Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵԴ/0605/11/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0605/11/18

Նախագահող դատավոր` Ս. Մարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

 

    2020 թվականի մայիսի 25-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Օ.Շախկուլյանի` 2018 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ Իննա Ռաֆիկի Փաշյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ Իննա Փաշյանի ներկայացուցչի բողոքը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ս.Խաչատրյանի` 2018 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ Ի.Փաշյանի բողոքը բավարարել է և վերացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2018 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է` վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել(1):

______________________

1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

 

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ բողոքի ներածական մասի համաձայն` այն հասցեագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վ.Ռշտունուն(2):

______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 2-11:

 

i

6. Վերաքննիչ դատարանը, իր դատական ակտում վկայակոչելով մինչև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 13-ի` թիվ ՀՕ-155-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործող վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջները, Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել է` հետևյալ հիմնավորմամբ. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թիվ ԵԴ/0605/11/18 գործով ներկայացված բողոքը չի համապատասխանում Վերաքննիչ բողոքին ներկայացվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված պահանջին, մասնավորապես, այն հասցեագրված է ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահին, ուստի` բողոքը չի կարող ընդունվել վարույթ և նշանակվել քննության, այլ պետք է դրա վարույթ ընդունելը մերժել»(3):

______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 16-17:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակ` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:

Մասնավորապես, բողոքաբերը, մեջբերելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ ներկայացված վերաքննիչ բողոքում դատարանին հասցեագրված լինելու ձևական պահանջը պահպանված չլինելու հիմքով բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելով` Վերաքննիչ դատարանն անհամաչափորեն սահմանափակել է դատախազության` դատական ակտերի բողոքարկման իրավունքը:

8. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջը չպահպանելու պատճառաբանությամբ բողոքը վարույթ ընդունելը մերժելն արդյո՞ք հանգեցրել է դատախազի` սահմանադրորեն ամրագրված դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման խախտմանը:

i

10. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` (...) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(...) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ»:

Մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում, որ դատախազը, լինելով հանրային իշխանության մարմին, քրեական դատավարությունում հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ և օժտված է որոշակի լիազորություններով, որոնց թվում է նաև` դատարանի դատավճիռները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումները բողոքարկելու լիազորությունը: Դատական ակտերը բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է(4):

______________________

i

4) Տե՛ս, mutatis mutandis, Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշումը:

 

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ դատախազի` դատական ակտերը բողոքարկելու սահմանադրորեն ամրագրված գործառույթը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Այլ կերպ` բողոքը վարույթ ընդունելը մերժելու (բողոքն առանց քննության թողնելու) մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա:

i

11. Մինչև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 13-ի` թիվ ՀՕ-155-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը (...)»:

i

12. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

i

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ: Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը: Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»(5):

______________________

i

5) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:

 

i

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է` մինչև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 13-ի` թիվ ՀՕ-155-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջը պահպանված չլինելու պատճառաբանությամբ(6):

______________________

6) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ եթե անգամ կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժելը հիմնավոր համարվել չի կարող:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջի պահպանվածությանը տրված նման մեկնաբանությամբ դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելով, prima facie ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատախազի` սահմանադրորեն ամրագրված դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացումը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջը չպահպանելու պատճառաբանությամբ բողոքը վարույթ ընդունելը մերժելը հանգեցրել է դատախազի` սահմանադրորեն ամրագրված դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման խախտմանը:

15. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության(7):

______________________

7) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Իննա Ռաֆիկի Փաշյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, ուստի չենք կարող նշել հրապարակման օրը, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.05.2020
N ԵԴ/0605/11/18
Որոշում