Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷԼԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑՎԱԾ ՏԵ ...

 

 

116.0051.120202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         02           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11602029

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 հունվարի 2002 թվականի N 116-051

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱՎԱՐԻ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.07.2000թ. թիվ 401 որոշման առաջին կետով և երկաթուղային համակարգի ներդաշնակ գործունեությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայկական երկաթուղում երկաթուղու էլեկտրիֆիկացված տեղամասերի էներգակարգավարի հրահանգը:

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

i

ՀՐԱՀԱՆԳ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԷՆԵՐԳԱԿԱՐԳԱՎԱՐԻ

 

Սույն կանոնները բխում են ՀՀ վարչապետի 1998 թ. նոյեմբերի 9-ի N 625 որոշմամբ Հայկական երկաթուղու դեպարտամենտի համար սահմանված իրավասությունից:

 

1. Էներգետիկայի սարքավորումների ղեկավարման կարգավարական համակարգը նախատեսվում է գնացքների անխափան երթևեկության ապահովման և սպառողների կայուն էներգամատակարարման հարցերի օպերատիվ լուծման համար:

2. Էներգակարգավարի օպերատիվ ենթակայության ներքո են գտնվում քարշային ենթակայանները, սեկցիավորման կետերը և հպակային ցանցի տեղամասերը, ներառյալ 10 կիլովատանոց երկայնական գծերը և դրանց միացված սարքավորումները սպասարկող աշխատողները:

Բացի այդ, օպերատիվ առումով, էներգակարգավարին է ենթարկվում նշված օբյեկտներում շինարարական, մոնտաժային, նորոգման և կարգաբերման աշխատանքներ կատարող անձնակազմը:

3. Էներգահամակարգի էներգակարգավորման անձնակազմի, կայարանների հերթապահների և երկաթուղային տրանսպորտի այլ ստորաբաժանումների հերթապահների հետ էներգակարգավարի համագործակցության կարգը որոշվում է այլ հրահանգներով:

4. Ավագ էներգակարգավարի կողմից գլխավորվող էներգակարգավորման խմբի ենթակայությունը որոշվում է «Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքներ» ՊՓԲԸ հրամանով:

5. Էներգակարգավարի պաշտոնում կարող են նշանակվել քարշային ենթակայանների և հպակային ցանցի շահագործման գործնական աշխատանքի փորձ ունեցող անձինք:

էներգակարգավարն ինքնուրույն հերթապահության է թույլատրվում միայն հրահանգավորվելուց և տեղում բոլոր սարքերի հետ անմիջականորեն մանրամասն ծանոթանալուց հետո:

6. Էներգակարգավարը պարտավոր է պարբերաբար մեկնել տեղամասերը` տեղում սարքավորումների և սպասարկող հերթապահ անձնակազմի հետ ծանոթանալու համար:

7. Էներգակարգավարը պետք է գիտենա.

7.1. Սույն Հրահանգը.

7.2. Երկաթուղու էլեկտրիֆիկացված տեղամասերում հպակային ցանցի վնասվածքների վերականգնման կարգը.

7.3. Էներգամատակարար կազմակերպության հետ փոխհարաբերությունների կարգը կամ շահագործման մասին կանոնները.

7.4. Էլեկտրիֆիկացման վերաբերյալ այլ հրահանգները.

7.5. Քարշային ենթակայանների էներգամատակարարման սխեմաները.

7.6. Քարշային ենթակայանների և սեկցիավորման կետերի միագիծ սխեմաները.

7.7. Հպակային ցանցի սնման և սեկցիավորման սխեմաները.

7.8. 10 կիլովոլտ երկայնական էլեկտրահաղորդման գծերով հարևան ենթակայաններից սեփական կարիքների համար նախատեսված տրանսֆորմատորների սնուցման կարգը.

7.9. 10 կիլովոլտ երկայնական էլեկտրահաղորդման գծերի սխեմաները և դրանց միացված սպառողների տեղաբաշխումը.

