Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԼԴ/0124/01/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0124/01/20

Նախագահող դատավոր` Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղարությամբ`          Մ. Պետրոսյանի

                   

                   մասնակցությամբ դատախազ`    Կ. Սերոբյանի

                   

                   պաշտպաններ                 Ռ. Բալոյանի

                                              Զ. Վարդանյանի

 

    26 նոյեմբերի 2021 թվական                   ք. Երևան

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Գրիգորյանի պաշտպաններ Ռ.Բալոյանի և Զ.Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 38-311-րդ հոդվածի 1-ին մասի, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ի մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58213320 քրեական գործը, որի նախաքննությունը 2020 թվականի հուլիսի 16-ից շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

2020 թվականի հուլիսի 21-ին Արտակ Ռոբերտի Գրիգորյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ Ա.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, վեց դրվագ 311-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկ դրվագ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և վեց դրվագ 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ Ա.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է և նրան մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, վեց դրվագ` 311-րդ հոդվածի 2-րդ մասով, վեց դրվագ` 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ թիվ 58213320 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Արտակ Գրիգորյանի և Հակոբ Ղայթանջյանի վերաբերյալ քրեական գործը, որին շնորհվել է 62222520 համարը:

2. 2020 թվականի սեպտեմբերի 4-ին թիվ 62222520 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանը քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում` 2020 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ:

Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունիսի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի պաշտպաններ Ռ.Բալոյանի և Զ.Վարդանյանի միջնորդությունը` ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին բավարարվել է, և ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը ճանաչվել է թույլատրելի` գրավի չափ սահմանելով 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը:

3. Դատախազ Կ.Սերոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2021 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունիսի 11-ի որոշումը բեկանել, ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացրել և որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Ռ.Բալոյանը և Զ.Վարդանյանը վճռաբեկ բողոք են բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 3-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Արտակ Գրիգորյանին վեց դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, վեց դրվագ` 311-րդ հոդվածի 2-րդ մասով և վեց դրվագ` 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Սետ Գրիգորյանի հետ, սահմանված կարգի խախտմամբ` առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու` կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու նպատակով Սետ Գրիգորյանը հանձն է առել քաղաքացիների հավաքագրումը, նրանցից, ինչպես նաև միջնորդներից կաշառքի առարկա հանդիսացող գումարների ստացումը և դրանց փոխանցումն Արտակ Գրիգորյանին: Արտակ Գրիգորյանը Սետ Գրիգորյանի հետ համաձայնության գալուց հետո` 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, վերջինիս օժանդակությամբ, վեց դրվագով ակնհայտ ապօրինի գործողության համար ստացել է կաշառք, վեց դրվագով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև վեց դրվագով կատարել է պաշտոնեական կեղծիք(1):

_______________________

1) Մանրամասն տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 46-50:

 

6. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունիսի 11-ի որոշման համաձայն` «(...) 2020 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ քննարկելով Ա.Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր կամ անհիմն լինելու հարցը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելու պարագայում առկա է ողջամիտ ենթադրություն, որ վերջինս կարող է խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով:

Սույն քրեական գործից առանձնացված և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ՇԴ/0143/01/20 քրեական գործով 2021 թվականի մայիսի 3-ին, արագացված դատական քննության կարգի կիրառմամբ կայացվել է դատական ակտ, որով սույն գործով որպես մեկ այլ քրեական գործով անցնող մեղադրյալներ դատակոչված անձինք համաձայնություն են հայտնել առաջադրված մեղադրանքի հետ և դրանով իսկ չեզոքացրել այն մտահոգությունը, որ Ա.Գրիգորյանը մնալով ազատության մեջ կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա:

Միևնույն ժամանակ դատարանը գտնում է, որ լիովին չի չեզոքացել Ա.Գրիգորյանի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու նպատակով նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, մասնավորապես պայմանավորված առաջադրված մեղադրանքի ծանրությամբ, Ա.Գրիգորյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ առանց հարգելի պատճառների վարույթն իրականացնող մարմնի կանչով չներկայանալու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու իմաստով:

Դատարանը գտնում է, որ վերը նշված ողջամիտ ենթադրությունը չեզոքացնելու և գործի քննության ընթացքում Ա.Գրիգորյանի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով բավարար երաշխիք կարող է հանդիսանալ գրավի կիրառմամբ խափանման միջոցի ընտրությունը:

Նման եզրահանգման հիմք է հանդիսանում նաև Ա.Գրիգորյանի անձը և ընտանեկան դրությունը:

Անդրադառնալով գրավի առարկային` Դատարանը, ի թիվս այլնի, հաշվի առնելով, մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների բնույթը, ամբաստանյալի անձը, մասնավորապես այն, որ ամուսնացած է, ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական, և նկատի ունենալով, որ գրավի գումարի սահմանումը չունի վնասը հատուցելու նպատակ կամ նշանակություն, գտնում է, որ պաշտպանության կողմի որպես գրավի առարկա առաջարկած նախընտրելի գումարի չափը` 5.000.000 ՀՀ դրամը գումարի վճարումը կարող է ապահովել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի պատշաճ վարքագիծը քրեական գործի դատաքննության ընթացքում (...)»(2):

_______________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 46-52:

 

7. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հուլիսի 21-ի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանը գնահատման չի արժանացրել Արտակ Գրիգորյանին մեղսագրվող արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, մասնավորապես` այն, որ նրան մեղսագրվում է վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի համար հիմնական պատիժ է նախատեսված միայն ազատազրկման ձևով` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալին վերագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանը թեև չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը պատշաճ ուսումնասիրության չի ենթարկել կալանավորման հիմքերը:

Այսպես.

Անդրադառնալով գործի քննությանը խոչընդոտելու վտանգին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արտակ Գրիգորյանն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները.

- Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՇԴ/0143/01/20 քրեական գործով ոչ բոլոր անձանց վերաբերյալ է կայացվել դատավճիռ, մասնավորապես` թիվ ՇԴ/0143/01/20 քրեական գործից ամբաստանյալ Սետ Ժորժիկի Գրիգորյանի վերաբերյալ մասն անջատվել է որպես առանձին վարույթ, իսկ գործի դատաքննությունը շարունակվել է ամբաստանյալներ Դավիթ Վիկտորի Դարբինյանի, Մանվել Ալբերտի Բաղդասարյանի, Հայկազ Համլետի Սեդրակյանի, Գևորգ Հայկազի Հակոբյանի, Անդրանիկ Գևորգի Հակոբյանի, Արշավիր Վարդանի Սարգսյանի, Աղվան Վարդգեսի Ներսիսյանի, Հովհաննես Հակոբի Թորոսյանի, Հրաչ Խաչիկի Բարսեղյանի, Ալֆրեդ Վարդանի Ծատուրյանի, Կարեն Ջոնիկի Դավթյանի և Արտյոմ Սամվելի Ղազարյանի մասով, այնուհետև, 2021 թվականի մայիսի 03-ին դատարանի դատավճռով Դավիթ Դարբինյանը, Մանվել Բաղդասարյանը, Հայկազ Սեդրակյանը, Գևորգ Հակոբյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արշավիր Սարգսյանը, Աղվան Ներսիսյանը, Հովհաննես Թորոսյանը, Հրաչ Բարսեղյանը, Ալֆրեդ Ծատուրյանը, Կարեն Դավթյանը և Արտյոմ Ղազարյանը դատապարտվել են տարբեր չափերի տուգանքով, իսկ Սետ Գրիգորյանի վերաբերյալ, ով նույնպես հանդիսանում է ամբաստանյալ և ըստ գործում առկա փաստական տվյալների վեց դրվագով օժանդակել է Արտակ Գրիգորյանի կողմից ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, մեկ դրվագով Արտակ Գրիգորյանին դրդել է չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները և կատարել պաշտոնեական կեղծիք, մեկ դրվագով կատարել է կաշառք ստանալու օժանդակության փորձ, մեկ դրվագով կատարել է կաշառք ստանալու պատրվակով խարդախություն` դեռևս վերջնական դատական ակտ առկա չէ:

- Սետ Գրիգորյանը նախաքննության ընթացքում տվել է Արտակ Գրիգորյանի կողմից կաշառք ստանալու հանգամանքը բացահայտող, վերջինին մի շարք հանցավոր արարքներ կատարելու մեջ մերկացնող ցուցմունքներ:

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից նշված Արտակ Գրիգորյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու մեկ այլ եղանակով` առանց հարգելի պատճառների վարույթն իրականացնող մարմնի կանչով չներկայանալու հիմքերին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերը նշված հիմքերի մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված չեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, քանի որ դրա կապակցությամբ որևէ փաստական տվյալ չկա: Ավելին, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նախկինում Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Արտակ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ կայացված որոշմամբ այդպիսի հիմքեր նախատեսված չեն եղել:

Իսկ ինչ վերաբերում է ամբաստանյալ Արտակ Գրիգորյանի անձը բնութագրող տվյալներին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գրավն ի զորու չէ կանխել ամբաստանյալ Արտակ Գրիգորյանի ոչ իրավաչափ վարքագիծը, այն է` ամբաստանյալ Արտակ Գրիգորյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը (...)»(3):

_______________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 126-144:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

8. Բողոքի հեղինակների կարծիքով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-137-րդ և 143-րդ հոդվածների խախտումներ, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված չէ հիմնավոր և փաստարկված պատճառաբանությունների վրա, որոնցով կհիմնավորվեր, թե ինչու գրավն ի զորու չէ ապահովել Ա.Գրիգորյանի պատշաճ վարքագիծը:

Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է գործի նյութերից բխող հետևյալ հանգամանքները.

- Ա.Գրիգորյանը երբևէ չի խոչընդոտել գործի քննությանը, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր,

- գործի քննության ընթացքում շուրջ մեկ ամիս գտնվել է ազատության մեջ և որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը,

- տառապում է «Զարկերակային հիպերտենզիա III» հիվանդությամբ և այդպիսով գտնվում է կորոնավիրուսային համավարակի ծանր զարգացման ռիսկային խմբում,

i

- ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունքներ տալով օժանդակել է քննությանը,

- սույն գործից առանձնացված և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՇԴ/0143/01/20 քրեական գործով 2021 թվականի մայիսի 3-ին, արագացված դատաքննության կիրառմամբ, կայացվել է դատական ակտ, ըստ որի` սույն դեպքի առթիվ քննվող տվյալ քրեական գործով անցնող մեղադրյալներն առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել, որպիսի հանգամանքը չեզոքացրել է այն մտահոգությունը, որ ազատության մեջ մնալով ամբաստանյալ Ա.Գրիգորյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հուլիսի 21-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը կամ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունիսի 11-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ գրավն ի զորու չէ կանխել ամբաստանյալ Արտակ Գրիգորյանի ոչ իրավաչափ վարքագիծը:

i

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (...)»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.

3) տարիքը և առողջական վիճակը.

4) սեռը.

5) զբաղմունքի տեսակը.

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.

7) գույքային դրությունը.

8) բնակության մշտական վայրի առկայությունը.

9) այլ էական հանգամանքներ»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գրավը դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը»:

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- ներպետական իշխանությունները, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս, պետք է փնտրեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել տվյալ անձի ներկայությունը դատաքննությանը(4),

_______________________

4) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` Idalov v. Russia գործով 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5826/03, 140-րդ կետ:

 

- կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը(5),

_______________________

5) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Sahin Alpay v. Turkey գործով 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատ թիվ 16538/17, 181-րդ կետ:

 

- կալանքի` որպես խիստ միջոցի կիրառումը կարող է արդարացվել, երբ այլ` ներգործության ուժով նվազ միջոցների կիրառելիությունը քննարկվել է և որոշվել, որ դրանք բավարար չեն մասնավոր կամ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու համար, ինչը կարող է պահանջել, որ անձը կալանավորվի(6),

_______________________

6) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Djundiks v. Latvia գործով 2014 թվականի ապրիլի 15-ի վճիռը, գանգատ թիվ 14920/05, 89-րդ կետ:

 

- 5-րդ հոդվածի 3-րդ կետն ամրագրում է ոչ միայն «ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքը», այլ նաև նախատեսում է, որ «ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»(7),

_______________________

7) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khudoyorov v. Russia գործով 2005 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 6847/02, 183-րդ կետ:

 

- գրավը կարող է պահանջվել այնքան ժամանակ, որքան առկա կլինեն կալանքը հիմնավորող պատճառները(8):

_______________________

8) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Musuc v. Moldova գործով 2007 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 42440/06, կետ 42, Aleksandr Makarov v. Russia գործով 2009 թվականի մարտի 14-ի վճիռը, գանգատ թիվ 15217/07, 139-րդ կետ:

 

13. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով(9):

_______________________

i

9) Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:

 

13.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին(10):

_______________________

i

10) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Արտակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, վեց դրվագ` 311-րդ հոդվածի 2-րդ մասով և վեց դրվագ` 314-րդ հոդվածի 1-ին մասով(11):

_______________________

11) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հունիսի 11-ի որոշմամբ արձանագրել է, որ սույն քրեական գործից առանձնացված և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ՇԴ/0143/01/20 քրեական գործով 2021 թվականի մայիսի 3-ին, արագացված դատական քննության կարգի կիրառմամբ, կայացվել է դատական ակտ, որով սույն գործով որպես մեկ այլ քրեական գործով անցնող մեղադրյալներ դատակոչված անձինք համաձայնություն են հայտնել առաջադրված մեղադրանքի հետ և դրանով իսկ չեզոքացրել այն մտահոգությունը, որ Ա.Գրիգորյանը մնալով ազատության մեջ կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ լիովին չի չեզոքացել Ա.Գրիգորյանի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու նպատակով նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, մասնավորապես` պայմանավորված առաջադրված մեղադրանքի ծանրությամբ, Ա.Գրիգորյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ առանց հարգելի պատճառների վարույթն իրականացնող մարմնի կանչով չներկայանալու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու իմաստով: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վերը նշված ողջամիտ ենթադրությունը չեզոքացնելու և գործի քննության ընթացքում Ա.Գրիգորյանի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով բավարար երաշխիք կարող է հանդիսանալ գրավի կիրառմամբ խափանման միջոցի ընտրությունը, որպիսի եզրահանգման հիմք է հանդիսանում նաև Ա.Գրիգորյանի անձն ու ընտանեկան դրությունը:

Անդրադառնալով գրավի առարկային` Առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլնի, հաշվի առնելով, մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների բնույթը, ամբաստանյալի անձը, մասնավորապես այն, որ ամուսնացած է, ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական, գտել է, որ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի վճարումը կարող է ապահովել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի պատշաճ վարքագիծը քրեական գործի դատաքննության ընթացքում(12):

_______________________

12) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը գնահատման չի արժանացրել Ա.Գրիգորյանին մեղսագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը պատշաճ ուսումնասիրության չի ենթարկել կալանավորման հիմքերը: Անդրադառնալով գործի քննությանը խոչընդոտելու վտանգին` Վերաքննիչ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել գործի քննությանը: Նման եզրահանգման հիմքում ընկած է այն, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՇԴ/0143/01/20 քրեական գործով ոչ բոլոր անձանց վերաբերյալ է կայացվել դատավճիռ, մասնավորապես` թիվ ՇԴ/0143/01/20 քրեական գործից ամբաստանյալ Սետ Գրիգորյանի վերաբերյալ մասն անջատվել է որպես առանձին վարույթ, ում վերաբերյալ դեռևս վերջնական դատական ակտ առկա չէ: Բացի այդ, Սետ Գրիգորյանը նախաքննության ընթացքում տվել է Արտակ Գրիգորյանի կողմից կաշառք ստանալու հանգամանքը բացահայտող, վերջինին մի շարք հանցավոր արարքներ կատարելու մեջ մերկացնող ցուցմունքներ:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից նշված վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու մեկ այլ եղանակով` առանց հարգելի պատճառների վարույթն իրականացնող մարմնի կանչով չներկայանալու հիմքերին, արձանագրել է, որ վերը նշված հիմքերի մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված չեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, քանի որ դրա կապակցությամբ որևէ փաստական տվյալ չկա: Իսկ ինչ վերաբերում է ամբաստանյալ Ա.Գրիգորյանի անձը բնութագրող տվյալներին, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ գրավը ի զորու չէ կանխել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի ոչ իրավաչափ վարքագիծը, այն է` վերջինս, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը(13):

_______________________

13) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ գրավն ի զորու չէ կանխել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի ոչ իրավաչափ վարքագիծը, հիմնավորված չէ` հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

- թեև արարքի բնույթով ու վտանգավորության աստիճանով պայմանավորված` Ա.Գրիգորյանին մեղսագրվում են միջին ծանրության և ծանր հանցագործություններ, սակայն այդ հանգամանքն ինքնին չի կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք,

- սույն գործով դատակոչված և մեկ այլ` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ՇԴ/0143/01/20 քրեական գործով անցնող անձինք (բացառությամբ մեկ անձի) համաձայնություն են հայտնել առաջադրված մեղադրանքի հետ և դատական քննության արագացված կարգի կիրառմամբ` 2021 թվականի մայիսի 3-ի դատավճռով նրանց նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ,

- ամբաստանյալ Ա.Գրիգորյանը նախկինում դատապարտված չէ, վատառողջ է, ամուսնացած է, խնամքին են գտնվում կինը և երեխաները, ունի մշտական բնակության վայր, բարձրագույն կրթություն, բնութագրվում է դրական(14), սույն քրեական գործով շուրջ 11 (տասնմեկ) ամիս գտնվել է անազատության մեջ:

_______________________

14) Տե՛ս, ի թիվս այլնի, նյութեր, հատոր 1, թերթեր 8, 33-34:

 

Բացի վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լիներ ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենար պատճառաբանվածության առավել բարձր աստիճան: Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող` Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը չի համապատասխանել վերոնշյալ չափանիշին(15):

_______________________

i

15) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը:

 

16. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի հանգամանքների, այդ թվում նաև` նախորդ կետում մեջբերված հանգամանքների համատեքստում ամբաստանյալ Ա.Գրիգորյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն առնվազն նվազել է այն աստիճան, որ գրավն ի զորու է կանխել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի ոչ պատշաճ վարքագիծը:

17. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ գրավն ի զորու չէ կանխել ամբաստանյալ Արտակ Գրիգորյանի ոչ իրավաչափ վարքագիծը, հիմնավոր չէ:

i

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը թույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունիսի 11-ի որոշմանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Բացի այդ, հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշման հիման վրա որպես գրավ վճարված 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը, սույն որոշումը կայացնելու պահի դրությամբ չի վերադարձվել գրավատուին(16), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Ա.Գրիգորյանին անհապաղ ազատել կալանքից:

_______________________

16) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 52:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հուլիսի 21-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը թույլատրելի ճանաչելու մասին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 11-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Արտակ Ռոբերտի Գրիգորյանին անհապաղ ազատել կալանքից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

___________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը www.datalex.am կայքէջում բացակայում է, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.11.2021
N ԼԴ/0124/01/20
Որոշում