Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/1256/06/20

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/1256/06/20

Նախագահող դատավոր` Ա. Ազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի ապրիլի 30-ին                  ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վաղարշակ Յուրիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2020 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 16868420 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

2. Նախաքննության մարմնի` 2020 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Վաղարշակ Յուրիկի Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և 2020 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

i

4. 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Վ.Հարությունյանը հայտնաբերվել է և նույն թվականի դեկտեմբերի 23-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

5. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

6. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Վ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 29-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

7. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մարտի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Վաղարշակ Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Արմեն Միխայելի Սիմոնյանը տեղեկանալով, որ իր ծանոթ Վաղարշակ Յուրիկի Հարությունյանը զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ իր անձնական օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու ուղղակի դիտավորությամբ, 2020 թվականի հուլիսի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով վերջինիս հետ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում գործող «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում հանդիպել է Վ.Հարությունյանին, որի ընթացքում վերջինս, հյուրասիրելու եղանակով, Ա.Սիմոնյանին իրացրել է զգալի չափերով` 0.067 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց (...)»(1):

_____________________________

1) Տե՛ս նյութեր, թերթ 10:

 

9. Դեպքի վայրի զննության մասին` 2020 թվականի հուլիսի 16-ի արձանագրության համաձայն` զննության մասնակից Ա.Սիմոնյանը 36 QX 135 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի զննության ընթացքում վարորդի նստատեղի դիմացի` ղեկի ներքևի հատվածի դարակից ինքնակամ ներկայացրել է երկու ներարկիչներ, մեկ հատ փայլաթիթեղի փաթեթ և հայտարարել, որ դրա մեջ Վաղոյից ձեռք բերված հերոին տեսակի թմրամիջոցի կեսն է(2):

_____________________________

2) Տե՛ս նյութեր, թերթեր 47-50:

 

10. Արմեն Սիմոնյանը կասկածյալի դատավարական կարգավիճակում տված իր ցուցմունքում հայտնել է. «(...) 2020 թվականի հուլիսի 16-ին ժամը 16:00-ի սահմաններում ես գտնվում էի Րաֆֆու փողոցում, որտեղ ինձ բռնեցին ոստիկաններ և բերման ենթարկեցին ոստիկանության Մալաթիայի բաժին: Անձնական խուզարկությամբ իմ մոտից հայտնաբերեցին «Հերոին» տեսակի թմրամիջոց: Նշեմ, որ այն ձեռք էի բերել ինձ բռնելուց մոտ 15 րոպե առաջ ՀԱ թաղամասում գտնվող Կայզեր սուպերմարկետի մոտից` իմ ծանոթ Վաղոյի մոտից, ինչի դիմաց չեմ վճարել գումար: Նշեմ, որ Վաղոյին ես զանգահարել եմ այսօր, իմ` 094-48-24-74 հեռախոսահամարից նրա` 098-92-11-82 հեռախոսահամարին: Զանգահարել եմ թմրանյութը նրանից վերցնելուց մոտ 10-15 րոպե առաջ և տեղեկանալով, որ նա «Կայզեր» սուպերմարկետի մոտ է և հարցնելով տեղեկացա, որ նրա մոտ թմրամիջոց կա ու ինձ կտա, գնացի այնտեղ, որտեղ էլ վերցրել եմ թմրամիջոցը` իմ անձնական օգտագործման համար:

(...)

Իմ իմացած տվյալներով Վաղոն բնակվում է ՀԱ Բ-2 թաղամասում «Նեպտուն» համալիրի մոտակայքում, կոնկրետ տեղը չգիտեմ: Վաղոն մոտ 35-40 տարեկան է, ցածրահասակ, սև մաշկով, ճաղատ: Այսօր կիսատաբատով էր, հողաթափերով, նրան տեսնելու դեպքում միանշանակ կճանաչեմ:

(...)

