Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Անդամները,

ընդունելով ծառայությունների առևտրի աճող կարևորությունը համաշխարհային տնտեսության աճի և զարգացման գործում,

ցանկանալով ծառայությունների առևտրի համար սկզբունքների և կանոնների բազմակողմ կառուցվածք ստեղծել այդ առևտուրը թափանցիկության և աստիճանական ազատականացման պայմաններում ընդլայնելու նպատակով և որպես միջոց խթանելու բոլոր առևտրային գործընկերների տնտեսական աճն ու զարգացող երկրների զարգացումը,

ցանկանալով շուտ հասնել ծառայությունների առևտրի ազատականացման աստիճանաբար ավելի բարձրացող մակարդակների` բազմակողմ բանակցությունների հաջորդական փուլերի միջոցով, որոնց նպատակն է փոխշահավետ հիմունքներով խթանել բոլոր մասնակիցների շահերը և ապահովել իրավունքների ու պարտավորությունների համընդհանուր հաշվեկշիռը` միաժամանակ պատշաճորեն հաշվի առնելով ազգային քաղաքականությունների նպատակները,

ճանաչելով, ազգային քաղաքականության նպատակներն իրականացնելու նպատակով իրենց տարածքներում ծառայությունների մատուցումը կարգավորելու և դրա վերաբերյալ նոր կանոնակարգեր մտցնելու Անդամների իրավունքը, և զարգացող երկրների` այդ իրավունքներից օգտվելու առանձնահատուկ պահանջները, որը պայմանավորված է տարբեր երկրներում ծառայությունների կանոնակարգումների զարգացման աստիճանի առնչությամբ գոյություն ունեցող անհամաչափություններով,

ցանկանալով նպաստել ծառայությունների առևտրում զարգացող երկրների աճող մասնակցությանն ու դրանց ծառայությունների արտահանման ընդլայնմանը, ներառյալ մասնավորապես ծառայությունների ներքին կարողությունների հզորացման ու դրանց արդյունավետության ու մրցունակության բարձրացման միջոցով,

հատուկ ուշադրություն դարձնելով առավել թույլ զարգացած երկրների լուրջ դժվարություններին` դրանց տնտեսական առանձնահատուկ իրավիճակի և դրանց զարգացման, առևտրի ու ֆինանսական կարիքների տեսակետից,

սույնով համաձայնում են հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1

 

ՀՈԴՎԱԾ 1
ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է Անդամների կիրառած այն միջոցների վրա, որոնք ազդում են ծառայությունների առևտրի վրա:

2. Սույն Համաձայնագրի նպատակներով ծառայությունների առևտուրը սահմանվում է որպես ծառայությունների մատուցում`

ա) մի Անդամի տարածքից որևէ այլ Անդամի տարածք,

բ) մի Անդամի տարածքում որևէ այլ Անդամի ծառայություն սպառողին,

գ) մի Անդամի ծառայություն մատուցողի կողմից որևէ այլ Անդամի տարածքում Անդամի ֆիզիկական անձանց ներկայության միջոցով:

3. Սույն Համաձայնագրի նպատակներով.

ա) «Անդամների կիրառած միջոցները» նշանակում են միջոցներ, որոնք ձեռնարկել են.

i) կենտրոնական, տարածաշրջանային կամ տեղական կառավարություններն ու իրավասու մարմինները, և

ii) ոչ պետական մարմինները` կենտրոնական, տարածաշրջանային կամ տեղական կառավարությունների կամ իրավասու մարմինների կողմից տրված լիազորություններն իրականացնելիս:

Սույն Համաձայնագրով սահմանված իր պարտականություններն ու պարտավորությունները կատարելիս յուրաքանչյուր Անդամ ձեռնարկում է այնպիսի պատշաճ միջոցներ, ինչպիսիք կարող են մատչելի լինել իրեն, որպեսզի ապահովի, որ իր տարածքում գտնվող տարածաշրջանային ու տեղական կառավարություններն ու իրավասու մարմինները և ոչ պետական մարմինները պահպանեն դրանք:

բ) «ծառայություններն» ընդգրկում են ցանկացած ծառայություն ցանկացած ոլորտում, բացառությամբ այն ծառայությունների, որոնք մատուցվում են կառավարական իրավասություններն իրականացնելիս,

գ) «ծառայություն, որը մատուցվում է կառավարական իրավասություններն իրականացնելիս» նշանակում է ցանկացած ծառայություն, որը մատուցվում է ոչ առևտրային հիմքով և ոչ էլ մեկ կամ ավելի ծառայություններ մատուցողների հետ մրցակցությամբ:

 

ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 2
ԱԶԳԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագրով կարգավորվող ցանկացած միջոցի առնչությամբ յուրաքանչյուր Անդամ ցանկացած այլ Անդամի ծառայություններին ու ծառայություն մատուցողներին անհապաղ և անվերապահորեն տրամադրում է ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն որն ինքը տրամադրում է ցանկացած այլ երկրի նման ծառայություններին ու ծառայություն մատուցողներին:

2. Անդամը կարող է 1-ին կետին չհամապատասխանող միջոց պահպանել, եթե այդ միջոցը նշված է 2 հոդվածից ազատումների մասին Հավելվածում ու բավարարում է դրա պայմաններին:

3. Սույն Համաձայնագրի դրույթները չեն մեկնաբանվում այնպես, թե որևէ Անդամի արգելում են առավելություններ շնորհել կամ տրամադրել սահմանակից երկրներին սահմանամերձ գոտիներով սահմանափակված այն ծառայությունների փոխանակումը դյուրացնելու համար, որոնք արտադրվում և սպառվում են տեղում:

 

ՀՈԴՎԱԾ 3
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Անդամ շտապ կարգով և, բացառությամբ արտակարգ իրավիճակների, ամենաուշը դրանք ուժի մեջ մտնելու ժամանակ հրապարակում է ընդհանուր կիրառության բոլոր համապատասխան միջոցները, որոնք առնչվում են սույն Համաձայնագրի գործողությանը կամ ազդում են դրա վրա: Որևէ Անդամի ստորագրած միջազգային համաձայնագրերը, որոնք առնչվում են ծառայությունների առևտրին կամ ազդում են դրա վրա, նույնպես հրապարակվում են:

2. Եթե 1-ին կետում հիշատակված հրապարակումն անիրագործելի է, ապա այդ տեղեկությունը հանրության համար մատչելի է դարձվում որևէ այլ ձևով:

3. Յուրաքանչյուր Անդամ շտապ կարգով և առնվազն տարին մեկ անգամ Ծառայությունների առևտրի խորհրդին տեղեկացնում է ցանկացած նոր օրենք, կանոնակարգ կամ վարչական ուղեցույց կամ գոյություն ունեցողներում ցանկացած փոփոխություն մտցնելու մասին, որը զգալի ազդեցություն ունի սույն Համաձայնագրով սահմանված իր հատուկ պարտավորություններով ընդգրկված ծառայությունների առևտրի վրա:

4. Յուրաքանչյուր Անդամ շտապ կարգով պատասխանում է որևէ այլ Անդամի` առանձին տեղեկությունների համար ներկայացրած բոլոր պահանջներին, որոնք վերաբերում են իր ընդհանուր կիրառման որևէ միջոցի կամ 1-ին կետում նշված միջազգային համաձայնագրերի: Յուրաքանչյուր Անդամ ստեղծում է նաև մեկ կամ ավելի հարցման կետեր, որպեսզի պահանջ ներկայացվելու դեպքում այլ Անդամներին առանձին տեղեկություններ տրամադրի, որոնք վերաբերում են բոլոր նման հարցերին, ինչպես նաև այն հարցերին, որոնք ենթակա են 3-րդ կետի ծանուցման պահանջին: Այդ հարցման կետերը ստեղծվում են ԱՀԿ ստեղծման մասին համաձայնագիրը (սույն համաձայնագրում հիշատակվում է որպես «ԱՀԿ Համաձայնագիր») ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկու տարվա ընթացքում: Զարգացող առանձին Անդամ երկրների համար կարող է համապատասխան ճկունություն համաձայնեցվել այն ժամկետի առնչությամբ, որի ընթացքում այդ հարցման կետերը պետք է ստեղծվեն: Պարտադիր չէ, որ հարցման կետերն օրենքների և կանոնակարգերի պահոց լինեն:

5. Յուրաքանչյուր Անդամ կարող է Ծառայությունների առևտրի խորհրդին ծանուցել որևէ այլ Անդամի ձեռնարկած ցանկացած միջոցի մասին, որն իր կարծիքով ազդում է սույն Համաձայնագրի գործողության վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3BIS
ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

 

Սույն Համաձայնագիրը ոչնչով որևէ Անդամից չի պահանջում գաղտնի տեղեկություններ տրամադրել, որոնց բացահայտումը կխափանի օրենքների կիրարկումը, կամ որևէ այլ կերպ կհակասի հասարակական շահերին, կամ որը կվնասի պետական կամ մասնավոր առանձին ընկերությունների առևտրային օրինական շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 4
ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՃՈՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. Զարգացող Անդամ երկրների` համաշխարհային առևտրում աճող մասնակցությունը դյուրացվում է սույն Համաձայնագրի 3 և 4 Գլուխների համաձայն տարբեր Անդամների համաձայնեցրած հատուկ պարտավորությունների միջոցով, որոնք վերաբերում են.

ա) դրանց ծառայությունների ներքին կարողությունների հզորացմանը և արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը, այլոց թվում` դեպի տեխնոլոգիաներ առևտրային հիմքով մուտքի միջոցով,

բ) դրանց համար դեպի բաշխման ուղիներ ու տեղեկատվական ցանցեր մուտքի բարելավմանը, և

գ) շուկայի մատչելիության ազատականացմանն այն ոլորտներում և մատուցման եղանակներում, որոնք դրանց համար արտահանման առումով հետաքրքրություն են ներկայացնում:

2. Զարգացած Անդամ երկրները և հնարավոր չափով այլ Անդամները, ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկու տարվա ընթացքում, ստեղծում են հաղորդակցման կետեր` դյուրացնելու զարգացող Անդամ երկրների ծառայություններ մատուցողների մուտքը դեպի իրենց համապատասխան շուկաներին առնչվող տեղեկությունները, որոնք վերաբերում են.

ա) ծառայությունների մատուցման առևտրային ու տեխնիկական կողմերին,

բ) մասնագիտական որակավորումների գրանցմանը, ճանաչմանն ու ձեռք բերմանը, և

գ) ծառայությունների տեխնոլոգիաների մատչելիությանը:

3. 1-ին և 2-րդ կետերն իրականացնելիս հատուկ առաջնություն է տրվում առավել թույլ զարգացած Անդամ երկրներին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առավել թույլ զարգացած երկրների` համաձայնեցված հատուկ պարտավորություններ ընդունելիս ունեցած լուրջ դժվարություններին` ելնելով նրանց տնտեսական առանձնահատուկ իրավիճակից և զարգացման, առևտրային ու ֆինանսական կարիքներից:

 

ՀՈԴՎԱԾ 5
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագիրն իր Անդամներից որևէ մեկին չի արգելում որևէ համաձայնագիր կնքել կամ լինել այնպիսի համաձայնագրի կողմ, որով ազատականացվում է այդ համաձայնագրի կողմերի մեջ կամ դրանց միջև ծառայությունների առևտուրը, եթե այդ համաձայնագիրը.

ա) ոլորտների էական ընդգրկում ունի143, և

__________________________________________

143 Սույն պայմանը հասկացվում է ոլորտների քանակի, ազդեցություն կրող առևտրի ծավալի և մատուցման եղանակների առումով: Սույն պայմանը բավարարելու համար համաձայնագրերը մատուցման որևէ եղանակի չհիմնավորված բացառություն չպետք է նախատեսեն:

 

բ) այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին կամ էլ խելամիտ ժամկետների հիման վրա նախատեսում է «ա» ենթակետով ընդգրկված ոլորտներում կողմերի մեջ կամ դրանց միջև` 17 հոդվածի իմաստով բոլոր տեսակի խտրականությունների բացակայություն կամ վերացում`

i) գոյություն ունեցող խտրական միջոցների վերացման միջոցով, և/կամ

ii) նոր կամ ավելի խտրական միջոցների արգելման միջոցով, բացառությամբ` 11, 12, 14, 14bis հոդվածների համաձայն թույլատրված միջոցների:

2. 1«բ» կետով սահմանված պայմանների բավարարված լինելը գնահատելիս, կարող է հաշվի առնվել համաձայնագրի կապը խնդրո առարկա երկրների միջև տնտեսական միասնականացման ավելի լայն գործընթացի կամ առևտրի ազատականացման հետ:

3. ա) Եթե զարգացող երկրները 1-ին կետում հիշատակված կարգի համաձայնագրի կողմեր են, ապա 1-ին կետում, հատկապես դրա «բ» ենթակետում շարադրված պայմանների պահպանման համար ճկունություն է նախատեսվում` խնդրո առարկա երկրների ինչպես համընդհանուր, այնպես էլ առանձին ոլորտներում ու ենթաոլորտներում ունեցած զարգացման մակարդակին համապատասխան:

բ) Անկախ 6-րդ կետից, եթե 1-ին կետում հիշատակված կարգի համաձայնագիրն ընդգրկում է միայն զարգացող երկրներ, ապա կարող է ավելի բարենպաստ մոտեցում շնորհվել այդ համաձայնագրի կողմերի ֆիզիկական անձանց պատկանող կամ դրանց կողմից վերահսկվող իրավաբանական անձանց:

4. 1-ին կետում հիշատակված ցանկացած համաձայնագիր կոչված է նպաստելու համաձայնագրի կողմերի միջև առևտրին, և համաձայնագրին չմիացած որևէ Անդամի առնչությամբ համապատասխան ոլորտներում ու ենթաոլորտներում չի բարձրացնում ծառայությունների առևտրի արգելքների համընդհանուր մակարդակը` համեմատած նախքան այդ համաձայնագիրը կիրառվող մակարդակի հետ:

5. Եթե 1-ին կետով սահմանված որևէ համաձայնագրի կնքման, ընդլայնման կամ նշանակալի փոփոխության ժամանակ որևէ Անդամ նախատեսում է որևէ հատուկ պարտավորություն հանել կամ փոփոխել, ինչը չի համապատասխանում իր ժամանակացանկով սահմանված պայմաններին, ապա Անդամ առնվազն 90 օր առաջ նախնական ծանուցում է ներկայացնում այդ փոփոխության կամ հանման մասին, և կիրառվում է 21 հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ընթացակարգը:

6. Որևէ այլ Անդամի ծառայություն մատուցողը, որն 1-ին կետում հիշատակված համաձայնագրի կողմի օրենքների համաձայն հիմնադրված իրավաբանական անձ է, այդ համաձայնագրով նախատեսված մոտեցում ստանալու իրավունք է ձեռքբերում, եթե այդ համաձայնագրի կողմերի տարածքում ներգրավված է ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեության մեջ:

7. ա) Անդամները, որոնք 1-ին կետում հիշատակված որևէ համաձայնագրի կողմեր են, Ծառայությունների առևտրի խորհրդին շտապ կարգով ծանուցում են ցանկացած այդպիսի համաձայնագրի, և այդ համաձայնագրի ցանկացած ընդլայնման կամ որևէ նշանակալի փոփոխության մասին: Նրանք Խորհրդի համար մատչելի են դարձնում նաև այնպիսի համապատասխան տեղեկություններ, որոնք կարող է վերջինս պահանջել: Խորհուրդը կարող է աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի վերջինս քննության առնի այդ համաձայնագիրը, կամ այդ համաձայնագրի ընդլայնումը կամ փոփոխությունը և Խորհրդին զեկուցի սույն հոդվածին դրա համապատասխանության մասին:

բ) Անդամները, որոնք 1-ին կետում հիշատակված որևէ այնպիսի համաձայնագրի կողմեր են, որն իրականացվում է ժամկետների հիման վրա, Ծառայությունների առևտրի խորհրդին պարբերաբար զեկուցում են դրա իրականացման մասին: Խորհուրդը կարող է այդ զեկույցները քննության առնելու համար աշխատանքային խումբ ստեղծել, եթե այդպիսի աշխատանքային խումբն անհրաժեշտ է համարում:

գ) Հիմնվելով «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատանքային խմբերի զեկույցների վրա` Խորհուրդը կարող է այնպիսի հանձնարարականներ տալ կողմերին, ինչպիսիք նպատակահարմար է համարում:

Անդամը, որն 1-ին կետում հիշատակված որևէ համաձայնագրի կողմ է, չի կարող փոխհատուցում պահանջել առևտրային օգուտների համար, որոնք որևէ այլ Անդամ կարող է ստանալ այդ համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 5 BIS
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

Սույն Համաձայնագիրն իր Անդամներից որևէ մեկին չի խոչընդոտում այնպիսի մի համաձայնագրի կողմ լինել, որով այդ համաձայնագրի կողմերի մեջ կամ դրանց միջև աշխատանքի շուկաների լիարժեք միասնականացում144 է ստեղծվում, եթե այդ համաձայնագիրը.

_________________________________________

144 Սովորաբար այդպիսի միասնականացումը խնդրո առարկա կողմերի քաղաքացիների համար նախատեսվում է կողմերի աշխատուժի շուկաներ ազատ մուտքի իրավունք և միջոցներ է ընդգրկում վարձատրության պայմանների, աշխատանքի և սոցիալական ապահովման այլ պայմանների վերաբերյալ:

 

ա) համաձայնագրի կողմերի քաղաքացիներին ազատում է բնակությանը և աշխատանքի թույլտվությանը վերաբերող պահանջներից,

բ) ծանուցվել է Ծառայությունների առևտրի խորհրդին:

 

ՀՈԴՎԱԾ 6
ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ այն ոլորտներում, որտեղ հատուկ պարտավորություններ են ստանձնվել, ծառայությունների առևտրի վրա ազդող ընդհանուր կիրառման բոլոր միջոցներն իրականացվեն պատշաճ, անաչառ և անկողմնակալ ձևով:

2. ա) Յուրաքանչյուր Անդամ պահպանում է կամ հնարավորին չափ շուտ ստեղծում է դատական, միջնորդական կամ վարչական ատյաններ կամ ընթացակարգեր, որոնցով նախատեսվում է ծառայությունների առևտրի վրա ազդեցություն ունեցող վարչական որոշումների շտապ վերաքննության անցկացում և արդարացված լինելու դեպքում դրանց նկատմամբ համապատասխան պաշտպանական միջոցների կիրառում` ծառայություններ մատուցող տուժողի պահանջով: Եթե այդ ընթացակարգերն անկախ չեն այն գործակալությունից, որն օժտված է տվյալ վարչական որոշման իրավասությամբ, ապա Անդամը երաշխավորում է, որ այդ ընթացակարգերով նախատեսվի փաստացիորեն անաչառ և անկողմնակալ վերաքննություն:

բ) «ա» ենթակետի դրույթները չեն մեկնաբանվում այնպես, թե Անդամից պահանջվում է այդպիսի ատյաններ կամ ընթացակարգեր հաստատել, երբ դա անհամապատասխան կլիներ նրա սահմանադրական կառուցվածքին կամ իրավական համակարգի բնույթին:

3. Եթե թույլտվություն է պահանջվում որևէ ծառայություն մատուցելու համար, որի վերաբերյալ հատուկ պարտավորություն է ստանձնած, ապա Անդամի իրավասու մարմինը ներքին օրենքների և կանոնակարգերի համաձայն լիարժեք համարվող դիմումը ներկայացվելուց հետո` պատշաճ ժամանակահատվածի ընթացքում դիմողին տեղեկացնում է դիմումի վերաբերյալ կայացված որոշման մասին: Դիմողի պահանջով իրավասու մարմինն առանց անհարկի հետաձգման տեղեկատվություն է տրամադրում դիմումի կարգավիճակի վերաբերյալ:

4. Նպատակ ունենալով ապահովել, որ որակավորման պահանջներին և ընթացակարգերին, տեխնիկական ստանդարտներին և լիցենզավորման պահանջներին վերաբերող միջոցներն ավելորդ խոչընդոտներ չեն առաջացնում ծառայությունների առևտրի համար, Ծառայությունների առևտրի խորհուրդը` համապատասխան մարմինների միջոցով, որոնք ինքը կարող է ստեղծել, մշակում է ցանկացած անհրաժեշտ հիմնադրույթներ: Այդ հիմնադրույթների նպատակն է երաշխավորել, որ այդ պահանջները, մասնավորապես.

ա) հիմնված լինեն այնպիսի անաչառ ու թափանցիկ չափանիշների վրա, ինչպիսիք են իրազեկությունն ու ծառայությունը մատուցելու կարողությունը,

բ) ավելի բարդ չլինեն, քան անհրաժեշտ է ծառայության որակը երաշխավորելու համար,

գ) լիցենզավորման ընթացակարգերի դեպքում, ինքնին սահմանափակում չլինեն ծառայությունների մատուցման համար:

5. ա) Այն ոլորտներում, որտեղ Անդամը հատուկ պարտավորություններ է ստանձնել, այդ Անդամը, մինչև այդ ոլորտներում 4-րդ կետի համաձայն մշակած հիմնադրույթներն ուժի մեջ մտնելը, լիցենզավորման ու որակավորման պահանջներ և տեխնիկական ստանդարտներ չի կիրառում, որոնք վերացնում կամ նվազեցնում են այդ հատուկ պարտավորություններն այնպիսի ձևով, որը

i) չի համապատասխանում 4 «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված չափանիշներին,

ii) չէր կարող պատճառաբանված կերպով ակնկալվել այդ Անդամից` այդ ոլորտներում հատուկ պարտավորությունները ստանձնելու պահին:

բ) Անդամի կողմից 5«ա» կետով սահմանված պարտավորության պահպանումը որոշելիս հաշվի է առնվում միջազգային համապատասխան կազմակերպությունների145 միջազգային այն ստանդարտները, որոնք այդ Անդամը կիրառում է:

__________________________________________

145 «Միջազգային համապատասխան կազմակերպություններ» արտահայտությունը վերաբերում է այն միջազգային մարմիններին, որոնց անդամակցությունն ազատ է ԱՀԿ առնվազն բոլոր Անդամների համապատասխան մարմինների համար:

 

6. Այն ոլորտներում, որտեղ հատուկ պարտավորություններ են ստանձնվել մասնագիտական ծառայությունների վերաբերյալ, յուրաքանչյուր Անդամ համապատասխան ընթացակարգեր է նախատեսում որևէ այլ Անդամի մասնագետների իրազեկությունը ստուգելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7
ՃԱՆԱՉՈՒՄ

 

1. Ծառայություններ մատուցողների թույլտվությանը, լիցենզավորմանը կամ հավաստագրմանը վերաբերող իր ստանդարտները կամ չափանիշները ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելու նպատակով և հաշվի առնելով 3-րդ կետով սահմանված պահանջները` Անդամը կարող է ճանաչել առանձին երկրում ձեռք բերված կրթությունը կամ փորձը, կատարված պահանջները կամ տրված լիցենզիաները կամ հավաստագրերը: Այդպիսի ճանաչումը, որին կարելի է հասնել ներդաշնակեցմամբ կամ որևէ այլ եղանակով, կարող է հիմնված լինել խնդրո առարկա երկրի հետ համաձայնագրի կամ համաձայնության վրա կամ կարող է շնորհվել ինքնուրույնաբար:

2. Անդամը, որն 1-ին կետում նշված կարգի համաձայնագրի կամ համաձայնության (գոյություն ունեցող է դա, թե ապագա) կողմ է, այլ շահագրգիռ Անդամներին բավարար հնարավորություն է տալիս բանակցելու այդ համաձայնագրին կամ համաձայնությանն իրենց անդամակցության համար, կամ էլ բանակցելու մի այնպիսինի համար, որը համեմատելի է դրա հետ: Եթե որևէ Անդամն ինքնուրույն ճանաչում է շնորհում, ապա ցանկացած այլ Անդամին բավարար հնարավորություն է տալիս ապացուցելու, որ այդ այլ Անդամի տարածքում ձեռք բերված կրթությունը, փորձը, լիցենզիաները կամ հավաստագրերը, կամ կատարված պահանջները պետք է ճանաչվեն:

3. Անդամը ճանաչում չի շնորհում այնպիսի եղանակով, որը երկրների միջև խտրություն դնելու միջոց կհանդիսանա` ծառայություններ մատուցողներին թույլտվություն տալու, լիցենզավորելու կամ հավաստագրելու իր ստանդարտների կամ չափանիշների կիրառման հարցում, կամ որը քողարկված սահմանափակում կհանդիսանա ծառայությունների առևտրի համար:

4. Յուրաքանչյուր Անդամ`

ա) իր համար ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում Ծառայությունների առևտրի խորհրդին տեղեկացնում է իր` ճանաչման գոյություն ունեցող միջոցների մասին և նշում է, թե արդյոք այդ միջոցները հիմնված են 1-ին կետում հիշատակված կարգի համաձայնագրերի կամ համաձայնությունների վրա,

բ) Ծառայությունների առևտրի խորհրդին շտապ կարգով, հնարավորին չափ նախօրոք տեղեկացնում է 1-ին կետում հիշատակված կարգի համաձայնագրի կամ համաձայնության վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, որպեսզի որևէ այլ Անդամի համապատասխան հնարավորություն տրվի` բանակցություններին մասնակցելու իր շահագրգռության մասին նշել մինչ բանակցությունները հիմնական փուլ մտնելը,

գ) Ծառայությունների առևտրի խորհրդին շտապ կարգով, տեղեկացնում է ճանաչման նոր միջոցներ ընդունելու կամ գոյություն ունեցողների մեջ զգալի փոփոխություն կատարելու մասին և նշում է, թե արդյոք այդ միջոցները հիմնված են 1-ին կետում հիշատակված կարգի համաձայնագրի կամ համաձայնության վրա:

5. Հարկ եղած դեպքում, ճանաչումը հիմնված լինի բազմակողմ կերպով համաձայնեցված չափանիշների վրա: Հարկ եղած դեպքերում Անդամները համապատասխան միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցելով աշխատում են ճանաչման վերաբերյալ ընդհանուր միջազգային ստանդարտների ու չափանիշների, և համապատասխան ծառայությունների գործարար ու մասնագիտական գործելակերպի վերաբերյալ ընդհանուր միջազգային ստանդարտների ստեղծման և ընդունման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8
ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ իր տարածքում որևէ մենաշնորհային ծառայության մատուցող համապատասխան շուկայում մենաշնորհային ծառայություն մատուցելիս չգործի այնպիսի ձևով, որն անհամապատասխան է այդ Անդամի` 2 հոդվածով ու հատուկ պարտավորություններով սահմանված պարտավորություններին:

2. Եթե որևէ Անդամի մենաշնորհային մատուցողը, որն այդ Անդամի հատուկ պարտավորությունների առարկա է, ուղղակիորեն կամ էլ փոխկապակցված ընկերության միջոցով մրցում է իր մենաշնորհային իրավունքների շրջանակներից դուրս գտնվող ծառայությունների մատուցման մեջ, ապա Անդամն ապահովում է, որ այդ մատուցողը չշահագործի իր մենաշնորհային դիրքն այնպես, որ իր տարածքում գործի այդ պարտավորություններին անհամապատասխան ձևով:

3. Ծառայությունների առևտրի խորհուրդը կարող է որևէ Անդամի պահանջով, որը հիմք ունի ենթադրելու, որ ցանկացած այլ Անդամի ծառայությունների մենաշնորհային մատուցողը գործում է 1-ին և 2-րդ կետերին անհամապատասխան ձևով, պահանջել այն Անդամից, որը ստեղծել, պահպանել կամ թույլտվություն է տվել այդ մատուցողին, հատուկ տեղեկատվություն ներկայացնել համապատասխան գործողությունների վերաբերյալ:

4. Եթե ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո որևէ Անդամ մենաշնորհային իրավունքներ է շնորհում իր հատուկ պարտավորություններով ընդգրկված ծառայության մատուցման համար, ապա այդ Անդամն այդ մասին Ծառայությունների առևտրի խորհրդին ծանուցում է ոչ ուշ, քան նախատեսվող մենաշնորհային իրավունքները շնորհելուց երեք ամիս առաջ, և կիրառվում են 21 հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

5. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև ծառայությունների բացառիկ մատուցողների դեպքում, երբ Անդամը պաշտոնապես կամ գործնականում. ա) թույլատրում կամ ստեղծում է փոքր թվով ծառայություն մատուցողներ, և բ) էականորեն կանխարգելում է իր տարածքում այդ մատուցողների միջև մրցակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 9
ԳՈՐԾԱՐԱՐ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ

 

1. Անդամներն ընդունում են, որ ծառայություններ մատուցողների որոշ գործարար գործելակերպեր, որոնք այլ են, քան 8 հոդվածի տակ ընկնողները, կարող են կաշկանդել մրցակցությունն ու դրանով սահմանափակել ծառայությունների մատուցումը:

2. Յուրաքանչյուր Անդամ որևէ այլ Անդամի պահանջով խորհրդակցություններ է սկսում` նպատակ ունենալով վերացնել 1-ին կետում նշված գործելակերպերը: Անդամը, որին ուղղված է պահանջը, լիարժեք ու բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում այդ պահանջի նկատմամբ և համագործակցում է` քննարկվող հարցին առնչվող հասարակայնորեն մատչելի ոչ գաղտնի տեղեկություններ տրամադրելու միջոցով: Անդամը, որին ուղղված է պահանջը, պահանջ ներկայացնող Անդամին տրամադրում է նաև մատչելի այլ տեղեկություններ պահպանելով իր ներքին օրենքներն ու կնքելով բավարար համաձայնագիր պահանջ ներկայացնող Անդամի կողմից իր գաղտնիությունը պաշտպանելու վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 10
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Պաշտպանական արտակարգ միջոցների վերաբերյալ անց են կացվում բազմակողմ բանակցություններ, որոնք հիմնված են առանց խտրականության սկզբունքի վրա: Այդ բանակցությունների արդյունքները ուժի մեջ են մտնում ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարի հետո:

2. 1-ին կետում նշված բանակցությունների արդյունքներն ուժի մեջ մտնելուց առաջ ընկած ժամանակահատվածում ցանկացած Անդամ կարող է, անկախ 21 հոդվածի 1-ին կետի դրույթներից, Ծառայությունների առևտրի խորհրդին ծանուցել հատուկ պարտավորությունը փոփոխելու կամ հանելու իր մտադրության մասին` պարտավորությունն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո, եթե Անդամը Խորհրդի առջև պատճառաբանում է, որ փոփոխությունը կամ հանումը չի կարող հետաձգվել մինչև 21 հոդվածի 1-ին կետով նախատեսված` երեք տարվա ժամկետի ավարտը:

3. 2-րդ կետի դրույթների կիրառությունը դադարում է ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարի հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

 

1. Անդամը սահմանափակումներ չի կիրառում իր հատուկ պարտավորություններին վերաբերող ընթացիկ գործարքների համար կատարվող միջազգային փոխանցումների և վճարումների նկատմամբ, բացառությամբ 12 հոդվածով նախատեսված հանգամանքներից:

2. Սույն Համաձայնագիրը ոչնչով չի ազդում Արժույթի միջազգային հիմնադրամի անդամների այն իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք սահմանված են Հիմնադրամի համաձայնագրի հոդվածներով, ներառյալ` արտարժութային գործողությունները, որոնք համապատասխանում են համաձայնագրի հոդվածներին, եթե Անդամը դրամամիջոցների գործարքների վրա սահմանափակումներ չի դնում, որոնք անհամապատասխան են այդ գործարքներին վերաբերող իր հատուկ պարտավորությունների հետ, բացառությամբ 12-րդ հոդվածի կամ Հիմնադրամի պահանջի համաձայն դրվողներից:

 

ՀՈԴՎԱԾ 12
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

 

1. Վճարային հաշվեկշիռը ու արտաքին ֆինանսական լուրջ դժվարությունների կամ դրանց վտանգի դեպքում Անդամը կարող է սահմանափակումներ ընդունել կամ պահպանել այն ծառայությունների առևտրի նկատմամբ, որոնց վերաբերյալ հատուկ պարտավորություններ է ստանձնել, ներառյալ` այդ պարտավորություններին առնչվող ընթացիկ գործարքների համար կատարվող փոխանցումների և վճարումների նկատմամբ: Ընդունվում է, որ տնտեսական զարգացման ընթացքում կամ տնտեսական անցումային շրջանում Անդամի վճարային հաշվեկշռի վրա առանձին ճնշումներ կարող են սահմանափակումների կիրառման անհրաժեշտություն առաջացնել` մասնավորապես տնտեսական զարգացման կամ տնտեսական անցման իր ծրագրի իրականացման համար բավարար ֆինանսական պահուստի մակարդակի պահպանումն ապահովելու համար:

2. 1-ին կետում հիշատակված սահմանափակումները`

ա) խտրականություն չեն դնում Անդամների միջև,

բ) համապատասխանում են Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին,

գ) խուսափում են որևէ այլ Անդամի առևտրային, տնտեսական և ֆինանսական շահերին անհիմն վնաս պատճառելուց,

դ) չեն գերազանցում այն սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են 1-ին կետում նկարագրված հանգամանքների հետ գործ ունենալիս,

ե) ժամանակավոր են և աստիճանաբար վերացվում են 1-ին կետում հատկորոշված իրավիճակի բարելավման հետ մեկտեղ:

3. Այդ սահմանափակումների ազդեցության ոլորտը որոշելիս Անդամները կարող են առաջնություն տալ այն ծառայությունների մատուցմանը, որոնք ավելի էական են իրենց տնտեսական կամ զարգացման ծրագրերի համար: Այնուամենայնիվ, այդ սահմանափակումները չեն ընդունվում կամ պահպանվում ծառայության ոլորտ հովանավորելու նպատակով:

4. 1-ին կետի համաձայն ընդունված կամ պահպանված ցանկացած սահմանափակում կամ էլ դրանցում կատարած ցանկացած փոփոխություն շտապ կարգով ծանուցվում է Գլխավոր խորհրդին:

5. ա) Սույն հոդվածի դրույթները կիրարկող Անդամները Վճարումների հաշվեկշռի սահմանափակումների կոմիտեի հետ շտապ կարգով խորհրդակցում են սույն հոդվածի համաձայն ընդունված սահմանափակումների վերաբերյալ:

բ) Նախարարների համաժողովն ընթացակարգեր146 է ստեղծում պարբերաբար տեղի ունեցող խորհրդակցությունների համար` նպատակ ունենալով խնդրո առարկա Անդամին այնպիսի հանձնարարականներ տալու հնարավորություն ստեղծել ինչպիսիք ինքը նպատակահարմար կգնի:

__________________________________

146 Հասկացվում է, որ 5-րդ կետով ամրագրված ընթացակարգերը նույն են, ինչ ՄԱԳՀ-1994-ով սահմանված ընթացակարգերը:

 

գ) Այդ խորհրդակցություններում գնահատվում են խնդրո առարկա Անդամի վճարային հաշվեկշռի իրավիճակը և սույն հոդվածի համաձայն ընդունված կամ պահպանված սահմանափակումները` այլոց թվում հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են.

i) վճարումների հաշվեկշռի և ֆինանսական արտաքին դժվարությունների բնույթն ու չափը,

ii) խորհրդակցող Անդամի արտաքին տնտեսական և առևտրային միջավայրը,

iii) այլընտրանքային շտկիչ միջոցները, որոնք կարող են մատչելի լինել:

դ) Խորհրդակցություններում դիտարկվում են ցանկացած սահմանափակումների համապատասխանությունը 2-րդ կետին, մասնավորապես 2 «ե» կետի համաձայն սահմանափակումների աստիճանական վերածումը:

ե) Այդ խորհրդակցությունների ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած վիճակագրական և այլ փաստերի վերաբերյալ բոլոր հայտնաբերումները, որոնք վերաբերում են արտարժույթին, դրամական պահուստներին և վճարային հաշվեկշռին, ընդունվում են, իսկ եզրակացությունները հիմնվում են խորհրդակցող Անդամի վճարային հաշվեկշռի և ֆինանսական արտաքին իրավիճակի` Հիմնադրամի տված գնահատականի վրա:

6. Եթե Անդամը, որն Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ չէ, ցանկանում է կիրարկել սույն հոդվածի դրույթները, ապա Նախարարների համաժողովը վերաքննության և ցանկացած այլ անհրաժեշտ ընթացակարգեր է ստեղծում:

 

ՀՈԴՎԱԾ 13
ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ

 

1. 2, 16 և 17 հոդվածները չեն վերաբերում այն օրենքներին, կանոնակարգերին կամ պահանջներին, որոնք ղեկավարում են պետական գործակալությունների կողմից ծառայությունների գնումները, որոնք կատարվում են կառավարական նպատակներով, այլ ոչ թե առևտրային վերավաճառքի կամ առևտրային վաճառքի համար ծառայություններ մատուցելիս օգտագործելու նպատակով:

2. ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 2 տարվա ընթացքում, ըստ սույն Համաձայնագրի անց են կացվում բազմակողմ բանակցություններ ծառայությունների պետական գնումների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 14
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հաշվի առնելով այն պահանջը, որ այդ միջոցները չեն կիրառվում այնպիսի նպատակով, որը կարող է նման պայմաններում գտնվող երկրների միջև կամայական կամ չարդարացված խտրականություն առաջացնել, կամ ծառայությունների առևտրի համար քողարկված սահմանափակում հանդիսանալ, սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չի մեկնաբանվում այնպես, թե որևէ Անդամի արգելում է այնպիսի միջոցներ ընդունել կամ կիրարկել, որոնք.

ա) անհրաժեշտ են հասարակական բարքերը պաշտպանելու կամ հասարակական կարգը147 պահպանելու համար,

__________________________________

147 Հասարակական կարգին վերաբերող բացառությանը կարելի է դիմել միայն այն դեպքում, երբ հասարակության հիմնական շահերից որևէ մեկին իրական և բավականին լուրջ վտանգ է սպառնում:

 

բ) անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար,

գ) անհրաժեշտ են այն օրենքների կամ կանոնակարգերի հետ համապատասխանությունը ապահովելու համար, որոնք անհամապատասխան չեն սույն Համաձայնագրի դրույթներին, ներառյալ նրանք, որոնք վերաբերում են`

i) շփոթեցնող և խարդախ գործելակերպերի կանխարգելմանը կամ ծառայությունների վերաբերյալ պարտավորագրերի վրա պարտազանցման ազդեցությունների կարգավորմանը,

ii) անձանց գաղտնիքների պաշտպանությանը` կապված անձնական տվյալների վերամշակման և տարածման հետ, և անձնական կենսագրական տվյալների և հաշիվների գաղտնիության պաշտպանությանը,

iii) անվտանգությանը,

դ) չեն համապատասխանում 17 հոդվածին, ընդ որում` մոտեցման մեջ տարբերությունը նպատակ ունի ապահովելու այլ Անդամների ծառայությունների կամ ծառայություն մատուցողների նկատմամբ ուղղակի հարկերի անաչառ կամ արդյունավետ148 կիրառումն կամ հավաքումը:

____________________________________________

148 Այն միջոցները, որոնք նպատակ ունեն ուղղակի հարկերի անաչառ և արդյունավետ կիրառում և հավաքում ապահովել, ընդգրկում են Անդամի` իր հարկային համակարգի համաձայն ձեռնարկած միջոցներ, որոնք`

i) կիրառվում են ոչ մշտաբնակ ծառայություն մատուցողների նկատմամբ` այն փաստի ճանաչմամբ, որ ոչ մշտաբնակների հարկային պարտավորությունը որոշվում է հարկման ենթակա այն տարրերի առնչությամբ, որոնք ծագել կամ գտնվում են Անդամի տարածքում, կամ

ii) կիրառվում են ոչ մշտաբնակների նկատմամբ` Անդամի տարածքում կիրառումը կամ հավաքումն ապահովելու համար, կամ

iii) կիրառվում են ոչ մշտաբնակների կամ մշտաբնակների նկատմամբ` հարկերից խուսափումը կամ խուսանավումը կանխարգելելու համար, ներառյալ` համապատասխանեցման միջոցները, կամ

iv) կիրառվում են մեկ այլ Անդամի տարածքում կամ տարածքից մատուցած ծառայություններ սպառողների նկատմամբ` այդ սպառողների նկատմամբ Անդամի տարածքում գտնվող աղբյուրներից ծագած հարկերի կիրառումն ու հավաքումն ապահովելու համար, կամ

v) տարբերակում են այնպիսի ծառայություններ մատուցողներին, որոնք հարկման ենթակա են աշխարհով մեկ տարածված հարկման ենթակա տարրերի համար, և այլ ծառայություն մատուցողներին` ընդունելով դրանց միջև հարկային հիմքի բնույթների տարբերությունը, կամ

vi) Անդամի հարկային հիմքը պաշտպանելու նպատակով սահմանում, բաշխում կամ բաժանում են մշտաբնակ անձանց կամ մասնաճյուղերի եկամուտը, շահույթը, օգուտը, կորուստը, հանուրդը կամ վարկը, կամ դրանք բաշխում կամ բաժանում են փոխկապակցված անձերի կամ միևնույն անձի մասնաճյուղերի միջև:

 

14-րդ հոդվածի «դ» կետում, ինչպես նաև սույն ծանոթագրության մեջ նշված հարկային անվանումներն ու հասկացությունները որոշվում են միջոցը ձեռնարկող Անդամի ներքին օրենսդրությամբ սահմանված հարկային սահմանումների և հասկացությունների կամ համարժեք կամ համանման սահմանումների և հասկացությունների համաձայն:

 

ե) չեն համապատասխանում 2 հոդվածին, ընդ որում` մոտեցման մեջ տարբերությունը կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրի կամ ցանկացած այլ միջազգային համաձայնագրի կամ համաձայնության, որով Անդամը կապված է, կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ դրույթների արդյունք է:

 

ՀՈԴՎԱԾ 14 BIS
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՉԻՆՉ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՎՈՒՄ, ԹԵ`

 

1. Սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չի մեկնաբանվում, թե

ա) Անդամից պահանջում է, որ այն որևէ տեղեկություն տրամադրի, որի բացահայտումը համարում է իր անվտանգության էական շահերին հակասող, կամ

բ) Անդամին արգելում է որևէ գործողություն ձեռնարկել, որն այն անհրաժեշտ է համարում իր անվտանգության էական շահերը պաշտպանելու համար, որը.

