Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ԵՆ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԱՎԴ/0024/01/19

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ/0024/01/19

Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան

    Դատավորներ`        Կ. Մարդանյան

                       Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2022 թվականի հունվարի 27-ին                ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Վահան Վարդանի Առաքելյանի պաշտպան Է.Բեգլարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2019 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58152419 քրեական գործը և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

2019 թվականի մարտի 4-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Մխիթարյանի (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) վարույթ:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 29-ի որոշմամբ Վահան Վարդանի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վ.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ նրա պաշտոնավարումը` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչի պաշտոնում, ժամանակավոր դադարեցվել է:

2019 թվականի ապրիլի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով ամբաստանյալ Վահան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և յուրաքանչյուր հոդվածով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ Վ.Առաքելյանն ազատվել է նշանակված պատժից: Վ.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, ինչպես նաև նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Պաշտպան Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մայիսի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Առաքելյանի պաշտպան Է.Բեգլարյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունվարի 18-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով քննարկելով տուժող Ս.Սաֆարյանի կողմից ներկայացված` իր և ամբաստանյալ Վ.Առաքելյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակը և այն զննելու մասին արձանագրությունն անթույլատրելի ապացույցներ ճանաչելու և Վ.Առաքելյանի մեղքը հիմնավորող այլ ապացույցների բացակայության հիմնավորմամբ նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու մասին պաշտպան Է.Բեգլարյանի փաստարկները, արձանագրել է. «(...) ա) Ս.Սաֆարյանի և Վ.Առաքելյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումն իրականացվել է ոչ թե պետական իշխանության մարմինների կողմից անմիջականորեն կամ վերջինների համաձայնությամբ, օժանդակությամբ կամ պահանջով մասնավոր անձի կողմից, այլ իրականացվել է հենց տուժողի կողմից, որի օգտագործած բջջային հեռախոսն ունեցել է այդպիսի հնարավորություն, այսինքն` սույն դեպքում գաղտնալսում չի իրականացվել, իսկ տուժողի կողմից իր և ամբաստանյալի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումն ինքնին չի կարող որակվել որպես դատավարական գործողություն և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով համարվել «տվյալ քրեական գործով քրեական դատավարությունը իրականացնելու համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից» ձեռք բերված ապացույց:

բ) Այլ ապացույց ճանաչված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակն ու այն զննելու մասին արձանագրությունը սույն գործով չեն համարվում մեղադրանքի հիմքում դրված միակ և բացառիկ ապացույցը և բացի այդ, ամբաստանյալ Վ.Առաքելյանը և նրա պաշտպան Է.Բեգլարյանն ունեցել են հնարավորություն լսելու հեռախոսային խոսակցության ձայնագրությունը և իրենց կարծիքը հայտնելու դրա վերաբերյալ:

Ընդ որում, ամբաստանյալ Վ.Առաքելյանն իր ցուցմունքով հաստատել է Ս.Սաֆարյանի հետ այդպիսի հեռախոսային խոսակցություններ ունենալու հանգամանքը (...):

գ) Ձայնագրությունը կատարած Ս.Սաֆարյանը Վ.Առաքելյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունների բովանդակության մասին ցուցմունք է տվել ոչ միայն որպես տուժող, այլև այդ ցուցմունքը պնդել է Վ.Առաքելյանի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Ընդ որում, Վ.Առաքելյանը առերեսման ժամանակ նույնպես չի ժխտել Ս.Սաֆարյանի հետ հեռախոսային խոսակցություններ ունենալու հանգամանքը (...):

դ) Ամբաստանյալ Վ.Առաքելյանի պաշտպան Է.Բեգլարյանը ոչ միայն մասնակցել է Ս.Սաֆարյանի և Վ.Առաքելյանի առերես հարցաքննությանը, այլև դատաքննության ընթացքում հարցաքննել է նաև ձայնագրությունը կատարած տուժող Ս.Սաֆարյանին:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման թույլատրելիության վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել է, որ ՄԻԵԴ-ն ապացույցների օգտագործման թույլատրելիության հարցը քննարկում է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի շրջանակներում: Չկա մեկ ընդհանուր սկզբունք այն մասին, թե ներպետական իրավունքով անթույլատրելի ապացույցները (օրինակ անթույլատրելիորեն գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները) դատավարության ժամանակ չեն կարող օգտագործվել:

(...)

Այն ապացույցների օգտագործումը, որոնք ձեռք են բերվել ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի խախտմամբ, ինքնին ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի խախտում չէ, անգամ եթե խոսքը միակ կամ բացառիկ ապացույցի մասին է, պայմանով, որ շահագրգիռ անձը հնարավորություն է ունեցել իր կարծիքը հայտնելու ապացույցի մասին և դատավարությունը ընդհանուր առմամբ եղել է արդար:

Վերոգրյալի համատեքստում հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս.Սաֆարյանի և Վ.Առաքելյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումն իրականացրած տուժող Ս.Սաֆարյանի ցուցմունքները բովանդակում են ոչ միայն ձայնագրառված հեռախոսային խոսակցությունների բովանդակության մասին փաստական տվյալներ, այլև Վ.Առաքելյանին մեղսագրվող արարքների փաստական այլ հանգամանքների վերաբերյալ տվյալներ, ընդ որում, Ս.Սաֆարյանը որպես տուժող հարցաքննվել է 2019 թվականի մարտի 6-ին, մինչդեռ լազերային սկավառակում առկա ձայնագրությունների զննումն իրականացվել է տուժողի հարցաքննությունից 19 օր անց` 25.03.2019 թվականին և վերջինս միակ և եզակի ապացույցը չի հանդիսանում սույն քրեական գործով և առանց վերոնշյալ ապացույցի օգտագործման քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ արդեն իսկ դատարանը ապացուցված է համարել Վ.Առաքելյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ, ուստի նկատի ունենալով այլ փաստաթղթերը ապացույց ճանաչված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակի ձեռք բերման եղանակը, դատարանը նշված սկավառակը և այն զննելու մասին արձանագրությունը չի համարում թույլատրելի ապացույց: (...)

Դատարանը հանգեց այն համոզման, որ ապացուցված է ամբաստանյալ Վահան Առաքելյանի կողմից 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանի վստահությունը չարաշահելու, ՀՀ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու պատրվակով նրանից զգալի չափերի հասնող 150000 ՀՀ դրամ գումար խարդախությամբ հափշտակելու, Ս.Սաֆարյանին իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթուղթ` 63 ՈՒՆ 682723 սերիա-համարի ՌԴ վարորդական իրավունքի կեղծ վկայական իրացնելու արարքները (...)»(1):

___________________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 86-87:

 

6. Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մայիսի 14-ի որոշման համաձայն` «(...) առաջին հերթին անդրադառնալով բողոքի հեղինակի` տուժողի կողմից ներկայացված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությամբ պայմանավորված ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ փաստարկին (...)` Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ Առաջին ատյանի դատարանի (...) վերլուծությունները հանգեցնում են նրան, որ տուժողի կողմից ներկայացված և նախաքննության մարմնի որոշմամբ որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների պարունակությամբ լազերային սկավառակը, ինչպես նաև դրա զննության մասին արձանագրությունը սույն գործով որպես ապացույց անթույլատրելի ճանաչելու համար իրավաչափ հիմքեր չկան, որպիսի մոտեցումն էության մեջ բխում է ՀՀ վճռաբեկ դատարանի` Վ.Մխիթարյանի գործով որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներից (...), և ամբողջությամբ ընդունելի է Վերաքննիչ դատարանի համար: Այդուհանդերձ, հակասելով իր իսկ վերլուծությունների տրամաբանությանը` Առաջին ատյանի դատարանը նշել է, որ. «Նշված սկավառակը և այն զննելու մասին արձանագրությունը չի համարում թույլատրելի ապացույց»:

Ընդ որում, թեև Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ եզրահանգումը տվյալ դեպքում չի վիճարկվում, սակայն նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի հեղինակի` ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ փաստարկի հիմքում դրված է «Թունավոր ծառի պտուղները թունավոր են» համընդհանուր ճանաչում ստացած գաղափարախոսությունը, և էության մեջ այն պայմանավորված է հենց Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ եզրահանգմամբ, ուստի վերջինիս անհիմն լինելն ինքնին հանգեցնում է վերաքննիչ բողոքի հեղինակի համապատասխան փաստարկի հիմնազուրկ լինելուն հանգեցնող դատողության: Ավելին, վերաքննիչ բողոքի հեղինակի պնդումն առ այն, որ տուժողի ցուցմունքները ևս չէին կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում, քանի որ այդ ցուցմունքները նրա կողմից ներկայացված ձայնագրությունների վերարտադրությունն են, իր հերթին հիմնազուրկ է, իսկ այդ մասով Առաջին ատյանի դատարանի վերլուծություններն ու եզրահանգումը (...)` բավարար չափով պատճառաբանված են, և Վերաքննիչ դատարանի համար ընդունելի:

(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս անվերապահ հետևություն անելու առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ ամբաստանյալ Վ.Առաքելյանի մեղավորության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է և բավարար չափով պատճառաբանված: (...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ բողոքարկված դատական ակտը բեկանելու և ամբաստանյալ Վ.Առաքելյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու համար: Ուստի բողոքարկված դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը` մերժել»(2):

___________________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 145-166:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ` դատավարական և նյութական իրավունքի հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

8. Բողոքաբերի համոզմամբ, որպես ապացույց ճանաչված` տուժողի և ամբաստանյալի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակը, այն տուժողի կողմից ներկայացնելու մասին արձանագրությունը և դրա զննության արձանագրությունը պետք է ճանաչվեն անթույլատրելի ապացույցներ, քանի որ ձեռք են բերվել քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման կարգի էական խախտմամբ: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` տուժողի և մեղադրյալի խոսակցությունների լսման և ձայնագրառման միջնորդություն դատարան չի ներկայացվել, դատարանը համապատասխան որոշում չի կայացրել, իսկ լազերային սկավառակը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել տուժողը, ով համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավասություն չի ունեցել:

Բացի այդ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը, իր որոշման մեջ անդրադառնալով հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակի թույլատրելիության հարցին, դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից, քանի որ այդ հարցը պաշտպանական կողմը չի վիճարկել:

Բողոքաբերը նշել է նաև, որ տուժող Սևակ Սաֆարյանի նախաքննության, դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները հակասական են, ոչ արժանահավատ, վերը նշված հեռախոսային խոսակցությունների վերարտադրումն են, ուստի դրանք նույնպես պետք է ճանաչվեն անթույլատրելի:

8.1. Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ ամբաստանյալ Վ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

8.2. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 14-ի որոշումը, Վահան Առաքելյանին արդարացնել, կամ քրեական գործի վարույթը կարճել` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք հիմնավորված և պատճառաբանված են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու մեջ ամբաստանյալ Վ.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

10. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում ամբաստանյալ Վ.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում Վ.Առաքելյանի մեղքը հաստատվում է գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է` դատատեխնիկական փորձաքննության եզրակացությամբ, «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վերծանումները զննելու մասին արձանագրությամբ, տուժող Ս.Սաֆարյանի ցուցմունքներով, տուժողի և ամբաստանյալի միջև կատարված առերեսման արձանագրությամբ(3):

___________________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 79-83:

 

11. Անդրադառնալով հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակի և դրա զննության արձանագրության թույլատրելիության վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում մանրամասն քննարկման առարկա է դարձրել բողոքաբերի հիշյալ փաստարկը և հանգել հիմնավորված և պատճառաբանված հետևության առ այն, որ նշված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու իրավաչափ հիմքեր չկան(4): Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել վերաքննիչ բողոքի սահմաններից, քանի որ այդ հարցին անդրադարձել է պաշտպանական կողմի բարձրացրած` Ս.Սաֆարյանի ցուցմունքները` հեռախոսային խոսակցությունների ձայնագրության անթույլատրելիությամբ պայմանավորված, որպես ապացույց անթույլատրելի ճանաչելու հարցը քննության առնելու շրջանակներում: Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև ստորադաս դատարանների այն հետևությանը, որ բողոքի հեղինակի պնդումն առ այն, որ տուժող Ս.Սաֆարյանի ցուցմունքները «Թունավոր ծառի պտուղները թունավոր են» սկզբունքի հիման վրա չէին կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում, նույնպես հիմնազուրկ է(5):

___________________________________

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահիկ Մխիթարյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԼԴ/0002/01/18 որոշման 18-19-րդ կետերը:

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 87, 161-162:

 

12. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Վահան Առաքելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են և պատճառաբանված:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վ.Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «(...) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներն ավարտվել են 2018 թվականի օգոստոսին(6): Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2020 թվականի մայիսի 14-ին(7): Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(8):

___________________________________

6) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

7) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

8) Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքների` որպես ոչ մեծ ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2020 թվականի օգոստոսին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

Հետևաբար, Վ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթը կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

18. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Վահան Վարդանի Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, և վերջինիս պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վահան Վարդանի Առաքելյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 14-ի որոշումը բեկանել, Վահան Վարդանի Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

2. Վահան Վարդանի Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, և նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 27 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.01.2022
N ԱՎԴ/0024/01/19
Որոշում