Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/1076/01/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/1076/01/20

Նախագահող դատավոր` Ա. Ազարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    2021 թվականի ապրիլի 12-ին                  ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 52813018 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 28-ի որոշմամբ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

i

2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել է 2018 թվականի հունիսի 16-ին հարուցված թիվ 61207718 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով: Նույն օրվա որոշմամբ թիվ 61207718 քրեական գործն ընդունվել է վարույթ և միացվել թիվ 58213018 քրեական գործին:

2019 թվականի դեկտեմբերի 21-ին Նարեկ Սարգսյանը արտահանձնվել է Հայաստանի Հանրապետություն և նույն օրը` ժամը 06:35-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Ն.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերահաստատվել է:

i

Նախաքննության մարմնի` 2020 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Ն.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ թիվ 58213018 քրեական գործից անջատվել են Ն.Սարգսյանի վերաբերյալ գործի նյութերը, կազմվել է թիվ 58227020 քրեական գործը:

2020 թվականի հոկտեմբերի 9-ին թիվ 58227020 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ մեղադրյալ Ն.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ: Նույն որոշմամբ մերժվել է Ն.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպան Կ.Մեժլումյանի միջնորդությունը:

3. Ն.Սարգսյանի պաշտպաններ Ա.Պիվազյանի և Կ.Մեժլումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է, Ն.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխել է և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` 25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով:

4. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մարտի 18-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Նախաքննության մարմնի կողմից Նարեկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «Նա, գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է հրազեն հանդիսացող «Star B.S.A.» մոդելի 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ, «GLOCK 25» մոդելի «PSP 701» գործարանային համարով 380 Auto տրամաչափի ակոսափող ատրճանակ, «TT» տեսակի 7,62 մմ տրամաչափի առանց գործարանային համարի ակոսափող ատրճանակ, «TT» մոդելի «ԲՍ 792» գործարանային համարով 7,62 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ, այնուհետև դրանք, թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձակալած` Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018թ., Արտեմ Պետրոսյանի միջոցով Նարեկ Սարգսյանից ստացած ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի կողմից այլ տարածքում պահելու նպատակով Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նույն ժամանակահատվածում, Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի տենաֆետամին (ՄԴԱ), 0,61 գրամ խոշոր չափի ՄԴՄԱ, 0,7 գրամ խոշոր չափի մեթամֆետամին, 0,12 գրամ խոշոր չափի կոկաին և 0,1 գրամ զգալի չափի a-PVP տեսակի թմրամիջոցներ, այնուհետև դրանք առանց իրացնելու նպատակի, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին, որպեսզի պայուսակում թաքցված վերը նշված թմրամիջոցները փոխադրի և պահի իր կողմից նախապես վարձակալած` Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018թ. Արտեմ Պետրոսյանի միջոցով ստացած` Նարեկ Սարգսյանի ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի կողմից այլ տարածքում պահելու նպատակով Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ինչպես նաև Նարեկ Սարգսյանը, գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 67/1 հասցեի գտնվող իր աշխատասենյակի «SAFEWELL» գրառմամբ չհրկիզվող պահարանում առկա դարչնավուն երանգի, թղթյա փաթեթի մեջ գտնվող, կաշվե պատյանին նմանվող առարկայի մեջ առկա սև գույնի կափարիչով, դարչնավուն երանգի, թափանցիկ, ապակյա տարայի մեջ ապօրինի պահել է խոշոր չափերով 0,031 գրամ մաքուր քաշով կոկաին տեսակի թմրամիջոց, (ընդհանուր առանձնապես խոշոր չափերով` 0,151 քաշով կոկաին տեսակի թմրամիջոց) կոկաին տեսակի թմրամիջոցի հետքերով մետաղական կառուցվածքի, գլանաձև առարկա, ինչպես նաև կոկաին տեսակի թմրամիջոցի հետքերով մետաղական կառուցվածքի, ուղղանկյունաձև առարկա, որոնք 04.07.2018թ. կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Բացի այդ, նա, նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել և ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առևանգումը, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.

Նարեկ Սարգսյանը, միտում ունենալով առավել շահույթ ստանալու նպատակով Երևան քաղաքում մենաշնորհային կարգով վերահսկելու «իրանական» ժամանցային ակումբների գործունեությունը, այդ իսկ կապակցությամբ Արամ Կարապետյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար «Օպերա» ժամանցային ակումբը վարձակալելուց հրաժարվելու նպատակով, իր անվտանգությունն ապահովող անձանց ներգրավմամբ, շահադիտական նպատակով, կազմակերպել և ղեկավարել է Արամ Կարապետյանի առևանգումը:

Այսպես.

