Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԾԱԳՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Անդամները,

 

նշելով, որ 1986 թ. սեպտեմբերի 20-ին նախարարները համաձայնել են, որ Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլի նպատակն է «համաշխարհային առևտրի հետագա ազատականացումն ու ընդլայնումը», «ՄԱԳՀ-ի դերի ամրապնդումը» և «զարգացող միջազգային տնտեսական միջավայրի նկատմամբ ՄԱԳՀ-ի համակարգի զգայունության բարձրացումը»,

ցանկանալով նպաստել ՄԱԳՀ-1994-ի նպատակների իրականացմանը,

ընդունելով, որ հստակ և կանխատեսելի ծագման կանոնները և դրանց կիրառումը դյուրացնում են միջազգային առևտրի հոսքը,

ցանկանալով ապահովել, որ ծագման կանոններն իրենք չստեղծեն անհիմն խոչընդոտներ առևտրի համար,

ցանկանալով ապահովել, որ ծագման կանոնները չվերացնեն կամ նվազեցնեն Անդամների` ՄԱԳՀ-1994-ով սահմանված իրավունքները,

ընդունելով, որ ցանկալի է ապահովել ծագման կանոններին վերաբերող օրենքների, կանոնակարգերի և գործելակերպի թափանցիկությունը,

ցանկանալով ապահովել, որ ծագման կանոնները պատրաստվեն և կիրառվեն անկողմնակալ, թափանցիկ, կանխատեսելի, համաձայնեցված և չեզոք ձևով,

ընդունելով խորհրդակցությունների անցկացման և սույն Համաձայնագրի շրջանակներում ծագող վեճերի արագ, արդյունավետ և անաչառ լուծման ընթացակարգերի մատչելիությունը,

ցանկանալով ներդաշնակեցնել ու հստակեցնել ծագման կանոնները,

սույնով համաձայնեցին հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ՈՒ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1
ԾԱԳՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի 1-ից 4-րդ Գլուխների նպատակների համար, ծագման կանոնները սահմանվում են` որպես ապրանքների ծագման երկիրը որոշելու համար որևէ Անդամի կիրառած ընդհանուր գործածման օրենքները, կանոնակարգերն ու վարչական հրահանգները, եթե այդ ծագման կանոնները չեն վերաբերում պայմանագրային կամ ինքնուրույն առևտրային կանոնակարգերին, որոնք հանգեցնում են մաքսային արտոնությունների տրամադրմանը, որոնք դուրս են ՄԱԳՀ-1994-ի 1-ին հոդվածի 1-ին կետի կիրառության սահմաններից:

2. 1-ին կետում հիշատակվող ծագման կանոնները ներառում են ոչ արտոնյալ առևտրային քաղաքականության միջոցները կիրառելիս օգտագործվող` ծագման բոլոր կանոնները, ինչպիսիք են` ՄԱԳՀ-1994-ի 1-ին, 2-րդ, 3-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան ազգերի առավել բարենպաստության մոտեցումը, ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածին համապատասխան հակագնագցման և փոխհատուցման տուրքերը, ՄԱԳՀ-1994-ի 19-րդ հոդվածին համապատասխան պաշտպանական միջոցները, ՄԱԳՀ-1994-ի 9-րդ հոդվածին համապատասխան` ծագումը նշելու պահանջները, և ցանկացած խտրական քանակական սահմանափակումները կամ սակագնային քվոտաները կիրառելիս օգտագործվողները: Դրանք ներառում են նաև պետական գնումների և առևտրի վիճակագրության համար օգտագործվող ծագման կանոնները57:

________________________________________

57 Հասկացվում է, որ սույն դրույթը չի վնասում այն որոշումները, որոնք կայացվում են «ներքին արդյունաբերական ճյուղ «կամ» ներքին արդյունաբերության նման արտադրանքներ» կամ համանման հասկացությունների սահմանման նպատակով, երբ դրանք կիրառվում են:

 

ԳԼՈՒԽ 2
ԾԱԳՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 2
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Մինչև ծագման կանոնների ներդաշնակեցման` 4-րդ Գլխում շարադրված, աշխատանքային ծրագրի ավարտը Անդամներն ապահովում են, որ.

ա) եթե նրանք ընդհանուր կիրառության վարչական հրահանգներ են հրապարակում, ապա կատարման ենթակա պահանջները հստակ սահմանված լինեն: Մասնավորապես`

i) այն դեպքերում, երբ կիրառվում է մաքսային դասակարգման փոփոխության չափանիշը, ծագման այդպիսի կանոնը և կանոնից ցանկացած բացառություն պետք է հստակ նշեն մաքսային անվանացանկի այն ենթագլուխներն ու գլուխները, որոնց վերաբերում է տվյալ կանոնը,

ii) այն դեպքերում, երբ կիրառվում է արժեքային տոկոսաչափի չափանիշը, այդ տոկոսաչափի հաշվարկման եղանակը նույնպես նշվում է ծագման կանոններում,

iii) այն դեպքերում, երբ նախատեսված է պատրաստման կամ վերամշակման գործողության չափանիշը, ճշգրտորեն հատկանշվում է այն գործողությունը, որով որոշվում է տվյալ ապրանքի ծագումը,