7.10. Քարշային ենթակայանների, հպակային ցանցի և էլեկտրաշարժակազմի շահագործման գծով անվտանգության տեխնիկայի կանոնները.

7.11. Էներգամատակարարման տեղամասերի օպերատիվ աշխատողների պաշտոնեական հրահանգները.

7.12. Քարշային ենթակայանների և հպակային ցանցի սարքավորումների պահպանման կանոնները.

7.13. Էլեկտրաֆիկացված տեղամասերում երկաթուղային տրանսպորտի աշխատողների անվտանգության տեխնիկայի կանոնները.

7.14. Հպակային ցանցում աշխատանքներ կատարելիս գնացքների անվտանգ երթևեկություն ապահովելու կանոնները:

Բացի վերը նշվածից, էներգակարգավարը պարտավոր է իմանալ Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները:

8. Էներգակարգավարը պետք է կարողանա.

8.1. Կախված ճանապարհի պրոֆիլից, շարժակազմի քաշից և շարժման թույլատրելի արագությունից, որոշել իջեցված պանտոգրաֆով գնացքների բաց թողնման հնարավորությունը:

8.2. Սնուցման հարկադրված սխեմաների դեպքում կատարել կարճ միացումների հոսանքների մեծության պարզեցված հաշվարկներ և որոշել ենթակայանների ֆիդերներով թույլատրելի աշխատանքային հոսանքները:

9. Էներգակարգավարի օպերատիվ ենթակայության տակ գտնվող օբյեկտներում բոլոր փոխարկումները և աշխատանքների կատարման թույլատրությունները պետք է ձևակերպվեն հրամանով:

10. Հայտերի, հրամանների և ծանուցագրերի համարակալումը կատարում է էներգակարգավարը:

11. Հրամանի տեքստը հաղորդելուց և ընդունողի կողմից կրկնվելուց հետո էներգակարգավարը հաստատում է այն, հայտնում է հաստատման ժամանակը և հրամանի համարը, որից հետո հրամանը մտնում է ուժի մեջ:

Ծանուցում ստանալիս էներգակարգավարը կրկնում է դրա տեքստը և ծանուցում տվողից դրա ճշտության մասին հավաստիացում ստանալուց հետո հաղորդում է ծանուցման համարը և ժամանակը:

12. Էներգակարգավորման կապով խոսակցությունները կարող են վարվել միայն էներգակարգավարի թույլատրությամբ:

13. Էներգակարգավարի շինությունում օպերատիվ աշխատանքների հետ անմիջապես առնչություն չունեցող անձանց գտնվելը չի թույլատրվում:

14. Էներգակարգավարի մոտ պետք է գտնվեն այն բոլոր նորմատիվային ակտերը, որոնց ցանկը հաստատված է «Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքներ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից:

15. Էներգակարգավարը պարտավոր է.

15.1. Ապահովել հպակային ցանցի սնուցման և սեկցիավորման, ինչպես նաև քարշային ենթակայանների ու էլեկտրահաղորդման գծերի միացման նորմալ սխեմաների պահպանումը:

Սնուցման նորմալ սխեմաներից շեղումը թույլատրվում է միայն աշխատանքների կատարման կամ անսարքությունների վերացման ժամանակ:

15.2. Քարշային ենթակայանների և սեկցիավորման կետերի պաշտպանության քարտով հաստատված պլանային և տևական անջատումների ժամանակ, կատարել կարճ միացումների հոսանքներից պաշտպանության ապահովման համար կարգավորման փոփոխություններ:

Նորմալ աշխատանքի և սխեմաներով սնուցման խախտումների դեպքում, երբ առանձին տեղամասեր հայտնվում են կարճ միացման հոսանքներից չպահպանված վիճակում, հերթապահ անձնակազմի կողմից սահմանել հսկողություն համապատասխան սարքավորումների ցուցմունքների վրա:

