Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

 

22.02.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը և գործածման կարգը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության զինանշանը

 

Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:

Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (գունավոր) ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:

Արգելվում է`

1) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքով սահմանված պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաև գույների փոփոխումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված միագույն օգտագործման դեպքերի.

2) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշերում:

Սույն հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն:

(2-րդ հոդ. փոփ. 07.04.09 ՀՕ-77-Ն օրենք)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդօրինակումը

 

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների զինանշանները, կազմակերպությունների խորհրդանիշները, ինչպես նաև այլ խորհրդանիշներն ու զինանշանները պետք է տարբերվեն Հայաստանի Հանրապետության զինանշանից և չեն կարող շփոթության աստիճան նման լինել Հայաստանի Հանրապետության զինանշանին:

(3-րդ հոդ. փոփ. 07.04.09 ՀՕ-77-Ն օրենք)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը

 

1. Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը գործածվում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, Սահմանադրական դատարանի որոշումների, դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի վրա, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, պետական կառավարման համակարգի մարմինների, դատարանների, դատախազության մարմինների, Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի) ձևաթղթերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանի միագույն պատկերը գործածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման այն մարմինների կնիքների և ձևաթղթերի վրա, որոնց` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը գործածելու իրավունքը վերապահված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(4-րդ հոդ. խմբ. 21.01.20 ՀՕ-38-Ն օրենք)

 

i
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի տեղադրումը

 

1. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը մշտապես տեղադրվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների և դատախազների, մարզպետների և համայնքների ղեկավարների (այդ թվում` Երևանի քաղաքապետի) աշխատասենյակներում, Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Կառավարության նիստերի դահլիճում, դատարանների դատական նիստերի դահլիճներում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների հանդիսությունների սրահներում և շենքերի վրա, Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, դատախազության մարմինների, Կենտրոնական բանկի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի), Հայաստանի Հանրապետության նոտարական գրասենյակների շենքերի վրա, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների), օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա և դրանց ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում, Հայաստանի Հանրապետության պաշտոնական ինտերնետային կայքերում:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը տեղադրվում է նաև հիմնական սահմանային նշանների վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցագրային կետերում:

3. Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման դեպքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանում է Կառավարությունը:

(5-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-188-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-38-Ն օրենք)

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը օտարերկրյա պետության զինանշանի հետ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում այլ պետությունների պետական զինանշանների չափերը չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության զինանշանի չափերը:

Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը չի կարող տեղադրվել ավելի ցածր, քան օտարերկրյա պետության զինանշանը:

Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրվելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ տեղադրվում է կենտ թվով մի քանի զինանշան, ապա Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի դրանց մեջտեղում: Եթե տեղադրվում են զույգ թվով (2-ից ավելի) զինանշաններ, ապա Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի կենտրոնից ձախ:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կողմից

 

Հայաստանի Հանրապետության զինանշանը կարող է տեղադրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, փրկարար ծառայության դրոշների վրա, Ոստիկանության զորքերի, քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, զինծառայողների և Ոստիկանության շարքային ու ղեկավար կազմի տարբերանշանների վրա:

(7-րդ հոդ. խմբ. 21.01.20 ՀՕ-38-Ն օրենք)

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը Հայաստանի Հանրապետության դրամական միավորների, շքանշանների ու մեդալների վրա

 

Հայաստանի Հանրապետության զինանշանը կարող է պատկերվել Հայաստանի Հանրապետության դրամական միավորների, շքանշանների ու մեդալների վրա:

 

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

 

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

i
Հոդված 11. Անցումային դրույթներ

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-38-Ն օրենք)

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «ՀՍՍՀ պետական գերբի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1981 թվականի ապրիլի 29-ի հրամանագիրը և «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ապրիլի 19-ի ՀՆ-0580-1-ՀՕ-21 օրենքը:

(11-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-38-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 4
Երևան
ՀՕ-148-Ն

 

Հավելված
«Հայաստանի Հանրապետության
զինանշանի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՊԱՏԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ

 

ՀՀ զինանշան

 

 

pin
ՀՀ 15.06.2006
N ՀՕ-148-Ն օրենք