բ) անկախ առևտրային քաղաքականության միջոցից կամ միջոցառումից, որին նրանք կապված են, իրենց ծագման կանոնները չօգտագործվեն որպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն առևտրային նպատակներ հետապնդելու միջոցներ,

գ) ծագման կանոններն իրենք չստեղծեն միջազգային առևտուրը սահմանափակող, խաթարող կամ աղճատող ազդեցություններ: Դրանցով չհիմնավորված խիստ պահանջներ չեն դրվում, կամ չի պահանջվում պատրաստմանը կամ վերամշակմանը չվերաբերող որոշակի պայման կատարել` որպես նախապայման ծագման երկիրը որոշելու համար: Այնուամենայնիվ, պատրաստմանը կամ վերամշակմանն ուղղակիորեն չվերաբերող ծախքերը կարող են ընդգրկվել` «ա» ենթակետի համաձայն արժեքային տոկոսաչափի չափանիշի կիրառման նպատակներով,

դ) ծագման կանոնները, որոնք իրենք կիրառում են ներմուծման և արտահանման նկատմամբ, ավելի խիստ չլինեն, քան այն ծագման կանոնները, որոնք իրենք կիրառում են, որպեսզի որոշեն` ապրանքը տեղական է, թե ոչ, և խտրականություն չեն դնում այլ Անդամների միջև` անկախ տվյալ ապրանքն արտադրողների հետ փոխկապակցվածությունից,58

________________________________

58 Պետական գնումների նպատակով կիրառվող ծագման կանոնների կապակցությամբ, սույն դրույթը չի ստեղծում պարտավորություններ` ի հավելումն Անդամների` ՄԱԳՀ-1994-ի համաձայն արդեն ստանձնածների:

 

ե) իրենց ծագման կանոններն իրականացվեն համաձայնեցված, միատեսակ, անկողմնակալ և խելամիտ ձևով,

զ) իրենց ծագման կանոնները հիմնված լինեն դրական մոտեցման վրա: Ծագման կանոնները, որոնք սահմանում են, թե ինչով չի որոշվում ծագումը /բացասական մոտեցում/, թույլատրելի են որպես դրական մոտեցման պարզաբանման բաղկացուցիչ մաս կամ, առանձին դեպքերում, երբ ծագման դրական որոշումն անհրաժեշտ չէ,

է) իրենց` ծագման կանոններին վերաբերող ընդհանուր կիրառման օրենքները, կանոնակարգերը, դատական որոշումներն ու վարչական հրահանգները հրապարակվեն այնպես, ինչպես եթե դրանք ենթակա լինեին ՄԱԳՀ-1994-ի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին, և այդ դրույթներին համապատասխան,

ը) արտահանողի, ներմուծողի կամ հիմնավոր շարժառիթներ ունեցող որևէ անձի ներկայացրած պահանջով, ապրանքին տրվող ծագման գնահատականները տրամադրվեն հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան այդ գնահատման համար պահանջը ներկայացնելուց 150 օր59 հետո, եթե ներկայացվել են բոլոր անհրաժեշտ տարրերը: Այդպիսի գնահատականների համար պահանջներն ընդունվում են մինչև տվյալ ապրանքի առևտրի սկսելը և կարող են ընդունվել դրանից հետո` ցանկացած ժամանակ: Այդ գնահատականները ուժի մեջ են մնում երեք տարվա ընթացքում, եթե փաստերն ու պայմանները, ներառյալ` ծագման կանոնները, որոնց համաձայն դրանք կատարվել են, մնում են համեմատելի: Եթե խնդրո առարկա կողմերը տեղեկացվում են նախօրոք, ապա այդ գնահատականներն այլևս վավերական չեն լինի, երբ գնահատականին հակառակ որոշում կայացվի «ժ» կետում հիշատակվող վերաքննության ընթացքում: Այդպիսի գնահատականները մատչելի են դարձվում հասարակության համար` պահպանելով «ժա» կետի դրույթները,

_____________________________

59 ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած` առաջին տարվա ընթացքում ներկայացված պահանջների կապակցությամբ Անդամներից պահանջվում է միայն հնարավորին չափ շուտ տրամադրել այդ գնահատականները:

 

թ) իրենց ծագման կանոններում փոփոխություններ, կամ նոր ծագման կանոններ մտցնելիս նրանք այդ փոփոխությունները հետադարձորեն չեն կիրառի, ինչպես սահմանված է իրենց օրենքներում ու կանոնակարգերում, և առանց իրենց օրենքներն ու կանոնակարգերը վնասելու,

ժ) ցանկացած վարչական գործողություն, որը նրանք ձեռնարկում են ծագումը որոշելու կապակցությամբ, արագ կերպով կարելի լինի վերանայել դատական, միջնորդական կամ վարչական ատյանների և ընթացակարգերի միջոցով, որոնք անկախ են որոշումը տրամադրող իրավասու մարմնից, որը կարող է փոփոխել կամ չեղյալ հայտարարել որոշումը,

ժա) գործին առնչվող իրավասու մարմինը բոլոր այն տեղեկություններին, որոնք գաղտնի են կամ ծագման կանոնների կիրառման նպատակով տրամադրվել են գաղտնի հիմունքներով, վերաբերի որպես խիստ գաղտնի տեղեկությունների և դրանք չբացահայտի առանց այդ տեղեկությունները տրամադրող անձի կամ կառավարության հատուկ թույլտվության, բացառությամբ այն չափի բացահայտման, որ կարող է պահանջվել դատավարության շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 3
ՀԵՏԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հաշվի առնելով, որ բոլոր Անդամների նպատակը ծագման ներդաշնակեցված կանոնների ստեղծումն է` 4-րդ Գլխում շարադրված ներդաշնակեցման աշխատանքային ծրագրի արդյունքում, Անդամներն ապահովում են, որ ներդաշնակեցման աշխատանքային ծրագրի արդյունքներն իրականացնելուց հետո`

ա) նրանք ծագման կանոնները կկիրառեն հավասարապես 1-ին հոդվածում շարադրված բոլոր նպատակների համար,

բ) նրանց ծագման կանոնների համաձայն որպես որևէ առանձին ապրանքի ծագման երկիր որոշվի կամ այն երկիրը, որտեղ այդ ապրանքն ամբողջապես ստացվել է, կամ, եթե ապրանքի արտադրության մեջ մեկից ավել երկիր է ընդգրկված, ապա այն երկիրը, որտեղ կատարվել է վերջին էական փոփոխությունը,

գ) ծագման կանոնները, որոնք իրենք կիրառում են ներմուծման և արտահանման նկատմամբ, ավելի խիստ չլինեն, քան ծագման այն կանոնները, որոնք իրենք կիրառում են, որպեսզի որոշեն` ապրանքը տեղական է, թե ոչ, և խտրականություն չեն դնում այլ Անդամների միջև` անկախ տվյալ ապրանքն արտադրողների փոխկապակցվածությունից,

դ) ծագման կանոններն իրականացվեն համաձայնեցված, միատեսակ, անկողմնակալ և խելամիտ ձևով,

ե) իրենց` ծագման կանոններին վերաբերող ընդհանուր կիրառման օրենքները, կանոնակարգերը, դատական որոշումներն ու վարչական հրահանգները հրապարակվեն այնպես, ինչպես եթե դրանք ենթակա լինեին ՄԱԳՀ-1994-ի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին, և այդ դրույթներին համապատասխան,

զ) արտահանողի, ներմուծողի կամ հիմնավոր շարժառիթներ ունեցող որևէ անձի ներկայացրած պահանջով, ապրանքին տրվող` ծագման գնահատականները տրամադրվեն հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան այդ գնահատման համար պահանջը ներկայացնելուց 150 օր հետո, եթե ներկայացվել են բոլոր անհրաժեշտ տարրերը: Այդպիսի գնահատականների համար պահանջներն ընդունվում են մինչև տվյալ ապրանքի առևտրի սկսելը և կարող են ընդունվել դրանից հետո` ցանկացած ժամանակ: Այդ գնահատականները ուժի մեջ են մնում երեք տարվա ընթացքում, եթե փաստերն ու պայմանները, ներառյալ` ծագման կանոնները, որոնց համաձայն դրանք կատարվել են, մնում են համեմատելի: Եթե խնդրո առարկա կողմերը տեղեկացվում են նախօրոք, ապա այդ գնահատականներն այլևս վավերական չեն լինի, երբ գնահատականին հակառակ որոշում կայացվի «ը» կետում հիշատակվող վերանայման ընթացքում: Այդպիսի գնահատականները մատչելի են դարձվում հասարակության համար` պահպանելով «թ» կետի դրույթները,

է) իրենց ծագման կանոններում փոփոխություններ, կամ նոր ծագման կանոններ մտցնելիս նրանք այդ փոփոխությունները հետադարձորեն չեն կիրառի, ինչպես սահմանված է իրենց օրենքներում ու կանոնակարգերում, և առանց օրենքներն ու կանոնակարգերը վնասելու,

ը) ցանկացած վարչական գործողություն, որը նրանք ձեռնարկում են ծագումը որոշելու կապակցությամբ, արագ կերպով կարելի լինի վերանայել դատական, միջնորդական կամ վարչական ատյանների և ընթացակարգերի միջոցով, որոնք անկախ են որոշումը տրամադրող իրավասու մարմնից, որը կարող է փոփոխել կամ չեղյալ հայտարարել որոշումը,

թ) գործին առնչվող իրավասու մարմինը բոլոր այն տեղեկություններին, որոնք բնույթով գաղտնի են կամ ծագման կանոնների կիրառման նպատակով տրամադրվել են գաղտնի հիմունքներով, վերաբերի որպես խիստ գաղտնի տեղեկությունների, և դրանք չբացահայտի առանց այդ տեղեկությունները տրամադրող անձի կամ կառավարության հատուկ թույլտվության, բացառությամբ` այն չափի բացահայտման, որ կարող է պահանջվել դատավարության շրջանակներում:

 

