Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 56-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/21099/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21099/02/18        2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Լ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մայիսի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Լուսինե Մինասյանի ընդդեմ Իվան Մարինոյի, երրորդ անձ Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` ամուսնալուծության և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի որոշելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2021 թվականի որոշման դեմ Իվան Մարինոյի բերած վճռաբեկ բողոքը

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Լուսինե Մինասյանը պահանջել է առանց հաշտության համար ժամկետ տրամադրելու լուծել իր` Լուսինե Մինասյանի և Իվան Մարինոյի ամուսնությունը, Միքայել Անտոնիո Իվան Մարինոյի խնամքն ու դաստիարակությունը հանձնել մորը` Լուսինե Մինասյանին և Միքայել Անտոնիո Մարինոյի բնակության վայրը որոշել ըստ մոր բնակության վայրի` ՀՀ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Էրեբունի փողոցի 25-րդ շենքի թիվ 58 հասցեում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դավթյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, այն է` լուծվել է Լուսինե Մինասյանի և Իվան Մարինոյի ամուսնությունը, անչափահաս Միքայել Անտոնիո Մարինոյի բնակության վայր է սահմանվել մոր` Լուսինե Մինասյանի բնակության վայրը, իսկ խնամքն ու դաստիարակությունը մորը հանձնելու մասին պահանջը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2021 թվականի որոշմամբ Իվան Մարինոյի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 06.11.2020 թվականի վճիռը թողնվել անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իվան Մարինոն (ներկայացուցիչ` Գագիկ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 2-րդ մասը, 93-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերը, 94-րդ, 95-րդ և 96-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում Իվան Մարինոն չի ծանուցվել դատական նիստերի մասին: Դատարանը նրան չի ուղարկել դատավարական փաստաթղթերը: Այս խախտման պատճառով Իվան Մարինոն զրկվել է իր գործը պատշաճ կերպով դատարանում ներկայացնելու հնարավորությունից:

Մասնավորապես, Իվան Մարինոյի կողմից փաստաբան Անի Ալավերդյանին 03.05.2019 թվականին տրված լիազորագրով դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն վերապահված չէ: Անի Ալավերդյանի կողմից, վերալիազորման կարգով, փաստաբան Իրինա Դանիելյանին տրված լիազորագրում նշվել է, որ վերջինիս վերապահվում է նաև դատական ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորություն, մինչդեռ, ակնհայտ է, որ Անի Ալավերդյանը նման լիազորություն վերալիազորելու իրավասություն չի ունեցել, քանի որ Իվան Մարինոն նրան դատական ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորությամբ չի օժտել:

Ավելին, 19.10.2020 թվականին նշանակված դատական նիստին փաստաբան Իրինա Դանիելյանը չի ներկայացել` covid-19-ով հիվանդ երկու անձանց կոնտակտավոր անձ լինելու և դրա հետևանքով ինքնամեկուսանալու պատճառով: Նշված պատճառով 19.10.2020 թվականին նշանակված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ էլեկտրոնային եղանակով, հիշյալ դատական նիստը սկսելուց առաջ, միջնորդություն է ներկայացրել, սակայն Դատարանը, հիմք ընդունելով հայցվոր կողմի անհիմն առարկությունները, դատական նիստը չի հետաձգել և գործը քննել և ավարտել է առանց բողոքաբերի և/կամ նրա ներկայացուցչի մասնակցության:

Ընդ որում` հիշյալ դատական նիստի մասին ևս բողոքաբերը ծանուցված չի եղել: Այս դեպքում նույնպես Դատարանը ծանուցագիրն ուղարկել է միայն փաստաբան Իրինա Դանիելյանին, ով օժտված չի եղել դատական ծանուցագրեր և դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորությամբ:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Լուսինե Մինասյանը 28.09.2018 թվականին ներկայացրել է հայցադիմում ընդդեմ Իվան Մարինոյի` ամուսնալուծության և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի որոշելու պահանջների մասին: Հայցադիմումում որպես պատասխանող Իվան Մարինոյի հասցե նշված է` «Իտալիա, Սիենա, 53100, Վիալե Դելլե Ռեջիոնի 8» (հատոր 1-ին, գ.թ. 3-12),

2. Դատարանը 09.10.2018 թվականին կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում, որն Իվան Մարինոյին ուղարկվել է «Իտալիա, Սիենա, 53100, Վիալե Դելլե Ռեջիոնի 8» հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 25, 29-30),

3. Դատարանի 25.10.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, որն Իվան Մարինոյին ուղարկվել է «Իտալիա, Սիենա, 53100, Վիալե Դելլե Ռեջիոնի 8» հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 32, 81-82),

4. Սույն գործով 25.10.2018 թվականին տրված կատարողական թերթում Իվան Մարինոյի բնակության հասցե է նշված «Իտալիա, Սիենա, 53100, Վիալե Դելլե Ռեջիոնի 8» (հատոր 1-ին, գ.թ. 74)

5. Իվան Մարինոն 23.01.2019 թվականին` երեք տարի ժամկետով, հասարակ, գրավոր լիազորագրով լիազորել է Աննա Սարդարյանին դատարաններում ներկայացնելու իր շահերը, այդ թվում` ստանալ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը, կատարել վերալիազորում (հատոր 1-ին, գ.թ. 86),

6. Իվան Մարինոն 03.05.2019 թվականին` երեք տարի ժամկետով, հասարակ գրավոր լիազորագրով Անի Ալավերդյանին լիազորել է դատարաններում ներկայացնելու իր շահերը: Լիազորագիրը տրվել է վերալիազորման իրավունքով: Անի Ալավերդյանը 05.05.2019 թվականին մեկ տարի ժամկետով տրված լիազորագրով վերալիազորել է Իրինա Դանիելյանին դատարաններում ներկայացնել Իվան Մարինոյին` նրան օժտելով մի շարք լիազորություններով, այդ թվում նաև` դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորությամբ (հատոր 3-րդ, գ.թ. 30-31),

7. Իվան Մարինոն 05.05.2019 թվականի լիազորագրով Իրինա Դանիելյանին մեկ տարի ժամկետով լիազորել է դատարաններում ներկայացնելու իր շահերը, այդ թվում` ստանալու դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը (հավելված 1-ին, գ.թ. 116): Նշված լիազորագրի դադարումից, այսինքն` 05.05.2020 թվականից հետո դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը շարունակվել են ուղարկվել Իրինա Դանիելյանին` քաղաք Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա, 3-րդ հարկ, 15-րդ սենյակ հասցեով (հատոր 5-րդ, գ.թ. 47, 52, 60, 63; հատոր 6-րդ, գ.թ. 17, 20, 23, 26, 47, 50):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 2-րդ մասը, 93-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերը, 94-րդ, 95-րդ և 96-րդ հոդվածները, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը.

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձնական մասնակցությունը գործին չի զրկում գործին մասնակցող անձին` այդ գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի, (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ներկայացուցչության մասին դրույթները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է: Նա կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե` լիազորագրի ժամկետը լրացել է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս` Beles-ը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 47273/99, Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշում, § 49):

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս, Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 36):

«Դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Philis-ն ընդդեմ Հունաստանի, application no. 12750/87; 13780/88; 14003/88, Եվրոպական դատարանի 27.08.1991 թվականի որոշում, § 59, De Geouffre de la Pradelle-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 12964/87, Եվրոպական դատարանի 16.12.1992 թվականի որոշում, § 28, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի ՄՊ, application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 229):

Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս, Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն` վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս, Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 36, Nunes Dias-ն ընդդեմ Պորտուգալիայի, application no. 69829/01, 2672/03, Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշում): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս, Canete de Goni-ն ընդդեմ Իսպանիայի, application no. 55782/00, Եվրոպական դատարանի 15.01.2003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների` իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս, Miragall Escolano-ն ընդդեմ Իսպանիայի, applications nos. 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի որոշում, Zvolsky-ն և Zvolska-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 46129/99, Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի որոշում, § 51):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով անձի լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ իրավական պաշտպանության առանձնահատկություններին, նշել է, որ «...իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն օրենսդրական մակարդակում, այլ նաև պրակտիկայում»: Ավելին, արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (տե՛ս, KՍDLA KՍDLA v. PՕLAND, app. ոo. 30210/96, Եվրոպական դատարանի 26.10.2000 թվականի որոշում, § 157-158):

i

Դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, § 38):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին և դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 78-րդ հոդվածի` մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ կիրառման հարցը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում

(տե՛ս, Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128 (Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների և մյուսների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումները):

i

Վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դրանք կիրառելի են նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ: Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործող օրենսդրությամբ ևս դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար (տե՛ս «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մանջիարե» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/4088/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորմանը, արձանագրել է, որ վերոհիշյալ հոդվածի 2-րդ մասի բովանդակությամբ հստակ կարգավորում է նախատեսված այն մասին, որ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում լիազորություն սահմանելու դեպքում դատական նիստերի վերաբերյալ ծանուցվում է միայն ներկայացուցիչը: Հետևաբար լիազորագրում` ներկայացուցչի կողմից դատական ծանուցումներն ստանալու (ներկայացուցչին ծանուցելու) վերաբերյալ լիազորության առկայության պայմաններում դատարանի կողմից դատական ծանուցումները ներկայացուցչին ուղարկելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, համարվում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձին ծանուցելու` դատարանի պարտականության պատշաճ կատարում: Ընդ որում` լիազորագրում` ներկայացուցչի կողմից դատական ծանուցումներն ստանալու վերաբերյալ լիազորության առկայությունը բավարար է դատարանի կողմից դատական ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելու համար (տե՛ս Ալվարդ Սահակյանն ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի, երրորդ անձ «Յունիբանկ» ԲԲԸ-ի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումից բխում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են դատավարության բոլոր մասնակիցները` բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, մինչդեռ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձի կողմից դիմում է ներկայացվում իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ կամ համապատասխան լիազորություն է առկա լինում գործին մասնակցող անձի ներկայացուցչին տրված լիազորագրում, ապա նման իրավիճակում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:

Այսպիսով` բոլոր այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձի կողմից դիմում է ներկայացվում իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ կամ համապատասխան լիազորություն է առկա լինում գործին մասնակցող անձի ներկայացուցչին տրված լիազորագրում, ապա նման իրավիճակում դատարանի կողմից դատական ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, համարվում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձին ծանուցելու` դատարանի պարտականության պատշաճ կատարում, մինչդեռ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձի կողմից նման դիմում չի ներկայացվում, ինչպես նաև լիազորագրում բացակայում է համապատասխան լիազորությունը, ապա նման պայմաններում դատարանի կողմից դատական ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելու դեպքում գործին մասնակցող անձը չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Լուսինե Մինասյանը 28.09.2018 թվականին ներկայացրել է հայցադիմում ընդդեմ Իվան Մարինոյի` ամուսնալուծության և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի որոշելու պահանջների մասին:

Իվան Մարինոն 23.01.2019 թվականին` երեք տարի ժամկետով, հասարակ, գրավոր լիազորագրով լիազորել է Աննա Սարդարյանին դատարաններում ներկայացնելու իր շահերը, այդ թվում` ստանալ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը և կատարել վերալիազորում:

Իվան Մարինոն 03.05.2019 թվականի` երեք տարի ժամկետով, հասարակ, գրավոր լիազորագրով Անի Ալավերդյանին լիազորել է դատարաններում ներկայացնելու իր շահերը: Լիազորագիրը տրվել է վերալիազորման իրավունքով: Անի Ալավերդյանը 05.05.2019 թվականի լիազորագրով վերալիազորել է Իրինա Դանիելյանին դատարաններում ներկայացնել Իվան Մարինոյին` նրան օժտելով մի շարք լիազորություններով, այդ թվում նաև` դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորությամբ:

Իվան Մարինոն 05.05.2019 թվականի լիազորագրով Իրինա Դանիելյանին մեկ տարի ժամկետով լիազորել է դատարաններում ներկայացնելու իր շահերը, այդ թվում` ստանալու դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը: Նշված լիազորագրի դադարումից հետո դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը շարունակվել են ուղարկվել Իրինա Դանիելյանին:

Իվան Մարինոն 27.11.2020 թվականի` երեք տարի ժամկետով, հասարակ, գրավոր լիազորագրով Անի Ալավերդյանին լիազորել է դատարաններում ներկայացնելու իր շահերը, այդ թվում` ստանալ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը և կատարել վերալիազորում:

i

Վերաքննիչ դատարանը, 07.05.2021 թվականի որոշմամբ մերժելով Իվան Մարինոյի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնելով Դատարանի 06.11.2020 թվականի վճիռը, արձանագրել է, որ «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոք բերողի փաստարկները հիմնավոր չեն, քանի որ վերջինիս դատական պաշտպանության իրավունքը չի խախտվել, պատասխանողի ներկայացուցիչ Իրինա Դանիելյանը մասնակցել է բոլոր դատական նիստերին, հայտնել է դիրքորոշում, արել է միջնորդություններ, այսինքն, այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք կարող է իրականացնել դատավարության մասնակիցը: Ամեն դեպքում թե՛ բողոք բերողը, և թե՛ նրա ներկայացուցիչները դատական նիստերի վերաբերյալ ծանուցված է եղել, քանի որ բոլոր դատավարական փաստաթղթերում պատասխանող Իվան Մարինոյի ծանուցման հասցեն նշվել է այն նույն հասցեն, ինչ որ վերջինիս ներկայացուցիչների հասցեն: Այսինքն, նույնիսկ եթե պայմանականորեն ընդունենք, որ լիազորագրի վերաբերյալ բողոք բերողի փաստարկները հիմնավոր են և Անի Ալավերդյանը չի ունեցել դատական ծանուցումները ստանալու իրավունք, ուստի չէր կարող վերալիազորման իրավունքով վերալիազորել Իրինա Դանիելյանին, ապա այդ հանգամանքը չէր կարող ազդել գործի ելքի վրա, քանի որ գործի նյութերում առկա փաստաթղթերում պատասխանողի և ներկայացուցչի հասցեն նույնական են, հետևաբար պատասխանողը ևս ծանուցված են եղել գործի քննության մասին: Բացի այդ, պատասխանող Իվան Մարինոն 30.07.2019 թվականի դատական նիստին Իրինա Դանիելյանի հետ միասին մասնակցել է դատական նիստին, հետևաբար վերահաստատել է Իրինա Դանիելյանի` որպես իր ներկայացուցիչ հանդես գալու հանգամանքը: Իրինա Դանիելյանը ծանուցվել է հաջորդական բոլոր նիստերի մասին և մասնակցել է կայացած նիստերին: (...) Վերաքննիչ դատարանը չի կարծում, որ իրավունքի խախտում առկա է այն դեպքում, երբ չնայած լիազորության բացակայությանը, կողմի ներկայացուցիչը ծանուցվել է և մասնակցել է դատական նիստերի, ունենալով մասնակցելու լիազորություն: Խախտում կարելի էր արձանագրել այն դեպքում, երբ չծանուցման հետևանքով թե՛ վստահորդը, և թե՛ ներկայացուցիչը զրկվեին գործի քննությանը մասնակցելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Իվան Մարինոյի ներկայացուցիչները մշտապես մասնակցել են գործի քննությանը, Դատարանը մեկ անգամ Իրինա Դանիելյանի միջնորդության հիման վրա նույնիսկ հետաձգել է դատական նիստը` վերջինիս կորոնավիրուսով վարակված լինելու հիմքով: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ, 93-րդ, 94-րդ, 95-րդ և 96-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների վերաբերյալ բողոք բերողի փաստարկները չեն ազդել գործի ելքի վրա և չեն հանգեցրել սխալ դատական ակտի կայացման»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է, որ ինչպես Անի Ալավերդյանի կողմից Իրինա Դանիելյանին 05.05.2019 թվականին տրված վերալիազորագրի, այնպես էլ Իվան Մարինոյի կողմից Իրինա Դանիելյանին 05.05.2019 թվականին տրված լիազորագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մեկ տարի, ինչից բխում է, որ 05.05.2020 թվականից հետո Իրինա Դանիելյանն այլևս իրավասություն չի ունեցել դատարանում ներկայացնելու Իվան Մարինոյի շահերը: Մինչդեռ դատարանը 05.05.2020 թվականից հետո Իվան Մարինոյին ուղղված դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը շարունակել է ուղարկել Իրինա Դանիելյանին այն դեպքում, երբ դադարել էր Իրինա Դանիելյանի` ինչպես դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը ստանալու, այնպես էլ առհասարակ Իվան Մարինոյի շահերը ներկայացնելու իրավունքը: Ավելին, Անի Ալավերդյանը 05.05.2019 թվականին հասարակ գրավոր լիազորագրով վերալիազորել է Իրինա Դանիելյանին դատարաններում ներկայացնել Իվան Մարինոյին` նրան օժտելով նաև դատական ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորությամբ այն դեպքում, երբ ինքը նման լիազորությամբ օժտված չի եղել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 05.05.2020 թվականից հետո Իվան Մարինոն ծանուցված չի եղել սույն գործով կայացած դատական նիստերի վայրի և ժամանակի մասին: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ «գործի նյութերում առկա փաստաթղթերում պատասխանողի և ներկայացուցչի հասցեն նույնական են, հետևաբար պատասխանողը ևս ծանուցված է եղել գործի քննության մասին», ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ի սկզբանե դատարան ներկայացված հայցադիմումում որպես պատասխանող Իվան Մարինոյի հասցե նշվել է` «Իտալիա, Սիենա, 53100, Վիալե Դելլե Ռեջիոնի 8», ինչն ակնհայտ նույնական չէ պատասխանողի ներկայացուցիչների հասցեի հետ, բացի այդ, գործի քննության ընթացքում Իվան Մարինոյի կողմից անձամբ որևէ դիմում չի ներկայացվել դատավարական ծանուցումներն իր ներկայացուցիչներին ուղարկելու վերաբերյալ, իսկ 05.05.2019 թվականի լիազորագրով Իվան Մարինոյի կողմից Իրինա Դանիելյանին տրված` դատավարական ծանուցումները ստանալու լիազորությունը դադարել է լիազորագրի ժամկետի ավարտմամբ` 05.05.2020 թվականին:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Իվան Մարինոն չի կարող համարվել պատշաճ ծանուցված 05.05.2020 թվականից ի վեր կայացած դատական նիստերի և դատավարական գործողությունների մասին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, նույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանն անտեսել է ոչ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության առանցքային սկզբունքներից մեկի` մրցակցության սկզբունքի իրացման նախապայմանների ապահովման դատարանի պարտականությունը, այլև ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ սույն գործով առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

Դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ են, որոնք հանգեցնում են դատական ակտի անվերապահ բեկանման` անկախ այդ դատական ակտի` ըստ էության ճիշտ լինելու կամ չլինելու հանգամանքից: Առհասարակ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի վերաբերյալ հարկ է արձանագրել հետևյալը.

- դրանք այնպիսի դատավարական սխալներ են, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ,

- նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր,

- դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը,

- նման խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում,

- դատական ակտի անվերապահ բեկանման որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:

i

Պետք է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դատական պրակտիկան (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումները` թիվ ԵԱՆԴ/0461/02/10, թիվ ԵԱՔԴ/2279/02/11, թիվ ԵԿԴ/2760/02/12, թիվ ԵՇԴ/0700/02/12, թիվ ԵԿԴ/1118/02/12 և թիվ ԵՔԴ/0443/02/08 քաղաքացիական գործերով) վկայում է այն մասին, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է կիրառել բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորությունը (բեկանել դատական ակտը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության): Նման մոտեցման հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը արդարադատության այնպիսի խախտումներ են, որոնց առկայության պայմաններում հարցին վերջնական լուծում տալը չի բխում արդարադատության արդյունավետության շահերից:

Ամփոփելով ողջ վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանում առկա է եղել դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք, որպիսի պայմաններում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ Դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված այլ խախտումների վերաբերյալ հիմքերի և հիմնավորումների գնահատմանը:

 

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` վճռաբեկ բողոքը բավարարելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում և գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 12 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.05.2022
N ԵԴ/21099/02/18
Որոշում