Ինձ պատկանող, սակայն կնոջս անվամբ հաշվառված Օպել Աստրա մակնիշի 36 QX 135 հ/հ ավտոմեքենայում գտնվող և իմ կողմից ներկայացված ներարկիչներն ու հերոին տեսակի թմրամիջոցը ձեռք եմ բերել իմ մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցի հետ միասին` նույն ժամանակահատվածում, նույն անձից, ուղղակի մի մասը դրեցի ավտոմեքենայի դարակում, իսկ մի մասը պահեցի գրպանումս` իմ անձնական օգտագործման համար (...)»(3):

_____________________________

3) Տե՛ս նյութեր, թերթեր 24-26:

 

11. Փորձագետի` թիվ 467Ք-20 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված` ընդհանուր 0.067 գրամ քաշով զանգվածը հանդիսանում է «հերոին» տեսակի թմրամիջոց(4):

_____________________________

4) Տե՛ս նյութեր, թերթ 55:

 

12. Անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին 2020 թվականի սեպտեմբերի 30-ի արձանագրությամբ մեղադրյալ Ա.Սիմոնյանը նշել է. «(...) Ինձ ճանաչման ներկայացված լուսանկարներից ես ճանաչեցի ձախից աջ հերթականությամբ 2-րդ տեղում փակցված լուսանկարում պատկերված անձին: Դա Վաղոն է, ում ճանաչում եմ Բանգլադեշից. ժամանակին տաքսի էր վարում և այդտեղ էլ ծանոթացել ենք: 2020 թվականի հուլիսի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, նախապես պայմանավորվածության համաձայն ես և Վաղոն Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ հանդիպեցինք և իմ խնդրանքով Վաղոն ինձ առանց որևէ գումար, հյուրասիրեց իր մոտ եղած թմրամիջոցը, որը «Հերոին» տեսակի էր և ես այն պահեցի իմ մեքենայի սրահում` իմ հետագա օգտագործման համար, ինչն էլ նույն օրը հայտնաբերվեց Մալաթիայի ոստիկանության բաժնում` մեքենայի զննության ժամանակ: Հաստատապես պնդում եմ, որ լուսանկարում եղած անձը Վաղոն է (...)»(5):

_____________________________

5) Տե՛ս նյութեր, թերթեր 22-23:

 

13. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Նախաքննական մարմնի կողմից չեն ներկայացվել բավարար փաստական տվյալներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն Վաղարշակ Հարությունյանի առնչությունն իրեն վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին: Ի հիմնավորումն Վաղարշակ Հարությունյանի առնչությանը իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքին, նախաքննական մարմինը վկայակոչել է Արմեն Սիմոնյանի ցուցմունքը, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, համաձայն որի Ա.Սիմոնյանի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև փորձագետի թիվ 467Ք-20 եզրակացությունը: Ապացույցները, որոնք դրվել են Վաղարշակ Հարությունյանի մեղադրանքի հիմքում, չեն կարող դիտվել որպես բավարար փաստական տվյալ Վաղարշակ Հարությունյանին մեղսագրված ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարելու համար, առավել ևս այն պարագայում, երբ վարույթն իրականացնող մարմինը ենթադրյալ հանցանքը Վաղարշակ Հարությունյանի կողմից կատարած լինելու մասին վկայող որևէ այլ ապացուցողական նշանակություն ունեցող տվյալ դատարան չի ներկայացրել: Ինչ վերաբերում է դեպքի վայրի զննության արձանագրությանը, համաձայն որի Ա.Սիմոնյանի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցը, ապա այդպիսիք Վաղարշակ Հարությունյանի կողմից ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու մեջ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու փաստական տվյալ ևս չի պարունակում: Դատարանն արձանագրում է, որ Վաղարշակ Հարությունյանին մեղսագրված արարքի փաստական նկարագրությունն ակնհայտորեն չի վկայում վերջինիս արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը:

(...)