15.3. Վնասված տանիքներով կամ բեռնման եզրաչափքի խախտում ունեցող վագոններով շարժակազմի մասին տեղեկություններ ստանալու դեպքում, որը սպառնում է վնասել հպակային ցանցի սարքավորումները, գնացքային կարգավարի հետ համատեղ ձևակերպել նշված վագոնների հանումը շարժակազմից:

15.4. Էլեկտրամատակարարման սարքավորումների վնասվելու մասին ծանուցում ստանալու դեպքում անհապաղ գնացքային կարգավարի հետ համատեղ սահմանել գնացքների բացթողման կարգը, իսկ անհրաժեշտության դեպքում` ձևակերպել առանձին միջուղիների, կայարանների և ուղիների փակումը երթևեկության համար և անհապաղ միջոցառումներ ձեռնարկել վնասվածքի վերացման և նորմալ աշխատանքի վերականգնման համար:

15.5. Կախված վնասվածքի ծավալից անհապաղ կազմակերպել մոնտյորների բրիգադի ուղարկումը այն վերականգնելու համար: Անհրաժեշտության դեպքում ներկայացնել հայտ և հետևել վերականգնողական միջոցների ժամանակին ուղարկմանը:

15.6. Վնասված հպակային ցանցի դեպքում, երբ հնարավոր է իջեցված պանտոգրաֆով գնացքների բաց թողնումը, ապահովել ազդանշանների տեղադրումը կամ ազդանշանակիրների տեղաբաշխումը պանտոգրաֆի իջեցման կամ բարձրացման մասին ձեռքով ազդանշան տալու համար:

15.7. Վերականգնման աշխատանքների ղեկավարի հետ համագործակցելով նպաստել վնասվածքի արագ վերացմանը:

15.8. Նորոգման կամ վերականգնման աշխատանքների ավարտելու մասին անհապաղ տեղյակ պահել գնացքային կարգավարին` սահմանափակումները կամ գնացքները բաց թողնելու արգելքը հանելու մասին:

15.9. Քարշային ենթակայանի անջատման կամ նրա աշխատանքային հզորությունը փոքրացնելու դեպքում բեռնվածությունը փոխադրել հարևան ենթակայանների վրա, իսկ քարշային ենթակայանների և սնող գծերի թույլատրելի սահմաններից գերբեռնվածության դեպքում` սահմանափակել էլկտրաքարշով աշխատող գնացքների բացթողումը:

15.10. Շարժակազմի` գծից արտանկման կամ շարժակազմի բախումների դեպքում, որը հպակային ցանցի վնասվածք չի առաջացրել, վթարի վայր ուղարկել ինքնուրույն աշխատելու իրավունք ունեցող հպակային ցանցի աշխատողների` վերականգնողական աշխատանքների ժամանակ հպակային ցանցը սարքին վիճակում պահելու և անհրաժեշտության դեպքում լարումը հանելու և հողանցում կատարելու համար:

15.11.Գնացքների շարժման գրաֆիկի խախտում առաջ բերող էներգամատակարարման սարքերում առաջացած բոլոր վնասվածքների մասին անհապաղ տեղյակ պահել էներգամատակարարման տեղամասի պետին և այն անձանց, որոնց ցանկը հաստատված է «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» ՊՓԲԸ գործադիր տնօրենի կողմից:

15.12. Հպակային ցանցի վնասվածքների վերականգնումը կատարել գործող նորմատիվային փաստաթղթերին խստիվ համապատասխան:

15.13. Ձեռնարկել բոլոր միջոցները պլանային աշխատանքները նախատեսված ժամկետներում կատարելու համար:

15.14. Ապահովել հպակային ցանցի նորոգման համար նախատեսված «Պատուհանների» առավելագույն օգտագործումը:

15.15. Հոսանքազրկում պահանջող աշխատանքների կատարումը թույլատրել միայն աշխատանքների անվտանգությունը ապահովող անհրաժեշտ փոխարկումների կատարումից հետո:

15.16. Հպակային ցանցում և այլ էլեկտրասարքավորումներում աշխատանքների կատարման թույլտվության հրաման տալ այն անձանց, որոնք ըստ ցուցակի, իրավունք ունեն կատարելու այդ աշխատանքները:

15.17. Այլ ծառայությունների կամ անձանց կողմից լարման տակ գտնվող սարքավորումների մոտակայքում աշխատանքների կատարման դեպքում.

