12.10.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ` Օրենք) 21.1-ին հոդվածի 2-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) խորհրդի քանակական կազմի հաստատումը, ինչպես նաև դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ ընդհանուր ժողովը չունի խորհրդի անդամների ընտրության և լիազորությունների դադարեցման իրավասություն: Խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում, բացառությամբ սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ խորհրդի քանակական կազմը կարող է հաստատվել արտահերթ ընդհանուր ժողովում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե ժողովը որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.»:
i
Հոդված 2. Օրենքի 21.3-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերությունները չեն տարածվում սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա։».
2) 4-րդ մասի երրորդ պարբերության «միայն ընդհանուր ժողովի նիստին ներկա» բառերը հանել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման (դադարեցման) կարգն ու պայմանները սահմանվում են կանոնադրությամբ:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին` ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչ կամ ունի տնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ, և որի կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա, և որի նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող` օրենքով սահմանված հիմքերը:
Սույն մասով նախատեսված անձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում:»:
i
Հոդված 3. Օրենքի 21.9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «իր դիմումի համաձայն կամ» բառերը հանել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`
ա) իր դիմումի համաձայն.
բ) մահանալու դեպքում.
գ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:»:
i
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ։»։
i
Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում ««դ», «ե», «ժ» և «ժբ»» բառերը փոխարինել «5-րդ, 11-րդ և 13-րդ» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-437-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հոկտեմբերի 2020 թվական: