Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 27-ՐԴ, 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

    դատարանի որոշում                       Վարչական գործ թիվ ՎԴ/6190/05/15

    Վարչական գործ թիվ ՎԴ/6190/05/15        2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 15-ին,

գրավոր ընթացակարգով քննելով Պետրոս Ներսեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Պետրոս Ներսեսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների, Հայկ Ներսեսյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի` մասնակիորեն` Պետրոս Ներսեսյանի ընտանիքի կողմից զբաղեցված 21 քմ մակերեսով բնակելի և 4.25 քմ մակերեսով օժանդակ շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի մասով, Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա և 26.08.2015 թվականի թիվ 2657-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` այդ որոշումների հիման վրա Երևան քաղաքի Կրիվոյ փողոցի թիվ 59 հասցեի տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Պետրոս Ներսեսյանը պահանջել է մասնակիորեն` Պետրոս Ներսեսյանի ընտանիքի կողմից զբաղեցված 21 քմ մակերեսով բնակելի և 4.25 քմ մակերեսով օժանդակ շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա և 26.08.2015 թվականի թիվ 2657-Ա որոշումները և որպես հետևանք` անվավեր ճանաչել այդ որոշումների հիման վրա Երևան քաղաքի Կրիվոյ փողոցի թիվ 59 հասցեի տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2019 թվականի որոշմամբ Պետրոս Ներսեսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պետրոս Ներսեսյանը (ներկայացուցիչ` Տիգրան Հայրապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, 18-րդ և 27.1-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 27-րդ հոդվածները, 144-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6.1 հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Պետրոս Ներսիսյանը շահագրգիռ անձ է հանդիսանում միջազգային նորմերի ուժով: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի կարևորագույն հիմքերից մեկին, այն է` վարչական դատարանը 25.10.2018 թվականի դատական նիստի ընթացքում չի ընդունել Պետրոս Ներսեսյանի կողմից ներկայացված ապացույցները` Սուրիկ Գրիգորյանի ժառանգների կողմից կազմված հավաստագրերը, որոնցով վերջինս փորձել է հիմնավորել սույն գործով իր «շահագրգիռ անձ» լինելը:

Ստորադաս դատարանը չի անդրադարձել թիվ ԵԿԴ/0701/02/12 քաղաքացիական գործով 15.11.2013 թվականի և 19.06.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի` սույն գործով նախադատելի լինելու հիմնավորումներին:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին, քննարկման առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, սակայն որոշման պատճառաբանական մասում դատարանի արված պնդումներից կարելի է եզրակացնել, որ դատարանը հաստատված է համարել առաջին ատյանի դատարանի կողմից չհաստատված, բոլորովին նոր այն փաստը, որ ի տարբերություն հայցվորի` երրորդ անձինք` Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանները, դիմել են վարչական մարմնին արդեն իսկ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը փաստաթղթավորելուն:

Այնինչ, գործի նյութերում առկա թիվ ԵԿԴ/0701/02/12 քաղաքացիական գործով 15.11.2013 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` դիմող Պետրոս Ներսեսյանի դիմումը և հայցվորներ` Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների հայցը մերժվել է նույն հիմքով` բացակայում է ձեռքբերման բարեխղճությունը, քանի որ ք. Երևան, Կրիվոյ 59 հասցեի շինություններն ինքնակամ են և գտնվում են պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա: Հետևաբար, նման պայմաններում վերաքննիչ դատարանը, առանց որևէ ապացույցի հղում կատարելու, չէր կարող արձանագրել, որ ի տարբերություն բողոքաբերի, երրորդ անձինք 09.03.2015 թվականից սահմանված կարգով վերը նշված հասցեում գտնվող բնակելի տան սեփականաշնորհման հարցը լուծելու դիմումը ներկայացնելիս արդեն իսկ սեփականության իրավունք են ունեցել դրա նկատմամբ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի մոտ նույնիսկ հարց չի առաջացել, թե ինչպես կարող էր պետական սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ծագել երրորդ անձանց սեփականության իրավունքը:

Հայցվորը և Էդուարդ ու Միխայիլ Գրիգորյանները վարչական վարույթի ընթացքում գտնվել են նույն կարգավիճակում. երկուսն էլ դիմել են պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցներն օրենքով սահմանված կարգով օրինականացնելու պահանջով: Վարչական մարմինը դիմումները քննարկել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակում, որը չի տարածվում պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների վրա: Մինչդեռ, վարչական մարմինն անհավասար մոտեցում է ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 09.03.2015 թվականին Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների կողմից դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետին, որով վերջիններս խնդրել են սահմանված կարգով լուծել Երևան քաղաքի Կրիվոյ 59 հասցեում գտնվող բնակելի տան սեփականաշնորհման հարցը (հատոր 5-րդ, գ.թ. 35).

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության առանձնացված ստորաբաժանումներում և կազմակերպություններում իրավաբանական աշխատանքների համակարգման բաժնի պետի 29.04.2015 թվականի արձանագրության համաձայն` Էդուարդ և Միխայիլ Գրիգորյաններից բացի վարչական լսումներին մասնակցել է նաև Պետրոս Ներսեսյանը, ով իր դիրքորոշմամբ հայտնել է, որ իր ընտանիքի հետ 1988 թվականից բնակվում է Երևան քաղաքի Կրիվոյ 59 հասցեում գտնվող 25.3 քմ մակերեսով սենյակում: Միաժամանակ հայտնել է, որ նշված հասցեի ընդհանուր տարածքը կազմում է 165.0 քմ մակերես, որից 51.6 քմ մակերեսն օգտագործում է Էդուարդ Գրիգորյանը, 27.13 քմ մակերեսը` Միխայիլ Գրիգորյանը, իսկ 61.2 քմ մակերեսով տարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման տարածք: Պետրոս Ներսեսյանը նաև հայտնել է, որ ինքը ևս Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով խնդրել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում օրինականացնել իր կողմից տիրապետվող մակերեսը (հատոր 2-րդ, գ.թ. 50-51).

3) Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա որոշման համաձայն` որոշվել է վերականգնել Երևանի Կորի փողոցի համար 59 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էդուարդ Մկրտչի Գրիգորյանի և Միխայիլ Վահանի Գրիգորյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 253.28 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 253.28 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 26.08.2015 թվականին ընդունվել է Երևանի քաղաքապետի թիվ 2657-Ա որոշումը, որով Երևանի քաղաքապետի թիվ 2418-Ա որոշման մեջ կատարվել է փոփոխություն, և տվյալ որոշման 1-ին կետում «253.28» թիվը փոխարինվել է «233.3» թվով (հատոր 1-ին, գ.թ. 25, 121).

4) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.11.2013 թվականի թիվ ԵԿԴ/0701/02/12 վճռով Պետրոս Ներսեսյանի դիմումը` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և իր սեփականությանը հանձնելու և Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների հայցն ընդդեմ Պետրոս Ներսեսյանի, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարանի, Վարդուհի Բարսեղյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման և բնակարանից վտարելու պահանջների մասին, մերժվել են: Վճռով հաստատված է համարվել, որ Պետրոս Ներսեսյանն իր ընտանիքի հետ միասին 1989 թվականից մինչ օրս բնակվել է ք. Երևան, Կրիվոյ 59 հասցեում գտնվող տանը և փաստացի տիրապետում է նույն հասցեի գույքը (հատոր 1-ին, գ.թ. 13-24).

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 144-րդ և 146-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալ անձին «շահագրգիռ անձ» համարելու հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել (տե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):

Վերոգրյալի հիման վրա մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անձանց` իրենց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք տրամադրելով հանդերձ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, վերջիններիս համար, սակայն, չի ընձեռում հանրության շահերը պաշտպանելու հնարավորություն, այն է` չի թույլատրում անձանց իրականացնել վարչական մարմինների վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության իրավաչափության օբյեկտիվ վերահսկողություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար, պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ:

Այսինքն` վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած` այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել:

Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն` «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած` դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե՛ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: (...) Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ: (...) Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: Եթե գործի քննության ընթացքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` վարչական դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ հայցով դատարան դիմած անձի որևէ իրավունք չի խախտվել, կամ վիճարկվող վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը որևէ կերպ չեն առնչվում տվյալ անձի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, ապա (...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն պետք է վճիռ կայացնի վերջինիս հայցը մերժելու վերաբերյալ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանը, մերժելով Պետրոս Ներսեսյանի հայցը, պատճառաբանել է, որ Պետրոս Ներսեսյանը հայցի հիմքում դրել է միայն այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Կրիվոյ 59 հասցեում գտնվող 21 քմ մակերեսով բնակելի և 4.25 քմ օժանդակ շինությունները, սկսած 1989 թվականից մինչ օրս, գտնվել են հայցվորի ընտանիքի օգտագործման ներքո, սակայն թե՛ վիճարկվող վարչական ակտերի կայացմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում և թե՛ գործի դատական քննության փուլում հայցվորը չի փաստարկել, որևէ կերպ չի հիմնավորել և որևէ ապացույց չի ներկայացրել, որ վիճելի գույքի նկատմամբ օրենքով նախատեսված որևէ հիմքով ունի սեփականության իրավունք, որը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել, և որպիսի իրավունքը ենթակա է եղել վերականգնման կամ հայցվորն ունեցել է այդ իրավունքի վերականգնման իրավաչափ ակնկալիք, իսկ Երևան քաղաքի Կրիվոյ 59 հասցեում միայն տևական ժամանակ բնակվելու հանգամանքը, վերը շարադրված պատճառաբանություններով, դեռևս բավարար չէ ««Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների իրավական կարգավիճակի մասին»» ՀՀ օրենքի շրջանակներում սեփականության իրավունքի ձեռքբերման (վերականգնման) համար: Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, որ գործով երրորդ անձինք Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանները, և ինքն ունեցել են միևնույն կարգավիճակը, ապա Դատարանն այդ փաստարկը հիմնավոր չի համարել, քանի որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ գործով երրորդ անձինք Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների դեմ հայց է հարուցվել` վտարման պահանջով, ընդ որում, նույն հայցով նախատեսվել է երրորդ անձանց հատկացնել այլ բնակարաններ: Այսինքն` տվյալ հայցադիմումով երրորդ անձանց նկատմամբ եղել է այլ բնակարան հատկացնելու պետական վերաբերմունք, ինչը վկայում է տվյալ հասցեում վերջիններիս բնակության օրինականության մասին: Ավելին, գործում առկա Լենինյան շրջանի միլիցիայի բաժանմունքի կողմից վարվող տնային գրքի համաձայն` ք. Երևան, Կրիվոյ 59 հասցեում Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանները հաշվառված են եղել, համապատասխանաբար 1967 թվականից և 1980 թվականից, ինչով ևս հիմնավորվել է, որ Պետրոս Ներսեսյանի և երրորդ անձանց կարգավիճակը չի նույնանում: Դատարանը եկել է այն եզրահանգման, որ գործի քննության արդյունքում չի հիմնավորվել այն հանգամանքը, որ վարչական ակտերով շոշափվել է Պետրոս Ներսեսյանի որևէ առարկայական, իրական իրավունք, հետևաբար վերջինիս հայցով Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա և 26.08.2015 թվականի թիվ 2657-Ա որոշումները չեն կարող անվավեր ճանաչվել: Ընդ որում, նման պայմաններում, Դատարանը չի անդրադարձել վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությանը, քանի որ դրանք վիճարկվել են ոչ շահագրգիռ անձի կողմից: Դատարանն արձանագրել է նաև, որ որևէ այլ իրավունքի կամ իրավաչափ ակնկալիքի վերաբերյալ հայցվորը չի հայտարարել և փաստարկներ չի բերել, իսկ ինչ վերաբերում է գործում առկա Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների և Պետրոս Ներսեսյանի միջև կնքված համաձայնագրին, ապա Դատարանն արձանագրել է, որ դրանով վերջիններս կամք են հայտնել համատեղ զբաղվել սեփականաշնորհման գործընթացով, համաձայնել են լինել համատեղ սեփականատերեր, սակայն Դատարանը գտել է, որ տվյալ համաձայնագրի ուժով Պետրոս Ներսեսյանի համար որևէ իրավունք չի առաջացել, քանի որ համատեղ սեփականաշնորհմամբ զբաղվելու համաձայնությունը դեռևս բավարար չէ սեփականության իրավունքի ծագման, դրա իրավաչափ ակնկալիքի իրավունքի ծագման համար: Քննարկվող իրավահարաբերությունները պետք է կանոնակարգվեն օրենքով, իսկ օրենքի կարգավորումներով, վերը շարադրված պատճառաբանություններով Պետրոս Ներսեսյանի որևէ իրավունք վիճարկվող վարչական ակտերի կայացման օրվա դրությամբ չի ձևավորվել:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` 09.03.2015 թվականին Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների կողմից դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետին, որով վերջիններս խնդրել են սահմանված կարգով լուծել Երևան քաղաքի Կրիվոյ 59 հասցեում գտնվող բնակելի տան սեփականաշնորհման հարցը: Դիմումի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում 29.04.2015 թվականին տեղի են ունեցել վարչական լսումներ, որին մասնակցել է նաև Պետրոս Ներսեսյանը, ով իր դիրքորոշմամբ հայտնել է, որ իր ընտանիքի հետ 1988 թվականից բնակվում է Երևան քաղաքի Կրիվոյ 59 հասցեում գտնվող 25.3 քմ մակերեսով սենյակում: Միաժամանակ վերջինս հայտնել է, որ նշված հասցեի ընդհանուր տարածքը կազմում է 165.0 քմ մակերես, որից 51.6 քմ մակերեսն օգտագործում է Էդուարդ Գրիգորյանը, 27.13 քմ մակերեսը` Միխայիլ Գրիգորյանը, իսկ 61.2 քմ մակերեսով տարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման տարածք: Պետրոս Ներսեսյանը նաև հայտնել է, որ ինքը ևս Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով խնդրել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում օրինականացնել իր կողմից տիրապետվող մակերեսը: Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա որոշմամբ վերականգնվել է Երևանի Կորի փողոցի համար 59 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 253.28 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը նույն մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: Երևանի քաղաքապետի 26.08.2015 թվականի թիվ 2657-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի թիվ 2418-Ա որոշման մեջ կատարվել է փոփոխություն, և տվյալ որոշման 1-ին կետում «253.28» թիվը փոխարինվել է «233.3» թվով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.11.2013 թվականի թիվ ԵԿԴ/0701/02/12 վճռով Պետրոս Ներսեսյանի դիմումը` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և իր սեփականությանը հանձնելու և Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների հայցն ընդդեմ Պետրոս Ներսեսյանի, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարանի, Վարդուհի Բարսեղյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման և բնակարանից վտարելու պահանջների մասին, մերժվել են: Վճռով հաստատված է համարվել, որ Պետրոս Ներսեսյանն իր ընտանիքի հետ միասին 1989 թվականից մինչ օրս բնակվել է ք. Երևան, Կրիվոյ 59 հասցեում գտնվող տանը և փաստացի տիրապետում է նույն հասցեի գույքը:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ իր ձևավորած իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ փաստում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Պետրոս Ներսեսյանը կարող է հանդիսանալ Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա և 26.08.2015 թվականի թիվ 2657-Ա որոշումներով խախտված իրավունքների պաշտպանության նպատակով տվյալ վարչական ակտը վիճարկելու «իրական (ռեալ)» իրավունք ունեցող «շահագրգիռ անձ», հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Պետրոս Ներսեսյանը մասնակիորեն` իր ընտանիքի կողմից զբաղեցված 21 քմ մակերեսով բնակելի և 4.25 քմ մակերեսով օժանդակ շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի մասով, վիճարկել է Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա և 26.08.2015 թվականի թիվ 2657-Ա որոշումները և որպես վիճարկվող վարչական ակտերը վիճարկելու իրական իրավունք ունենալու հիմնավորում վկայակոչել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.11.2013 թվականի թիվ ԵԿԴ/0701/02/13 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հետևյալ փաստերը.

համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Մարաշ» տարածքային ստորաբաժանման կողմից 26.10.2010 թվականին տրված թիվ 9261ա գրության` ք. Երևան, Կրիվոյ 59 հասցեում գտնվող անշարժ գույքը` 18.3 քմ մակերեսով բնակելի տունը, սեփականության իրավունքով հաշվառվել է Փայլակ Բարսեղյանի անվամբ, հիմք` պետական նոտարի 24.06.1946 թվականի թիվ 10622 առուծախի պայմանագիր.

ք. Երևան, Կրիվոյ 59 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է եղել մեկ սենյակից և կոմունալ հարմարություններից` երկու սենյակի տեսքով, իսկ շինությունը գտնվում էր կիսաքանդ վիճակում, պատկանել է Փայլակ Բարսեղյանին, որն էլ 1989 թվականից տիրապետում է Պետրոս Ներսեսյանն իր ընտանիքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Պետրոս Ներսեսյանը Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների հետ մասնակցել է վարչական վարույթին, մասնավորապես` մասնակցել է նաև լսումներին և դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իր ընտանիքի հետ 1988 թվականից բնակվում է Երևան քաղաքի Կրիվոյ 59 հասցեում գտնվող 25,3 քմ մակերեսով սենյակում: Միաժամանակ հայտնել է, որ նշված հասցեի ընդհանուր տարածքը կազմում է 165.0 քմ մակերես, որից 51.6 քմ մակերեսն օգտագործում է Էդուարդ Գրիգորյանը, 27.13 քմ մակերեսը Միխայիլ Գրիգորյանը, իսկ 61.2 քմ մակերեսով տարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման տարածք: Պետրոս Ներսեսյանը նաև հայտնել է, որ ինքը ևս Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով խնդրել է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում օրինականացնել իր կողմից տիրապետվող մակերեսը: Այսինքն` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Պետրոս Ներսեսյանը Էդուարդ և Միխայիլ Գրիգորյանների հետ վարչական վարույթի ընթացքում ունեցել է նույն կարգավիճակը, նրանք բոլորն էլ դիմել են վարչական մարմին պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցներն օրենքով սահմանված կարգով օրինականացնելու ակնկալիքով, հետևաբար Պետրոս Ներսեսյանը չի կարող համարվել ոչ շահագրգիռ անձ Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա և 26.08.2015 թվականի թիվ 2657-Ա որոշումների իրավաչափությունը վիճարկելու հարցում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկան (տե՛ս, Էռնեստ Մովսեսյանը (իրավահաջորդ Ելենա Մովսեսյան) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3434/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2021 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով` դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):

Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, «Պրեսոս Կոմպանիա Նավիեռա Ս.Ա.»-ն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 17849/91 գանգատով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛ս, Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի թիվ 44912/98 գանգատով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումներով, որով որոշվել է վերականգնել Երևանի Կրիվոյ փողոցի համար 59 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էդուարդ Մկրտչի Գրիգորյանի և Միխայիլ Վահանի Գրիգորյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 233.28 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, կարող են խախտվել Պետրոս Ներսեսյանի իրավունքները, հետևաբար վերջինս պետք է հնարավորություն ունենա ըստ էության վիճարկելու Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա և 26.08.2015 թվականի թիվ 2657-Ա որոշումների իրավաչափությունը, ինչն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից, որովհետև Երևանի քաղաքապետի որոշումները վիճարկելու հարցում Պետրոս Ներսեսյանին համարել են ոչ շահագրգիռ անձ:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սույն գործի քննությամբ չի հիմնավորվել Երևանի քաղաքապետի 05.08.2015 թվականի թիվ 2418-Ա և 26.08.2015 թվականի թիվ 2657-Ա որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Պետրոս Ներսեսյանի հայցը մերժելու իրավական նախադրյալներից մեկը` վերջինիս մոտ վերոնշյալ վարչական ակտերը վերացնելու պահանջով դատարան դիմելու իրավական շահագրգռվածության բացակայությունը:

Վերոգրյալի արդյունքում պարզ է դառնում, որ վերոնշյալ սահմանադրաիրավական կարգավորումների հիման վրա` Պետրոս Ներսեսյանն ունի իրական շահ և պետք է համարվի շահագրգիռ անձ, քանի որ նշվածի արդյունքում ուղղակիորեն կարող է խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված սեփականության իրավունքը, հետևաբար նա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի ուժով հանդիսանում է դատարան հայց ներկայացնելու իրավասությամբ օժտված շահագրգիռ անձ, իսկ հայցվորի իրավունքների խախտման, ինչպես նաև վերջինիս կողմից ներկայացված պահանջի իրավաչափության վերաբերյալ գնահատականը կարող է տրվել գործի նոր քննության արդյունքում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Պետրոս Ներսեսյանին շահագրգիռ անձ չհամարելու վերաբերյալ ստորադաս ատյանների եզրահանգումները հանգեցրել են գործի սխալ լուծման, ուստի հայցի հիմքում դրված մյուս հիմնավորումների գնահատման համար անհրաժեշտ է իրականացնել գործի ամբողջ ծավալով նոր քննություն:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Դատարան` ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 15 ապրիլի 2022 թվական:

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.04.2022
N ՎԴ/6190/05/15
Որոշում