i) վերաբերում է ծառայությունների մատուցմանը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարվում է զինված ուժերը մատակարարելու նպատակով,

ii) վերաբերում է միջուկային տրոհման ընդունակ նյութերին, որոնցից դրանք ստացվել են,

iii) որը ձեռնարկված է պատերազմի կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակների ժամանակ, կամ`

գ) Անդամին արգելում է որևէ գործողություն ձեռնարկել` ի կատարումն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ սահմանված միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար իր պարտավորությունների:

2. Ծառայությունների առևտրի խորհուրդը հնարավորին չափ լիարժեքորեն տեղեկացվում է 1«բ» և «գ» կետերի համաձայն ձեռնարկված միջոցների և դրանց դադարեցման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 15
ԼՐԱՎՃԱՐՆԵՐ

 

1. Անդամներն ընդունում են, որ որոշ դեպքերում լրավճարները կարող են խաթարող ազդեցություն ունենալ ծառայությունների առևտրի վրա: Անդամները բանակցություններ են սկսում` նպատակ ունենալով առևտրի վրա այդպիսի խաթարող ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ բազմակողմ հիմնադրույթներ մշակել149: Բանակցություններում դիտարկվում է նաև փոխհատուցման ընթացակարգերի նպատակահարմարության հարցը: Այդ բանակցությունները ճանաչում են լրավճարների դերը զարգացող երկրների զարգացման ծրագրերի հարցում և հաշվի են առնում Անդամների, հատկապես զարգացող Անդամ երկրների կարիքներն այդ ոլորտում ճկունություն ունենալու առումով: Այդ Բանակցությունների նպատակով Անդամները տեղեկություններ են փոխանակում ծառայությունների առևտրին առնչվող բոլոր լրավճարների մասին, որոնք նրանք տրամադրում են իրենց ներքին ծառայություններ մատուցողներին:

________________________________________

149 Ապագա աշխատանքային ծրագրով պետք է որոշվի, թե ինչպես և ինչ ժամկետներում կանցկացվեն այդ բազմակողմ հիմնադրույթների վերաբերյալ բանակցությունները:

 

2. Որևէ անդամ, որը համարում է, որ վնասակար ազդեցության է ենթարկվել այլ Անդամի լրավճարի հետևանքով, կարող է այդ Անդամի հետ խորհրդակցություններ պահանջել այդ հարցերի շուրջ: Այդ պահանջների նկատմամբ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերվում:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 16
ՇՈՒԿԱՅԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

1. 1-ին հոդվածում հատկանշված մատուցման եղանակների միջոցով շուկայի մատչելիության առնչությամբ յուրաքանչյուր Անդամ ցանկացած այլ Անդամի ծառայությունների և ծառայություններ մատուցողների նկատմամբ ցուցաբերում է ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն, որը նախատեսված է իր Ժամանակացանկում համաձայնեցված և հատկանշված ժամկետներով, սահմանափակումներով ու պայմաններով150:

_____________________________________

150 Եթե որևէ Անդամ շուկայի մատչելիության պարտավորություն է ստանձնում 1-ին հոդվածի 2«ա» ենթակետում հիշատակված մատուցման եղանակով ծառայության մատուցման կապակցությամբ, և եթե սահմանի վրայով գործարար միջոցների (կապիտալի) տեղաշարժն ինքնին ծառայության էական մաս է, ապա այդ Անդամը դրանով պարտավոր է թույլատրել գործարար միջոցների այդպիսի տեղաշարժը: Եթե որևէ Անդամ շուկայի մատչելիության պարտավորություն է ստանձնում 1-ին հոդվածի 2«գ» ենթակետում հիշատակված մատուցման եղանակով ծառայության մատուցման կապակցությամբ, ապա նա դրանով պարտավոր է թույլատրել համապատասխան գործարար միջոցների փոխանցումներն իր տարածք:

 

2. Այն ոլորտներում, որտեղ շուկայի մատչելիության պարտավորություններ են ստանձնված, այն միջոցները, որոնք Անդամը չպետք է պահպանի կամ ընդունի ոչ տարածքային ստորաբաժանման և ոչ էլ իր ամբողջ տարածքի հիմունքով, սահմանվում են հետևյալ կերպ, եթե այլ բան չի հատկանշված իր Ժամանակացանկում.

ա) ծառայություն մատուցողների քանակի սահմանափակումներ, լինի դա թվային քվոտաների, մենաշնորհների, ծառայության բացառիկ մատուցողների, թե տնտեսական անհրաժեշտության ստուգման պահանջների ձևով,

բ) ծառայությանը վերաբերող գործարքների կամ ունեցվածքի ընդհանուր արժեքի սահմանափակումներ թվային քվոտաների կամ տնտեսական անհրաժեշտության ստուգման պահանջի ձևով,

գ) ծառայությանը վերաբերող գործողությունների ընդհանուր թվի կամ ծառայության արդյունքի` հատկորոշված թվային միավորներով արտահայտած ընդհանուր քանակի սահմանափակումներ` քվոտաների կամ տնտեսական անհրաժեշտության ստուգման պահանջի ձևով151,

_________________________________________

151 2 «գ» ենթակետը չի ընդգրկում Անդամի այն միջոցները, որոնցով սահմանափակվում է ծառայություններ մատուցելու համար օգտագործվող ներդրանքը:

 

դ) այն ֆիզիկական անձանց ընդհանուր թվի սահմանափակումներ քվոտաների կամ տնտեսական անհրաժեշտության ստուգման պահանջի ձևով, ովքեր կարող են աշխատել ծառայության առանձին ոլորտում, կամ ում ծառայություն մատուցողը կարող է վարձել, և ովքեր անհրաժեշտ են որոշակի ծառայություն մատուցելու համար և ուղղակիորեն առնչվում են դրան,

ե) միջոցներ, որոնցով իրավաբանական անձի կամ համատեղ ձեռնարկության հատկանշված տեսակներ են արգելվում կամ պահանջվում, որոնց միջոցով ծառայություն մատուցողը կարող է ծառայություն մատուցել, և

զ) օտարերկրյա գործարար միջոցների (կապիտալի) մասնակցության սահմանափակումներ` օտարերկրյա բաժնետիրության վրա առավելագույն տոկոսային սահմանի կամ անհատական կամ ընդհանուր օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի առումով:

 

ՀՈԴՎԱԾ 17
ԱԶԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

 

1. Իր ժամանակացանկի մեջ ներգրաված ոլորտներում, հաշվի առնելով դրանում սահմանված ցանկացած պայմաններն ու վերապահումները, յուրաքանչյուր Անդամ ծառայությունների մատուցման վրա ազդող բոլոր միջոցների առնչությամբ որևէ այլ Անդամի ծառայությունների ու ծառայություն մատուցողների նկատմամբ ցուցաբերում է ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն, որն ինքը ցուցաբերում է իր սեփական նման ծառայությունների և ծառայություն մատուցողների նկատմամբ152:

___________________________________

152 Սույն հոդվածի համաձայն ստանձնված հատուկ պարտավորությունները չեն մեկնաբանվում, թե որևէ Անդամից պահանջում են փոխհատուցել մրցակցային որևէ ներհատուկ աննպաստության համար, որը համապատասխան ծառայությունների կամ ծառայություն մատուցողների օտարերկրյա լինելու հետևանք է:

 

2. Անդամը կարող է 1-ին կետի պահանջը կատարել` որևէ այլ Անդամի ծառայությունների և ծառայություն մատուցողների նկատմամբ ցուցաբերելով պաշտոնապես նույնական կամ պաշտոնապես տարբեր մոտեցում` համեմատած այն մոտեցման հետ, որն ինքը ցուցաբերում է իր սեփական նման ծառայությունների և ծառայություն մատուցողների նկատմամբ:

3. Պաշտոնապես նույնական կամ պաշտոնապես տարբեր մոտեցումը համարվում է պակաս բարենպաստ, եթե այն մրցակցության պայմանները փոխում է հօգուտ Անդամի ծառայությունների և ծառայություն մատուցողների` համեմատած որևէ այլ Անդամի նման ծառայությունների և ծառայություն մատուցողների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 18
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անդամները կարող են բանակցել ծառայությունների առևտրի վրա ազդող այն միջոցների առնչությամբ, որոնք 16 կամ 17 հոդվածների համաձայն ենթակա չեն ժամանակացանկում գրանցվելու, ներառյալ` վերապահումների, ստանդարտների կամ լիցենզավորման հարցերին վերաբերողները: Այդ պարտավորությունները գրանցվում են Անդամի ժամանակացանկում:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 19
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

 

1. Ի կատարումն սույն Համաձայնագրի նպատակների` Անդամները բանակցությունների հաջորդական փուլեր են անցկացնում, որոնք սկսվում են ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ տարի հետո, և դրանից հետո անցկացվում են պարբերաբար, նպատակ ունենալով հասնելու ազատականացման ավելի ու ավելի բարձր մակարդակի: Այդ բանակցություններն ուղղված են ծառայությունների առևտրի վրա միջոցների վնասակար ազդեցության նվազեցմանը կամ վերացմանը` որպես շուկայի արդյունավետ մատչելիություն ապահովելու միջոց: Այս գործընթացն իրականացվում է` նպատակ ունենալով փոխշահավետ հիմունքներով խթանելու բոլոր մասնակիցների շահերը և ապահովելու իրավունքների ու պարտավորությունների համընդհանուր հաշվեկշիռը:

2. Ազատականացման գործընթացը տեղի է ունենում` պատշաճորեն հաշվի առնելով ինչպես համընդհանուր, այնպես էլ առանձին ոլորտներում ազգային քաղաքականության նպատակները և առանձին Անդամների զարգացման աստիճանը: Զարգացող առանձին Անդամ երկրներ համապատասխան ճկունություն ունեն ավելի քիչ ոլորտներ բացելու, գործարքների ավելի քիչ տեսակներ ազատականացնելու, իրենց զարգացման իրավիճակի հետ համաքայլ` շուկայի մատչելիությունը աստիճանաբար ընդլայնելու և օտարերկրյա ծառայություն մատուցողների համար իրենց շուկաները մատչելի դարձնելիս այդ մուտքի համար այնպիսի պայմաններ դնելու, որոնց նպատակը 4 հոդվածում հիշատակված խնդիրներն իրագործելն է:

3. Յուրաքանչյուր փուլի համար սահմանվում են բանակցային ուղեցույցներ և ընթացակարգեր: Այդ ուղեցույցները սահմանելու նպատակով Ծառայությունների առևտրի խորհուրդն անց է կացնում ծառայությունների առևտրի ընդհանուր և ըստ ոլորտների գնահատում` վկայակոչելով սույն Համաձայնագրի նպատակները, ներառյալ` 4-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված նպատակները: Բանակցային ուղեցույցներով եղանակներ են սահմանվում Անդամների` նախկին բանակցություններից ի վեր ինքնուրույնաբար ձեռնարկած ազատականացման նկատմամբ մոտեցման համար, ինչպես նաև առավել թույլ զարգացած Անդամ երկրների նկատմամբ 4-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով սահմանված հատուկ մոտեցման համար:

4. Աստիճանական ազատականացման գործընթացը յուրաքանչյուր այդպիսի փուլում երկկողմ, բազմակողմ կամավոր կամ բազմակողմ պարտադիր բանակցությունների միջոցով առաջ է տարվում դեպի Անդամների` սույն Համաձայնագրի համաձայն ստանձնած հատուկ պարտավորությունների ընդհանուր մակարդակի բարձրացումը:

 

ՀՈԴՎԱԾ 20
ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑԱՆԿ

 

1. Յուրաքանչյուր Անդամ սույն Համաձայնագրի 3-րդ Գլխի համաձայն ստանձնած իր հատուկ պարտավորությունները շարադրում է Ժամանակացանկում: Այն ոլորտների առնչությամբ, որոնցում այդ պարտավորությունները ստանձնվել են, յուրաքանչյուր ժամանակացանկում նշվում է.

ա) շուկայի մատչելիությանը վերաբերող ժամկետները, սահմանափակումներն ու պայմանները,

բ) ազգային մոտեցմանը վերաբերող պայմաններն ու վերապահումները,

գ) լրացուցիչ պարտավորություններին վերաբերող հանձնառությունները,

դ) անհրաժեշտության դեպքում, այդ պարտավորությունների իրականացման ժամկետները, և

ե) այդ պարտավորություններն ուժի մեջ մտնելու օրը:

2. Այն միջոցները, որոնք չեն համապատասխանում ոչ 16 և ոչ էլ 17 հոդվածներին, գրանցվում են 16-րդ հոդվածին վերաբերող սյունակում: Այդ դեպքում համարվում է, որ գրանցմամբ պայման կամ վերապահում է սահմանվում նաև 17-րդ հոդվածի համար:

3. Հատուկ պարտավորությունների ժամանակացանկը կցվում է սույն Համաձայնագրին ու դրա անբաժանելի մասն է կազմում:

 

ՀՈԴՎԱԾ 21
Ժամանակացանկերի փոփոխում

 

1. ա) Անդամը (սույն հոդվածում հիշատակվում է որպես «փոփոխող Անդամ») կարող սույն հոդվածի դրույթների համաձայն իր ժամանակացանկում ցանկացած պարտավորություն փոփոխել կամ հանել` այդ պարտավորությունն ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարի անցնելուց հետո ցանկացած ժամանակ:

բ) Փոփոխող Անդամը Ծառայությունների առևտրի խորհրդին պարտավորությունը փոփոխելու կամ այն հանելու իր մտադրության մասին ծանուցում է փոփոխությունը կամ հանումն իրականացնելու ծրագրված օրվանից` ոչ ուշ, քան երեք ամիս առաջ:

2. ա) Փոփոխող Անդամը բանակցություններ է սկսում ցանկացած այն Անդամի պահանջով, որի, սույն Համաձայնագրով սահմանված օգուտները, կարող են տուժել 1«բ» ենթակետի համաձայն ծանուցված` առաջարկվող փոփոխության կամ հանման պատճառով (սույն հոդվածում հիշատակվում է որպես «տուժող Անդամ») նպատակ ունենալով համաձայնության հասնել ցանկացած անհրաժեշտ փոխհատուցողական կարգավորման վերաբերյալ: Այդ բանակցությունների ժամանակ ու համաձայնության մեջ, խնդրո առարկա Անդամները ձգտում են փոխշահավետ պարտավորությունների ընդհանուր մակարդակ պահպանել, որն առևտրի համար ոչ պակաս բարենպաստ է, քան այն, որ նախատեսված էր նախքան այդ բանակցությունները եղած հատուկ պարտավորությունների ժամանակացանկով:

բ) Փոխհատուցման կարգավորումները կատարվում են ազգերի առավել բարենպաստության հիմքով:

3. ա) Եթե փոփոխող Անդամն ու որևէ տուժող Անդամ համաձայնության չեն գալիս մինչև բանակցությունների համար նախատեսված ժամկետի վերջը, ապա այդ տուժող Անդամը կարող է գործը ներկայացնել միջնորդ դատարան: Ցանկացած տուժող Անդամ, որը ցանկանում է օգտվել այն իրավունքից, որին ինքը կարող է ունենալ փոխհատուցման առումով, պետք է մասնակցի միջնորդ դատավարությանը:

բ) Եթե ոչ մի տուժող Անդամ միջնորդ դատավարություն չի պահանջել, ապա փոփոխող Անդամն ազատ է իրականացնել առաջարկված փոփոխությունը կամ հանումը:

4. ա) Փոփոխող Անդամը չի կարող փոփոխել կամ հանել իր պարտավորությունները, քանի դեռ փոխհատուցողական կարգավորումներ չի կատարել միջնորդ դատարանի եզրակացությունների համաձայն:

բ) Եթե փոփոխող Անդամն իրականացնում է իր առաջարկած փոփոխությունը կամ հանումը և չի կատարում միջնորդ դատարանի եզրակացությունները, ապա միջնորդ դատավարությանը մասնակցած ցանկացած տուժող Անդամ կարող է այդ եզրակացությունների համաձայն էականորեն համարժեք օգուտներ փոփոխել կամ հանել: Անկախ 2 հոդվածից, այդ փոփոխությունը կամ հանումը կարող է իրականացվել միայն փոփոխող Անդամի նկատմամբ:

5. Ծառայությունների առևտրի խորհուրդն ստեղծում է Ժամանակացանկերի շտկման կամ փոփոխման ընթացակարգեր: Ցանկացած Անդամ, որը սույն հոդվածի համաձայն փոփոխել կամ հանել է ժամանակացանկում գրանցված պարտավորությունները, իր Ժամանակացանկը փոփոխում է այդ ընթացակարգերի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 5
ՍԱՀՄԱՆԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 22
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. Յուրաքանչյուր Անդամ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում այն նյութերի շուրջ խորհրդակցության նկատմամբ, որոնք ցանկացած այլ Անդամ կարող է ներկայացնել սույն Համաձայնագրի գործողության վրա ազդեցություն ունեցող ցանկացած հարցի առնչությամբ, և համապատասխան հնարավորություն է ընձեռում դրա համար: Վեճերի կարգավորման փոխհամաձայնությունը (ՎԿՓ) տարածվում է այդ խորհրդակցությունների վրա:

2. Ծառայությունների առևտրի խորհուրդը կամ Վեճերի կարգավորման մարմինը (ՎԿՄ) կարող է, ցանկացած Անդամի պահանջով, ցանկացած Անդամի կամ Անդամների հետ խորհրդակցել ցանկացած այն հարցի շուրջ, որի համար 1-ին կետի համաձայն անցկացված խորհրդակցության միջոցով հնարավոր չի եղել գոհացուցիչ լուծում գտնել:

3. Ոչ սույն հոդվածի և ոչ էլ 23 հոդվածի համաձայն Անդամը չի կարող դիմել 17 հոդվածին` կապված մեկ այլ Անդամի այն միջոցի հետ, որն ընկնում է կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ դրանց միջև եղած միջազգային համաձայնագրի շրջանակների մեջ: Այն դեպքում, երբ Անդամների միջև տարաձայնություն կա միջոցի իրենց միջև եղած այդ համաձայնագրի շրջանակների մեջ ընկնելու վերաբերյալ, յուրաքանչյուր Անդամ ազատ է այս հարցը ներկայացնել Ծառայությունների առևտրի խորհուրդ153: Խորհուրդը հարցը ներկայացնում է միջնորդ դատարան: Միջնորդ դատարանի որոշումը վերջնական է և Անդամներին պարտավորեցնող:

____________________________________

153 Կրկնակի հարկումից խուսափելու մասին այն համաձայնագրերի առնչությամբ, որոնք գոյություն են ունեցել ԱՀԿ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը, այդ հարցը կարող է Ծառայությունների առևտրի խորհուրդ ներկայացվել միայն այդ համաձայնագրի երկու կողմերի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 23
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՐԿՈՒՄ

 

1. Եթե որևէ Անդամ համարի, որ որևէ այլ Անդամ թերանում է կատարել սույն Համաձայնագրով սահմանված իր պարտականությունները կամ հատուկ պարտավորությունները, ապա նա կարող է դիմել ՎԿՓ-ի օգնությանը` հարցի փոխադարձ գոհացուցիչ լուծման հասնելու նպատակով:

2. Եթե ՎԿՄ-ն համարում է, որ հանգամանքները բավականաչափ լուրջ են այդ գործողությունն արդարացնելու համար, ապա կարող է ՎԿՓ-ի 22-րդ հոդվածի համաձայն` Անդամին կամ Անդամներին թույլատրել ժամանակավորապես դադարեցնել պարտականությունների և հատուկ պարտավորությունների կիրառումը ցանկացած այլ Անդամի կամ Անդամների նկատմամբ:

3. Եթե որևէ Անդամ համարում է, որ որևէ օգուտ, որն ինքը կարող էր խելամտորեն ակնկալել, որ իրեն կհասնի այլ Անդամի` սույն Համաձայնագրի 3-րդ Գլխով սահմանված հատուկ պարտավորության համաձայն, վերացվում կամ նվազեցվում է սույն Համաձայնագրի դրույթներին չհակասող որևէ միջոցի կիրառման հետևանքով, ապա նա կարող է դիմել ՎԿՓ-ի օգնությանը: Եթե ՎԿՄ-ն որոշում է, որ միջոցը վերացրել կամ նվազեցրել է օգուտը, ապա տուժող Անդամը փոխադարձ գոհացուցիչ կարգավորման իրավունք է ստանում 21 հոդվածի 2-րդ կետի հիման վրա, ինչը կարող է միջոցի փոփոխում կամ հանում ընդգրկել: Այն դեպքում, երբ խնդրո առարկա Անդամները համաձայնության չեն գալիս, կիրառվում է ՎԿՓ-ի 22-րդ հոդվածը:

 

ՀՈԴՎԱԾ 24
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1. Ծառայությունների առևտրի խորհուրդը կատարում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք իր վրա դրվել են սույն Համաձայնագրի գործողությանն ու դրա նպատակների իրագործմանը նպաստելու համար: Խորհուրդը կարող է այնպիսի օժանդակ մարմիններ ստեղծել, ինչպիսիք նպատակահարմար կգտնի իր գործառույթներն արդյունավետորեն կատարելու համար:

2. Խորհուրդը և, քանի դեռ Խորհուրդն այլ կերպ չի որոշել, դրա օժանդակ մարմինները բաց են բոլոր Անդամների ներկայացուցիչների մասնակցության համար:

3. Խորհրդի Նախագահն ընտրվում է Անդամների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 25
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. 4 հոդվածի 2-րդ կետում հիշատակված` հաղորդակցման կետերի ծառայությունները մատչելի են Անդամների` այդպիսի աջակցության կարիք ունեցող ծառայություն մատուցողների համար:

2. Քարտուղարությունը զարգացող երկրներին տեխնիկական աջակցություն է տրամադրում բազմակողմ մակարդակի վրա, իսկ դրա վերաբերյալ որոշումը կայացնում է Ծառայությունների առևտրի խորհուրդը:

 

ՀՈԴՎԱԾ 26
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գլխավոր խորհուրդը խորհրդակցության ու համագործակցության համար անհրաժեշտ պայմանավորվածություններ է ձեռք բերում Միավորված ազգերի կազմակերպության և դրա մասնագիտացված գործակալությունների, ինչպես նաև ծառայություններին առնչվող միջկառավարական այլ կազմակերպությունների հետ:

 

ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 27
ՕԳՈՒՏՆԵՐԻ ՄԵՐԺՈՒՄ

 

Անդամը կարող է մերժել սույն Համաձայնագրի օգուտների տրամադրման հարցում.

ա) ծառայության մատուցման առնչությամբ, եթե պարզում է, որ ծառայությունը մատուցվում է ոչ Անդամ երկրի տարածքից կամ տարածքում կամ այն Անդամի տարածքից կամ տարածքում, որի նկատմամբ մերժող Անդամը չի կիրառում ԱՀԿ Համաձայնագիրը,

բ) ծովային փոխադրումների ծառայության մատուցման դեպքում, եթե պարզում է, որ ծառայությունը մատուցվում է.

i) մի նավով, որը գրանցված է ոչ Անդամ երկրի օրենքների կամ այն Անդամի օրենքների համաձայն, որի նկատմամբ մերժող Անդամը չի կիրառում ԱՀԿ Համաձայնագիրը, և

ii) մի անձի կողմից, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն շահագործում և/կամ օգտագործում է նավը, որը, սակայն, պատկանում է այն Անդամ երկրի կամ պատկանում է մի Անդամի, որի նկատմամբ մերժող Անդամը չի կիրառում ԱՀԿ Համաձայնագիրը,

գ) ծառայություն մատուցող իրավաբանական անձին, եթե պարզում է, որ նա մեկ այլ Անդամի ծառայություն մատուցող չէ կամ այն Անդամի ծառայություն մատուցողն է, որի նկատմամբ մերժող Անդամը չի կիրառում ԱՀԿ Համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 28
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակներով`

ա) «միջոցներ» նշանակում է Անդամի ձեռնարկած ցանկացած միջոց, լինի դա օրենքի, կանոնակարգման, կանոնի, ընթացակարգի, որոշման, վարչական գործողության, կամ ցանկացած այլ տեսքով,

բ) «ծառայության մատուցում»-ն ընդգրկում է ծառայության արտադրությունը, բաշխումը, շուկայահանումը, վաճառքը և առաքումը,

գ) «Անդամների ձեռնարկած ծառայությունների առևտրի վրա ազդեցություն ունեցող միջոցներ»-ն ընդգրկում են միջոցներ, որոնք`

i) վերաբերում են ծառայության գնմանը, վճարմանը կամ օգտագործմանը,

ii) ծառայության մատուցման կապակցությամբ վերաբերում են այն ծառայությունների մատչելիությանը և օգտագործմանը, որոնք այդ Անդամները պահանջում են առաջարկել հասարակությանը,

iii) վերաբերում են Անդամի տարածքում ծառայություն մատուցելու նպատակով մեկ այլ Անդամի անձանց ներկայությանը, ներառյալ` առևտրային ներկայությանը,

դ) «առևտրային ներկայություն» նշանակում է ծառայություն մատուցելու նպատակով որևէ Անդամի տարածքում գործարար կամ մասնագիտական հաստատության ցանկացած տեսակ, որը ստեղծվել է` ներառյալ`

i) իրավաբանական անձի կազմավորման, ձեռքբերման կամ պահպանման միջոցով, կամ

ii) մասնաճյուղի կամ ներկայացուցչական գրասենյակի ստեղծման կամ պահպանման միջոցով,

ե) ծառայության «ոլորտ» նշանակում է`

i) հատուկ պարտավորության առնչությամբ` այդ ծառայության, մեկ, կամ ավելի կամ բոլոր ենթաոլորտները, ինչպես հատկորոշված է Անդամի Ժամանակացանկում,

ii) այլապես, այդ ծառայության ոլորտն ամբողջությամբ, ներառյալ` դրա բոլոր ենթաոլորտները,

զ) «այլ Անդամի ծառայություն» նշանակում է ծառայություն, որը մատուցվում է`

i) այդ այլ Անդամի տարածքից կամ տարածքում կամ` ծովային փոխադրման դեպքում, այդ այլ Անդամի օրենքների համաձայն գրանցված նավով կամ այդ այլ Անդամի անձի կողմից, որը ծառայությունը մատուցում է` նավը շահագործելու և(կամ) այն ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործելու միջոցով, կամ

ii) ծառայությունն առևտրային ներկայության կամ ֆիզիկական անձի ներկայության միջոցով մատուցելու դեպքում` այդ այլ Անդամի ծառայություն մատուցողի կողմից,

է) «ծառայություն մատուցող» նշանակում է որևէ անձ, որը ծառայություն է մատուցում154,

_____________________________________

154 Եթե ծառայությունն ուղղակիորեն իրավաբանական անձը չի մատուցում, այլ այն մատուցվում է առևտրային ներկայության այլ եղանակներով, ինչպիսիք են մասնաճյուղը կամ ներկայացուցչական գրասենյակները, ապա այդ ներկայության միջոցով ծառայություն մատուցողի նկատմամբ (այսինքն` իրավաբանական անձի), այնուամենայնիվ, ցուցաբերվում է ծառայություն մատուցողների համար Համաձայնագրով նախատեսված մոտեցում: Այդ մոտեցումը տարածվում է այն ներկայության վրա, որի միջոցով ծառայությունը մատուցվում է, և կարող է չտարածվել մատուցողի այն բաժանմունքների վրա, որոնք դուրս են այն տարածքից, որտեղ ծառայությունը մատուցված է:

 

ը) «ծառայության մենաշնորհային մատուցող» նշանակում է ցանկացած պետական կամ մասնավոր անձ, որին Անդամը պաշտոնապես կամ գործնականորեն լիազորել կամ հաստատել է որպես այդ Անդամի տարածքի համապատասխան շուկայում այդ ծառայության բացառիկ մատուցող,

թ) «ծառայություն սպառող» նշանակում է ցանկացած անձ, որը ծառայություն է ստանում կամ օգտագործում,

ժ) «անձ» նշանակում է կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

ժա) «այլ Անդամի ֆիզիկական անձ» նշանակում է ֆիզիկական անձ, որը բնակվում է այդ այլ Անդամի կամ որևէ այլ Անդամի տարածքում, և որն այդ այլ Անդամի օրենքների համաձայն`

i) այդ այլ Անդամի քաղաքացի է, կամ

ii) այդ այլ Անդամ երկրում մշտական բնակության իրավունք ունի այն դեպքում, երբ Անդամը.

1. քաղաքացիներ չունի, կամ

2. ծառայությունների առևտրի վրա ազդեցություն ունեցող միջոցների կապակցությամբ` իր մշտական բնակիչների նկատմամբ ցուցաբերում է ըստ էության նույն մոտեցումը, ինչ ցուցաբերում է իր քաղաքացիների նկատմամբ, ինչպես որ ծանուցվել է իր կողմից ԱՀԿ Համաձայնագրի ընդունման կամ դրան անդամակցելու ժամանակ, ընդ որում` ոչ մի Անդամ պարտավոր չէ այդ մշտական բնակիչներին ավելի բարենպաստ մոտեցում տրամադրել, քան այն, որն այդ մշտական բնակիչներին կտրամադրեր այդ այլ Անդամը: Այդ ծանուցման մեջ երաշխիք է ներառվում` այդ մշտական բնակիչների նկատմամբ, իր օրենքների և կանոնակարգերի համաձայն, այն նույն պարտականությունները հանձն առնելու, ինչպիսիք որ այլ Անդամը կրում է իր քաղաքացիների նկատմամբ:

ժբ) «իրավաբանական անձ» նշանակում է գործող օրենքների համաձայն պատշաճ կերպով, շահույթ հետապնդելու կամ որևէ այլ նպատակով ստեղծված կամ այլ կերպ կազմավորված ցանկացած օրինական, մասնավոր կամ պետական սեփականությամբ կազմակերպություն, ներառյալ` ցանկացած բաժնետիրական ընկերություն, միավորում, գործընկերություն, համատեղ ձեռնարկություն, անհատական ձեռնարկություն թե ընկերակցություն.

ժգ) «այլ Անդամի իրավաբանական անձ» նշանակում է իրավաբանական անձ, որը.

i) կամ ստեղծվել, կամ այլ կերպ կազմավորվել է այդ այլ Անդամի գործող օրենքների համաձայն և այդ Անդամի կամ որևէ այլ Անդամի տարածքում ներգրավված` ինքնուրույն գործարար գործունեության մեջ, կամ էլ

ii) առևտրային ներկայության միջոցով ծառայություն մատուցելու դեպքում`

1. պատկանում է այդ այլ Անդամի ֆիզիկական անձանց կամ վերահսկվում է դրանց կողմից, կամ

2. պատկանում է այդ այլ Անդամի «i» ենթակետում հատկանշված իրավաբանական անձանց կամ վերահսկվում է դրանց կողմից,

ժդ) իրավաբանական անձը`

i) «պատկանում է» որևէ Անդամի անձանց, եթե դրանում սեփական միջոցների 50 տոկոսից ավելի մասնաբաժինը օգտառու կերպով պատկանում է այդ Անդամի անձանց,

ii) «վերահսկվում է» որևէ Անդամի անձանց կողմից, եթե այդ անձինք իրավասու են նշանակելու դրա տնօրենների մեծամասնությանը կամ այլ կերպ օրինականորեն ուղղորդելու դրա գործողությունները,

iii) «փոխկապակցված է» մեկ այլ անձի հետ, եթե այն վերահսկում է այդ այլ անձին կամ վերահսկվում է դրա կողմից, կամ եթե այն և այդ այլ անձը` երկուսն էլ վերահսկվում են միևնույն անձի կողմից, և

ժե) «ուղղակի հարկերն» ընդգրկում են ընկերությունների վճարած` ընդհանուր եկամտի, ընդհանուր գործարար միջոցների կամ եկամտի կամ գործարար միջոցների տարրերի վրա դրվող բոլոր հարկերը, ներառյալ` գույքի օտարումից գոյացած հասույթների վրա դրվող հարկերը, գույքահարկերը, ժառանգության և նվիրատվության վրա դրվող հարկերը և ընկերությունների վճարած աշխատավարձերի կամ ռոճիկների ընդհանուր գումարի վրա դրվող հարկերը, ինչպես նաև գործարար միջոցների արժեքաճի վրա դրվող հարկերը:

 

ՀՈԴՎԱԾ 29
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Սույն Համաձայնագրին կից Հավելվածները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են:

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՑ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ

 

Շրջանակներ

 

1. Սույն Հավելվածով հատկորոշվում են այն պայմանները, որոնց համաձայն Անդամը սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին ազատվում է 2 հոդվածի 1-ին կետով սահմանված իր պարտավորություններից:

2. Ցանկացած նոր ազատում, որի համար դիմում են ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, կարգավորվում է այդ Համաձայնագրի 9 հոդվածի 3-րդ կետի համաձայն:

 

Վերանայում

 

3. Ծառայությունների առևտրի խորհուրդը վերանայում է 5 տարվանից ավելի ժամկետով շնորհված բոլոր ազատումները: Առաջին այդպիսի վերանայումը տեղի է ունենում ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ավելի, քան 5 տարի հետո:

4. Վերանայման ընթացքում Ծառայությունների առևտրի խորհուրդը.

ա) քննության է առնում, թե արդյոք ազատման անհրաժեշտությունն ստեղծող պայմանները դեռևս գոյություն ունեն,

բ) որոշում է ցանկացած հետագա վերաքննության ժամկետը:

 

Դադարեցում

 

5. Անդամի ազատումը Համաձայնագրի 2 հոդվածի 1-ին կետով սահմանված` առանձին միջոցի վերաբերող պարտավորություններից դադարեցվում է ազատմամբ նախատեսված օրը:

6. Սկզբունքորեն, այդ ազատումների ժամկետը չպետք է գերազանցի 10 տարին: Ցանկացած դեպքում դրանք ենթակա են բանակցման առևտրի ազատականացման հետագա փուլերում:

7. Ազատման ժամկետը լրանալիս Անդամը Ծառայությունների առևտրի խորհրդին ծանուցում է, որ չհամապատասխանող միջոցը համապատասխանեցվել է Համաձայնագրի 2 հոդվածի 1-ին կետին:

 

2-րդ հոդվածից ազատումների ցանկ

 

[2 հոդվածի 2-րդ կետով սահմանված ազատումների համաձայնեցված ցանկերը` որպես սույն Հավելվածի մաս, առկա են ԱՀԿ Համաձայնագրի պայմանագրային օրինակում:]

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

 

1. Սույն Հավելվածը տարածվում է այն միջոցների վրա, որոնք ծառայության մատուցման կապակցությամբ ազդում են որևէ Անդամի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վրա, և Անդամի` այն ֆիզիկական անձանց վրա, ովքեր վարձված են որևէ Անդամի ծառայություն մատուցողի կողմից:

2. Համաձայնագիրը չի տարածվում այն միջոցների վրա, որոնք ազդում են որևէ Անդամի աշխատանքի շուկա մտնել ձգտող ֆիզիկական անձանց վրա, և ոչ էլ այն միջոցների վրա, որոնք վերաբերում են մշտական հիմքով քաղաքացիությանը, բնակվելուն կամ աշխատանքին:

3. Համաձայնագրի 3-րդ և 4-րդ Գլուխների համաձայն Անդամները կարող են հատուկ պարտավորություններ բանակցել, որոնք վերաբերում են Համաձայնագրի համաձայն ծառայություններ մատուցող ֆիզիկական բոլոր կարգերի անձանց տեղաշարժին: Հատուկ պարտավորության տակ ընկնող ֆիզիկական անձանց թույլատրվում է ծառայությունը մատուցել այդ պարտավորության պայմանների համաձայն:

4. Համաձայնագիրը որևէ Անդամի չի արգելում միջոցներ կիրառել կանոնակարգելու ֆիզիկական անձանց մուտքը իր տարածք կամ իր տարածքում նրանց Ժամանակավոր կացությունը, ներառյալ` այն միջոցները, որոնք անհրաժեշտ են իր սահմանների ամբողջականությունը պաշտպանելու և իր սահմանի վրայով ֆիզիկական անձանց կանոնավոր տեղաշարժը ապահովելու համար, եթե այդ միջոցները չեն կիրառվում այնպիսի ձևով, որ վերացնեն կամ նվազեցնեն հատուկ պարտավորության պայմանների համաձայն որևէ Անդամի հասնող օգուտները155:

_________________________________________

155 Միայն այն փաստը, որ որոշ Անդամների ֆիզիկական անձանց համար մուտքի արտոնագիր (վիզա) է պահանջվում, իսկ մյուսների անձանց համար` ոչ, չի դիտարկվում որպես հատուկ պարտավորությամբ սահմանված օգուտների վերացում կամ նվազեցում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Սույն Հավելվածը տարածվում է ցուցակագրմամբ կամ առանց ցուցակագրման օդային փոխադրման ծառայությունների և օժանդակ ծառայությունների առևտրի վրա ազդող միջոցների վրա: Հաստատված է, որ սույն Համաձայնագրով ստանձնված որևէ հատուկ պարտավորություն կամ պարտականություն չի նվազեցնում Անդամի` ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահին գործող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերով սահմանված պարտականությունները կամ չի ազդում դրանց վրա:

2. Բացառությամբ սույն Հավելվածի 3-րդ կետով նախատեսվածներից, սույն Համաձայնագիրը, ներառյալ դրա վեճերի կարգավորման ընթացակարգերը, չի կիրառվում այն միջոցների նկատմամբ, որոնք ազդում են`

ա) այնուամենայնիվ թույլատրված երթևեկության իրավունքների վրա, կամ

բ) այն ծառայությունների վրա, որոնք ուղղակիորեն վերաբերում են երթևեկության իրավունքից օգտվելուն:

3. Համաձայնագիրը կիրառվում է այն միջոցների նկատմամբ, որոնք ազդում են.

ա) օդանավերի վերանորոգման և սպասարկման ծառայությունների վրա,

բ) օդային փոխադրման ծառայությունների վաճառքի և շուկայահանման վրա,

գ) համակարգչային պատվիրման համակարգի (ՀՊՀ) ծառայությունների վրա:

4. Համաձայնագրի վեճերի կարգավորման ընթացակարգերին կարելի է դիմել միայն, երբ խնդրո առարկա Անդամները պարտականություններ կամ հատուկ պարտավորություններ են ստանձնել. և երբ երկկողմ և այլ բազմակողմ համաձայնագրերի և համաձայնությունների վեճերի կարգավորման ընթացակարգերն սպառվել են:

5. Ծառայությունների առևտրի խորհուրդը պարբերաբար և առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ վերաքննում է օդային փոխադրման ոլորտի զարգացումները և սույն Հավելվածի գործողությունը` նպատակ ունենալով քննարկել այդ ոլորտում Համաձայնագրի հնարավոր հետագա կիրառումը:

6. Սահմանումներ.

ա) «օդանավի վերանորոգման ու սպասարկման ծառայությունները» նշանակում են օդանավի կամ դրա որևէ մասի վրա կատարվող այնպիսի գործողություններ, որոնք կատարվում են, երբ այն հանված է ծառայությունից, և չեն ներառում այսպես կոչված գծային սպասարկումը:

բ) «օդային փոխադրման ծառայությունների վաճառքն ու շուկայահանումը» նշանակում են հնարավորություններ խնդրո առարկա օդային փոխադրամիջոցի համար վաճառելու և ազատորեն շուկայահանելու իր օդային փոխադրումների ծառայությունները, ներառյալ` շուկայահանման բոլոր կողմերը, ինչպիսիք են շուկայի հետազոտումը, գովազդումը և բաշխումը: Այդ գործողությունները չեն ներառում օդային փոխադրման ծառայությունների գնորոշումը և ոչ էլ կիրառելի պայմանները:

գ) «համակարգչային պատվիրման ծառայություններ» նշանակում են համակարգչային համակարգերի միջոցով տրամադրվող ծառայություններ, որոնք պարունակում են տեղեկություններ օդային փոխադրամիջոցների չվացուցակների, առկայության, տոմսերի արժեքի և ճանապարհորդության կանոնների վերաբերյալ, որոնց միջոցով կարող են պատվերներ կատարվել կամ տոմսեր թողարկվել:

դ) «երթևեկության իրավունքները» նշանակում են ցուցակագրված և չցուցակագրված ծառայությունների համար Անդամի տարածքից, դեպի Անդամի տարածք, Անդամի տարածքում կամ տարածքի վրայով ուղևորների, փոխադրաբեռների և փոստառաքումների հետ գործողություններ կատարելու և (կամ) դրանք փոխադրելու իրավունքը վարձատրության կամ վարձութավճարի դիմաց, ներառյալ` սպասարկվող կետերը, շահագործվող ուղիները, փոխադրվող փոխադրաբեռների տեսակները, ապահովվող կարողությունները, գանձվող սակագներն ու դրանց պայմանները և օդային գծերի հատկորոշման չափանիշները, ներառյալ` այնպիսի չափանիշները, ինչպիսիք են համարը, պատկանելությունը և վերահսկողությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Շրջանակներ և սահմանումներ

 

ա) Սույն Հավելվածը տարածվում է ֆինանսական ծառայությունների մատուցման վրա ազդող միջոցներին: Սույն Հավելվածում հիշատակվող ֆինանսական ծառայության մատուցումը նշանակում է ծառայության մատուցում ըստ Համաձայնագրի 1 հոդվածի 2-րդ կետով սահմանման:

բ) Համաձայնագրի 1-ին հոդվածի 3 «բ» ենթակետի նպատակներով «ծառայություններ, որոնք մատուցվում են կառավարական իրավասություններն իրականացնելիս» նշանակում են հետևյալը,

i) գործողություններ, որոնք կատարում են կենտրոնական բանկը կամ իրավասու դրամավարկային մարմինը կամ էլ ցանկացած այլ պետական կազմակերպություն` դրամավարկային կամ արտարժույթի փոխարժեքի քաղաքականության իրագործման համար,

ii) գործողություններ, որոնք կազմում են հասարակական ապահովության կամ պետական կենսաթոշակային ծրագրերի օրենքով սահմանված համակարգի մաս, և

iii) այլ գործողություններ, որոնք պետական կազմակերպությունը կատարում է կառավարության հաշվին կամ երաշխիքով կամ դրա ֆինանսական միջոցների օգտագործմամբ:

գ) Համաձայնագրի 1 հոդվածի 3 «բ» ենթակետի նպատակներով, եթե որևէ Անդամ իր ֆինանսական ծառայություններ մատուցողներին թույլատրում է սույն կետի «բ» «ii» կամ «iii» ենթակետերում նշված գործողություններից որևէ մեկը կատարել մրցակցելով պետական կազմակերպության կամ ֆինանսական ծառայություն մատուցողի հետ, ապա «ծառայություններն» ընդգրկում են այդ գործողությունները:

դ) Համաձայնագրի 1 հոդվածի 3«գ» ենթակետը չի տարածվում սույն Հավելվածով ընդգրկված ծառայությունների վրա:

 

2. Ներքին կանոնակարգում

 

ա) Անկախ Համաձայնագրի ցանկացած այլ դրույթից, որևէ Անդամի չի արգելվում միջոցներ նախաձեռնել շրջահայաց կարգավորման դրդապատճառներով, ներառյալ` ներդրողներին, ավանդատուներին, ապահովագրատերերի կամ այն ֆինանսական ծառայություն մատուցողի վստահված անձանց պաշտպանելու համար, կամ ֆինանսական համակարգի ամբողջականությունն ու կայունությունը ապահովելու համար: Եթե այդ միջոցները չեն համապատասխանում Համաձայնագրի դրույթներին, ապա դրանք չեն օգտագործվում որպես Անդամի Համաձայնագրով սահմանված պարտավորություններից կամ պարտականություններից խուսափելու միջոց:

բ) Սույն Համաձայնագրում ոչինչ չի մեկնաբանվում այնպես, թե որևէ Անդամից պահանջում է անհատ հաճախորդների գործերին և հաշիվներին վերաբերող տեղեկություններ, կամ էլ պետական կազմակերպությունների տրամադրության տակ եղած գաղտնի կամ մասնավոր տեղեկություն բացահայտել:

 

3. Ճանաչում

 

ա) Անդամը կարող է որևէ այլ երկրի շրջահայաց կարգավորման միջոցները ճանաչել, երբ որոշում է, թե ինչպես պետք է կիրառվեն Անդամի ֆինանսական ծառայություններին վերաբերող միջոցները: Այդպիսի ճանաչումը, որին կարելի է հասնել ներդաշնակեցման կամ որևէ այլ եղանակով, կարող է հիմնված լինել խնդրո առարկա երկրի հետ համաձայնագրի կամ համաձայնության վրա, կամ շնորհվել ինքնուրույնաբար:

բ) Անդամը, որը «ա» ենթակետում նշված այդպիսի համաձայնագրի կամ համաձայնության (թե՛ ապագա թե՛ գոյություն ունեցող) կողմ է, շահագրգիռ այլ Անդամների պատշաճ հնարավորություն է տալիս բանակցելու այդ համաձայնագրերին կամ համաձայնություններին անդամակցելու համար, կամ բանակցելու իր հետ համեմատելի համաձայնագրեր կամ համաձայնություններ կնքելու շուրջ այնպիսի հանգամանքներում, երբ առկա կլինեն համաձայնագրի կամ համաձայնության կողմերի միջև տեղեկությունների փոխանակմանը վերաբերող համարժեք կանոնակարգում, վերահսկողություն, այդ կանոնակարգման իրականացում և անհրաժեշտության դեպքում` ընթացակարգեր: Եթե որևէ Անդամ ինքնուրույն է ճանաչում շնորհում, ապա նա ցանկացած այլ Անդամի պատշաճ հնարավորություն է ընձեռում ապացուցելու, որ այդ հանգամանքներն առկա են:

գ) Եթե որևէ Անդամ ծրագրում է որևէ այլ երկրի շրջահայաց կարգավորման միջոցներին ճանաչում շնորհել, ապա 7-րդ հոդվածի 4 «բ» կետը չի կիրառվում:

 

4. Վեճերի կարգավորում

 

Շրջահայաց կարգավորման հարցերին և ֆինանսական այլ խնդիրներին վերաբերող վեճերի քննախմբերը պետք է վեճի առարկա հանդիսացող առանձին ֆինանսական ծառայությանն առնչվող անհրաժեշտ փորձագիտություն ունենան:

 

5. Սահմանումներ

 

Սույն Հավելվածի նպատակներով`

ա) ֆինանսական ծառայությունը ֆինանսական բնույթի ցանկացած ծառայություն է, որն առաջարկում է որևէ Անդամի` ֆինանսական ծառայություն մատուցողը: Ֆինանսական ծառայություններն ընդգրկում են բոլոր ապահովագրական և ապահովագրմանն առնչվող ծառայությունները, ինչպես նաև բոլոր դրամատնային և այլ ֆինանսական ծառայություններ (բացառությամբ ապահովագրությունը): Ֆինանսական ծառայություններն ընդգրկում են հետևյալ գործունեությունները.

Ապահովագրական և ապահովագրմանն առնչվող ծառայություններ:

i) ՈՒղղակի ապահովագրում (ներառյալ համաապահովագրումը).

Ա) կյանքի,

Բ) այլ` ոչ կյանքի,

ii) վերապահովագրում և իրավունքների հետադարձ փոխանցում,

iii) ապահովագրական միջնորդություն, ինչպես վաճառամիջնորդությունն ու գործակալական գործունեությունը,

iv) ապահովագրմանը հարակից ծառայություններ, ինչպիսիք են խորհրդատվական, ապահովավիճակագրական, վտանգավորության գնահատման և հայցերի կարգավորման ծառայությունները,

Բանկային և այլ ֆինանսական ծառայություններ (բացի ապահովագրությունը)

v) հասարակությունից ավանդների և հետ վճարման ենթակա այլ միջոցների ընդունում,

vi) բոլոր տեսակի փոխառությունները, ներառյալ` սպառողական վարկը, գրավադրման փոխատվության վարկը, առևտրային գործարքների ֆինանսավորում,

vii) ֆինանսական վարձակալություն,

viii) վճարումների և դրամային փոխանցումների բոլոր ծառայությունները, ներառյալ` վարկաքարտերը, վճարաքարտերը և հաշվեքարտերը, ճանապարհորդների և դրամական վճարագրերը,

ix) երաշխիքներ և պարտավորություններ,

x) ներքոհիշյալի առքուվաճառք սեփական միջոցներով կամ հաճախորդների հաշվին, անկախ այն բանից դա կատարվում է սակատանը, վաճառասեղանի շուկայում թե այլ եղանակով,

Ա) փողի շուկայի գործիքների (ներառյալ վճարագրերը, մուրհակները, ավանդների հավաստագրերը):

Բ) արտարժույթի,

Գ) ածանցյալ արտադրանքների, ներառյալ, բայց ոչ միայն տարկետներն ու ընտրանքները,

Դ) արտարժույթի փոխարժեքի և շահադրույքի գործիքների, ներառյալ` այնպիսի արտադրանքները, ինչպիսիք են փոխանակումները, ապառնի փոխարժեքի վերաբերյալ համաձայնագրերը,

Ե) փոխանցելի արժեթղթերի,

Զ) այլ շրջանառելի գործիքների և ֆինանսական ունեցվածքի, ներառյալ ձուլակտորները,

xi) մասնակցություն բոլոր տեսակի արժեթղթերի թողարկմանը, ներառյալ որպես գործակալ երաշխավորումը և տեղավորումը (թե պետականորեն, և թե մասնավոր կերպով) և այդպիսի թողարկումներին առնչվող ծառայությունների մատուցում,

xii) փողի վաճառամիջնորդություն,

xiii) ունեցվածքի կառավարում ինչպես կանխիկի կամ արժեթղթերի փաթեթի կառավարում, միացյալ ներդրումների կառավարման բոլոր տեսակներ, կենսաթոշակային հիմնադրամների կառավարում, պահպանման, պահոցային ու խնամառության ծառայություններ,

xiv) մարման և հաշվանցման ծառայություններ ֆինանսական ունեցվածքի համար, ներառյալ` արժեթղթերի, ածանցյալ և այլ շրջանառելի գործիքների,

xv) ֆինանսական տեղեկատվության և ֆինանսական տվյալների մշակման ու դրանց առնչվող համակարգչային ծրագրերի տրամադրում և փոխանցում ֆինանսական այլ ծառայություններ մատուցողների կողմից,

xvi) խորհրդատվական, միջնորդային և այլ հարակից ֆինանսական ծառայություններ «v»-«xv» ենթակետերում թվարկած բոլոր գործողությունների վերաբերյալ, ներառյալ` վարկի տեղեկանք և դրա վերլուծություն, ներդրումների և արժեթղթերի փաթեթի հետազոտում և խորհրդատվություն, խորհրդատվություն կլանումների և ընկերությունների վերակազմակերպման ու ռազմավարության վերաբերյալ:

բ) ֆինանսական ծառայություններ մատուցող նշանակում է Անդամի ֆիզիկական կամ իրավաբանական որևէ անձ, որը ցանկանում է մատուցել կամ մատուցում է ֆինանսական ծառայություններ, սակայն «ֆինանսական ծառայություն մատուցող» հասկացությունը պետական կազմակերպություն չի ներառում:

գ) «Պետական կազմակերպություն» նշանակում է.

i) Անդամի կառավարություն, կենտրոնական բանկ կամ դրամավարկային մարմին, կամ էլ Անդամին պատկանող կամ դրա կողմից վերահսկվող որևէ կազմակերպություն, որը հիմնականում ներգրավված է կառավարական գործառույթների կատարման կամ կառավարական նպատակներով գործունեության մեջ` բացի այնպիսի կազմակերպությունը, որը հիմնականում ներգրավված է առևտրային պայմաններով ֆինանսական ծառայությունների մատուցման մեջ, կամ

ii) մասնավոր կազմակերպություն, որը կատարում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք սովորաբար կատարում է կենտրոնական բանկը կամ դրամավարկային մարմինը այդ գործառույթներն իրագործելիս:

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԵԼՎԱԾ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Անկախ Համաձայնագրի 2-րդ հոդվածից և 2-րդ հոդվածից ազատումների մասին Հավելվածի 1-ին և 2-րդ կետերից, Անդամը կարող է ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից չորս ամիս հետո սկսվող 60 օրվա ընթացքում այդ Հավելվածի մեջ թվարկել ֆինանսական ծառայություններին վերաբերող այն միջոցները, որոնք չեն համապատասխանում Համաձայնագրի 2 հոդվածի 1-ին կետին:

2. Անկախ Համաձայնագրի 21 հոդվածից, Անդամը կարող է ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից չորս ամիս հետո սկսվող 60 օրվա ընթացքում բարելավել, փոփոխել կամ հանել իր ժամանակացանկում գրանցված` ֆինանսական ծառայություններին վերաբերող բոլոր հատուկ պարտավորությունները կամ դրանց մի մասը:

3. Ծառայությունների առևտրի խորհուրդն անհրաժեշտ ընթացակարգեր է սահմանում 1-ին և 2-րդ կետերի կիրառման համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. 2-րդ հոդվածը և 2-րդ հոդվածից ազատումների մասին Հավելվածը, ներառյալ` Հավելվածում ազգերի առավել բարենպաստության մոտեցմանը չհամապատասխանող ցանկացած միջոց թվարկելու պահանջը, որն Անդամը կպահպանի, միջազգային առաքումների, հարակից ծառայությունների և նավահանգստային հարմարությունների մատչելիության և օգտագործման համար ուժի մեջ են մտնում միայն.

ա) իրականացման օրը, որ պետք է որոշվի Ծովային փոխադրման ծառայությունների շուրջ բանակցությունների մասին Նախարարական որոշման 4-րդ կետի համաձայն, կամ

բ) բանակցությունները չհաջողվելու դեպքում` այդ Որոշմամբ նախատեսված Ծովային փոխադրման ծառայությունների հարցերով բանակցային խմբի եզրափակիչ զեկույցի օրը:

2. 1-ին կետը չի տարածվում Անդամի ժամանակացանկում գրանցված` ծովային փոխադրման ծառայությունների վերաբերյալ որևէ հատուկ պարտավորության վրա:

3. 1-ին կետում նշված բանակցությունների ավարտից սկսած և մինչև իրականացման օրը Անդամը կարող է բարելավել և փոփոխել կամ հանել այդ ոլորտում իր բոլոր հատուկ պարտավորությունները կամ դրանց մի մասը` առանց փոխհատուցում առաջարկելու անկախ 21 հոդվածի դրույթներից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Նպատակներ

 

Ընդունելով հեռահաղորդակցությունների ծառայությունների ոլորտի առանձնահատկությունները և, մասնավորապես, դրա երկակի դերը որպես տնտեսական գործունեության առանձին ոլորտ և որպես տնտեսական այլ գործունեությունների հիմքում ընկած փոխադրամիջոց` Անդամները համաձայնության են եկել հետևյալ Հավելվածի շուրջ նպատակ ունենալով զարգացնել սույն Համաձայնագրի` հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի և ծառայությունների մատչելիության և օգտագործման վրա ազդեցություն ունեցող միջոցների վերաբերյալ դրույթները: Համապատասխանաբար, սույն Հավելվածը Համաձայնագրի համար նախատեսում է ծանոթագրություններ և լրացուցիչ դրույթներ:

 

2. Շրջանակներ

 

ա) Սույն Հավելվածը տարածվում է Անդամի բոլոր այն միջոցների վրա, որոնք ազդում են հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի և ծառայությունների մատչելիության օգտագործման վրա156:

________________________________________

156 Հասկացվում է, որ սույն կետը նշանակում է, որ յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ սույն Հավելվածի պարտավորությունները տարածվեն հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցեր ու ծառայություններ մատուցողների վրա` բոլոր անհրաժեշտ միջոցներով:

 

բ) Սույն Հավելվածը չի տարածվում այն միջոցների վրա, որոնք ազդում են ռադիո կամ հեռուստատեսային ծրագրերի մալուխային կամ հեռարձակման միջոցով բաշխման վրա:

գ) Սույն Հավելվածում ոչինչ չի մեկնաբանվում այնպես, թե.

i) որևէ Անդամից պահանջում է որևէ այլ Անդամի ծառայություն մատուցողին թույլատրել ստեղծել, կառուցել, ձեռք բերել, վարձակալել, շահագործել կամ մատուցել հեռահաղորդակցությունների ցանցեր կամ ծառայություններ, որոնք այլ են, քան իր ժամանակացանկում նախատեսվածները, կամ

ii) որևէ Անդամից պահանջում է (կամ որևէ Անդամից պահանջում է իր իրավասության տակ գտնվող ծառայություն մատուցողներին պարտավորեցնել) ստեղծել, կառուցել, ձեռք բերել, վարձակալել, շահագործել կամ մատուցել հեռահաղորդակցությունների փոխադրման այնպիսի ցանցեր կամ այնպիսի ծառայություններ, որոնք ընդհանրական հիմունքով հասարակությանը չեն առաջարկվում:

 

3. Սահմանումներ

 

Սույն Հավելվածի նպատակներով.

ա) «հեռահաղորդակցություններ» նշանակում է ազդանշանների հաղորդում և ընդունում էլեկտրամագնիսական ցանկացած միջոցներով:

բ) «Հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ծառայություն» նշանակում է հեռահաղորդակցությունների փոխադրման ցանկացած ծառայություն, որն Անդամը պարզորոշ կերպով կամ գործնականորեն պահանջում է ընդհանրական հիմունքով առաջարկել հանրությանը: Այդ ծառայությունները կարող են այլոց թվում ներառել հեռագրակապը, հեռախոսակապը, տելեքսային կապը և տվյալների փոխանցումը, որը սովորաբար ընդգրկում է հաճախորդի մատուցած տեղեկության փոխանցումն իրական ժամանակում երկու կամ ավելի կետերի միջև մի ծայրից մինչև մյուսն առանց փոփոխելու հաճախորդի տեղեկության ձևը կամ բովանդակությունը:

գ) «Հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանց» նշանակում է հանրային հեռահաղորդակցությունների ենթակառուցվածք, որը ցանցի սահմանված վերջնակետերի միջև հեռահաղորդակցությունների հնարավորություն է տալիս:

դ) «Ներկազմակերպային հաղորդակցություններ» նշանակում է հեռահաղորդակցություններ, որոնց միջոցով ընկերությունը հաղորդակցվում է ընկերության ներսում կամ իր դուստր ձեռնարկությունների, մասնաճյուղերի և հաշվի առնելով Անդամի ներքին օրենքներն ու կանոնակարգերը, ընկերակիցների հետ կամ միջև: Սույն նպատակներով «դուստր ձեռնարկությունները», «մասնաճյուղերը» և կիրառելիության դեպքում «ընկերակիցները» սահմանվում են յուրաքանչյուր Անդամի կողմից: Սույն Հավելվածում «ներկազմակերպական հաղորդակցությունները» բացառում են առևտրային և ոչ առևտրային այն ծառայությունները, որոնք մատուցվում են այն ընկերություններին, որոնք փոխկապակցված դուստր ընկերություններ, մասնաճյուղեր կամ ընկերակիցներ չեն, կամ այն ծառայությունները, որոնք առաջարկվում են հաճախորդներին կամ հնարավոր հաճախորդներին:

ե) Սույն Հավելվածի որևէ կետին կամ ենթակետին արված ցանկացած հղում ներառում է դրա բոլոր ստորաբաժանումները:

 

4. Հրապարակայնություն

 

Համաձայնագրի 3-րդ հոդվածը կիրառելիս` յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի և ծառայությունների մատչելիության ու օգտագործման վրա ազդող պայմանների վերաբերյալ համապատասխան տեղեկությունները հրապարակայնորեն մատչելի լինեն, ներառյալ` սակագները և ծառայության այլ պայմանները, այդ ցանցերի և ծառայությունների հետ տեխնիկական փոխներգործության յուրահատկությունները, այդ մատչելիության և օգտագործման վրա ազդող ստանդարտների պատրաստման և ընդունման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկությունները, վերջնասարքի կամ այլ սարքավորումների կցահարմարանքներին վերաբերող պայմանները և ծանուցման, գրանցման և լիցենզավորման պահանջները, եթե այդպիսիք գոյություն ունեն:

 

5. Հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցեր և ծառայությունների մատչելիություն և օգտագործում

 

ա) Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ իր Ժամանակացանկում ընդգրկված ծառայություն մատուցելու համար ցանկացած այլ Անդամի` ցանկացած ծառայություն մատուցողի թույլատրվի մուտք գործել և օգտագործել հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերն ու ծառայությունները` խելամիտ ու ոչ խտրական պայմաններով: Այս պարտավորությունը կիրարկվում է, մասնավորապես, «բ»-«զ» կետերի միջոցով157:

___________________________________

157 Հասկացվում է, որ «ոչ խտրական» հասկացությունը վերաբերում է Համաձայնագրով սահմանված` ազգերի առավել բարենպաստության և ազգային մոտեցումներին, ինչպես նաև արտացոլում է հասկացության գործածությունն առանձին ոլորտի առնչությամբ, որը նշանակում է «ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան այն պայմանները, որոնք նման հանգամանքներում տրամադրվում են հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման նման ցանցերի և ծառայությունների ցանկացած այլ օգտագործողի»:

 

բ) Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ ցանկացած այլ Անդամի ծառայություն մատուցողները մուտք ունենան և օգտագործեն այդ Անդամի սահմաններից ներս կամ սահմանի վրայով առաջարկվող հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերն ու ծառայությունները, ներառյալ` մասնավոր հիմունքով վարձակալված շղթագծերը, և այս նպատակով, հաշվի առնելով «ե» և «զ» կետերը, երաշխավորում է, որ այդ մատուցողներին թույլատրվի.

i) գնել կամ վարձակալել ու կցել վերջնասարք կամ այլ սարքավորումներ, որոնք փոխներգործում են ցանցի հետ և անհրաժեշտ են մատուցողի` ծառայություններն մատուցելու համար,

ii) փոխադարձ կապ հաստատել մասնավոր հիմունքով վարձակալված կամ մասնավոր սեփականությամբ շղթագծերի և հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի ու ծառայությունների կամ մեկ այլ ծառայություն մատուցողի կողմից մասնավոր հիմունքով վարձակալված կամ դրան պատկանող շղթագծերի միջև, և

iii) ցանկացած ծառայության մատուցման ժամանակ օգտագործել ծառայություն մատուցողների ընտրած գործառնական ընթացակարգերը, բացի նրանից, որ անհրաժեշտ է հանրության համար ընդհանրական հիմունքով հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի ու ծառայությունների մատչելիությունն ապահովելու համար:

գ) Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ ցանկացած այլ Անդամի ծառայություն մատուցողները կարողանան հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերն ու ծառայություններն օգտագործել սահմաններից ներս ու դրա վրայով տեղեկությունների տեղաշարժի համար, ներառյալ` այդ ծառայություն մատուցողների ներկազմակերպական հաղորդակցությունների համար և ցանկացած Անդամի տարածքում տեղեկատվական շտեմարաններում պարունակվող կամ այլ կերպ մեքենայով ընթեռնելի ձևով կուտակված տեղեկությունների մուտքի համար: Անդամի ցանկացած նոր կամ փոփոխված միջոց, որն զգալիորեն ազդում է այդ օգտագործման վրա, ծանուցվում է և խորհրդակցության առարկա է` համաձայն Համաձայնագրի համապատասխան դրույթների:

դ) Անկախ նախորդ կետից, Անդամը կարող է այնպիսի միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք անհրաժեշտ են հաղորդակցությունների անվտանգությունն ու գաղտնիությունը ապահովելու համար` հաշվի առնելով այն պահանջը, որ այդ միջոցները չեն կիրարկվում այնպիսի եղանակով, որը կարող է ծառայությունների առևտրի համար կամայական կամ չարդարացված խտրականության կամ քողարկված սահմանափակման միջոց կազմել:

ե) Յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի և ծառայությունների մատչելիության և օգտագործման վրա ոչ մի պայման չդրվի` բացի նրանցից, որոնք անհրաժեշտ են.

i) պաշտպանելու հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի ու ծառայություններ մատուցողների հանրային ծառայության մատուցման հետ կապված պարտականությունները, մասնավորապես դրանց ցանցերն ու ծառայությունները հանրությանն ընդհանրական հիմքով մատչելի դարձնելու դրանց կարողությունը,

ii) պաշտպանելու հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի և ծառայությունների տեխնիկական ամբողջականությունը, կամ

iii) ապահովելու, որ ցանկացած այլ Անդամի ծառայություն մատուցողները ծառայություններ չմատուցեն, եթե դա չի թույլատրվում Անդամի Ժամանակացանկում նշված պարտավորությունների համաձայն:

զ) Պայմանով, որ դրանք բավարարում են «ե» կետում շարադրված չափանիշներին, դեպի հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցեր ու ծառայություններ մուտքի և դրանց օգտագործման համար պայմանները կարող են ներառել.

i) սահմանափակումներ` այդ ծառայությունների վերավաճառքի կամ համատեղ օգտագործման համար,

ii) այդ ցանցերի և ծառայությունների հետ փոխադարձ կապ հաստատելու համար հատկորոշված փոխներգործող սարքեր օգտագործելու պահանջ, ներառյալ` փոխներգործության ընթացակարգերը,

iii) անհրաժեշտության դեպքում, պահանջներ` այդպիսի ծառայությունների փոխգործունակության և 7 «ա» կետում շարադրված նպատակների իրագործումը խրախուսելու համար,

iv) ցանցի հետ փոխներգործող վերջնասարքի կամ այլ սարքավորումների տեսակի հաստատում, և տեխնիկական պահանջներ այդ սարքավորումներն այդ ցանցերին կցելու վերաբերյալ,

v) սահմանափակումներ` մասնավոր հիմքով վարձակալված կամ մասնավոր սեփականության շղթագծերի և այդ ցանցերի կամ ծառայությունների կամ ծառայության մեկ այլ մատուցողի կողմից վարձակալված կամ դրան պատկանող շղթագծերի միջև փոխադարձ կապ հաստատելու վրա, կամ

vi) ծանուցում, գրանցում ու լիցենզավորում:

է) Անկախ սույն բաժնի նախորդ կետերից, զարգացող Անդամ երկիրը, իր զարգացման մակարդակին համապատասխան, կարող է հանրային հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցերի և ծառայությունների մուտքի ու օգտագործման վրա խելամիտ պայմաններ դնել, որոնք անհրաժեշտ են իր հեռահաղորդակցությունների ներքին ենթակառուցվածքի և ծառայության կարողությունների հզորացման և հեռահաղորդակցությունների ծառայությունների միջազգային առևտրում իր մասնակցության ընդլայնման համար: Այդ պայմանները հատկանշվում են Անդամի Ժամանակացանկում:

 

6. Տեխնիկական համագործակցություն

 

ա) Անդամներն ընդունում են, որ հեռահաղորդակցությունների արդյունավետ, բարձրակարգ ենթակառուցվածքի առկայությունը երկրներում, հատկապես զարգացող երկրներում, էական է դրանց ծառայությունների առևտրի ընդլայնման համար: Այդ նպատակով Անդամները խթանում և խրախուսում են զարգացած և զարգացող երկրների և դրանց հեռահաղորդակցությունների փոխադրման ցանցեր ու ծառայություններ մատուցողների և այլ կազմակերպությունների մասնակցությունը առավելագույն հնարավորությունների չափով, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ներառյալ` Միջազգային հեռահաղորդակցությունների միության, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և Վերակառուցման և զարգացման միջազգային դրամատան զարգացման ծրագրերին:

բ) Անդամները խրախուսում են զարգացող երկրների միջև հեռահաղորդակցությունների հարցերով համագործակցությունը միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներով, և աջակցում են դրան:

գ) Անդամները, համագործակցելով համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, հնարավորության դեպքում զարգացող երկրների համար մատչելի են դարձնում հեռահաղորդակցությունների ծառայությունների և հեռահաղորդակցությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումների վերաբերյալ տեղեկությունները` նպատակ ունենալով աջակցել դրանց ներքին հեռահաղորդակցությունների ծառայությունների ոլորտի ամրապնդմանը:

դ) Անդամները հատուկ ուշադրություն են դարձնում առավել թույլ զարգացած երկրների համար այն հնարավորություններին, որոնք հեռահաղորդակցությունների ծառայությունների օտարերկրյա մատուցողներին խրախուսում են աջակցել տեխնոլոգիաների փոխանցմանը, ուսումնավարժական և այլ գործունեություններին, որոնք օժանդակում են դրանց հեռահաղորդակցությունների ենթակառուցվածքի զարգացմանն ու հեռահաղորդակցությունների ծառայությունների դրանց առևտրի ընդլայնմանը:

 

7. Հարաբերություն միջազգային այլ կազմակերպությունների և համաձայնագրերի հետ

 

ա) Անդամներն ընդունում են հեռահաղորդակցությունների ցանցերի և ծառայությունների համաշխարհային համատեղելիության և փոխգործունակության համար միջազգային ստանդարտների կարևորությունը և հանձն են առնում խթանել այդ ստանդարտները` համապատասխան միջազգային մարմինների, ներառյալ` Միջազգային հեռահաղորդակցությունների միության Ստանդարտացման միջազգային կազմակերպության աշխատանքի միջոցով:

բ) Անդամներն ընդունում են միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և համաձայնագրերի, մասնավորապես, Միջազգային հեռահաղորդակցությունների միության դերը ներքին ու համաշխարհային հեռահաղորդակցությունների ծառայությունների արդյունավետ աշխատանքի ապահովման հարցում: Համապատասխան դեպքերում, Անդամներն անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք են բերում այդ կազմակերպությունների հետ սույն Հավելվածի իրականացումից բխող խնդիրների շուրջ խորհրդակցությունների անցկացման համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. 2-րդ հոդվածն ու 2-րդ հոդվածից ազատումների մասին Հավելվածը, ներառյալ` Հավելվածում ազգերի առավել բարենպաստության մոտեցմանը չհամապատասխանող ցանկացած միջոց թվարկելու պահանջը, որն Անդամը կպահպանի, հիմնական հեռահաղորդակցությունների համար ուժի մեջ են մտնում միայն.

ա) իրականացման օրը, որ պետք է որոշվի հիմնական հեռահաղորդակցությունների շուրջ բանակցությունների մասին նախարարական որոշման 5-րդ կետի համաձայն, կամ

բ) բանակցությունները չհաջողվելու դեպքում, այդ Որոշմամբ նախատեսված` Հիմնական հեռահաղորդակցությունների հարցերով բանակցային խմբի եզրափակիչ զեկույցի օրը:

2. 1-ին կետը չի տարածվում Անդամի ժամանակացանկում գրանցված` հիմնական հեռահաղորդակցությունների վերաբերյալ որևէ հատուկ պարտավորության:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր