Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 12 մայիսի 2020 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 66-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` դիմողի` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2016 թվականի նոյեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից:

i

Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը սահմանում է.

«Հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում` պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի` հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկում, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից»:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 14-ի` ՎԴ/2000/05/19 վարչական գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումները:

Ուսումնասիրելով դիմումը, կողմերի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված այլ իրավադրույթներ` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումը

Դիմողի գնահատմամբ` Սահմանադրության 50 և 75-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված պատշաճ վարչարարության իրավունքն ինքնանպատակ չէ: Սահմանադիրն այն սահմանել է հանրային և մասնավոր անձանց միջև հարաբերությունների հավասարակշռման ապահովումը երաշխավորելու համար:

Ըստ դիմողի` թեև պատշաճ վարչարարության իրավունքի բնորոշումը հստակ սահմանված չէ ո՛չ օրենսդրությամբ և ո՛չ էլ իրավական դոկտրինում, այդուհանդերձ, դրա բովանդակությունը կանխորոշվում է սահմանադրաիրավական նորմով:

Դիմողի կարծիքով` վարչական վարույթում անձի լսված լինելու իրավունքը պատշաճ վարչարարության կարևորագույն տարրերից է, և դրա բացակայությունը և/կամ անարդյունավետ ապահովումը կհանգեցնի վարչարարության ոչ իրավաչափության: Դիմողի գնահատմամբ` լսված լինելու իրավունքի սահմանադրաիրավական նորմը պետք է ուղղորդող դերակատարում ունենա օրենքով դրա կարգավորման ընթացքում: Այսինքն` օրենսդիրն ամեն դեպքում լսված լինելու իրավունքի երաշխիքները սահմանելիս պարտավոր է հիմք ընդունել Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն ու սահմանել դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Սահմանադրությունը պարտավորեցնում է օրենսդրին ստեղծել հիմնական իրավունքների և ազատությունների սահմանադրական չափորոշիչների կենսագործման համար անհրաժեշտ և արդյունավետ կառուցակարգ:

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքով սահմանված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգի, մասնավորապես` հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցման նպատակը, ըստ էության, հարկային վարչարարության առավել արդյունավետ իրականացումն է, ուստի օրենսդիրը հարկային հարաբերությունների դաշտ է ներմուծել վարչական վարույթի արագացման ընթացակարգ: Միևնույն ժամանակ նման ընթացակարգի սահմանման նպատակի արդյունավետությունը չի կարող բացառել իրավունքի իրացման արդյունավետությունը, դրանք պետք է փոխկապակցված լինեն, չբացառեն մեկը մյուսին: Հարկ վճարողների համար էլեկտրոնային ծանուցման եղանակի նախատեսման արդյունավետությունը չպետք է հակասի անձի լսված լինելու իրավունքին, և էլեկտրոնային ծանուցումն ամեն դեպքում պետք է արդյունավետ իրավակարգավորում լինի ու հանդիսանա լսված լինելու իրավունքի ապահովման երաշխիք, արդյունավետ ընթացակարգ և հարկային վարչարարության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նախադրյալ:

Դիմողն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի հիմքով հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցմամբ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկում է նաև վարչական վարույթում անձի լսված լինելու իրավունքի ապահովման նպատակով իրազեկում պարունակող փաստաթուղթը: Փաստացի հարկային մարմինը գործնականում լսված լինելու իրավունքը ապահովելու նպատակով հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում է փաստաթուղթ վարույթում լսված լինելու իրավունքն ապահովելու համար, մինչդեռ օրենսդիրը նման փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահ է սահմանում էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու օրվան հաջորդող օրը: Այսինքն` վիճարկվող նորմը փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահը պայմանավորել է ոչ թե հարկ վճարողի կողմից դրա վերաբերյալ իրազեկվելու պահից, այլ հարկային մարմնի կողմից այն ուղարկելու պահից:

Դիմողի գնահատմամբ` օրենսդիրը, փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահը ուղարկման հաջորդ օրը համարելով, չի հաշվարկել այդպիսի միջոցի արդյունավետությունը, գործնականում հարկ վճարողի կողմից այն չստանալու հնարավորությունը, օրինակ` կապի խափանումը, որի վերաբերյալ չիրազեկված վարչական մարմինը կարող է վարույթում անձի լսված լինելու իրավունքի ապահովման համար ծանուցման կարգի իրացումը համարել պատշաճ կատարված, մինչդեռ իրականում անձը փաստացի զրկվում է օբյեկտիվորեն վարույթի վերաբերյալ իրազեկվելու հնարավորությունից:

Վերջում դիմողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթն իրավունքի իրացման արդյունավետ կառուցակարգ չէ և չի բխում անձի լսված լինելու իրավունքի բովանդակությունից:

 

2. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը գտնում է, որ պատշաճ վարչարարության էությունը վարչարարության ոլորտում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված իրացման ու պաշտպանության և վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեության արդյունավետության ապահովման գործառույթների միաժամանակյա ապահովումն ու դրանց միջև փոխադարձ հավասարակշռվածության հաստատումն է: Պատշաճ վարչարարության իրավունքը համընդգրկուն իրավական ինստիտուտ է, որը բովանդակում է մի շարք սուբյեկտիվ իրավունքներ, իրավական երաշխիքներ ու սկզբունքներ և վարչարարությանը ներկայացվող որակական չափանիշներ, որոնք ուղղված են, մի կողմից` ֆիզիկական ու իրավաբանական անձանց` վարչարարության հետ առնչվող իրավունքների, ազատությունների և օրինական շահերի երաշխավորված իրացմանն ու պաշտպանությանը, իսկ մյուս կողմից` վարչարարության արդյունավետության ապահովմանը:

Ըստ պատասխանողի` վարչական վարույթում լսված լինելու հիմնարար իրավունքն ավելի լայն հասկացություն է. այն չի սահմանափակվում միայն բանավոր լսումներին մասնակցելու իրավունքով և ներառում է վարչական վարույթի մասնակիցների` վարույթում քննարկվող հարցի կապակցությամբ դիրքորոշումներ հայտնելու, փաստարկներ ներկայացնելու (այդ թվում նաև` գրավոր) իրավունքը, որին համապատասխանում է վարչական մարմնի պարտականությունը` ընդունելու և քննարկման առարկա դարձնելու այդ դիրքորոշումներն ու փաստարկները: Դա նշանակում է, որ վարչական վարույթի ընթացքում լսված լինելու սահմանադրական իրավունքի ապահովմանն ուղղված վարչական մարմնի պարտականությունը, ըստ էության, պետք է պատշաճորեն կատարված համարել նաև այն դեպքերում, երբ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում լսումներ չի հրավիրել, սակայն ընդունել և քննարկել է (վարչական ակտ կայացնելիս հաշվի է առել) վարույթի մասնակիցների կողմից ներկայացված գրավոր դիրքորոշումներն ու փաստարկները վարչական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ:

i

Պատասխանողի կարծիքով` օրենսդիրը, նախատեսելով հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցման ինստիտուտը և դրա կիրառման մեխանիզմը, նպատակ է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված` պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացման համար պրակտիկ կառուցակարգեր նախատեսել, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանությունների առումով վիճարկվող կետի կարգավորումները միանգամայն ընդունելի են:

i

Ինչ վերաբերում է Օրենսգրքի վիճարկվող դրույթի երկրորդ նախադասությանը, համաձայն որի` էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից, ապա պատասխանողը նշում է, որ Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի վերլուծությունից հետևում է, որ հարկ վճարողը և դրա պաշտոնատար անձը, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ծանուցվելու են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը, փաստացի իրենց գործողությամբ տալիս են համաձայնություն այն մասին, որ այդպիսի ծանուցման եղանակն ընդունելի է, և հարկային մարմնի վրա պարտականություն է դրվում օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը, իսկ հարկ վճարողը, լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն, ստանձնում է իր լսված լինելու իրավունքն ապահովելու պարտականություն:

Ըստ պատասխանողի` օրենսդիրը հստակ սահմանել է վարչական մարմնին վերապահված լիազորությունը` ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից մեկը, ինչպես նաև պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի տեսակները:

Պատասխանողի եզրահանգմամբ` Օրենսգրքի վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:

 

3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող դրույթն անհրաժեշտ է դիտարկել անձի լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրման տեսանկյունից:

Հաշվի առնելով նշված հանգամանքը` սույն գործի շրջանակում Օրենսգրքի վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզեր

 

1) Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետով սահմանված` հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման կառուցակարգը համապատասխանու՞մ է արդյոք Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված` անձի լսված լինելու իրավունքի բովանդակությանը,

2) վիճարկվող դրույթը երաշխավորու՞մ է արդյոք ծանուցման, հետևապես` լսված լինելու իրավունքի, իսկ արդյունքում` Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված պատշաճ վարչարարության հիմնական իրավունքի իրականացման արդյունավետ կառուցակարգ` Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքները և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:

i

Իսկ Սահմանադրության` «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանվում են մարդու և քաղաքացու պատշաճ վարչարարության իրավունքի մաս կազմող` վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, տվյալ անձի` իրեն վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը, ինչպես նաև անձի համար միջամտող անհատական ակտ ընդունելուց առաջ անձի լսված լինելու իրավունքը:

Սահմանադրության 50-րդ հոդվածի վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի` պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը, մի կողմից` անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից` վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,

7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

i

8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում (տե՛ս, օրինակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-4-րդ մասերը):

4.2. Օրենսգրքի վիճարկվող դրույթի և դրա հետ համակարգային փոխկապվածության մեջ գտնվող Օրենսգրքի և այլ օրենքների վերաբերելի դրույթների համալիր վերլուծությունից հետևում է, որ`

i

1) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցագիրը` հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող` Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթի տեսակ է (Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ կետ),

2) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումը պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի` հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումն է, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով և, որպես էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթ` ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու օրվան հաջորդող օրվանից (Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետ),

3) հարկային մարմնում հարկ վճարողի էլեկտրոնային փոստի հասցեի բացակայության դեպքում հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումը` հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումն է, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղագրելու միջոցով և ուժի մեջ է մտնում այն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղագրելու օրվան հաջորդող օրվանից (Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետ),

i

4) հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում հարկային մարմնի` հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվող` հարկային հաշվարկի ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցագրում նշված օրը (Օրենսգրքի 53-րդ հոդվածի 7-րդ մաս),

i

5) օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս),

i

6) էլեկտրոնային համակարգի մասնակիցների համաձայնությամբ սահմանված դեպքերում անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ նախատեսված տեղեկատվությունն ուղարկվել է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում, եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս):

Վերլուծելով հարկային մարմինների և հարկ վճարողների միջև էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվող փաստաթղթերի շրջանառության վերաբերյալ պատշաճ ծանուցման պայմանների սահմանման հետ կապված հարաբերությունները կարգավորող համապատասխան նորմերը` Սահմանադրական դատարանն արձանագրում է երկու տարբերակված մոտեցումներ.

առաջին` հարկային մարմինների կողմից հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցման դեպքում ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու օրվան հաջորդող օրվանից այն դեպքում, երբ հարկ վճարողների կողմից հարկային հաշվարկները էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում հարկային այդ հաշվարկի ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցագրում նշված օրը,

երկրորդ` անձի կողմից պատշաճ ծանուցված լինելու փաստը պետք է հաստատվի հասցեատիրոջ կողմից ցանկացած եղանակով ակտը ստանալու հավաստման միջոցով:

Հիշյալ նորմերի վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ հարկ վճարողներին հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ուղարկելը` առանց այդ փաստաթղթի մուտքագրումը հավաստող ծանուցագրի ստացման, չի կարող դիտարկվել բավարար պայման, որպեսզի հարկ վճարողը համարվի պատշաճ ծանուցված: Նման եզրահանգման համար հիմք կարող է լինել, մասնավորապես, բազմաթիվ տեխնիկական խնդիրների հետևանքով հարկ վճարողի կողմից նման ծանուցում չստանալու հավանականությունը: Մինչդեռ, պատշաճ վարչարարության տրամաբանությունից է բխում այն, որ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթի` էլեկտրոնային եղանակով ոչ պատշաճ ծանուցումը կարող է հանդիսանալ հարկային մարմնի կողմից պատշաճ ծանուցման վերաբերյալ բողոքի դեմ ներկայացվելիք փաստարկ նույնիսկ այն դեպքում, երբ հարկային մարմինը որևէ տեղեկություն չունի հարկ վճարողին ուղարկված փաստաթղթի ծանուցման կամ հարկ վճարողի կողմից այդ փաստաթղթի ստացման վերաբերյալ, ինչը ողջամտորեն չի ապահովում հարկ վճարողի ծանուցված լինելու, հետևաբար` լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացումը:

i

4.3. Սահմանադրական դատարանը միևնույն ժամանակ արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որևէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՞ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, և, եթե այդպիսիք գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

Վիճարկվող դրույթի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ հարկային մարմնի հսկողության շրջանակներում իրականացվող վարչական վարույթի նկատմամբ ևս կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե հարկային մարմնին հսկողական լիազորություններ վերապահող հատուկ օրենքներով սահմանված չեն վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնց շրջանակներում վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին:

Այսպիսով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ծանուցմանը վերաբերող իրավակարգավորումներից հետևում է, որ ծանուցման հանձնումը պետք է կատարվի այնպիսի եղանակով, որը թույլ կտա հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, որը արդյունավետ կառուցակարգ է պատշաճ ծանուցման իրականացման համար, այսինքն` էական նշանակություն ունի ծանուցումն ստանալու հանգամանքը, այլ ոչ միայն այն ուղարկելու փաստի առկայությունը: Ընդ որում, հարկ վճարողը պետք է հնարավորություն ունենա «բացելու և ծանոթանալու» ծանուցման բովանդակությանը, և որևէ նշանակություն չունի, թե վերջինս օգտվե՞լ է այդ հնարավորությունից, թե ոչ: Այսինքն` պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի` հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումը կարող է հաստատված լինել միայն այն ժամանակ, երբ փաստաթուղթը ոչ միայն ուղարկվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին, այլ նաև հասնում է այդ հասցեին:

i

Վերոնշյալով պայմանավորված` Սահմանադրական դատարանը կարևոր է համարում անդրադառնալ նաև հարկային հսկողության շրջանակներում իրականացվող վարչական վարույթի մասին տնտեսավարող սուբյեկտներին միայն էլեկտրոնային եղանակով ծանուցելու հարկային օրենսդրությամբ սահմանված առանձնահատկությանը` վերոնշյալ վերլուծության համատեքստում: Այսպես` Օրենսգրքի 33-րդ հողվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` Օրենսգրքով նշված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պարտադիր պահանջ նախատեսված լինելու և հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքված լինելու դեպքում հարկ վճարողը ողջամտորեն պետք է իմանա, որ հարկային մարմնի կողմից ծանուցումներն ուղարկվելու են իր կողմից հարկային մարմնին տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին:

i

Այդուհանդերձ, Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի երկրորդ նախադասությունը` էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթը միայն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու մասով, չի երաշխավորում այդ փաստաթղթի ստանալու հավանականությունը, ընդ որում, տարաբնույթ պատճառներով չերաշխավորելով հետադաձ կապի առնվազն նվազագույն կառուցակարգ: Արդյունքում` մասնավոր անձի համար կարող են առաջանալ, օրինակ, հարկային պարտականություններ մի փաստաթղթի հիման վրա, որին նա ողջամտորեն չի ծանոթացել, ընդսմին` բաց թողնելով նաև այդ փաստաթղթի դեմ իրավական պաշտպանության հնարավորություններից օգտվելու ժամկետները: Պարզ է, որ անձի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցումը ողջամիտ ենթադրությամբ պետք է հասած լինի նրան, սակայն ի բացառություն պատշաճ իրազեկման ընդհանուր կանոնների` փաստաթղթի, այսինքն` նաև միջամտող վարչական ակտի ուժի մեջ մտնելը սոսկ այդ փաստաթղթի հասցեատիրոջն ուղարկված ծանուցման` հասցեատիրոջը հասնելու ողջամիտ ենթադրությամբ պայմանավորելը մասնավոր անձից ոչ պատշաճ ակնկալիքի դրսևորում է, որով ծանուցման ամբողջ բեռը, ներառյալ` տեխնիկական խոչընդոտների, դրվում է մասնավոր անձի վրա:

Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված` անձի լսված լինելու իրավունքի իրացումն անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք տվյալ հարկ վճարողը ողջամտորեն կարող էր ծանոթանալ իր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցմանը, թե՞ ոչ, խնդրահարույց է դառնում: Ուստի Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետով սահմանված` ծանուցում ուղարկելու կանոնը` անկախ հետադարձ կապի մասին գոնե նվազագույն հավաստիացման հնարավորության օրենսդրական ամրագրումից, անձի պատշաճ ծանուցման կառուցակարգ չէ:

4.4. Անձի լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ իրավական պաշտպանության առանձնահատկությունները կարևորվում են նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` «....իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն օրենսդրական մակարդակում, այլ նաև պրակտիկայում»: Ավելին, արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (Case of KUDLA v. POLAND, app. no. 30210/96, Judgment 26 October 2000, §§ 157-158):

Արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ` «Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե` գործնական և թե` իրավական առումներով, մասնավորապես` այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (օրինակ` Case of KILIQ v. TURKEY, app. no. 22492/93, Judgment 28 March 2000, § 91; Case of IATRIDIS v. GREECE, app. no. 31107/96, Judgment 25 March 1999, § 66 և այլն)»:

Բացի դրանից, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վերը նշված իրավունքի կիրառության նկատմամբ լայն մոտեցում է ցուցաբերել 1977 թվականի սեպտեմբերի 28-ի` «Վարչական իշխանության մարմինների գործողությունների առնչությամբ անձանց պաշտպանության վերաբերյալ» թիվ 77 (31) բանաձևում` սահմանելով, որ անձն իրավունք ունի ներկայացնելու իր ապացույցները և փաստարկները «... ցանկացած վարչական ակտի առնչությամբ, որը կարող է անբարենպաստ կերպով ազդել վերջինիս իրավունքների, ազատությունների կամ շահերի վրա»:

i

4.5. 2015 թվականի հունվարի 27-ի իր թիվ ՍԴՈ-1189 որոշման մեջ Սահմանադրական դատարանը հարկ է համարել ընդգծել, որ` «(...) շահագրգիռ սուբյեկտների կողմից (...) պատշաճ ծանուցված լինելը` վերջիններիս իրավունքների պաշտպանության conditio sine qua non (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստիև ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն (...) սուբյեկտի (...)` Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի (...) արդյունավետ ծանուցման (...) ընթացակարգ, որը գործնականում կբացառի (...) շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակ:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության տարր հանդիսացող` անձի լսված լինելու իրավունքի կոնկրետացումն օրենսդրությունում ենթադրում է այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանում:

i

Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 18-ի իր ՍԴՈ-1420 որոշման մեջ անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, արձանագրել է. «Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Հետևաբար, այս տեսանկյունից Սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն իրավունքի իրացման կարգի օրենքով նախատեսման փաստը սոսկ, այլև նման կարգի արդյունավետությանը, այսինքն` օրենքի նորմերում բովանդակվող իրավակարգավորիչ այնպիսի միջոցների, ձևերի առկայությունը և դրանց գործադրման հնարավորությունը, որոնք կերաշխավորեն սահմանադրորեն կանխորոշված նպատակի լիարժեք իրացումը` կոնկրետ դեպքում հաշվի առնելով նաև Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածների պահանջները»:

Հիշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթով նախատեսված էլեկտրոնային ծանուցման համակարգի կիրառումը` առանց ստացման մասին հավաստման, չի կարող գնահատվել որպես արդյունավետ հարկային վարչարարություն:

Օրենսգրքի վիճարկվող դրույթի` նույն Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի կարգավորման տիրույթում են գտնվում ոչ միայն հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցման հասկացության սահմանումը, այլև նույն էլեկտրոնային ծանուցման ձևի, ժամկետների և պատշաճ ծանուցված լինելու հարցերը:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ` առանց էլեկտրոնային ծանուցման այնպիսի կառուցակարգերի սահմանումը, որոնց պայմաններում պատշաճ ծանուցում կհամարվի բացառապես ծանուցվողին ծանուցման ենթակա փաստաթուղթ ուղարկելը, չի բխում պատշաճ վարչարարության հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ` Սահմանադրությամբ 75-րդ հոդվածով սահմանված պահանջներից, քանի որ վիճարկվող դրույթի տրամաբանության շրջանակում հարկային մարմինը մինչև հարկ վճարողի համար միջամտող ակտի ընդունումը` վերջինիս լսված լինելու իրավունքի ապահովման փոխարեն հիմք է ընդունելու միայն իր կողմից փաստաթղթի էլեկտրոնային ծանուցումն ուղարկելու փաստը` առանց հարկ վճարողի իրազեկման փաստացի հավաստման առկայության:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ վիճարկվող դրույթի շրջանակներում անձի լսված լինելու իրավունքի ապահովման նպատակով հարկային մարմինը ծանուցագիրն ուղարկում է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի հասցեին և ծանուցագրով առաջարկում է այն ստանալուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը ներկայանալ վարույթ իրականացնող մարմնին այն դեպքում, երբ նույն փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահ է համարվում դրա ուղարկմանը հաջորդող օրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանուցագրի ուղարկման և ստացման օրերը չեն համընկնում և կանխատեսելի չէ վարույթի իրականացման օրը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ պատշաճ վարչարարության իրավունքի տարր հանդիսացող` անձի լսված լինելու իրավունքի իրացման այսպիսի օրենսդրական ընթացակարգը կարող է հանգեցնել հարկ վճարողի լսված լինելու իրավունքի խախտման:

Սահմանադրական դատարանը փաստում է` թեև Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի վերլուծությունից բխում է, որ նշված նորմի ուժով իրավակիրառողը հարկ վճարողի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը, օրենքով կարգավորված չեն էլեկտրոնային փոստի հասցե չտրամադրելու իրավական հետևանքները, և պարզ չէ, օրինակ` դրա տեխնիկական չգործարկման պայմաններում ինչ հետևանքներ են առաջանում հարկ վճարողի համար: Միաժամանակ, օրենսդիրը իրավակիրառողին հնարավորություն է տալիս պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը վճարողի էլեկտրոնային փոստի հասցեի բացակայության դեպքում տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որի միջոցով հասցեատերը համարվում է պատշաճ իրազեկված:

Այսպիսով` ընդհանրացնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 4-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասի 66-րդ կետի առաջին նախադասությունը` հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման սահմանման մասին դրույթը, չի հանգեցնում Սահմանադրության 50-րդ և Սահմանադրության 75-րդ հոդվածներով սահմանված պատշաճ հարկային վարչարարության իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի պահանջների խախտմանը:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 4-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասի 66-րդ կետի երկրորդ նախադասությունն այն մասով, որով հնարավոր է դարձնում հարկ վճարողների պատշաճ իրազեկումը սահմանափակել սոսկ նրա էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցման ենթակա փաստաթուղթ ուղարկելով` դրանով պայմանավորելով նաև հիշյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելը` առանց այն ստանալու մասին հավաստման, հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված` պատշաճ վարչարարության, հատկապես` անձի լսված լինելու իրավունքին` խախտելով նաև Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի առաջին նախադասությունը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի երկրորդ նախադասությունն այն մասով, որը նախատեսում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջ` առանց այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման, ճանաչել Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող:

3. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 19-րդ մասի պահանջներից, հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի երկրորդ նախադասության` Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող ճանաչելը հարկային վարչարարության շրջանակում անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ պետության կամ հանրության համար, որոնք կխաթարեն վերոհիշյալ դրույթի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2020 թվականի հուլիսի 31-ը` հնարավորություն տալով Ազգային ժողովին վիճարկվող իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

    Հ. Թովմասյան


2020 թ. մայիսի 12
ՍԴՈ-1529

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 14 մայիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.05.2020
N ՍԴՈ-1529
Որոշում