Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/11707/05/17

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11707/05/17

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մայիսի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մկրտիչ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մկրտիչ Դավթյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մկրտիչ Դավթյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2018 թվականի որոշմամբ Մկրտիչ Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.05.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մկրտիչ Դավթյանը (ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, 11-րդ արձանագրության 13-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ, 22-րդ, 23-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 279-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 23-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 20-րդ, 30-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ, 40-րդ, 43-րդ, 53-55-րդ, 57-րդ, 63-րդ, 69-րդ, 70-րդ, 78-րդ, 82-րդ, 83-րդ, 84-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 154-րդ, 279-րդ, 281-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 57-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել բոլոր ապացույցների հետազոտություն, չի գնահատել դրանք, չի իրականացրել արդյունավետ քննություն, առավել ևս ի պաշտոնե չի պարզել գործի փաստական հանգամանքները:

Բացի այդ, իրավախախտումը ծանրացնող հանգամանք առկա չի եղել, իսկ մեղմացնող հանգամանքները Քաղաքապետարանը քննարկման առարկա չի դարձրել: Վերաքննիչ դատարանը ևս անտեսել է վերոնշված հանգամանքները և որոշման մեջ կատարել է ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող եզրահանգումներ:

Հարուցված վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրվել են բացառապես թիվ 026441 արձանագրությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և իրավախախտման լուսանկարը, իսկ հայցվորի օգտին առկա մեղմացնող հանգամանքներն առհասարակ քննարկման առարկա չեն դարձել: Ավելին, անհրաժեշտ է դիտարկել, որ հայցվորը վարչական վարույթի ընթացքում նախքան վարույթով նիստ տեղի ունենալը Քաղաքապետարանին ուղղված դիմում է հասցեագրել, որով հայտնել է իրավախախտում որակված գործողությունները վերացնելու մասին, սակայն Քաղաքապետարանը վարույթի ընթացքում ո՛չ հայցվորի հիշյալ դիմումն է քննարկման առարկա դարձրել, ո՛չ էլ հայցվորի բացատրությունները, իսկ միայն հետազոտված նյութերն առանց հայցվորի օգտին առկա մեղմացնող հանգամանքներն ամբողջականության մեջ քննարկման առարկա դարձնելու Քաղաքապետարանին վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացնելու բավարար հիմք չէին կարող տալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ օրենսդրության հրամայականը ոչ թե վարչական իրավախախտում կատարած անձին առաջնահերթ ամենախիստ հարկադրանքի և պատժի ենթարկելն է, այլ նախքան վարչական տույժերից տուգանքի կիրառումն իրավախախտումը կանխելն է, իրավախախտման հետևանքները նախքան հարկադրանքի միջոց կիրառելն այն կատարած անձին կամավոր վերացնելու հնարավորություն ընձեռելն է, հարկադրանքի միջոցների կիրառման մասին պարտավոր անձին նախազգուշացնելն է, իսկ երբ վարչական մարմնի կողմից նշված հնարավորությունների ընձեռման արդյունքում իրավախախտում կատարած անձը չի օգտվում իրեն ընձեռված հնարավորություններից, ապա վարչական մարմնի կողմից հարկադրանքի միջոց հանդիսացող տույժերից տուգանքի կիրառումը ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ արդարացված է համարվում:

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն կարևոր հանգամանքը, որ հայցվորը կամավոր քայլեր է ձեռնարկել այդպես կոչված իրավախախտում կատարած գործողությունները վերացնելուն ուղղված: Վարչական վարույթի ընթացքում հայցվորը տեղեկացրել է իրավախախտում հանդիսացող գործողությունները կամավոր վերացնելու մասին, եթե Քաղաքապետարանը հայցվորի իրավախախտումը վերացնելուն ուղղված գործողությունները բավարար չի դիտարկել, ապա վարչարարության տրամաբանությունից և հիմնախնդրից ելնելով, վերջինս պարտավոր էր մատնացույց անել և սահմանել այն գործողությունների ծավալը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի «Վարույթի մասնակիցներին օգնություն ցուցաբերելը», որի ամբողջականության մեջ իրավախախտման գործողությունները կհամարվեին վերացված:

Պատասխանողն իրականացված վարչական վարույթի ընթացքում չի պահպանվել ՀՀ օրենսդրության պահանջները, անտեսել է վարչարարության սկզբունքներն ու իրական հրամայականը, գործել է բացառապես կամայականությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 07.09.1017 թվականին հայտնաբերված իրավախախտման փաստի առթիվ կազմված թիվ 026441 արձանագրության համաձայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի թիվ 22/17 հասցեում սեփականատեր Մկրտիչ Դավթյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է մետաղական կոնստրուկցիաներով շինության (30 քմ) կառուցման շինարարական աշխատանքներ (գ.թ. 10):

2) 20.09.2017 թվականի թիվ Վ35/2 որոշմամբ Մկրտիչ Դավթյանը վարչական պատասխանատվության` 200.000 ՀՀ դրամ տուգանքի է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար: Վարչական վարույթի համար հիմք է հանդիսացել 07.09.2017 թվականին կազմված թիվ 026441 արձանագրությունը (գ.թ. 8):

3) Մկրտիչ Դավթյանի կողմից 19.09.2017 թվականին` մինչև վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացումը, դիմում է ներկայացվել վարչական վարույթ իրականացնող մարմնին, հայտնելով, որ իր կողմից ապամոնտաժվել են տեղակայված մետաղական խողովակները և խնդրել է որպես վարչական պատասխանատվության միջոց տուգանքը չկիրառել (գ.թ. 9):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վարչական վարույթ իրականացնող մարմնի կողմից կայացրած որոշումը կարո՞ղ է արդյոք համարվել իրավաչափ, եթե վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտում չի արտացոլել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում (...) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն` եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` (...) տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում` մեղավորի անկեղծ զղջումը, իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` սույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ) (...):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները. վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը (...):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

i

Դատարանը 02.05.2018 թվականին կայացրած վճռով արձանագրել է, որ տվյալ դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներով, մասնավորապես` Քաղաքապետարանի 07.09.2017 թվականի թիվ 026441 արձանագրությամբ, նույն արձանագրությանը կցված լուսանկարով, հաստատվել է Մկրտիչ Դավթյանի կողմից վարչական իրավախախտում թույլ տալու հանգամանքը, ինչի արդյունքում վարչական մարմինը գործը քննելիս իրավացիորեն եկել է եզրահանգման, որ կատարվել է վարչական իրավախախտում, որը կատարելու մեջ մեղավոր է Մկրտիչ Դավթյանը, որպիսի իրավախախտման համար վարչական պատասխանատվությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով:

Անդրադառնալով հայցվորի այն պնդմանը, որ հայցվորի կողմից արձանագրությամբ արձանագրված խախտումը կամավոր վերացվելու արդյունքում հայցվորն այլևս վարչական պատասխանատվության ենթակա չէր, Դատարանն ընդգծել է, որ Մկրտիչ Դավթյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության ծածկարանի, երկաթբետոնյա հիմքով հարթակի, քարե պատերով փոսորակի կառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար, մինչդեռ գործի քննության ժամանակ հայցվորի կողմից ներկայացված լուսանկարներից հետևում է, որ Մկրտիչ Դավթյանի կողմից արձանագրված խախտումները վերացվել են մասնակիորեն, այն է` կտրվել են միայն ծածկարանի հիմք հանդիսացող խողովակները, այն էլ կիսով չափ, այսինքն` Մկրտիչ Դավթյանի կողմից չեն վերացվել մյուս խախտումները` երկաթբետոնյա հիմքով հարթակը և քարե պատերով փոսորակը:

Ավելին` Դատարանը փաստել է նաև, որ հայցվոր Մկրտիչ Դավթյանի կողմից կատարված սեփականության իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շինություն ինքնակամ կառուցելու իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով որպես վարչական տույժ բացառապես նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այսինքն` այլ վարչական տույժ, այդ թվում նաև նախազգուշացում, նշված իրավախախտման համար սահմանված չէ, ուստի Մկրտիչ Դավթյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 19.09.2017 թվականի դիմումով խնդրարկված` որպես վարչական պատասխանատվության միջոցներից տուգանքը չկիրառելու խնդրանքը, ինչպես նաև սույն հայցի հիմքում դրված նույն դիրքորոշումը, անհիմն են:

Անդրադառնալով հայցվորի այն պնդմանը, որ վիճարկվող որոշումը նշում չի պարունակում այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք պատասխանողին հիմք են տվել ընդունելու որոշումը, չունի պատճառաբանական մաս, Դատարանն արձանագրել է, որ այն անհիմն է, քանի որ վիճարկվող վարչական ակտը համապատասխանում է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշման համար` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պահանջներին:

i

Վերոշարադրյալի արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումն իրավաչափ է, հետևաբար բացակայում են այն անվավեր ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ վիճարկվող որոշումը պարունակում է օրենսդրորեն սահմանված բոլոր էական վավերապայմանները, այդ թվում` գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, ակտի ընդունման հիմնավորումը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, ուստի այս մասով բողոքաբերի փաստարկն անհիմն է: Ինչ վերաբերում է բողոքաբերի վկայակոչած այն փաստարկին, որ արձանագրված խախտումը կամավոր վերացվել է բողոքաբերի կողմից մինչև վիճարկվող վարչական ակտի կայացումը, Վերաքննիչ դատարանը նշել է, որ լուսանկարներից ակնհայտ է, որ տեղադրված մետաղական խողովակները կիսով չափ կտրվել են, սակայն երկաթբետոնյա հիմքով հարթակը չի ապամոնտաժվել, ինչը վկայում է այն մասին, որ ենթադրյալ խախտումը վերացվել է ոչ ամբողջ ծավալով` միայն տեղադրված խողովակների մասով, ուստի առաջին ատյանի դատարանն արդարացիորեն եկել է այն եզրահանգման, որ Մկրտիչ Դավթյանի կողմից չեն վերացվել բոլոր խախտումները, ի մասնավորի, չեն ապամոնտաժվել երկաթբետոնյա հիմքով հարթակը և քարե պատերով փոսորակը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ փաստել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով ստորադաս դատարանների պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:

Սույն գործի փաստերի համաձայն Քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության տարածքային 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Դալլաքյանի կողմից 07.09.2017 թվականին թիվ 026441 արձանագրությունը կազմվել է այն մասին, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի թիվ 22/17 հասցեում, սեփականատեր Մկրտիչ Դավթյանի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է մետաղական կոնստրուկցիաներով շինության (30 քմ) կառուցման շինարարական աշխատանքներ:

Երևանի քաղաքապետին 19.09.2017 թվականին ուղղված դիմումով Մկրտիչ Դավթյանը հայտնել է, որ Քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության տարածքային 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Դալլաքյանի կողմից 07.09.2017 թվականին թիվ 026441 արձանագրությունը կազմելու հաջորդ օրն իր կողմից ապամոնտաժվել են տեղադրված մետաղական խողովակները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մկրտիչ Դավթյանի կողմից կամավոր կերպով վերացվել է թիվ 026441 արձանագրությամբ արձանագրված իրավախախտումը, հետևաբար խնդրել է որպես վարչական պատասխանատվության միջոց տուգանքը չկիրառել: Դիմումին կից Մկրտիչ Դավթյանը ներկայացրել է նաև լուսանկարներ:

Վարչական մարմինը 20.09.2017 թվականի թիվ Վ35/2 որոշումը կայացնելիս արձանագրել է, որ Մկրտիչ Դավթյանը բացատրություն է տվել այն մասին, որ չի իմացել օրենքը: Ինքը և եղբայրը արհեստավորներ են: Կառուցում են ծածկարան մեքենաները վերանորոգելու համար: Խողովակները ապամոնտաժվել են: Վարչական մարմինը գործի քննության ընթացքում ուսումնասիրել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և իրավախախտման լուսանկարը:

i

Վարչական մարմինը նշել է, որ գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվել է, որ Մկրտիչ Դավթյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Թբիլիսյան խճուղի թիվ 22/17 հասցեում ինքնակամ իրականացրել է մետաղական կոնստրուկցիաներով շինության` ծածկարանի, երկաթբետոնյա հիմքով հարթակի, քարե պատերով փոսորակի կառուցման շինարարական աշխատանքներ, որով թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում:

Վերոգրյալից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործը քննող իրավասու պետական մարմինը պարտավոր է հանգամանորեն վերլուծել գործին առնչվող բոլոր հանգամանքները: Մասնավորապես, վերջինս պարտավոր է պարզել, թե արդյոք կատարված է արարքը, մեղավոր է անձն այդ արարքի կատարման մեջ, ենթակա է նա պատասխանատվության, պատճառված է նյութական վնաս, ինչպիսիք են մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները, որոնք են իրավախախտման պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները, չկան արդյոք հիմքեր անձին վարչական պատասխանատվությունից ազատելու կամ առավել նվազ պատասխանատվության միջոց կիրառելու համար: Կատարված ողջ աշխատանքի ամփոփումն արտացոլվում է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշում կայացնելով: Դրանում ներկայացվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի վարքագիծը, հաստատվում է նրա մեղավորությունը կամ անմեղությունը և որոշվում ներգործության միջոցը:

Նշվածը համադրելով սույն գործում առկա փաստերի հետ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի վիճարկվող որոշումը չի պարունակում պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության կամ բացակայության, վարչական իրավախախտման հետևանքով գույքային վնաս պատճառված լինելու կամ չլինելու` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի ընթացքում պարտադիր պարզման ենթակա հանգամանքների շարադրանքը: Հետևաբար վիճարկվող վարչական ակտը չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով դրան ներկայացվող հիմնավորվածության վերոգրյալ չափանիշներին: Սույն դեպքում վարչական մարմինը չի իրականացրել գործի բազմակողմանի քննություն:

Գործի բազմակողմանի քննարկումն իրենից ներկայացնում է վարույթի առարկային առնչվող բոլոր հարցերի պարզաբանումը, իսկ յուրաքանչյուր հարց պետք է պարզաբանվի լրիվ ծավալով` առանց որևէ հանգամանք բաց թողնելու և տվյալ գործին առնչվող բոլոր հարցերի համակցությամբ, որովհետև յուրաքանչյուր հարցի պարզաբանումն ըստ էության բացահայտում է գործի լրիվ քննարկման նշանակությունը: Բացի այդ գործը պետք է քննարկվի առկա բոլոր հարցերի հստակ լուծմանը համապատասխան օրենքի պահանջների հետ համադրմամբ: Ընդ որում, գործի բազմակողմանի քննարկումը վարչական մարմնի պարտականությունն է, այս սկզբունքի ապահովման նպատակով վարչական մարմինը վարույթի բազմակողմանիության ապահովման նպատակով ինքն է պարտավոր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, ինչը չի կատարվել Քաղաքապետարանի կողմից իրականացված վարչարարության ընթացքում, հետևաբար առկա փաստերի գնահատման արդյունքում պարզ է դառնում, որ Քաղաքապետարանը չի ապահովել նաև փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինների կողմից նշանակվող վարչական տույժի տեսակները, չափերը և կիրառվող վարչական հարկադրանքի օժանդակ միջոցները պետք է համապատասխանեն կատարված վարչական իրավախախտման բնույթին, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներին, վարչական իրավախախտում կատարած անձին, պիտանի, անհրաժեշտ և չափավոր լինեն նրան ուղղելու ու նոր վարչական իրավախախտումները կանխելու համար:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է` նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական իրավախախտում թույլ տված անձի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցը կիրառելիս պետք է հաշվի առնել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, որը սահմանված նորմի հետ համակարգային կիրառության շրջանակներում հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել իրավախախտման յուրաքանչյուր դեպքին` հաշվի առնելով վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքները:

Քննարկվող վարչական գործի շրջանակներում վարչական մարմինը պատշաճ գնահատման չի արժանացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր կարգավորումները և դրանցից բխող այն իրավաչափ նպատակը, որից ելնելով վարչական մարմնին վերապահվել է վարչական տույժ նշանակելիս հաշվի առնել պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ինչն ուղղակիորեն բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի կարգավորումներից:

i

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող` Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ Վ35/2 որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

Անդրադառնալով սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ Մկրտիչ Դավթյանն ինչպես սույն գործով հայցադիմումը, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելիս իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել ինչպես հայցադիմումը դատարան ներկայացնելու, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, հետևաբար հայցապահանջը բավարարվելու դեպքում Քաղաքապետարանը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել ինչպես հայցադիմումի, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն:

Նման պայմաններում սույն գործով հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.11.2018 թվականի որոշումը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի` 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումը ճանաչել անվավեր:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

13.05.2022թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/11707/05/17 վարչական գործով 13.05.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 13.05.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Մկրտիչ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մկրտիչ Դավթյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2018 թվականի որոշումը և այն փոփոխել. Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումը ճանաչել անվավեր:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Հովսեփ Բեդևյանս, Գոռ Հակոբյանս, Ստեփան Միքայելյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործը հարուցվել է Մկրտիչ Դավթյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումը:

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան), գտնելով, որ Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումն իրավաչափ է, հետևաբար բացակայում են այն անվավեր ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, 02.05.2018 թվականին կայացրած վճռով հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ վիճարկվող որոշումը պարունակում է օրենսդրորեն սահմանված բոլոր էական վավերապայմանները, այդ թվում` գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, ակտի ընդունման հիմնավորումը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, ուստի այս մասով բողոքաբերի փաստարկն անհիմն է: Ինչ վերաբերում է բողոքաբերի վկայակոչած այն փաստարկին, որ արձանագրված խախտումը կամավոր վերացվել է բողոքաբերի կողմից մինչև վիճարկվող վարչական ակտի կայացումը, Վերաքննիչ դատարանը նշել է, որ լուսանկարներից ակնհայտ է, որ տեղադրված մետաղական խողովակները կիսով չափ կտրվել են, սակայն երկաթբետոնյա հիմքով հարթակը չի ապամոնտաժվել, ինչը վկայում է այն մասին, որ ենթադրյալ խախտումը վերացվել է ոչ ամբողջ ծավալով` միայն տեղադրված խողովակների մասով, ուստի առաջին ատյանի դատարանն արդարացիորեն եկել է այն եզրահանգման, որ Մկրտիչ Դավթյանի կողմից չեն վերացվել բոլոր խախտումները, ի մասնավորի, չեն ապամոնտաժվել երկաթբետոնյա հիմքով հարթակը և քարե պատերով փոսորակը:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մկրտիչ Դավթյանը (ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյան):

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2018 թվականի որոշումը և այն փոփոխել. Քաղաքապետարանի` 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումը ճանաչել անվավեր:

i

Ներկայացված վճռաբեկ բողոքի քննության համար կարևորելով այն իրավական հարցադրումը, թե վարչական վարույթ իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումը կարո՞ղ է արդյոք համարվել իրավաչափ, եթե վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտում չի արտացոլել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ, 32-րդ, 33-րդ հոդվածները, 154-րդ հոդվածի 1-ին մասը, 279-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 19-րդ, 20-րդ, 37-րդ հոդվածները, 42-րդ հոդվածի 1-ին մասը, 54-րդ հոդվածը, 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 57-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրների վերաբերյալ Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` արդյունքում եզրահանգելով, որ ստորադաս դատարանների պատճառաբանություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

«(...) Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:

(...) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործը քննող իրավասու պետական մարմինը պարտավոր է հանգամանորեն վերլուծել գործին առնչվող բոլոր հանգամանքները: Մասնավորապես, վերջինս պարտավոր է պարզել, թե արդյոք կատարված է արարքը, մեղավոր է անձն այդ արարքի կատարման մեջ, ենթակա է նա պատասխանատվության, պատճառված է նյութական վնաս, ինչպիսիք են մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները, որոնք են իրավախախտման պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները, չկան արդյոք հիմքեր անձին վարչական պատասխանատվությունից ազատելու կամ առավել նվազ պատասխանատվության միջոց կիրառելու համար: Կատարված ողջ աշխատանքի ամփոփումն արտացոլվում է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշում կայացնելով: Դրանում ներկայացվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի վարքագիծը, հաստատվում է նրա մեղավորությունը կամ անմեղությունը և որոշվում ներգործության միջոցը:

(...) Քաղաքապետարանի վիճարկվող որոշումը չի պարունակում պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության կամ բացակայության, վարչական իրավախախտման հետևանքով գույքային վնաս պատճառված լինելու կամ չլինելու` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի ընթացքում պարտադիր պարզման ենթակա հանգամանքների շարադրանքը: Հետևաբար վիճարկվող վարչական ակտը չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով դրան ներկայացվող հիմնավորվածության վերոգրյալ չափանիշներին: Սույն դեպքում վարչական մարմինը չի իրականացրել գործի բազմակողմանի քննություն:

Գործի բազմակողմանի քննարկումն իրենից ներկայացնում է վարույթի առարկային առնչվող բոլոր հարցերի պարզաբանումը, իսկ յուրաքանչյուր հարց պետք է պարզաբանվի լրիվ ծավալով` առանց որևէ հանգամանք բաց թողնելու և տվյալ գործին առնչվող բոլոր հարցերի համակցությամբ, որովհետև յուրաքանչյուր հարցի պարզաբանումն ըստ էության բացահայտում է գործի լրիվ քննարկման նշանակությունը: Բացի այդ գործը պետք է քննարկվի առկա բոլոր հարցերի հստակ լուծմանը համապատասխան օրենքի պահանջների հետ համադրմամբ: Ընդ որում, գործի բազմակողմանի քննարկումը վարչական մարմնի պարտականությունն է, այս սկզբունքի ապահովման նպատակով վարչական մարմինը վարույթի բազմակողմանիության ապահովման նպատակով ինքն է պարտավոր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, ինչը չի կատարվել Քաղաքապետարանի կողմից իրականացված վարչարարության ընթացքում, հետևաբար առկա փաստերի գնահատման արդյունքում պարզ է դառնում, որ Քաղաքապետարանը չի ապահովել նաև փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը:

(...) վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինների կողմից նշանակվող վարչական տույժի տեսակները, չափերը և կիրառվող վարչական հարկադրանքի օժանդակ միջոցները պետք է համապատասխանեն կատարված վարչական իրավախախտման բնույթին, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներին, վարչական իրավախախտում կատարած անձին, պիտանի, անհրաժեշտ և չափավոր լինեն նրան ուղղելու ու նոր վարչական իրավախախտումները կանխելու համար:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է` նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

i

(...) վարչական իրավախախտում թույլ տված անձի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցը կիրառելիս պետք է հաշվի առնել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, որը սահմանված նորմի հետ համակարգային կիրառության շրջանակներում հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել իրավախախտման յուրաքանչյուր դեպքին` հաշվի առնելով վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքները:

i

Քննարկվող վարչական գործի շրջանակներում վարչական մարմինը պատշաճ գնահատման չի արժանացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ընդհանուր կարգավորումները և դրանցից բխող այն իրավաչափ նպատակը, որից ելնելով վարչական մարմնին վերապահվել է վարչական տույժ նշանակելիս հաշվի առնել պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ինչն ուղղակիորեն բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի կարգավորումներից:

i

(...) սույն գործով վիճարկվող` Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ Վ35/2 որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից»:

 

i

Փաստորեն սույն գործով վիճարկվող` Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշման ոչ իրավաչափ լինելու իր եզրահանգումը Վճռաբեկ դատարանը պայմանավորել է նրանով, որ այն չի բավարարում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների պահանջներին:

i

Հարկ ենք համարում արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումն ուղղակի հակասում է վարչական իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների կիրառելի լինելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Այսպես. ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով:

i

Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներն են (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ` ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն ընդդեմ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի և ա/ձ Տաթևիկ Մնացականյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի թիվ ՎԴ3/0294/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներին ներկայացվող պահանջները սահմանված են նշված օրենսգրքով, և այդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ: Տվյալ դեպքում էական է այն հարցի պարզումը, թե վիճարկվող ակտը համապատասխանում է արդյոք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին, թե` ոչ (տե՛ս, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն ընդդեմ Գևորգ Հազարապետյանի և Գևորգ Հազարապետյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության թիվ ՎԴ/1513/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

i

Փաստորեն, Վճռաբեկ դատարանն անտեսել է նախկին որոշումներում իր իսկ կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ վարչական իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներին ներկայացվող պահանջները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, և այդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ և սույն գործով վիճարկվող` Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշման անվավեր ճանաչելու հիմքում դրել է այն իրավական դիրքորոշումը, որ որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների խախտմամբ: Ընդ որում, հատկանշական է այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի որոշումը չի պարունակում որևէ հիմնավորում այն մասին, թե ինչու է Վճռաբեկ դատարանը սույն գործով շեղվում նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումներից, ըստ էության, շեղվելով նաև օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթից:

i

Այսպիսով, համակարծիք չենք սույն գործով վիճարկվող` Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների խախտմամբ ընդունված լինելու հիմքով անվավեր ճանաչելու Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ:

i

Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին (...) օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշումը պետք է պարունակի այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

i

Գտնում ենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը պետք է էական համարեր այն հարցի պարզումը, թե սույն գործով վիճարկվող` Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումը համապատասխանո՞ւմ է արդյոք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին, թե` ոչ, որպիսի պարագայում կհանգեր միակ իրավաչափ եզրահանգման առ այն, որ նշված որոշումն ամբողջությամբ համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին, քանի որ պարունակում է որոշումն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը` Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյան, գործի քննության ժամանակաթիվը` 20.09.2017 թվական, տեղեկություններ այն անձի մասին, ում վերաբերյալ քննվում է գործը` Մկրտիչ Ղազարի Դավթյան, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը` քաղաքացի Մկրտիչ Ղազարի Դավթյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող Թբիլիսյան խճուղի թիվ 22/17 հասցեում ինքնակամ իրականացրել է մետաղական կոնստրուկցիաներով շինության` ծածկարանի, երկաթբետոնյա հիմքով հարթակի, քարե պատերով փոսորակի կառուցման շինարարական աշխատանքներ, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս, գործի վերաբերյալ ընդունված որոշումը` վարչական պատասխանատվության կիրառում` տուգանքի նշանակում:

 

i

Բացի այդ, գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը չի պարունակում դատական ակտը բեկանելու իր եզրահանգման այն շարժառիթները, որոնցով նա չի համաձայնել Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ, ինչը Վճռաբեկ դատարանը պարտավոր էր անել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն:

Այսպես.

Տվյալ դեպքում սույն գործով վիճարկվող` Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումն անվավեր ճանաչելու հայցվորի պահանջը մերժելու մասին Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու իր եզրահանգումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետևյալով.

i

«Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետարանի 07.09.2017 թվականի թիվ 026441 արձանագրության համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության տարածքային 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Աղվանի Դալլաքյանը հայտնաբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կառուցելու իրավախախտումը: Հայտնաբերված իրավախախտման փաստի առթիվ կազմվել է նույն արձանագրությունը հետևյալի մասին, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Թբիլիսյան խճուղու թիվ 22/17 հասցեում սեփականատեր Մկրտիչ Ղազարի Դավթյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է մետաղական կոնստրուկցիաներով շինության կառուցման շինարարական աշխատանքներ (հիմք` Երևանի քաղաքապետարանի 07.09.2017 թվականի թիվ 026441 արձանագրություն, գ.թ. 10):

Մկրտիչ Դավթյանը Երևանի քաղաքապետին ուղղված 19.09.2017 թվականի դիմումով հայտնել է, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 22/17 հասցեում իր սեփականությունը հանդիսացող հողամասում, մետաղական խողովակներ տեղադրելու համար 07.09.2017 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության տարածքային 2-րդ բաժնի գլխավոր մասնագետի կողմից կազմվել է թիվ 026441 արձանագրությունը: Արձանագրությունը կազմելու հաջորդ օրն իր կողմից ապամոնտաժվել են տեղադրված մետաղական խողովակները: Նշված փաստի առնչությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում 20.09.2017 թվականին նիստ է հրավիրվել: Քանի որ իր կողմից կամավոր վերացվել է թիվ 026441 արձանագրությամբ արձանագրված խախտումը, խնդրել է հաշվի առնել այդ հանգամանքը և որպես վարչական պատասխանատվության միջոցներից տուգանքը չկիրառել:

Այնուհետև, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշման համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակից Մ. Դալլաքյանի 07.09.2017 թվականին հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես` քաղաքացի Մկրտիչ Ղազարի Դավթյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող Թբիլիսյան խճուղի թիվ 22/17 հասցեում ինքնակամ իրականացրել է մետաղական կոնստրուկցիաներով շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որի վերաբերյալ 07.09.2017 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 026441 արձանագրությունը: Որպես իրավախախտման փաստը հաստատող ապացույց, իրավախախտման հայտնաբերման պահին լուսանկարվել է իրավախախտման վայրը: Հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ: Քաղաքացի Մկրտիչ Ղազարի Դավթյանին (անձ. AH 0669254, տրված` 17.09.2008 թվականին 007-ի կողմից) բացատրվեց օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նրա իրավունքները և պարտականությունները: Քաղաքացի Մկրտիչ Ղազարի Դավթյանը բացատրություն տվեց այն մասին, որ չի իմացել օրենքը: Ինքը և եղբայրն արհեստավորներ են: Կառուցում էին ծածկարան (նավես) մեքենաները վերանորոգելու համար: Խողովակներն ապամոնտաժել են: Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին արձանագրությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և իրավախախտման լուսանկարը: Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, քաղաքացի Մկրտիչ Ղազարի Դավթյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող Թբիլիսյան խճուղի թիվ 22/17 հասցեում ինքնակամ իրականացրել է մետաղական կոնստրուկցիաներով շինության` ծածկարանի, երկաթբետոնյա հիմքով հարթակի, քարե պատերով փոսորակի կառուցման շինարարական աշխատանքներ, որով թույլ է տվել օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 1-ին մասով, 219.1-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, Երևանի քաղաքապետի 23.08.2013 թվականի թիվ 4180-Ա որոշմամբ, որոշվել է Մկրտիչ Դավթյանին օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակելով վարչական տույժ 200.000 ՀՀ դրամի չափով (հիմք` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշում, գ.թ. 8):

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 20.09.2017 թվականի Վարչական տույժ նշանակելու մասին և թիվ Վ35/2 որոշմամբ Մկրտիչ Դավթյանն ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով` սեփականության իրավունքով իրեն պատկանող Թբիլիսյան խճուղի թիվ 22/17 հասցեում ինքնակամ մետաղական կոնստրուկցիաներով շինության կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Քննարկման առարկա դարձնելով այն խնդիրը, թե արդյո՞ք անհրաժեշտ է շինարարության թույլտվություն նշված շինարարական աշխատանքների կատարման համար` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում բացահայտել հետևյալ հիմնահարցերը.

- արդյո՞ք, Մկրտիչ Դավթյանի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ընդգրկված են շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների ցանկում` որպես ցածր ռիսկայնություն ունեցող շինարարություն,

- արդյո՞ք, Մկրտիչ Դավթյանի կողմից կատարված շինարարական աշխատանքները չեն խոչընդոտում հողատարածքի նպատակային օգտագործմանը,

- արդյո՞ք, Մկրտիչ Դավթյանի կողմից կատարված շինարարական աշխատանքները չեն հակասում սահմանված սերվիտուտներին:

Ուսումնասիրության ենթարկելով գործի նյութերում առկա լուսանկարը /գ.թ. 34/, որը հիմք է հանդիսացել վիճարկվող որոշման կայացման համար` Վերաքննիչ դատարանը կարևորում է նշել հետևյալը:

Այսպես, բոլոր լուսանկարներում /գ.թ. 34, 57/ պատկերված են երկաթբետոնյա հիմքով հարթակ, քարե քարերով փոսորակ և տեղադրված մետաղական խողովակները: Ընդ որում, լուսանկարներից երևում է, որ 07.09.2017 թվականին արձանագրություն կազմելուց հետո տեղադրված մետաղական խողովակները կիսով չափ կտրվել են, սակայն երկաթբետոնյա հիմքով հարթակը չի ապամոնտաժվել:

Ինչպես նշվել է, ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքները:

Բողոքաբերը, դեռևս իր կողմից ներկայացված հայցադիմումում թվարկելով ՀՀ կառավարության որոշման մեջ գտած «Բարեկարգման աշխատանքներ»-ի բաժնում շինարարության օբյեկտները, ի մասնավորի, փոքր ճարտարապետական ձևերի և բակային կառուցվածքների ծածկարան, ճոճանակ, ցայտաղբյուր, խաղահրապարակ, նստարաններ, աղբարկղ, ինչպես նաև անհատական բնակելի տների փակ ներբակային տարածքների լրիվ բարեկարգում (կանաչապատում, ծառատնկում, մայթեր, ծառուղիներ, կարան, ճոճանակ, խաղահրապարակ, նստարաններ և այլն), նշել է, որ հայցվորի կողմից իրականացված աշխատանքների համար օրենսդրությունը շինարարական թույլտվություն ստանալու պահանջ չի նախատեսել, ուստի պատասխանողն իրավասու չէր հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկել` կայացնելով թիվ Վ35/2 որոշումը:

Փաստորեն, բողոքաբերի պնդմամբ, կատարված աշխատանքները ներառված են շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների ցանկում որպես ցածր ռիսկայնություն ունեցող շինարարություն, քանի որ դրանք իրենց բնույթով հանդիսացել են բարեկարգման աշխատանքների տեսակ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում լուսանկարներում պատկերված, ընթացող շինարարական աշխատանքների ծավալը չի համապատասխանում ՀՀ կառավարության հաստատած ցածր ռիսկայնություն ունեցող շինարարության բնորոշմանը: Մասնավորապես, անգամ անավարտ տեսքով ակնհայտ է, որ շինարարական աշխատանքներն իրենց բնույթով ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ աշխատանքներ չեն:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ ծավալված շինարարության շրջանակներում տեղի էր ունենում ընդամենն ընդհանուր օգտագործման տարածքներում փոքր ճարտարապետական ձևերի և կառուցվածքների (ծածկարան, ճոճանակ, ցայտաղբյուր, խաղահրապարակ, նստարաններ, աղբարկղ և այլն) տեղադրում, կամ անհատական բնակելի տների փակ ներբակային տարածքների լրիվ բարեկարգում (կանաչապատում, ծառատնկում, մայթեր, ծառուղիներ, ծածկարան, ճոճանակ, խաղահրապարակ, նստարաններ և այլն), ապա նշյալ մոտեցումը նույնպես չի հաստատվում գործում առկա ապացույցներով: Ուշագրավ է, որ նշյալ հողամասն ընդհանուր օգտագործման տարածք չէ:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով գործում առկա անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի տվյալները, փաստում է, որ շինարարական աշխատանքները չեն խոչընդոտել հողատարածքի նպատակային օգտագործմանը, իսկ նշյալ հողատարածքը ծանրաբեռնված չէ սերվիտուտներով:

Ամփոփելով վերագրյալը` կարելի է եզրահանգել, որ Մկրտիչ Դավթյանի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ընդգրկված չեն շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների ցանկում` որպես ցածր ռիսկայնություն ունեցող շինարարություն, ուստի նման աշխատանքների համար պահանջվել է շինարարության թույլտվություն, որն առկա չէր:

3.2.4. Հաջորդիվ, բողոքաբերը բարձրացրել է վիճարկվող որոշման պատճառաբանվածության հարցը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները` վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական ակտը պետք է պարունակի` ա) վարույթն իրականացրած վարչական մարմնի լրիվ անվանումը, բ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գ) ակտի լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, դ) ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս), ե) ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս), զ) ընդունված որոշման շարադրանքը (եզրափակիչ մաս), է) ակտի գործողության ժամկետը, եթե ակտն ընդունվում է որոշակի ժամկետով, ը) ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել, թ) ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, նրա ստորագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, (...) ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում (...): Որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը. տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը. գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը. գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Ուսումնասիրելով սույն գործով վիճարկվող որոշման բովանդակությունը` Վերաքննիչ դատարանը ևս գտնում է, որ այն պարունակում է օրենսդրորեն սահմանված բոլոր էական վավերապայմանները, այդ թվում` գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, ակտի ընդունման հիմնավորումը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, ուստի այս մասով ևս բողոքաբերի փաստարկն անհիմն է:

3.2.5. Ինչ վերաբերում է բողոքաբերի վկայակոչած այն փաստարկին, որ արձանագրված խախտումը կամավոր վերացվել է բողոքաբերի կողմից մինչև վիճարկվող վարչական ակտի կայացումը, Վերաքննիչ դատարանը նախ և առաջ նկատում է, որ լուսանկարներից ակնհայտ է, որ տեղադրված մետաղական խողովակները կիսով չափ կտրվել են, սակայն երկաթբետոնյա հիմքով հարթակը չի ապամոնտաժվել, ինչը վկայում է այն մասին, որ ենթադրյալ խախտումը վերացվել է ոչ ամբողջ ծավալով` միայն տեղադրված խողովակների մասով, ուստի առաջին ատյանի դատարանն արդարացիորեն եկել է այն եզրահանգման, որ Մկրտիչ Դավթյանի կողմից չեն վերացվել բոլոր խախտումները, ի մասնավորի, չեն ապամոնտաժվել երկաթբետոնյա հիմքով հարթակը և քարե պատերով փոսորակը:

Միաժամանակ, վերլուծելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավական դրույթը, Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի դիտարկումն առ այն, որ նշյալ իրավական նորմի սանկցիայով որպես վարչական տույժ բացառապես նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Որպիսի պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված չլինելու պայմաններում` տվյալ դեպքում նախազգուշացումը չի կարող դիտվել որպես վարչական պատասխանատվության միջոց, ընդ որում` նույնիսկ խախտման ամբողջական վերացման պարագայում, օրենսդրորեն սահմանված պատժամիջոցը չէր կարող չկիրառվել»:

 

Գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշման վերոգրյալ պատճառաբանություններն ամբողջությամբ հիմնավորում են սույն գործով վիճարկվող` Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշման իրավաչափ լինելու հանգամանքը, ըստ այդմ նաև այդ որոշումն անվավեր ճանաչելու հայցվորի պահանջը մերժելու մասին Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը չի պարունակում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու իր եզրահանգման այն շարժառիթները, որոնցով նա չի համաձայնել Վերաքննիչ դատարանի վերոգրյալ հետևությունների հետ:

Այսպիսով, գտնում ենք, որ Մկրտիչ Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու ու Քաղաքապետարանի 20.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ35/2 որոշումն անվավեր ճանաչելու համար, ուստի նման պայմաններում Մկրտիչ Դավթյանի բողոքը ենթակա է մերժման:

 

    Դատավոր      Դատավոր      Դատավոր      Դատավոր        Դատավոր

Ռ. Հակոբյան  Հ. Բեդևյան  Գ. Հակոբյան  Ս. Միքայելյան  Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 13 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.05.2022
N ՎԴ/11707/05/17
Որոշում