Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 հունիսի 2022 թվականի N 347

 

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂ ՀԾՀ ՉՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՈԴ քաղաքացին հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ կազմակերպության տնօրեն, ում հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Վերջինս գտնվում է արտասահմանում և աշխատում է հեռավար եղանակով: Քաղաքացին չունի ՀԾՀ և ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հնարավոր չէ ներկայացնել աշխատողի գրանցման հայտ: Տվյալ դեպքում ի՞նչ ընթացակարգով է հնարավոր գրանցել տվյալ աշխատակցին:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի`

i

- 2-րդ մասի համաձայն` հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում` մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն, օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի,

i

- 5-րդ մասի համաձայն` հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:

i

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան, ներառում է Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

i

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի համաձայն` տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմինը ստանում է գործատուներից` գրանցման հայտերի և անձնավորված հաշվարկների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ գործատուն (հարկային գործակալը), Ռուսաստանի Դաշնությունում բնակվող` այդ երկրի կամ այլ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և արտերկրում հեռավար եղանակով աշխատանքային գործունեություն իրականացնող աշխատողների համար, ովքեր չունեն Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ), հարկային մարմին գրանցման հայտ չի ներկայացնում (անկախ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք ունենալու հանգամանքից), իսկ հարկային գործակալի կողմից վերջիններիս համար հաշվարկված (վճարված) եկամուտները և դրանցից պահված եկամտային հարկը արտացոլվում են եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի 2-րդ բաժնի եկամուտների` «ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքային պայմանագրով աշխատանքի կատարման դիմաց հաշվարկված եկամուտ» տողում:

i

Ընդ որում, հարկային գործակալը մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով պարտավոր է հարկային մարմին ներկայացնել նախորդ հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 300-Ն հրամանի N 4 հավելվածով հաստատված ձևով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.06.2022
N 347
Իրազեկման թերթիկ