ԳԼՈՒԽ 3
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԾԱՆՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՈԴՎԱԾ 4
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույնով ստեղծվում է Ծագման կանոնների հարցերով կոմիտե (այսուհետ` «Կոմիտե»)` կազմված Անդամներից յուրաքանչյուրի ներկայացուցչից: Կոմիտեն ընտրում է իր Նախագահին ու ժողով է գումարում ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարին մեկ անգամ` նպատակ ունենալով Անդամներին հնարավորություն տալ խորհրդակցել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ Գլուխների գործողությանը կամ այդ Գլուխներով սահմանված նպատակների իրականացմանն առնչվող հարցերի շուրջ և կատարել սույն Համաձայնագրով կամ Ապրանքների առևտրի խորհրդի կողմից իր վրա դրված այլ պարտականությունները: Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն 2-րդ կետում նշված Տեխնիկական կոմիտեից տեղեկություններ ու խորհրդատվություն է պահանջում սույն Համաձայնագրին առնչվող հարցերի վերաբերյալ: Կոմիտեն կարող է Տեխնիկական կոմիտեից այնպիսի այլ աշխատանք պահանջել, որն ինքն անհրաժեշտ է համարում սույն Համաձայնագրի` վերը նշված նպատակների իրականացմանը նպաստելու համար: ԱՀԿ Քարտուղարությունը գործում է որպես Կոմիտեի քարտուղարություն:

2. Մաքսային համագործակցության խորհրդի (ՄՀԽ) հովանու ներքո ստեղծվում է Ծագման կանոնների տեխնիկական կոմիտե (այսուհետ` «Տեխնիկական կոմիտե»), ինչպես սահմանված է 1-ին Հավելվածում: Տեխնիկական կոմիտեն կատարում է 4-րդ Գլխում նախատեսված և 1-ին Հավելվածում առաջադրված տեխնիկական աշխատանքը: Անհրաժեշտության դեպքում, Տեխնիկական կոմիտեն Կոմիտեից տեղեկություններ ու խորհրդատվություն է պահանջում սույն Համաձայնագրին առնչվող հարցերի վերաբերյալ: Տեխնիկական կոմիտեն կարող է Կոմիտեից այնպիսի այլ աշխատանք պահանջել, որն ինքն անհրաժեշտ է համարում սույն Համաձայնագրի` վերը նշված նպատակների իրականացմանը նպաստելու համար: ՄՀԽ Քարտուղարությունը գործում է որպես տեխնիկական կոմիտեի քարտուղարություն:

 

ՀՈԴՎԱԾ 5
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԾԱԳՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԾԱԳՄԱՆ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Յուրաքանչյուր Անդամ` իր համար ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 90 օրվա ընթացքում, Քարտուղարությանը տրամադրում է այդ օրվա դրությամբ ուժի մեջ եղած` իր ծագման կանոնները, ծագման կանոններին վերաբերող ընդհանուր կիրառման դատական որոշումներն ու վարչական հրահանգները: Եթե ծագման կանոնը սխալմամբ չի տրամադրվել, ապա տվյալ Անդամն այդ փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո տրամադրում է այն: Քարտուղարությունն Անդամներին է շրջաբերում Քարտուղարության ստացած ու Քարտուղարությունում մատչելի տեղեկությունների ցանկերը:

2. 2-րդ հոդվածում նշված ժամանակահատվածի ընթացքում այն Անդամները, որոնք իրենց ծագման կանոններում նվազագույնից տարբեր փոփոխություններ կամ ծագման նոր կանոններ են մտցնում, որոնք սույն հոդվածի նպատակներով ընդգրկում են 1-ին կետում հիշատակված և Քարտուղարությանը չտրամադրված ցանկացած ծագման կանոն, դրա մասին ծանուցում են հրապարակում փոփոխված կամ նոր կանոնի ուժի մեջ մտնելուց առնվազն 60 օր առաջ այնպես, որ շահագրգիռ կողմերին հնարավորություն տրվի տեղյակ լինել ծագման կանոնը փոփոխելու կամ նոր ծագման կանոն մտցնելու մտադրության մասին, եթե Անդամի համար բացառիկ հանգամանքներ չեն ծագում, կամ եթե դրանց ծագման վտանգ չկա: Այդ բացառիկ դեպքերում Անդամը փոփոխված կամ նոր կանոնը հրապարակում են հնարավորին չափ շուտ:

 

ՀՈԴՎԱԾ 6
ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

 

1. Կոմիտեն տարին մեկ վերանայում է սույն Համաձայնագրի 2-րդ և 3-րդ Գլուխների իրականացումն ու գործողությունը` հաշվի առնելով դրա նպատակները: Կոմիտեն տարին մեկ Ապրանքների առևտրի խորհրդին տեղեկացնում է այդ վերաքննություններով ընդգրկած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ:

2. Կոմիտեն վերաքննում է 1-ին, 2-րդ և 3-րդ Գլուխների դրույթները և փոփոխություններ է առաջարկում, որոնք անհրաժեշտ են ներդաշնակեցման աշխատանքային ծրագրի արդյունքներն արտացոլելու համար:

