Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ Է....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ Է.ՇԱԲՈՅԱՆԻ ԱՐԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԿԴ/0190/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0190/01/17

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Ս. Համբարձումյան

                       Մ. Մարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի   

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի  

                                              Ս. Օհանյանի   

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   

                   մասնակցությամբ դատախազ`    Ս. Անդրեասյանի

 

    2020 թվականի մայիսի 25-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ Էդգար Համբարձումի Շաբոյանի պաշտպան Ա.Հոբոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է թիվ 15174117 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2017 թվականի հունիսի 13-ին Էդգար Համբարձումի Շաբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2017 թվականի հունիսի 20-ին Է.Շաբոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

2017 թվականի հուլիսի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճռով Է.Շաբոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 1 (մեկ) ամիս ժամկետով:

i

3. Ամբաստանյալ Է.Շաբոյանի պաշտպան Ա.Հոբոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճիռը` նշանակված պատժի մասով, փոփոխել է և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Է.Շաբոյանին ազատել է Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նշանակված 1 (մեկ) ամիս ժամկետով կալանքի ձևով պատժից:

4. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ ամբաստանյալ Է.Շաբոյանի պաշտպան Ա.Հոբոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Էդգար Շաբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա 2017 թվականի մայիսի 10-ին ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բյուզանդի 101 շենքի բակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ` ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ է հասցրել իր նախկին հարևանուհուն` Զակազ Իբոյի Թամոյանին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որն արտահայտվել է աջ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսի քերծվածքի, ձախ ազդրի միջին երրորդականի ներսային մակերեսի, ձախ բազկի վերին երրորդականի ներսային մակերեսի արյունազեղումների, գանգուղեղային տրավմայի, գանգուղեղի ցնցման ախտանիշների ձևով»(1):

________________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 94-96:

 

i

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց համակցությամբ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված է համարում այն, որ Է.Շաբոյանը կատարել է արարք, որը նախատեսված է` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որի համար վերջինս ենթակա է պատժի»(2):

________________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 96-104:

 

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները հանգամանորեն հետազոտվել և օբյեկտիվ գնահատման են ենթարկվել դատաքննության ընթացքում և եզրակացությունները կառուցվել են միայն ապացույցների համալիր գնահատականի հիման վրա, քրեական գործի քննության նախորդ փուլում թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի, հետևաբար, նման պայմաններում վերաքննիչ բողոքը բավարարելու, այն է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճիռը բեկանելու և ամբաստանյալ Էդգար Շաբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացման դատական ակտ կայացնելու անհրաժեշտ ու բավարար հիմքեր չկան»(3):

________________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 74:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն անհիմն են և չպատճառաբանված:

Ի հիմնավորումը վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չեն գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչը հանգեցրել է Է.Շաբոյանի իրավունքների խախտման: Մասնավորապես, գործում առկա ապացույցներով` ամբաստանյալի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, ինչպես նաև` ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված լազերային սկավառակը զննության ենթարկելու մասին կազմված արձանագրությամբ հերքվում է Է.Շաբոյանին մեղսագրված արարքի կատարման փաստը: Հետևապես, բացի տուժող Զակազ Թամոյանի ցուցմունքից, գործում առկա չէ որևէ այլ ապացույց, որը կարող է վկայել Է.Շաբոյանի կողմից Զ.Թամոյանին դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հանգամանքը:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշումը և ճանաչել ու հռչակել Էդգար Շաբոյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Է.Շաբոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Է.Շաբոյանին մեղսագրված արարքի իրավական գնահատականի վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

12. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Է.Շաբոյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքում հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են տուժող Զ.Թամոյանի, վկաներ Ռ.Հակոբյանի և Ն.Շեկոյանի դատաքննական ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության թիվ 1030 եզրակացությունով, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված լազերային սկավառակում առկա տեղեկատվություններով, նշված սկավառակը զննության ենթարկելու մասին արձանագրությունով և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ու իրեղեն ապացույց ճանաչված քարերի առկայության փաստով:

13. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Է.Շաբոյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

i

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (...) կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

14.1 Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:

14.2 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(...) Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»(4):

________________________________

4) Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

 

14.3 Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում(5):

________________________________

5) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵԿԴ/0211/01/10 գործով 2011 թվականի հուլիսի 13-ի որոշման 14-րդ կետը:

 

i

15. ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (...)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված կալանքի ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու ամիսը, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

17. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում(6): Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է(7):

________________________________

i

6) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ թիվ ԳԴ5/0022/01/10 գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵՇԴ/0055/01/11 գործով 2014 թվականի մարտի 28-ի որոշումը, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0121/11/14 գործով 2015 թվականի մարտի 27-ի որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ2/0016/01/14 գործով 2017 թվականի ապրիլի 12-ի որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0180/01/15 գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշումը:

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը:

 

i

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Է.Շաբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրված արարքն ավարտվել է 2017 թվականի մայիսի 10-ին(8): ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով որակված` Է.Շաբոյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի փետրվարի 12-ին: Նշված որոշման դեմ ամբաստանյալ Է.Շաբոյանի պաշտպան Ա.Հոբոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(9):

________________________________

8) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9) Տե՛ս սույն որոշման 2-4-րդ կետերը:

 

Վերոշարադրյալից բխում է, որ Է.Շաբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրված արարքի` որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա` 2019 թվականի մայիսի 10-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել:

19. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ Է.Շաբոյանին մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է, ուստի վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

20. Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում` վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար, բացակայում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ անձի դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը:

21. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Էդգար Համբարձումի Շաբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Էդգար Համբարձումի Շաբոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշումը բեկանել, Էդգար Համբարձումի Շաբոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

2. Էդգար Համբարձումի Շաբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված քարերը` ոչնչացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.05.2020
N ԵԿԴ/0190/01/17
Որոշում