Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք Ա.ՇԱՀԻՆՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՔՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք Ա.ՇԱՀԻՆՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0104/01/08

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   

                   մասնակցությամբ դատախազ`    Պ. Պետրոսյանի

 

    2020 թվականի մայիսի 25-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արման Սպարտակի Շահինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2008 թվականի մարտի 1-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը:

2008 թվականի մարտի 2-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը: Նույն օրը որոշում է կայացվել նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

2008 թվականի մարտի 3-ին Արման Սպարտակի Շահինյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 6-ի որոշմամբ Ա.Շահինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի հունիսի 11-ի որոշմամբ Ա.Շահինյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի հունիսի 11-ի որոշմամբ թիվ 62202608 քրեական գործից անջատվել է Ա.Շահինյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 62212808 համարը:

2008 թվականի հունիսի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Ա.Շահինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Պաշտպան Զ.Բուդաղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2008 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Ա.Շահինյանի` նոր հանգամանքի հիմքով բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

5. 2019 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Նախաքննության մարմնի կողմից Արման Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «անմիջական մասնակցություն է ունեցել ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին:

Այնուհետև` երբ ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության ծառայողները 2008թ. մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից իրենց ծառայողական պարտականությունները կատարելով պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը` Արման Շահինյանը հանրահավաքի մյուս մասնակիցների հետ, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փայտյա մահակով զինված հարձակվել և հարվածներ է հասցրել նրանց, որով իսկ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ»(1):

____________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 186-188:

 

7. Առաջին ատյանի դատարանը, Ա.Շահինյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, հաստատված է համարել հետևյալ փաստական տվյալները. «(...) 2008 թվականի մարտի 1-ին առավոտյան Ազատության հրապարակում Արման Շահինյանը չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փայտյա մահակով զինված հարձակվել և հարվածներ է հասցրել նրանց, որով իսկ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

(...) Դատարանը վերլուծելով և գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, ներքին համոզմամբ` գտնում է, որ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է Արման Շահինյանը ապացուցված է, նրա կողմից կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, ապացուցված է ամբաստանյալի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ (...)»(2)

____________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 55-59:

 

8. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը նշել է. «(...) Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննության առնելով քրեական գործը, ստուգելով նյութական և դատավարական օրենքի կիրառման ճշտությունը, լսելով վերաքննիչ բողոքի կապակցությամբ ամբաստանյալի հիմնավորումները, դատական ակտը չբողոքարկած հակառակ կողմի` դատախազի պատասխանը, հանգում է այն հետևության, որ (...) վերաքննիչ բողոքը պետք է մերժել (...)»(3):

____________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 118-121:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները դատական քննության ընթացքում թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ըստ բողոքաբերի` Ա.Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն անորոշ է, որի պայմաններում խախտվել է քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձի իրավունքը` տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, որպիսի պայմաններում չի ապահովվել ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն էլ, իր հերթին, անհնար է դարձրել արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջները բավարարող դատաքննության անցկացումը:

9.1. Բացի այդ, ըստ բողոքաբերի, նախաքննության և դատաքննության ընթացքում հավաքված ապացույցներն իրենց համակցության մեջ գնահատելով, դրանք համադրելով միմյանց հետ, անհրաժեշտ է փաստել, որ գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը, եզրահանգելով, որ Ա.Շահինյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, խնդրել է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել ու փոփոխել` ճանաչելով և հռչակելով Արման Շահինյանի անմեղությունը մեղսագրված արարքում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ա.Շահինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

i

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը` օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

i

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (...)»:

i

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը: Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ(4):

____________________________

4) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01:

 

i

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման: Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին: Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 Արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը` հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախ և առաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ` արդարադատության պատշաճ իրականացման համար: Վերջապես, 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»` կամ հօգուտ անձի, կամ հակառակը(5):

____________________________

5) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133:

 

i

12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Նույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

12.2. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին: (...)»(6):

____________________________

6) Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը:

 

i

12.3. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(...) Հիմնարար խախտումը պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»(7):

____________________________

7) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը:

 

i

13. ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

(...)

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք (...)»:

i

Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (...)»:

i

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթն ընդգծում է առաջադրվող «մեղադրանքի» մասին մեղադրյալին ծանուցելուն հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Հանցագործության վերաբերյալ մանրամասն տվյալները կարևոր դեր են խաղում քրեական դատավարությունում այն իմաստով, որ դրանց հայտարարման պահից է անձը համարվում պաշտոնապես ծանուցված նրա դեմ առաջ քաշված մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո(8):

____________________________

8) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Seliverstov v. Russia գործով 2008 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 19692/02, կետեր 16-17:

 

13.1. Վճռաբեկ դատարանը Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշման մեջ մեղադրանքի ձևակերպումը դիտարկելով որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման միջոց` իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Դրանում, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: (...)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու դեպքում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտա մեղադրյալին պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովվի կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Նշված սկզբունքներից ցանկացած շեղում կհանգեցնի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման»(9):

____________________________

9) Տե՛ս Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 21-րդ կետը:

 

i

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «անմիջական մասնակցություն է ունեցել ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին:

Այնուհետև` երբ ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության ծառայողները 2008թ. մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից իրենց ծառայողական պարտականությունները կատարելով պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը` Արման Շահինյանը հանրահավաքի մյուս մասնակիցների հետ, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փայտյա մահակով զինված հարձակվել և հարվածներ է հասցրել նրանց, որով իսկ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ»(10):

____________________________

10) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

15. Առաջին ատյանի դատարանը, 2008 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Ա.Շահինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ` հաստատված համարելով, որ «2008 թվականի մարտի 1-ին առավոտյան Ազատության հրապարակում Արման Շահինյանը չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փայտյա մահակով զինված հարձակվել և հարվածներ է հասցրել նրանց, որով իսկ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ»(11):

____________________________

11) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

15.1. Վերաքննիչ դատարանը, 2008 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրելով, որ դատավճիռը բեկանելու հիմքեր չկան(12):

____________________________

12) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

16. Սույն որոշման 14-15.1-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, ինչպես նաև հաշվի առնելով դրանց համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Շահինյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը չի համապատասխանում «մեղադրանքի» վերաբերյալ միջազգային և ներպետական պահանջներին ու Վճռաբեկ դատարանի կողմից Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշմամբ սահմանված չափանիշներին: Մասնավորապես, մեղադրանքի ձևակերպումը պարունակում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունը: Մեղադրանքի մեջ նշված չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեին հիմնավորված կերպով եզրահանգելու, որ Ա.Շահինյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին, այն է` մեղադրանքի բովանդակությունից անհնար է պատկերացում կազմել, թե ու՞մ նկատմամբ է գործադրվել բռնություն(13), պարզ չէ, թե արդյո՞ք այն անձինք, ում նկատմամբ ենթադրաբար բռնություն է գործադրվել, հանդիսացել են իշխանության ներկայացուցիչներ և կատարել են ծառայողական պարտականություններ, ավելին` չի պարզվել թե հարվածների հետևանքով կոնկրետ ու՞մ ինչպիսի վնաս է պատճառվել և ինչի հիման վրա է որոշվել, որ Ա.Շահինյանի կողմից գործադրվել է հենց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

____________________________

13) Տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ mutatis mutandis Վահան Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0038/01/13 որոշման 14-15-րդ կետերը:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Ա.Շահինյանին առաջադրված մեղադրանքում մանրամասնորեն և հստակ չեն նշվել արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական տվյալները` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրանքի այդպիսի անորոշ ձևակերպման պայմաններում, խախտվել է քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձի իրավունքը` տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքի մասին, որպիսի պայմաններում չի ապահովվել նաև անձի պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի հիմնարար խախտման:

17. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

18. Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Արման Շահինյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի` սույն որոշման 9.1.-րդ կետում շարադրված փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արման Սպարտակի Շահինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը բեկանել:

2. Արման Սպարտակի Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.05.2020
N ԵԿԴ/0104/01/08
Որոշում