3. Կոմիտեն, համագործակցելով Տեխնիկական կոմիտեի հետ, ներդաշնակեցման աշխատանքային ծրագրի արդյունքները քննարկելու և դրանցում փոփոխություններ առաջարկելու կառույց է ստեղծում` հաշվի առնելով 9-րդ հոդվածով սահմանված նպատակներն ու սկզբունքները: Դա կարող է ընդգրկել դեպքեր, երբ անհրաժեշտ է կանոններն ավելի գործունակ դարձնել, կամ անհրաժեշտ է դրանք արդիականացնել, որպեսզի հաշվի առնվեն որևէ տեխնոլոգիական փոփոխությամբ ստեղծված նոր արտադրական գործընթացները:

 

ՀՈԴՎԱԾ 7
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի վրա տարածվում են Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող` ՄԱԳՀ-1994-ի 22-րդ հոդվածի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 8
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

Սույն Համաձայնագրի վրա տարածվում են Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող` ՄԱԳՀ-1994-ի 23-րդ հոդվածի դրույթները:

 

ԳԼՈՒԽ 4
ԾԱԳՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 9
ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

1. Նախարարական համաժողովը, նպատակ ունենալով ներդաշնակեցնել ծագման կանոններն ու, այլոց թվում, ավելի մեծ հստակություն ապահովել համաշխարհային առևտրի վարման գործում, ՄՀԽ-ի հետ համատեղ ձեռնարկում է ստորև սահմանված աշխատանքային ծրագրի կատարումը` հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա.

ա) ծագման կանոնները պետք է կիրառվեն 1-ին հոդվածով սահմանված բոլոր նպատակների համար հավասարապես,

բ) ծագման կանոններով պետք է նախատեսվի, որ որպես որևէ առանձին ապրանքի ծագման երկիր որոշվի կամ այն երկիրը, որտեղ այդ ապրանքն ամբողջապես ստացվել է, կամ, եթե ապրանքի արտադրության մեջ մեկից ավելի երկիր է ընդգրկված, ապա այն երկիրը, որտեղ կատարվել է վերջին էական փոփոխությունը,

գ) ծագման կանոնները պետք է լինեն անաչառ, հասկանալի և կանխատեսելի,

դ) անկախ առևտրային քաղաքականության միջոցից կամ միջոցառումից, որին նրանք կարող են կապված լինել, իրենց ծագման կանոնները չօգտագործվեն` որպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն առևտրային նպատակներ հետապնդելու միջոցներ: Դրանք իրենք չպետք է միջազգային առևտուրը սահմանափակող, խաթարող կամ աղճատող ազդեցություններ ստեղծեն: Դրանցով չհիմնավորված խիստ պահանջներ չպետք է դրվեն, կամ դրանցով չպետք է պահանջվի պատրաստմանը կամ վերամշակմանը չվերաբերող որոշակի պայման կատարել` որպես նախապայման ծագման երկիրը որոշելու համար: Այնուամենայնիվ, պատրաստմանը կամ վերամշակմանն ուղղակիորեն չվերաբերող ծախքերը կարող են ընդգրկվել արժեքային տոկոսաչափի չափանիշի կիրառման նպատակներով,

ե) ծագման կանոնները պետք է կարելի լինի իրականացնել համաձայնեցված, միատեսակ, անկողմնակալ ու խելամիտ ձևով,

զ) ծագման կանոնները պետք է լինեն փոխհամաձայնեցված,

է) ծագման կանոնները պետք է հիմնված լինեն դրական մոտեցման վրա: Բացասական մոտեցումները կարող են օգտագործվել դրական մոտեցումը պարզաբանելու համար:

 

Աշխատանքային ծրագիր

 

2. ա) Աշխատանքային ծրագիրը նախաձեռնվում է ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո` հնարավորին չափ շուտ, և կավարտվի սկսելուց հետո` երեք տարվա ընթացքում,

բ) 4-րդ հոդվածով նախատեսված Կոմիտեն ու Տեխնիկական կոմիտեն այդ աշխատանքը կատարելու համար համապատասխան մարմիններն են,

գ) ՄՀԽ-ի մանրամասն ներդրումն ապահովելու համար Կոմիտեն Տեխնիկական կոմիտեից պահանջում է` ստորև նկարագրված աշխատանքի արդյունքում ստացված իր մեկնաբանություններն ու կարծիքները տրամադրել 1-ին կետում թվարկված սկզբունքների հիման վրա: Ներդաշնակեցմանն ուղղված աշխատանքային ծրագրի ժամանակին ավարտն ապահովելու համար այդ աշխատանքը կատարվում է Ներդաշնակեցված համակարգի (ՆՀ) անվանացանկի տարբեր բաժիններով կամ մասերով ներկայացված` արտադրանքի տեսակի հիման վրա.

i) ամբողջովին ստացված կամ նվազագույն գործողություններ կամ գործընթացներ,

Տեխնիկական կոմիտեն մշակում է ներդաշնակեցված սահմանումներ հետևյալի համար`

- ապրանքներ, որ պետք է դիտարկվեն որպես մեկ երկրում ամբողջովին ստացված: Այս աշխատանքը կատարվում է հնարավորինս մանրամասն,

- նվազագույն գործողություններ կամ գործընթացներ, որոնք իրենցով չեն որոշում ապրանքի ծագումը:

