Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՔԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՊԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՔԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՎԱՐՉԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/10928/05/18

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10928/05/18

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մայիսի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Գրիգորյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին)` 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2020 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ներկայացուցիչ` Հակոբ Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ և 37-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը:

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչական մարմինը Գագիկ Գրիգորյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունն իրականացրել և վարչական պատասխանատվության է ենթարկել թվով երկու իրավախախտումների, այն է` հայցվորի կողմից օրենքի խախտմամբ կատարված դեղերի ներմուծման և հայցվորի կողմից օրենքի խախտմամբ կատարված դեղերի իրացման արարքների համար: Նշված իրավախախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածով սահմանված ինքնուրույն զանցանքներ են:

i

Ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ պարբերության` կիրառված վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվել են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Նշվածը որևէ կերպ չի ենթադրում կատարված արարքների և դրա կատարման համար օրենքով նախատեսված պատասխանատվության կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող վարչական ակտով երկու տարբեր իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու պարագայում դատարանի կողմից միայն մեկ խախտման (դեղերն օրենքի պահանջների խախտմամբ ներմուծված լինելու) մասով վարչական տույժ նշանակելու ժամկետն անցած լինելու հիմքով վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչող դատական ակտը ոչ օրինական է:

i

Հետևաբար Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված իրավանորմի պահանջը, քանի որ որոշման պատճառաբանական մասում եզրահանգման չի եկել բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ:

i

Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով կիրառելի է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված իրավանորմը: Տեսչական մարմինը իրավախախտումները պարտավոր է հայտնաբերել օրենքով սահմանված կարգով: Տվյալ պարագայում վարչական մարմինը խախտումը պետք է բացահայտեր համապատասխան ստուգմամբ, ինչն էլ ըստ էության Տեսչական մարմինն իրականացրել է գործին առնչվող փաստական տվյալները հիմնավորող փաստաթղթերի ստուգմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.11.2020 թվականին կայացրած որոշումը` փոփոխել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրության և դրան կից ցանկում առկա տվյալների համաձայն` վերջինս ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին է տրամադրել 29.06.2018 թվականի դրությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվական բազայում առկա տվյալները: Կից ցանկում առկա են տեղեկություններ «Էսկուլապ» ՍՊԸ-ն կողմից 19.05.2018 թվականին Ռուսաստանի Դաշնությունից թիվ 493 և թիվ 494 հաշիվ-ապրանքագրերով ներմուծված դեղերի և դեղանյութերի մասին (հատոր 1-ին, գ.թ. 83-85):

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 20.07.2018 թվականի թիվ ՀՀ/22.1/9800-18 գրության համաձայն` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի թիվ 1/6-1/38148-18 գրությունը և ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետի 1-ին ենթակետի անհրաժեշտ տեղեկատվությունն ուղարկվել է Տեսչական մարմնի ղեկավարին (հատոր 1-ին, գ.թ. 86):

3. Տեսչական մարմնի ղեկավարը 24.07.2018 թվականի թիվ 01/1077-18 գրությամբ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից խնդրել է տրամադրել տեղեկություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրության մեջ նշված դեղերի մասով ընկերությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ սահմանը հատելուց հետո հնգօրյա ժամկետում փորձաքննության նպատակով ներմուծման հայտ ներկայացված լինելու վերաբերյալ: Միաժամանակ նշվել է, որ ստացված վերոնշյալ տեղեկատվության մեջ առկա են մի շարք անճշտություններ (օրինակ, մեկ տողով նշված են «դեղամիջոցներ», հաճախ նշված չեն դեղաչափերը, դեղաձևերը, առկա են տառասխալներ, վրիպակներ և այլն), իսկ առանձին տողով հստակ անվանմամբ նշված դեղերը առանց սերիայի և արտադրողի անվանման են գրված, ինչը որոշ դեպքերում անհնար է դարձնում ներմուծվող ցանկում ընդգրկված դեղը նույնականացնել գրանցված և/կամ փորձաքննություն անցած դեղի հետ (հատոր 1-ին, գ.թ. 88-89):

4. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ա. Սահակյանը 30.07.2018 թվականի գրությամբ Տեսչական մարմնի ղեկավարին հայտնել է հետևյալը. «Ի պատասխան Ձեր 2018թ. հուլիսի 24-ի գրության` կից ցանկով ներկայացնում ենք դեղերի ներմուծման օրինականությունը արտահայտող տվյալները: Ցանկի 253-254 կետերում դեղերի քանակները չեն համապատասխանում դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալների հիմնապաշարում առկա քանակներին, 339-512 կետերում չեն համապատասխանում ինվոյսների համարները (նշված են կարմիր գույնով)» (հատոր 1-ին, գ.թ. 90):

i

5. Տեսչական մարմնի ղեկավարի 02.08.2018 թվականի թիվ 434-Ա հրամանի համաձայն` հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 30.07.2018 թվականի թիվ 0314112518 գրությամբ նշված փաստական հանգամանքները` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 17-րդ մասերի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի 5.1-րդ, 9-րդ, 26-րդ, 33-րդ, 34.1-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 91-92):

6. Տեսչական մարմնի ղեկավարի 21.08.2018 թվականի թիվ 486-Ա հրամանի համաձայն` հրամայվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի 5.1-րդ, 34.1-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով` Տեսչական մարմնի կողմից 02.08.2018 թվականին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 21.08.2018 թվականից 23.08.2018 թվականը ներառյալ իրականացնել զննում` ք. Երևան, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 17/2 շենք հասցեում գործող «Էսկուլապ» ՍՊԸ-ում (հատոր 1-ին, գ.թ. 94-95):

7. Տեսչական մարմնի աշխատակիցներ Վարդան Խաչատրյանի և Դավիթ Սայամյանի կողմից 07.09.2018 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության առաջատար մասնագետ-տեսուչի ժ/պ Վարդուհի Խաչատրյանը, Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պրովիզոր (դեղագետ) Դավիթ Սայամյանը, 02.08.2018 թվականին հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի 21.08.2018 թվականի թիվ 486-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Դավիթաշեն, 1-ին թաղամաս 17/2 շենք հասցեում գործող «Էսկուլապ» ՍՊԸ-ում 21.08.2018 թվականին իրականացրած զննման ժամանակ հայտնաբերել են, որ թիվ 10808040 տրանսպորտային փաստաթղթով և թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերը ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք ներմուծելիս Ընկերության տնօրենը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը ՀՀ առողջապահության նախարարություն չի ներկայացրել ներմուծման թույլտվություն ստանալու մասին էլեկտրոնային հայտ, ուստի նշված հաշիվ-ապրանքագրով ներմուծված դեղերը համարվում են ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղեր:

Միաժամանակ, սույն գործի փաստերով պարզվել է, որ նշված հաշիվ-ապրանքագրով ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված արձանագրությունում թվարկված դեղերը` նշված քանակներով և սերիաներով (ի սկզբանե ներմուծված քանակները նշված են) իրացվել են առանց համապատասխանության հավաստագրի առկայության, իսկ պահեստում առկա են եղել արձանագրությունում նշված անվանումներով, սերիաներով և քանակների դրոշմապիտակավորված դեղերի նշված մնացորդները: Վերոնշյալով խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի 5.1-րդ, 34.1-րդ կետերի պահանջները: Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով: Խախտման համար պատասխանատու է ք. Երևան, Դավիթաշեն, 1-ին թաղամաս 17/2 շենք հասցեում գործող «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն` Գագիկ Խաչիկի Գրիգորյանը (հատոր 1-ին, գ.թ. 120-123):

8. Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշմամբ «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանը` որպես խախտում թույլ տված անձ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 34.1-րդ, 5.1-րդ կետերի պահանջները խախտելու` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված յուրաքանչյուր 28 (քսանութ) անվանում դեղի համար` ենթարկվել է վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 22 400 000 (քսաներկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացված յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

ա. Էնտերոլ դպճ 250մգ N10-1 փաթեթ, (...)

համար ենթարկվել է վարչական տույժի` մինչև 10 փաթեթի դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

բ. Ամոկսիկլավ դ/հ 500մգ+125մգ N15-29 փաթեթ, (...)

համար ենթարկվել է վարչական տույժի` 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 900.000 (ինն հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

գ. Ամոկսիկլավ սուսպենզիա 125մգ+31.25մգ/5մլ 25 (100մլ) - 59 փաթեթ, (...)

համար ենթարկվել է վարչական տույժի` 30 և ավելի փաթեթի համար սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 12.800.000 ՀՀ դրամ (տասներկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական վարույթի արդյունքում հայտնաբերված և նույն որոշման պատճառաբանական մասում ընկած, «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և կյանքին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սկզբունքին համաձայն, որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա` կիրառել վարչական տույժ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված սանկցիայի շրջանակներում` նույն տուգանքի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի 1-ին ենթակետով նշանակված տույժը` 22.400.000 (քսաներկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանք (հատոր 2-րդ, գ. թ. 1-14):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին, այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները` համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ պարբերության:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայտնաբերված վարչական իրավախախտման համար սահմանված վարչական տույժ նշանակելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:

 

i

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև 10 փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով.

2) 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով.

3) 30 և ավելի փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:

Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ հիշատակված իրավադրույթն առավելագույնի սկզբունքի դրսևորման ձևերից է, որը վարչական մարմինների կողմից կամայականությունների զսպման կամ կանխարգելման գործառույթ է իրականացնում: Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ նույն անձի կողմից մեկից ավելի վարչական զանցանքներ կատարելու դեպքում առավել վտանգավոր կամ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան իրենում ներառում է առավել նվազ զանցանքների համար սանկցիաները (տե՛ս, Հովհաննես Նահապետյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4969/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում հավելել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնը` առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման վերաբերյալ, վերաբերում է բացառապես վարչական իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցին, այլ կերպ ասած` սանկցիային: Այսինքն` առավել նվազ զանցանքների համար վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվում են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշվածը որևէ կերպ չի ենթադրում մեկ անձի կողմից կատարված առավել նվազ վարչական իրավախախտման կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս, դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վարչական ակտը յուրաքանչյուր իրավախախտման մասով առանձին-առանձին, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն վարչական իրավախախտում (զանցանք) է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կանոնը գործում է նույնիսկ այն պայմաններում, երբ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավանորմի համաձայն` վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները:

Վերոնշյալի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասում վարչական պատասխանատվություն է նախատեսել, ի թիվս այլնի, ինչպես օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու, այնպես էլ օրենքի խախտմամբ դեղերն իրացնելու համար:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանել է երկու տարբեր զանցակազմեր, այն է` օրենքի խախտմամբ դեղերի ներմուծումը և դեղերի իրացումը, որոնք օբյեկտիվ կողմով արտահայտվում են տարբեր գործողությունների կատարմամբ: Հետևաբար, վերոգրյալ վարչական իրավախախտումները կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին: Ընդ որում, նշված վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս, յուրաքանչյուր վարչական իրավախախտումը առանձին-առանձին պետք է հանդիսանա դատական վերահսկողության առարկա, անկախ իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնի համաձայն առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման հանգամանքից:

 

i

2. «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածք դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ներմուծվում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներս բերում (այսուհետ` ներմուծում)) և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի դուրս բերում (այսուհետ` արտահանում)) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք, հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծել թույլատրվում է ներմուծման հավաստագրի հիման վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի: Արտահանման դեպքում հավաստագիր տրամադրվում է արտահանողի ցանկությամբ: Ներմուծման կամ արտահանման հավաստագրերը տրվում են համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: (...)

i

«Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ /ուժը կորցրել է 28.03.2019 թվականին/ հաստատված կարգի 5.1-րդ կետի համաձայն` ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերը և դեղանյութերը Հայաստանի Հանրապետությունում կարող են իրացվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նույն կարգով տրված համապատասխանության հավաստագրի առկայության դեպքում: Նույն կարգի 34.1-ին կետի համաձայն` ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղ և (կամ) դեղանյութ ներմուծողը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը դիմում է ՀՀ առողջապահության նախարարություն` համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով, ներկայացնելով նույն կարգի 28-րդ կետով նախատեսված հայտը և փաստաթղթերը:

Վերոնշյալ դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղեր ներմուծող և իրացնող յուրաքանչյուր տնտեսվարող ՀՀ առողջապահության նախարարությունից պարտավոր է ձեռք բերել համապատասխանության հավաստագիր:

i

Նույն կարգի 42-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարությունը ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերի և (կամ) դեղանյութերի մասին տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն` համաձայն N 4 ձևի:

i

Նույն կարգի 42-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում դեղերի իրացման նպատակով` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրոշմապիտակներ ստանալու համար դիմած անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը, ներմուծված դեղի անվանումը, քանակը, տրամադրված դրոշմապիտակների սերիան ու համարը` ըստ հատկացված առաջին և վերջին դրոշմապիտակների:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`(...)

7) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին նույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը. (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածը վաղեմության ժամկետի լրանալը դիտում է որպես վարչական գործով վարույթը բացառող հանգամանք` սահմանելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետները (տե՛ս, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերահսկողություն իրականացնող պետական մարմինը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ձեռք է բերում անմիջականորեն ՀՀ մաքսային սահմանները կիրարկող պետական մարմնի կողմից` ամսական պարբերականությամբ: Հետևաբար, վերահսկողություն իրականացնող մարմինը, ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից փոխանցված տեղեկատվությունը, համադրելով այդ տեղեկատվությունը տվյալ ամսվա դրությամբ իրեն հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվության հետ, անմիջականորեն իրավասու է հետևություն անել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու, այն է` ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստանալու նպատակով դիմում չներկայացրած անձանց մասին:

Հետևաբար ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Գագիկ Գրիգորյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշումը:

Դատարանը բավարարել է Գագիկ Գրիգորյանի հայցը` պատճառաբանելով, որ Տեսչական մարմինը, 30.07.2018 թվականին հայտնաբերելով Գագիկ Գրիգորյանի կողմից թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ անդամ երկրից` Ռուսաստանի Դաշնությունից, ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու դեպքը, 17.10.2018 թվականին կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը` անտեսելով այն փաստը, որ 30.07.2018 թվականին վերոնշյալ դեպքը բացահայտելուց հետո արդեն իսկ 02.08.2018 թվականին թիվ 434-Ա հրամանի համաձայն հրամայել է հարուցել վարչական վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 30.07.2018 թվականի հա. 0314112518 գրությամբ նշված փաստական հանգամանքները` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 17-րդ մասերի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի 5.1-րդ, 9-րդ, 26-րդ, 33-րդ, 34.1-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Դատարանը եկել է այն եզրահանգման, որ Գագիկ Գրիգորյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության վաղեմության երկամսյա ժամկետն անցնելուց հետո:

Անդրադառնալով պատասխանողի` ստուգումներ կատարելու արդյունքում վարչական իրավախախտումը հայտնաբերելու փաստարկին` Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում իրականացված զննությամբ ստուգվել է ներմուծված դեղերի` ընկերության պահեստում առկա լինելու փաստը, այլ ոչ թե իրականացված զննությամբ է պարզվել Գագիկ Գրիգորյանի կողմից թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ անդամ երկրից` Ռուսաստանի Դաշնությունից, ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու դեպքը:

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի հետևությունները և մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա: Ուստի, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով, այլ նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել ընդհանուր կանոններով, այն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավանորմը և հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ հայցվորին առաջադրված է վարչական պատասխանատվություն վերջինիս կողմից ոչ միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու, այլ նաև ՀՀ օրենսդրության խախտմամբ դեղերի իրացման արարք կատարելու համար, մերժել է Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը, պատճառաբանելով, որ Գագիկ Գրիգորյանի կողմից թվով երկու` դեղեր ներմուծելու և իրացնելու իրավախախտումներ ենթադրաբար կատարած լինելու, դրանց վերաբերյալ գործերը նույն պաշտոնատար անձի` Տեսչական մարմնի ղեկավարի կողմից քննվելու և տվյալ գործերի քննությունը վերջինիս կողմից միաժամանակ իրականացրած լինելու պայմաններում, առկա են եղել օրենսդրի կողմից վիճարկվող որոշման կայացման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված` անձի կողմից մի քանի վարչական իրավախախտումներ կատարած լինելու դեպքում տույժը, առավելագույնի սկզբունքին համապատասխան, առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում նշանակելու համար անհրաժեշտ պայմանները, որոնց առկայությունն արդեն իսկ բացառել է Գագիկ Գրիգորյանի նկատմամբ վիճելի որոշման եզրափակիչ մասում առանձին կետերով տուգանք նշանակելու իրավական հնարավորությունը:

Ուստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշման իրավաչափությունը գնահատել է իրավացիորեն, միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու իրավախախտման մասով, որը վարչական մարմինը համարել է առավել լուրջ խախտում:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարը 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրության և դրան կից ցանկում առկա տվյալների համաձայն` վերջինս ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին է տրամադրել 29.06.2018 թվականի դրությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվական բազայում առկա տվյալները, իսկ կից ցանկում առկա են եղել տեղեկություններ «Էսկուլապ» ՍՊԸ-ն կողմից 19.05.2018 թվականին Ռուսաստանի Դաշնությունից թիվ 493 և թիվ 494 հաշիվ-ապրանքագրերով ներմուծված դեղերի և դեղանյութերի մասին: Նշված գրությունը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 20.07.2018 թվականի գրությամբ ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարին, և այդ գրության հիմքով պատասխանողը 24.07.2018 թվականի թիվ 01/1077-18 գրությամբ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից խնդրել է տրամադրել տեղեկություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրության մեջ նշված դեղերի մասով ընկերությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ սահմանը հատելուց հետո հնգօրյա ժամկետում փորձաքննության նպատակով ներմուծման հայտ ներկայացված լինելու վերաբերյալ, ի պատասխան որի` 30.07.2018 թվականին տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն, որ Ցանկի 253-254 կետերում դեղերի քանակները չեն համապատասխանում դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալների հիմնապաշարում առկա քանակներին, 339-512 կետերում չեն համապատասխանում ինվոյսների համարները (նշված են կարմիր գույնով): Այսինքն` «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանի կողմից թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ անդամ երկրից` Ռուսաստանի Դաշնությունից, ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու դեպքը վարչական մարմինը հայտնաբերել է դեռևս 30.07.2018 թվականին:

Անդրադառնալով 21.08.2018 թվականի զննման արձանագրությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրականացված զննությամբ ստուգվել է միայն ներմուծված դեղերի` ընկերության պահեստում առկա լինելու փաստը, ինչը չի կարող հիմք ընդունվել այն հանգամանքի հաստատման համար, որ զննությամբ է պարզվել «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանի կողմից թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ անդամ երկրից` Ռուսաստանի Դաշնությունից, ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու փաստը, քանի որ Տեսչական մարմինը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ձեռք է բերում անմիջականորեն ՀՀ մաքսային սահմանները կիրարկող պետական մարմնի կողմից` ամսական պարբերականությամբ, հետևաբար, Տեսչական մարմինը, ստանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, համադրելով այդ տեղեկատվությունը տվյալ ամսվա դրությամբ իրեն հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվության հետ, անմիջականորեն իրավասու է հետևություն անել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու, այն է` ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստանալու նպատակով դիմում չներկայացրած անձանց մասին:

Վերոգրյալի համակարգային վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա: Ուստի, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով, այլ նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը:

Անդրադառնալով Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշման` օրենքի խախտմամբ դեղերի իրացման արարքի մասով վարչական տույժի նշանակման իրավաչափության գնահատմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշմամբ «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանը` որպես խախտում թույլ տված անձ, վարչական պատասխանատվության է ենթարկվել ինչպես «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 34.1-րդ, 5.1-րդ կետերի պահանջները խախտելու` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված յուրաքանչյուր 28 (քսանութ) անվանում դեղի համար, այնպես էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացված յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար:

Միաժամանակ նկատի ունենալով իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները, վարչական մարմինն արձանագրել է, որ «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և կյանքին, ուստի որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա` կիրառել է վարչական տույժ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված սանկցիայի շրջանակներում` նույն տուգանքի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի 1-ին ենթակետով նշանակված տույժը` 22.400.000 (քսաներկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշմամբ «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանը` որպես խախտում թույլ տված անձ, վարչական պատասխանատվության է ենթարկվել թվով երկու առանձին զանցանքների համար: Ընդ որում, նույն որոշման եզրափակիչ մասի առաջին կետի համապատասխան ենթակետերով վարչական տույժ է նշանակվել յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, և միայն երկրորդ կետով կիրառվել է իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կանոնը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշման իրավաչափությունը գնահատել է միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու իրավախախտման մասով, իսկ Վերաքննիչ դատարանը դա իրավաչափ է համարել` նկատի ունենալով այն, որ վարչական մարմինն օրենքի խախտմամբ դեղերի ներմուծումը համարել է առավել լուրջ խախտում և նշված հանգամանքը բացառել է Գագիկ Գրիգորյանի նկատմամբ վիճելի որոշման եզրափակիչ մասում առանձին կետերով տուգանք նշանակելու իրավական հնարավորությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանն անտեսել է, որ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշման իրավաչափությունը գնահատելիս, դատարանը պարտավոր էր քննության առարկա դարձնել վարչական ակտը յուրաքանչյուր իրավախախտման մասով առանձին-առանձին, նույնիսկ այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները: Այլ կերպ ասած, Դատարանը պարտավոր էր քննության առարկա դարձնել նաև օրենքի խախտմամբ իրացված դեղերի մասով վարչական ակտի իրավաչափությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու իր պարտականությունը, մասնավորապես` Դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել Գագիկ Գրիգորյանի կողմից դեղերի իրացման արարքի մասով վարչական ակտի իրավաչափությունը: Այսինքն, Դատարանն անդրադարձել է միայն Գագիկ Գրիգորյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու արարքի վարչական մարմնի կողմից հայտնաբերման պահին: Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված վերը նշված խախտումը շտկելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/10928/05/18 վարչական գործով 20.05.2022 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

20.05.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի մայիսի 20-ին գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Գրիգորյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին)` 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Գագիկ Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2020 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ներկայացուցիչ` Հակոբ Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ և 37-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչական մարմինը Գագիկ Գրիգորյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունն իրականացրել և վարչական պատասխանատվության է ենթարկել թվով երկու իրավախախտումների, այն է` հայցվորի կողմից օրենքի խախտմամբ կատարված դեղերի ներմուծման և հայցվորի կողմից օրենքի խախտմամբ կատարված դեղերի իրացման արարքների համար: Նշված իրավախախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածով սահմանված ինքնուրույն զանցանքներ են:

Ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ պարբերության` կիրառված վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվել են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Նշվածը որևէ կերպ չի ենթադրում կատարված արարքների և դրա կատարման համար օրենքով նախատեսված պատասխանատվության կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող վարչական ակտով երկու տարբեր իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու պարագայում դատարանի կողմից միայն մեկ խախտման (դեղերն օրենքի պահանջների խախտմամբ ներմուծված լինելու) մասով վարչական տույժ նշանակելու ժամկետն անցած լինելու հիմքով վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչող դատական ակտը ոչ օրինական է:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված իրավանորմի պահանջը, քանի որ որոշման պատճառաբանական մասում եզրահանգման չի եկել բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով կիրառելի է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված իրավանորմը: Տեսչական մարմինը իրավախախտումները պարտավոր է հայտնաբերել օրենքով սահմանված կարգով: Տվյալ պարագայում վարչական մարմինը խախտումը պետք է բացահայտեր համապատասխան ստուգմամբ, ինչն էլ ըստ էության Տեսչական մարմինն իրականացրել է գործին առնչվող փաստական տվյալները հիմնավորող փաստաթղթերի ստուգմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.11.2020 թվականին կայացրած որոշումը` փոփոխել կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրության և դրան կից ցանկում առկա տվյալների համաձայն` վերջինս ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին է տրամադրել 29.06.2018 թվականի դրությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվական բազայում առկա տվյալները: Կից ցանկում առկա են տեղեկություններ «Էսկուլապ» ՍՊԸ-ն կողմից 19.05.2018 թվականին Ռուսաստանի Դաշնությունից թիվ 493 և թիվ 494 հաշիվ-ապրանքագրերով ներմուծված դեղերի և դեղանյութերի մասին (հատոր 1-ին, գ.թ. 83-85):

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 20.07.2018 թվականի թիվ ՀՀ/22.1/9800-18 գրության համաձայն` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի թիվ 1/6-1/38148-18 գրությունը և ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետի 1-ին ենթակետի անհրաժեշտ տեղեկատվությունն ուղարկվել է Տեսչական մարմնի ղեկավարին (հատոր 1-ին, գ.թ. 86):

3. Տեսչական մարմնի ղեկավարը 24.07.2018 թվականի թիվ 01/1077-18 գրությամբ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից խնդրել է տրամադրել տեղեկություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրության մեջ նշված դեղերի մասով ընկերությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ սահմանը հատելուց հետո հնգօրյա ժամկետում փորձաքննության նպատակով ներմուծման հայտ ներկայացված լինելու վերաբերյալ: Միաժամանակ նշվել է, որ ստացված վերոնշյալ տեղեկատվության մեջ առկա են մի շարք անճշտություններ (օրինակ, մեկ տողով նշված են «դեղամիջոցներ», հաճախ նշված չեն դեղաչափերը, դեղաձևերը, առկա են տառասխալներ, վրիպակներ և այլն), իսկ առանձին տողով հստակ անվանմամբ նշված դեղերը առանց սերիայի և արտադրողի անվանման են գրված, ինչը որոշ դեպքերում անհնար է դարձնում ներմուծվող ցանկում ընդգրկված դեղը նույնականացնել գրանցված և/կամ փորձաքննություն անցած դեղի հետ (հատոր 1-ին, գ.թ. 88-89):

4. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ա. Սահակյանը 30.07.2018 թվականի գրությամբ Տեսչական մարմնի ղեկավարին հայտնել է հետևյալը. «Ի պատասխան Ձեր 2018թ. հուլիսի 24-ի գրության` կից ցանկով ներկայացնում ենք դեղերի ներմուծման օրինականությունը արտահայտող տվյալները: Ցանկի 253-254 կետերում դեղերի քանակները չեն համապատասխանում դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալների հիմնապաշարում առկա քանակներին, 339-512 կետերում չեն համապատասխանում ինվոյսների համարները (նշված են կարմիր գույնով)» (հատոր 1-ին, գ.թ. 90):

5. Տեսչական մարմնի ղեկավարի 02.08.2018 թվականի թիվ 434-Ա հրամանի համաձայն` հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 30.07.2018 թվականի թիվ 0314112518 գրությամբ նշված փաստական հանգամանքները` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 17-րդ մասերի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի 5.1-րդ, 9-րդ, 26-րդ, 33-րդ, 34.1-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 91-92):

6. Տեսչական մարմնի ղեկավարի 21.08.2018 թվականի թիվ 486-Ա հրամանի համաձայն` հրամայվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի 5.1-րդ, 34.1-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով` Տեսչական մարմնի կողմից 02.08.2018 թվականին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 21.08.2018 թվականից 23.08.2018 թվականը ներառյալ իրականացնել զննում` ք. Երևան, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 17/2 շենք հասցեում գործող «Էսկուլապ» ՍՊԸ-ում (հատոր 1-ին, գ.թ. 94-95):

7. Տեսչական մարմնի աշխատակիցներ Վարդան Խաչատրյանի և Դավիթ Սայամյանի կողմից 07.09.2018 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության առաջատար մասնագետ-տեսուչի ժ/պ Վարդուհի Խաչատրյանը, Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պրովիզոր (դեղագետ) Դավիթ Սայամյանը, 02.08.2018 թվականին հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի 21.08.2018 թվականի թիվ 486-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Դավիթաշեն, 1-ին թաղամաս 17/2 շենք հասցեում գործող «Էսկուլապ» ՍՊԸ-ում 21.08.2018 թվականին իրականացրած զննման ժամանակ հայտնաբերել են, որ թիվ 10808040 տրանսպորտային փաստաթղթով և թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերը ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք ներմուծելիս Ընկերության տնօրենը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը ՀՀ առողջապահության նախարարություն չի ներկայացրել ներմուծման թույլտվություն ստանալու մասին էլեկտրոնային հայտ, ուստի նշված հաշիվ-ապրանքագրով ներմուծված դեղերը համարվում են ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղեր:

Միաժամանակ, սույն գործի փաստերով պարզվել է, որ նշված հաշիվ-ապրանքագրով ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված արձանագրությունում թվարկված դեղերը` նշված քանակներով և սերիաներով (ի սկզբանե ներմուծված քանակները նշված են) իրացվել են առանց համապատասխանության հավաստագրի առկայության, իսկ պահեստում առկա են եղել արձանագրությունում նշված անվանումներով, սերիաներով և քանակների դրոշմապիտակավորված դեղերի նշված մնացորդները: Վերոնշյալով խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի 5.1-րդ, 34.1-րդ կետերի պահանջները: Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով: Խախտման համար պատասխանատու է ք. Երևան, Դավիթաշեն, 1-ին թաղամաս 17/2 շենք հասցեում գործող «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն` Գագիկ Խաչիկի Գրիգորյանը (հատոր 1-ին, գ.թ. 120-123):

8. Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշմամբ «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանը` որպես խախտում թույլ տված անձ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 34.1-րդ, 5.1-րդ կետերի պահանջները խախտելու` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված յուրաքանչյուր 28 (քսանութ) անվանում դեղի համար` ենթարկվել է վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 22 400 000 (քսաներկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացված յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

ա. Էնտերոլ դպճ 250մգ N10-1 փաթեթ, (...)

համար ենթարկվել է վարչական տույժի` մինչև 10 փաթեթի դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

բ. Ամոկսիկլավ դ/հ 500մգ+125մգ N15-29 փաթեթ, (...)

համար ենթարկվել է վարչական տույժի` 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 900.000 (ինն հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

գ. Ամոկսիկլավ սուսպենզիա 125մգ+31.25մգ/5մլ 25 (100մլ)-59 փաթեթ, (...)

համար ենթարկվել է վարչական տույժի` 30 և ավելի փաթեթի համար սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 12.800.000 ՀՀ դրամ (տասներկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական վարույթի արդյունքում հայտնաբերված և նույն որոշման պատճառաբանական մասում ընկած, «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և կյանքին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սկզբունքին համաձայն, որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա` կիրառել վարչական տույժ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված սանկցիայի շրջանակներում` նույն տուգանքի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի 1-ին ենթակետով նշանակված տույժը` 22.400.000 (քսաներկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանք (հատոր 2-րդ, գ. թ. 1-14)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին, այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները` համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ պարբերության:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայտնաբերված վարչական իրավախախտման համար սահմանված վարչական տույժ նշանակելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև 10 փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով.

2) 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով.

3) 30 և ավելի փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:

Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ հիշատակված իրավադրույթն առավելագույնի սկզբունքի դրսևորման ձևերից է, որը վարչական մարմինների կողմից կամայականությունների զսպման կամ կանխարգելման գործառույթ է իրականացնում: Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ նույն անձի կողմից մեկից ավելի վարչական զանցանքներ կատարելու դեպքում առավել վտանգավոր կամ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան իրենում ներառում է առավել նվազ զանցանքների համար սանկցիաները (տե՛ս, Հովհաննես Նահապետյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4969/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում հավելել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնը` առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման վերաբերյալ, վերաբերում է բացառապես վարչական իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցին, այլ կերպ ասած` սանկցիային: Այսինքն` առավել նվազ զանցանքների համար վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվում են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշվածը որևէ կերպ չի ենթադրում մեկ անձի կողմից կատարված առավել նվազ վարչական իրավախախտման կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս, դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վարչական ակտը յուրաքանչյուր իրավախախտման մասով առանձին-առանձին, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն վարչական իրավախախտում (զանցանք) է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կանոնը գործում է նույնիսկ այն պայմաններում, երբ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավանորմի համաձայն` վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները:

Վերոնշյալի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասում վարչական պատասխանատվություն է նախատեսել, ի թիվս այլնի, ինչպես օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու, այնպես էլ օրենքի խախտմամբ դեղերն իրացնելու համար:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանել է երկու տարբեր զանցակազմեր, այն է` օրենքի խախտմամբ դեղերի ներմուծումը և դեղերի իրացումը, որոնք օբյեկտիվ կողմով արտահայտվում են տարբեր գործողությունների կատարմամբ: Հետևաբար, վերոգրյալ վարչական իրավախախտումները կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին: Ընդ որում, նշված վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս, յուրաքանչյուր վարչական իրավախախտումը առանձին-առանձին պետք է հանդիսանա դատական վերահսկողության առարկա, անկախ իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնի համաձայն առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման հանգամանքից:

 

2. «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածք դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ներմուծվում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներս բերում (այսուհետ` ներմուծում)) և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի դուրս բերում (այսուհետ` արտահանում)) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք, հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծել թույլատրվում է ներմուծման հավաստագրի հիման վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի: Արտահանման դեպքում հավաստագիր տրամադրվում է արտահանողի ցանկությամբ: Ներմուծման կամ արտահանման հավաստագրերը տրվում են համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: (...)

«Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ /ուժը կորցրել է 28.03.2019 թվականին/ հաստատված կարգի 5.1-րդ կետի համաձայն` ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերը և դեղանյութերը Հայաստանի Հանրապետությունում կարող են իրացվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նույն կարգով տրված համապատասխանության հավաստագրի առկայության դեպքում: Նույն կարգի 34.1-ին կետի համաձայն` ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղ և (կամ) դեղանյութ ներմուծողը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը դիմում է ՀՀ առողջապահության նախարարություն` համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով, ներկայացնելով նույն կարգի 28-րդ կետով նախատեսված հայտը և փաստաթղթերը:

Վերոնշյալ դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղեր ներմուծող և իրացնող յուրաքանչյուր տնտեսվարող ՀՀ առողջապահության նախարարությունից պարտավոր է ձեռք բերել համապատասխանության հավաստագիր:

Նույն կարգի 42-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարությունը ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերի և (կամ) դեղանյութերի մասին տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն` համաձայն N 4 ձևի:

Նույն կարգի 42-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում դեղերի իրացման նպատակով` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրոշմապիտակներ ստանալու համար դիմած անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը, ներմուծված դեղի անվանումը, քանակը, տրամադրված դրոշմապիտակների սերիան ու համարը` ըստ հատկացված առաջին և վերջին դրոշմապիտակների:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`(...)

7) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին նույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը. (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածը վաղեմության ժամկետի լրանալը դիտում է որպես վարչական գործով վարույթը բացառող հանգամանք` սահմանելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետները (տե՛ս, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերահսկողություն իրականացնող պետական մարմինը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ձեռք է բերում անմիջականորեն ՀՀ մաքսային սահմանները կիրարկող պետական մարմնի կողմից` ամսական պարբերականությամբ: Հետևաբար, վերահսկողություն իրականացնող մարմինը, ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից փոխանցված տեղեկատվությունը, համադրելով այդ տեղեկատվությունը տվյալ ամսվա դրությամբ իրեն հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվության հետ, անմիջականորեն իրավասու է հետևություն անել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու, այն է` ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստանալու նպատակով դիմում չներկայացրած անձանց մասին:

Հետևաբար ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Գագիկ Գրիգորյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշումը:

Դատարանը բավարարել է Գագիկ Գրիգորյանի հայցը` պատճառաբանելով, որ Տեսչական մարմինը, 30.07.2018 թվականին հայտնաբերելով Գագիկ Գրիգորյանի կողմից թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ անդամ երկրից` Ռուսաստանի Դաշնությունից, ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու դեպքը, 17.10.2018 թվականին կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը` անտեսելով այն փաստը, որ 30.07.2018 թվականին վերոնշյալ դեպքը բացահայտելուց հետո արդեն իսկ 02.08.2018 թվականին թիվ 434-Ա հրամանի համաձայն հրամայել է հարուցել վարչական վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 30.07.2018 թվականի հա. 0314112518 գրությամբ նշված փաստական հանգամանքները` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 17-րդ մասերի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի 5.1-րդ, 9-րդ, 26-րդ, 33-րդ, 34.1-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Դատարանը եկել է այն եզրահանգման, որ Գագիկ Գրիգորյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության վաղեմության երկամսյա ժամկետն անցնելուց հետո:

Անդրադառնալով պատասխանողի` ստուգումներ կատարելու արդյունքում վարչական իրավախախտումը հայտնաբերելու փաստարկին` Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում իրականացված զննությամբ ստուգվել է ներմուծված դեղերի` ընկերության պահեստում առկա լինելու փաստը, այլ ոչ թե իրականացված զննությամբ է պարզվել Գագիկ Գրիգորյանի կողմից թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ անդամ երկրից` Ռուսաստանի Դաշնությունից, ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու դեպքը:

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի հետևությունները և մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա: Ուստի, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով, այլ նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել ընդհանուր կանոններով, այն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավանորմը և հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ հայցվորին առաջադրված է վարչական պատասխանատվություն վերջինիս կողմից ոչ միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու, այլ նաև ՀՀ օրենսդրության խախտմամբ դեղերի իրացման արարք կատարելու համար, մերժել է Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը, պատճառաբանելով, որ Գագիկ Գրիգորյանի կողմից թվով երկու` դեղեր ներմուծելու և իրացնելու իրավախախտումներ ենթադրաբար կատարած լինելու, դրանց վերաբերյալ գործերը նույն պաշտոնատար անձի` Տեսչական մարմնի ղեկավարի կողմից քննվելու և տվյալ գործերի քննությունը վերջինիս կողմից միաժամանակ իրականացրած լինելու պայմաններում, առկա են եղել օրենսդրի կողմից վիճարկվող որոշման կայացման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված` անձի կողմից մի քանի վարչական իրավախախտումներ կատարած լինելու դեպքում տույժը, առավելագույնի սկզբունքին համապատասխան, առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում նշանակելու համար անհրաժեշտ պայմանները, որոնց առկայությունն արդեն իսկ բացառել է Գագիկ Գրիգորյանի նկատմամբ վիճելի որոշման եզրափակիչ մասում առանձին կետերով տուգանք նշանակելու իրավական հնարավորությունը:

Ուստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշման իրավաչափությունը գնահատել է իրավացիորեն, միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու իրավախախտման մասով, որը վարչական մարմինը համարել է առավել լուրջ խախտում:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարը 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրության և դրան կից ցանկում առկա տվյալների համաձայն` վերջինս ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին է տրամադրել 29.06.2018 թվականի դրությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվական բազայում առկա տվյալները, իսկ կից ցանկում առկա են եղել տեղեկություններ «Էսկուլապ» ՍՊԸ-ն կողմից 19.05.2018 թվականին Ռուսաստանի Դաշնությունից թիվ 493 և թիվ 494 հաշիվ-ապրանքագրերով ներմուծված դեղերի և դեղանյութերի մասին: Նշված գրությունը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 20.07.2018 թվականի գրությամբ ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարին, և այդ գրության հիմքով պատասխանողը 24.07.2018 թվականի թիվ 01/1077-18 գրությամբ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից խնդրել է տրամադրել տեղեկություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի 09.07.2018 թվականի թիվ 1/6-1/38148-18 գրության մեջ նշված դեղերի մասով ընկերությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ սահմանը հատելուց հետո հնգօրյա ժամկետում փորձաքննության նպատակով ներմուծման հայտ ներկայացված լինելու վերաբերյալ, ի պատասխան որի` 30.07.2018 թվականին տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն, որ Ցանկի 253-254 կետերում դեղերի քանակները չեն համապատասխանում դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալների հիմնապաշարում առկա քանակներին, 339-512 կետերում չեն համապատասխանում ինվոյսների համարները (նշված են կարմիր գույնով): Այսինքն` «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանի կողմից թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ անդամ երկրից` Ռուսաստանի Դաշնությունից, ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու դեպքը վարչական մարմինը հայտնաբերել է դեռևս 30.07.2018 թվականին:

Անդրադառնալով 21.08.2018 թվականի զննման արձանագրությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրականացված զննությամբ ստուգվել է միայն ներմուծված դեղերի` ընկերության պահեստում առկա լինելու փաստը, ինչը չի կարող հիմք ընդունվել այն հանգամանքի հաստատման համար, որ զննությամբ է պարզվել «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանի կողմից թիվ 493 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ անդամ երկրից` Ռուսաստանի Դաշնությունից, ներմուծված 28 (քսանութ) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու փաստը, քանի որ Տեսչական մարմինը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ձեռք է բերում անմիջականորեն ՀՀ մաքսային սահմանները կիրարկող պետական մարմնի կողմից` ամսական պարբերականությամբ, հետևաբար, Տեսչական մարմինը, ստանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, համադրելով այդ տեղեկատվությունը տվյալ ամսվա դրությամբ իրեն հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվության հետ, անմիջականորեն իրավասու է հետևություն անել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու, այն է` ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստանալու նպատակով դիմում չներկայացրած անձանց մասին:

Վերոգրյալի համակարգային վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա: Ուստի, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով, այլ նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը:

Անդրադառնալով Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշման` օրենքի խախտմամբ դեղերի իրացման արարքի մասով վարչական տույժի նշանակման իրավաչափության գնահատմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշմամբ «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանը` որպես խախտում թույլ տված անձ, վարչական պատասխանատվության է ենթարկվել ինչպես «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 34.1-րդ, 5.1-րդ կետերի պահանջները խախտելու` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված յուրաքանչյուր 28 (քսանութ) անվանում դեղի համար, այնպես էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացված յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար:

Միաժամանակ նկատի ունենալով իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները, վարչական մարմինն արձանագրել է, որ «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և կյանքին, ուստի որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա` կիրառել է վարչական տույժ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված սանկցիայի շրջանակներում` նույն տուգանքի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի 1-ին ենթակետով նշանակված տույժը` 22.400.000 (քսաներկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշմամբ «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանը` որպես խախտում թույլ տված անձ, վարչական պատասխանատվության է ենթարկվել թվով երկու առանձին զանցանքների համար: Ընդ որում, նույն որոշման եզրափակիչ մասի առաջին կետի համապատասխան ենթակետերով վարչական տույժ է նշանակվել յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, և միայն երկրորդ կետով կիրառվել է իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կանոնը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշման իրավաչափությունը գնահատել է միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու իրավախախտման մասով, իսկ Վերաքննիչ դատարանը դա իրավաչափ է համարել` նկատի ունենալով այն, որ վարչական մարմինն օրենքի խախտմամբ դեղերի ներմուծումը համարել է առավել լուրջ խախտում և նշված հանգամանքը բացառել է Գագիկ Գրիգորյանի նկատմամբ վիճելի որոշման եզրափակիչ մասում առանձին կետերով տուգանք նշանակելու իրավական հնարավորությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանն անտեսել է, որ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող Տեսչական մարմնի 17.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 53 որոշման իրավաչափությունը գնահատելիս, դատարանը պարտավոր էր քննության առարկա դարձնել վարչական ակտը յուրաքանչյուր իրավախախտման մասով առանձին-առանձին, նույնիսկ այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները: Այլ կերպ ասած, Դատարանը պարտավոր էր քննության առարկա դարձնել նաև օրենքի խախտմամբ իրացված դեղերի մասով վարչական ակտի իրավաչափությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու իր պարտականությունը, մասնավորապես` Դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել Գագիկ Գրիգորյանի կողմից դեղերի իրացման արարքի մասով վարչական ակտի իրավաչափությունը: Այսինքն, Դատարանն անդրադարձել է միայն Գագիկ Գրիգորյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու արարքի վարչական մարմնի կողմից հայտնաբերման պահին: Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված վերը նշված խախտումը շտկելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` ըստ էության, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ դեպքում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա լինի իրավունքի զարգացման խնդիր:

Հիմք ընդունելով այն, թե Վճռաբեկ դատարանն ինչ հիմքով է պայմանավորել սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը` անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով` պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հիմնավոր համարելու համար:

Արդյունքում ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ թեկուզև Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, սակայն որոշման մեջ չի նշել, թե Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև որոշման մեջ չի անդրադարձել նման խնդրի առկայությանը` հաստատված չհամարելով, որ, իրոք, համապատասխան նորմի կապակցությամբ առկա է եղել իրավունքի զարգացման խնդիր:

 

Միևնույն ժամանակ ցանկանում եմ կարծիք հայտնել հետևյալի վերաբերյալ.

Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ «մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին, այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները` համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ պարբերության»,

դիրքորոշում է հայտնել այն մասին, որ`

- «իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնը` առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման վերաբերյալ, վերաբերում է բացառապես վարչական իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցին, այլ կերպ ասած` սանկցիային»` հավելելով, որ «առավել նվազ զանցանքների համար վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվում են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: (...) նշվածը որևէ կերպ չի ենթադրում մեկ անձի կողմից կատարված առավել նվազ վարչական իրավախախտման կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում»:

Կարծում եմ, որ նշված դիրքորոշումը չի բխում մինչև 01.01.2020 թվականը գործած խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունից հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես`

Մինչև 01.01.2020 թվականը գործած խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանել է, որ եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում:

Նշված նորմը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով` ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ տվյալ դեպքում օրենսդիրը մեկ անձի կողմից մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժ նշանակելիս պարտադիր կանոն է սահմանել ոչ միայն յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին վարչական տույժը նշանակելը, այլ նաև այդ տույժը առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում նշանակելը` կարևորելով ոչ թե սանկցիայի, այլ` իրավախախտման լուրջ լինելու հանգամանքը:

Ավելին` Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը չի բխում նաև հենց որոշման մեջ վկայակոչված Հովհաննես Նահապետյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4969/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումից, որ մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սկզբունքի էությունը կայացել է նրանում, որ նույն անձի կողմից մեկից ավելի վարչական զանցանքներ կատարելու դեպքում առավել վտանգավոր կամ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան իրենում ներառում է առավել նվազ զանցանքների համար սանկցիաները:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ եթե Վճռաբեկ դատարանը նպատակ է ունեցել սույն որոշմամբ վերը նշված նորմը զարգացնել նման կերպ (չնայած, որ այդ մասին չի նշել որոշման մեջ), ապա պարտավոր էր տալով նման տարբերվող նոր մեկնաբանություն` հիմնավորել թիվ ՎԴ/4969/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույն իրավական նորմին տրված մեկնաբանությունից շեղվելը, որը չի կատարել:

 

    Դատավոր                                Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 20 մայիսի 2022 թվական:

Միասնական կայք` 13.06.22-26.06.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.05.2022
N ՎԴ/10928/05/18
Որոշում