2017թ. օգոստոսի 15-ին Հարություն Աբրահամյանը, Հովհաննես Դավթյանը և Սամվել Սոսյանը գործելով Նարեկ Սարգսյանի ղեկավարմամբ, ձեռնամուխ են եղել նախանշված հանցավոր գործունեության իրականացմանը:

Այդ կապակցությամբ, Հարություն Աբրահամյանը, Հովհաննես Դավթյանի, ինչպես նաև Արտեմ Պետրոսյանի հետ, 2017 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 15:00-ի սահմաններում մոտեցել են Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98/9 հասցեում գործող «Կոֆիսթորի» սրճարանի առջևի հատվածին, որտեղ, խմբի կազմում գործող Հարություն Աբրահամյանն ու Հովհաննես Դավթյանը, Արամ Կարապետյանի կամքին հակառակ, նրա դիմադրությունը ճնշելու նպատակով վերջինիս նկատմամբ բռնության գործադրմամբ, բացահայտ առևանգելով տեղափոխել և ժամանակավորապես պահել են նույն սրճարանի հարևանությամբ տեղակայված, Նարեկ Սարգսյանին պատկանող` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի առաջին հարկում գտնվող նկուղում, որտեղ, ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, գտնվել է հանցակից Սամվել Սոսյանը, ով տուժողին ներս բերելուն պես, վերջինիս վախեցնելու և հնարավոր դիմադրությունը ճնշելու նպատակով, իր մոտ գտնվող ատրճանակը ցուցադրաբար բերել է մարտական վիճակի և սպառնացել Նարեկ Սարգսյանի գալուց հետո նրա հետ իրականացվելիք բռնի գործողություններով:

Կարճ ժամանակ անց, նշված վայր է եկել նաև հանցագործության կազմակերպիչը` Նարեկ Սարգսյանը, որից հետո, Սամվել Սոսյանն ու Հովհաննես Դավթյանը ծեծի են ենթարկել Արամ Կարապետյանին: Դրանից հետո, Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող ատրճանակը պահել է Արամ Կարապետյանի ոտքերի ուղղությամբ և պահանջել հրաժարվել ակումբային գործունեությամբ զբաղվելուց ու այդ նպատակով Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը վարձակալելու մտադրությունից, հակառակ դեպքում, սպառնալով հրազենով կրակել նրա ուղղությամբ: Հասկանալով, որ Արամ Կարապետյանը չի ենթարկվում ներկայացրած պահանջին, Հովհաննես Դավթյանը և Սամվել Սոսյանը բռնել են առևանգված անձի ձեռքերը, ինչի արդյունքում Նարեկ Սարգսյանն առանց որևէ խոչընդոտի գազայրիչի բաց կրակով այրել է Արամ Կարապետյանի աջ բազկի, արմնկահոդի և սրունքի շրջանները` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Այնուհետև, Արամ Կարապետյանի նկատմամբ իրենց հանցավոր գործողություններն առավել անկաշկանդ իրականացնելու նպատակով, Նարեկ Սարգսյանի ցուցումով Հովհաննես Դավթյանը, Հարություն Աբրահամյանն ու Սամվել Սոսյանը, շարունակելով նախանշված հանցագործությունը, բռնության գործադրմամբ Արամ Կարապետյանին, հակառակ իր կամքի, տեղափոխել են այլ տեղանք, մասնավորապես` Հարություն Աբրահամյանն ու Հովհաննես Դավթյանը բռնել են Արամ Կարապետյանի թևերից, Սամվել Սոսյանը բացել է նույն շենքի բակում կայանված իրենց կողմից շահագործվող «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի դուռը, ապա Արամ Կարապետյանին նստեցրել են նշված մեքենան և վերջինիս կամքին հակառակ տեղափոխել են Երևան քաղաքի Արտաշատի խճուղու 67/1 հասցեում գտնվող` Նարեկ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Սկանյա» բեռնատար ավտոմեքենաների սպասարկման սրահի վարչական շենքում գտնվող սենյակ: Այդ ընթացքում, Սամվել Սոսյանը վարել է նշված մեքենան, իսկ Հարություն Աբրահամյանն ու Հովհաննես Դավթյանը, նստելով ավտոմեքենայի հետնամասում, հսկել են իրենց մեջտեղի նստատեղում գտնվող Արամ Կարապետյանին: Հասնելով նշված տեղանք, Արամ Կարապետյանի կամքին հակառակ, զրկելով նրան ազատ տեղաշարժվելու իրավունքից, հանցակիցները 2-3 ժամ տևողությամբ ապօրինի պահել և ծեծի են ենթարկել նրան, որի արդյունքում Նարեկ Սարգսյանը կրկին պահանջել է հրաժարվել ակումբային գործունեությամբ զբաղվելուց և այդ նպատակով «Օպերա» ժամանցային ակումբը վարձակալելուց, որից հետո, ստանալով ցանկալի երաշխիքը, Նարեկ Սարգսյանը հրահանգել է հանցակիցներին ազատ արձակել Արամ Կարապետյանին»(1):

_________________________

1) Տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 37-40:

 

6. Առաջին ատյանի դատարանը, անփոփոխ թողնելով Ն.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը, փաստել է. «(...) 14.08.2020թ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ Նարեկ Սարգսյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...)

- մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվել է և հետախուզման մեջ է գտնվել, մասնավորապես` ըստ Ն.Սարգսյանի սահմանահատումների պատմության` Ն.Սարգսյանը 2018թ. հունիսի 22-ին դուրս է եկել ՀՀ-ից, ըստ միջնորդությանը կից նյութերի` մեկնել է ՌԴ, սակայն հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետությունում` ներկայացնելով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` տրված Ֆրանկլին Գոնզալեսի անվամբ (տե՛ս ՀՀ ոստիկանության Ինտերպոլ ազգային կենտրոնական բյուրոյի պետի տեղակալի 2018թ. դեկտեմբերի 7-ի թիվ 4599 գրությունը),

- Ն.Սարգսյանին վերագրվում են անձի ազատության, սեփականության, հասարակական անվտանգության, բնակչության առողջության դեմ ուղղված ծանր հանցագործություններ, որոնք ենթադրաբար կատարվել են մի խումբ անձանց կողմից,

- վկա Ղազարոս Սարյանի կողմից, 2019թ. փետրվարի 14-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ ներկայացված, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջից արտատպված` իր և Նարեկ Սարգսյանի նամակագրության լուսապատճենով, որի բովանդակությունից հետևում է, որ Ն.Սարգսյանը սպառնալիքներ է տալիս Ղ.Սարյանին` վերջինիս կողմից իրավապահ մարմիններին տեղեկություններ հայտնելու համար,

- Ն.Սարգսյանին վերագրվող բազմադրվագ, դրանց առնչվող անձանց լայն շրջանակ ենթադրող հանցագործությունների քննության ուղղությամբ դեռևս իրականացվում են լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ,

Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Նարեկ Սարգսյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու եղանակներով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր, ուստի քննիչի միջնորդությունն այդ մասով հիմնավոր է և ենթակա է բավարարման: (...)»:

Ելնելով վերոգրյալից, լսելով մասնակիցների կարծիքները, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը` դատարանը հանգում է հետևության, որ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին վերը նշված որոշումից հետո մինչ այս պահը գործով ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են դատարանի կողմից արձանագրված Նարեկ Սարգսյանին շարունակական կալանքի տակ պահելու` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հիմքերը: Հետևաբար` դատարանը գտնում է, որ կալանավորում խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու փաստական հիմքեր չկան (...)»(2):

_________________________

2) Տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 66-67:

 

7. Վերաքննիչ դատարանը 2020 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, համաձայն որի` Նարեկ Սարգսյանն ազատության մեջ գտնվելով կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ` խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս` հաշվի առնելով ամբաստանյալին վերագրվող արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ակնկալվող պատժի խստությունը, որն էական նշանակություն ունի ամբաստանյալի հետագա` ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում:

i

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առկա են Նարեկ Սարգսյանին շարունակական կերպով կալանքի տակ պահելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը և դրանց անդրադարձել է Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլ խափանման միջոցի` գրավի, կիրառմամբ` հետևյալ պատճառաբանությամբ.

(...)

Վերաքննիչ դատարանը, գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, արձանագրում է, որ մեղադրյալ Նարեկ Սարգսյանը նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, բարձրագույն կրթությամբ է, «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին փոխանցել է 492.400.000.00 դրամ գումար:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռության տեսանկյունից, որը պետք է բխի անձի` ազատությունից, սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս գալ հետևության, որ սույն որոշումը կայացնելու պահին բացակայում են կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու հիմքերը, և գրավը, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, այն համաչափ է հասարակության ընդհանուր շահի և ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի հավասարակշռման տեսանկյունից:

(...)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Նարեկ Սարգսյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` 25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ գրավի կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է հաղթահարել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, ինչպես նաև դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու մտավախությունը (...)»(3):

_________________________

3) Տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 126, 129:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում: Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է անձի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 137-րդ և 143-րդ հոդվածների կապակցությամբ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Այսպես, հաշվի առնելով սույն գործով որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու և շարունակական կալանքի տակ պահելու հիմքերն ու հիմնավորումները, այն, որ ըստ քրեական գործի նյութերի, մեղադրյալը ճանաչում է դատավարության մասնակիցներին, նախաքննության ընթացքում թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից և հետախուզման մեջ է գտնվել, բողոքաբերը նշել է, որ ներկա պահին ևս առկա է ողջամիտ հավանականություն առ այն, որ մեղադրյալ Ն.Սարգսյանն ազատության մեջ գտնվելով կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ` խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելով: Նման պայմաններում, բողոքաբերի պնդմամբ, կալանավորումից բացի այլ խափանման միջոց չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 12-ի որոշումն ու Ն.Սարգսյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց` զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Նարեկ Սարգսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը:

i

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (...)»:

i

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (...)»:

12.1 Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային պրակտիկայում ձևավորել է մոտեցում առ այն, որ փախուստի վտանգը չի կարող հիմնվել բացառապես հնարավոր պատժի ծանրության վրա: Այն պետք է գնահատվի մի շարք այլ վերաբերելի ապացույցների վրա հիմնվելով, որոնք կամ կհաստատեն այդ վտանգի առկայությունը, կամ կհաստատեն, որ վտանգն այնքան փոքր է, որ արդյունքում դրանով անհնար է հիմնավորել նախնական կալանքը(4):

_________________________

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Panchenko v. Russia գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 106:

 

Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ փախուստի վտանգը պետք է գնահատել` հաշվի առնելով մի շարք գործոններ, որոնք կվերաբերեն տվյալ անձի կերպարին, բարոյականությանը, մշտական բնակության վայրին, մասնագիտությանը, ունեցվածքին, ընտանեկան և տարատեսակ այլ կապերին այն երկրի հետ, որում նա ենթարկվում է քրեական հետապնդման(5):

_________________________

5) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Becciev v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/09, կետ 58:

 

Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով վարույթը խոչընդոտելու հիմքին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ կազմակերպված հանցավոր գործունեությանը կամ հանցախմբերին առնչվող գործերով կալանավորված անձին ազատ արձակելու դեպքում նրա կողմից գործով վկաների կամ գործով անցնող այլ կասկածյալների վրա ճնշում գործադրելու կամ վարույթն այլ կերպ խոչընդոտելու ռիսկը հաճախ հատկապես բարձր է(6):

_________________________

6) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Stvrtecky v. Slovakia գործով 2018 թվականի հունիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 55844/12, կետ 61:

 

i

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (...)»:

i

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (...)»:

13.1. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով(7):

_________________________

i

7) Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:

 

13.2. Ընդ որում, Վճռաբեկ դատարանն Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով որոշմամբ փաստել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»(8):

_________________________

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը:

 

i

13.3. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին(9):

_________________________

9) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

i

- Նարեկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել` (ա) ապօրինի կերպով հրազեն հանդիսացող` 4 ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող` 168 ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու և պահելու համար, (բ) առանց իրացնելու նպատակի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, (գ) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված շահադիտական դրդումներով մարդու առևանգումը կազմակերպելու և ղեկավարելու համար(10),

_________________________

10) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ գտել է, որ Ն.Սարգսյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու եղանակներով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր: Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ գործով ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են դատարանի կողմից արձանագրված` Ն.Սարգսյանին շարունակական կալանքի տակ պահելու` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հիմքերը: Հետևաբար, կալանավորում խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու փաստական հիմքեր չկան(11),

_________________________

11) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

i

- Վերաքննիչ դատարանը 2020 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ արձանագրել է, որ ընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, համաձայն որի` Ն.Սարգսյանն ազատության մեջ գտնվելով կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ` խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եղանակով: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առկա են Ն.Սարգսյանին շարունակական կալանքի տակ պահելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը և դրանց անդրադարձել է Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ն.Սարգսյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլ խափանման միջոցի` գրավի կիրառմամբ: Գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ն.Սարգսյանը նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, բարձրագույն կրթություն, «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին է փոխանցել 492.400.000.00 դրամ գումար: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ն.Սարգսյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` 25.000.000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ գրավի կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց` կարող է հաղթահարել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, ինչպես նաև դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու մտավախությունը(12):

_________________________

12) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ:

Նախևառաջ, Վերաքննիչ դատարանը գնահատման չի ենթարկել այն, որ Ն.Սարգսյանը տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ և գործուն ջանքեր է գործադրել քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ուղղությամբ: Մասնավորապես, ըստ գործի նյութերի` Ն.Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին հեռացել է Հայաստանի Հանրապետությունից և մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Նա հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետությունում` ներկայացնելով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` տրված Ֆրանկլին Գոնզալեսի անվամբ, որից հետո` 2019 թվականի դեկտեմբերի 21-ին արտահանձնվել է Հայաստանի Հանրապետություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, նշվածն ուներ առանցքային նշանակություն` ազատության մեջ գտնվելու դեպքում Ն.Սարգսյանի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս:

Բացի այդ, թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ մեղսագրվող արարքների` ծանր հանցագործություններ հանդիսանալն ինքնին բավարար չէ անձի ազատության կանխավարկածը հաղթահարելու համար, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքների համատեքստում` պատշաճ գնահատման ենթարկելով մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարման եղանակը, դրանց դրսևորման ձևը` ուշադրություն դարձնելով մեղադրյալի դերակատարմանը, ինչպես նաև նրա անձին(13): Նշվածի համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ն.Սարգսյանին մեղսագրվել է մի շարք ծանր հանցագործությունների կատարում, որոնք ենթադրաբար դրսևորվել են` առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված շահադիտական դրդումներով մարդու առևանգումը կազմակերպելու և ղեկավարելու ձևով: Նշված հանգամանքները, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր: Ընդ որում, անհրաժեշտ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալի խափանման միջոցի հարցը լուծելիս սույն գործով դատաքննությունը դեռևս չէր սկսվել, որևէ ապացույց դատաքննությամբ չէր հետազոտվել, իսկ Ն.Սարգսյանին մեղսագրվում են մի շարք հանցավոր արարքներ, որոնք ենթադրաբար կատարվել են խմբի կազմում: Հետևաբար Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործի փաստական հանգամանքները, բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ Ն.Սարգսյանը, մնալով ազատության մեջ, կարող էր անօրինական ազդեցություն ունենալ դատավարության մյուս մասնակիցների վրա:

_________________________

13) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16:

 

Ուստի, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, Ն.Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս համակողմանի գնահատման է ենթարկել մեղադրյալի կողմից գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այն է` դատավարության մասնակիցների վրա ճնշում գործադրելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկերը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լիներ ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենար պատճառաբանվածության առավել բարձր աստիճան: Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս` Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը չի համապատասխանել վերոնշյալ չափանիշին(14):

_________________________

i

14) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը:

 

Միաժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ որոշում կայացնելիս հաշվի է առնում նաև մեղադրյալի անձը, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը շարադրել է միայն Նարեկ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ (նախկինում դատապարտված չլինելը, մշտական բնակության վայր և բարձրագույն կրթություն ունենալը), որոնք, սույն որոշմամբ արձանագրված փաստական տվյալների պայմաններում, ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ` Ն.Սարգսյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը չեզոքացնելու համար: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև Նարեկ Սարգսյանի կողմից «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին 492.400.000.00 դրամ գումար փոխանցելու հանգամանքը, որը, նրան մեղսագրվող հանցանքների փաստական հանգամանքների համատեքստում, խափանման միջոցի հարցը լուծելիս որևէ նշանակություն ունենալ չէր կարող:

16. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և վերացնելով Ն.Սարգսյանի նկատմամբ անփոփոխ թողնված խափանման միջոց կալանավորումը, պատշաճ վերլուծության չի ենթարկել նրան մեղսագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, վերջինիս անձը, որոնք գործի նյութերից բխող տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել Ն.Սարգսյանի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության մասին, ինչը չէր կարող չեզոքացվել այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ:

Հետևաբար, վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց` զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Նարեկ Սարգսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, հիմնավոր չէ:

i

17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, վերջինիս նկատմամբ խափանման միջոցի հարցը քննելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմանը(15)` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

_________________________

i

15) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 12 ապրիլի 2021 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204074463

 

Միասնական կայք` 14.06.21-27.06.21

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.04.2021
N ԵԴ/1076/01/20
Որոշում