Այս աշխատանքի արդյունքները ներկայացվում են Կոմիտեին` Կոմիտեից պահանջը ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում:

ii) էական փոփոխություն` մաքսային դասակարգման փոփոխություն,

- առանձին արտադրանքների կամ արտադրանքի տեսակի ծագման կանոնները մշակելիս Տեխնիկական կոմիտեն, էական փոփոխության չափանիշի վրա հիմնվելով, դիտարկում և մշակում է մաքսային ենթագլուխների կամ գլուխների փոփոխության կիրառությունը և, անհրաժեշտության դեպքում, անվանացանկի մեջ այն նվազագույն փոփոխությունը, որը բավարարում է այս չափանիշին:

- Տեխնիկական կոմիտեն վերոնշյալ աշխատանքը բաժանում է արտադրանքի հիման վրա` հաշվի առնելով ՆՀ անվանացանկի բաժինները կամ մասերը այնպես, որ իր աշխատանքի արդյունքները Կոմիտեին ներկայացնի առնվազն եռամսյակը մեկ անգամ: Տեխնիկական կոմիտեն վերոնշյալ աշխատանքն ավարտում է Կոմիտեից պահանջն ստանալուց հետո` մեկ տարի և երեք ամսվա ընթացքում:

iii) էական փոփոխություն` լրացուցիչ չափանիշներ:

Եթե, յուրաքանչյուր արտադրանքի տեսակի կամ առանձին արտադրանքի դասի համար «ii» ենթակետով սահմանված աշխատանքն ավարտելուց հետո` միայն ՆՀ անվանացանկի օգտագործումը թույլ չի տալիս արտահայտել էական փոփոխությունը, ապա Տեխնիկական կոմիտեն.

- առանձին արտադրանքի կամ արտադրանքի տեսակի համար ծագման կանոններ մշակելիս էական փոփոխության չափանիշի հիման վրա դիտարկում ու մշակում է այլ պահանջների, ներառյալ` արժեքային տոկոսաչափի60 և/կամ պատրաստման կամ վերամշակման գործողությունների61 լրացուցիչ կամ բացառիկ ձևով կիրառությունը,

_________________________________________

60 Եթե նախատեսված է արժեքային չափանիշը, ապա ծագման կանոններում հատկանշվում է նաև այդ տոկոսաչափի հաշվարկման եղանակը:

61 Եթե նախատեսված է պատրաստման կամ վերամշակման գործողությունների չափանիշը, ապա ճշգրտորեն հատկորոշվում է տվյալ ապրանքի ծագումը որոշող գործողությունը:

 

- կարող է իր առաջարկների համար բացառություններ տրամադրել,

- վերոնշյալ աշխատանքը բաժանում է արտադրանքի հիման վրա` հաշվի առնելով ՆՀ անվանացանկի բաժինները կամ մասերը այնպես, որ իր աշխատանքի արդյունքները Կոմիտեին ներկայացնի առնվազն եռամսյակը մեկ: Տեխնիկական կոմիտեն վերոնշյալ աշխատանքն ավարտում է Կոմիտեից պահանջն ստանալուց հետո` երկու տարի և երեք ամսվա ընթացքում:

 

Կոմիտեի դերը

 

3. 1-ին կետում թվարկված սկզբունքների հիման վրա.

ա) Կոմիտեն Տեխնիկական կոմիտեի մեկնաբանություններն ու կարծիքները պարբերաբար քննարկում է` համաձայն 2 «գ» կետի «i», «ii» և «iii» ենթակետերով նախատեսված ժամկետների` այդ մեկնաբանություններն ու կարծիքները հաստատելու նպատակով: Կոմիտեն կարող է Տեխնիկական կոմիտեից պահանջել, որ այն կատարելագործի կամ զարգացնի իր աշխատանքը և/կամ նոր մոտեցումներ մշակի: Տեխնիկական կոմիտեին աջակցելու համար` Կոմիտեն պետք է նշի լրացուցիչ աշխատանք պահանջելու իր պատճառները և, եթե հարկ է, այլընտրանքային մոտեցումներ առաջարկի,

բ) 2 «գ» կետի «i», «ii» և «iii» ենթակետերով հատկանշված ամբողջ աշխատանքն ավարտելուց հետո Կոմիտեն քննարկում է դրա արդյունքները` դրանց համընդհանուր փոխհամաձայնեցվածության առումով:

 

Ներդաշնակեցման աշխատանքային ծրագրի արդյունքներն ու հետագա աշխատանքը

 

4. Նախարարական համաժողովը ներդաշնակեցման աշխատանքային ծրագրի արդյունքները հավելվածում զետեղելով` սահմանում է որպես սույն Համաձայնագրի անբաժանելի մաս62: Նախարարական համաժողովը սահմանում է այդ հավելվածի ուժի մեջ մտնելու ժամկետը:

____________________________________

62 Միևնույն ժամանակ հաշվի են առնվում մաքսային դասակարգմանը վերաբերող վեճերի կարգավորմանն առնչվող միջոցառումները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԾԱԳՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Պարտականություններ

 

