10.99 ՀՕ-12 օրենք)

 

Հոդված 8. Բռնադատվածն ազատվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձից:

Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված երկամյա ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:

(8-րդ հոդ. համարը (նախկին 7) փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)

 

i

Հոդված 9. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ընթացքում Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի հավելյալ սերտիֆիկատի իրավունք:

(9-րդ հոդ. համարը (նախկին 8) փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)

 

Հոդված 10.

(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.1999 թվականից` 29.12.98 ՀՕ-268, հոդ. համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենքներ)

 

Հոդված 11.

(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.1999 թվականից` 29.12.98 ՀՕ-268, հոդ. համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենքներ) 

 

Հոդված 12. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկ չափով:

(12-րդ հոդ. (նախկին 11) համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)

 

Հոդված 13. Մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6 և 7 հոդվածներով նախատեսված արտոնություններից:

(13-րդ հոդ. (նախկին 12) համարը փոփ. 12.10.99 ՀՕ-12 օրենք)

 

Հոդված 14. Բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կողմից օրենքով նախատեսված իրավունքների իրականացման և արտոնություններից օգտվելու հիմք է համապատասխանաբար բռնադատվածին կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգին տրված վկայականը:

Բռնադատվածի առաջին հերթի ժառանգին վկայական տրվում է այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի, մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո:

Վկայականը տրվում է բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի` վկայական տալու մասին դիմումի հիման վրա, որին կցվում են`

ա) արդարացման վերաբերյալ որոշումը կամ բռնադատման փաստը հաստատող այլ փաստաթղթեր.

բ) բռնադատվածի մահվան վկայականը, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.

գ) բռնադատվածի առաջին հերթի ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.

դ) անձը հաստատող փաստաթուղթ.

ե) լուսանկար` 35 x 45 մմ չափսի:

Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին համապատասխան վկայական տալու կամ վկայական տալը մերժելու մասին որոշումն ընդունում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը` հաշվի առնելով բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացությունը, որի կազմում ընդգրկվում է արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունների, դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և Դատական դեպարտամենտի մեկական ներկայացուցիչ:

i

Հանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը, ինչպես նաև բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևերը և վկայականների հաշվառման կարգը հաստատում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:

(14-րդ հոդ. լրաց. 24.06.19 ՀՕ-97-Ն (օրենոն ունի անցումային դրույթ) օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


14 հունիսի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1063-I.-ՀՕ-106

 

pin
ՀՀ 14.06.1994
N ՀՕ-106 օրենք