Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         Մ-6169/21

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Լ. Աբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    22 ապրիլի 2022 թվական                      ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Նաիրա Կիմի Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետ Ն.Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով թույլատրել Նաիրա Գրիգորյանի նկատմամբ իրականացնել «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի ապրիլի 20-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և թույլատրել Նաիրա Գրիգորյանի նկատմամբ երկու ամսով իրականացնել «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սապաժեանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշման համաձայն. «(...) 2021 թվականի հունիսի 21-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է պաշտպան Լիլիթ Ներսեսյանի վերաքննիչ բողոքը (...), որին կից Բողոքաբերը ներկայացրել է ապացույց առ այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրեն հասու է դարձել 2021 թվականի մայիսի 21-ին: Հետևաբար դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2021 թվականի մայիսի 31-ը, մինչդեռ Բողոքաբերն Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայության է հանձնել 2021 թվականի հունիսի 1-ին: (...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերը վերաքննիչ բողոքը ներկայացրել է դատական ակտը ստանալուց հետո 10-օրյա ժամկետի խախտմամբ, հետևաբար բացակայում է բողոքարկման ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու հիմքը (...)»1:

__________________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 2 թերթ 38:

 

6. Մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանն Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքում քրեական գործի նյութերի ստացման օր է նշել 2021 թվականի մայիսի 21-ը(2):

__________________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 30:

 

7. Պաշտպան Լ.Սապաժեանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է քրեական գործի նյութերը պաշտպանին հանձնելու մասին արձանագրության պատճենը, որի համաձայն` պաշտպանը ծանոթացման համար քրեական գործի նյութերը էլեկտրոնային տարբերակով տրամադրելու մասին միջնորդությունը նախաքննության մարմնին ներկայացրել է 2021 թվականի մայիսի 21-ին(3), իսկ նյութերը նրան տրամադրվել են 2021 թվականի մայիսի 22-ին(4):

__________________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 31:

4) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 32:

 

8. Սույն գործի նյութերում առկա փոստային անդորրագրի պատճենի համաձայն, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հունիսի 1-ին(5):

__________________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 2 թերթ 14:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

9. Բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ, որպիսի պայմաններում կայացված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2.2-րդ և 2.3-րդ մասերը, ինչի արդյունքում թույլ է տվել Ն.Գրիգորյանի դատական պաշտպանության իրավունքի խախտում:

9.1. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից: Ըստ բողոքաբերի` քրեական գործի նյութերը պաշտպանության կողմին հասանելի են դարձել 2021 թվականի մայիսի 22-ին, ինչը հաստատվում է նաև ծանոթացման համար քրեական գործի նյութերը ներկայացնելու արձանագրությամբ: Ուստի Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բողոքարկման` օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը պահպանված է եղել:

10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է:

i

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

i

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`

«Պաշտոնատար անձանց կողմից սահմանված ժամկետը պահպանելը հաստատվում է դատավարական փաստաթղթերում` համապատասխան նշումով: Քրեական դատավարությանը մասնակցող անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի ստացման փաստը հաստատվում է գործին կցված նրանց ստորագրությամբ»:

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` «1. Վերաքննիչ բողոք բերվում են`

(...)

3) առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»(6):

__________________________

6) Դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման ժամկետային սահմանափակումների վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս Սահմանադրական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, Վճռաբեկ դատարանի` Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը:

 

15. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ նշել է.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման(7):

__________________________

7) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետը:

 

i

16. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի` դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման` հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը: Մասնավորապես, անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, այն է` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Այսինքն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա` «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի, իսկ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը պետք է հաշվարկվի` որպես ելակետ ընդունելով դատարանի որոշումը բողոք բերելու իրավունք ունեցող համապատասխան դատավարության մասնակցին հանձնելու պահը(8):

__________________________

i

8) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը, Վարդան Գրիգորյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ3/0030/06/17 որոշումը, Անդրանիկ Խաչատրյանի գործով 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

 

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- պաշտպան Լ.Սապաժեանը վերաքննիչ բողոքում քրեական գործի նյութերի ստացման օր է նշել 2021 թվականի մայիսի 21-ը(9),

__________________________

9) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- պաշտպան Լ.Սապաժեանին քրեական գործի նյութերը տրամադրվել են 2021 թվականի մայիսի 22-ին(10),

__________________________

10) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- պաշտպանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հունիսի 1-ին(11),

__________________________

11) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ պաշտպան Լ.Սապաժեանի բողոքը թողել է առանց քննության` փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմին հասու է դարձել 2021 թվականի մայիսի 21-ին, ուստի որոշման բողոքարկման` օրենքով սահմանված 10-օրյա ժամկետն ավարտվել է 2021 թվականի մայիսի 31-ին, մինչդեռ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հունիսի 1-ին(12):

__________________________

12) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

18. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ չնայած պաշտպան Լ.Սապաժեանը վերաքննիչ բողոքում քրեական գործի նյութերի ստացման օր է նշել 2021 թվականի մայիսի 21-ը, սակայն դրանք պաշտպանին տրամադրվել են 2021 թվականի մայիսի 22-ին: Այսինքն, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 20-ի որոշումը մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանին հասու է դարձել 2021 թվականի մայիսի 22-ին, սակայն այդ հանգամանքը հիմնավորող ապացույցը` քրեական գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ արձանագրությունը, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել: Այսպիսով, վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հաշվարկելով 2021 թվականի մայիսի 22-ից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ վերաքննիչ բողոքարկման ժամկետները պահպանված են եղել:

19. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է:

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպան Լ.Սապաժեանի բողոքն առանց քննության թողնելու պայմաններում, մեղադրյալ Ն.Գրիգորյանը զրկվել է իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու հնարավորությունից, դատական պաշտպանության իրավունքի իրացման ժամանակային սահմանափակումները կիրառվել են ոչ իրավաչափորեն, ինչի արդյունքում անձի իրավունքների սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը չի ապահովվել:

i

21. Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ: Այդ որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 5-րդ մասի, 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար(13):

__________________________

i

13) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Նաիրա Կիմի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2022
N Մ-6169/21
Որոշում