Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 32 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական         Քաղաքացիական գործ

    և  տնտեսական գործերով պալատի որոշում     թիվ ԵԴ/45724/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/45724/02/19     2021 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ն. Գաբրիելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի մայիսի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մհեր Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մհեր Մանուկյանի ընդդեմ «Արարատբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ), «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի, երրորդ անձ Օֆիկ Գրիգորյանի` կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը թվով 10.073 հատ սովորական բաժնետոմսերի նկատմամբ ճանաչելու, Բանկին կնքված պայմանագիրը գրանցել պարտավորեցնելու և դրա հիման վրա Հայցվորի հաշվին թվով 10.073 հատ սովորական բաժնետոմս փոխանցելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մհեր Մանուկյանը պահանջել է կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա ճանաչել իր սեփականության իրավունքը թվով 10.073 հատ սովորական բաժնետոմսերի նկատմամբ, Բանկին կնքված պայմանագիրը գրանցել պարտավորեցնել և դրա հիման վրա հայցվորի հաշվին թվով 10.073 հատ սովորական բաժնետոմս փոխանցել:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 29.04.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.09.2021 թվականի որոշմամբ Մհեր Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Մանուկյանը (ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ներկայացուցիչ Զավեն Վարտումյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 32-րդ, 39-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին, 3-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 134-րդ և 135-րդ հոդվածները, «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության» կանոնների 293-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 58-րդ, 59-րդ, 66-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել և կիրառել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ, 52-րդ հոդվածները, «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» 293-րդ կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 196-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե երբ բաժնետոմսերի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ և բաժնետոմսերի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը գրանցված չէ, ապա ինչ ընթացակարգով գնորդը պետք է դրանք գրանցի իր անվամբ կամ ինչպես կարող է պարտավորեցնել Օֆիկ Գրիգորյանին տալ համապատասխան փոխանցման հանձնարարական:

Բացի այդ, բաժնետոմսերի նկատմամբ Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը ծագել է դրանք ձեռք բերելու` դրանց համար գումարն ամբողջությամբ վճարելու պահից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական տեսակ ունեցող ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականատիրական իրավունքները ենթակա չեն պետական գրանցման:

Տվյալ դեպքում ստացվում է, որ Մհեր Մանուկյանը զրկվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր սեփականության իրավունքն իրացնելու հնարավորությունից: Այսինքն` արժեթղթերի փոխանցման գործառնություն կատարելու իրավասություն տալով միայն վաճառողին, օրենքը վերջինիս օժտում է նաև հնարավորությամբ` վերջինիս հայեցողությանը թողնելով առուվաճառքի պայմանագրի հիման վրա համապատասխան փոխանցման հանձնարարական ներկայացնելու պարտականությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2021 թվականի որոշումը և հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում խոսք չի կարող լինել բաժնետոմսերի տեղաբաշխման մասին, քանի որ «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 հատ բաժնետոմսերի առնչությամբ հայցվորը, ըստ իր կողմից ներկայացված տվյալների, կնքել է առուվաճառքի պայմանագիր Օֆիկ Գրիգորյանի հետ: Արժեթղթերի տեղաբաշխումը վերաբերում է այն դեպքերին, երբ բաժնետիրական ընկերության կողմից թողարկված արժեթղթերը վաճառվում են ներդրողներին, որի արդյունքում ձևավորվում է բաժնետիրական ընկերության բաժնետերերի առաջին կազմը կամ, երբ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվում է արժեթղթերի լրացուցիչ թողարկում և վաճառք, մինչդեռ արդեն իսկ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջից բաժնետոմսերի ձեռքբերումը չի հանդիսանում տեղաբաշխման արդյունքում արժեթղթերի ձեռքբերում, այլ` արժեթղթերի ձեռքբերում երկրորդային շուկայից: Ինչ վերաբերում է բաժնետոմսի հավաստագրի մասին բողոքաբերի պնդմանը, ապա պետք է նշել, որ ներկայումս բաժնետոմսերի շրջանառությունն առավելապես տեղի է ունենում ապանյութականացված կերպով, այսինքն` բաժնետոմսերը գոյություն ունեն ոչ թե հավաստագրերի, այլ` ոչ նյութական ձևով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Մհեր Մանուկյանի (գնորդ) և Օֆիկ Գրիգորյանի (վաճառող) միջև 03.02.2014 թվականին կնքվել է «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 14):

2. 14.10.2019 թվականի թիվ 90/1028/1 գրությամբ ուղղված Բանկի հաճախորդ Օֆիկ Գրիգորյանին, Բանկը հայտնել է, «Ձեր կողմից 14.10.2019 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատոր հանդիսացող Բանկին ներկայացված քաղաքացի Մհեր Մանուկյանին «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 հատ բաժնետոմսերի փոխանցման հանձնարարականի կատարումը մերժվել է, քանի որ Ձեր անվամբ գրանցված Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում բացված 7150005523 հաշվում առկա վերոնշյալ արժեթղթերի նկատմամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կիրառված են գործառնությունների կատարման սահմանափակումներ» (հատոր 1-ին, գ.թ. 13):

3. 15.10.2019 թվականի թիվ 90/1029 տեղեկանքի համաձայն` Բանկը տեղեկացրել է, որ «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 բաժնետոմսերի նկատմամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից 15.10.2019 թվականի դրությամբ կիրառված են գործառնությունների կատարման սահմանափակումներ, հետևյալ հիմքերով.

ա/. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2016թ. թիվ ԵԿԴ/0580/04/16 որոշում` դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,

բ/. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2017թ. թիվ ԵԿԴ/0053/04/17 որոշում` դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,

գ/. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2017թ. թիվ ԵԿԴ/0053/04/17 վճիռ` սնանկ ճանաչելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 12):

4. 22.11.2019 թվականին Մհեր Մանուկյանը դիմում է ներկայացվել Բանկին` խնդրելով 03.02.2014 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 բաժնետոմսերի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 11):

5. 28.11.2019 թվականի թիվ 5634/25 գրությամբ Բանկը տեղեկացրել է, որ ազատ առաքմամբ արժեթղթերի փոխանցման գործառնությունը կատարելու համար արժեթղթերի փոխանցող կողմ հանդիսացող հաշվետերը պետք է դիմի իր հաշիվը սպասարկող հաշվի օպերատորին և ներկայացնի արժեթղթերի փոխանցման հանձնարարական (հատոր 1-ին, գ.թ. 10):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բաժնետոմսի իրացման դեպքում գնորդի սեփականության իրավունքի ծագման և դրանից հետո գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների իրացման առանձնահատկություններին:

Վերոգրյալ իրավանորմերից ակնհայտ է դառնում, որ սեփականության իրավունքը հանդիսանում է հիմնական և արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, որը դատարանի կողմից ենթակա է իրականացման արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում:

i

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում ամրագրվել է նաև ՀՀ-ում իրավանորմերի աստիճանակարգը, ըստ որի` 1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը` սահմանադրական օրենքներին և օրենքներին:

3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հիշատակված իրավակարգավորումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը հանդիսանում են ՀՀ իրավակարգի բաղկացուցիչ մաս և իրենց իրավական ուժով զիջում են միայն ՀՀ Սահմանադրությանն ու սահմանադրական օրենքներին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

Տվյալ դեպքում օրենսդիրը սահմանել է ածանցյալ եղանակով սեփականության իրավունքի ծագման երեք եղանակ`

ա. գույքը ձեռք բերողի փաստացի տիրապետմանը հանձնելը,

բ. օրենքի սահմանված այլ կանոնի իմպերատիվ պահանջի առկայության դեպքում, այդ կանոնով նախատեսված փաստական հանգամանքի վրա հասնելը, օրենքով սահմանված կանոնի դիսպոզիտիվ լինելու դեպքում, այդ կանոնի կիրառմամբ, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսվել,

գ. օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքի պետական գրանցմամբ:

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 196-րդ հոդվածի համաձայն` անվանական արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է համարվում այն պահից, երբ Կենտրոնական դեպոզիտարիայում կամ այլ պահառուի մոտ այն գրանցվում է գնորդի (կամ նրա անվանատիրոջ) անունով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել անվանական բաժնետոմսեր և պարտատոմսեր:

Փաստորեն նշված իրավական նորմերից ակնհայտ է դառնում, որ բաժնետոմսը հանդիսանում է անվանական արժեթուղթ և դրա շրջանառությունն արժեթղթերի շուկայում կարող է տեղի ունենալ Կենտրոնական կամ այլ պահառուի մոտ սեփականության իրավունքի փոխանցման գրանցմամբ: Այլ կերպ ասած, բաժնետոմսի համար գործում է սեփականության իրավունքի ծագման օրենքով սահմանված եղանակը:

i

«Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

i

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Տվյալ դեպքում սեփականության իրավունքը ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանում է հիմնական իրավունք: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան վավերացնելու հիմքով այդ իրավունքը հանդիսանում է հիմնական իրավունք նաև կոնվենցիոն իրավունքի ուժով:

Նման պայմաններում սեփականության իրավունքի և դրա իրավական պաշտպանությանը վերաբերող նորմերը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՄԻԵԴ-ի իրավական պրակտիկան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (տե՛ս, մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով, Trgo v. Croatia, 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44):

Եվրոպական դատարանի նշված վճիռը վկայակոչված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 07.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-902 որոշման մեջ: Իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-723, թիվ ՍԴՈ-741 և թիվ ՍԴՈ-881 որոշումներում ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, թիվ ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում ՀՀ սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանություն տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»: Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետին և դրա պահպանված չլինելու դեպքում գործարքն առոչինչ սահմանելուն, արձանագրել է, որ գործարքի անվավերությանը հանգեցնելու կամ առոչինչ լինելու սահմանումը որպես իրավական հետևանք անհամաչափ սահմանափակում է սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ օրինական ակնկալիքի իրավունքը: Կարող են լինել դեպքեր, երբ անձի կողմից ժամկետը չպահպանելն ամենևին նրա մեղավորությունից չբխի: Այս հանգամանքն օրենսդիրը պետք է հաշվի առներ համապատասխան հարցը կարգավորելիս:

ՀՀ սահմանադրական դատարանը 06.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1326 որոշմամբ անդրադառնալով սեփականության իրավունքի պաշտպանության խնդրին, արձանագրել է հետևյալը. «(...) սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքն անձի մոտ ծագում է երկու պարագայում, երբ. անձի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է և երբ անձինք օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

i

ՀՀ սահմանադրական դատարանը մեկ այլ` 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈ-1448 որոշմամբ կրկին անդրադառնալով սեփականության իրավունքի ձեռքբերման «իրավաչափ ակնկալիք» եզրույթին, արձանագրել է, որ Սահմանադրության 60-րդ և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների ուժով պետությունը երաշխավորում է անձի` սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը, ի թիվս այլնի` վերջինիս իրացման համար արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի օրենսդրական ամրագրման միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին, ղեկավարվելով սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական և կոնվենցիոն պահանջներով և վկայակոչելով Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով 02.05.2002 թվականի վճռով (կետ 40) Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումը, թիվ ԵԱՔԴ/1522/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «պահանջը» Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի իմաստով կարող է հասկացվել որպես «սեփականություն» այն դեպքում, եթե բավարար չափով հաստատված է, որ այն կարող է իրավաբանորեն իրականացվել:

Տվյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը վեճի լուծման համար սեփականության իրավունքի առկայության հիմքում գերակայությունը տվել է ոչ ներպետական պոզիտիվ իրավունքով սահմանված իրավունքի պետական գրանցման օրենսդրական պահանջին, այլ վերը նշված կոնվենցիոն նորմի վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.

1. սեփականության իրավունքը հանդիսանալով հիմնական իրավունք, ենթակա է իրավական, այդ թվում դատական պաշտպանության,

i

2. սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մաս),

3. սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափ նպատակը պետք է չխախտի ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված համաչափության սկզբունքը, որի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար,

4. միջոցն անհրաժեշտ է, եթե չկա մեկ այլ` ավելի մեղմ միջամտող միջոց, որով նույն արդյունավետությամբ կարելի է հասնել նպատակին (19.03.2019թ. թիվ ՍԴՈ-1448):

5. սեփականության իրավունքի ձեռք բերման օրինական ակնկալիքը ևս ենթակա է որակման որպես սեփականություն և դրա պաշտպանությունը պետք է ունենա պաշտպանության այնպիսի աստիճան, որը հնարավորություն կտա դրա իրավատիրոջն իր իրավաչափ ակնկալիքը կյանքի կոչել:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Մհեր Մանուկյանի (գնորդ) և Օֆիկ Գրիգորյանի (վաճառող) միջև 03.02.2014 թվականին կնքվել է «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն բաժնետոմսերը վաճառվել են մեկ բաժնետոմսը 2500 ՀՀ դրամով: Պայմանագրի 1.3 կետի համաձայն` պայմանագրով սահմանված պայմանների հիման վրա Վաճառողը վաճառում և Գնորդի սեփականությանն է փոխանցում Բաժնետոմսերը, իսկ Գնորդը պայմանագրի կնքման պահին փաստացի վճարել և ընդունել է Բաժնետոմսերը որպես սեփականություն:

14.10.2019 թվականին Բանկի հաճախորդ Օֆիկ Գրիգորյանը, 03.02.2014 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որպես վաճառող կողմ և միաժամանակ Բանկի հաճախորդ, հանձնարարական է տվել կատարելու Մհեր Մանուկյանին «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 հատ բաժնետոմսերի փոխանցումը, որին ի պատասխան Բանկը թիվ 90/1028/1 գրությամբ հայտնել է, որ Ձեր կողմից 14.10.2019 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատոր հանդիսացող Բանկին ներկայացված քաղաքացի Մհեր Մանուկյանին «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 հատ բաժնետոմսերի փոխանցման հանձնարարականի կատարումը մերժվել է, քանի որ Ձեր անվամբ գրանցված Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում բացված 7150005523 հաշվում առկա վերոնշյալ արժեթղթերի նկատմամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կիրառված են գործառնությունների կատարման սահմանափակումներ:

Ըստ Բանկի 15.10.2019 թվականի թիվ 90/1029 տեղեկանքի` «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 բաժնետոմսերի նկատմամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից 15.10.2019 թվականի դրությամբ կիրառված են գործառնությունների կատարման սահմանափակումներ, հետևյալ հիմքերով. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2016թ. թիվ ԵԿԴ/0580/04/16 որոշում` դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2017թ. թիվ ԵԿԴ/0053/04/17 որոշում` դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2017թ. թիվ ԵԿԴ/0053/04/17 վճիռ` սնանկ ճանաչելու վերաբերյալ:

Մհեր Մանուկյանը 22.11.2019 թվականին դիմում է ներկայացրել Բանկին` խնդրելով 03.02.2014 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 բաժնետոմսերի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը: 28.11.2019 թվականի թիվ 5634/25 գրությամբ Բանկը տեղեկացրել է, որ ազատ առաքմամբ արժեթղթերի փոխանցման գործառնությունը կատարելու համար արժեթղթերի փոխանցող կողմ հանդիսացող հաշվետերը պետք է դիմի իր հաշիվը սպասարկող հաշվի օպերատորին և ներկայացնի արժեթղթերի փոխանցման հանձնարարական:

Դատարանը հայցը մերժելով պատճառաբանել է, որ ազատ առաքմամբ արժեթղթերի փոխանցման գործառույթը դրված է արժեթղթերի փոխանցող կողմի` Օֆիկ Գրիգորյանի վրա:

Դատարանը նշել է նաև, որ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 196-րդ հոդվածով կարգավորված են սեփականության իրավունքը փոխանցված համարվելու պայմանները, այն է` անվանական արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայում կամ այլ պահառուի մոտ այն գնորդի (կամ նրա անվանատիրոջ) անունով գրանցվելու պահից: Հետևաբար հայցը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և իրավաչափ համարելով Դատարանի հայցը մերժման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգումը, պատճառաբանել է, որ «վաճառողի` պայմանագրի հիման վրա առաջացած պարտականությունն է տվյալ դեպքում հաշվի օպերատորին ներկայացնել համապատասխան հանձնարարական, իսկ պարտատերը, տվյալ դեպքում` գնորդ Մհեր Մանուկյանը իրավունք ունի պարտապան Օֆիկ Գրիգորյանից պահանջել կատարելու իր պարտականությունը, ընդ որում` օրենքով ազատ առաքմամբ արժեթղթերի փոխանցման գործառույթը արժեթղթերի փոխանցող կողմի վրա դրված լինելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես գնորդի սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի խախտում, քանի որ օրենսդիրը սահմանել է նաև պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում պարտատիրոջ իրավունքը` պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, հետևաբար Դատարանի եզրահանգումն այս առումով իրավաչափ է, իսկ բողոքաբերի փաստարկները հիմնավոր չեն: Ավելին, «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» 291-րդ կետի համաձայն` դատարանի վճռի և ժառանգության հիման վրա արժեթղթերի փոխանցումները Համակարգում կատարվում են ազատ առաքմամբ` շահագրգիռ կողմի պահանջով»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Մհեր Մանուկյանի և Օֆիկ Գրիգորյանի միջև 03.02.2014 թվականին կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի 1.3 կետի համաձայն` վաճառողը (Օֆիկ Գրիգորյանը) վաճառել և գնորդի (Մհեր Մանուկյանի) սեփականությանն է փոխանցել բաժնետոմսեր, իսկ գնորդը պայմանագրի կնքման պահին փաստացի վճարել և ընդունել է բաժնետոմսերը` որպես սեփականություն: Նույն պայմանագրի 2.1 կետի համաձայն` գնորդը բաժնետոմսերի վաճառքի գինը պայմանագրի կնքման պահին` 03.02.2014 թվականին, վճարել է վաճառողին, իսկ վաճառողը պայմանագրի կնքմամբ հաստատել է, որ պայմանագրի գինն ամբողջությամբ ստացել է: Ըստ այդմ, պայմանագիրը ստորագրելով` վաճառող Օֆիկ Գրիգորյանն ընդունել է, որ պայմանագրի առարկա հանդիսացած ոչ թղթային բաժնետոմսերը փաստացի փոխանցել է գնորդ Մհեր Մանուկյանին` ստանալով դրա արժեքն ամբողջությամբ, ինչը նշանակում է, որ պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված կանոնակարգումների համաձայն 03.02.2014 թվականից համարվում է կնքված, իսկ գնորդ Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը` 03.02.2014 թվականից ծագած:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 03.02.2014 թվականի պայմանագրի կնքմամբ բաժնետոմսերի նկատմամբ ծագած Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքի փոխանցումը կատարելու համար ի վերջո վաճառող Օֆիկ Գրիգորյանը ձեռնարկել է համապատասխան քայլեր` հաշվի օպերատորին հասցեագրված 2019 թվականի հոկտեմբերի հանձնարարականով պահանջելով իրականացնել գնորդի ծագած իրավունքների փոխանցման գրանցում, որպիսի դիմումը Բանկին (հաշվի օպերատորը) մերժել է` պատճառաբանելով, որ գրառում չի կարող իրականացվել գործառնությունների կատարման սահմանափակումներ կիրառված լինելու պատճառաբանությամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, անտեսելով գործում առկա ապացույցները, մասնավորապես` Բանկի հաճախորդ Օֆիկ Գրիգորյանին ուղղված վերջինիս կողմից տրված 14.10.2019 թվականի հանձնարարականի պատասխանը, նույն բանկի 15.10.2019 թվականի թիվ 90/1029 տեղեկանքը, կատարել են սխալ եզրահանգումներ` նշելով, թե իբրև Օֆիկ Գրիգորյանը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը` հաշվի օպերատորին հանձնարարական ներկայացնելը պատշաճ չի կատարել:

Ստեղծված իրավիճակում, երբ վաճառող Օֆիկ Գրիգորյանի` գնորդի ծագած իրավունքները փոխանցելուն ուղղված գործողություններն անիրագործելի էին այլ` կողմերի միջև կնքված գործարքին չվերաբերող, այդ գործարքին հաջորդող ժամանակային տիրույթում Օֆիկ Գրիգորյանի ձևավորած պարտավորություններին առնչվող սահմանափակումներով, որպիսիք այլևս անհնարին էին դարձնում վաճառողի պարտականությունների իրականացումը, Մհեր Մանուկյանն ընտրել է իր իրավունքների դատական պաշտպանության միակ եղանակը` սույն գործով ներկայացված հայցով պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 հատ սովորական բաժնետոմսերի նկատմամբ, պարտավորեցնել Բանկին կնքված պայմանագիրը գրանցել և դրա հիման վրա իր հաշվին փոխանցել «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 հատ սովորական բաժնետոմս:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկից և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ից համապարտության կարգով հօգուտ Մհեր Մանուկյանի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել` 03.02.2014 թվականին Մհեր Մանուկյանի և Օֆիկ Գրիգորյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա ճանաչել Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 բաժնետոմսերի նկատմամբ, պարտավորեցնել «Արարատբանկ» ԲԲԸ-ին գրանցել 03.02.2014 թվականին Մհեր Մանուկյանի և Օֆիկ Գրիգորյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Մհեր Մանուկյանի հաշվին փոխանցել «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» ԲԲԸ-ի թվով 10.073 սովորական բաժնետոմսերը:

2. «Արարատբանկ» ԲԲԸ-ից և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ից համապարտության կարգով հօգուտ Մհեր Մանուկյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական           Քաղաքացիական գործ

    և  տնտեսական գործերով պալատի որոշում       թիվ ԵԴ/45724/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/45724/02/19       2021 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ն. Գաբրիելյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/45724/02/19 քաղաքացիական գործով 20.05.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

    20 մայիսի, 2022թ.                          ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 20.05.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Մհեր Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.09.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մհեր Մանուկյանի ընդդեմ «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ), «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության, երրորդ անձ Օֆիկ Գրիգորյանի` կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը թվով 10.073 հատ սովորական բաժնետոմսերի նկատմամբ ճանաչելու, Բանկին կնքված պայմանագիրը գրանցել պարտավորեցնելու և դրա հիման վրա Հայցվորի հաշվին թվով 10.073 հատ սովորական բաժնետոմս փոխանցելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Վերաքննիչ դատարանի 30.09.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել` 03.02.2014 թվականին Մհեր Մանուկյանի և Օֆիկ Գրիգորյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա ճանաչել Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը «ԻՆՏԵՐԱՎՏՈՍԵՐՎԻՍ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` Ընկերության) թվով 10.073 բաժնետոմսերի նկատմամբ, պարտավորեցնել Բանկին գրանցել 03.02.2014 թվականին Մհեր Մանուկյանի և Օֆիկ Գրիգորյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Մհեր Մանուկյանի հաշվին փոխանցել Ընկերությանը թվով 10.073 սովորական բաժնետոմսերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Արսեն Մկրտչյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով 20.05.2022 թվականի որոշման (այսուհետ` Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է` բաժնետոմսի իրացման դեպքում գնորդի սեփականության իրավունքը պայմանագրի կնքման պահին ծագելու, իսկ դրանից ծագած գնորդի սեփականության իրավունքը համապատասխան գրառման միջոցով գնորդին փոխանցվելու դեպքում նրա կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով վերապահված գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներն իրացման ենթակա լինելու, կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված` վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

i

Որոշմամբ հարկ համարելով անդրադառնալ «բաժնետոմսի իրացման դեպքում գնորդի սեփականության իրավունքի ծագման և դրանից հետո գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների իրացման առանձնահատկություններին», Վճռաբեկ դատարանը պարզապես վկայակոչել է «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներից հատվածներ, ապա Սահմանադրական դատարանի մի քանի որոշումներ: Որոշմամբ փաստացի չի տրվել դրանում բարձրացված իրավական հարցադրման պատասխանն ու ըստ էության անդրադարձ չի կատարվել ոչ փաստաթղթային անվանական բաժնետոմսը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներն իրացնելու առանձնահատկություններին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «պայմանագիրը ստորագրելով` վաճառող Օֆիկ Գրիգորյանն ընդունել է, որ պայմանագրի առարկա հանդիսացած ոչ թղթային բաժնետոմսերը փաստացի փոխանցել է գնորդ Մհեր Մանուկյանին` ստանալով դրա արժեքն ամբողջությամբ, ինչը նշանակում է, որ պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված կանոնակարգումների համաձայն 03.02.2014 թվականից համարվում է կնքված, իսկ գնորդ Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը` 03.02.2014 թվականից ծագած: (...) 03.02.2014 թվականի պայմանագրի կնքմամբ բաժնետոմսերի նկատմամբ ծագած Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքի փոխանցումը կատարելու համար ի վերջո վաճառող Օֆիկ Գրիգորյանը ձեռնարկել է համապատասխան քայլեր` հաշվի օպերատորին հասցեագրված 2019 թվականի հոկտեմբերի հանձնարարականով պահանջելով իրականացնել գնորդի ծագած իրավունքների փոխանցման գրանցում, որպիսի դիմումը Բանկին (հաշվի օպերատորը) մերժել է` (...)»:

Ստացվում է` Վճռաբեկ դատարանը Որոշմամբ չի պատասխանել իր բարձրացրած իրավական հարցադրմանը, իսկ այս գործի փաստերը գնահատել է ոչ թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի` իր կողմից վկայակոչված իրավական դիրքորոշումների և մասնավորապես «իրավաչափ ակնկալիքի» լույսի ներքո, այլ ոչ թղթային բաժնետոմսերը Օֆիկ Գրիգորյանի կողմից գնորդ Մհեր Մանուկյանին փաստացի փոխանցվելու և համապատասխան քայլեր ձեռնարկված լինելու փաստերի վկայակոչմամբ` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված կանոնակարգումները: Այսպես.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի հաստատած կանոնադրությունն է: Իսկ 3-րդ կետի համաձայն` կանոնադրության փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նման գրանցում կատարող պետական մարմնին այդ փոփոխությունների մասին տեղեկացնելու պահից: Սակայն իրավաբանական անձինք և նրանց հիմնադիրները (մասնակիցները) նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

i

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կանոնադրության մեջ կատարված լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով: Իսկ 2-րդ մասի համաձայն` կանոնադրության մեջ կատարված լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից:

i

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն` իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում, ի թիվս այլ տեղեկությունների, գրառվում են հետևյալ տեղեկությունները` մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (...), մասնակիցների` իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության և մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը:

i

Օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` փոփոխությունները համարվում են կատարված դրանք գրանցամատյանում գրառելու պահից:

i

Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվելուց հետո Ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` սույն օրենքի VI գլխի դրույթներին համապատասխան, ընդ որում` ընկերության կողմից փաստաթղթային ձևով բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու դեպքում բաժնետոմս ձեռք բերած անձին (բաժնետիրոջը) պետք է տրվի դրա հավաստագիրը:

i

Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի` ընկերություններին արգելվում է անձամբ վարել իրենց թողարկած բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը, և դրանց ռեեստրի վարումը նրանց կողմից պետք է հանձնվի «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իրենց հետ փոխկապակցված անձ չհամարվող մասնագիտացված կազմակերպությանը, որն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: Ռեեստրում նշվում են յուրաքանչյուր գրանցված անձի (բաժնետիրոջ, անվանատիրոջ) մասին տեղեկություններ, ինչպես նաև գրառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները:

Վերոշարադրյալ իրավանորմերից հետևում է, որ ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասն այլ մասնակցի կամ երրորդ անձի օտարելու դեպքում բաժնեմասը ձեռք բերողի համար մասնակցության իրավունքը ծագած է համարվում պետական գրանցման պահից: Ընդ որում, մասնակցի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` բաժնեմասի չափը պետք է գրանցվի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում, և փոփոխությունը պետք է արտացոլվի ընկերության կանոնադրությունում: Ավելին` օրենսդրությամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են բաժնեմասի օտարումից ծագող փոփոխությունների գրանցման համար:

Ընկերության, ընկերության մասնակիցների, ընկերության կանոնադրության (նաև փոփոխությունների) գրանցումն ինքնանպատակ չէ: Բացի նրանից, որ պետական գրանցումը հնարավորություն է տալիս միասնական ամբողջական տեղեկատվություն հավաքել պետության տարածքում գործող իրավաբանական անձանց մասին, այն նաև հնարավորություն է տալիս հանրությանը ամբողջական տեղեկություններ ստանալ իրավաբանական անձանց մասին: Դա հատկապես կարևորվում է առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, այդ թվում` ընկերությունների համար, քանի որ վերջիններիս ապագա հնարավոր կոնտրագենտները հնարավորություն են ունենում տեղեկություններ ձեռք բերել իրենց ապագա գործընկերների մասին` բացահայտելով վերջիններիս գործունեության նպատակները, կառավարման մարմինների արդյունավետությունը, մասնակիցների շրջանակը, ինչը ոչ պակաս կարևոր է, քանի որ մասնակիցների շրջանակով պայմանավորված` ապագա կոնտրագենտները կարող են հրաժարվել տվյալ իրավաբանական անձի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելուց: Հետևաբար, անկախ ընկերության մասնակիցների կամ հնարավոր մասնակիցների ներքին հարաբերություններից և ներքին պայմանավորվածությունից` բաժնեմասը ձեռք բերող անձի իրավունքը ծագում է միայն ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու, ընկերության կանոնադրությունում փոփոխություն կատարելու և այն գրանցելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արժեթղթերի թվին են դասվում` պարտատոմսը, (...):

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 196-րդ հոդվածի համաձայն` անվանական արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է համարվում այն պահից, երբ Կենտրոնական դեպոզիտարիայում կամ այլ պահառուի մոտ այն գրանցվում է գնորդի (կամ նրա անվանատիրոջ) անունով:

Կենտրոնական դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության» կանոնների (19.02.2021 թվականի նոր խմբագրությամբ) 293-րդ կետի համաձայն` ազատ առաքմամբ արժեթղթերի փոխանցման գործառնությունը կատարելու համար արժեթղթերի փոխանցող կողմ հանդիսացող Հաշվետերը (բացառությամբ Համակարգի ուղղակի մասնակցի, որը հանձնարարականը ներկայացնում է ուղղակիորեն Կենտրոնական դեպոզիտարիային) պետք է դիմի իր հաշիվը սպասարկող Հաշվի Օպերատորին:

