Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Անդամները,

նկատի ունենալով, որ Պունտա-դել-էսթեի Հայտարարագրում Նախարարները համաձայնել են, որ «Առևտուրը սահմանափակող և խաթարող ներդրումային միջոցների հետևանքներին առնչվող ՄԱԳՀ հոդվածների գործողությունը քննության առնելուց հետո բանակցություններում պետք է մշակվեն համապատասխան հետագա դրույթներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել առևտրի վրա այդ բացասական հետևանքներից խուսափելու համար»,

ցանկանալով օժանդակել համաշխարհային առևտրի ընդլայնմանը և աստիճանական ազատականացմանը և նպաստել միջազգային սահմաններով կատարվող ներդրումներին, որպեսզի բարձրացվի առևտրային բոլոր գործընկերների, հատկապես զարգացող Անդամ երկրների տնտեսական աճը` միաժամանակ ապահովելով ազատ մրցակցություն,

հաշվի առնելով զարգացող Անդամ երկրների, հատկապես առավել թույլ զարգացած Անդամ երկրների` առևտրային, զարգացման ու ֆինանսական առանձնահատուկ կարիքները,

ընդունելով, որ որոշ ներդրումային միջոցները կարող են առևտուրը սահմանափակող ու խաթարող հետևանքներ ունենալ,

սույնով համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1
ՇՐՋԱՆԱԿՆԵՐ

 

Սույն Համաձայնագիրը տարածվում է այն ներդրումային միջոցների վրա (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես «ԱԱՆՄ-ներ»), որոնք առնչվում են միայն ապրանքների առևտրին:

 

ՀՈԴՎԱԾ 2
ԱԶԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՈՒ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

 

1. Առանց վնաս պատճառելու ՄԱԳՀ-1994-ով սահմանված այլ իրավունքներին ու պարտավորություններին, ոչ մի Անդամ չի կիրառում որևէ ԱԱՆՄ, որը հակասում է ՄԱԳՀ-1994-ի 3-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի դրույթներին:

2. Այն ԱԱՆՄ-երի նկարագրական ցանկը, որոնք հակասում են ՄԱԳՀ-1994-ի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ազգային մոտեցման պարտավորությանը և ՄԱԳՀ-1994-ի 11-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված քանակական սահմանափակումների ընդհանուր վերացման պարտավորությանը, ընդգրկված է սույն Համաձայնագրի Հավելվածում:

 

ՀՈԴՎԱԾ 3
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՄԱԳՀ 1994-ով սահմանված բոլոր բացառությունները համապատասխանաբար տարածվում են սույն Համաձայնագրի դրույթների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ

 

Զարգացող Անդամ երկրներն ազատ են 2-րդ հոդվածի դրույթներից ժամանակավորապես շեղվելու այն չափով և այնպիսի եղանակով, որով ՄԱԳՀ-1994-ի 18-րդ հոդվածը, ՄԱԳՀ-1994-ի Վճարային հաշվեկշռի դրույթների մասին փոխհամաձայնությունը, 1979 թ. նոյեմբերի 28-ին ընդունված Վճարային հաշվեկշռի նպատակներով կիրառվող առևտրային միջոցների մասին հռչակագիրը (BISD 26S/205-209) Անդամին թույլ են տալիս շեղվել ՄԱԳՀ-1994-ի 3-րդ և 11-րդ հոդվածների դրույթներից:

 

ՀՈԴՎԱԾ 5
ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում Անդամները Ապրանքների առևտրի խորհրդին ծանուցում են իրենց կիրառած բոլոր ԱԱՆՄ-երի մասին, որոնք չեն համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին: Ընդհանուր կամ առանձնահատուկ կիրառման այդպիսի ԱԱՆՄ-ները ծանուցվում են իրենց հիմնական հատկանիշների28 հետ մեկտեղ:

____________________________

28 Հայեցողական իրավասությամբ կիրառվող ԱԱՆՄ-երի դեպքում ծանուցվում է յուրաքանչյուր առանձնահատուկ կիրառման մասին: Կարիք չկա բացահայտելու այն տեղեկությունները, որոնք կարող են վնաս հասցնել առանձին ընկերությունների օրինական առևտրային շահերին:

 

2. Յուրաքանչյուր Անդամ 1-ին կետի համաձայն ծանուցված բոլոր ԱԱՆՄ-ները վերացնում է ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո` զարգացած Անդամ երկրների դեպքում երկու տարվա ընթացքում, զարգացող Անդամ երկրների դեպքում` յոթ տարվա ընթացքում:

3. Այն զարգացող Անդամ երկրի, ներառյալ` առավել առավել թույլ զարգացած Անդամ երկրի համար, որը ցույց է տալիս սույն Համաձայնագրի դրույթների իրագործման հարցում իր ունեցած առանձնահատուկ դժվարությունները, Ապրանքների առևտրի խորհուրդը պահանջ լինելու դեպքում, կարող է երկարաձգել 1-ին կետի համաձայն ծանուցված ԱԱՆՄ-երի վերացման անցումային ժամկետը: Ապրանքների Առևտրի խորհուրդն այդպիսի պահանջի քննարկման ընթացքում հաշվի է առնում տվյալ Անդամի զարգացման, ֆինանսական և առևտրային մասնավոր կարիքները:

4. Անցումային ժամանակահատվածի ընթացքում Անդամը 1-ին կետի համաձայն ծանուցված որևէ ԱԱՆՄ-երի պայմանները չի փոփոխում` համեմատած ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը եղածների հետ, որպեսզի դրանով չմեծացվի 2-րդ հոդվածի դրույթների հետ անհամապատասխանության աստիճանը: ԱԱՆՄ-ները, որոնք մտցվել են ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ավել, քան 180 օր առաջ, չեն օգտվում 2-րդ կետով նախատեսված անցումային դրույթներից:

5. Անկախ 2-րդ հոդվածի դրույթներից, Անդամները 1-ին կետի համաձայն ծանուցված ԱԱՆՄ-ի ենթակա` ստեղծված ընկերություններին չվնասելու համար անցումային ժամանակաշրջանում կարող են նույն ԱԱՆՄ-ը կիրառել նոր ներդրման նկատմամբ, (i) երբ այդ ներդրման արդյունքում ստացված արտադրանքները նման են ստեղծված ընկերությունների արտադրանքներին, և` (ii) երբ անհրաժեշտ է խուսափել նոր ներդրման և ստեղծված ընկերությունների միջև մրցակցության պայմանները խաթարելուց: Նոր ներդրման նկատմամբ այդ կերպ կիրառվող ցանկացած ԱԱՆՄ-ի մասին ծանուցվում է Ապրանքների առևտրի խորհրդին: Այդպիսի ԱԱՆՄ-ի պայմաններն իրենց մրցակցային ազդեցության առումով պետք է համարժեք լինեն ստեղծված ձեռնարկությունների նկատմամբ կիրառվողներին, և այն պետք է վերացվի միևնույն ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 6
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ԱԱՆՄ-երի առնչությամբ Անդամները վերահաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԳՀ-1994-ի 10-րդ հոդվածով, 1979թ. նոյեմբերի 28-ին ընդունված` Ծանուցման, խորհրդատվության, վեճերի կարգավորման և հսկողության վերաբերյալ փոխհամաձայնության մեջ ընդգրկված «Ծանուցում» պարտավորությամբ, և 1994 թ. ապրիլի 15-ին ընդունված Ծանուցման ընթացակարգերի մասին նախարարական որոշմամբ սահմանված թափանցիկության և ծանուցման պարտավորություններին:

2. Յուրաքանչյուր Անդամ Քարտուղարությանը ծանուցում է այն հրապարակումների մասին, որտեղից կարելի է տեղեկանալ ԱԱՆՄ-երի մասին, ներառյալ` իրենց տարածքներում գտնվող շրջանային ու տեղական կառավարությունների և իրավասու մարմինների կիրառած ԱԱՆՄ-ների մասին:

3. Յուրաքանչյուր Անդամ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում տեղեկությունների համար ներկայացված պահանջների նկատմամբ և բավարար հնարավորություն է ընձեռում որևէ այն Անդամի բարձրացրած սույն Համաձայնագրից բխող ցանկացած հարցի շուրջ խորհրդակցությունների անցկացման համար: ՄԱԳՀ-1994-ի 10-րդ հոդվածի համաձայն ոչ մի Անդամից չի պահանջվում բացահայտել տեղեկություններ, որոնց բացահայտումը կխոչընդոտեր օրենքի կիրարկմանը կամ այլ կերպ կհակասեր հասարակական շահերին, կամ կվնասեր առանձին ընկերությունների` պետական թե մասնավոր, օրինական առևտրային շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 7
ԱՌԵՎՏՐԻ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵ

 

1. Սույնով ստեղծվում է Առևտրի առնչվող ներդրումային միջոցների հարցերով կոմիտե (սույն համաձայնագրում հիշատակվում է որպես «Կոմիտե»), որը բաց է բոլոր Անդամների համար: Կոմիտեն ընտրում է նախագահին և փոխնախագահին և ժողովներ է գումարում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, կամ, այլապես, ըստ ցանկացած Անդամի պահանջի:

2. Կոմիտեն կատարում է Ապրանքների առևտրի խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունները և Անդամներին հնարավորություն է տալիս խորհրդակցելու սույն Համաձայնագրի գործողության կամ իրականացման հետ կապված ցանկացած հարցի շուրջ:

3. Կոմիտեն դիտանցում է սույն Համաձայնագրի գործողությունը և իրականացումը և այդ մասին տարեկան մեկ անգամ զեկուցում է Ապրանքների առևտրի խորհրդին:

 

ՀՈԴՎԱԾ 8
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող ՄԱԳՀ-1994-ի 22-րդ և 23-րդ հոդվածների դրույթները տարածվում են սույն Համաձայնագրի համաձայն անցկացվող խորհրդակցությունների և վեճերի կարգավորման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 9
ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ տարի հետո, Ապրանքների առևտրի խորհուրդը վերաքննում է սույն Համաձայնագրի գործողությունը անհրաժեշտության դեպքում Նախարարական համաժողովին դրա տեքստում փոփոխություններ կատարելու առաջարկություններ է տալիս: Այդ վերաքննության ընթացքում Ապրանքների առևտրի խորհուրդը քննարկում է, թե արդյոք Համաձայնագիրը պետք է լրացվի ներդրումային քաղաքականության ու մրցակցության քաղաքականության վերաբերյալ դրույթներով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՆԿԱՐԱԳՐԱՅԻՆ ՑԱՆԿ

 

1. ԱԱՆՄ-ները, որոնք չեն համապատասխանում ՄԱԳՀ-1994-ի 3-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ազգային մոտեցման պարտավորությանը, ընդգրկում են այն միջոցները, որոնք պարտադիր են կամ կիրարկելի են համաձայն ներքին օրենսդրության կամ վարչական հրահանգների, կամ որոնց հետ համապատասխանությունն անհրաժեշտ է առավելություն ստանալու համար, և որոնցով պահանջվում է, որ.

ա) Ընկերությունը գնի կամ օգտագործի տեղական ծագում ունեցող կամ ցանկացած ներքին աղբյուրից ստացվող արտադրանքներ` անկախ այն բանից` դրանք հատկորոշվում են առանձին արտադրանքների առումով, թե ներքին արտադրության ծավալների կամ արժեքի նկատմամբ ունեցած հարաբերակցության առումով, կամ`

բ) ընկերության` ներմուծված արտադրանքների գնումները կամ օգտագործումը սահմանափակվի իր արտահանած տեղական արտադրանքների ծավալի կամ արժեքի հետ կապված որևէ չափով:

2. ԱԱՆՄ-ները, որոնք չեն համապատասխանում ՄԱԳՀ-1994-ի 11-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված քանակական սահմանափակումների ընդհանուր վերացման պարտավորությանը, ընդգրկում են այն միջոցները, որոնք պարտադիր են կամ կիրարկելի են համաձայն ներքին օրենսդրության կամ վարչական հրահանգների, կամ որոնց հետ համապատասխանությունն անհրաժեշտ է առավելություն ստանալու համար, և որոնցով`

ա) ընկերության կողմից իր տեղական արտադրության մեջ օգտագործվող կամ դրա հետ կապված արտադրանքների ներմուծումը սահմանափակվում է ընդհանրապես կամ իր արտահանած տեղական արտադրանքների ծավալի կամ արժեքի հետ կապված որևէ չափով,

բ) ընկերության կողմից իր տեղական արտադրության մեջ օգտագործվող կամ դրա հետ կապված արտադրանքների ներմուծումը սահմանափակվում է` ընկերության համար արտարժույթի մատչելիությունը նրան վերագրվող արտարժույթի ներհոսքի չափով սահմանափակելու միջոցով,

գ) սահմանափակվում է ընկերության կողմից արտադրանքների արտահանումը կամ արտահանման համար վաճառքը` անկախ այն բանից` դրանք հատկորոշվում են առանձին արտադրանքների առումով, արտադրանքների ծավալի կամ արժեքի առումով, թե իր տեղական արտադրության ծավալների կամ արժեքի նկատմամբ ունեցած հարաբերակցության առումով:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր