Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/4308/05/20

    դատարանի որոշում                       2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4308/05/20

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 8-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արտեմ Ղարիբյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի, երրորդ անձ «Կամսար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը վերացնելու (անվավեր ճանաչելու) և որպես հետևանք` Հրազդանի համայնքապետարանի կողմից 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արտեմ Ղարիբյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Հրազդանի համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականին տրված թիվ 13 շինարարության թույլտվությունը և որպես հետևանք անվավեր ճանաչել Հրազդանի համայնքապետարանի կողմից 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունը:

22.10.2020 թվականին Արտեմ Ղարիբյանը ներկայացրել է միջնորդություն` վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 27.10.2020 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.01.2021 թվականի որոշմամբ Արտեմ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 27.10.2020 թվականի որոշումը վերացվել է, կայացվել է նոր դատական ակտ, այն է` Արտեմ Ղարիբյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, կասեցվել է Հրազդան համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականին տրված թիվ 13 և 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունների կատարումը` մինչև նույն գործով վերջնական դատական ակտ կայացվելը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ միջնորդությունը հիմնավոր է, քանի որ հայցվորի կողմից հայցադիմումի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ շինարարությունն իրականացվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում: Այսինքն, Վերաքննիչ դատարանը միայն հայցադիմումի հիմքում դրված հանգամանքը բավարար է համարել, որպեսզի փաստի, որ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի:

Վերաքննիչ դատարանը վարչական ակտը դիտարկել է որպես կատարվող, այնինչ նույն վարչական ակտը չի կատարվում հայցվորի իրավունքներին առնչվող մասով, քանի որ կիրառված է հայցի ապահովում:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե ինչպես կարող է չկատարվող վարչական ակտը վնաս պատճառել հայցվորին, քանի որ վիճարկվող տարածքում որևէ շինարարական աշխատանք չի իրականացվում: Դատարանն իր որոշմամբ իրավացիորեն արձանագրել է, որ թիվ ԿԴ/2565/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2020 թվականի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իսկ վերջինիս պահանջն անվերապահորեն կատարվում է Ընկերության կողմից: Բացի այդ, գործում առկա է ապացույց` 06.10.2020 թվականին ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հայկ Բաբաջանյանի կողմից կայացված որոշումը «Կատարողական վարույթն ավարտելու մասին», համաձայն որի վերջինս փաստում է, որ ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն պարագայում հնարավոր չէ վնաս պատճառել և անհնարին դարձնել հայցվորի իրավունքների պաշտպանությունը, քանի որ սույն գործով նման հանգամանքի ապացուցման դեպքում Ընկերությունը պարտավորվելու է քանդել կառուցված շինությունը: Եթե հաստատվի, որ վիճարկվող տարածքը սեփականության իրավունքով պատկանում է հայցվորին, ապա երրորդ անձն է պարտավորվելու իր սեփական միջոցներով նախկին տեսքի բերել կառուցապատված տարածքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցվորն առանց որևէ հիմնավորման և ապացույցի ցանկանում է կասեցնել երրորդ անձի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով, որը ներկայումս ընդգրկում է 2012,72 քմ մակերես:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը շինարարություն չի իրականացնում վիճելի տարածքում կիրառված հայցի ապահովման շրջանակներում, որը լիովին ապահովում է հայցվորի իրավունքների պաշտպանությունը:

Վերաքննիչ դատարանն անմիջականորեն չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ինչպես նաև դատական ակտի մեջ պատճառաբանված չէ այն համոզմունքի ձևավորումը, որ վարչական ակտի կատարումը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի` օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան` ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ` այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է` մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ: Մասնավորապես, վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ վիճարկելու դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 5-րդ կետի հիմքով չի գործում: Միևնույն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության առկայության պարագայում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն` (...) ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը: Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե`

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են: Այսինքն` դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած: Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես` «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի առկայությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այդ ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը` հայտնել է հետևյալը.

Այսպես, Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «հիմնավոր» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «ամուր հիմք ունեցող», իսկ «կասկած» բառի բացատրությունը` որպես «երկմտության վիճակ, տարակուսանք» (տե՛ս Հ. Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, էջ 61, 351):

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվում: Այսինքն` «հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած` «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով: Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք հստակ փաստի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող նորմի իմաստով «հիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ` գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան հիմնավոր կասկածի հիման վրա գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

i

Նման պայմաններում հարց է առաջանում, թե, ի վերջո, կասկածի ողջամտության ինչ աստիճան պետք է հիմք ընդունի դատարանը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի` սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն` պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս, Սոֆիա Խաչատրյանի և Սիրվարդ Խաչատրյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, ըստ որի` վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար` օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը: Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը` տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով` եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Օրենսդրորեն ամրագրված հիմքերից մեկն էլ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտի վիճարկման դեպքն է:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանելու օրենսդրի նպատակն է եղել, որպեսզի իրավունքների պաշտպանության անհնարինության հանգամանքը գնահատելիս դատարանները նկատի ունենան, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը պետք է անմիջականորեն անհնարին դարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե որոշակի սահմանափակումներ կամ խոչընդոտներ առաջացնի:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Մասնավորապես, տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Արտեմ Ղարիբյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) Հրազդանի համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականին տրված թիվ 13 շինարարության թույլտվությունը և որպես հետևանք անվավեր ճանաչել Հրազդանի համայնքապետարանի կողմից 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունը: Նշված պահանջը հիմնավորել է այն հիմքով, որ նշված շինարարության թույլտվությամբ ուղղակիորեն խախտվում է հայցվորի սեփականության իրավունքը, քանի որ շինարարությունն իրականացվում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (հավելված, գ.թ. 2-3):

Դատարանի 24.07.2020 թվականի որոշմամբ Արտեմ Ղարիբյանի միջնորդությունը` հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված, գ.թ. 24-25):

Արտեմ Ղարիբյանը 22.10.2020 թվականին Դատարան է ներկայացրել վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդություն` պահանջելով կասեցնել Հրազդանի համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականին տրված թիվ 13 և 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունները (հավելված, գ.թ. 48-49):

Միջնորդությանը կից Արտեմ Ղարիբյանը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2020 թվականի թիվ ԿԴ/2565/02/20 որոշումը, համաձայն որի` Արտեմ Ղարիբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է: ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/2565/02/20 քաղաքացիական գործով «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 17.07.2020 թվականի որոշումը վերացվել է: Կիրառվել է հայցի ապահովման միջոց և արգելվել է Ընկերությանը և այլ անձանց իրականացնելու շինարարական աշխատանքներ` քաղաք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս թիվ 42/1, 42/2 հասցեներում գտնվող և Արտեմ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի` ԱՁ Տիգրան Փոթիկյանի կողմից տրված գեոդեզիական հանույթում նշված 27.28 քմ մակերեսով հատվածում (հավելված, գ.թ. 50-53):

Դատարանը 27.10.2020 թվականի որոշմամբ Արտեմ Ղարիբյանի միջնորդությունը` Հրազդանի համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականին տրված թիվ 13 և 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունները կասեցնելու մասին, մերժել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը միջնորդությամբ չի հիմնավորել այն հանգամանքը, որ սույն վարչական գործով վիճարկվող 07.05.2018 թվականի թիվ 13 և 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարական թույլտվությունների կատարումը կարող է զգալի վնաս պատճառել Արտեմ Ղարիբյանին կամ անհնարին դարձնել նրա իրավունքների պաշտպանությունը: Ավելին Դատարանն արձանագրել է, որ ըստ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերի` թիվ ԿԴ/2565/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2020 թվականի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց և արգելվել է Ընկերությանը և այլ անձանց իրականացնելու շինարարական աշխատանքներ` քաղաք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 42/1, 42/2 հասցեներում գտնվող և Արտեմ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի` ԱՁ Տիգրան Փոթիկյանի կողմից տրված գեոդեզիական հանույթում նշված 27.28 քմ մակերեսով հատվածում (հավելված, գ.թ. 56-57):

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արտեմ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը, եզրակացրել է, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է, քանի որ հայցվորի կողմից հայցադիմումի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ շինարարությունն իրականացվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարել նշել, որ եթե գործի քննության ընթացքում պարզվի, որ շինարարական աշխատանքները տարվում են հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, ապա տվյալ դեպքում, հայցվորին կարող է զգալի վնաս պատճառվել և անհնարին դառնալ նրա իրավունքների պաշտպանությունը:

Վերը նշվածի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը գտել է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ վարչական ակտի կատարումը` կասեցման (հավելված, գ.թ. 115-127):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ սույն գործով վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությանը կից Արտեմ Ղարիբյանը ներկայացրել է նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2020 թվականի թիվ ԿԴ/2565/02/20 որոշումը, ըստ որի կիրառվել է հայցի ապահովման միջոց և արգելվել է Ընկերությանը և այլ անձանց իրականացնելու շինարարական աշխատանքներ` քաղաք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 42/1, 42/2 հասցեներում գտնվող և Արտեմ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի` ԱՁ Տիգրան Փոթիկյանի կողմից տրված գեոդեզիական հանույթում նշված 27.28 քմ մակերեսով հատվածում: Նշվածը հիմք է տալիս եզրակացնել, որ կիրառված հայցի ապահովման միջոցով պայմանավորված Ընկերության կողմից քաղաք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 42/1, 42/2 հասցեներում գտնվող և ԱՁ Տիգրան Փոթիկյանի կողմից տրված գեոդեզիական հանույթում նշված 27.28 քմ մակերեսով հատվածում չեն կարող իրականացվել շինարարական աշխատանքներ: Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցվոր Արտեմ Ղարիբյանը չի ներկայացրել ոչ մի փաստ, տեղեկություն, որով հնարավոր է բացահայտել հայցվորի իրավունքները խախտվելու հիմնավոր կասկած, ըստ որի` վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արտեմ Ղարիբյանը վարչական ակտը կասեցնելու միջնորդությունը բավարարելով և Ընկերությանն արգելելով շինարարական աշխատանքներ կատարել ոչ միայն Արտեմ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող 27.8 քմ մակերեսով հողահատվածի, այլ նաև Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, դրանով իսկ անհարկի սահմանափակում է սեփական գույքից անարգել օգտվելու Ընկերության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի իրացման անհնարինություն հանդիսանալ, քանի որ օրենսդիրը սահմանել է այն կանխավարկածը, որ վարչական ակտը պետք է կատարվի, և որոշ բավարար հիմնավորումների և ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը: Իսկ տվյալ գործով հայցադիմումի բավարարման պարագայում Արտեմ Ղարիբյանը չի զրկվում իր իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից:

Միաժամանակ իրավունքների պաշտպանության անհնարինության հանգամանքը գնահատելիս հարկ է նկատի ունենալ, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը պետք է անմիջականորեն անհնարին դարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը և ոչ թե որոշակի սահմանափակումներ կամ խոչընդոտներ առաջացնի: Ցանկացած այլ դեպքում, երբ վարչական ակտերի կատարումը որոշակի սահմանափակումներ է առաջացնում կամ առերևույթ խոչընդոտում է հայցվորի կոնկրետ իրավունքների պաշտպանությանը, ապա նման ակտը չպետք է կասեցվի, իսկ հայցվորի խախտված իրավունքը կվերականգնվի վերջնական դատական ակտով:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից վկայակոչված փաստարկներն ու ապացույցները բավարար չեն եզրահանգելու, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն, կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը, ուստի Արտեմ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

08.04.2022 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/4308/05/20 վարչական գործով 08.04.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 08.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արտեմ Ղարիբյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի, երրորդ անձ «Կամսար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Հրազդանի համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը վերացնելու (անվավեր ճանաչելու) և որպես հետևանք` Հրազդանի համայնքապետարանի կողմից 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

Սույն գործի փաստերի համաձայն` Արտեմ Ղարիբյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) Հրազդանի համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականին տրված թիվ 13 շինարարության թույլտվությունը և որպես հետևանք անվավեր ճանաչել Հրազդանի համայնքապետարանի կողմից 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունը: Նշված պահանջը հայցվորը հիմնավորել է այն հիմքով, որ վկայակոչված շինարարության թույլտվություններով ուղղակիորեն խախտվում է իր սեփականության իրավունքը, քանի որ շինարարությունն իրականացվում է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում (հավելված, գ.թ. 2-3):

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 24.07.2020 թվականի որոշմամբ Արտեմ Ղարիբյանի միջնորդությունը` հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված, գ.թ. 24-25):

Արտեմ Ղարիբյանը 22.10.2020 թվականին Դատարան է ներկայացրել վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդություն` պահանջելով կասեցնել Հրազդանի համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականին տրված թիվ 13 և 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունները: Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին իր միջնորդությունը Արտեմ Ղարիբյանը պատճառաբանել է նրանով, որ վիճարկվող շինթույլտվության առկայության պայմաններում շինարարությունն իրականացվում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում և հողամասի սահմաններին կից, հայտնել է, որ առկա է կասկած առ այն, որ շինարարության կատարումը զգալի վնաս կհասցնի հայցվորին ընդհուպ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը, քանի որ նման պայմաններում հայցվորը հնարավորություն չունի իրականացնելու իրեն շինթույլտվությամբ թույլատրված շինարարական աշխատանքները, թեև ունի կնքված շինարարական կապալի պայմանագրեր, ինչի արդյունքում կրում է զգալի վնասներ, քանի որ չի կարողանում կատարել շինարարական աշխատանքները, ավելին, հետագայում ստիպված կլինի քանդել իր հողամասում կառուցված շինությունը (հավելված, գ.թ. 48-49):

Դատարանը 27.10.2020 թվականի որոշմամբ Արտեմ Ղարիբյանի միջնորդությունը` Հրազդանի համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականին տրված թիվ 13 և 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունները կասեցնելու մասին, մերժել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը միջնորդությամբ չի հիմնավորել այն հանգամանքը, որ սույն վարչական գործով վիճարկվող 07.05.2018 թվականի թիվ 13 և 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարական թույլտվությունների կատարումը կարող է զգալի վնաս պատճառել Արտեմ Ղարիբյանին կամ անհնարին դարձնել նրա իրավունքների պաշտպանությունը: Ավելին` Դատարանն արձանագրել է, որ ըստ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերի` թիվ ԿԴ/2565/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2020 թվականի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց և արգելվել է Ընկերությանը և այլ անձանց իրականացնելու շինարարական աշխատանքներ` քաղաք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 42/1, 42/2 հասցեներում գտնվող և Արտեմ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի` ԱՁ Տիգրան Փոթիկյանի կողմից տրված գեոդեզիական հանույթում նշված 27.28 քմ մակերեսով հատվածում (հավելված, գ.թ. 56-57):

Վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի որոշմամբ Արտեմ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 27.10.2020 թվականի որոշումը վերացվել է, կայացվել է նոր դատական ակտ, այն է` Արտեմ Ղարիբյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, կասեցվել է Հրազդան համայնքապետարանի կողմից 07.05.2018 թվականին տրված թիվ 13 և 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունների կատարումը` մինչև նույն գործով վերջնական դատական ակտ կայացվելը:

Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը.

«(...) անձի կողմից Դատարան վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և իրավունքների այնպիսի հայեցակարգ, ըստ որի` վիճարկման հայցատեսակով ներկայացված հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը: Միևնույն ժամանակ, օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից նախատեսել է բացառություններ, ի թիվս այլնի, այն դեպքերի համար, երբ վիճարկվում է վարչական ակտ, որը բարենպաստ է վարչական ակտի հասցեատիրոջ համար և միջամտող այն վիճարկող անձի համար: Ամրագրված բացառության առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը ևս կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը` տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով`

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի,

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

(...) ներկայացված միջնորդությունը հիմնավոր է, քանի որ հայցվորի կողմից հայցադիմումի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ շինարարությունն իրականացվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում: (...) եթե գործի քննության ընթացքում պարզվի, որ շինարարական աշխատանքները տարվում են հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, ապա տվյալ դեպքում, հայցվորին կարող է զգալի վնաս պատճառվել և անհնարին դառնալ նրա իրավունքների պաշտպանությունը» (հավելված, գ.թ. 115-127):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

Վճռաբեկ դատարանն իր վերոգրյալ եզրահանգումը հիմնավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի վերաբերյալ իրավական դիրքորոշումներով, այդ թվում նաև նշված իրավանորմի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արված վերլուծություններով, մասնավորապես արձանագրելով, որ

«(...) օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե`

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

(...) վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են: Այսինքն` դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած: Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:

(...) հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես` «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

Հետևաբար, (...) օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի առկայությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այդ ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «(...) հայցվոր Արտեմ Ղարիբյանը չի ներկայացրել ոչ մի փաստ, տեղեկություն, որով հնարավոր է բացահայտել հայցվորի իրավունքները խախտվելու հիմնավոր կասկած, ըստ որի` վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

(...) վարչական ակտը կասեցնելու միջնորդությունը բավարարելով և Ընկերությանն արգելելով շինարարական աշխատանքներ կատարել ոչ միայն Արտեմ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող 27.8 քմ մակերեսով հողահատվածի, այլ նաև Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, դրանով իսկ անհարկի սահմանափակում է սեփական գույքից անարգել օգտվելու Ընկերության իրավունքը:

(...) ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի իրացման անհնարինություն հանդիսանալ, քանի որ օրենսդիրը սահմանել է այն կանխավարկածը, որ վարչական ակտը պետք է կատարվի, և որոշ բավարար հիմնավորումների և ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը: Իսկ տվյալ գործով հայցադիմումի բավարարման պարագայում Արտեմ Ղարիբյանը չի զրկվում իր իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից»:

 

Համակարծիք ենք Վճռաբեկ դատարանի այն վերլուծության հետ, որ վարչական ակտի կատարումը կասեցնելն օրենսդիրը պայմանավորել է հետևյալ երկու պայմաններից որևէ մեկի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկածով.

1) վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի,

2) վարչական ակտի կատարումը անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը:

i

Ավելին` հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ սույն գործով բողոքարկվող որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործված «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» և «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթների բովանդակությանը` Վերաքննիչ դատարանը ևս Վճռաբեկ դատարանի վերլուծությանը համանման վերլուծություն է արել, մասնավորապես արձանագրելով հետևյալը.

«(...) անձի կողմից Դատարան վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և իրավունքների այնպիսի հայեցակարգ, ըստ որի` վիճարկման հայցատեսակով ներկայացված հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը: Միևնույն ժամանակ, օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից նախատեսել է բացառություններ, ի թիվս այլնի, այն դեպքերի համար, երբ վիճարկվում է վարչական ակտ, որը բարենպաստ է վարչական ակտի հասցեատիրոջ համար և միջամտող այն վիճարկող անձի համար: Ամրագրված բացառության առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը ևս կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը` տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով`

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի,

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը»:

Հիմք ընդունելով հենց վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վերաքննիչ դատարանը հանգել է այն հիմնավոր եզրակացության, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է, ուստի այն ենթակա է բավարարման, իսկ վարչական ակտի կատարումը` կասեցման:

i

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, սույն գործով վարչական ակտերի կասեցումը պայմանավորելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին համանման իրավական դիրքորոշումներով և դրանք համադրելով Արտեմ Ղարիբյանի կողմից ներկայացված միջնորդության մեջ պարունակվող փաստարկների հետ, գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է, քանի որ հայցվորի կողմից հայցադիմումի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ շինարարությունն իրականացվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ եթե գործի քննության ընթացքում պարզվի, որ շինարարական աշխատանքները տարվում են հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, ապա տվյալ դեպքում, հայցվորին կարող է զգալի վնաս պատճառվել և անհնարին դառնալ նրա իրավունքների պաշտպանությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անտեսելով իր իսկ կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի վերաբերյալ արված վերլուծությունները, դրանք սույն գործի փաստերի նկատմամբ կիրառել է հակասող մեկնաբանությամբ, քանի որ հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորի միջնորդությունը պարունակել է բավարար հիմնավորումներ այն մասին, որ վիճարկվող շինարարության թույլտվությունները չկասեցնելու հետևանքով վերջինիս կարող է զգալի վնաս պատճառվել, ինչպես նաև անհնարին դարձնել նրա իրավունքների պաշտպանությունը:

Հարկ ենք համարում հատուկ անդրադառնալ Վճռաբեկ դատարանի որոշմամբ նշված այն հանգամանքին, որն ուշադրության արժանացնելու նպատակով համարվել է կարևոր:

Այսպես. արձանագրելով, որ սույն գործով վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությանը կից Արտեմ Ղարիբյանը ներկայացրել է նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2020 թվականի թիվ ԿԴ/2565/02/20 որոշումը, ըստ որի` կիրառվել է հայցի ապահովման միջոց և արգելվել է Ընկերությանը և այլ անձանց իրականացնելու շինարարական աշխատանքներ` քաղաք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 42/1, 42/2 հասցեներում գտնվող և Արտեմ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի` ԱՁ Տիգրան Փոթիկյանի կողմից տրված գեոդեզիական հանույթում նշված 27.28 քմ մակերեսով հատվածում, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ կիրառված հայցի ապահովման միջոցով պայմանավորված Ընկերության կողմից քաղաք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արևմտյան թաղամաս 42/1, 42/2 հասցեներում գտնվող և ԱՁ Տիգրան Փոթիկյանի կողմից տրված գեոդեզիական հանույթում նշված 27.28 քմ մակերեսով հատվածում չեն կարող իրականացվել շինարարական աշխատանքներ` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվոր Արտեմ Ղարիբյանը չի ներկայացրել ոչ մի փաստ, տեղեկություն, որով հնարավոր է բացահայտել հայցվորի իրավունքները խախտվելու հիմնավոր կասկած, ըստ որի` վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

i

Այսինքն` Վճռաբեկ դատարանը սույն գործով վիճարկվող վարչական ակտերը կասեցնելու անհրաժեշտության բացակայությունը պայմանավորել է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների առկայությամբ, այլ մեկ այլ, տվյալ դեպքում քաղաքացիադատավարական կարգով քննվող թիվ ԿԴ/2565/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում հայցի ապահովման միջոց կիրառված լինելու հանգամանքով` հաշվի չառնելով, որ կիրառված հայցի ապահովման միջոցը ոչ միայն գործի քննության ընթացքում, այլ նաև գործի ավարտով պայմանավորված կարող է վերացվել:

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը ոչ միայն չի բխում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, այլ նաև այդ ինստիտուտի հետագա կիրառման հարցի լուծման համար սահմանում է նոր, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով չնախատեսված հիմք` այլ գործով հայցի ապահովում կիրառված լինելը դիտարկելով վիճարկվող վարչական ակտի կասեցման միջնորդությունը մերժելու հիմք, ինչը համարում ենք անթույլատրելի:

Սույն գործով անվիճելի փաստ է (ինչը չի հերքել նաև Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ), որ վիճարկվող շինարարության թույլտվություններով շինարարությունն իրականացվում է նաև հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում և հողամասի սահմաններին կից:

Գտնում ենք, որ հայցվորի կողմից ներկայացված վերոգրյալ փաստարկն ամբողջությամբ բավարար է հիմնավոր կասկած ձևավորելու համար առ այն, որ շինարարության կատարումը զգալի վնաս կհասցնի հայցվորին, ընդհուպ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը, քանի որ հայցվորի սեփականությունը փաստացի կծանրաբեռնվի այլ անձին պատկանող կառույցով, թեկուզ և մասնակի, որպիսի պայմաններում հայցվորը, ըստ էության, կզրկվի այդ կառույցով ծանրաբեռնված հատվածով հողատարածքի նկատմամբ իր սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից: Ավելին` առաջ կգա նաև սեփականության իրավունքով հայցվորին պատկանող հողատարածքի վրա տեղակայված մասով Ընկերության կառույցը քանդելու անհրաժեշտություն: Բացի այդ, վիճարկվող շինարարության թույլտվությունները չկասեցվելու և ըստ այդմ շինարարությունը շարունակվելու և ավարտին հասցվելու պարագայում ամբողջությամբ կիմաստազրկվի սույն գործի հետագա քննությունը, քանի որ դրա լուծումն այլևս նշանակություն չի ունենա հայցվորի համար, ինչն ինքնին բավարար է հիմնավոր կասկած ձևավորելու նաև առ այն, որ վիճարկվող շինարարության թույլտվությունները չկասեցնելն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը:

i

Փաստորեն Վճռաբեկ դատարանի որոշումը նպաստում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի հատվածի վրա Ընկերության կողմից իրականացվող շինարարությունն ավարտին հասցնելուն, ինչն ուղղակիորեն հակասում է ոչ միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջներին, այլ նաև խախտում է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ հոդվածներով երաշխավորված հայցվորի սեփականության, ինչպես նաև 61-րդ հոդվածով երաշխավորված հայցվորի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում ամբողջությամբ պատճառաբանել և հիմնավորել է սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվությունները կասեցնելու հայցվորի միջնորդության հիմնավոր, ուստիև բավարարման ենթակա լինելու և ըստ այդմ նաև «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» Դատարանի 27.10.2020թ. որոշումը վերացման ենթակա լինելու իր եզրահանգումը, իսկ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար, ուստի նման պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

                      Դատավոր           Դատավոր

                      Ռ. Հակոբյան       Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 ապրիլի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809946882

 

Միասնական կայք` 13.06.22-26.06.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.04.2022
N ՎԴ/4308/05/20
Որոշում