Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԴԻՄՈՂ` Ա.ԴԱՎԹՅԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԴԻՄՈՂ` Ա.ԴԱՎԹՅԱՆԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ՍԴ/0014/11/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0014/11/18

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

 

    2020 թվականի մայիսի 26-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ դիմող Ալյոշա Եգոռի Դավթյանի ներկայացուցիչ Ա.Խալափյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2018 թվականի ապրիլի 16-ին Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 41200418 քրեական գործը:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ն.Հովհաննիսյանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ավետիս Սամսոնի Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է:

Վերոնշյալ որոշման դեմ Ալյոշա Եգոռի Դավթյանի ներկայացուցիչ Ա.Խալափյանի բողոքը Սյունիքի մարզի դատախազ Վ.Հարությունյանի` 2018 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ մերժվել է:

2. Դիմող Ալյոշա Դավթյանի ներկայացուցիչ Ա.Խալափյանի բողոքի քննության արդյունքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ այն մերժել է:

3. Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Ա.Դավթյանի ներկայացուցիչ Ա.Խալափյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ վարույթ է ընդունվել(1):

_________________________

i

1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

 

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` նաև «Հայփոստ» ՓԲԸ) կողմից տրված RR259615557AM բեռնային համարով անդորրագրի համաձայն` փոստային առաքման միջոցով 2018 թվականի հոկտեմբերի 27-ին Առաջին ատյանի դատարանի որոշման օրինակն ուղարկվել է դիմող Ա.Դավթյանին(2): Միևնույն ժամանակ, «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում նշված բեռնային համարով առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է(3):

_________________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 51-52:

3) Տե՛ս https://www.haypost.am/hy/track-and-trace:

 

6. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում դիմող Ա.Դավթյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին(4):

_________________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 2-9:

 

6.1 Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դիմող Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Համաձայն գործի փաստական տվյալների` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերոնշյալ որոշումը` 27.10.2018 թ.-ի կից գրությամբ ուղարկել է բողոքաբերի կողմից նշված հասցեով` Սյունիքի մարզ, Կապան համայնք, Զորաստան բն., իսկ 30.10.2018-ին այն ստացվել է Ա.Դավթյանի կողմից:

(...)

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2018 թ.-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստին հանձնելու միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2018 թ.-ի նոյեմբերի 15-ին, այն է` որոշման հրապարակելու օրվանից 19 և այն ստանալուց 16 օր հետո, հետևաբար բողոքը ժամկետանց է և պետք է թողնվի առանց քննության»(5):

_________________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 14-15:

 

7. Վճռաբեկ վարույթի ընթացքում ստացվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի` 2019 թվականի հուլիսի 25-ի գրությունը, համաձայն որի` RR259615557AM բեռնային համարով փոստային ծրարը հասցեատիրոջ` դիմող Ա.Դավթյանին է հանձնվել 2018 թվականի նոյեմբերի 6-ին(6):

_________________________

6) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 83:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի` դիմողի ներկայացուցիչ Ա.Խալափյանի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում խախտվել է դիմողի դատական պաշտպանության իրավունքը:

Ի հիմնավորումը վերոգրյալի` բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու հարցում հանգել է սխալ հետևության: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվեր դիմող Ա.Դավթյանի կողմից այն ստանալու պահից, այսինքն` 2018 թվականի նոյեմբերի 5-ից, հետևաբար, վերջինիս բողոքը նույն թվականի նոյեմբերի 15-ին փոստին հանձնելով` պահպանել է բողոքարկման տասնօրյա ժամկետը:

9. Վերոշարադրյալի հիման վրա, դիմող Ա.Դավթյանի ներկայացուցիչ Ա.Խալափյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դիմող` Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

i

11. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ձերբակալման տակ պահելու ժամկետն սկսվում է արգելանքի վերցնելու պահից:

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը` այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով:

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` «1. Վերաքննիչ բողոք բերվում են`

(...)

3) առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

12. Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը: Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով(7):

_________________________

i

7) Տե՛ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- դիմող Ա.Դավթյանը ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին,

Վճռաբեկ վարույթի ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը RR259615557AM բեռնային համարով փոստային առաքման միջոցով 2018 թվականի նոյեմբերի 6-ին հանձնվել է դիմող Ա.Դավթյանին(8),

_________________________

8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը դիմող Ա.Դավթյանը փոստին է հանձնել 2018 թվականի նոյեմբերի 15-ին(9),

_________________________

9) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը դիմող Ա.Դավթյանի բողոքը թողել է առանց քննության` նշելով, որ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը դիմողը ստացել է 2018 թվականի հոկտեմբերի 30-ին և նշված որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է 2018 թվականի նոյեմբերի 15-ին` այն ստանալու պահից 16 օր անց, հետևաբար, ներկայացված բողոքը ժամկետանց է(10):

_________________________

10) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

14. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմող Ա.Դավթյանին հանձնելու օրվա վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման: Այսպես` Առաջին ատյանի դատարանի որոշումը, փոստային առաքման միջոցով, թիվ RR259615557AM բեռնային համարով ուղարկվել է Ա.Դավթյանին: «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի գրության համաձայն` նշված բեռնային համարով փոստային ծրարը դիմող Ա.Դավթյանին է հանձնվել 2018 թվականի նոյեմբերի 6-ին, որպիսի պայմաններում, սույն գործով Առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետը հաշվարկելու ընթացքը սկսվում է որոշումը ստանալու հաջորդ օրվանից` 2018 թվականի նոյեմբերի 7-ից, հետևաբար դիմող Ա.Դավթյանը վերաքննիչ բողոքը նույն թվականի նոյեմբերի 15-ին փոստին հանձնելով այն ներկայացրել է սահմանված ժամկետում:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ բողոքում դիմող Ա.Դավթյանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին, սակայն Վերաքննիչ դատարանը նշված տեղեկատվությունը պարզելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու փոխարեն` ոչ իրավաչափ հետևություն է արել Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմող Ա.Դավթյանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ստացված լինելու մասին: Ավելին` Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե կոնկրետ որ փաստական տվյալ(ներ)ով է հաստատված համարել Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմող Ա.Դավթյանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ստացված լինելու հանգամանքը:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված չէ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող դատավարական ժամկետի պահպանված չլինելու մասին հստակ և որոշակի փաստական տվյալներից բխող եզրահանգումների վրա:

15. Նախորդ կետում կատարված վերլուծությունը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ժամկետանց լինելու պատճառաբանությամբ դիմող Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհիմն սահմանափակել է դիմողի` դատարանի մատչելիության իրավունքը, հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոքարկման ժամկետի պահպանմամբ:

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

i

16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար(11):

_________________________

i

11) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Ալյոշա Եգոռի Դավթյանի ներկայացուցիչ Ա.Խալափյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.05.2020
N ՍԴ/0014/11/18
Որոշում