Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻ ...

 

 

050.0067.190302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2002 թվականի թիվ 67

 

i

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԻ,ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` սույն որոշմամբ հաստատված կարգի կանոն 3-ում նախատեսված հաղորդագրությունը մամուլում հրապարակվելու օրվան հաջորդող օրը CBANet ցանցի միջոցով առաքել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում» զետեղելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի մարտի 19-ի

թիվ 67 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ

 

Սույն կարգի նպատակն է` կանոնակարգել սնանկ ճանաչված և լուծարման ընթացակարգում գտնվող բանկի գույքի իրացման հետ կապված իրավահարաբերությունները:

 

ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

i

1. Սույն կարգը սահմանում է սնանկ ճանաչված և լուծարման ընթացակարգում գտնվող բանկի և վարկային կազմակերպության գույքի իրացման նպատակով իրականացվող սակարկությունների կազմակերպման և անցկացման կարգն ու պայմանները, սակարկությունների կազմակերպչի ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց ներկայացվող պահանջները:

(1-ին կանոնի 1-ին կետը փոփ. 05.12.02 թիվ 385-Ն որոշում)

i

2. Համաձայն «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետի` սույն կարգը գործում է մինչև հրապարակային սակարկությունների մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրը և տարածվում է նաև 1996 թվականին ընդունված «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված լուծարային կառավարիչների, ինչպես նաև ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարային հանձնաժողովների (կառավարիչների) կողմից կազմակերպվող սակարկությունների վրա:

(1-ին կանոնի 2-րդ կետը փոփ. 05.12.02 թիվ 385-Ն որոշում)

 

ԿԱՆՈՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

Սույն կարգի իմաստով` սակարկությունների կազմակերպիչ է համարվում սնանկ ճանաչված և լուծարման ընթացակարգում գտնվող բանկի և վարկային կազմակերպության լուծարային կառավարիչը: Սույն կարգով սահմանված սակարկություններն անցկացվում են աճուրդների ձևով:

(2-րդ կանոնը փոփ. 05.12.02 թիվ 385-Ն որոշում)

 

ԿԱՆՈՆ 3. ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Լուծարային կառավարիչը սակարկություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածով և սույն կարգով նախատեսված կարգով:

2. Լուծարային կառավարչի, ինչպես նաև սակարկությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 464-րդ և 465-րդ հոդվածներով, սույն կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ դրույթներով:

3. Լուծարային կառավարիչը սակարկության անցկացման մասին հայտարարություն է տալիս առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում` սակարկությունն անցկացնելուց առնվազն 30 օր առաջ: Ընդ որում, թերթի մեկ օրինակը լուծարային կառավարիչը պարտավոր է հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ:

4. Սակարկության անցկացման մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

- սակարկության անցկացման ժամանակը,

- սակարկության անցկացման տեղը,

- սակարկության առարկան,

- նախավճարի չափը, վճարման կարգն ու ժամկետները,

- սակարկության անցկացման կարգն ու եղանակը, այդ թվում` սակարկության մասնակցության ձևակերպման, սակարկություններ անցկացնելուց հրաժարվելու ժամկետը, սակարկություններում հաղթած անձանց որոշման կարգը, ինչպես նաև նախնական գինը (գները):

5. Լուծարային կառավարիչը հայտարարությունը տալուց յոթ օր առաջ դրա տեքստը ներկայացնում է Կենտրոնական բանկ` համաձայնեցման:

6. Սակարկության ընթացքում վաճառվող գույքի նախնական գինը սահմանում է լուծարային կառավարիչը` նախօրոք համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հետ:

i

7. Սույն կարգի իմաստով` գույք են համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածում նշված բանկի և վարկային կազմակերպության լուծարային միջոցները:

(3-րդ կանոնի 7-րդ կետը փոփ. 05.12.02 թիվ 385-Ն որոշում)

8. Սույն կարգով նախատեսված համաձայնությունները Կենտրոնական բանկի կողմից տրվում են լուծարային կառավարչի դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԿԱՆՈՆ 4. ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սակարկությունները կարող են լինել բաց կամ փակ:

2. Բաց սակարկությանը կարող է մասնակցել ցանկացած անձ:

3. Լուծարային կառավարիչն իրավունք ունի հրաժարվել բաց սակարկություն անցկացնելուց, սակայն բաց սակարկություն անցկացնելու մասին հայտարարության մեջ պետք է պարտադիր նշվի լուծարային կառավարչի կողմից բաց սակարկությունն անցկացնելուց հրաժարվելու ժամկետը:

4. Փակ սակարկությանը մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք: Փակ սակարկություն կազմակերպելու դեպքում լուծարային կառավարիչը պետք է փակ սակարկության կազմակերպման նպատակահարմարության մասին գրավոր հիմնավորում ներկայացնի Կենտրոնական բանկին: Փակ սակարկությունը լուծարային կառավարիչը կազմակերպում է բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ:

 

ԿԱՆՈՆ 5. ՆԱԽԱՎՃԱՐԸ

 

1. Սակարկության մասնակիցները սակարկության անցկացման մասին հայտարարության մեջ նշված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար: Եթե սակարկությունը չի կայացել, նախավճարը վերադարձվում է: Նախավճարը վերադարձվում է նաև աճուրդում չհաղթած մասնակիցներին:

2. Սակարկությանը մասնակցելու ցանկություն հայտնող անձինք սակարկության անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև սակարկությանը նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել լուծարային կառավարչին:

3. Սակարկությունում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:

4. Նախավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

 

ԿԱՆՈՆ 6. ՀԱՅՏԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հայտի պարտադիր վավերապայմաններն են`

ա) հայտատուի անունը / անվանումը,

բ) նրա գտնվելու վայրը կամ բնակության վայրը, կամ փոստային հասցեն,

գ) հայտատուի անձնագրային տվյալները, եթե հայտատուն ֆիզիկական անձ է, և սակարկություններին մասնակցելու ֆիզիկական անձի լիազորությունները հավաստող փաստաթուղթը, եթե հայտատուն իրավաբանական անձ է:

 

ԿԱՆՈՆ 7. ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սակարկություններն անցկացվում են դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ կամ հոլանդական եղանակով` մեկնարկային գնի նվազեցմամբ:

2. Սակարկության անցկացման եղանակը որոշում է լուծարային կառավարիչը` այն նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի նախագահի հետ:

3. Սակարկություններում դիտորդի դերում կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչը:

4. Վաճառվող գույքի մեկնարկային գնի հավելումների կամ նվազեցումների նվազագույն քայլերն են.

.____________________________________________________________.

| N | Գույքի մեկնարկային գինը              | Նվազագույն քայլը|

|___|______________________________________|_________________|

| 1.| մինչև  50 000 դրամ                   | չի սահմանվում   |

| 2.| 50001-ից մինչև  100000 դրամ          | 1000 դրամ       |

| 3.| 100 001-ից մինչև  500 000 դրամ       | 5000 դրամ       |

| 4.| 500 001-ից մինչև  1 000 000 դրամ     | 10 000 դրամ     |

| 5.| 1 000 0014-ից մինչև  10 000 000 դրամ | 50 000 դրամ     |

| 6.| 10 000 000 դրամից ավելի              | 100 000 դրամ    |

.____________________________________________________________.

 

5. Սակարկությունում հաղթող է համարվում այն անձը, որն առաջարկում է ամենաբարձր գինը:

6. Սակարկությունում հաղթած անձը և լուծարային կառավարիչը սակարկությունն անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ:

7. Սակարկությունում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը: Լուծարային կառավարիչը արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաև սակարկությունում հաղթած անձին հատուցել սակարկությանը մասնակցելու հետևանքով կրած վնասները:

8. Սակարկությունում հաղթած անձը երեք բանկային օրվա ընթացքում պարտավոր է վճարել սակարկությունում վաճառվող գույքի գնման գինը` հաշվանցելով նախավճարի գումարը:

9. Վաճառվող գույքի գնման գինը չվճարելու դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 396 հոդվածի, վճարված նախավճարը մնում է լուծարվող բանկին:

10. Վաճառված գույքը գնորդին պատշաճ կերպով չհանձնելու դեպքում լուծարային կառավարիչը գնորդին է վճարում նախավճարի կրկնապատիկը:

11. Սակարկությունում վաճառված գույքի գինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

 

ԿԱՆՈՆ 8. ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼԸ

 

1. Սակարկությունը հայտարարվում է չկայացած, եթե`

ա) սակարկության ընթացքում վաճառվող գույքի մեկնարկային գնի հավելում, իսկ նվազուրդի դեպքում` գնի առաջարկ չի կատարվել,

բ) սակարկությունում հաղթած անձը չի մուծել գնման գինը,

գ) սակարկությանը ոչ մի գնորդ չի ներկայացել,

դ) լրացուցիչ սակարկությունում առաջարկված գնի հավելում չի կատարվել:

2. Սակարկության կամ կրկնակի սակարկության չկայանալը հիմք է հանդիսանում կրկնակի սակարկություն կազմակերպելու համար:

 

ԿԱՆՈՆ 9. ԿՐԿՆԱԿԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ (ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

1. Սակարկությունը (կրկնակի սակարկությունը) չկայացած հայտարարվելու օրվանից երկօրյա ժամկետում լուծարային կառավարիչը սույն կարգի 3-րդ կանոնով նախատեսված կարգով հայտարարություն է տալիս մամուլում և հայտարարության հրապարակման պահից երեսնօրյա ժամկետում կազմակերպում կրկնակի սակարկություն: Կրկնակի սակարկությունն անցկացվում է սակարկությունների անցկացման համար սույն կարգով սահմանված կարգով:

2. Սույն կարգի 8-րդ կանոնի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված պատճառներով յուրաքանչյուր կրկնակի սակարկություն անցկացնելու դեպքում վաճառվող գույքի մեկնարկային գինը նվազեցվում է նախորդ սակարկության մեկնարկային գնի քսան տոկոսով:

 

ԿԱՆՈՆ 10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Այն դեպքում, երբ նվազուրդային եղանակով կազմակերպված սակարկության արդյունքներով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա լուծարային կառավարիչը վիճող կողմերի միջև անցկացնում է լրացուցիչ սակարկություն` առաջարկված գնի բարձրացման եղանակով:

2. Լրացուցիչ սակարկության նվազագույն քայլերն են սույն կարգի 7-րդ կանոնում նշված քայլերը:

3. Լրացուցիչ սակարկությունում առաջարկված գնի հավելում չլինելու դեպքում սակարկությունը համարվում է չկայացած:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.03.2002
N 67
Որոշում