Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԴԻՄՈՂ Գ.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԴԻՄՈՂ Գ.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵԿԴ/0186/11/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0186/11/16

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   

                   մասնակցությամբ դատախազ`    Պ. Պետրոսյանի

 

    2020 թվականի մայիսի 26-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով դիմող Գագիկ Տիգրանի Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2016 թվականի փետրվարի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202916 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Գ.Միքայելյանի (այսուհետ` նաև Քննիչ)` 2016 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ Ա.Սարգսյանի և Ս.Իսրայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է:

Նշված որոշման դեմ դիմող Գագիկ Տիգրանի Վարդանյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Հարությունյանի` 2016 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ մերժվել է:

2. Նշված որոշման դեմ Գ.Վարդանյանի բողոքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հունիսի 9-ի որոշմամբ մերժվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ Գ.Վարդանյանի բողոքը մերժվել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 9-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերոնշյալ որոշման դեմ դիմող Գ.Վարդանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է:

Գ.Վարդանյանը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և Գ.Վարդանյանի բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Քննիչի` 2016 թվականի օգոստոսի 25-ի որոշման համաձայն` «(...) Թեև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Կոտայքի մարզի (...) Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարող Սերգեյ Իսրայելյանն անցել է պաշտոնեական լիազորությունները, այնուամենայնիվ` նրա արարքի հետևանքով Գագիկ Վարդանյանին որևէ էական վնաս չի պատճառվել:

Մասնավորապես`

(...)

Գագիկ Զաքարյանի դիմումի հիման վրա հանել է վերջինիս պատկանող` 5 անուն անշարժ գույքերից 1-ի վրա դրված արգելանքը: Նշված 1 անուն անշարժ գույքը` Կոտայքի մարզի Արգել գյուղի 4-րդ փողոցի 6/5 հասցեում գտնվող` կառուցապատման իրավունքով գրանցված խանութը, թեև վաճառվել է, այնուամենայնիվ արգելանքի տակ մնացած գույքերից միայն երեքի արժեքն արդեն իսկ մի քանի անգամ գերազանցում է Գագիկ Վարդանյանի` 1.250.000 ՀՀ դրամ պահանջի չափը` կազմելով 21.851.600 ՀՀ դրամ: Նման պայմաններում որևէ կերպ փաստել, որ Սերգեյ Իսրայելյանի կողմից Գ.Զաքարյանի գույքն արգելանքից հանելու հետևանքով Գագիկ Վարդանյանին պատճառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի պարտադիր հատկանիշ համարվող էական վնաս և իրականացնել քրեական հետապնդում` հնարավոր չէ` Սերգեյ Իսրայելյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով»(1):

______________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 72-78:

 

i

6. Առաջին ատյանի դատարանն իր` 2017 թվականի հունիսի 9-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Կարճված քրեական գործի նյութերի բովանդակային ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ (...) Ս.Իսրայելյանի գործողությունների արդյունքում Գ.Վարդանյանին որևէ վնաս չի պատճառվել, ինչը նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմինը եկել է փաստարկված հիմնավորման, որ (...) Ս.Իսրայելյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշերը»(2):

______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 29-42:

 

7. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանը դիմող Գագիկ Վարդանյանի բողոքի քննարկման արդյունքում իրավացիորեն հանգել է ճիշտ հետևության այն մասին, որ (...) Ս.Իսրայելյանի գործողությունների արդյունքում Գ.Վարդանյանին որևէ վնաս չի պատճառվել, ինչը նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմինը եկել է փաստարկված հիմնավորման, որ (...) Ս.Իսրայելյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշերը»(3):

______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 98-110:

 

8. Գ.Վարդանյանի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված` Գ.Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Ժ.Արաբյանի` 2019 թվականի մարտի 4-ի գրության համաձայն` Գ.Զաքարյանի սնանկության գործով գույքագրվել է վեց գույքային միավոր: Գույքագրված գույքի ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված գույքային միավորների իրացումից ստացված միջոցներն ուղղվելու են ապահովված պարտատերերի հանդեպ Գ.Զաքարյանի պարտավորությունների մարմանը(4):

______________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 113-114:

 

8.1 Որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված` Գ.Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Ժ.Արաբյանի` 2019 թվականի մարտի 15-ի գրության համաձայն` գույքագրված գույքի ցանկի 1-ին կետում նշված գույքային միավորի օտարումից ստացված գումարը ուղղվելու է գույքի օտարման հետ կապված վարչական ծախսերը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հանդեպ պարտավորությունները մարելուն: 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքային միավորները գտնվում են աճուրդային փուլում, և դրանց մեկնարկային արժեքների հանրագումարը կազմում է 78.232 ՀՀ դրամ, իսկ 4-րդ կետում նշված գույքային միավորի` Գ.Զաքարյանին պատկանող մասի շուկայական արժեքը փորձագետի կողմից գնահատվել է 468.000 ՀՀ դրամ: Նշված գույքային միավորների արժեքների հանրագումարը 546.232 ՀՀ դրամ է, և այդ վիճակով դրանց օտարման պարագայում, Գ.Վարդանյանի պահանջի բավարարմանը հատկացվելու է գումարի 11.4 տոկոսը, այսինքն` 62.270 ՀՀ դրամ(5):

______________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 115-116:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը նշել է, որ Գ.Զաքարյանի սնանկության գործով ի հայտ են եկել թե՛ քրեական հետապնդումն իրականացնող մարմնի, թե՛ դատարանների կողմից համապատասխան որոշումներ կայացնելիս անհայտ մնացած այնպիսի փաստեր, որոնք հիմք են Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:

Ի հիմնավորումը վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը, վկայակոչելով Գ.Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Ժ.Արաբյանի` 2019 թվականի մարտի 4-ի և 15-ի գրությունները, արձանագրել է, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող Ս.Իսրայելյանի արարքով պատճառված վնասը գերազանցում է 500.000 ՀՀ դրամը: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ համաձայն սնանկության կառավարչի գրությունների` Գ.Զաքարյանի սնանկության գործով գույքագրված վեց գույքային միավորից միայն երեք գույքային միավորի իրացումից ստացված գումարի` 546.232 ՀՀ դրամի 11.4 տոկոսը, այն է` 62.270 ՀՀ դրամը կարող է ուղղվել իր պահանջի բավարարմանը, մինչդեռ իր հանդեպ Գ.Զաքարյանի պարտավորությունը կազմում է 1.275.000 ՀՀ դրամ:

10. Վերոշարադրյալի հիման վրա, Գ.Վարդանյանը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների որոշումները և կայացնել նոր դատական ակտ` վերականգնելով իր խախտված իրավունքները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք դիմող Գ.Վարդանյանի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված տվյալները հիմք են Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերանայելու համար:

i

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը` օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (...)»:

12.1 Անդրադառնալով «նոր երևան եկած հանգամանքներ» ձևակերպմանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ հանգամանքները, որոնք վերաբերում են գործին, գոյություն են ունեցել գործի քննության ընթացքում, մնացել են անհայտ դատարանին (թաքցվել են), հայտնի են դարձել միայն գործի քննությունից հետո, համարվում են նոր երևան եկած(6):

______________________

6) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bulgakova v. Russia գործով 2007 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատ թիվ 69524/01, կետ 39:

 

i

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած (...) հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած (...) հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`

(...)

4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

(...)»:

i

14. ՀՀ սահմանադրական դատարանի` թիվ ՍԴՈ-935 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի 1-ին մասի «միայն» արտահայտությունը` այնքանով, որքանով բացառում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով այլ վերջնական իրավական ակտերի օրենքով սահմանված կարգով վերանայումը` դրանով իսկ վտանգելով անձի` մասնավորապես, մինչդատական վարույթում պետական իրավասու մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին հակասող և անվավեր(7):

______________________

i

7) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2011 թվականի փետրվարի 4-ի թիվ ՍԴՈ-935 որոշումը:

 

14.1 Վճռաբեկ դատարանը Ժիրայր Սեֆիլյանի գործով որոշմամբ փաստել է, որ «(...) Այնպիսի բացառիկ դեպքերում, երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա, անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակը գերակայում է իրավական որոշակիության (res jսdicata) սկզբունքի և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) հիմնարար պահանջի (Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետ) նկատմամբ:

ՀՀ օրենսդիրը, ելնելով Եվրոպական կոնվենցիայի վերոհիշյալ դրույթներից, դրանցում նշված չափանիշներին և պայմաններին համապատասխան, նախատեսել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու դատավարական ընթացակարգ»(8):

______________________

8) Տե՛ս, mutats mutandis, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշումը:

 

15. Նոր երևան եկած հանգամանքներով վերջնական դատավարական որոշումների վերանայման հիմքերը դատարանին կամ քրեական հետապնդման մարմնին, որպես կանոն, իրենց կամքից անկախ պատճառներով, անհայտ մնացած փաստական հանգամանքներ են, որոնք պետք է անմիջական ազդեցություն ունենան գործի ելքի վրա: Նոր երևան եկած հանգամանքները` որպես օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտերի վերանայման հիմքեր, հիմնականում բնութագրվում են հետևյալ միասնական հատկանիշներով.

1. դրանք պետք է անհայտ լինեն դատարանին,

2. դրանք պետք է էական նշանակություն ունենան գործի համար,

3. նոր երևան եկած հանգամանքները պետք է գոյություն ունեցած լինեն օբյեկտիվ իրականությունում` մինչ համապատասխան վերջնական որոշման կայացումը, սակայն բացահայտված լինեն դրա ուժի մեջ մտնելուց հետո:

i

15.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված նոր երևան եկած հանգամանքներն ընդհանուր առմամբ բաժանվում են երկու խմբի`

ա) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստական հանգամանքներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ից 3-րդ կետերով` սպառիչ կերպով նախատեսված հիմքեր), որոնք պարզվել են դատարանի կողմից կատարված քննության արդյունքում, իրենց բնույթով օբյեկտիվ են և վերջնական որոշման վերանայման համար չեն պահանջում լրացուցիչ քննության կատարում,

i

բ) այլ փաստական հանգամանքներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 4-րդ կետով` ոչ սպառիչ կերպով նախատեսված հիմքեր), որոնք կախված որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչվող տվյալների բնույթից` կարող են լինել օբյեկտիվ և վերջնական որոշման վերանայման համար չպահանջել լրացուցիչ քննության կատարում, կամ դրանցով վիճարկվող հանգամանքների համապատասխանությունն իրականությանը պարզելու և վերջնական որոշումը վերանայելու համար պահանջել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության կատարում:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

i

- Քննիչի` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2016 թվականի օգոստոսի 25-ի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ թեև ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող Ս.Իսրայելյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, արգելանքից հանել և վաճառել է Գ.Զաքարյանի` արգելադրված գույքային միավորներից մեկը, սակայն արգելադրված մնացած գույքային միավորների արժեքների հանրագումարը մի քանի անգամ գերազանցում է Գ.Վարդանյանի` 1.250.000 ՀՀ դրամ պահանջի չափը, որպիսի պայմաններում հարկադիր կատարող Ս.Իսրայելյանի գործողությունների հետևանքով Գ.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի իմաստով էական գույքային վնաս չի պատճառվել(9),

______________________

9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- դիմող Գ.Վարդանյանի բողոքի հիման վրա, Առաջին ատյանի դատարանը, դատական ստուգման ենթարկելով Քննիչի վերոնշյալ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, գտել է, որ հարկադիր կատարող Ս.Իսրայելյանի գործողությունների արդյունքում Գ.Վարդանյանին էական վնաս պատճառված չլինելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի հետևություններն իրավաչափ են(10),

______________________

10) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն իր հերթին, մերժելով դիմողի վերաքննիչ բողոքը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը բողոքի քննության արդյունքում հանգել է ճիշտ հետևության(11),

______________________

11) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Գ.Զաքարյանի սնանկության գործի շրջանակում պարզվել է, որ Գ.Վարդանյանի պահանջի բավարարմանը ուղղվող գույքային միավորների արժեքի հանրագումարը 546.232 ՀՀ դրամ է, և դրանց օտարման պարագայում Գ.Վարդանյանի պահանջի բավարարմանը հատկացվելու է գումարի 11.4 տոկոսը, որը սակայն, պակաս է Գ.Վարդանյանի պահանջն ամբողջությամբ բավարարելու համար անհրաժեշտ գումարի չափից(12):

______________________

12) Տե՛ս սույն որոշման 8-րդ և 8.1-րդ կետերը:

 

17. Սույն որոշման 12-15.1-րդ կետերում շարադրված իրավական դրույթների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Զաքարյանի սնանկության գործի շրջանակում պարզված փաստերը վկայում են Առաջին ատյանի դատարանի կողմից դիմողի բողոքը քննելիս, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելիս անհայտ մնացած այնպիսի էական հանգամանքի մասին, որ Գ.Զաքարյանին պատկանող գույքային միավորների իրացումից առաջացած միջոցները բավարար չեն Գ.Վարդանյանի հանդեպ ունեցած` 1.250.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը մարելու համար: Նման պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ այդ փաստական հանգամանքն իր բնույթով օբյեկտիվ է և չի պահանջում լրացուցիչ քննության կատարում, ներկայացված տվյալներով նշված գումարային չափերի անհամապատասխանությունն ակնհայտ է, Վճռաբեկ դատարանը, իր լիազորությունների շրջանակներում, բավարար հիմք է համարում 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերանայելու համար:

i

18. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Զաքարյանի սնանկության գործի շրջանակներում ստացված տվյալները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի իմաստով, նոր երևան եկած հանգամանք են Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը վերանայելու, վերանայման արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 9-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշումը բեկանելու ու փոփոխելու համար: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Գագիկ Տիգրանի Վարդանյանի բողոքը պետք է բավարարել և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու դիմողի իրավունքի խախտումը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.3-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 9-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Դիմող Գագիկ Տիգրանի Վարդանյանի բողոքը բավարարել` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու սույն որոշմամբ արձանագրված` դիմողի իրավունքի խախտումը:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.05.2020
N ԵԿԴ/0186/11/16
Որոշում