1. Տեխնիկական կոմիտեի ընթացիկ պարտականությունների մեջ են մտնում`

ա) Տեխնիկական կոմիտեի որևէ անդամի պահանջով քննության առնել Անդամների` ծագման կանոնների ամենօրյա կիրարկման ընթացքում ծագող առանձին տեխնիկական խնդիրները, և համապատասխան լուծումների վերաբերյալ խորհրդատվական կարծիք տալ` հիմնվելով տրամադրված փաստերի վրա,

բ) Կոմիտեի որևէ Անդամի պահանջով տեղեկություններ ու խորհրդատվություն տրամադրել ապրանքների ծագումը որոշելու հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ,

գ) պատրաստել ու շրջանառել պարբերական զեկուցագրեր սույն Համաձայնագրի գործողության ու կարգավիճակի տեխնիկական կողմերի վերաբերյալ, և

դ) տարին մեկ վերանայել 2-րդ և 3-րդ Գլուխների իրականացման և գործողության տեխնիկական կողմերը:

2. Տեխնիկական կոմիտեն կատարում է այլ պարտականություններ, որոնք կարող է պահանջել Կոմիտեն:

3. Տեխնիկական կոմիտեն ձգտում է առանձին հարցերի շուրջ իր աշխատանքը, հատկապես Կոմիտեի կամ Անդամների իրեն ներկայացված հարցերի շուրջ, ավարտել խելամիտ կարճ ժամանակահատվածում:

 

Ներկայացուցչություն

 

4. Յուրաքանչյուր Անդամ Տեխնիկական կոմիտեում ներկայացված լինելու իրավունք ունի: Յուրաքանչյուր Անդամ կարող է մեկ պատվիրակ և մեկ կամ ավելի փոխարինող առաջադրել` որպես Տեխնիկական կոմիտեում իր ներկայացուցիչներ: Այս կերպ Տեխնիկական կոմիտեում ներկայացված Անդամն այսուհետ հիշատակվում է որպես Տեխնիկական կոմիտեի «անդամ»: Տեխնիկական կոմիտեի ժողովների ժամանակ Տեխնիկական կոմիտեի անդամների ներկայացուցիչներին կարող են աջակցել խորհրդականներ: ԱՀԿ Քարտուղարությունը նույնպես կարող է այդ ժողովներին մասնակցել դիտորդի կարգավիճակով:

5. ՄՀԽ անդամները, որոնք ԱՀԿ Անդամ չեն, կարող են Տեխնիկական կոմիտեի ժողովներում ներկայացված լինել մեկ պատվիրակի և մեկ կամ ավել փոխարինողի միջոցով: Այդ ներկայացուցիչները մասնակցում են Տեխնիկական կոմիտեի ժողովներին որպես դիտորդներ:

6. ՄՀԽ Գլխավոր քարտուղարը (սույն Հավելվածում հիշատակվում է որպես «Գլխավոր քարտուղար») Տեխնիկական կոմիտեի նախագահի հավանությամբ կարող է Տեխնիկական կոմիտեի ժողովներին որպես դիտորդներ մասնակցելու համար հրավիրել կառավարությունների ներկայացուցիչներ, որոնք ո՛չ ԱՀԿ Անդամ են, ո՛չ էլ ՄՀԽ անդամ, և միջազգային կառավարական ու առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

7. Տեխնիկական կոմիտեի ժողովների պատվիրակների, փոխարինողների ու խորհրդատուների թեկնածություններն առաջադրվում են Գլխավոր քարտուղարին:

 

Ժողովներ

 

8. Տեխնիկական կոմիտեն ժողովներ է գումարում ըստ անհրաժեշտության, բայց ոչ քիչ, քան տարին մեկ անգամ:

 

Ընթացակարգեր

 

9. Տեխնիկական կոմիտեն ընտրում է իր Նախագահին ու սահմանում է իր սեփական ընթացակարգերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԾԱԳՄԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընդունելով, որ որոշ Անդամներ կիրառում են ծագման արտոնյալ կանոններ, որոնք այլ են, քան ծագման ոչ արտոնյալ կանոնները, Անդամները սույնով համաձայնում են հետևյալի մասին:

2. Սույն Ընդհանուր հռչակագրի նպատակներով, ծագման արտոնյալ կանոնները սահմանվում են որպես ընդհանուր կիրառության այն օրենքները, կանոնակարգերն ու վարչական հրահանգները, որոնք որևէ Անդամ կիրառում է, որպեսզի որոշի, թե արդյոք ապրանքները համապատասխան են արտոնյալ մոտեցման համար` համաձայն պայմանագրային կամ ինքնուրույն առևտրակարգերին, որոնք հանգեցնում են մաքսային արտոնությունների շնորհմանը, որոնք դուրս են ՄԱԳՀ-1994-ի 1-ին հոդվածի 1-ին կետի կիրառության սահմաններից:

3. Անդամները համաձայնում են ապահովել, որ.

ա) եթե նրանք ընդհանուր կիրառման վարչական հրահանգներ են հրապարակում, ապա հստակ սահմանված լինեն կատարման ենթակա պահանջները: Մասնավորապես.

i) այն դեպքերում, երբ կիրառվում է մաքսային դասակարգման փոփոխության չափանիշը, ծագման այդպիսի արտոնյալ կանոնը և կանոնից ցանկացած բացառությունը պետք է հստակ հատկանշեն մաքսային անվանացանկի այն ենթագլուխներն ու գլուխները, որոնց վերաբերում է տվյալ կանոնը,

ii) այն դեպքերում, երբ կիրառվում է արժեքային տոկոսաչափի չափանիշը, այդ տոկոսաչափի հաշվարկման եղանակը նույնպես նշվում է ծագման արտոնյալ կանոններում,

iii) այն դեպքերում, երբ նախատեսված է պատրաստման կամ վերամշակման գործողության չափանիշը, ճշգրտորեն հատկանշվում է այն գործողությունը, որով որոշվում է արտոնյալ ծագումը,

բ) իրենց ծագման արտոնյալ կանոնները հիմնված լինեն դրական մոտեցման վրա: Ծագման արտոնյալ կանոնները, որոնք սահմանում են, թե ինչով չի որոշվում ծագումը (բացասական մոտեցում), թույլատրելի են որպես դրական մոտեցման պարզաբանման բաղկացուցիչ մաս կամ, առանձին դեպքերում, երբ արտոնյալ ծագման դրական որոշումն անհրաժեշտ չէ,

գ) իրենց` ծագման արտոնյալ կանոններին վերաբերող ընդհանուր կիրառման օրենքները, կանոնակարգերը, դատական որոշումներն ու վարչական հրահանգները հրապարակվեն այնպես, ինչպես եթե դրանք ենթակա լինեին ՄԱԳՀ-1994-ի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին, և այդ դրույթներին համապատասխան,

դ) արտահանողի, ներմուծողի կամ հիմնավոր շարժառիթներ ունեցող որևէ անձի ներկայացրած պահանջով, ապրանքին տրվող արտոնյալ ծագման գնահատականները տրամադրվեն հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան այդ գնահատման համար պահանջը ներկայացնելուց 150 օր հետո, եթե ներկայացվել են բոլոր անհրաժեշտ տարրերը: Այդպիսի գնահատականների համար պահանջներն ընդունվում են մինչև տվյալ ապրանքի առևտուրն սկսելը և կարող են ընդունվել դրանից հետո` ժամանակի ցանկացած պահին: Այդ գնահատականները ուժի մեջ են մնում երեք տարվա ընթացքում, եթե փաստերն ու պայմանները, ներառյալ` ծագման արտոնյալ կանոնները, որոնց համաձայն դրանք կատարվել են, մնում են համեմատելի: Եթե խնդրո առարկա կողմերը տեղեկացվում են նախօրոք, ապա այդ գնահատականներն այլևս վավերական չեն լինի, երբ գնահատականին հակառակ որոշում կայացվի «զ» կետում հիշատակվող վերաքննության ընթացքում: Այդպիսի գնահատականները մատչելի են դարձվում հասարակության համար` պահպանելով «է» կետի դրույթները.

ե) իրենց` ծագման արտոնյալ կանոններում փոփոխություններ, կամ ծագման նոր արտոնյալ կանոններ մտցնելիս նրանք այդ փոփոխությունները հետադարձորեն չեն կիրառի, ինչպես սահմանված է իրենց օրենքներում ու կանոնակարգերում, և առանց օրենքներն ու կանոնակարգերը վնասելու,

զ) ցանկացած վարչական գործողություն, որը նրանք ձեռնարկում են արտոնյալ ծագումը որոշելու կապակցությամբ, արագ կերպով կարելի լինի վերաքննել դատական, միջնորդական կամ վարչական ատյանների և ընթացակարգերի միջոցով, որոնք անկախ են որոշումը տրամադրող իրավասու մարմնից, որը կարող է փոփոխել կամ չեղյալ հայտարարել որոշումը,

է) գործին առնչվող իրավասու մարմինը բոլոր այն տեղեկություններին, որոնք բնույթով գաղտնի են կամ ծագման արտոնյալ կանոնների կիրառման նպատակով տրամադրվել են գաղտնի հիմունքներով, վերաբերի որպես խիստ գաղտնի տեղեկությունների և դրանք չբացահայտի առանց այդ տեղեկությունները տրամադրող անձի կամ կառավարության հատուկ թույլտվության, բացառությամբ` այն չափի բացահայտման, որ կարող է պահանջվել դատավարության շրջանակներում:

4. Անդամները համաձայնում են արագ կերպով Քարտուղարությանը տրամադրել իրենց` ծագման արտոնյալ կանոնները, ներառյալ` արտոնության այն համաձայնությունների ցանկը, որոնց նկատմամբ դրանք կիրառվում են, իրենց` ծագման արտոնյալ կանոններին վերաբերող ընդհանուր կիրառման դատական որոշումներն ու վարչական հրահանգները, որոնք ուժի մեջ են եղել տվյալ Անդամի համար ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը: Այնուհետև, Անդամները համաձայնում են հնարավորին չափ շուտ Քարտուղարությանը տրամադրել իրենց` ծագման արտոնյալ կանոնների ցանկացած փոփոխությունները կամ ծագման նոր արտոնյալ կանոնները: Քարտուղարությունն Անդամներին է շրջաբերում Քարտուղարության ստացած և Քարտուղարությունում մատչելի տեղեկությունների ցանկերը:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր