Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 81.1-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 81.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

15 հունիսի 2022 թվականի N 1

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 81.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է` դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:

i

«Նոտարիատի մասին» օրենքի 81.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նոտարական պալատի նախագահի կողմից Արդարադատության նախարարին 2022 թվականի մայիսի 25-ին ուղղված թիվ Ն/41/7198-2022 գրության համաձայն` առկա է «Նոտարիատի մասին» օրենքի 81.1-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորման կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտություն:

Մասնավորապես, վերջին շրջանում քաղաքացիները չեն կարողանում ներկայացնել նոտարի կողմից պահանջված և նոտարական գործողության կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը, քանի որ նշված փաստաթղթերը կամ դրանց պատճենները ստանալու նպատակով Ուկրաինա կատարված հարցումները մնում են անպատասխան: Նույն կերպ, անպատասխան են մնում նաև նոտարի կողմից, ինչպես նաև Նոտարական պալատի կողմից նոտարների կամ քաղաքացիների խնդրանքով իրավական օգնության կարգով նոտարական գործողություններ կատարելու համար Ուկրաինա կատարված հարցումները: Նշվածը պայմանավորված է Ուկրաինայում հայտարարված ռազմական դրությամբ: Ուկրաինայի նախագահի հրամանագրով Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից 30 օրով մտցվել է ռազմական դրություն մինչև մարտի 26-ը: Ռազմական դրությունն այնուհետև երկարաձգվել է ևս 30 օրով մինչև ապրիլի 25-ը, որը կրկին երկարաձգվել է ևս 30 օրով մինչև մայիսի 25-ը: Այնուհետև, սույն թվականի մայիսի 22-ին ևս 3 ամիս ժամկետով (մինչև օգոստոսի 23-ը) երկարաձգվել է Ուկրաինայում ռազմական դրությունը:

Նման պայմաններում, հիմք ընդունելով «Նոտարիատի մասին» օրենքի 81.1-ին հոդվածի 5-րդ մասի կարգավորումը, Նոտարական պալատը խնդրել է պաշտոնապես պարզաբանել` արդյո՞ք վերը նկարագրված իրավիճակներում նոտարը կարող է համարել, որ գործում է անհաղթահարելի ուժի ազդեցությունը և դիմողի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու հնարավոր բոլոր միջոցները սպառելու հիմքով հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ:

i

Իրավաբանական փաստերի հաստատումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է անձի սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելուն: Ընդ որում, «Նոտարիատի մասին» օրենքի 81.1-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորման իմաստով դիմողը կարող է առանձին դեպքերում հնարավորություն չունենալ այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթերը կամ վերականգնել կորցրած փաստաթղթերը` անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված: Անհաղթահարելի ուժը տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներն են, այսինքն` օբյեկտիվ իրականության մեջ առաջացած հանգամանքներ, որոնց տեղի ունենալը որևէ կերպ կախված չէ անձանց կամքից, դուրս է նրանց վերահսկողությունից, դրանց վրա հասնելը հնարավոր չէ կանխատեսել կամ կարող է կանխատեսվել, բայց չի կարող կանխվել և վերացվել, այլ կերպ` դրանց ազդեցության հետևանքներից հնարավոր չէ խուսափել: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել ռազմական գործողությունները, պատերազմը, արտակարգ կամ ռազմական դրությունը, արտակարգ իրավիճակը, տարերային աղետները (երկրաշարժ, ջրհեղեղ և այլն), համաճարակը, արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքները, որոնք անհնարին են դարձնում որոշակի պարտավորությունների կատարումը:

i

Միևնույն ժամանակ, «Նոտարիատի մասին» օրենքի 81.1-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման ուժով դիմողի համար սահմանված է պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունն ապացուցելու իրական և պարտադիր պահանջ:

i

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ 1159-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի 7-րդ կետի պահանջներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

i

Եթե դիմողի կողմից այլ արտադատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը պայմանավորված է արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքով (անհաղթահարելի ուժ), և ապացուցվում է դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը, նոտարն իրավունք ունի համարել, որ դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը, որը «Նոտարիատի մասին» օրենքի 81.1-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հիմք է հանդիսանում:

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
15.06.2022
N 1
Պաշտոնական պարզաբանում