Նշված նորմերից բխում է, որ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր կնքելու դեպքում վաճառողը ստանձնում է դրանք գնորդին փոխանցելու պարտականություն, որն իրականացվում է իր հաշիվը սպասարկող հաշվի օպերատորին համապատասխան հանձնարարականն ուղղակիորեն ներկայացնելու միջոցով: Վաճառողի կողմից նշված գործողությունը կատարելու և Կենտրոնական դեպոզիտարիայում կամ այլ պահառուի մոտ գնորդի (նոր անվանատիրոջ) անունով գրանցում կատարելու պահից է համապատասխան արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում գնորդին փոխանցված, իսկ այդ իրավունքը` ծագած: Այսինքն` արժեթղթերի փոխանցման հանձնարարականը վաճառողի կողմից իր հաշիվը սպասարկող հաշվի օպերատորին ներկայացնելը հանդիսանում է տվյալ տեսակի գույքի` որպես ոչ փաստաթղթային անվանական բաժնետոմսի, հանձնման եղանակը:

Ավելին` վաճառողի կողմից նշված պարտականությունը չկատարելու և այդ հիմքով գնորդի սեփականության իրավունքի ծագմանը խոչընդոտներ հարուցելու դեպքերում նախատեսված է վաճառողին բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը կատարելուն հարկադրելու ընթացակարգ: Մասնավորապես` ըստ «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» (19.02.2021 թվականի նոր խմբագրությամբ) 291-րդ կետի` դատարանի վճռի և ժառանգության հիման վրա արժեթղթերի փոխանցումները Համակարգում կատարվում են ազատ առաքմամբ` շահագրգիռ կողմի պահանջով:

Տվյալ դեպքում Մհեր Մանուկյանի և Օֆիկ Գրիգորյանի միջև 03.02.2014 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով` Ընկերության բաժնետեր Օֆիկ Գրիգորյանը Մհեր Մանուկյանին է օտարել Ընկերության թվով 10.073 հատ ընդհանուր հասարակ սովորական բաժնետոմսերը, սակայն առուվաճառքից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել: Նման պայմաններում պարզ է, որ Ընկերության թվով 10.073 բաժնետոմսերի սեփականատերը շարունակել է մնալ Օֆիկ Գրիգորյանը, քանի որ նշված պայմանագրի հիմքով` օրենքով սահմանված կարգով, բաժնետոմսերի նկատմամբ Օֆիկ Գրիգորյանի սեփականության իրավունքի փոխանցում գնորդ Մհեր Մանուկյանին տեղի չի ունեցել: Ուստի նշված բաժնետոմսերի նկատմամբ Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը չի ծագել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, թե Մհեր Մանուկյանի և Օֆիկ Գրիգորյանի միջև կնքված բաժնետոմսերի առուվաճառքի «պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված կանոնակարգումների համաձայն 03.02.2014 թվականից համարվում է կնքված, իսկ գնորդ Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը` 03.02.2014 թվականից ծագած»:

Վերոշարադրյալ իրավական նորմերն ու դրանց վերաբերյալ վերլուծությունները հիմք են տալիս պնդելու, որ օրենսդիրն արժեթղթերն օտարելու դեպքում դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և ծագման պահը պայմանավորել է դրանց գրանցման պահով, և այս դեպքում համապատասխան գրանցում չիրականացնելն արդեն բավարար է արձանագրելու Մհեր Մանուկյանին Ընկերության թվով 10.073 բաժնետոմսերի նկատմամբ Օֆիկ Գրիգորյանի սեփականության իրավունքը փոխանցված չլինելու, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքը ծագած չլինելու փաստերը:

Ուստի գտնում ենք, որ քանի դեռ Ընկերության թվով 10.073 բաժնետոմսերի նկատմամբ Օֆիկ Գրիգորյանի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով Մհեր Մանուկյանին չի փոխանցվել և նրա անունով գրանցվելու փաստի ուժով դրանց նկատմամբ Մհեր Մանուկյանի սեփականության իրավունքը չի ծագել, վերջինս չի կարող ակնկալել պետության կողմից կոնկրետ այդ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պաշտպանություն:

i

Շարադրված պատճառաբանություններով կարծում ենք, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ պետք է մերժեր Մհեր Մանուկյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի 30.09.2021 թվականի որոշումը:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի գերակայության ապահովման արդյունքում հարցերի գնահատումը չի կարող իրականացվել իրավունքի գերակայության բաղադրատարր հանդիսացող օրինականության սկզբունքն անտեսելու միջոցով:

 

Դատավորներ Ա. Մկրտչյան

Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 20 մայիսի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.05.2022
N ԵԴ/45724/02/19
Որոշում