Սեղմել Esc փակելու համար:
{21.07.2020 - 06.01.2022} ԳԵՈԴԵԶԻԱՅԻ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{21.07.2020 - 06.01.2022} ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.07.2020  -ից մինչեւ   06.01.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

21.07.2020 - 06.01.2022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին

 

i

ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

գեոդեզիա` երկրագնդի ձևի, չափերի, ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի կետերի կոորդինատների որոշման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտական, տեխնիկական, արտադրական և կառավարչական գործունեություն, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում ծառայությունների մատուցման գործունեություն.

գեոդեզիական կետ` կառուցվածք, որով տեղանքում տեղադրված են երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերը` որոշվող կոորդինատներով և բարձրություններով.

գեոդեզիական ցանց` մեկը մյուսին կապակցված գեոդեզիական կետերի ամբողջություն.

գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների, ինչպես նաև արտադրանքի ստեղծման գործընթաց.

երկրագնդի հեռահար զոնդավորում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.

կոորդինատային համակարգ` երկրագնդի ֆիզիկական մակերևույթի կետերին կոորդինատներ վերագրելու մաթեմատիկական կանոններ.

մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.

մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.

տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.

տարածական տվյալներ` օբյեկտների վերաբերյալ տարածական տեղեկություններ, որոնք ընդգրկում են տեղեկություններ դրանց տեղադիրքի, ձևի և հատկությունների մասին.

տարածական մետատվյալներ` տվյալների հավաքածու, որոնք թույլ են տալիս նկարագրել տարածական տվյալների բնութագրերը.

քարտեզագրություն` քարտեզների ուսումնասիրման, ստեղծման և օգտագործման հետ կապված գիտական, տեխնիկական և արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու:

(1-ին հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-109-Ն օրենք)

 

Հոդված 2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ իրենց նշանակության դասակարգվում են`

ա) պետական նշանակության աշխատանքների.

բ) տեղական նշանակության աշխատանքների:

2. Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`

ա) երկրագնդի ձևի և արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային) և միջազգային պլանային ու բարձունքային համակարգերի սահմանումը.

գ) պետական գեոդեզիական (պլանային և բարձունքային) ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.

դ) պետական ծանրաչափական ցանցի ստեղծումը և զարգացումը.

ե) պետական գեոդինամիկական ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված գեոդեզիական աշխատանքների կատարումը.

է) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովումը, գեոդեզիական գործիքների և սարքավորումների հաշվառումը, գրանցումը, սերտիֆիկացումը, տեխնիկական նորմերի և ստանդարտների սահմանումը.

ը) գեոդեզիական և ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգների) ստեղծումը և վարումը.

թ) գեոդեզիական և ծանրաչափական չափումների արդյունքում ստացված նյութերի ու տվյալների ֆոնդերի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.

ժ) գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.

ժա) նավիգացիոն գործունեության իրականացման նպատակով գեոդեզիական դիտարկումներ.

ժբ) գեոդեզիական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.

ժգ) պետական գեոդեզիական ցանցի կետերի պահպանությունը:

3. Տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`

ա) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի (գեոդինամիկա, քաղաքաշինություն, բնության պահպանություն, հանքավայրերի շահագործում, կադաստրի, հողերի ծրաչափություն և հողաշինարարական այլ աշխատանքներ) իրականացման հետ կապված խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծումը` կոորդինատային տարբեր (տեղական և պայմանական) համակարգերում.

բ) խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի քարտադարանների ստեղծումն ու վարումը:

i

4. Պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`

ա) տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.

բ) հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական, հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը և բազմացումը.

գ) երկրագնդի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի մշակումը, տիեզերական և օդահանութային (աերոհանութային) աշխատանքների արդյունքում ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով.

դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների կատարումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող այլ տարածքների քարտեզագրումը.

զ) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը և դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր և թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը.

է) հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և այլ պաշտոնական քարտեզների) ստեղծումը և հրատարակումը.

ը) քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կիրառվող սարքավորումների հաշվառումը, գրանցումը, չափաբանական ապահովումը, սերտիֆիկացումը, նորմերի և ստանդարտների սահմանումը.

թ) պետական բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.

ժ) պետական մասշտաբային շարքի քարտեզների ու հատակագծերի և հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների ֆոնդի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.

ժա) քարտեզագրության ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.

ժբ) («ժբ» կետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-109-Ն օրենք)

ժգ) քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը:

5. Տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`

ա) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի իրականացման նպատակով տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների (կադաստրային, գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, ոռոգելի հողերի, երկրաբանական, տնտեսական, կլիմայական, պատմական, տուրիստական, հողերի ծրաչափության, հողաշինարարական, գեոդինամիկայի և այլն) ստեղծումն ու հրատարակումը.

բ) գերատեսչական և տեղական (համայնքային) երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.

գ) անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների իրականացումը:

(2-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-109-Ն օրենք)

 

Հոդված 3. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները և օբյեկտները

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները:

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կարող են հանդես գալ որպես գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատուներ, գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված նյութերի և տվյալների օգտագործողներ:

2. Գեոդեզիայի և քարտեզագրության օբյեկտներ են Հայաստանի Հանրապետության տարածքը և նրա առանձին մասերը, երկրագնդի մնացած տարածքները և տիեզերքի բնական երկնային մարմինները:

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

i
Հոդված 4. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

i

բ) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.

գ) սահմանում է կոորդինատային, բարձունքային, ծանրաչափական չափումների միասնական պետական համակարգերը, պետական տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբային շարքերը.

դ) սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը.

ե) («ե» կետն ուժը կորցրել է 21.07.2020 թվականից` 09.07.20 ՀՕ-371-Ն օրենք)

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(4-րդ հոդ. փոփ. 09.07.20 ՀՕ-371-Ն օրենք)

 

i
Հոդված 5. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասությունը

 

Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմինն կադաստրի կոմիտեն է (այսուհետ` կոմիտե):

ա) ապահովում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման իրականացումը.

բ) իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.

գ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերի և ծրագրերի մշակումը, վերահսկում է դրանց իրականացումը.

դ) («դ» կետն ուժը կորցրել է 21.07.2020 թվականից` 09.07.20 ՀՕ-371-Ն օրենք)

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և երկրագնդի մնացած տարածքների գեոդեզիական, տեղագրական և քարտեզագրական տվյալների բանկի կառավարումը.

զ) սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներին ամբողջական տեղեկություններ է տրամադրում իրենց առնչվող տարածքների գեոդեզիական և քարտեզագրական ուսումնասիրվածության մասին.

է) հանդես է գալիս որպես պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու.

ը) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նախագծային փաստաթղթերը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման աշխատանքները.

ժ) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները:

(5-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-109-Ն, 23.03.18 ՀՕ-301-Ն, 09.07.20 ՀՕ-371-Ն օրենքներ)

 

i
Հոդված 6. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման այլ մարմինների իրավասությունը

 

Պետական կառավարման մարմինը`

ա) իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.

բ) իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

գ) իրականացնում է ճյուղային և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

դ) իրականացնում է տվյալ պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանումը.

ե) վարում է այդ բնագավառին առնչվող տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական տվյալների բանկը.

զ) կոմիտեին սահմանված կարգով տրամադրում է գեոդեզիական և քարտեզագրական բնույթի նյութեր.

է) («է» կետն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-301-Ն օրենք)

(6-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն օրենք)

 

Հոդված 7. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

 

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում համայնքի ղեկավարը`

ա) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.

բ) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

գ) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

դ) ապահովում է համայնքի տարածքում պետական գեոդեզիական ցանցի կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանության աշխատանքները.

ե) կոմիտեին տրամադրում է տեղագրական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տվյալներ:

(7-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

i
Հոդված 8. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության կարգավորման նորմատիվ իրավական ակտերի համակարգը, նորմատիվ տեխնիկական և գեոդեզիական ու քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և նորմատիվ իրավական այլ ակտերից:

i

2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համակարգը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է այդ աշխատանքների նկատմամբ ներկայացվող տեխնիկական պահանջները, նորմերը և ստանդարտները:

Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատում է կոմիտեն: Այդ փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ իրականացնող բոլոր սուբյեկտների համար:

i

3. Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց են:

Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթեր են`

ա) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.

բ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների տեխնիկական նախագծերը և տեխնիկական հաշվետվությունները:

(8-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն օրենք)

 

Հոդված 9. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության չափաբանական ապահովումը

 

1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գեոդեզիական չափումների, քարտեզագրական ստանդարտների միասնականության ապահովումը, գեոդեզիական և քարտեզագրական սարքերի և գործիքների փորձարկումների իրականացումը, այդ գործիքների ու սարքերի սերտիֆիկացումը, չափաբանական վերահսկողությունն իրականացնում է կոմիտեն: Չափաբանական նորմատիվների և ստանդարտների սահմանումն իրականացնում է կոմիտեն` համաձայնեցնելով սերտիֆիկացման և ստանդարտացման պետական կոմիտեի հետ:

2. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման, գրանցման և սերտիֆիկացման կարգը սահմանում է կոմիտեն:

(9-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն օրենք)

 

Հոդված 10. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումը

 

1. Պետական կարիքների համար իրականացվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հաստատված ծրագրերի հիման վրա:

Այլ նպատակների համար իրագործվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ֆինանսավորվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

Համայնքային ծրագրերի իրականացման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու և (կամ) կատարող հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պետք է օգտագործեն նախկինում ստեղծված գեոդեզիական և քարտեզագրական նյութերն ու տվյալները, եթե դրանք բավարարում են տվյալ աշխատանքների համար սահմանված նորմատիվ պահանջները:

Պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նյութերի առկայության, տարածքների ուսումնասիրվածության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է կոմիտեն:

(10-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն օրենք)