Վերոգրյալի հիման վրա, դատարանը` հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս, չկանխորոշելով մեղքի հարցը, իրավական գնահատական չտալով Վաղարշակ Հարությունյանի մեղավորությանը կամ անմեղությանը, չփաստելով վերջինիս մեղսագրվող արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը, գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալների համակցությունը, ողջամտորեն բավարար չէ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքին մեղադրյալի առնչությունը հիմնավորելու համար: Այսպիսով, նկատի ունենալով կալանավորման պայմանի` ենթադրյալ հանցավոր արարքին Վաղարշակ Հարությունյանի առնչությունը վկայող փաստական տվյալների բացակայությունը, դատարանը չի անդրադառնում կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկմանը (...)»(6):

_____________________________

6) Տե՛ս նյութեր, թերթ 77:

 

i

14. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Վարույթն իրականացնող մարմինն առաջին ատյանի դատարան չի ներկայացրել մեղադրյալ Վաղարշակ Հարությունյանի կատարած վերը նշված ենթադրյալ գործողության վերաբերյալ տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կամ գոնե անուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը: Փոխարենը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է Արմեն Սիմոնյանի ցուցմունքը, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, համաձայն որի Ա.Սիմոնյանի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև փորձագետի թիվ 467Ք-20 եզրակացությունը, որոնցից վերջինների կապակցությամբ առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ այդպիսիք Վաղարշակ Հարությունյանի կողմից ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու մեջ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու փաստական տվյալ չեն պարունակում: Ինչ վերաբերում է Արմեն Սիմոնյանի ցուցմունքի, ինչպես նաև անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրության բովանդակությանը, ապա վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք միանշանակ և բավարար չեն հիմնավորելու այն կասկածը, որ մեղադրյալ Վաղարշակ Հարությունյանը կատարել է իրավախախտում և առնչություն ունի դեպքին: Այսպիսով, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ ներկայացված նյութերում բացակայում է գեթ մեկ փաստական տվյալ վերագրվող հանցագործությանը մեղադրյալ Վաղարշակ Հարությունյանի առնչության վերաբերյալ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ մեղադրյալ Վաղարշակ Հարությունյանի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է, և Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել: Միաժամանակ, վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման հարցը կրկնակի քննության առնելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից քրեադատավարական նորմերի խախտումներ, որոնք ազդել կամ կարող էին ազդել ճիշտ դատական ակտ կայացնելու վրա, թույլ չեն տրվել (...)»(7):

_____________________________

7) Տե՛ս նյութեր, թերթ 147-148:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

15. Բողոքաբերը նշել է, որ դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այսինքն` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Բողոք բերած անձի կարծիքով, ստորադաս դատարանները հանգելով հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված փաստական հանգամանքները և ապացույցները չեն կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու Վ.Հարությունյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին, կատարել են սխալ եզրահանգում` չգնահատելով վերջինիս առնչակցությունը հավաստող այնպիսի ապացույցներ, ինչպիսիք են` Արմեն Միխայելի Սիմոնյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը, դեպքի վայրի զննություն կատարելու մասին արձանագրությունը և դատաքիմիական փորձաքննության թիվ 467 Ք-20 եզրակացությունը:

Գործի փաստական հանգամանքները, ապացույցները համադրելով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, բողոքաբերը հանգել է այն եզրահանգման, որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է բավարար ապացույցներ և փաստական տվյալներ, որոնք անհրաժեշտ են հիմնավոր կասկածի, այն է` մեղադրյալի առնչությունը կատարված դեպքին հաստատված համարելու համար: Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանների կողմից անտեսվել և պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել, այն փաստական հանգամանքները, որ`

- դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ Արմեն Սիմոնյանը բացահայտել է թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը` հայտարարելով, որ այն «Վաղոյից» ձեռք բերած թմրամիջոցի մի մասն է,

- նախաքննության ընթացքում Արմեն Սիմոնյանը կասկածյալի դատավարական կարգավիճակում պնդել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Վաղինակից, միաժամանակ, հայտնելով նրան անհատականացնող տվյալներ, այդ թվում` տալով նրա արտաքին տեսքի նկարագրությունը,

- անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ Արմեն Սիմոնյանը մատնացույց է արել Վաղինակ Հարությունյանի լուսանկարը` հայտնելով որ հենց նշված անձն է իրեն հյուրասիրել «հերոին» տեսակի թմրամիջոցը:

Ամփոփելով բողոքում բերված դատողությունները, բողոքաբերը նշել է, որ դատարանների կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը, որն ազդել է գործի ելքի վրա, այն է` կայացվել են չհիմնավորված դատական ակտեր, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքը, նույն օրենսգրքի 135-137-րդ հոդվածներով նախատեսված պահանջները, ինչի արդյունքում Վ.Հարությունյանի նկատմամբ անհիմն կերպով չի կիրառվել խափանման միջոց կալանավորումը:

15.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ու փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հունվարի 29-ի որոշումը` բավարարելով մեղադրյալ Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կրկնակի քննության առնելու մասին քննիչի միջնորդությունը և մեղադրյալ Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը` երկու ամիս ժամանակով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Վաղարշակ Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար:

i

17. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

(...)»:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (...)»:

18. Կալանավորման պայմաններից մեկի` «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ դիրքորոշումները`

- հանցանք կատարած լինելու կասկածի` ողջամտորեն հիմնավորված լինելու պահանջը կամայական ձերբակալման և կալանավորման դեմ երաշխիքի կարևոր մասն է կազմում(8),

_____________________________

8) Տե՛ս Gusinskiy v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53:

 

- «հիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում(9),

_____________________________

9) Տե՛ս K. F. v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1997 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57:

 

- կալանքի հիմնավորվածության կարևոր տարրերից են կասկածի արժանահավատությունն ու բարեխղճությունը(10): Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը փաստել է, որ միայն բարեխղճության վրա հիմնված կասկածը չի կարող բավարար համարվել(11):

_____________________________

10) Տե՛ս Murray v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 61:

11) Տե՛ս Gusinskiy v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53:

 

19. Հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած վերոգրյալ առանձին դատողությունները` Վճռաբեկ դատարանը «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կապակցությամբ Վահրամ Գևորգյանի գործով փաստել է. «(...) Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (...):

(...) Յուրաքանչյուր դեպքում հանցանք կատարած լինելու կասկածը պետք է լինի ողջամիտ:

(...) «Հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է: (...) Կասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: Այլ կերպ` կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:

(...) Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, (...): Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված»(12):

_____________________________

12) Տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 19-23:

 

Զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Հարություն Խաչատրյանի գործով որոշման շրջանակներում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Հիմնավոր կասկածը պետք է ապահովի անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի հիմնավորված և օրինաչափ սահմանափակումը, իսկ դատական վերահսկողությունը լինի երաշխիք այդ իրավունքի անհիմն սահմանափակումները կանխելու համար:

Այսինքն` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն` հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի: Այլ կերպ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր: Առաջին` առկա՞ են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին»(13):

_____________________________

13) Տե՛ս Հարություն Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:

 

Վերահաստատելով և զարգացնելով արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատվի անձի ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը` ավելի բարձր նշանակության բարիքի, այն է` հանրային շահի պաշտպանության տեսանկյունից` ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, անձի ազատության սահմանափակման հիմնավորվածությունը: Մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար հիմնավոր կասկածի առկայությունն ունի հիմնարար նշանակություն, քանզի դրա բացակայության պայմաններում անձի ազատության ցանկացած սահմանափակում կհամարվի ի սկզբանե ապօրինի: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն` քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ(14):

_____________________________

14) Տե՛ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

 

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները`

- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող` հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից(15), ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ` արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել(16), կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)17:

_____________________________

15) Տե՛ս, mutatis mutandis, Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը:

16) Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06:

17) Տե՛ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

 

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Նախաքննության մարմնի կողմից Վաղարշակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով(18),

_____________________________

18) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- 36 QX 135 հաշվառման համարանիշի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի զննության մասնակից Ա.Սիմոնյանն ինքնակամ ներկայացրել է փայլաթիթեղի փաթեթ և հայտարարել, որ դրա մեջ առկա է «հերոին» տեսակի թմրամիջոց և այն ձեռք է բերել «Վաղոյից»(19),

_____________________________

19) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

- Ա.Սիմոնյանը կասկածյալի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի հուլիսի 16-ին ժամը 16:00-ի սահմաններում, Րաֆֆու փողոցից ոստիկաններն իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին և անձնական խուզարկությամբ իր մոտից հայտնաբերել են «հերոին» տեսակի թմրամիջոց, որը ձեռք էր բերել բերման ենթարկվելուց մոտ 15 րոպե առաջ ՀԱ թաղամասում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտից` իր ծանոթ Վաղոյից, ինչի դիմաց գումար չի վճարել: Ինքը Վաղոյին զանգահարել է նույն օրը, իր` 094-48-24-74 հեռախոսահամարից վերջինիս` 098-92-11-82 հեռախոսահամարին: Զանգահարել է թմրամիջոցը նրանից վերցնելուց մոտ 10-15 րոպե առաջ և տեղեկանալով, որ նա «Կայզեր» սուպերմարկետի մոտ է, մոտը թմրամիջոց կա ու իրեն կտա, գնացել է այնտեղ և վերցրել թմրամիջոցը` իր անձնական օգտագործման համար:

Ա.Սիմոնյանն իր ցուցմունքում հայտնել է նաև, որ «Օպել Աստրա» մակնիշի 36 QX 135 հաշվառման համարանիշով ավտոմեքենայում գտնվող և իր կողմից ինքնակամ ներկայացված «հերոին» տեսակի թմրամիջոցը նույնպես ձեռք է բերել Վաղոյից: Իր իմացած տվյալներով Վաղոն բնակվում է ՀԱ Բ-2 թաղամասում «Նեպտուն» համալիրի մոտակայքում: Վերջինս մոտ 35-40 տարեկան է, ցածրահասակ, սև մաշկով և ճաղատ: Նրան տեսնելու դեպքում միանշանակ կճանաչի(20),

_____________________________

20) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

- Փորձագետի թիվ 467Ք-20 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված` ընդհանուր 0.067 գրամ քաշով զանգվածը հանդիսանում է «հերոին» տեսակի թմրամիջոց(21),

_____________________________

21) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

- Անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրության համաձայն` մեղադրյալ Ա.Սիմոնյանը հայտնել է, որ ճանաչում է ձախից աջ հերթականությամբ 2-րդ տեղում փակցված լուսանկարում պատկերված անձին, որը Վաղոն է, ում ճանաչում է Բանգլադեշից: 2020 թվականի հուլիսի 16-ին ժամը 16:00-ի սահմաններում, նախապես պայմանավորվածության համաձայն, ինքը և Վաղոն Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ հանդիպել են և իր խնդրանքով Վաղոն առանց որևէ գումարի, իրեն հյուրասիրել է իր մոտ եղած թմրամիջոցը, որը «հերոին» տեսակի էր և ինքն այն պահել է իր մեքենայի սրահում` հետագա օգտագործման համար, ինչն էլ նույն օրը հայտնաբերվել է Մալաթիայի ոստիկանության բաժնում` մեքենայի զննության ժամանակ(22),

_____________________________

22) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

 

i

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նախաքննական մարմնի կողմից չեն ներկայացվել բավարար փաստական տվյալներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն Վ.Հարությունյանի առնչությունն իրեն վերագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին: Անդրադառնալով նախաքննության մարմնի` կալանավորման միջնորդությունը հիմնավորող փաստաթղթերին` Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Վ.Հարությունյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները չեն կարող դիտվել որպես բավարար փաստական տվյալ վերջինիս մեղսագրված ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարելու համար: Անդրադարձ կատարելով դեպքի վայրի զննության արձանագրությանը, համաձայն որի Ա.Սիմոնյանի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «հերոին» տեսակի թմրամիջոցը, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ դրանում Վաղարշակ Հարությունյանի կողմից ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու մեջ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու փաստական տվյալ ևս չի պարունակվում(23),

_____________________________

23) Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինն առաջին ատյանի դատարան չի ներկայացրել մեղադրյալ Վաղարշակ Հարությունյանի կատարած ենթադրյալ գործողության վերաբերյալ տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կամ գոնե անուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ ներկայացված նյութերում բացակայում է գեթ մեկ փաստական տվյալ` վերագրվող հանցագործությանը մեղադրյալ Վ.Հարությունյանի առնչության վերաբերյալ և նշել, որ մեղադրյալ Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման հարցը կրկնակի քննության առնելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից քրեադատավարական նորմերի խախտումներ, որոնք ազդել կամ կարող էին ազդել ճիշտ դատական ակտ կայացնելու վրա, թույլ չեն տրվել(24):

_____________________________

24) Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

 

21. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-19-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը` Վ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ:

Նախևառաջ, հարկ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանը գտնելով, որ նախաքննական մարմնի կողմից չեն ներկայացվել բավարար փաստական տվյալներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն Վ.Հարությունյանի առնչությունն իրեն վերագրվող արարքի կատարմանը, իսկ Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ` տվյալներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, անտեսել են գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանին ներկայացված տվյալները: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն ու Վերաքննիչ դատարանը, դատական ակտեր կայացնելիս և Վ.Հարությունյանի առնչությունն իրեն վերագրվող արարքի կատարմանը գնահատելիս, առհասարակ ուշադրության չեն արժանացրել այն հանգամանքը, որ միջնորդությանը կից քննիչի կողմից ներկայացվել են` Ա.Սիմոնյանի` որպես կասկածյալ տված ցուցմունքը, դեպքի վայրի զննության և անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, որտեղ Ա.Սիմոնյանը նկարագրելով Վ.Հարությունյանին` ուղղակիորեն մատնանշել է վերջինիս` որպես ենթադրյալ հանցանքը կատարողին(25): Ա.Սիմոնյանը հայտնել է, որ իր ծանոթ Վ.Հարությունյանից ձեռք է բերել «հերոին» տեսակի թմրամիջոց, որպիսի հանգամանքը ևս հաստատվել է քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված` փորձագետի` թիվ 467Ք-20 եզրակացությամբ(26):

_____________________________

25) Տե՛ս սույն որոշման 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերը:

26) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի համաձայնությունն Առաջին ատյանի դատարանի այն դատողության հետ, որ ներկայացված նյութերում բացակայում է գեթ մեկ փաստական տվյալ` վերագրվող հանցագործությանը մեղադրյալ Վ.Հարությունյանի առնչության վերաբերյալ, անհիմն է և չի բխում միջնորդությանը կից ներկայացված տվյալների գնահատումից: Ավելին, հարկ է ընդգծել, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում ստորադաս դատարանների կողմից տրված մեկնաբանությունները հակասում են սույն որոշման 18-19-րդ կետերում մեջբերված` ենթադրյալ հանցանքի կատարման «հիմնավոր կասկածի» գնահատման չափանիշին` դուրս գտնվելով այդ չափանիշի հաղթահարման ողջամիտ հնարավորության ընդհանուր տրամաբանությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված տվյալների համակցությունը ողջամտորեն բավարար է գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Վ.Հարությունյանն ուղղակիորեն առնչություն ունի իրեն մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը: Այլ կերպ` պետք է փաստել, որ առկա է մեղադրյալ Վ.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու մասին հիմնավոր կասկածը:

22. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Վաղարշակ Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չեն:

i

23. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանը, մի կողմից` սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, մյուս կողմից` ապահովելով անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները, դատական վերանայման սահմանների վերընթաց նվազման սկզբունքի հաշվառմամբ գտնում է, որ գործը պետք է ուղարկել Առաջին ատյանի դատարան` կալանավորման հիմքերի մասով նոր քննության(27):

_____________________________

27) Տե՛ս Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ 29:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Վաղարշակ Յուրիկի Հարությունյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` կալանավորման հիմքերի մասով նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2021 թվականի հունիսի 23-ին:

 

Միասնական կայք` 14.06.21-27.06.21

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2021
N ԵԴ/1256/06/20
Որոշում