ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/0074/05/19
Վարչական գործ թիվ ՎԴ/0074/05/19 2021 թ.
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Տ. Պետրոսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Ն. Տավարացյան
2021 թվականի օգոստոսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Արդանո» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի (այսուհետ` Համայնք), երրորդ անձ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), Դավիթ Պետրոսյանի և «Չափշին» ՍՊԸ-ի` 24.11.2014 թվականի թիվ 235-Ա որոշումը մասնակի, 14.01.2015 թվականի թիվ 03-Ա որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` հողամասի աճուրդը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Դավիթ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 24.11.2014 թվականի թիվ 235-Ա որոշման 1.4-րդ կետը և 14.01.2015 թվականի թիվ 03-Ա որոշումն ամբողջությամբ, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել 26.12.2014 թվականին կայացած հողամասի աճուրդը, 20.02.2015 թվականին կնքված աճուրդով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող` Համայնքի Քոթանյան փողոցի թիվ 58 հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև միջնորդել է բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի և վերականգնել այն:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 15.01.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է, հայցադիմումն ընդունել է վարույթ և ներգրավվել են երրորդ անձինք:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2019 թվականի որոշմամբ` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով Համայնքի և Դավիթ Պետրոսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 15.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Պետրոսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունվելու համար անհրաժեշտ է, որ դրան կից ներկայացված լինի այդ ժամկետը անձի կողմից հարգելի պատճառով բաց թողնելու մասին միջնորդություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները: Տվյալ դեպքում հայցվորը զրկված չլինելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից, դրանք չի իրացրել, ինչի արդյունքում բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարել է հարգելի` հիմքում դնելով հայցվորի կողմից արտադատական կարգով իրականացված գործողությունները, սակայն որևէ կերպ չհիմնավորելով այդ դիրքորոշումը:
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ վիճելի հողամասում 2016 թվականից շինարարական աշխատանքներ կատարելը և շինարարական աշխատանքներին մասնակցած աշխատակիցների հայտարարություններն ու լուսանկարները որևէ կերպ չեն վկայում այն մասին, որ սույն գործով վիճարկվող որոշումների մասին Ընկերությունը տեղեկացված է եղել 2016 թվականից, քանի որ բաց թողնված ժամկետի հարգելի լինելը որոշելու համար էական է վիճարկվող վարչական ակտերի գոյության մասին փաստացի տեղեկացված լինելու, այլ ոչ թե վիճելի հողամասում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակահատվածը, իսկ Ընկերությունը նշել է, որ Համայնքի ղեկավարի հողամասերի աճուրդ-վաճառք անցկացնելու որոշումների մասին տեղեկացել է 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ տեսել է, որ Դավիթ Պետրոսյանը վիճելի հողամասում շինարարական աշխատանքներ է կատարում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 12.03.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով վերացնել Դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» 15.01.2019 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով 10.12.2014 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
i
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
i
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով (տե՛ս, Մարիամ Ոսկանյանի ընդդեմ ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի թիվ ՎԴ/13203/05/17 վարչական գործով 31.07.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, օրինակ, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):
Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
1. Համայնքի ղեկավարը 24.11.2014 թվականի թիվ 235-Ա որոշում է կայացրել անցկացնել հողամասերի աճուրդ-վաճառք` այդ ցանկում ներառելով Թալին քաղաքի Քոթանյան փողոցի 58 հասցեում գտնվող 3387 քմ հողատարածքը (ծածկագիր` 02-003-0053-0067) (հատոր 1-ին, գ.թ. 34):
2. Համայնքի ղեկավարի 14.01.2015 թվականի թիվ 03-Ա որոշման համաձայն` Թալին քաղաքի Քոթանյան փողոցի 58 հասցեում գտնվող 3387 քմ հողամասը սեփականության իրավունքով օտարվել է Դավիթ Պետրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 37):
3. Ընկերության տնօրեն Վահրամ Գալստյանը 10.09.2018 թվականի դիմումով Համայնքից խնդրել է Դավիթ Պետրոսյանին պատկանող վիճելի հողամասում շինարարության թույլտվություն չտրամադրել (հատոր 1-ին, գ.թ. 23):
4. Ընկերության փաստաբան Մելանյա Վարդանյանի ներկայացրած դիմումի հիման վրա Կադաստրի կողմից տրվել է 05.10.2018 թվականի թիվ ԱՏ-04/04/10/2018-4-0094 տեղեկանքը` ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Քոթանյան փողոցի թիվ 58 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի տրամադրման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 22):
5. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի պետի կողմից Ընկերության տնօրեն Վահրամ Գալստյանին 19.11.2018 թվականի թիվ 41-18/4442 գրությամբ հայտնվել է, որ նրա հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 24-28):
6. Ընկերությունը 09.01.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 24.11.2014 թվականի թիվ 235-Ա որոշման 1.4-րդ կետը և 14.01.2015 թվականի թիվ 03-Ա որոշումն ամբողջությամբ, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել 26.12.2014 թվականին կայացած հողամասի աճուրդը, 20.02.2015 թվականին կնքված աճուրդով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող` Համայնքի Քոթանյան փողոցի թիվ 58 հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ, հայցադիմումին կից ներկայացրել է դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որի հիմքում դրել է վիճարկվող վարչական ակտերի մասին 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղեկանալու և արտադատական կարգով վեճը լուծելու ուղղությամբ գործողություններ կատարած լինելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 20-21):
Դատարանը բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը` որոշման հիմքում դնելով այն, որ վիճարկվող վարչական ակտերի մասին 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղեկանալուց հետո մինչև Դատարան դիմելը հայցվորը միջոցներ է ձեռնարկել իր ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ, մասնավորապես` 10.09.2018 թվականին դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին, ապա 08.11.2018 թվականին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժին, 04.10.2018 թվականին դիմել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, իսկ 19.11.2018 թվականի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվելուց հետո 09.01.2019 թվականին դիմել է Դատարան:
Վերաքննիչ դատարանը մերժել է Դատարանի 15.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշման դեմ Դավիթ Պետրոսյանի և Թալին համայնքի բերած վերաքննիչ բողոքները` Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ: Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցվորը չի հանդիսացել վիճարկվող վարչական ակտերի հասցեատերը, իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում վիճարկվող վարչական ակտի մասին հայցվորի կողմից տեղեկացված լինելու վերաբերյալ հայտնի միակ տեղեկությունը եղել է հայցվորի հայտնած տեղեկատվությունը (վարչական ակտերի գոյության մասին փաստացի իմացել է 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և դրանից հետո փորձել է արտադատական կարգով լուծել վեճը) և ի հիմնավորումն դրա` ներկայացված ապացույցները, իսկ գործում հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի մասին ավելի վաղ տեղեկացված լինելու վերաբերյալ ապացույցները բացակայել են: Միաժամանակ գտել է, որ հայցվորը փորձել է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել արտադատական կարգով (10.09.2018 թվականին դիմել է Համայնքի ղեկավարին, ապա` 08.11.2018 թվականին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժին, 04.10.2018 թվականին դիմել է Կադաստրին, իսկ քրեական գործ հարուցելը մերժվել է 19.11.2018 թվականի որոշմամբ), ինչը չի կարող գնահատվել դատավարական ժամկետի անհարգելի պատճառով բացթողում, այն իրողության հաշվառմամբ, որ հայցվորի կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվել են ակտիվ գործողություններ, իսկ նշված հանգամանքը հերքող ապացույցները բացակայում են:
Սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Այն հանգամանքը, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ընկերությունը տիրապետել է իր իրավունքները խախտող վարչական ակտերին, հայցվորն ընդունել է հայցադիմումով և կից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ, ինչի մասին վկայում են նաև Ընկերության տնօրեն Վահրամ Գալստյանի 10.09.2018 թվականի Համայնքի ղեկավարին ուղղված դիմումը Դավիթ Պետրոսյանին պատկանող վիճելի հողամասում շինարարության թույլտվություն չտրամադրելու վերաբերյալ, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի պետի կողմից Ընկերության տնօրեն Վահրամ Գալստյանին 19.11.2018 թվականի թիվ 41-18/4442 գրությամբ տրամադրված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը:
Հետևաբար սույն գործով դատարան դիմելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու հարցը լուծելու համար Դատարանը պետք է պարզեր այն հարցը, թե արդյոք դրանից հետո մինչև դատարան հայց ներկայացնելը հայցվորի գործողություններն ուղղված են եղել դատարան դիմելուն: Համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշման` ժամկետի բաց թողումը կարող է համարվել հարգելի, եթե պարզվի, որ անձը ձեռնարկել է համապատասխան գործողություններ դատարան դիմելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված երկամսյա ժամկետում օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել դատարան դիմել: Մինչդեռ սույն գործի փաստերից բխում է, որ 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից մինչև 09.01.2019 թվականն Ընկերության կատարած գործողությունները թելադրված չեն եղել դատարան համապատասխան հայց ներկայացնելու անհրաժեշտությամբ, հետևաբար չեն կարող հանդիսանալ դատարան դիմելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պատճառ: Մասնավորապես, Համայնքին ուղղված 10.09.2018 թվականի դիմումի բովանդակությունից հետևում է, որ հայցվորն ակնհայտորեն իմացել է իր իրավունքների խախտման մասին, քանի որ Համայնքի ղեկավարին խնդրել է Դավիթ Պետրոսյանին պատկանող վիճելի հողամասում շինթույլտվություն չտրամադրել:
Անհիմն է նաև արտադատական կարգով իր իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարելը դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ համարելու ստորադաս դատարանների դիրքորոշումը, քանի որ արտադատական գործողությունների ձեռնարկումը կատարվում է հայցվորի կամքով, իսկ ժամկետի բաց թողնման պատճառը հարգելի համարելու նախապայմանն այն է, որ բոլոր դեպքերում ժամկետի բացթողումը պետք է տեղի ունեցած լինի անկախ հայցվորի կամքից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում դատարան դիմելու դատավարական ժամկետը հայցվորի կողմից բաց թողնելու պատճառները հարգելի չեն, հետևաբար ժամկետը վերականգնման ենթակա չէր:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 169-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
i
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. Դատավարական ժամկետը վերականգնելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի 15.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Տ. Պետրոսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է datalex.am կայքէջում` 27 օգոստոսի 2021 թվական:
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809929846
Միասնական կայք` 01.11.21-14.11.21