 

i
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստացված պետական գեոդեզիական պլանային և բարձունքային, պետական ծանրաչափական, գեոդինամիկական ցանցերի կետերի քարտադարանները, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները և հատակագծերը (գրաֆիկ, թվային և այլ ձևերով), հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունները, օդահանութային և տիեզերահանութային նյութերն ու տվյալները, պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ նյութերն ու տվյալները ձևավորում է Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը` տեղեկատվական բանկը:

2. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդն ընդգրկում է պետական նշանակություն ունեցող աշխատանքների իրականացումից ստացված նյութերն ու տվյալները և գտնվում է կոմիտեի տնօրինության տակ:

Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերից և տվյալներից օգտվելու համար սահմանված կարգով գանձվում է վճար:

4. Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերն ու տվյալները պետական սեփականություն են:

5. Տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստեղծված գերատեսչական ֆոնդերն ստեղծում է պետական կառավարման տվյալ մարմինը, որի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը` համաձայնեցնելով կոմիտեի հետ:

6. Տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքը տեղեկատվական ռեսուրսների ամբողջականություն է, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության, արդիականացման, պահպանման և սպառողին տվյալների տրամադրման համար և բաղկացած է պետական տարածական տվյալների բանկից, ճյուղային, տարածքային և համայնքային տարածական տվյալների բանկից, մետատվյալների բանկից, ինչպես նաև` իրավաբանական և ֆիզիկական անձանց տարածական տվյալների բանկից:

i

7. Տարածական տվյալների` Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորումը, վարումը և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(11-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-109-Ն, 23.03.18 ՀՕ-301-Ն օրենքներ)

 

Հոդված 12. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության լիցենզավորումը

(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2011 թվականից` 08.12.10 ՀՕ-239-Ն օրենք)

 

i
Հոդված 13. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական վերահսկողությունը

 

1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):

2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական խնդիրներն են`

ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման վերահսկողությունը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.

գ) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.

ե) քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը.

զ) պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը.

է) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը:

3. Տեսչական մարմինն իրավունք ունի`

ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներից տեղեկատվություն ստանալ սույն օրենքով նախատեսված գործառույթների իրագործման համար, ինչպես նաև ծանոթանալ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ.

բ) («բ» կետն ուժը կորցրել է 21.07.2020 թվականից` 09.07.20 ՀՕ-371-Ն օրենք)

գ) դադարեցնելու պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց համապատասխան թույլտվության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջների խախտմամբ, կազմել համապատասխան ակտեր, ներկայացնել առաջարկություն տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման որակավորված գործունեության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ.

դ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող պետական կազմակերպություններին, որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու աշխատանքների կատարման կարգի և կիրառվող տեխնոլոգիայի, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ու նյութերի հավաքման, հաշվառման, պահպանման, բազմացման և օգտագործման, թերությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ:

4. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով:

(13-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, 09.07.20 ՀՕ-371-Ն օրենքներ)

 

i
Հոդված 14. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության թույլտվությունը պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տվյալներից օգտվելու համար

 

1. Պետական գեոդեզիական ցանցի կետերից, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներից ու հատակագծերից և պետական ու ծառայողական գաղտնիք բովանդակող այլ նյութերից ու տվյալներից օգտվելու համար կոմիտեն տալիս է թույլտվություն:

2. Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(14-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն օրենք)

 

Հոդված 15. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով

 

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են կոմիտեն և պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմինը: Այդ մարմինների իրավասությունը վերոնշյալ բնագավառում որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն օրենք)

 

i
Հոդված 16. Պետական գեոդեզիական ցանցերի կետերի պահպանությունը

 

1. Պետական գեոդեզիական (պլանային և բարձունքային) ցանցերի և ծանրաչափական ցանցերի կետերը, այդ կետերի վերգետնյա նշանները և կենտրոնները (այսուհետ` գեոդեզիական կետեր) համարվում են պետական սեփականություն:

2. Գեոդեզիական կետերի արտաքին նշանների քանդումը կամ կենտրոնների վերահիմնումը կատարվում է միայն կոմիտեի թույլտվությամբ:

3. Գեոդեզիական կետերի ստեղծման, պահպանման և սպասարկման խնդիրները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

4. Գեոդեզիական կետերի պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, ով պարտավոր է կոմիտեին տեղյակ պահել գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին:

5. Գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(16-րդ հոդ. փոփ. 21.03.12 ՀՕ-109-Ն, 23.03.18 ՀՕ-301-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4.
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 17. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերի լուծումը

 

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքը խախտելու համար գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. Սույն օրենքը խախտելու հետևանքով պատճառված վնասների հատուցումը

 

1. Սույն օրենքի խախտման հետևանքով վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառած վնասը հատուցում է վնասը հասցրած անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

i
Հոդված 20. Միջազգային համագործակցությունը գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում

 

Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
25 մայիսի 2001 թ.
ՀՕ-179

 

 

pin
ՀՀ 02.05.2001
N ՀՕ-179 օրենք