ա) թույլատրել աշխատանք կատարել միայն հպակային ցանցի տեղամասի պետի կողմից հատուկ առանձնացված աշխատողի ներկայությամբ, որը պատասխանատու է աշխատանքի էլեկտրաանվտանգության համար և ունի աշխատանքներն ինքնուրույն կատարելու իրավունք.

բ) ընդունել լարումը հանելու մասին հայտեր, տալ աշխատանքների կատարման թույլտվության հրաման, ստանալ ծանուցում աշխատանքների ավարտման մասին միայն սույն կետի «ա» ենթակետում նշված պատասխանատու աշխատողից.

Ծանոթություն 1. Պատասխանատու աշխատողի ներկայությունը պահանջող աշխատանքների բնութագրումը և նրա նշանակման կարգը սահմանվում է էներգամատակարարման տեղամասի պետի կողմից:

2. Սեկցիոն բաժանիչների անջատման և հատուկ փակուղիներում բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման համար հողանցման միացման և մարդատար գնացքների ջրով լիցքավորման կարգը որոշվում է այլ հրամաններով:

15.18. Այլ ծառայությունների աշխատողներին սեկցիավորման կետերի և հպակային ցանցի բաժանարարների անջատիչների փոխարկման հրաման տալ միայն «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» ՊՓԲԸ գործադիր տնօրենի կողմից հաստատված ցուցակով:

15.19. էներգետիկ սարքավորումներում աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած դժբախտ դեպքերի ժամանակ ձեռնարկել անհապաղ միջոցներ տուժողին` լարումը հպակային ցանցի առանձին տեղամասերից և քարշային ենթակայանից հանելու, բժշկական օգնության կանչի և այլ միջոցով օգնություն ցույց տալու համար: Օգնություն ցույց տալու համար տրամադրել նաև հնարավոր բոլոր տրանսպորտային միջոցները:

15.20. Մեքենավարներից հպակային ցանցում լարման մակարդակն իջնելու մասին ծանուցում ստանալու դեպքում ձեռնարկել անհապաղ միջոցներ դրա պատճառները հայտնաբերելու և նորմալ ռեժիմը վերականգնելու համար:

15.21. Էլեկտրահաղորդման սնող գծերի վնասվածքի և ենթակայանի նորմալ էներգամատակարարման խախտման դեպքում.

ա) անհապաղ կապ հաստատել համակարգի էներգակարգավարի հետ և համաձայնեցնել գործողությունների համատեղ պլանը վերականգնման աշխատանքների անցկացման և ենթակայանի սնուցման վերականգնման նպատակով.

բ) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները վնասվածքների հայտնաբերման համար, այդ նպատակով օգտագործելով քարշային ենթակայանների և հպակային ցանցի սպասարկող անձնակազմը.

գ) վերականգնման աշխատանքներին օգնություն ցույց տալու համար ընդգրկել քարշային ենթակայանների և հպակային ցանցի անձնակազմերը, ինչպես նաև էներգամատակարարման տեղամասի վթարային-վերականգնողական միջոցները.

դ) գրանցել արտաքին էներգամատակարարման անջատման կամ թույլատրելի մեծությունից լարման անկման բոլոր դեպքերը:

15.22. Հսկողություն իրականացնել վերականգնող ավտոդրեզինների և ավտոմեքենաների աշխատանքների համար մշտական պատրաստվածության նկատմամբ:

15.23. Սահմանված ձևի օրական տեղեկագրում, ցուցատախտակի կամ սխեմայի վրա արձանագրել սնուցման և հպակային ցանցի սեկցիավորման, ենթակայաններում և էլեկտրահաղորդման գծերում կատարված բոլոր փոփոխությունները: 12 ժամից ավելի ժամկետի համար փոփոխությունների դեպքում այդ մասին հրամանով տեղեկացնել համապատասխան աշխատողներին, ավագ էներգակարգավարին կամ հաստատված ծանուցման ցուցակով նրան հաջորդող աշխատողին:

15.24.Գնացքային աշխատանքի պլանին կամ գնացքների երթևեկության գրաֆիկին համապատասխանորեն ապահովել քարշային ենթակայանների ճիշտ ծանրաբեռնումը, երթևեկության գրաֆիկի խախտման դեպքում գնացքների կարգավարների հետ համատեղ սահմանել գնացքների բացթողման կարգն ու հաջորդականությունը:

15.25.Գրանցել քարշային ենթակայանների, հպակային ցանցի, սեկցիավորման կետերի և էներգետիկ տնտեսության սարքավորումների վնասվելու բոլոր դեպքերը, արձանագրել վնասվածքների բնութագրերը և ժամանակը, վերականգնող բրիգադների կանչի, մեկնումի և վերականգնողական աշխատանքների վայր ժամանելու ժամանակները, հպակային ցանցի մասնակի կամ լրիվ վերականգնման, ինչպես նաև գնացքների ուշացման դեպքերը:

15.26. Աշխատանքում դժվարություններ ծագելիս հերթապահ անձնակազմին օգնել և տալ պարզաբանումներ:

Էներգակարգավարի իրավունքները

16. էներգակարգավարը հերթապահության ընթացքում հանդիսանում է էլեկտրիֆիկացման սարքավորումների շահագործման միանձնյա ղեկավարը: Նրա կարգադրությունները կարող են փոխվել միայն ավագ էներգակարգավարի կամ պաշտոնացուցակում նրան հաջորդող անձի կողմից` օպերատիվ մատյանում գրանցումներ կատարելով:

17. Այն դեպքերում, երբ էներգակարգավարը սխալ է իրականացնում օբյեկտների շահագործումը և նրա գործողությունները կարող են խախտել նորմալ աշխատանքը, ավագ էներգակարգավարը կամ պաշտոնացուցակում նրան հաջորդող անձը պարտավոր են նրան աշխատանքից հեռացնել` իր վրա վերցնելով էներգակարգավարի ֆունկցիաները (մտնել հերթապահության մեջ) կամ նրան այլ էներգակարգավարով փոխարինելով:

18. Վնասվածքների դեպքում, ինչպես նաև սարքավորումների նորմալ աշխատանքի խախտման վտանգի դեպքում էներգակարգավարն իրավունք ունի.

18.1. Արգելել գնացքների մեկնումը, ինչպես նաև սահմանափակել բոլոր կամ միայն էլեկտրաքարշերով գնացքների բացթողումը.

18.2. Ներկայացնել մեքենավարին նախազգուշացնելու հայտ` վնասված տեղամասերը իջեցված հոսանքընդունիչով կամ ցածր արագությամբ անցնելու մասին, ինչպես նաև հպակային ցանցի այն տեղամասերում, ուր աշխատանքներ են տարվում, հատուկ զգոնություն դրսևորելով.

18.3. ՈՒղերթից հանել այն էլեկտրաշարժակազմը, որն իր վիճակով սպառնում է հպակային ցանցի նորմալ աշխատանքին.

18.4. Հպակային ցանցի հաղորդալարերի վրայի մերկասառույցի հալեցման նպատակով ժամանակավորապես դադարեցնել գնացքների երթևեկությունը:

18.5. Ցուցումներ տալ հպակային ցանցի անձնակազմին ուղերթում գտնվող էլեկտրաշարժակազմի պանտոգրաֆների սնուցման համար:

18.6. Գնացքային կարգավարի հետ համատեղ որոշել հետևյալ հարցերը.

ա) Ժամանակին տրամադրել էներգամատակարարման սարքավորումներում աշխատանքների կատարման համար նախատեսվող «պատուհանները».

բ) Էներգամատակարման սարքավորումների վերականգնման և նորոգման բրիգադների իջնելու կամ բարձրանալու համար գնացքների կանգնեցնելը.

գ) Էլեկտրահաղորդման գծերում վնասվածքների վերացման համար ապահովել տեխնիկական միջոցների և էներգահամակարգի նորոգման-շահագործման անձնակազմի փոխադրումները.

դ) Ժամանակին ուղարկել ավտոդրեզիններ և վերականգնող գնացքներ` հպակային ցանցում և էլեկտրահաղորդման գծերում վնասվածքների վերացման և նորոգման աշխատանքների կատարման համար:

18.7. Էլեկտրաքարշային սելեկտորային կապի վնասվածքի դեպքում օգտվել կապի բոլոր տեսակներից:

18.8. Հպակային ցանցի սեկցիոն բաժանարարների փոխարկումների մասին հրամաններ տալ այլ ծառայությունների այն աշխատողներին, որոնց վրա, համաձայն տեղական հրահանգների, դրված են այդ պարտականությունները:

18.9.Վնասված տեղերի զննման կամ քարշային ենթակայանի և հպակային ցանցի հերթապահ անձնակազմի հետ կապ հաստատելու համար ընդգրկել այլ ծառայությունների աշխատողների:

18.10. Էներգակարգավարի գնացքների երթևեկության հետ կապված բոլոր կարգադրությունները ձևակերպվում են գնացքային կարգավարի միջոցով և արձանագրվում են գնացքների երթևեկության կատարողական գրաֆիկում:

19. Էներգամատակարարման սարքավորումների նորմալ աշխատանքի խախտման և լարումը անհապաղ անջատելու անհրաժեշտության դեպքում էներգակարգավարն իրավունք ունի անջատման մասին հաղորդել և նոր միայն ձևակերպել այն հրամանով:

20. Աշխատանքում կատարված բացթողումների և սույն Հրահանգի պահանջների չկատարման համար էներգակարգավարը պատասխանատվություն է կրում սահմանված կարգով:

Հերթապահության ընդունումն ու հանձնումը

21. Հերթապահությունն ընդունելիս էներգակարգավարը պարտավոր է ծանոթանալ.

- օպերատիվ մատյանում և օրական ամփոփագրերում կատարված գրանցումների, նախորդ հերթափոխից ստացված հրամանների և կարգադրությունների, ինչպես նաև հերթապահության ընդունման պահին էներգամատակարարման սարքավորումների վիճակի հետ, այդ թվում`

- բոլոր վերականգնող միջոցների տեղաբաշխման և աշխատանքի համար նրանց պատրաստության վիճակի հետ.

- էներգակարգավարի ենթակայության ներքո գտնվող բոլոր սարքավորումների վրա կատարվող և աշխատանքների կատարման ներկայացված հայտերի հետ.

- գնացքային աշխատանքի պլանի, որը տրվել է հպակային ցանցի վիճակի կապակցությամբ գործող զգուշացումների հետ.

- հերթափոխն ընդունող էներգամատակարարման տեղամասի աշխատողների, հպակային ցանցի սեկցիոն բաժանարարների և սեկցիավորման կետերի անջատիչների փոխարկումներ կատարելու իրավունք ունեցող այլ ծառայությունների աշխատողների իրավասությունների հետ:

22. Հերթապահությունն ընդունող էներգակարգավարը պարտավոր է ստուգել էներգակապի սարքինությունը վնասվածքի դեպքում այդ մասին անհապաղ հայտնել կապի էլեկտրամեխանիկին:

23. էներգակարգավարը, որը հանձնում է հերթապահությունը, պարտավոր է հերթապահությունն ընդունողին անձամբ շարադրել էլեկտրիֆիկացված տեղամասում տիրող իրավիճակը:

Ընդ որում, սնուցման նորմալ սխեմաներից և հպակային ցանցի սեկցիավորումից ցանկացած շեղում և այլ հանգամանքներ, որոնք կարևոր դեր են խաղում տեղամաս էլեկտրաէներգիա անխափան մատակարարելուն և շահագործող անձնակազմի աշխատանքի անվտանգության ապահովման գործում, պետք է արձանագրվեն էներգակարգավորման կետի աշխատանքների գրանցման օրական ամփոփագրում, ցուցատախտակի վրա կամ հպակային ցանցի սնման և սեկցիավորման սխեմայում:

24. Հերթապահության ընդունումն ու հանձնումը պետք է ձևակերպվի տեղամասի պետի շրջաբերական կարգադրությամբ` ստուգելով ժամանակը և ստորագրելով էներգակարգավորման կետի աշխատանքի գրանցման օրական ամփոփագրում:

Արգելվում է հերթապահության ընդունումն ու հանձնումը վնասվածքի վերացման կամ փոխարկումներ կատարելու ժամանակ: Այդ Կանոններից նահանջը թույլատրվում է ավագ էներգակարգավարի կամ պաշտոնացուցակում նրան հաջորդող անձի կողմից:

Ավագ էներգակարգավարի պարտականությունները

25. Ավագ էներգակարգավարի վրա բացի հերթափոխային հերթապահ կարգավարների ղեկավարումից դրվում է.

25.1. Քարշային ենթակայանների, հպակային ցանցի և էլեկտրահաղորդման գծերի անջատման գրաֆիկների կազմումն ու համաձայնեցումը.

25.2. Կարգավորման կետի ապահովումն անհրաժեշտ փաստաթղթերով, սխեմաներով, հրահանգներով և կատարված փոփոխությունները ժամանակին դրանցում մտցնելը.

25.3. Հսկողության սահմանումը հպակային ցանցի զննումները ժամանակին անցկացնելու նկատմամբ և հոսանքահանման ստուգում.

25.4. Մասնակցությունն էներգամատակարարման սարքավորումների նորմալ աշխատանքի խախտման և տրավմատիզմի դեպքերի հետաքննությանը.

25.5. Երթևեկության ավագ հերթապահի հետ հատուկ հաստատված ժամանակում («պատուհան») էներգամատակարարման սարքերում նորոգման աշխատանքների համաձայնեցումը.

25.6. Էներգատեղամասի տեխնիկական բաժնի հետ համատեղ էներգամատակարարման հուսալիության բարձրացման միջոցառումների համատեղ մշակումը և այդ միջոցառումների կատարման վերահսկողության իրականացումը.

25.7. Էներգակարգավարների հերթապահության գրաֆիկների կազմումը.

25.8. Սնուցման և հպակային ցանցի սեկցիավորման ռացիոնալ սխեմաների մշակումը, քարշային ենթակայաններում և հպակային ցանցում օպերատիվ փոխարկումների կատարման հաջորդականությունը, էներգակարգավարների հրահանգավորումը բարդ փոխարկումների և աշխատանքների կատարման կարգի մասին և նրանց որակավորման պարբերաբար բարձրացումը:

26. Ավագ էներգակարգավարը պարտավոր է պարբերաբար վերահսկել հայտերի, հրամանների և ծանուցագրերի ձևակերպման ճշտությունը, առաջին հերթին ուշադրություն դարձնելով աշխատողների անվտանգության ապահովմանը:

27. Ավագ էներգակարգավարը պարտավոր է պարբերաբար հրահանգավորել և ստուգել հերթապահ էներգակարգավարին և օպերատիվ անձնակազմին` անվտանգության տեխնիկայի Կանոնների պահպանման մասով:

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
09.01.2002
N 116-051
Հրաման